Ուկրաինական ճգնաժամն ու Թուրքիայի դիվանագիտությունը. ՄԱՍ 1. Հայկ Գաբրիելյան

Ուկրաինական ճգնաժամն էապես փոխեց իրավիճակը և մեծ հնարավորություններ բացեց Էրդողանի առջև՝ ռիթմիկ բանակցություններ վարելու և իր կշիռը մեծացնելու համար. Էրդողանն օգտվեց Պուտինի ընձեռած հնարավորությունից:

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Ուկրաինական ճգնաժամը թե՛ հնարավորություն, թե՛ մարտահրավեր է Թուրքիայի համար։
  • Ուկրաինական ճգնաժամը Թուրքիային հնարավորություն է տալիս մեծացնելու սեփական պահանջարկն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար։
  • Ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունների շնորհիվ Թուրքիան հավակնում է դառնալ գլոբալ խաղացող։
  • Ուկրաինական ճգնաժամը նպաստել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի անձնական վարկանիշի բարձրացմանը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինական ներկայիս ճգնաժամի մանրամասները նկարագրելուց առաջ հարկ ենք համարում անդրադառնալ 2014թ․ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացմանն ու բռնակցմանը և դրան Թուրքիայի արձագանքին։ Այն ժամանակ Թուրքիան Ռուսաստանի հետ բավական արագ զարգացող հարաբերությունների պայմաններում անմիջապես հայտարարեց, որ չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչը, մեր կարծիքով, ուներ մի շարք պատճառներ․

  • Անխորտակելի ավիակիր համարվող Ղրիմի բռնակցմամբ Ռուսաստանի դիրքերը շեշտակի մեծանում էին Սևծովյան ավազանում, որտեղ թուրքական նավատորմն ուներ գերակա դիրքեր, և Սև ծովը վերածվելու էր «ռուսական լճի»։
  • Թուրքիայում գիտակցում էին, որ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը մեծապես ռազմականացնելու էր թերակղզու տարածքը և արդիականացնելու էր իր Սևծովյան նավատորմը։
  • Նեոօսմանյան քաղաքականություն որդեգրած, օսմանյան անցյալը կանոնավորապես փառաբանող, արևմտյան/քրիստոնեական քաղաքակրթության հանդեպ արևելյան/իսլամական քաղաքակրթության «առավելությունը» մշտապես ընդգծող Էրդողանը, թերևս, չէր մոռացել, որ Ղրիմն առաջին տարածքն է, որն Օսմանյան կայսրությունը (1783թ․) հարկադրված է եղել զիջել քրիստոնեական երկրի՝ Ռուսական կայսրությանը (թուրքերը 1774թ. Քյուչուք Քայնարջայի համաձայնագրի կնքումից ի վեր մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն («Սառը պատերազմի ավարտը») ավելի քան 200 տարի ռուսներին ընկալել են սպառնալիք)։
  • Արևմուտքը (ՆԱՏՕ) չճանաչեց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան որդեգրեց նման դիրքորոշում։
  • Թուրքիան փորձում էր աշխարհում դիրքավորվել որպես «կառուցողական երկիր», որը կողմ է արտահայտվում պետությունների տարածքային ամբողջականություններին։
  • Թուրքիան գիտակցում էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի նման հանդուրժողական քաղաքականություն չի վարելու Ղրիմի թաթարների հանդեպ, որոնք Թուրքիայի համար ծառայում են որպես գործիք՝ Ուկրաինայի (ապա Ռուսաստանի) ներքին գործերին միջամտելու, Էրդողանի սուլթանական ու խալիֆայական հավակնությունները դրսևորելու համար և այլն։

2022թ․ ապրիլին Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) «ուղեղ» համարվող Քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (Siyaset, Ekonomi ve Toplum Araştırmaları Vakfı, SETAV) հրատարակեց «Ղրիմն անցյալից դեպի ապագա․ խնդիրներ և լուծման առաջարկներ», որում մանրամասն անդրադարձ է կատարվում Ղրիմի թաթարների անցյալի ու ներկայիս խնդիրներին, և Ռուսաստանը մեղադրվում է Ղրիմի օկուպացումից հետո նրանց իրավունքները խաթարելու համար․ «1774թ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների միջև Քյուչուք Քայնարջայի պայմանագրի կնքումից անկախություն ձեռքբերած Ղրիմի խանությունը, զրկվելով օսմանյան կողմի պաշտպանությունից, 1783թ նվաճվեց Ռուսական կայսրության կողմից։ Դրանից հետո Ղրիմի խանությունից ավելի քան 1 միլիոն թաթար ու նողայ է գաղթել դեպի Օսմանյան կայսրություն։ 19-րդ դարում Ռուս-օսմանյան յուրաքանչյուր պատերազմ հանգեցրել է Ղրիմի թաթարների արտագաղթի։ 1853-1856թթ Ղրիմի պատերազմից հետո՝ 1859-1861թթ, Ղրիմից հարյուր հազարավոր թաթարներ գաղթել են օսմանյան տարածքներ, այդ թվում նաև «Միջին Անատոլիա», Թրակիա (1783-1922թթ Օսմանյան կայսրություն է տեղափոխվել 18 միլիոն Ղրիմի թաթար):

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի թաթարները հայտնվեցին երկու քարի, առավել ճշգրիտ ասած՝ երկու տոտալիտար ռեժիմների միջև նրանց մի մասը Կարմիր բանակի ու պարտիզանների կազմում մարտնչում էր գերմանական բանակի դեմ, իսկ մյուս մասը խորհրդային ռեժիմից ազատվելու համար ուրախությամբ դիմավորել էր գերմանացիներին՝ նաև համալրելով նրանց գումարտակների շարքերը։ 1944թ մայիսի 18-ին մեկնարկած բռնագաղթի հետևանքով Ղրիմը լքեց 191014 թաթար։ Պատերազմի ավարտից հետո Ղրիմից վտարվեց այնտեղ վերադարձած 40000 Ղրիմի թաթար։ 1783թից սկսած՝ Ղրիմի թաթարները հարկադրված են եղել գաղթել 4 անգամ»։

Անվտանգային հարցերի հետ կապված՝ SETA-ի գրքում նախ հիշեցվում էր, որ 15-րդ դարի վերջին Սև ծովը վերածվել էր «թուրքական լճի», քանի որ Օսմանյան կայսրությունը վերահսկում էր Բալկանները, Ուկրաինայի հարավային շրջանները, Ղրիմի թերակղզին, ապա նշվում, որ 2014թ․ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը հիշեցնում է 1990թ․ հունվարի 2-ին Սադդամ Հուսեինի գլխավորած՝ Իրաքի կողմից Քուվեյթի օկուպացիան․

«Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում առաջին դեպքն էր, որ մի երկիրը ռազմական ճանապարհով օկուպացնում է ինքնիշխան մեկ այլ երկրի տարածք։ Ղրիմի օկուպացումը սպառնալիք է ստեղծում ոչ միայն Սև ծովի, այլև Բալկանների, Կովկասի և Արևելյան Եվրոպայի անվտանգության համար։ Ղրիմի օկուպացումը փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում Ազովի ու Սև ծովերն ամբողջովին վերածեց «ռուսական լճի»։ Ռուսաստանը ռազմական առումով սկսեց շրջափակել Թուրքիան՝ Հայաստանից, Սիրիայից ու Ղրիմից, իսկ քաղաքական առումով՝ Իրանից, Հարավային Կիպրոսից ու Հունաստանից։ Ղրիմի օկուպացմամբ աճեց Ռուսաստանի ռազմական սպառնալիքը Ղրիմում, Սև ծովում ու Սիրիայում։ Եթե մինչ 2014թ Սև ծովում գլխավոր ափեր ունեցող երկրներ էին համարվում Թուրքիան ու Ուկրաինան, ապա Ղրիմի բռնակցումից հետո այդ դերն անցավ Ռուսաստանին։ Ի հայտ եկավ Սև և Ազովի ծովերում բացառիկ տնտեսական գոտու ճշգրտման բարդություն։ Ղրիմի Կերչ թերակղզին սկսեց Ռուսաստանին գերակայություն ապահովել Ազովի ծովի նկատմամբ։

Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացման ռազմական գործողությունը (նաև 2014-2015թթ Դոնբասի դեպքերը) դիտարկելիս երևում են հետևյալ 4 տիպի պատերազմներին բնորոշ տարրեր՝ քաղաքական պատերազմ, ասիմետրիկ/անկանոն պատերազմ, հիբրիդային պատերազմ, կոնվենցիոնալ պատերազմ։ Քաղաքական պատերազմն առնչվում է Ռուսաստանի կողմից Ղրիմում, այսպես կոչված, հանրաքվե անցկացնելուն, դրա արդյունքները ճանաչելու կամ առնվազն ՄԱԿ-ում կայանալիք քվեարկություններում ձեռնպահ քվեարկելու նպատակով իր ազդեցության տակ ընկած երկրների վրա ճնշում գործադրելուն, Կոսովոյի օրինակով իրավական փաստարկներ ստեղծելուն։

Ասիմետրիկ պատերազմն առնչվում է Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատողական խմբավորումներին մեծապես սպառազինելուն, Ղրիմի խորհրդարանում հեղաշրջում իրականացնելուն, մի շարք ապօրինի գործողությունների (օրինակ, Ղրիմի թաթարների առևանգումների) համար զինված հրոսակախմբեր օգտագործելուն և ժողովրդին ահաբեկելուն։ Ղրիմի օկուպացումը հանդիսանում է 2008թ օգոստոսյան պատերազմից հետո հիբրիդային պատերազմի ամենահաջող օրինակը։ 2014թ փետրվարի 27-ին «փոքրիկ կանաչ մարդուկներ» անունով հայտնի Ռուսաստանի 40000 զինծառայող վերահսկողության տակ առավ Ղրիմի բոլոր առանցքային կետերը։ Ռուսաստանն այդպիսով ողջ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի երկրներին ցուցադրեց անակնկալ հարձակման գործոնի կիրառման ձևը։ Որևէ երկրի չպատկանող, տարբերակիչ նշաններ չունեցող, սակայն ռուսերեն խոսող այս զինվորականները չէին տեղավորվում միջազգային կանոնների շրջանակներում (fait acompli)։

Եվ, վերջապես, Ղրիմի օկուպացման ժամանակ Կիևի ղեկավարության անգործության պատճառներից մեկը Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի կողմից Ղրիմում հետախուզական, գաղտնի գործողություններ իրականացնելն էր։ Ռազմական լավ ուսուցում անցած Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի զինծառայողները սկսեցին պաշարել Ղրիմում Ուկրաինայի ռազմակայանները։ Բացի այդ Ռուսաստանի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները կտրեցին կապի անլար բոլոր միջոցներն Ուկրաինայի ԳՇ-ի (Կիևի) ու Ղրիմում գտնվող Ուկրաինայի զորամասերի միջև։ Ռուս հատուկջոկատայինները, հատելով Կերչի նեղուցը, Ղրիմի թերակղզում տեղակայեցին Leer 2, Lorandit և Infauna տիպի էլեկտրոնային պատերազմի համակարգեր՝ այդպիսով վնասազերծելով ուկրաինական բանակի կիրառած սովորական կապի միջոցները (կոնվենցիոնալ պատերազմ

Ռուսաստանն օկուպացումից և բռնակցումից հետո Ղրիմում տեղակայել է առափնյա, ՀՕՊ ու հականավային հարձակողական ու պաշտպանական համակարգեր՝ 120-300 կմ հեռահարությամբ (Ղրիմը Ստամբուլից հեռու է ընդամենը 300 կմ), օրինակ S-300, S-400, Pantsir-S1, Bastion-P, Kh-35U Bal համակարգեր։ Բացի այդ Ռուսաստանը թերակղզում տեղակայել է ավիացիա՝ Ka-27/29 ուղղաթիռներ, Su-24 և SU-30SM կործանիչներ, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելուն ունակ T22M3 ինքնաթիռներ՝ ընդդեմ Լեհաստանում ու Ռումինիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի։ Ծրագրված էր Ղրիմում գտնվող զինծառայողների թիվը մինչև 2025թ 28000-ից հասցնել 43000-ի (Մոլդովայի Մերձդնեստր շրջանում գտնվում է 1500, իսկ Դոնբասում՝ 3000-7000 ռուս զինծառայող և նաև մոտ 30000 ռուսամետ զինված անջատողական)։

Օկուպացնելով ու բռնակցելով Ղրիմը՝ Ռուսաստանը սկսեց վերահսկել Կերչի նեղուցի երկու կողմն էլ և այդպիսով ամբողջովին վերահսկել Ազովի ծովը։ Ղրիմն օկուպացնելուց առաջ Սև ծովում Ռուսաստանի ափագիծը կազմում էր 421 կմ, իսկ օկուպացումից հետո այն հասավ 1200 կմ-ի (Սև ծովի ողջ ափագծի 25%-ը)՝ ներառյալ 500 կմ ափագծով Ազովի ծովը (Աբխազիայի ափագծի երկարությունը կազմում է 210 կմ)։ 2015թ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ ուժի մեջ մտած ռազմածովային նոր դոկտրինում կարևոր տեղ էր վերապահված Սև և Ազովի ծովերին՝ ներառյալ Ղրիմի թերակղզու ու Կրասնոդարի մարզի առափնյա ծովային հին օբյեկտների, հնացած Սևծովյան նավատորմի արդիականացմանն ու ուժեղացմանը։

Ռուսաստանի պաշտպանական նոր դոկտրինի շրջանակներում 2011-2020թթ ողջ ռուսական բանակի արդիականացման վրա ծախսվել է 500 միլիարդ եվրո (տարեկան 55 միլիարդ եվրո), իսկ նավատորմի արդիականացման վրա՝ 1124 միլիարդ եվրո։ Ռուսաստանը ողջ Սևծովյան տարածաշրջանը սեփական լճի վերածելու նպատակով կիրառում է «հականավատորմային» (counter-navy) ռազմավարություն: Մինչև 2013թ Թուրքիայի (ողջ) նավատորմը Ռուսաստանի ու Ուկրաինայի (սևծովյան) նավատորմերը միասին վերցրած գերազանցում էր 47 անգամ։ Սակայն Ղրիմի օկուպացումից հետո Ռուսաստանը սկսեց մեծ տեմպերով վերազինել Սևծովյան նավատորմը, որը 2022թ հասավ խորհրդային ժամանակների մակարդակի։

2016թ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը Սևծովյան նավատորմի զորավարժության ժամանակ հայտարարեց, որ «Սևծովյան նավատորմը մի քանի տարի առաջ իր պատերազմական կարողություններով շատ հետ էր թուրքական նավատորմից, ընդ որում, որոշ վերլուծաբաններ անգամ համարում էին, որ Թուրքիան Սև ծովում վերածվել էր միակ գերիշխող ուժի, սակայն այսօր իրավիճակն այլ է»։ Մինչև 2020թ Ռուսաստանի Սևծովյան նավատորմն արդիականացման ու ուժեղացման նախագծի շրջանակներում համալրվեց 18 նոր նավերով՝ ներառյալ միջուկային զենք կրելու ունակ 6 սուզանավ, 6 ֆրեգատ, 2 հրթիռակիր կորվետ (Սևծովյան նավատորմի սուզանավերի թիվը հասավ 14-ի)։ Արդյունքում Սևծովյան նավատորմի ջրատարողությունը հասավ 97000 տ-ի, 2015թ-ից այն գերազանցեց թուրքական նավատորմը, և Ռուսաստանը տարածաշրջանում վերածվեց գերիշխող ուժի։ 2019թ նոյեմբերի 25-ին ռուսական կողմը կալանեց Կերչի նեղուցով Ազովի ծով անցնել փորձող Ուկրաինայի 3 նավ և պատանդ վերցրեց 24 նավաստու, որով ցույց տվեց, որ «Ռուսաստանը վերադարձել է տարածաշրջան»։

Ռուսաստանի անվտանգության դոկտրինում Սև ծովը Արկտիկայի, Միջերկրական ու Կասպից ծովերի հետ մեկտեղ ճանաչվեց որպես ռազմավարական տիրույթ։ Այդ դոկտրինով Ռուսաստանի Սևծովյան նավատորմին վերապահվեց Միջերկրական ծովում երկրի շահերը պաշտպանելու գործառույթ։ Ռուսական կողմը, 2013թ-ից 15 ռազմանավ անցկացնելով Սևծովյան նեղուցներով, ուժեղացրեց իր Միջերկրածովյան նավատորմը՝ այն տեղակայելով Սիրիայի Տարտուսում գտնվող իր ռազմածովային բազայում։ Այդ նավերի հրամանատարական ու լոգիստիկ աջակցության կենտրոնը Սևծովյան նավատորմն է։ 2017թ հունվարին Ռուսաստանի ու Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով Տարտուսի նավահանգիստը 49 տարի վարձակալությամբ տրվեց ռուսական կողմին՝ նրա Միջերկրածովյան նավատորմին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար։ Սա «տաք ծովեր իջնելու» Ռուսաստանի ռազմավարության հաջող օրինակների թվում է և կոչված է ապահովել Սուեզի ջրանցքի միջոցով օվկիանոսներ հասնելը։

Այդպիսով, 2015թ-ից Սևծովյան նավատորմը ժամանակակից վերջրյա ու ստորջրյա ռազմանավերով համալրելը, Ղրիմի ծովափին ՀՀՊ ու ՀՕՊ համակարգեր տեղակայելը, Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու նպատակով սկսած ռազմական միջամտությունը Ռուսաստանին վերածեցին տարածաշրջանային ուժի։ Մինչդեռ Ուկրաինան Ղրիմի օկուպացման հետևանքով կորցրեց նավատորմի 70%-ը և սկսեց ՆԱՏՕ-ի աջակցությամբ թարմացնել այն։ Բուլղարիայի, Ռումինիայի և նաև Վրաստանի նավատորմերն ու ռազմական բյուջեները բավական փոքր են և կարիք ունեն թարմացման ու վերազինման։ Տարածաշրջանում Ռուսաստանին հավասարակշռելու համար ԱՄՆ-ը Թուրքիայում ու Ռումինիայում տեղակայել է հրթիռային պաշտպանության համակարգեր»։

SETA-ի գրքում ընգդծվում է, որ Սևծովյան ռազմական անվտանգության ևս մեկ սպառնալիք է Ռուսաստանի էլեկտրոնային պատերազմի կոնցեպտը․ «2006թ մայիսի 31-ին Վ Պուտինը ստորագրեց յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Ռադիոէլեկտրոնային պատերազմի օր նշելու մասին հրամանը, ինչից հետո Pole-21 ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգը Սիբիրից ու Ուրալից բացի տեղակայվեց նաև Ղրիմում։ Այն նախատեսված է հետախուզական ու հարվածային ԱԹՍ-երի, արբանյակների ու նավիգացիոն, կապի համակարգերի ոչնչացման համար։ Ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերը Ղրիմի օկուպացման ժամանակ անհասանելի են դարձել ուկրաինական 9 հեռուստաալիքի հեռարձակումը։ Այդ համակարգերն օգտագործվում են նաև կիբեր ու տեղեկատվական բնույթի գործողություններում»։

 Իրենց գրքում SETA-ի փորձագետները նաև հիշեցնում են, որ ԽՍՀՄ-ի ժամանակ Ուկրաինան եղել է միջուկային զենքի հետազոտությունների ոլորտում ամենակարևոր կենտրոններից մեկը, և որ ուկրաինացի գիտնականները մեծ դեր են խաղացել միջուկային տեխնոլոգիաների զարգացման հարցում։ Այդ համատեքստում հիշեցվում է, որ աշխարհի երրորդ խոշորագույն միջուկային երկիր Ուկրաինան, 1994թ․ Բուդապեշտի հուշագրով երաշխավոր երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան) ստանալով իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության երաշխիքները, համաձայնեց հրաժարվել իր միջուկային զինանոցից՝ 179 ռազմավարական ու 2500 մարտավարական միջուկային մարտագլխիկով հրթիռ [1]։

      Նշենք, որ 2014թ․ Թուրքիայի դիրքորոշումը չի եղել միանշանակ ուկրաինամետ, եղել է երկակի, ինչպես որ 2022թ․։ 2014թ. Թուրքիան, թեև չճանաչեց Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցումը, սակայն մյուս կողմից էլ չմիացավ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ՌԴ-ի դեմ Արևմուտքի, այդ թվում նաև ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին։ Ավելի ուշ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յոնեթ Ջան Թեզելը դա պատճառաբանեց 3 գործոնով. «Նախ պատժամիջոցները սահմանվել են առանց Թուրքիայի մասնակցության։ Մենք պատկանում ենք Արևմտաեվրոպական միությանը, և երբ ընդունվում են կարևոր որոշումներ, մենք նույնպես պետք է մասնակցենք դրանց։ Այդ պատճառով էլ անկարելի է ակնկալել, որ մենք ինքնաբերաբար կմիանանք այնպիսի որոշումների, որոնք ընդունվել են առանց մեզ հետ համաձայնեցման։ Երկրորդն այն է, որ մենք ունենք սկզբունք, ըստ որի՝ միանում ենք միայն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, որոնք պարտադիր են մեզ համար։ Եվ երրորդ կարևոր պատճառն այն է, որ պատժամիջոցները միշտ չէ, որ լավագույն գործիքն են» [2]։

Այստեղ ուշագրավ է, որ թուրք դեսպանը Թուրքիայի նման պահվածքի պատճառների թվում առաջինը հիշատակում է այն, որ իրենց անտեսել են որոշումներ ընդունելիս (Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ)։ Ակնհայտ է, որ Թուրքիան փորձում էր միաժամանակ նստել երկու աթոռի վրա․ նա թեև հայտարարում էր, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն նրա առևտրանավերը շարունակում էին այցելել «ռուսական Ղրիմ», թուրք գործարարներն էլ պատրաստվում էին 12.5 միլիարդ դոլար ներդնել թերակղզում՝ հայտարարելով, որ Թուրքիայի իշխանություններն իրենց չեն արգելել անել դա [3]։

      Ամփոփելով, այս մասը՝ ընդգծենք, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցումը Թուրքիայի համար առաջացրել են անվտանգային մեծ ռիսկեր ու մտահոգություններ (3 կամ 6 կողմերից (Փոքր Ասիա և Բալկանյան թերակղզիներ) ծովերով շրջապատված Թուրքիան սկսել է Սև և Միջերկրական ծովերում շրջապատվել ուժեղացող ռուսական նավատորմով), որոնք արտացոլվել են ամենատարբեր մակարդակով։ Նշենք միայն երկու օրինակ։

  1. 2016թ. մայիսին (2015թ․ նոյեմբերի 24-ի «ինքնաթիռային միջադեպից» հետո ռուս-թուրքական վատթար հարաբերությունների պայմաններում) Էրդողանը հայտարարեց, որ Սև ծովը վերածվում է Ռուսաստանի ներքին լճի և ՆԱՏՕ-ին կոչ արեց ուժեղացնել Սևծովյան տարածաշրջանում համագործակցությունը՝ ընդգծելով, որ եթե միջոցներ չձեռնարկեն, ապա պատմությունը չի ների իրենց (արդեն նշվել է, որ 2015թ․-ից ռուսական նավատորմը Սև ծովում սկսել էր գերազանցել թուրքական նավատորմը)։ Էրդողանն այստեղ դիմում էր խորամանկության՝ հաշվի առնելով Սև ծովում ափ չունեցող երկրների համար 1936թ․ Մոնտրեի կոնվենցիայի (ժամանակային, ջրատարողության և այլ բնույթի) սահմանափակիչ դրույթները։ Նա քաջ գիտակցում էր, որ նման պայմաններում ՆԱՏՕ-ն ունակ կլիներ Սևծովյան տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնել միայն մեկ տարբերակի դեպքում՝ իր սևծովյան անդամներ Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային հնարավորությունները մեծացնելով (դա կարող էր լինել տվյալ երկրներին ԱՄՆ-ի կողմից ռազմանավեր ու մարտական ինքնաթիռներ վաճառելու (տրամադրելու) կամ այդ երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը մեծացնելու տեսքով)։ Ստացվում է, որ Էրդողանը, ՆԱՏՕ-ից պահանջելով մեծացնել սեփական ռազմական ներկայությունը Սև ծովում, ձգտում էր այդ կերպ առաջին հերթին հասնել Սև ծովում ՆԱՏՕ-ի միջոցով հենց Թուրքիայի ռազմական ներկայության մեծացմանը (մինչ այդ ԱՄՆ-ը չեղարկել էր Թուրքիային ֆրեգատներ տալը, իսկ Գերմանիան ձգձգել էր նոր սուզանավերի կառուցումը)։ Էրդողանն իրականում շահագրգռված չէ ՆԱՏՕ-ի անդամ, Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմական ներկայությամբ, ինչը նաև որոշակի գլխացավանք է Մոնտրեի կոնվենցիայով Սևծովյան նեղուցներով ռազմանավերի անցումը հսկող Թուրքիայի համար (Ռուսաստանի հետ խնդիրների չբախվելու մասով) [4]։
  2. 2020թ․ օգոստոսին Թուրքիայում առաջատար «ուղեղային կենտրոն» համարվող SETA-ն հրատարակեց «Թուրքիայի մեծ ռազմավարությունը գլոբալ փոխակերպման գործընթացում» խորագրով գիրքը, որում հեղինակներ Մուրաթ Եշիլթաշն և Ֆերհաթ Փիրինչին նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պայմաններում ներկայացնում են Թուրքիայի Մեծ ռազմավարությունը։ Խոսելով ծովային տիրույթում Թուրքիայի համար առաջացող ռիսկերի մասին՝ հեղինակներն առաջինը հիշատակում են Սև ծովը․ «ՌԴ-ի կողմից Ղրիմի օկուպացումը Սև ծովում հանգեցրեց անկայունության, ՌԴ Սևծովյան նավատորմն էլ շարունակվում է ամրապնդվել։ Դա անկայունության տարր է, և Թուրքիայից պահանջվում է միջնաժամկետ հեռանկարում հավասարակշռել Սև ծովում ՌԴ-ի աճող ազդեցությունը։ Այս առումով կարևոր է Թուրքիայի կողմից ոչ միայն Ղրիմի ռուսական օկուպացիան չճանաչելը, այլև Ուկրաինայի հետ կապերի զարգացումը, ինչը կհանգեցնի Սև ծովում ՌԴ-ի ազդեցության սահմանափակմանը։ Դա միաժամանակ Թուրքիային կբերի այլ դիվիդենտներ ևս տարբեր ոլորտներում դրականորեն կազդի Թուրքիայի ու Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության վրա՝ ընդհուպ մինչև տեղական ռազմարդյունաբերական համալիրի ներուժի մեծացում։ Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիայի համար չափազանց կարևոր է ռազմական մակարդակում Սև ծովում իր նավատորմի և պաշտպանական հնարավորությունների մեծացումը» [5]։

Եվ, իսկապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիան զգալիորեն ամրապնդեց Ուկրաինայի հետ հարաբերությունները։ 2016թ․ փետրվարին Ուկրաինա այցելեց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ հունվարին և մարտին Թուրքիա այցելեցին Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այցերի արդյունքներով՝ երկու երկրները ստորագրեցին ռազմական համագործակցության պլան (ինքնաթիռների, ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ արտադրություն), Սև ծովում անցկացրեցին զորավարժություններ, պայմանավորվեցին ընդլայնել երկկողմ համագործակցությունը ռազմական և էներգետիկ (ատոմային) ոլորտներում, համատեղ ուժեղացնել անվտանգությունը Սև ծովում, երկու երկրների քաղաքացիների համար մեծացնել առանց վիզայի մնալու ժամկետը, ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր։

1 2022թ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Թուրքիայի արձագանքը

44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց՝ 2021թ․ գարնանից, Ռուսաստանը սկսեց զորքեր կենտրոնացնել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ 2022թ․ փետրվարի 24-ին ձեռնարկեց լայնամասշտաբ ներխուժում՝ այն որակելով որպես «հատուկ ռազմական գործողություն»։ Եվ թեև առկա տեղեկություններով Ռուսաստանը ծրագրել էր իր բանակի ամենամարտունակ ուժերով մի քանի օրում գրավել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, տապալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն այս պլանը չհաջողվեց բազմաթիվ սխալ հաշվարկների պատճառով։

Հաշվի առնելով 2022թ․ փետրվարի դրությամբ Էրդողանի ու Պուտինի անձնական սերտ հարաբերությունների մակարդակը, նրանց կողմից հակամարտային գոտիները միմյանց միջև բաժանելուն միտված 2+2 մոդելի մշակումը՝ մենք պարզապես բացառում ենք, որ թուրքական կողմը կարող էր Ռուսաստանից կանխավ իրազեկված չլինել Ուկրաինայում պատրաստվող ռազմական գործողության մասին։ Փետրվարի 24-ին Էրդողանն իր թվիթերյան էջում անընդունելի ու մերժելի որակեց վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունը՝ ընդգծելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին։ Նա նաև աջակցություն հայտնեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, երկխոսության կոչ արեց Մոսկվային ու Կիևին, կարևորեց տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, նաև Ղրիմի թաթարների անվտանգության ապահովումը [6]։

 Ընդգծենք, որ Թուրքիայի այս դիրքորոշումը պահպանվում է ցայժմ և բոլոր հնարավոր մակարդակներով հայտարարվել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամ։ Թուրքիայի այս դիրքորոշումը բավական սպասելի էր՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջին տարիներին բավական սերտ հարաբերություններ է հաստատել ու պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ և պատրաստ չէր զոհաբերել դրանցից մեկը (ներառյալ Արևմուտքի հետ իր հարաբերությունները)։ Թուրքիայի դիրքորոշման մեջ ուշագրավն այն էր, որ նա սկզբնական օրերին հրաժարվում էր Ուկրաինայում տեղի ունեցողը որակել պատերազմ՝ կիրառելով «ռազմական գործողություն» արտահայտությունը։

Սակայն 2022թ․ փետրվարի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Türk-ի հետ զրույցում խոստովանեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները պատերազմ են` ընդգծելով, որ դա ճանապարհ է հարթում Մոնտրեի կոնվենցիայի կիրառման համար [7]։ Ռազմական գործողությունների մեկնարկի 4-րդ օրն Ուկրաինայի դեպքերը պատերազմ որակեցին նաև Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն ու Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը [8]։

Ստացվում է, որ Թուրքիան միտումնավոր ձգձգում էր Ուկրաինայում տեղի ունեցողը պատերազմ որակելը, քանի որ հակառակ դեպքում առաջանալու էր Մոնտրեի կոնվենցիային համապատասխան Սևծովյան նեղուցները հակամարտող կողմերի և մասնավորապես Ռուսաստանի ռազմանավերի առջև փակելու անհրաժեշտություն (ի տարբերություն Ուկրաինայի՝ Ռուսաստանն ունի Միջերկրածովյան նավատորմ, որի նավերը սկսել էին վերադառնալ Սևծովյան նեղուցներով)։ Այդ մասին է վկայում նաև փետրվարի 25-ին Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան պատերազմական կողմ չէ և չի կարող Սևծովյան նեղուցները փակել Ռուսաստանի առջև [9]։ Ի դեպ, փետրվարի 24-ին Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը Թուրքիային խնդրել էր փակել Սևծովյան նեղուցները [10]։ 

2 Թուրքիան որպես միջնորդ, ռիթմիկ դիվանագիտություն/դիվանագիտական կենտրոն

Ուկրաինական ճգնաժամից առաջ Էրդողանի վարկանիշը նվազել էր Թուրքիայի ներսում, արտերկրում նույնպես կային խնդիրներ․ Էրդողանը մասնավորապես փնտրում էր տարատեսակ առիթներ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանդիպելու և անգամ նրա հետ պարզապես լուսանկարվելու համար։ Օրինակ, 2021թ․ սեպտեմբերի վերջերին ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Էրդողանին չհաջողվեց հանդիպել Բայդենի հետ [11], և նա ստիպված էր «յոլա գնալ» այլ մակարդակի հանդիպումներով։ Ավելին, Էրդողանը Նյու Յորքում հանդիպեց իր գլխավորած ուժի հետ դաշինքի մեջ մտած «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջիի հետ, ինչի համար հեգնանքի ու ծաղրանքի արժանացավ թուրքական ընդդիմադիր մամուլում [12]։   

 Նյու Յորքում ձախողվելուց հետո Էրդողանը ծրագրել էր մասնակցել 2021թ․ հոկտեմբերի 31-ին Գլազգոյում մեկնարկող կլիմայական հարցերով գագաթնաժողովին (COP26), որպեսզի կարողանա դրա շրջանակներում հանդիպել Բայդենի հետ, քննարկել Թուրքիային F-16-երի վաճառքը և այլ հարցեր։ Հոկտեմբերի 11-ին հենց Էրդողանը հայտարարեց, որ Գլազգոյում հանդիպելու է Բայդենի հետ [13], սակայն արդյունքում նա չմասնակցեց Գլազգոյի գագաթնաժողովին։ Էրդողանը դա պատճառաբանեց թուրքական պատվիրակության հանդեպ կիրառված «անվտանգության ցածր արձանագրության» պատճառով՝ դա որակելով որպես անընդունելի պահվածք։ Էրդողանն ընդգծեց, որ խնդիրն առնչվում է ոչ միայն իր անվտանգությանը, այլև Թուրքիայի պատվին [14]։

Մեր կարծիքով՝ Էրդողանի այցի չեղարկման իրական պատճառ կարող էր լինել այն, որ հոկտեմբերի 31-ին Էրդողանին արդեն հաջողվել էր Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Բայդենի հետ [15]։ Նման հնարավորությունը, թերևս, փոքր-ինչ անսպասելի է եղել Էրդողանի համար, ով անգամ հոկտեմբերի 27-ին հայտարարում էր, որ Բայդենի հետ, ըստ ամենայնի, կհանդիպի ոչ թե Հռոմում, այլ Գլազգոյում [16]։ Եվ ահա Հռոմում Բայդենի հետ հանդիպելուց (լուսանկարվելուց) հետո Էրդողանը մեծ հաշվով կարիք չուներ մեկնելու Գլազգո։

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին և անգամ տարիներին Թուրքիան ունի տնտեսական տարատեսակ խնդիրներ (լիրայի արժեզրկում, մեծ գնաճ, գործազրկության բարձր մակարդակ և այլն), որոնք երկրի ներսում նվազեցրել են Էրդողանի վարկանիշը։ Այդ խորապատկերին Էրդողանի համար չափազանց կարևոր է սեփական ժողովրդին արտաքին քաղաքական ձեռքբերումներով/հաղթանակներով «կերակրելը»։ Եվ ահա նման իրավիճակում Բայդենի հետ հանդիպել չկարողանալն ավելի էր վատթարացնում Էրդողանի դրությունը, որն էլ իրավիճակը շտկելու համար պարզապես սկսել էր «հետապնդել» Բայդենին՝ նրա հետ առնվազն լուսանկարվելու համար։

Ահա այսպիսի իրավիճակում էր Էրդողանը 2022թ․ Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ։ Սակայն Ուկրաինական ճգնաժամն էապես փոխեց իրավիճակը և մեծ հնարավորություններ բացեց Էրդողանի առջև՝ ռիթմիկ բանակցություններ վարելու և իր կշիռը մեծացնելու համար։ Էրդողանն անմիջապես օգտվեց Վ․ Պուտինի ընձեռած այդ հնարավորությունից։ Արդեն փետրվարի 24-մարտի 17-ին Էրդողանն Ուկրաինայի պատերազմի թեմայով 38 շփում ունեցավ 35 երկրի առաջնորդի հետ [17]։  

2022թ․ մարտի 15-ին Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե Ուկրաինայի ճգնաժամն իրենց հիշեցրեց, որ քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտներում ուժեղ և ընդհանրապես բավական ինքնաբավ լինելը ոչ թե Թուրքիայի ընտրությունն է, այլ պարտականությունը․ «Թուրքիան պետք է ուժեղացնի դիվանագիտական ոլորտում կենտրոնական երկրի իր դերը։ Մեր երկիրն ունակ է շարժվել իր ուղով՝ հիմնականում կառավարման նոր (նախագահական) համակարգի ընձեռած հնարավորությունների շնորհիվ չտուժելով հարավում, հյուսիսում ու արևելքում գրանցվող բախումների, արևմուտքում շարունակվող լարվածության պատճառով։ Այսօր մեր երկրի անունն ու դրոշն արտերկրում դարձել են անվտանգության, բարօրության ու հույսի խորհրդանիշ։ Տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի աճող հզորության, գրավչության և կարևորության առավել կոնկրետ դրսևորումներից մեկն անցյալ շաբաթ Անթալիայի եռօրյա Դիվանագիտական ֆորումն էր, որն անցկացվում էր երկրորդ անգամ։ Ֆորումին մասնակցել է աշխարհի բոլոր չորս կողմերը ներկայացնող 75 երկրի ղեկավար ու նախարար, 39 միջազգային կառույցի ներկայացուցիչ։ «Դիվանագիտության վերաիմաստավորում» խորագրով ֆորումի ամենահնչեղ մասը Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումն էր մեր ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ։ Թեև դա չհանգեցրեց կոնկրետ արդյունքի, բայց շատ կարևոր էր երկխոսության դռները բացելու առումով»։

         Մարտի 16-ին թուրքական մամուլը գրեց․ «Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից անմիջապես անց Էրդողանը փետրվարի 24-ի առավոտյան գումարել է ԱԱԽ նիստ, ապա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Դրանից հետո նա Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել ևս երկու անգամ՝ փետրվարի 26-ին, մարտի 4-ին (նրանց 4-րդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ մարտի 16-ին)։ Դրան զուգահեռ նա մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վ Պուտինի հետ (երկրորդ հեռախոսազրույցը կայացել է մարտի 17-ին)։

Չավուշօղլուն իր հերթին 7 հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, 6 անգամ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ (այդ թվերի մեջ չեն մտնում մարտի 16-ին Լավրովի և մարտի 17-ին Կուլեբայի հետ Չավուշօղլուի հանդիպումները)։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ 7 և 3 անգամ է շփվել ուկրաինացի ու ռուս գործընկերներ Ալեքսեյ Ռեզնիկովի ու Սերգեյ Շոյգուի հետ։

         Վերջին 20 օրում Թուրքիայի նախագահը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցը քննարկել է 20 երկրների ու կազմակերպությունների առաջնորդների հետ (ներառյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Սերբիայի, Բելառուսի ու Ադրբեջանի, Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ Խորհրդի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նիդերլանդների վարչապետերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը)։

Էրդողանն Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է 11 համաշխարհային լիդերների, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ (Չավուշօղլուն էլ ունեցել է 67 երկկողմ հանդիպում Վերջին 8 օրում Թուրքիա է ժամանում արդեն 5-րդ լիդերը, այս դեպքում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նախորդ 7 օրում Թուրքիա են այցելել նաև Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները, Հունաստանի վարչապետը, Գերմանիայի կանցլերը։

         Անկարայի խաղաղ նախաձեռնությունների շրջանակներում մարտի 16-ին (1921թ Մոսկվայի պայմանագրի կնքման օրը) Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ (մարտի 10-ին Անթալիայում նրա հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մարտի 14-ին էլ հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ)։

Մարտի 17-ին Չավուշօղլուն արդեն բանակցելու է իր ուկրաինացի գործընկեր Կուլեբայի հետ։ Մարտի 16-ին Բրյուսել է մեկնել Հ Աքարը, ով մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը և դրա շրջանակներում ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ»։Ի դեպ, ռուս փորձագետ Իվան Ստարոդուբցևն իր թելեգրամյան էջում մարտի 16-ին Չավուշօղլուի մոսկովյան ու Աքարի բրյուսելյան այցերը որակել է որպես Թուրքիայի «360 աստիճանի արտաքին քաղաքականության» դրսևորում։

         Նշենք, որ վերջին օրերին թուրք փորձագետներն ակտիվորեն նշում են, թե Թուրքիան վերածվել է «տարածաշրջանային դիվանագիտական կենտրոնի», որ Թուրքիան Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր վարում է շատ հագեցած, մաքոքային դիվանագիտություն՝ պահպանելով իր կապերը հակամարտող երկու կողմի հետ էլ։ Էրդողանը քանիցս նշել է, որ սխալ է Ռուսաստանի հետ կապերը խզելը, քանի որ Արևմուտքում պետք է լինի գոնե մեկը, ով կերկխոսի Ռուսաստանի հետ։ Թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըն ընդգծել է, որ Թուրքիան այն հազվագյուտ երկրներից մեկն է, որն այսօր ունակ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանին ու Ուկրաինային [18]։  Պետք է համաձայնել Յայջըի հետ՝ հաշվի առնելով, որ Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ամենաբարձր (արտգործնախարարի) մակարդակի առաջին հանդիպումն անցկացվել է մարտի 10-ին Անթալիայում։

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ 8 ամիս անց Էրդողանը Պուտինի հետ շփվել է 14 անգամ։ Ի դեպ, Էրդողանն Ուկրաինական պատերազմից անմիջապես առաջ (փետրվարի 20-23) մեկնել էր աֆրիկյան շրջագայության, որի շրջանակներում պետք է այցելեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սենեգալ և Գվինեա Բիսաու։ Սակայն վերջին կանգառը չկայացավ, Էրդողանը չեղարկեց իր այցը Գվինեա Բիսաու, քանի որ պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին (փետրվարի 21-ին Պուտինը միակողմանի ճանաչել էր «ԴԺՀ-ի» ու «ԼԺՀ-ի» անկախությունը)։

Պուտինի ու Էրդողանի առաջին հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 23-ին, իսկ երկրորդը՝ մարտի 6-ին։ Ապա մարտի 10-ին անցկացվել է Անթալիայի հանդիպումը։ Մարտի 17-ին Էրդողանը Պուտինի ու Զելենսկու հետ հեռախոսազրույցներում կրկնել է նրանց Ստամբուլ հրավիրելու իր առաջարկը։ Մարտի 29-ին Էրդողանի կոչին անսալով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Ստամբուլում գտնվող (Պալյանների կառուցած) Դոլմաբահչե պալատում։ Ապրիլի 1-ին և 28-ին, մայիսի 30-ին, հուլիսի 11-ին Էրդողանը նոր հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ։ Հուլիսի 19-ին Էրդողանը Թեհրանում անցկացված Աստանայի ձևաչափով եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Պուտինի հետ (նրանց վերջին տետ-ա-տետ հանդիպումը կայացել էր 2021թ․ սեպտեմբերի 29-ին Սոչիում)։ Օգոստոսի 5-ին Էրդողանն արդեն Սոչիում է հանդիպել Պուտինի հետ։ Սեպտեմբերի 3-ին նոր հեռախոսազրույց է կայանում Էրդողանի ու Պուտինի միջև, իսկ սեպտեմբերի 16-ին նրանք հանդիպում են Սամարղանդում անցկացված ՇՀԿ լիդերների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինի ու Էրդողանի հաջորդ հեռախոսազրույցները գրանցվում են սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 7-ին, իսկ հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերի 13-ին Աստանայում կայացած Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում [19]։

Ամփոփելով այս բաժինը՝ ընդգծենք, որ Ուկրաինական ճգնաժամը Թուրքիային և հատկապես Էրդողանին հնարավորություն տվեց ոչ միայն դուրս գալու արտաքին քաղաքական որոշակի մեկուսացվածությունից, այլև մեծ միջնորդություն իրականացնել մի կողմից Ռուսաստանի ու Ուկրաինայի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ շարունակ հանդես գալով ռազմական գործողությունների դադարեցման, կայուն խաղաղության հաստատման ու խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու օգտին։ Այդ ամենի շնորհիվ Թուրքիային հաջողվեց անգամ դառնալ միջազգային հարաբերությունների ուշադրության կենտրոն, «աստղ» և նաև հանդես գալ գլոբալ հավակնություններով։ Էրդողանի, Չավուշօղլուի, Աքարի և այլ մակարդակով անցկացված երկկողմ, եռակողմ ու բազմակողմ բազմաթիվ հանդիպումները հնարավորություն են տվել, որպեսզի, ինչպես քանիցս ընդգծել է թուրքական մամուլը, «աշխարհի աչքը բևեռվի Թուրքիայի վրա» [20]։

Ընդ որում, Թուրքիային հաջողվեց ռուս-ուկրաինական շփումների կազմակերպման և մնացյալ միջնորդական ջանքերի համար շնորհակալության արժանանալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի (ներառյալ Ուկրաինան) կողմից (Թուրքիայի այդ հաջողությունների պատճառները կվերլուծենք ավելի ուշ)։ Ամեն դեպքում «Էրդողանական Թուրքիան» առաջնորդվում է սեփական շահերով, ինչը նշանակում է, որ իրականում ոչ մի կողմն էլ (ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը) լիովին գոհ չէ նրանից, ինչը և բնական է։ Ստորև ներկայացվող կետերն էլ են վկայում դրա մասին։

3 Մոնտրեի կոնվենցիա/Սևծովյան ավազան, զենքի տարանցում ու մատակարարում

Արդեն նշվեց, որ առաջին օրերին Թուրքիան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները չէր անվանում պատերազմ, սակայն փետրվարի 27-ին թերևս գիտակցելով, որ ռազմական գործողությունները չեն ավարտվելու շուտափույթ, ստիպված եղավ խոստովանել դա։ Մոնտրեի կոնվենցիան նման դեպքերում Թուրքիային հնարավորություն է տալիս փակել Սևծովյան նեղուցները, ինչն էլ նա արեց մարտի 1-ին (ռազմական գործողությունների մեկնարկից գրեթե մեկ շաբաթ անց)՝ այդ մասին զգուշացնելով առափնյա ու ոչ առափնյա երկրներին։ Պատերազմական պայմաններում Թուրքիան Մոնտրեի կոնվենցիայով ստանում է նեղուցներով նավերի անցման կարգավորման վերաբերյալ հավելյալ լիազորություններ․ նա կարող է փակել նեղուցները, եթե դա սպառնալիք է ստեղծում իր կամ տարածաշրջանային անվտանգության համար [21]։

Փաստորեն այս հարցում էլ Թուրքիային հաջողվեց անել այնպես, որ երկու կողմն էլ փոքրիշատե գոհ մնան իրենից։ Ռուսաստանը կարող էր գոհ լինել նրանից, որ Թուրքիան որոշակի ձգձգեց Սևծովյան նեղուցների փակումը, և նաև ըմբռնումով մոտենալ Թուրքիայի տվյալ քայլին՝ հաշվի առնելով Մոնտրեի կոնվենցիայի դրույթները և այն, որ Թուրքիան դե յուրե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է (որ նա չէր կարող լիովին անտեսել Արևմուտքին)։ Արևմուտքը (ներառյալ Ուկրաինան) նույնպես գոհ էր, որ Թուրքիան արդյունքում Սևծովյան նեղուցները փակեց ռուսական ռազմանավերի առջև․ ռուսական կողմին չհաջողվեց Միջերկրական ծովում գտնվող իր բոլոր ռազմանավերը տեղափոխել Սև ծով։ Հանուն արդարության պետք է նշել, որ եթե անգամ ռուսական բոլոր ռազմանավերը Միջերկրական ծովից փոխադրվեին Սև ծով, ապա դա չէր կարող լրջորեն ազդել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքի վրա՝ հաշվի առնելով նաև սկզբնական շրջանում Սև ծովում Ռուսաստանի ունեցած ռազմական (ռազմածովային) արդեն իսկ մեծ առավելությունը։

Չնայած դրան՝ 2022թ․ նոյեմբերին անգլիական մամուլը (Express.co.uk ) գրեց, որ Թուրքիայի կողմից Սևծովյան նեղուցները փակելը հանգեցրել է Սև ծովում Ռուսաստանի թուլացմանը։ Մասնավորապես, ընդգծվում էր, որ Սևծովյան նեղուցների փակվելու պատճառով Միջերկրական ծովում մնացած ռուսական ռազմանավերը («Վարյագ», «Ադմիրալ Տրիբուց») բախվել են հայրենիք (Վլադիվոստոկ) վերադառնալու դժվարություններին և հարկադրված են եղել դա անել Սուեզի ջրանցքով ու Խաղաղ օվկիանոսով երկար (ամիսներով) ճամփորդությամբ [22]։

Ռուսաստանը կարող էր Թուրքիայից գոհ լինել նաև նրա համար, որ ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ 2022թ․ օգոստոսի վերջին կարողացել է դեռևս 2018թ․ Սիրիայում տեղակայած S-300 ՀՕՊ համակարգը Sparta II բեռնանավով անցկացնել Սևծովյան նեղուցներով և ուղարկել Նովոռոսիյսկ (թուրքական մամուլի պնդմամբ՝ S-300 համակարգը եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պուտինի արած նվերը)։ Navalnews.com կայքը հայտնել է, որ Sparta II նավը Սևծովյան նեղուցներով անցել է գիշերային ժամերին և չի բացառել, որ Ռուսաստանը կարող էր նավով հանգիստ զենք անցկացնել։ Ընդգծվեց, որ Սիրիայից ռուսական S-300 համակարգի դուրսբերումը նվեր է Իսրայելի համար, ով դրանից հետո կարող է ինտենսիվացնել Սիրիայում իր ավիահարձակումները [23]։ Նշենք, որ Սևծովյան նեղուցներով նավերի անցումը կազմում է 164 ծովային մղոն, որից 37-ը բաժին է ընկնում Դարդանելի նեղուցին, 110-ը՝ Մարմարա ծովին, 17-ը՝ Բոսֆորի նեղուցին։

Չնայած Ռուսաստանը հերքեց (պատերազմի մեկնարկից 6 ամիս անց) S-300 համակարգի տեղափոխումը Սևծովյան նեղուցներով՝ պնդելով, թե տեղափոխել է ձիթապտղի ձեթ, լուրը լայն տարածում գտավ, և անգամ Կիևում Թուրքիայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվեց Ուկրաինայի ԱԳՆ, ուր նրա ուշադրությունը հրավիրեցին նեղուցներով առնվազն 4 բեռնանավի անցման վրա, որոնց փոխադրած բեռն ունի ռազմական նշանակություն և ուղարկվում է Ուկրաինա՝ պատերազմական գործողությունների թատերաբեմ։ Սակայն թուրքական կողմը հիշեցրեց, որ Մոնտրեի կոնվենցիայի համաձայն՝ անգամ պատերազմական պայմաններում առևտրանավերը ցանկացած երկրի դրոշի ներքո ու ցանկացած բեռով ունեն նեղուցներն անսահմանափակ հատելու իրավունք [24]։

Փաստորեն այս դեպքում էլ Թուրքիային հաջողվեց «չոր» դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ օգտվելով Մոնտրեի կոնվենցիայի ընձեռած հնարավորություններից (և ընդհանրապես նման դեպքերում միջազգային իրավունքի բացերից)։ Եվ ակնհայտ է, որ Թուրքիան չէր կարող նման «անվճար» ծառայություն մատուցել Ռուսաստանին և փոխարենը պետք է նրանից կորզեր որևէ բան, որը կարող էր առնչվել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ այն տարածաշրջաններին, որոնցում Թուրքիան ու Ռուսաստանն ունեն ռազմական ներկայություն, իրականացրել են ռազմական միջամտություններ (2022թ․ օգոստոսի վերջին ադրբեջանական զորքը մուտք գործեց Բերձոր)։

Հայտնի է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ և նաև ընթացքում Թուրքիան Ուկրաինային մատակարարել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-եր, որոնց արդյունավետությունը տվյալ ռազմական թատերաբեմում որակվում է վիճելի, ոչ այնքան արդյունավետ, որչափ որ նախորդ դեպքերում (Սիրիա, Լիբիա, Արցախ)։ Ամեն դեպքում դրանք պատերազմի առնվազն առաջին վեց ամիսներին զգալի դեր են խաղացել Ուկրաինայի համար, և զուր չէ, որ Ուկրաինայում անգամ երգ են ձոնել Bayraktar TB2-ի պատվին (Ուկրաինայի իշխանություններն էլ քանիցս շնորհակալություն են հայտնել թուրքական իշխանություններին՝ Ուկրաինային Bayraktar TB2 մատակարարելու համար)։

Մեր կարծիքով՝ Վ․ Պուտինի համար թուրքական զենքի այդ մատակարարումները կարող էին անգամ լինել օգտակար, որքան էլ որ դա պարադոքսալ կարող է թվալ առաջին տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ Պուտինյան Ռուսաստանի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար կլիներ այն, որ հենց «Էրդողանական Թուրքիան» դառնար Ուկրաինային զենքի գլխավոր մատակարարներից մեկը, և ոչ թե արևմտյան մեկ այլ երկիր և հատկապես ԱՄՆ-ը։ Պուտինն այդ դեպքում կարող էր օգտագործել Էրդողանի հետ իր սերտ հարաբերությունները, սակարկությունը՝ անհրաժեշտ պահին Ուկրաինային թուրքական զենքի մատակարարումները դանդաղեցնելու համար (Էրդողանին որևէ բան տալու դիմաց)։ Պուտինն ու Էրդողանն այդպիսով լավ են հասկանում միմյանց լեզուն ու սակարկային ոգին՝ «մեկ բան տալ՝ մեկ բան առնելու դիմաց»։

Էրդողանի ու Պուտինի բնույթը, վերջին տարիներին նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նրանք չեն կարող լինել իրական դաշնակիցներ (ոչ թե միմյանց հետ, այլ ընդհանրապես)։ Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քանիցս աչքի է ընկել դաշնակցին անհարիր քայլերով (S-400 համակարգերի գնում) և անգամ Ուկրաինայի պատերազմի խորապատկերին առանձնանում է այդ պլանում, չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, տարատեսակ (քաղաքական, տնտեսական, ռազմական) միջոցներով աջակցում է Ռուսաստանին և այլն։ Նույնն առնչվում է Պուտինին, ով մինչև 44-օրյա պատերազմը, դրա ընթացքում ու դրանից հետո Հայաստանի (Արցախի) հանդեպ իր վերաբերմունքով ցույց է տվել, որ Հայաստանը փաստացի չի ընկալում որպես դաշնակից (ընդ որում, թե՛ 1997թ․ երկկողմ պայմանագրի, թե՛ ՀԱՊԿ-ի գծով)։

Շարունակելով Ուկրաինային Թուրքիայի կողմից սպառազինելու թեման՝ ընդգծենք, որ դա Պուտինին անհրաժեշտ էր նաև Վ․ Զելենսկու մոտ Էրդողանի կշռի մեծացման համար (դրա պատճառների մասին կխոսվի ավելի ուշ)։ Բացի զենքի մատակարարումներից Թուրքիան ծրագրել էր Bayraktar TB2 ԱԹՍ-երի արտադրման գործարան կառուցել Ուկրաինայում։ Պուտինին, սակայն, հաջողվեց Էրդողանի հետ գործարքի գնալով՝ ինչպես նվազեցնել Ուկրաինային Bayraktar TB2-ի մատակարարումների ծավալը, այնպես էլ ձգձգել տալ դրանց արտադրման գործարանի կառուցումը։

2022թ․ հոկտեմբերի վերջերին (սեպտեմբերին Խարկովի մարզում Ռուսաստանի կրած պարտությունից հետո) թելեգրամյան ալիքները հայտնեցին, որ թուրքական Baykar ընկերությունը հրաժարվել է Bayraktar TB2 ԱԹՍ-երի արտադրման գործարան կառուցել Ուկրաինայում։ Բացի այդ վերջին ամիսներին կրկնակի կրճատվել է Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-երի մատակարարումը։ Եվ, թեև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն այս խնդիրների լուծման համար անձամբ է մեկնել Թուրքիա, սակայն այնտեղից վերադարձել է ձեռնունայն (թուրքական կողմը, բնականաբար, հերքում է այս պնդումները) [25]։ Ի դեպ, պատերազմը հարցականի տակ կարող է դրած լինել Թուրքիայի ու Ուկրաինայի միջև սերտ համագործակցությունը հատկապես ռազմարդյունաբերական (շարժիչներ) ոլորտում։

Չնայած այս արդյունքին ու վերոնշյալ գործոններին՝ ԶԼՄ-ի հաղորդմամբ Թուրքիան Bayraktar TB2-ի հարցում հասցրել է հարուցել նաև Ռուսաստանի դժգոհությունը։ 2022թ․ սեպտեմբերին «Էրդողանական Թուրքիայի» մասին սկանդալային լուրեր հայտնող Nordic Monitor-ը հայտնել էր, որ Ռուսաստանը դեռևս մարտին Թուրքիային մեղադրել է Կիևին մատակարարվող Bayraktar TB2 ԱԹՍ-երն Ուկրաինայի խնդրանքով քիմիական և կենսաբանական պատերազմի հնարավորություններով (մինչև 300 կմ հեռավորության վրա 20-30 լ կոնտեյներներով և աերոզոլ ցողելու համար նախատեսված սարքավորումներով) զինելու մտադրության մեջ, ինչը միայն օգոստոսի վերջին/սեպտեմբերի սկզբին է հերքվել Թուրքիայի կողմից։ Վերջինս հիշեցրել է, որ 1974թ․-ից հանդիսանում է Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության և պահեստավորման ու դրանց ոչնչացման արգելքի մասին կոնվենցիայի (Biological Weapons Convention, BWC) անդամ։ Թեև Թուրքիան իր պատասխանում ընդգծել էր, որ շարունակելու է գործել BWC-ին համահունչ, նա բացահայտել էր, որ ունի կենսաբանական պատերազմի ակտիվ ծրագիր՝ դա ներկայացնելով խաղաղ նպատակներով և «կենսաբանական սպառնալիքներին և համաճարակներին դիմակայելու կարողություններ զարգացնելու համար» նախատեսված ծրագիր [26]։

Այս օրինակները վկայում են, որ անգամ ռազմական ոլորտում (զենքի մատակարարում ու տարանցում) Թուրքիային հաջողվում է փոքրիշատե գոհացնել հակամարտող կողմերին և իր քայլերի դիմաց տարատեսակ զիջումներ կորզել նրանցից՝ Ռուսաստանից ու Արևմուտքից (վերջինս պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ Ուկրաինա և ԱՄՆ ու նրա դաշնակիցներ/համախոհներ)։

Ամփոփելով այս բաժինը՝ կցանկանայինք նաև ընդգծել, որ 2022թ․ փետրվարին ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա լուրջ մտահոգություններ էր առաջացրել Թուրքիայում այն առումով, որ ՌԴ-ը փորձում էր տիրել Ուկրաինայի սևծովյան ափագծին, նրան կտրել Սև ծովից։ Եվ, թեև Ռուսաստանն այդ համատեքստում ունեցավ տարածքային նվաճումներ, սակայն կային նաև Թուրքիային գոհացնող իրադարձություններ։

Խոսքն Ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կրած խոշոր կորուստների մասին է, որոնց մի մասը կապված է պատերազմի հենց առաջին օրն Ուկրաինայից գրաված Զմեինի կղզին պահելու հուսահատ փորձերի հետ (2022թ․ հունիսի 30-ին ռուսական կողմը հարկադրված էր լքել Դանուբի գետաբերանի մոտ ընկած այդ կղզին [27])։ Դա հատկապես առնչվում է 2022թ․ ապրիլի կեսին Զմեինի կղզուց ոչ շատ հեռու ընկած տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հրթիռակիր հածանավը ջրասույզ անելուն, որը մեծ հարված էր անձամբ Վ․ Պուտինի իմիջին, ով շատ էր հպարտանում այդ նավով (ռազմանավի անունը նույնպես խորհրդանշական էր) [28]։

Արդեն նշվել է, որ 2014թ․ Ղրիմն օկուպացնելուց հետո Ռուսաստանը սկսել էր զգալի արդիականացնել ու ամրապնդել իր Սևծովյան նավատորմը, որն արդյունքում նախ (2015թ․) սկսեց գերազանցել Սև ծովում թուրքական նավատորմը, ապա (2022թ․) ընդհանրապես հասավ խորհրդային ժամանակների մակարդակի։ Եվ դա լուրջ մտահոգություններ էր առաջացնում Թուրքիայում։ Հասկանալի է, որ վերջինս ընթացիկ տարում չի կարող ներքուստ չողջունել ՌԴ Սևծովյան նավատորմի շարունակական կորուստները։

Դեռ 2022թ․ սեպտեմբերի առաջին կեսին ամերիկյան մամուլը գրեց, որ ՌԴ Սևծովյան նավատորմը մաշվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի 200 օրերին․ «Նախապատերազմյան Սևծովյան նավատորմը բաղկացած էր մոտ 50 նավից, մոտ 4000 ծովային հետևակից և փոքր օդուժից: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հպարտությունը՝ «Մոսկվա» հածանավի խորտակումը, առաջինն էր 200 օրում նավատորմի կրած խորհրդանշական անհաջողությունների շարքում այն բանից հետո, երբ Կրեմլը հրամայեց զորքեր մտցնել իր արևմտյան հարևանի տարածք: Ռուսական կողմի պարտությունները ծովում և ցամաքում զգալիորեն նվազեցրել են նրա Սևծովյան նավատորմի հարձակողական հնարավորությունները։

Բացի նավատորմի նավերի կորուստներից Սևծովյան նավատորմում գրանցվել են նաև ռազմական այլ տեխնիկայի ոչնչացում և անձնակազմի զոհերի բարձր մակարդակ: Սևծովյան նավատորմի մարտական ​​ինքնաթիռների կեսից ավելին շահագործումից հանվել է անցյալ ամիս, երբ մի շարք պայթյուններ տեղի ունեցան Ղրիմի «Սակի» ավիաբազայում։ Ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինա արձակված գրեթե 4000 հրթիռներից շատերը նավերից արձակված «Կալիբր» տիպի հրթիռներ են, որոնք արձակվել են Սև ծովում գտնվող ռուսական ֆրեգատներից և սուզանավերից:

Թերևս ամենախորհրդանշականն այն է, որ Սևծովյան նավատորմի շտաբը Սևաստոպոլում հարձակման է ենթարկվել ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Հուլիսի վերջին ԱԹՍ-ի հարվածը հանգեցրեց վեց զոհի և չեղարկվեց նավատորմի օրվան նվիրված տոնակատարությունները: Երեք շաբաթ անց մեկ այլ ԱԹՍ հարվածեց նույն շենքին: Իսկ Սևծովյան նավատորմի մասնագիտացված 810-րդ ռազմածովային գվարդիական հետևակային բրիգադը, ըստ տեղեկությունների, հարյուրավոր զոհեր է տվել, երբ կռվել է ուկրաինական Մարիուպոլ քաղաքի վրա հարձակվող ռուսական ուժերի կազմում:

Իգոր Օսիպովը հեռացվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել է փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը։ Վերլուծաբանների կարծիքով՝ դրա պատճառը եղել է Սևծովյան նավատորմի վատ պատրաստվածությունը, ակնհայտ անզգուշությունը և ընդհանուր անտարբեր վերաբերմունքը։ Եվ, թեև Սոկոլովը կարող է նոր մոտեցում ներկայացնել, նրա տարբերակները սահմանափակ են, քանի որ Ռուսաստանը ոչ մի կերպ չունի նավատորմն ուժեղացնելու հնարավորություն այն բանից հետո, երբ Թուրքիան մարտին փակեց Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար» [29]։

Հավելենք, որ ՌԴ Սևծովյան նավատորմի վրա հարձակումները շարունակվում են, որոնցից վերջինը գրանցվել է հոկտեմբերի 29-ին, երբ Ուկրաինան 6-8 ԱԹՍ-ով հարձակվել է Սևաստոպոլի նավահանգստում կայանած ռազմանավերի վրա և ենթադրաբար վնասել է «Մակարով» ֆրեգատը և այլ նավեր [30]։ Այս ամենը, թերևս, վկայում է, որ Ուկրաինական պատերազմի արդյունքներով Թուրքիան, ըստ ամենայնի, վերադարձրել է առաջին հորիզոնականը Սևծովյան ավազանում, որը նա կորցրել էր վերջին տարիներին ՌԴ-ի կողմից Սևծովյան նավատորմի արդիականացման պատճառով։

4 ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիր. Շվեդիա ու Ֆինլանդիա

2022թ․ Ուկրաինայի հանդեպ Պուտինյան Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հարձակումից հետո չեզոք երկրներ Շվեդիան ու Ֆինլանդիան, մտահոգվելով իրենց անվտանգության մասին, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ, եթե նախապատերազմյան ժամանակաշրջանում Ֆինլանդիայի ու Շվեդիայի հասարակությունները դեմ էին ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա 2022թ․ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակվելուց հետո նրանց դիրքորոշումը գլխիվայր շուռ եկավ․ նրանք տվյալ հարցում սկսեցին մեծապես աջակցել իրենց իշխանություններին։ 

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցն Ուկրաինական պատերազմի ընթացքում նոր հնարավորություն դարձավ ՆԱՏՕ-ի անդամ և վետո դնելու իրավունք ունեցող Թուրքիայի համար, ով հերթական հնարավորությունը ստացավ, որպեսզի «աշխարհի աչքը բևեռվի նրա վրա»։ Թուրքական կողմը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը, սակայն ունի պահանջներ (նախապայմաններ) նրանց նկատմամբ։ Դրանք կարելի է ամփոփել երկու հիմնական կետով․

ա) դադարեցնել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին (PKK, YPG, FETÖ, DHKP-C) աջակցելը և Թուրքիա արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնց ցուցակը կներկայացնի թուրքական կողմը։ Ընդ որում, այս պահանջն առնչվում էր թե՛ Ֆինլանդիային, թե՛ Շվեդիային, որում, թուրքական կողմի պնդմամբ՝ PKK-ն ունի ամուր դիրքեր։

բ) վերացնել 2019թ․ աշնանը Սիրիայի հյուսիսում իրականացված «Խաղաղության ակունք» թուրքական ռազմական գործողությունից հետո Թուրքիայի հանդեպ ներդրված զենքի բեռնարգելքը և սերտորեն համագործակցել ռազմարդյունաբերական ոլորտում։ Զենքի բեռնարգելքը մոտ 3 տարի առաջ սահմանել էր Շվեդիան, այսինքն թուրքական տվյալ պահանջն առնչվում էր միայն նրան, իսկ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության պահանջը՝ երկուսին էլ, թեև ակնհայտ էր, որ այն առաջին հերթին հասցեագրված էր ռազմարդյունաբերական ոլորտում զգալի հաջողություններ գրանցած Շվեդիային։

Նման պահանջներ/նախապայմաններ առաջ քաշելով՝ Թուրքիան հասավ նրան, որ Շվեդիան ու Ֆինլանդիան սկսեն տարբեր մակարդակներով իր հետ բանակցել Դաշինքի ընդլայնման հարցի շուրջ։ Բացի այդ, քանի որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ կողմ էին, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, ընդ որում, հնարավորինս շուտ, նրանք նույնպես սկսեցին Թուրքիայի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։

Այլ կերպ ասած՝ Թուրքիային վերստին հաջողվեց դառնալ «միջազգային հարաբերությունների աստղ», ինչի վառ վկայությունը դարձավ 2022թ․ հունիսի 28-30-ին Մադրիդում անցկացված ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը (որին առաջին անգամ մասնակցեցին նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան ու Նոր Զելանդիան)։ Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը դարձավ մայիսի 18-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Դաշինքին անդամակցելու հարցի քննարկումը։

Գագաթնաժողովի հենց առաջին օրը՝ հունիսի 28-ին, թուրքական պատվիրակությունը չառարկեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը, և երեք երկրները Մադրիդում ստորագրեցին եռակողմ հուշագիր, որոնցում տեղ գտան թուրքական վերոնշյալ երկու հիմնական պահանջները։ Հուշագրում նաև նշված էր, որ Ֆինլանդիան ու Շվեդիան աջակցելու են Թուրքիայի մասնակցությանը ԵՄ անդամ երկրների կողմից իրականացվող (Permanent Structured Cooperation, PESCO) նախագծին, որը միտված է պաշտպանական ու անվտանգային հարցերում առավել սերտ համագործակցելուն [31]։ Արդյունքում արդեն հունիսի 29-ին ՆԱՏՕ-ն Շվեդիային ու Ֆինլանդիային պաշտոնապես հրավիրեց դառնալու Դաշինքի անդամ։

Չնայած Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրին՝ Թուրքիան հետագա ամիսներին քանիցս հայտարարեց, թե Շվեդիան ու Ֆինլանդիան չեն կատարում ստանձնած պարտավորությունները, ինչի դեպքում անհնար կլինի ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցը թուրքական խորհրդարանի կողմից վավերացնելը: Ի պատասխան՝ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարում էին, որ թուրքական բնորոշմամբ ահաբեկիչների արտահանձնումը պետք է իրականացվի իրենց օրենսդրության համաձայն (կողմերի միջև տևական, պարբերական ու հյուծիչ բանակցությունները դեռ շարունակվում են)։

Նոյեմբերի 8-ին Էրդողանն Անկարայում Շվեդիայի նորընտիր վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Շվեդիան իր անվտանգության համար ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն իրենք էլ ցանկանում են տեսնել իրենց անվտանգության խնդիրներին աջակցող Շվեդիա»։ Ընդ որում, Էրդողանը չբացառեց, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հարցը կարող է ձգձգվել մինչև 2023թ․ հուլիս՝ շեշտելով, որ դա կլինի 7 ամիս անց Թուրքիայում կայանալիք (նախագահական ու խորհրդարանական) ընտրություններից հետո [32]։ Այսինքն Էրդողանն այդ հարցն արդեն ընդգրկել է իր նախընտրական արշավում և փորձելու է առավելագույն կերպով ձգձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը, սակայն ոչ տորպեդահարել այն ամբողջովին։

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Թուրքիայի այս դիրքորոշումը, ըստ էության, չի տարբերվում վերոնշյալ օրինակներից, քանի որ այս դեպքում էլ Թուրքիային հաջողվում է փոքրիշատե գոհացնել բոլոր կողմերին։ Ռուսաստանը, մասնավորապես, կարող է գոհ լինել, որ Թուրքիան թեկուզ ժամանակավորապես, բայցևայնպես ձգձգում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչը, ի թիվս այլնի, նրան հնարավորություն է տալիս Ֆինլանդիայի սահմանին մոտ տեղակայված զորքերը նույնպես տեղափոխել ուկրաինական ռազմաճակատ։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցմամբ լուրջ խնդիրներ են ծագում Ռուսաստանի համար․ Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի «ներքին լիճը», Բալթիկ ծովում Ռուսաստանին «մնալու է» մի նեղ շերտ՝ ի դեմս Ֆիննական ծոցի մի մասի, ՆԱՏՕ-ՌԴ սահմանը երկարում է գրեթե կրկնակի՝ 1350 կմ-ով (Ֆինլանդիան ԵՄ անդամների երկրների թվում նույնպես ունի ՌԴ-ի հետ ամենաերկար ցամաքային սահմանը), և ՆԱՏՕ-ն հայտնվելու է Վ․ Պուտինի հայրենի Սանկտ Պետերբուրգ քաղաքից մոտ 150 կմ հեռավորության վրա [33]։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղ պետք է Թուրքիայի համար հստակ տարանջատել երկու թիրախ։ Դրանցից մեկը բուն Շվեդիան ու Ֆինլանդիան են, որոնցից Թուրքիան կորզեց ցանկալի խոստումներ (զիջումներ)։ Ներկայումս անգամ չի բացառվում, որ կործանիչ ինքնաթիռների ոլորտում խնդիրներ ունեցող Թուրքիան կարող է Շվեդիայից գնել 4․5 սերնդի Saab JAS-39 Gripen կործանիչներ, թեև դա համարվում է քիչ հավանական [34]։

Արևմուտքում Թուրքիայի երկրորդ թիրախն առաջին հերթին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են։ Չտորպեդահարելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը՝ Թուրքիան հուսով էր ստանալ նաև այս երկրների աջակցությունը և արժանանալ խրախուսանքի։ Դա առաջին հերթին առնչվում էր նրան, որ ԱՄՆ-ը հավանության արժանացնի Թուրքիային 4․5 սերնդի նոր F-16 ինքնաթիռներ վաճառելու ու թուրքական օդուժում արդեն առկա F-16-երի արդիականացման մասին գործարքը, իսկ դրա մերժման դեպքում, որ Մեծ Բրիտանիան հավանության արժանացնի Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելը, որոնք կդառնան F-16-երին փոխարինող։

Ուշագրավ է, որ Էրդողանին հաջողվեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցի խաղարկմամբ հասնել նրան, որ հունիսի 29-ին Մադրիդում երկկողմ հանդիպում ունենա Ջո Բայդենի հետ և անգամ արժանանա նրա գովասանքին՝ կապված մադրիդյան եռակողմ հուշագրի ստորագրման հետ [35]։ Ընդ որում, եռակողմ հուշագրի ստորագրումից առաջ Էրդողանն արժանացել էր Բայդենի հեռախոսազանգին [36]։

Չենք բացառում, որ Էրդողանն այնքան կձգձգի ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը, մինչև որ ԱՄՆ-ից «կանաչ լույս» չստանա F-16-երի հարցում։ Դա շատ կարևոր հարց է հնացող կործանիչներով ու տարածաշրջանային մրցակիցներին զիջող Թուրքիայի համար՝ նաև այն առումով, որ նրա ավիաենթակառուցվածքները հարմարեցված են F-16-երին, որ թուրք օդաչուներն արդեն տասնամյակներ շարունակ օգտագործում են F-16 և չունեն այդ ինքնաթիռները յուրացնելու խնդիրներ, որոնք կարող են ծագել այլընտրանքներ գնելու դեպքում։

Այդպիսով, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Էրդողանը/Էրդողանական Թուրքիան այս հարցում ունի առնվազն 3-4 թիրախ, որոնցից կարող է զիջումներ ու օգուտներ ստանալ՝ Ռուսաստան, Շվեդիա ու Ֆինլանդիա, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա, Թուրքիայի ներսում (ներքաղաքական/հասարակական)։

5 «Ցորենի (գյուղմթերքի) միջանցք»/ծովային հումանիտար միջանցք

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ի հայտ եկավ հացահատիկի խոշոր արտադրող Ուկրաինայից և նաև Ռուսաստանից ցորենի (գյուղմթերքի) դուրսբերման հարցը՝ գլոբալ մակարդակով պարենային ճգնաժամից խուսափելու համար։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկի համաշխարհային արտադրության 10%-ը, եգիպտացորենի համաշխարհային արտադրության 15%-ը, գարու համաշխարհային արտադրության 13%-ը, արևածաղկի ձեթի համաշխարհային առևտրի 50%-ը։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021թ․ կեսից մինչև 2022թ․ կեսն Ուկրաինայում արտադրվել է 33 միլիոն տ ցորեն, որով նա զբաղեցրել է 7-րդ տեղն աշխարհում (առաջատար վեցյակում են Ավստրալիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, իսկ առաջատարը ԵՄ-ն է)։ Եգիպտացորենի արտադրության ոլորտում Ուկրաինան արդեն վեցերորդն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Բրազիլիայից, ԵՄ-ից, Արգենտինայից հետո։ Գարու արտադրության ոլորտում Ուկրաինան չորրորդն է ԵՄ-ից, Ավստրալիայից ու Ռուսաստանից հետո։

OEC-ի (The Observatory of Economic Complexity) տվյալներով՝ 2020թ․ ցորենի խոշորագույն ներկրողներն են Եգիպտոսը (5․2 միլիարդ դոլար), Չինաստանը (3․47 միլիարդ դոլար), Թուրքիան (2․44 միլիարդ դոլար), Նիգերիան (2․15 միլիարդ դոլար) և Ինդոնեզիան (2․08 միլիարդ դոլար)։ Ընդ որում՝ Եգիպտոսի խոշորագույն մատակարարն Ուկրաինան է։ Եվ, ընդհանրապես, Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում են Աֆրիկայի ցորենի կարիքների 40%-ը։ Աֆրիկյան զարգացման բանկի տվյալներով՝ պատերազմի պատճառով Աֆրիկայում 30 միլիոն տ պարենային դեֆիցիտ է առաջացել, ինչը հանգեցրել է ամբողջ մայրցամաքում պարենային ապրանքների գների 40%-անոց աճին:

2022թ․ փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի ճնշմամբ դադարեցվեցին Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի փոխադրումները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն մայիսի կեսին ցորենի ու եգիպտացորենի արտահանման գները հասան աննախադեպ բարձր մակարդակի։ Դա կորոնավիրուսի հետևանքների հետ մեկտեղ ավելի մեծացրեց մտահոգություններն Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Ասիայում։ Պարենային գլոբալ ճգնաժամը կանխելու համար կարևորվեց Ուկրաինայից 20-25 միլիոն տ հացահատիկի դուրսբերումը [37]։

Եվ, թեև հացահատիկի արտահանումն Ուկրաինայից կարող էր իրականացվել ցամաքային ճանապարհով (Ուկրաինայի երկաթուղիներով դեպի ԵՄ), սակայն կար երկու մեծ խնդիր․

ա) Պատերազմից առաջ Ուկրաինայից ցորենի արտահանման 90%-ն իրականացվում էր ծովային ճանապարհով։ Պատերազմի ընթացքում, երբ խնդիրներ ծագեցին նավահանգիստներում, փորձ արվեց ցորենն Ուկրաինայից դուրս բերել նաև գնացքներով ու բեռնատար մեքենաներով։ Սակայն լուրջ խնդիր էր այն, որ Ուկրաինայի երկաթգծերն ավելի լայն են՝ եվրոպական երկաթգծերի հետ համեմատ։ Այդ կերպ հաջողվում էր ամսական փոխադրել 1․5 միլիոն տ հացահատիկ, մինչդեռ պատերազմից առաջ Ուկրաինայից հացահատիկի ամսական արտահանումը կազմում էր 7 միլիոն տ։

բ) Ռուսաստանը դեմ արտահայտվեց ցամաքային տարբերակին և նախապատվությունը տվեց ծովային ճանապարհին՝ թուրքական տարբերակին։ Բնականաբար, Թուրքիան նույնպես երկու ձեռքով կողմ էր այդ տարբերակին։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գրանցվեց 2022թ․ հուլիսի 22-ին, երբ Ստամբուլում Էրդողանի հովանու ներքո «ցորենի միջանցքի» մասին համաձայնագիր ստորագրվեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջև (արարողությանը ներկա էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը)։ «Ցորենի միջանցքի» գործարկման համար Ստամբուլում ստեղծվեց Կոորդինացիոն կենտրոն, որը պետք է համակարգեր Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերի ուղարկումը և Ստամբուլ դրանց ժամանումը։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլում ստորագրվեց երկու փաստաթուղթ, որոնք երկուսն էլ կրում էին նույն անվանումը՝ «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ առաքման նախաձեռնության» փաստաթուղթ։ Դրանցից մեկի վրա իրենց ստորագրությունները դրեցին Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Հուլուսի Աքարը, ինչպես նաև Ա․ Գուտերեշը։ Իսկ երկրորդ փաստաթուղթը ստորագրեցին Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Հ․ Աքարն ու Ա․ Գուտերեշը։

            Ռուսաստանն ու Ուկրաինան այդպիսով միմյանց հետ ուղիղ համաձայնագիր չստորագրեցին, փոխարենը, երկու առանձին փաստաթղթեր ստորագրեցին միջնորդների՝ Թուրքիայի ու ՄԱԿ-ի հետ։ «Ցորենի միջանցքն» ուժի մեջ էր մնալու 120 օր՝ հետագայում երկարաձգվելու հնարավորությամբ (նոյեմբերի 17-ին այն երկարաձգվեց ևս 120 օրով)։ Համաձայնագրի ստորագրումից հետո աշխարհում գրանցվեց հացահատիկի գների որոշակի անկում․ «ցորենի միջանցքի» շրջանակներում RAZONI անունով առաջին նավը, որը բեռնված էր 27․000 տ եգիպտացորենով, օգոստոսի 1-ին լքելով Օդեսայի նավահանգիստը՝ հասավ Ստամբուլ, իսկ օգոստոսի 3-ին լքեց Թուրքիայի տարածքային ջրերը՝ ուղևորվելով դեպի Լիբանան։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը գոհունակությամբ ընդունեցին «ցորենային միջանցքի» համաձայնագրի ստորագրումը, Գուտերեշն անձամբ շնորհակալություն հայտնեց Էրդողանին՝ ընդգծելով, որ հենց նրա անձնական ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ համաձայնագրի կնքումը, որից կօգտվեն ոչ միայն հակամարտ կողմերը, այլև համայն աշխարհը։ Գուտերեշը հավելեց, որ գործարքը կնպաստի պարենի գների անկմանն ու պարենային ճգնաժամի կարգավորմանը՝ վերստին ընդգծելով, որ Թուրքիան առանցքային դեր է խաղացել դրա կնքման գործընթացում (Թուրքիան հագեցած դիվանագիտություն է վարել գործարքի կնքմանը հասնելու համար)։

            Էրդողանն իր հերթին մեծ գոհունակություն հայտնեց համաձայնագրի կնքման համար՝ ընդգծելով, որ ուրախ են համաշխարհային պարենային ճգնաժամի կարգավորման մեջ ներդրում ունենալու համար, որ դա կկանխարգելի միլիարդավոր մարդկանց կողմից սովի խնդրին բախվելը, ինչպես նաև պարենի գնաճն աշխարհում [38]։ Նոյեմբերի 12-ին Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին հայտնեց, որ «ցորենային միջանցքով» 442 նավով փոխադրվել է 10 միլիոն տ հացահատիկ, որի 60%-ն ուղարկվել է Եվրոպա, 27%-ը՝ Ասիա, 13%-ը՝ Աֆրիկա (ժամանակի ընթացքում Էրդողանը սկսեց կարևորել «ցորենի միջանցքով» նաև Ռուսաստանի ցորենի ու պարարտանյութերի արտահանումը) [39]։

Նշենք, որ «ցորենային միջանցքի» համաձայնագիրն իսկապես բավական մեծ հաջողություն էր Թուրքիայի ու անձամբ Էրդողանի համար, և պատահական չէ, որ վերջինս դրանից հետո սկսեց կանոնավորապես ակնարկել, որ աշխարհը պարենային ճգնաժամի մեղմացման համար պարտական է Թուրքիային/իրեն։ Փաստորեն դա գլոբալ հետևանքներով քայլ էր Թուրքիայի կողմից, և դա նույնպես նպաստեց, որ Թուրքիան գնալով ավելի համարձակ սկսի ազդարարել իր գլոբալ հավակնությունների մասին։ Թուրքական մամուլը «ցորենային գործարքն» անմիջապես որակեց Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ [40]։

Սակայն «ցորենային միջանցքի» համաձայնագիրը թուրքական կողմի համար ուներ նաև տարածաշրջանային ու ներթուրքական ենթատեքստ։ Նախքան գործարքի կնքումը՝ հուլիսի 6-ին, Վ․ Քիրիշչին հայտնել էր, որ Ուկրաինան Թուրքիային ցորենը վաճառելու է 25% զեղչով [41]։ Եվ, թեև գործարքի կնքումից հետո՝ օգոստոսի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերքեց, թե «ցորենի միջանցքի» համաձայնագրի կնքման ժամանակ Ուկրաինան Թուրքիային խոստացել է 25%-անոց զեղչ [42], այնուամենայնիվ, մեր կարծիքով՝ Ուկրաինան Թուրքիային նման խոստում կարող էր տված լինել Թուրքիայի հետ երկկողմ բանակցություններում։

 Այդ մասին հուշում է նաև Թուրքիայի պահվածքը նման իրավիճակներում՝ «մեկ բան տալ, մեկ այլ բան առնելու դիմաց»։ Արդեն նշվել է, որ Թուրքիան ցորենի խոշորագույն ներկրողների թվում է աշխարհում, և ուկրաինական ցորենը նման զեղչով գնելը բավական կարևոր քայլ կլիներ տնտեսական բարդություններ ապրող Թուրքիայի համար (պատերազմից առաջ Թուրքիան ցորեն էր ներկրում թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից, ընդ որում, իր կարիքների միանգամից 78%-ը)։

Նկատենք, որ Թուրքիան ցորենի խոշոր արտադրող է (2020թ․՝ 20․5 միլիոն տ, 2021թ․՝ 17․6 միլիոն տ, իսկ 2022թ․ համար ակնկալվում է 19 միլիոն տ), անգամ մտնում է ցորենի համաշխարհային հաշվված խոշոր արտադրողների թվում՝ ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ուկրաինայի, Պակիստանի, Ավստրալիայի ու Արգենտինայի հետ մեկտեղ։ Չնայած այդ ցուցանիշներին՝ 2019-2021թթ․ կեսերին Թուրքիան դարձել է ցորենի երրորդ խոշոր համաշխարհային ներկրողը Եգիպտոսից ու Ինդոնեզիայից։ Թուրքիան տարեկան միջին հաշվով ներկրել է 9․5 միլիոն տ ցորեն։ Միևնույն ժամանակ ցորենի արտահանումը կազմել է 4 միլիոն տ [43]։

«Ցորենի միջանցքի» համաձայնագրի ստորագրումից հետո թելեգրամյան ալիքները հայտնեցին, թե Թուրքիան ծրագրում է Ուկրաինայից զեղչով գնված ցորենը վաճառել Մերձավոր Արևելքի երկրներին և հատկապես Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որոնք, ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունենալով հանդերձ, խնդիրներ ունեն իրենց պարենային անվտանգությունն ապահովելու հարցում։ Ընդգծվեց, որ Թուրքիան այդպիսով ծրագրում է ցորեն հատկացնելու դիմաց խոշոր ներդրումներ կորզել մերձավորարևելյան այդ երկրներից և այդ կերպ շտկել իր տնտեսական բարդ դրությունը։ «Ցորենային գործարքի» կնքումից արդեն 5 օր անց՝ հուլիսի 27-ին, Մ․ Չավուշօղլուն իր սաուդացի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում քննարկել է ուկրաինական ցորենի արտահանման հարցը [44]։

Ամփոփելով այս բաժինը՝ վերստին արձանագրենք, որ սա իսկապես խոշոր հաջողություն էր, որի շնորհիվ Թուրքիան զգալի օգուտներ է քաղել և քաղում, ընդ որում, ամենատարբեր ուղղություններով, քանի որ գործարքն առնչվում է մի քանի կողմի։ Այն չափազանց կարևոր է նաև Էրդողանի իմիջի բարձրացման ուղղությամբ, որի խոսքերով՝ «ցորենային նախաձեռնությունը» կարող է ճանապարհ հարթել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև «խաղաղության միջանցքի»՝ խաղաղության հասնելու համար (ինչը վիթխարի դիվիդենտներ կբերի Էրդողանին)։

Եվ պատահական չէ, որ Էրդողանը պատրաստ է «կռիվ տալ» «ցորենի միջանցքի» շահագործման շարունակման համար։ Այն բանից հետո, ինչ հոկտեմբերի վերջին Սևաստոպոլն Ուկրաինայի կողմից ենթարկվեց ԱԹՍ-երով հարձակման, ՌԴ ՊՆ-ը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը «ցորենային գործարքին»։ Սակայն գործին անմիջապես միջամտեց Էրդողանը`բանակցելով Պուտինի ու Զելենսկու հետ, և արդյունքում «ցորենային միջանցքն» իր գործունեությունը վերսկսեց արդեն նոյեմբերի 2-ին․ Ռուսաստանը բավարարվեց Թուրքիայի ու ՄԱԿ-ի աջակցությամբ Ուկրաինայից ստացված գրավոր երաշխիքներից [45]։

Հատկանշական է, որ անգամ մի քանի օրով Ռուսաստանի չմասնակցելը «ցորենային միջանցքին» չխոչընդոտեց ուկրաինական ցորենի արտահանումը, և դա վերստին Թուրքիայի ջանքերի շնորհիվ։ Հ․ Աքարն ընդգծեց, որ չնայած Սևծովյան ցորենային նախաձեռնությանը մասնակցելուց Ռուսաստանի հրաժարվելուն՝ Թուրքիայի դրոշով նավերն անխափան ելումուտ են անում ուկրաինական նավահանգիստներ՝ իրականացնելով հացահատիկի փոխադրում։ Աքարը նաև հույս հայտնեց, որ Ռուսաստանը շուտով կմիանա նախաձեռնությանը, և «ցորենային միջանցքը» կվերագործարկվի ողջ ուժով [46]։

Շարունակությունը՝ այստեղ։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[1] Filiz Tutku Aydın Bezikoğlu, Geçmişten Geleceğe Kırım | Sorunlar ve Çözüm Önerileri, SETA, 2022 April, pp. 77-100, 187-212, 13-44, 57-76․

[2] Дипломат объяснил, почему Турция не поддержала санкции против РФ, Лига Новости, 01.03.2016․

[3] Турецкие инвесторы вложат в Крым 12 миллиардов долларов, Российская Газета, 07.07.2015.

[4] Հայկ Գաբրիելյան, Ռուս-թուրքական հարաբերություններ. վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում․ Մաս 2, ՄԱՀՀԻ, 07․12․2016․

[5] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի Մեծ ռազմավարությունը, ՄԱՀՀԻ, 14․03․2022․

[6] Erdoğan: Ukrayna’nın mücadelesini destekliyoruz, DW, 24․02․2022․

[7] Çavuşoğlu: Artık bu çatışma savaşa dönüştü, Montrö’yü uygulayacağız, Duvar Gazete, 27.02.2022.

[8] Reuters: İlk kez ‘savaş’ sözcüğünü kullanan Türkiye söylem değiştirdi, Duvar Gazete, 27.02.2022.

[9] Çavuşoğlu: Montrö’de madde var, Rusya’ya Boğazları kapatamayız, Duvar Gazete, 25.02.2022.

[10] Ukrayna Türkiye’den Boğazları kapatmasını istedi, Duvar Gazete, 25.02.2022.

[11] Fehmi Koru, ABD’ye giden Erdoğan, Biden ile neden görüşemedi?, T24, 24․09․2021․

[12] Erdoğan ve Destici, New York’ta görüştü, Cumhuriyet, 22․09․2021․

[13] Erdoğan: “Biden ile Glasgow’da Görüşeceğiz”, VOA Türkçe, 27.10.2021.

[14] Erdoğan, Glasgow’a neden gitmediğini açıkladı: Bunu kabul edemezdik, Dünya, 01.11.2021.

[15] Cumhurbaşkanı Erdoğan ile ABD Başkanı Biden görüştü, Anadolu Ajansı, 31.10.2021.

[16] Erdoğan: Biden ile görüşme büyük ihtimalle Roma’da değil ama Glasgow’da olacak, Foreks, 27.10.2021.

[17] Burhanettin Duran, Ukrayna Krizinde Erdoğan Diplomasisinin Farkı, Sabah, 19․03․2022․

[18] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան գազային հանգույց դառնալու ճանապարհին, ՄԱՀՀԻ, 01․04․2022․

[19] Baş döndüren diplomasi: Erdoğan ve Putin ne görüşmüştü?, TRT Haber, 13․10․2022․

[20] Dünyanın gözü Türkiye’de, Dünya, 10.03.2022.

[21] Турция закрыла проливы для всех военных кораблей, РБК, 01․03․2022․

[22] İngiliz basını: Türkiye’nin Boğazları kapatması nedeniyle Rusya, Karadeniz’de zayıfladı, Sözcü, 08.11.2022.

[23] Rusya, Suriye’den S-300’leri çekti: Boğazlardan geçtiği iddia edildi, Sözcü, 28.08.2022.

[24] Ukrayna’dan Türkiye’ye çağrı: ‘Rusya silah kaçırıyor, Boğazları kapatın’, Sözcü, 02.09.2022.

[25] Турецкий «Байрактар» отказался строить завод на Украине: ВСУшники остались без БПЛА, VK Press, 25․10․2022․

[26] Abdullah Bozkurt, Russia accused Turkey of planning to equip Bayraktar drones with biological/chemical weapons, Nordic Monitor, 12․09․2022․

[27] Российские военные покинули остров Змеиный, DW, 30․06․2022․

[28] Крейсер “Москва” затонул при буксировке, ТАСС, 14.04.2022.

[29] James Beardsworth and Anastasia Tenisheva, ‘Coast Defense Flotilla’: Russia’s Black Sea Fleet Mauled in 200 Days of Ukraine War, The Moscow Times, 11․09․2022․

[30] Investigation: Oct. 29 drone attack likely hit Russian frigate Admiral Makarov in Sevastopol, The Kyiv Independent, 30.10.2022.

[31] Madrid’de Türkiye, Finlandiya ve İsveç arasında ‘Üçlü Muhtıra’ imzalandı, Anadolu Ajansı, 28.06.2022.

[32] Erdoğan’dan İsveç’e NATO üyeliği için Temmuz mesajı, DW, 08.11.2022.

[33] Անի Եղիազարյան, Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի նոր փուլը, ՄԱՀՀԻ, 17.08.2022.

[34] Paul Iddon, Where can Turkey buy fighter jets if US F-16 deal falls through?, Middle East Eye, 29.09.2022.

[35] Erdoğan ve Biden Madrid’de Biraraya Geldi, VOA Türkçe, 29․06․2022․

[36] Cumhurbaşkanı Erdoğan, ABD Başkanı Biden ile telefonda görüştü, Anadolu Ajansı, 28.06.2022.

[37] Ines Eisele, Ukrayna savaşı ve tahıl: Beş gerçek, DW, 28․07․2022, տե՛ս նաև Tahılın Ukrayna’dan çıkarılması dünya için neden önemli?, BBC Türkçe, 23.07.2022.

[38] Tahıl koridoru anlaşması: Beyaz Saray ve AB, İstanbul’daki anlaşmayı ‘memnuniyetle’ karşıladı, BBC Türkçe, 22.07.2022.

[39] Bakan Kirişci: Tahıl koridoru üzerinden 10 milyon ton tahıl taşındı, BBC Türkçe, 12.11.2022.

[40] Gıda krizinin çözümünde Türkiye’nin diplomasi zaferi, TRT Haber, 22.07.2022.

[41] Ukrayna’dan Türkiye’ye indirim: Tahılı yüzde 25 ucuz alacağız, TGRT Haber, 06․07․2022․

[42] Türkiye’ye yüzde 25 indirim yapıldığı iddia edilmişti: BM’den tahıl anlaşması açıklaması, KRT, 10.08.2022.

[43] Günce Akpamuk, BM Gıda Görünümü raporu yayımlandı: Türkiye neden en çok buğday ithal eden 3. ülke?, BBC Türkçe, 05.07.2022.

[44] Bakan Çavuşoğlu Suudi mevkidaşı Farhan ile görüştü, TRT Haber, 27.07.2022.

[45] Cumhurbaşkanı Erdoğan: Tahıl koridoru yeniden açıldı, Euronews, 02.11.2022.

[46] В Анкаре заявили, что суда под флагом Турции продолжат вывозить зерно из Украины, Интерфакс, 01.11.2022.

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Telegram

Մեկ կարծիք «Ուկրաինական ճգնաժամն ու Թուրքիայի դիվանագիտությունը. ՄԱՍ 1. Հայկ Գաբրիելյան»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։