Հոգեբանական ի՞նչ խնդիրներ են առաջանում հեռախոսից կախվածություն ունեցող երեխաների մոտ: Ինչպե՞ս վարվել: Մասնագետն ասում է՝ սկսեք ծնողներից:
Երեխաները ներկայիս պայմաններում օրվա մեջ բավականին երկար ժամանակ անց են կացնում սմարթֆոններում, պլանշետներում կամ համակարգիչներում: Օրինակ Ռուսաստանում, սեղմ տվյալներով, նրանք 6 ժամ այդ սարքավորումներով են զբաղվում: Հոգեբանները նշում են, որ իրենց ավելի հաճախ են դիմում ծնողները, ում զավակները կարող են հիստերիայի մեջ ընկնել, եթե զրկվեն հեռախոսից:
Խնդիրը հեռախոսը չէ, այլ՝ շփման պակասը
Ծնողները հաճախ են նշում, որ իրենք փոքր տարիքում բակում էին խաղում, իսկ այս սերունդը պլանշետով է խաղում: Նրանց համոզմամբ դա կախվածություն է կամ հիվանդություն: Բայց բժիշկները համոզված են՝ ծնողներն են մեղավոր:
ՌԴ գիտությունների ակադեմիայի մարդու ուղեղի ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Չոմսկին հարց է տալիս.
Եթե հայրն ու մայրն ամբողջ օրն անցկացնում են հեռախոսի մեջ, ապա ի՞նչ սպասել նրանց երեխայից: Ծնողները բժշկին հաճախ հարցնում են, թե իրենց երեխան օրվա ընթացքում քանի՞ ժամ պետք է առավելագույնն անցկացնի էկրանի առաջ: Միակ անհանգստությունն այն է, որ երեխան սմարթֆոնով է զբաղված. ծնողներն այլ խնդիր չեն նկատում:
Մասնագետը բացատրում է, որ հեռախոսն օգտագործելը վնասակար չէ: Վտանգը կայանում է նրանում, որ դա խորացնում է առկա հոգեբանական խնդիրը: Ավելի հաճախ այն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն է:
Ալեքսանդր Չոմսկին նշում է, որ սարքավորումով զբաղված երեխան չի ստանում հասարակությունում, խաղի մեջ, իրական կյանքում անհրաժեշտ զարգացման ստիմուլը: Նրա սոցիալական ինտելեկտը չի ձևավորվում: Ի հայտ է գալիս կլիպային մտածողություն, երեխան ի վիճակի չի լինում համադրել փաստերը, գնահատական տալ դրանց: Ներդաշնակ զարգացող անհատի մոտ հոգեկան խնդիրներ չեն առաջանա, նույնիսկ եթե նրա ձեռքից հեռախոսը վերցնենք:
Այսպիսով, եթե երեխան հանուն հեռախոսի կամ պլանշետի հրաժարվում է սննդից, քնից, զբոսանքից կամ ընկերների հետ շփումից, դադարում է սովորել դասերը, ապա պետք է արդեն ահազանգել: Մասնագետի խոսքով՝ վերադաստիարակությունը պետք է սկսել հենց ծնողից:
Չոմսկին նշում է, որ նոր սարքավորումները մեր կյանք են մտնում որպես գործիքներ, բայց վերածվում են զբաղմունքի: Այստեղ խորհուրդ է տրվում պահպանել հավասարակշռությունը:
Խնդիրն ի հայտ է գալիս, երբ զբաղմունքը դառնում է հեռախոս կամ պլանշետ օգտագործելու հիմնական պատճառը: Հենց դրա դեմ է պետք պայքարել, բայց ավելի լավ է՝ բժշկի ցուցումներով:
Ինչպե՞ս օգնել երեխային՝ հաղթահարելու կախվածությունը հեռախոսից
1) Ավելի շատ շփվեք երեխաների հետ: Սկզբում դժվար կլինի. դպրոցականին պետք է վերադարձնել իրական կյանք, իսկ նա միանշանակ դիմադրելու են: Կարևորը՝ անկեղծորեն հետաքրքրվել դեռահասի արժեքներով և փորձել գտնել ընդհանուր թեմաներ: Թող սկզբում նույնիսկ խոսակցության թեման հենց սարքավորումները լինեն:
2) Սահմանեք կանոններ ընտանիքում. համատեղ ուղևորությունների, ճաշի-ընթրիքի ժամանակն անցկացնել միասին, առանց հեռախոսի ու պլանշետի: Նաև պետք է ձևավորել երեկոյան զրույցների ավանդույթ, երբ ընտանիքի բոլոր անդամները հերթով պետք է իրենց կարծիքն արտահայտեն:

3) Երեխայի առաջ իրատեսական խնդիրներ դրեք, որպեսզի խիստ պահանջներից փախչելու՝ դեպի վիրտուալ աշխարհը հեռանալու ցանկություն չառաջանա:
4) Երեխայի հետ միասին զբաղվեք սպորտով կամ արվեստով, նրան տարեք խմբակների՝ պարի, կերպարվեստի, բայց և ինքներդ օրինակ ծառայեք: Եթե դուք մնաք հեռախոսի մեջ, իսկ երեխային ստիպեք զբաղվել ուրիշ բանով, կվնասեք նրան:
5) Հաճախ այցելեք թանգարան, թատրոն, համերգ. դա երեխաների էսթետիկ դաստիարակություն է, մշակութային ծանրաբեռնվածություն: Եթե դա չկա, ապա դատարկ տեղը զբաղեցնում են հաճույք ստանալու առավել դյուրին միջոցները:
6) Դիմեք հոգեբանի, ով կօգնի գտնել նախաստեղծ խնդիրները և կարգավորել դրանք:
Ի՞նչ պետք չէ հատկապես անել
- Թաքցնել հեռախոսը երեխայից և արգելել այն օգտագործել՝ չբացատրելով եղելությունը:
- Պայքարել միայն դեռահասի կախվածության հաղթահարման ուղղությամբ այն ժամանակ, երբ ընտանիքի մեծերը շարունակում են մնալ հեռախոսում:
- Պայմաններ դնել երեխայի առաջ, օրինակ՝ ափսեները լվանաս, հեռախոս կստանաս: Այդ դեպքում սարքավորումը դպրոցականի համար դառնում է պարգև և համարվում առավել սպասված բավարարում: Այս դեպքում խնդիրն ավելի է խորանում:
Հետգրություն. հոդվածը պատրաստված է արտասահմանյան աղբյուրի հիման վրա, սակայն արդիական է նաև հայ հասարակության համար: