Ո՞րն է Դ.Տոնոյանի ակնարկած «Տոռ»-ը

Լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդել է, որ Հայաստանը Ռուսաստանից զենքի մատակարարման շրջանակներում ռազմական անակնկալների է սպասում։

Տոնոյանը նշել է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման ժամկետները։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմը ռուսական ինքնաթիռներին սպասում է այս տարվա վերջերին կամ 2020-ի սկզբին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ակնարկել է, որ Երեւանը կարող է ձեռք բերել նաեւ ռուսական նոր զենիթահրթիռային «Տոռ» համալիրներ՝ անվանելով այն շատ հետաքրքիր զինատեսակ։

Ինչո՞վ է «Тор»-ը հետաքրքիր

Ռուսական արտադրության Տոռ-Մ2Ու զենիթահրթիռային համալիրը կարող է միաժամանակ հայտնաբերել 40 թիրախ՝ 32կմ հեռավորության վրա, ընտրել դրանցից 10 ամենավտանգավորները և կրակ վարել դրանցից 4-ի վրա։

Այն հանդիսանում է հակաօդային պաշտպանության համակարգ՝ ապահովելով զորքի տեղաշարժի, տնտեսական կամ ռազմական օբյեկտների, ենթակառուցվածքների անվտանգությունը։ Տոռ-ը արդյունավետ պայքար է մղում գերճշգրիտ զենքի, անօդաչու թռչող սարքերի, ժամանակակից ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

Տոռ-ը կարող է որսալ ցանկացած տեսակի հրթիռների՝ թևավոր, փոքրամարմին և բարձր մանևրով օժտված։ Այս զինատեսակը կարելի է օգտագործել ժամանակակից օդային հարձակման մասսայական միջոցների դեմ պայքարում։

ԶՀՀ-ը կարող է ռազմական գործողություններ վարել ինչպես ՀՕՊ համակարգում, այնպես էլ ինքնուրույն։ Հագեցած է թիրախների հայտնաբերման կայանով, նշանառության, հրթիռների և թիրախների ուղեկցման համակարգերով, տեղորոշման կայանքով, էլեկտրական հոսանքի ինքնաշխատ համակարգով, ինչպես նաև 2 արձակման տուփերում գտնվող 8 հրթիռներով։

Տոռ-Մ2Ու ԶՀՀ

Թիրախների հայտնաբերման կայանն օժտված է յուրային-օտար տարբերակող համակարգով, աշխատում է նաև մեքենայի շարժման ընթացքում։ Ընտրած 10 վտանգավոր թիրախները կայանը ցուցադրում է հրամանատարին՝ առաջարկելով հարվածելու հերթականությունը։

Տոռ-ի 9Մ331 հրթիռները բացթողնումից հետո կատապուլտի միջոցով, 25 մ/վ արագությամբ բարձրանում են վեր։ 20մ բարձրության վրա այն ընդունում է անհրաժետ դիրքը, ուղղությունը, ապա միանում են հրթիռի շարժիչները՝ թռիչքի արագությունը հասցնելով մինչև 700-800 մ/վ։ 250մ-ից սկսած միանում է նշանառման համակարգը։ Հրթիռի մարտագլխիկը բեկորաֆուգասային տեսակի է։

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.