44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքները. Դավիթ Ստեփանյան

Հայաստանը պետք է կողմնորոշվի աշխարհաքաղաքական հակասությունների և շահերի այս կծիկում, կողմնորոշվի սեփական շահերից ելնելով, կողմնորոշվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում՝ պահպանել ՄԽ ձևաչափը, ինչը պնդում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կամ էլ կարգավորման հարցում կարևորել ռուսական առաջնահերթությունները։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքներն իրենց անմիջական ազդեցությամբ, անկասկած, կարևորվում են պատերազմի բռնկման, ընթացքի և, իհարկե, ավարտի տեսանկյունից։ Չափազանց կարևոր է ընդգծել, որ այս հետևանքները վերջին երեք տասնամյակում Հարավային Կովկասում տեղի ունեցած ամենամեծ ցնցումներից մեկն են։ Ապագայում հարևան տարածաշրջաններում ևս հնարավոր են ցնցումներ։ Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող ամենախնդրահարույց տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի հերթական անկմանը։ Ավելին, պատերազմի մեկուկես ամիսն աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների հանգեցրեց ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում։ Այս իրողության մասին վստահորեն կարելի է փաստել այսօր։

44-օրյա պատերազմն իրականում սկսվել է սեպտեմբերի 27-ից վաղ։ Աշխարհաքաղաքական կոմբինացիան պատրաստվեց երկար և մանրամասն։ Իրադարձությունների զարգացման խորապատկերին իր գործողությունների մեխանիզմով պատերազմը դարձավ ընդամենը վերջին ակորդը, բայց ոչ մի դեպքում՝ հիմնական և վերջնական նպատակ։ Եվ այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է ղարաբաղյան հակամարտությունը վերածվում նոր աշխարհաքաղաքական խճանկարի մասերի, որոնք հավաքվում են հենց մեր աչքի առջև․․․

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ռազմական գործողություններն ավարտվեցին ՀՀ-ի պարտությամբ։ Այն հաստատվեց նոյեմբերի 9-ին ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրություններով՝ կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։[1] Հայտարարություն, որին գործնականորեն ռուսական բոլոր ԶԼՄ-ները, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչները նախընտրում են անվանել Համաձայնագիր։

Հայտարարության համաձայն՝ Հայաստանը և Ադրբեջանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում։ Հայաստանը գնաց մի շարք տարածքային զիջումների։ Պատերազմի և եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին անցան Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչպես նաև Արցախի Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Կողմերը պետք է իրականացնեն գերիների փոխանակում շփման գծի երկայնքով և Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքով։ Կրակի դադարեցումը և ռազմական գործողությունների վերահսկողությունն իրականացվելու է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի 1960 զինծառայողի կողմից և 90 զրահամեքենայի, 380 միավոր ավտոմեքենայի և հատուկ տեխնիկայի գործադրմամբ։ Ռուսական բանակի հիմնական զորախումբը բաղկացած է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումից։

Այս հետազոտության մեջ չենք մանրամասնի առնվազն վերջին 22 տարիների ներքին գործոնները և ներքաղաքական իրողությունները (անկասկած, որոնք իրենց դերը խաղացել են Հայաստանի 44-օրյա պատերազմի պարտության մեջ)։

Հայաստանի պարտության հիմքում ընկած ներքին «նրբությունները» կնշվեն բացառապես անհրաժեշտության դեպքում՝ դրանք սերտ կապելով աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Նմանատիպ մոտեցման պատճառը, մեր կարծիքով, արտաքին գործոնի անվերապահ գերակշռությունն է, որն էլ կանխորոշեց Հայաստանի պարտությունը։ Այս տեսակետի ձևավորման գլխավոր դրդապատճառն իրականում Ադրբեջանի կողմից Թուրքիայի, Իսրայելի և միջազգային ահաբեկիչների կողմից վարձկան ահաբեկիչների փաստացի ներգրավվածությունն էր։ Այս ամենի մեջ որոշակի դեր է խաղացել նաև Մեծ Բրիտանիան, հնարավոր է նաև ԱՄՆ-ը։ Առանց կասկածի 44-օրյա պատերազմի արդյունքների ձևավորման մեջ հսկայական է Ռուսաստանի դերը և այնքան շատ, որ նրան առանձին գլուխ կհատկացվի։ 

Ելնելով վերջին միջազգային իրադարձություններից՝ անհրաժեշտ է նաև արձանագրել, որ չնայած Արցախում ռազմական գործողությունների ավարտին՝ այս իրավիճակի շուրջ կրքերը միայն թեժանում են։ Պատճառը վերջին ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ոչ միայն Արցախի, այլ նաև հարևան տարածաշրջանների՝ ստեղծված իրավիճակից ունեցած կախվածությունն է։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագիրը, հենց այս հաջորդականությամբ, ընդամենը դադարեցրեց պատերազմը, հանգեցրեց հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, մասամբ իրականացրեց «հողերը վերադարձնելու» ադրբեջանական երազանքը, սակայն, ըստ էության, չլուծեց Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախի կարգավիճակը դեռ հստակեցված չէ, և դրա հստակեցման սխեմաներն ու եղանակները դեռևս մոտ ապագայում էլ ակներև չեն։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պայմաններում 1994թ․ մայիսյան համաձայնագրերը զինադադարի ռեժիմ հաստատելով միայն դադարեցրեցին հակամարտության մարտական փուլը։ Այս խորապատկերին հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը վերջին 26 տարիների ընթացքում միջազգային օրակարգի մաս է եղել։ Եվ 1992թ․-ից սկսած այն վերահսկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, մասնավորապես, երեք համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։

Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի նախագահության տարիներին հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները համեմատաբար ավելի մեծ էին (իհարկե, միայն հետագա ժամանակահատվածի համեմատ)։ 1997թ․ սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը հանրության դատին հանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր պլանը, որը ներառում էր հակամարտության գոտու ապառազմականացում և 1992-1994թթ․ ռազմական գործողությունների ընթացքում գրաված մի շարք բնակավայրերի վերադարձ Ադրբեջանին։ Սակայն «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածում նրա կողմից առաջ քաշված թեզերն անընդունելի էին ինչպես Հայաստանի, այնպես էլ քաղաքական կուսակցությունների և երկրի ղեկավարության մեծ մասի համար։[2] Նախագահի պլանն իր աջակցությունը չստացավ մասնավորապես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Ներքին գործերի ու Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կողմից։ Դրանից հետո 1998թ․ փետրվարի 3-ին նրանց ճնշման ներքո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց երկրի նախագահի պաշտոնից, իսկ նույն տարվա մարտին նոր նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ 1998թ․ հենց այդ ժամանակաշրջանից ի վեր «ռետինե ժապավենը» սկսեց ձգվել, որը վաղ թե ուշ բախվեց անխուսափելի ճեղքման՝ ապագա պատերազմի տեսքով։ Առաջին հերթին դա պայմանավորված էր նրանով, որ Տեր-Պետրոսյանի բոլոր իրավահաջորդները նույնիսկ չփորձեցին խաղաղ կարգավորման որևէ ծրագիր առաջարկել։ Հետագա ժամանակաշրջանի բոլոր նախաձեռնությունները, ինչպես օրինակ, «Ընդհանուր պետություն ստեղծելու պլանը», «Գոբլի պլանը», «Քի Ուսեսթը», «Մադրիդյան սկզբունքները», «Լավրովի պլանը» և այլն, գալիս էին արտաքին ուժերից և ոչ մի կերպ հայկական քաղաքական մտքի արդյունք չէին։ Համապատասխանաբար նրանք չէին կարող հետապնդել հայության, Հայաստանի և հատկապես Արցախի շահերի պաշտպանության առաջնային նպատակը։ Եվ, օրինակ, նույն Ադրբեջանի և Արցախի ներսում ընդհանուր գաղափարը, որն առաջարկվել էր արդեն 1998թ․, նույնպես չէր նախատեսում Արցախի կարգավիճակի հարցը։ Պլանը նախատեսում էր բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին բացի Լաչինի միջանցքից, և Արցախին, ըստ էության, բարձր մակարդակի ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանում։ Այս ընթացքում ևս մեկ կարևորագույն փուլ հանդիսացան 2011թ․ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները։

Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, 2011թ․ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել վերադարձնել 7 շրջանները՝ Արցախի միջանկյալ կարգավիճակի և հետագայում կարգավիճակի հանրաքվե անցկացնելու դիմաց, որը, ըստ էության, նախատեսում էր «Մադրիդյան սկզբունքները», որի հիման վրա 2007թ․-ից սկսած բանակցային գործընթաց էր ընթանում։ Դրան ի պատասխան` Իլհամ Ալիևը շատերի համար անսպասելիորեն «գրպանից հանեց» նոր պահանջներ։ Դատելով Սարգսյանի և երեք համանախագահների արձագանքներից՝ Ալիևը պահանջել էր ոչ ավել, ոչ պակաս բանակցային գործընթացից հանել Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև օրակարգից դուրս հանել Լաչինի միջանցքի առանձին կարգավիճակի հարցը։ Ստացվում է, որ նա փաստացիորեն ձախողեց բանակցությունները՝ բարձրացնելով իր սեփական պահանջների նշաձողը ցանկացած փոխզիջումային սահմաններից դուրս։ Հետագայում կվերլուծենք նաև Ադրբեջանի նախագահի համար այն դրդապատճառները, որոնք հանգեցրեցին նման անզիջում գործելակերպի։

Այս մարտահրավերներին ի պատասխան (իսկ այս պլաններն ի սկզբանե մարտահրավերներ էին և ուղղակի սպառնալիքներ էին հայկական պետականության համար)՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ընդամենը փորձեցին հնարավորինս հետաձգել կարգավորումը՝ միևնույն ժամանակ համաձայնելով Արցախի «անվտանգության գոտին» ընդգրկող 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ նույնիսկ Իսրայելի նման երկրին չի թույլատրվում ունենալ «անվտանգության գոտի»՝ Երևանն ի սկբանե քաջատեղյակ էր, որ Արցախի «անվտանգության գոտու» կորուստը միայն ժամանակի հարց է։ Միջազգային այդ դիպաշարը հնարավոր էր կանխել միայն 2 եղանակով․ փաստորեն հանձնել տարածքները (Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը) կամ պատրաստվել ինքնուրույն պաշտպանելու դրանք Ադրբեջանի, Թուրքիայի և, ինչպես ցույց տվեցին 44 օրերը, Իսրայելի  հետ ապագա պատերազմում։ Ենթադրվում է, որ իշխանությունը կորցնելու վախից ելնելով՝ առաջին տարբերակը չի իրականացվել հատկապես այն պատկերավոր օրինակի խորապատկերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իրավահաջորդներն իրեն պաշտոնանկ արեցին։

Վերջին 26 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում գերակշռում էր հակամարտության կարգավորման «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի և Արցախի իրական թշնամիները հենց այն մարդիկ էին, ովքեր քաղաքական դիվիդենտներ ստանալու համար գործում էին հենց այս կարգախոսով։[3]                      Տեր-Պետրոսյանի իրավահաջորդներից ոչ մեկը, ներառյալ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չհամարձակվեցին հանրությանը ներկայացնել իրողությունները և բացահայտ առաջարկել «հանձնել հողերը» խաղաղության դիմաց։ Այնուամենայնիվ բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում էին, սակայն բացառապես «վերևներում»։ Օրինակ, 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը գնաց Արցախ, որտեղ հանրապետության ղեկավարության և խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը կոշտ ձևով նախանշեց իրավիճակը  և փաստացի առաջարկեց 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։ Նախագահի առաջարկն Արցախում չընդունվեց, և Սարգսյանն անարդյունք վերադարձավ Երևան։[4]

Ադրբեջանի հետ պատերազմի նախապատրաստություններ և «անվտանգության գոտին» պաշտպանելու նախապատրաստական աշխատանքներ, իհարկե, իրականացվել են, սակայն ակնհայտորեն դրանք իրականացվել են ոչ բավարար մասշտաբներով և առավելապես նկարագրական, հռչակագրային, քան իրական մակարդակում։ Այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստանի ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի սպառազինություններն ու   սարքավորումները 90%-ով մատակարարվում էին Ռուսաստանի կողմից։ Դա պայմանավորված էր ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառները պայմանավորված էին ռուսական զենքի բավականին մատչելի լինելու հանգամանքով, հատկապես Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելով զենքը ներքին գներով ձեռք բերելու հատուկ հնարավորությամբ։ Սուբյեկտիվ պատճառներից էր Երևանի ռազմավարական դաշնակցի «խանդոտ» վերաբերմունքը՝ պայմանավորված իր հերթական մենաշնորհի անձեռնմխելիությամբ։ Այսպիսով, մինչև 2018թ․ գարունը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հայկական բանակը հիմնականում զինվում էր «պահեստների զենքով»։ Սերժ Սարգսյանը 2016թ․ ապրիլին հայտարարել էր, որ հայկական բանակն Ադրբեջանի դեմ կռվել է 80-ականների զենքով։[5] Իրականում մինչ օրս Հայաստանի Զինված ուժերում առկա են նույնիսկ անցյալ դարի 50-60-ականների զենքեր։ Դրանց և այլ զենքի տեսակների անվանացանկը սկզբունքորեն, իհարկե, չենք բացահայտի․ այս հետազոտությունն այդ մասին չէ։                                                                                                              

2018թ․ գալով իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ բանակցային գործընթացի անփոփոխ բովանդակությանը և փաստացիորեն սկսեց պատրաստվել պատերազմի։ 2,5 տարվա ընթացքում ՀՀ Զինված ուժերն էական տարբերությամբ համալրվեց այդ թվում ռուսական զենքի վերջին նմուշներով։ Զինամթերքը մատակարարվեց Հայաստան արդեն ոչ թե «պահեստներից», այլ հենց գործարանային փոխադրիչներով։ Հայաստանում ակտիվացավ ներքին զենքի արտադրությունը, ստեղծվեց ռուսական զենքի առանձին տեսակների հավաքածու։ Այնուամենայնիվ, «80-ականների զենքով» զինված խորհրդային ոճի հայկական բանակը, ցավոք, չկարողացավ դիմակայել թուրքական և իսրայելական ԱԹՍ-ներին, ինչպես նաև նրանց մասնագետների կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին։ 

2003թ․ Իլհամ Ալիևն իր ընտրվելուց ի վեր իրավիճակը դանդաղ, բայց կայունորեն հանգեցնում էր պատերազմի։ Իր ղեկավարումը սկսելով բավականին խաղաղ դիրքերից՝ Ալիև կրտսերն աստիճանաբար և կայուն ձևով ամրապնդեց իր ագրեսիվ ռազմատենչ հռետորաբանությունը։ Նա նաև հետևողականորեն թեժացնում էր Ադրբեջանում ռևանշիստական և հայատյաց տրամադրությունները՝ շարունակաբար թարմացնելով նոր սերդնի հիշողությունը կորսված Ղարաբաղով և «մեր հողերի մոտալուտ և անխուսափելի վերադարձով»։ Մնում է միայն ենթադրել, թե ով և ինչու էր այդքան շահագրգռված Ալիևի ռազմատենչ նկրտումներով։

1994թ․ մայիսի հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր շփման գծի ողջ երկայքնով փոխհրաձգություններ և միջադեպեր էին գրանցվում, չնայած 2013թ․-ից սկսած հենց Ալիևն էր նախաձեռնել ՀՀ-ին պարտադրել «խաղաղություն տարածքների դիմաց» բանակցությունների կարգավորման փաստացի քաղաքականությունը։ Դա իրականացվում էր տարբեր սադրանքների, դիվերսիոն հարձակումների և գնդակոծությունների կազմակերպմամբ, մինչև 2015թ․ նախաձեռնած քայլերի սրացումը հասավ իր գագաթնակետին։ 2016թ․ ապրիլին այն հանգեցրեց քառօրյա պատերազմի, իսկ 2020թ․ հուլիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների։ Այս ամենը հաջորդաբար հանգեցրեց Բաքվի դիրքորոշման խորացմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ժամանակ խաղադրույքների ավելացմանը։ Եվ սկսած Կազանից` Բաքվի բանակցային օրակարգը, փաստորեն, հակասում էր բանակցային սեղանի շուրջ գտնվող համանախագահների մադրիդյան գաղափարի հիմնական կետերին։ Եվ որպես իր սեփական պահանջները կատարելու միակ այլընտրանք՝ Ալիևն ընտրեց պատերազմը։ 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Այսպիսով, սկսած առնվազն 2011թ․-ից` Կազանից վերջնականորեն պարզ դարձավ, որ Ալիևը գնում է դեպի պատերազմ։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահին նման անզիջում վերաբերմունքի դրդեցին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները։ Ներքին պատճառներից էր իշխանության համար գրեթե մշտական կլանային պայքարը, որը վերջին տարիներին ստացել էր համարյա «ներընտանեկան» բնույթ։ Արտաքին գործոններն առաջին հերթին պայմանավորված էին եղբայրական Թուրքիայի «ախորժակով» և նախասիրություններով՝ չբացառելով նաև Իսրայելը և Ռուսաստանը։ Այս ամենն Իլհամ Ալիևին դրդեց անընդհատ բարձրացնել խաղադրույքները մինչև բանակցային գործընթացի վերջնական փակուղի մտնելը։ Իհարկե փակուղուց դուրս գալու հիմնական փորձը պատերազմն էր։

2020թ․ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև բախումներ սկսվեցին, որոնք հայտնի էին որպես «Տավուշյան մարտեր»։ Տարբեր ինտենսիվությամբ ընթացող ռազմական գործողությունները ձգվեցին միչև հուլիսի վերջ։ Այս բախումների իրական նախաձեռնողների մասին տեղեկությունները բավականին հակասական են, չնայած, մասնավորապես այս դեպքում արդյունքն ավելի կարևոր է։ Այսպես թե այնպես Տավուշի «մարտական գործողություններով հետախուզությունն» Ադրբեջանի համար ցավալի արդյունք ունեցավ։ Ադրբեջանական զինուժը ցույց տվեց, որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով գործել նույնիսկ իսրայելական նորագույն հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Զոհվեցին ադրբեջանցի գեներալ, գնդապետ, սպաներ, ժամկետային զինծառայողներ՝ ընդհանուր 20 մարդ, գրավվեց ադրբեջանական դիրք։ Այսպիսով, Տավուշում Ադրբեջանի բանակն ակնհայտորեն ցույց տվեց նույնիսկ տեղական բնույթի մարտական առաջադրանքներն ինքնուրույն կատարելու իր սեփական անընդունակությունը։ Մարտական գործողություններն ավարտվեցին Բաքվի պարտությամբ։  

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ այդ հետախուզության եզրակացությունները շատ ճիշտ էին։ Գիտակցելով, որ «մարտական գործողություններով հետախուզությունը» չստացվեց՝ Բաքվում հասկացան, որ Ադրբեջանի բանակը ՀՀ-ի հետ պատերազմում ինքնուրույն անկարող է լուծել իր ռազմական խնդիրները։ Ըստ այդմ, Ալիևը վերջապես հասկացավ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» իր բանակի անկարողությունը, ինչից հետո դիմեց Թուրքիային, Իսրայելին և որոշ ուժերի, որոնք 1994թ․ շահագրգռված էին խախտել Արցախի ստատուս քվոն։ Արդեն հուլիսի 29-ից Ադրբեջանում սկսվեցին Թուրքիայի հետ հերթական զորավարժությունները, ինչից հետո թուրք զինվորականներ և ռազմական տեխնիկա, ներառյալ 6 F-16 կործանիչ, մնացին Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանում մնացին նաև թուրք հրահանգիչներ և թուրքական գլխավոր շտաբի սպաներ։ Հենց նույն ժամանակահատվածում Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև իրականացվող բեռնափոխադրումներն ավելի հաճախակիացան։ Պատերազմի 44 օրերն Անկարայի կողմից ուղեկցվում էին մեծ ռազմական և ամենակարևորը՝ քաղաքական աջակցությամբ։

«Եղբայրական ռեժիմի» մասին հայտարարություններն իրենց աջակցությունն էին ստանում գրեթե ամբողջ թուրքական ղեկավարության կողմից՝ սկսած խորհրդարանի պատգամավորներից, վերջացրած նախագահով։ Եվ, իհարկե, Անկարայի կողմից ևս մեկ քայլ էր Բաքվին Մերձավոր Արևելքի ամենաթեժ կետերից վարձկան ահաբեկիչների տեղափոխումը դեպի Ադրբեջան։ Իհարկե, հասկանալի է, որ «եղբայր Ալիևը» «եղբայր Էրդողանից» այսպիսի աջակցություն ստանալու դիմաց դեռ պետք է վճարեր, ընդ որում, ոչ քիչ՝ առաջին հերթին Թուրքիային հնարավորություն տալով Ադրբեջանի համար որոշումներ սակարկել Ռուսաստանի հետ, որն էլ արդեն արված է։ Նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլսուի Աքարը կրակի դադարեցման վերահսկողության համար ընդհանուր կենտրոն ստեղծելու մասին հուշագիր ստորագրեցին։ Կենտրոնը տեղակայված էր լինելու Ադրբեջանի տարածքում, սակայն ստորագրման պահին ադրբեջանցիներ չեն եղել։ Դրանից հետո կրկին նույն խնդրով Անկարայում ռուս և թուրք զինվորականների մասնակցությամբ բանակցություններին նրանք ևս ներկա չէին։ Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդն այլևս ապրում է այն իրականության մեջ, որտեղ հենց Ադրբեջանին վերաբերող հարցերը քննարկվում են առանց իր մասնակցության։ 

Վերադառնանք պատերազմի նախօրեին։ Այդ ամբողջ նախապատրաստությունները  (ընդ որում, ամբողջ մանրամասնությամբ) քաջ հայտնի էին հայկական հետախուզությանը։ Թուրքական վեց F-16 կործանիչների հայտնվելու պահից Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ զրույցներում այդ մասին բազմիցս իր մտահոգությունն է հայտնել, որին գործնականորեն հաջորդում էր միևնույն պատասխանը․ «Իրավիճակը վերահսկողության տակ է, անհանգստանալու կարիք չկա»։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում մասնակի զորահավաքը, ռազմական կարիքների համար ավտոճանապարհների էքսպրոպրիացիան և մոտալուտ պատերազմի վտանգը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության համար դարձան անհանդուրժելի, մինչդեռ Մոսկվայում շարունակում էին շատ զուսպ և հանգիստ կերպով արձագանքել թուրք-ադրբեջանական նախահարձակմանը, ինչպես նաև իսրայելցի ինժեներների և նեղ մասնագիտացում ունեցող անձանց և որ ավելի տարօրինակ է՝ սիրիացի վարձկան-ահաբեկիչների հայտնվելուն։

Հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ Արցախի դեմ հարձակման պատրաստումը ոչ միայն Մոսկվային էր հայտնի, այլ օրինակ, նաև Վաշինգտոնին։ Դեռ սեպտեմբերի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ Ադրբեջանի սահմանը հատող ճանապարհներով Արցախ մեկնելուց։[6] Այսպիսով արցախցիների դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան անակնկալ էր արցախցիների և ողջ հայ ժողովրդի համար։

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

Այստեղ անհրաժեշտ է փոքր-ինչ կանգ առնել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների որոշ կետերի և այս պատերազմում մի քանի՝ բավականին տարօրինակ նրբությունների վրա։ Արդեն սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը միանգամայն արդարացիորեն բնութագրեց 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ ռազմական գործողությունների մասշտաբներն ու դինամիկան։[7] Այնուամենայնիվ, նույնիսկ հայկական ռազմական ուժերի համար ամենածանր պահին՝ նոյեմբերի 7-ին, երբ Շուշին արդեն գտնվում էր ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, Արցախի տարածքից ոչ մի հարված չհասցվեց Ադրբեջանի ենթակառուցվածքներին, նույնիսկ չենք անդրադառնում Հայաստանի տարածքից հարվածներ հասցնելուն։ 5-րդ սերնդի պատերազմի ողջ ընթացքում չոչնչացվեց, անգամ լրջորեն չվնասվեց գրեթե մեկ ենթակառուցվածք՝ հիդրոէլեկտրակայան, կամուրջ, երկաթուղի, էլ չենք խոսում գազատարների ու նավթատարների մասին։

Ի պատասխան սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում և Արցախի մյուս բոլոր քաղաքներում չդադարող ռմբակոծությունների և հրթիռային հարվածների՝ առանց բացառության Արցախի ՊԲ-ը հարվածներ հասցրեց միայն ռազմական թիրախներին, մասնավորապես Գյանջայի, Բարդայի և Ադրբեջանի այլ բնակավայրերի մերձակայքերի ռազմական ենթակառուցվածքներին։ Հայաստանը պաշտոնապես մասնակցություն չի ցուցաբերել ռազմական գործողություններին, բայց դա ամենևին չխանգարեց Ադրբեջանին գնդակոծել Հայաստանի տարածքում գտնվող գյուղերը, ոչնչացնել Վարդենիսի մոտակայքում տեղակայված զենիթահրթիռային համալիրը, անօդաչու թռչող սարքեր ուղարկել Հայաստան, որոնցից մեկն ամբողջությամբ ոչնչացվեց Երևանի մերձակայքում և նույնիսկ Արարատի մերձակայքում ռուսական ուղղաթիռի խոցելուն, չնայած զուտ ֆիզիկապես Արցախի ՊԲ-ին ոչինչ չէր խանգարում Արցախի տարածքից ոչնչացնել ադրբեջանական ենթակառուցվածքները։

Հասկանալի է, որ նույն խողովակաշարերի վնասումն ակնթարթորեն կկանգնեցներ արտարժույթի հոսքը դեպի Ադրբեջան, իսկ պատերազմի յուրաքանչյուր օրը Բաքվին կրկնակի կարժենար և, չնայած դրան, Ադրբեջանի տարածքում չի տուժել ոչ մի խողովակաշար, ոչ մի էլեկտրակայան, ոչ մի կամուրջ, ոչ մի լուրջ ենթակառուցվածքային նախագիծ։ Մինչդեռ «խողովակաշարերի ոչնչացումը» կհանգեցներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա միջազգային ճնշման՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման պահանջով։ Այդ դեպքում ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն այլևս չէին սահմանափակվի միայն «խաղաղության կոչերով» (ընդ որում, ուղղված հակամարտության երկու կողմերին)։ «Խողովակաշարերի պայթեցումը» կարող էր էականորեն ամրապնդել Հայաստանի դիրքերը Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում ու Ժնևում ընթացող բանակցություններում, և ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հրաշալի գիտակցելով այդ ամենը, այս մասով կոչեր է հնչեցրել հայկական համապատասխան կառույցներին։

Ռազմական գործողությունների հաջորդ՝ շատ տարօրինակ կետն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակման աշխարհագրությունն է։  Յուրաքանչյուր ոք, նույնիսկ ռազմական գործին ոչ այնքան լավ գիտակ մարդ հասկանում է, որ հարթ տեղանքում ավելի հեշտ է գրոհել, քան, օրինակ, լեռներում։ Մինչդեռ հայտարարելով ամբողջ Արցախն առանց բացառության գրավելու իր մտադրության մասին՝ Իլհամ Ալիևը, ավելի ճիշտ Թուրքիայի գլխավոր  շտաբն անհասկանալի պատճառներով հիմնական ուժերը տեղափոխեց Արցախի հյուսիսային լեռնաշղթաներ։ Ադրբեջանական բանակի երկրորդ հիմնական ուղղությունը՝ հարավայինը, արդեն տրամաբանական էր թվում։ Ջաբրայիլը, Զանգելանը և Հորադիզը գտնվում են Արցախի ցածրադիր վայրերում, սակայն թուրք ռազմավարներն անհասկանալի պատճառներով անտեսեցին կենտրոնական Աղդամի (կարևոր է նշել՝ հարթավայրային) ուղղությունը։ Պատերազմի 44 օրերի ընթացքում այս ուղղությամբ միայն դանդաղ մարտեր էին ընթանում, իհարկե համեմատած այն բանի հետ, թե ինչ էր տեղի ունենում հյուսիսում և հարավում, որտեղ կենտրոնացած էր ադրբեջանական հարձակման ողնաշարը։ Միևնույն ժամանակ վերցնելով Աղդամը՝ ադրբեջանական բանակը շարժվեց դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Ավելորդ է նույնիսկ նկարագրել, թե հայ հասարակության շրջանում ինչպիսի արձագանք կառաջացներ Ստեփանակերտի անկումը, որտեղից, ի դեպ, ընդամենը «քարի նետում» կլիներ դեպի այդքան բաղձալի Շուշի։ Սակայն թուրք գեներալները, չգիտես ինչու, ադրբեջանական բանակն ուղղորդեցին դեպի Շուշի՝ շարժվելով մի քանի տասնյակ կմ երկարությամբ Արցախի կիրճերով։  

Այսպիսով, այդ 44 օրվա ընթացքում անորոշությունները բավականին շատ էին։ Այլևս մանրամասն չենք անդրադառնա պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական դիրքերում համառորեն տարածվող այն լուրերին, թե «ամեն ինչ արդեն քննարկված է», ուստի դիմադրությունն իմաստ չունի, ինչպես նաև դավաճանության, գեներալների կողմից հրամանները չկատարելու, նահանջի անհասկանալի և անտրամաբանական հրամանների վերաբերյալ բազմաթիվ դեպքերին, և, իհարկե, ինչն իրականացվում էր մասնակի զորահավաքի նախապատրաստական կանոնների համաձայն։

Ընդհանուր առմամբ պատերազմի անմիջական մասնակիցներից շատերն այնպիսի տպավորություն ունեին, որ Հայաստանն իր ուժերի կես չափով է կռվում, ինչպես, օրինակ, Իշխանաձորի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացմանը հետևող Սյունիքը պաշտպանող հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները։ Հատուկ նշանակության ստորաբաժանումներն այդպես էլ չմասնակցեցին մարտերին, միայն հետևում էին Կուբաթլուի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը։ Եվ, իհարկե, այս ամբողջ անորոշությունների վերջին ակորդը դարձավ գրավված, ավելի ճիշտ հակառակորդին հանձնված Շուշին։ Բերդաքաղաքի պարիսպների մատույցներում հարձակվող խմբի հայտնվելը շատ տարօրինակ էր՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական զինուժը դժվարանցանելի կիրճերով և անտառներով էր ճանապարհվում Քարինտակ գյուղ, և հայկական ջոկատները, լավ տիրապետելով տեղանքին, անհասկանալի պատճառներով չեն կանգնեցրել այդ դիվերսիոն հետախուզական խմբերին։ Ավելի անհասկանալի է նոյեմբերի 7-ին բերդաքաղաքի անկումը։ Չնայած ըստ փորձագետների՝ պաշտպանության ճիշտ կազմակերպման արդյունքում միայն թուրք գեներալները քաղաքի գրավման համար մի քանի հազար զինծառայողներ պետք է  ուղարկեին Շուշի, չանդրադառնանք տեխնիկային։ Նույնիսկ այս պարագայում քաղաքի պաշարումը մի քանի շաբաթ կձգվեր։ Ավելին, Շուշիից մի քանի օր շարունակ հակասական տեղեկություններ էին գալիս քաղաքի գրավման մասին, իսկ դրանք ուղղակի փոխարինվում էին հակառակ տեղեկատվությամբ։ Ի վերջո պատերազմի 44 օրերի ամենամեծ տարօրինակությունը․ արդեն նոյեմբերի 8-ին հրետանային հզոր հարվածներից հետո Շուշին հետ գրավվեց և գրեթե ամբողջովին մաքրվեց ադրբեջանցիներից, սակայն անհասկանալի պատճառներով հայ զինվորականների այդ սխրագործությունները հայտնի չդարձան, իսկ արդեն նոյեմբերի 9-ին քաղաքը հանձնվեց հակառակորդին՝ Հայաստանի կողմից փաստացի հանձնման մասին «գիշերային համաձայնագրի» ստորագրմանը զուգահեռ․․․

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կարելի է մեղադրել մի շարք թերացումների՝ ոչ ժողովրդավարության, ազգային փոքրամասնությունների ճնշման, Ադրբեջանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անտարբերության և այլնի մեջ, սակայն չի կարելի մեղադրել իրականությունից կտրված լինելու մեջ։

Աշխարհաքաղաքական իրողություններ

Ալիևը, հորից ժառանգություն ստանալով Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, 17 տարի համբերատար սպասեց վրեժի։ Այս տարիների ընթացքում նա միլիարդավոր դոլարների զենք և տասնյակ միլիոնավոր դոլարներով նաև ռուս և եվրոպացի հարյուրավոր քաղաքագետների, լրագրողների և այլ գործիչների «գնեց»։ Անկասկած «զինամթերքային» և «խավիարային» դիվանագիտությունը նույնպես իր դերը խաղաց Ալիևի՝ պատերազմելու «թույլտվություն» ստանալու մեջ։ Սակայն այդ թույլտվության մեջ ավելի մեծ դեր ուներ ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում ու Արևելյան Միջերկրական ծովում։

Իր ժողովրդին ուղղված հարցազրույց-ուղերձներից մեկում Ալիևը հրապարակավ խոստովանեց, որ ղարաբաղյան վրեժը լուծելու նպատակին հասնելու համար ակնկալում է միջազգային բարենպաստ պայմանների ստեղծում։ Մի քանի տարի առաջ տված նույն հարցազրույցում Ալիևը հայտարարեց, որ այդ պայմանները դեռևս առկա չեն։ Այլ կերպ ասած՝ պետք է փաստենք, որ 44-օրյա պատերազմն առավելապես, եթե ոչ ամբողջությամբ պայմանավորված էր աշխարհաքաղաքական իրողություններով, այն նույն իրողություններով, որոնց 17 տարի շարունակ այդքան սպասել էր Ալիևը։

Ենթադրվում է, որ ղարաբաղյան նոր պատերազմով, ավելի ճիշտ դրա աշխարհաքաղաքական արդյունքներով ի սկբանե շատ կողմեր էին շահագրգռված։ 1994թ․ ստատուս քվոն, սկսած մայիսյան զինադադարի կնքման առաջին իսկ օրվանից, միայն Հայաստանի և Ադրբեջանի ստատուս քվոն չէր։ Դա ստատուս քվո էր Թուրքիայի և Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի և Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև։ Դա ստատուս քվո էր Արևելքի և Արևմուտքի միջև։ Հասկանալի է, որ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Իսրայելը չէին կարող շահագրգիռ լինել նման ստատուս քվոյով։ Թուրքիան չէր կարող համակերպվել Ռուսաստանի և որոշ չափով նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության հետ։ Իսրայելն էլ իր հերթին չէր բավարարվում Իրանի հյուսիսային սահմանների 9-րդ հատվածի 26 տարվա հանդարտությամբ։ Մեծ Բրիտանիային էլ հանգիստ չէր տալիս թղթի վրա մնացած 1997թ․ Զանգելանի ոսկու արդյունահանման պայմանագիրը և մի շարք այլ նկատառումներ։[8] Եվ հենց այդ նույն Մոսկվան, որպես մանտրա, անընդհատ կրկնելով 1994թ․ ստատուս քվոն խախտելու անթույլատրելիության մասին հայտարարությունները, փաստորեն առաջ մղեց այդ նույն ստատուս քվոն ոչնչացնող «Լավրովի պլանը»։ ԱՄՆ-ն էլ, իր հերթին գտնվելով ավելի հավասարակշիռ դիրքերում, ևս ամենևին դեմ չէր Իրանի սահմանների շուրջ անկայունության գոտու ընդլայնմանը։ 

Այսպիսով ենթադրվում է, որ տարածաշրջանում շահագրգիռը հենց արտաքին խաղացողներն էին, որոնք թույլատրեցին Ալիևին ռազմական գործողություններ սկսել, ավելին, նրանցից որոշները երկար տարիներ հրահրում էին նրան նոր պատերազմի։ Պատճառը 1994թ․ ստատուս քվոյի հետ համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի անհամապատասխանությունն է։

Առանց սադրող երկրների «թույլտվության» և առանց համապատասխան երաշխիքներ ստանալու Իլհամ Ալիևը երբեք չէր համարձակվի միջազգային ահաբեկչություն ներմուծել Ադրեջանի տարածք։ Նա երբեք չէր համարձակվի հարուցել Իրանի և Ռուսաստանի դժգոհությունը, և, վերջապես, գլխավորը՝ Ալիևը երբեք համարձակություն չէր ունենա պատերազմել՝ առանց հաշվարկելու, թե դա ինչպես կանդրադառնար իր իշխանության և հենց անձամբ իր վրա։ Նրա հիշողության մեջ չափազանց թարմ է մնացել գնդապետ Սուրեթ Հուսեյնովի 1993թ․ «Գյանջայի երթը դեպի Բաքու»։ Եվ նա հիանալի գիտակցում էր, թե, օրինակ, Ադրբեջանում համընդհանուր զորահավաքն ինչով կարող էր սպառնալ անձամբ իրեն։ Հենց այս պատճառով էլ խաղադրույքը դրվեց իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների, ահաբեկիչների և հատուկ ջոկատայինների վրա, բայց ոչ մի դեպքում՝ սեփական մոբիլիզացիոն ռեսուրսների։ Հայաստանի հետ պատերազմում կրած պարտությունը, անկասկած, կհանգեցներ տեղահանման և ոչ միայն Իլհամ Ալիևին իշխանությունից հեռացման, այլև Ալիևների ողջ կլանին։ Եվ հենց պատերազմի «թույլտվությունն» էր, ավելին՝ Ադրբեջանի համար հաջող ավարտի հավաստիացումներն էին, որ նրան հնարավորություն տվեցին համարձակվել գնալ այդ քայլին՝ գրեթե համոզված լինելով դրա արդյունքի մեջ։ 

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ 1994թ․ Արցախի ստատուս քվոն խախտելու մեջ շահագրգիռ կամ ոչ շահագրգիռ՝ տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոնների անմիջական դերակատարներին։ Այս երկրների շահերը սերտորեն փոխկապակցված են՝ հաճախ հակասում են, հաճախ համընկնում, իսկ երբեմն մասամբ համընկնում, մասամբ` ոչ։ Այս ամենը կարող է թվալ որպես աշխարհաքաղաքական «աբրակադաբրա», սակայն Պոտսդամի և Յալթայի համաձայնագրերի փաստացի չեղարկման պայմաններում այն գերաճեց բավականին հստակ օրինաչափությամբ։

Սառը պատերազմը, որը 90-ականների սկզբին ավարտվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ, ի սկզբանե փոխարինվեց հետխորհրդային տարածաշրջանի ողջ տարածքում՝ Տաջիկստան, Մոլդովա, Հունաստան, Հայաստան, Ադրբեջան, հետագայում նաև Չեչնիա էթնիկական հակամարտություններով։ 21-րդ դարի 2-րդ տասնամյակում Սիրիայից «հիբրիդային պատերազմները» տարածվեցին այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայի հարավ-արևելքում։ Եվ ահա 2020թ․ ավարտվեց հերթական հիբրիդային  պատերազմով, այս անգամ՝ Արցախի շուրջ։

Այսօր արդեն ամենայն պատասխանատվությամբ կարող ենք խոսել 44-օրյա պատերազմի հիբրիդային բնույթի մասին։ Առաջին հերթին դա պայմանավորված էր նրանով, որ իրականում Արցախում կռվել և միմյանց դեմ են դուրս եկել ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու Ռուսաստանը, իսկ եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք և վերլուծենք իրավիճակը, ապա Մեծ Բրիտանիան և Իրանը։ Հաջորդիվ կփորձենք առանձին դիտարկել տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաև համաշխարհային դերակատարների դիրքորոշումները, ովքեր այս կամ այն չափով շահագրգռված են խախտել 1994թ․ Արցախի շուրջ ստատուս քվոն, ինչպես նաև կհաշվարկենք այդ երկրների շահերին ուղղված օգուտները և վնասները։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Լինելով Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի նախկին մայր երկիրը՝ Ռուսաստանն այսօր շարունակում է մնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ չկարգավորման հարցում գլխավոր արտաքին շահագրգիռ կողմը։ Սկսած 1992թ․-ից Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, սակայն գործնականորեն, ոչ պաշտոնապես, կարգավորման բոլոր տարիներին և հատկապես այժմ համարվում է հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը։ Դեռ ամենասկզբում՝ 1994թ․ մայիսյան հրադադարի հաստատումից անմիջապես հետո Մոսկվան ցանկություն էր հայտնել խաղաղապահ զորախումբ տեղակայել հակամարտող կողմերի շփման գծում։ Սակայն այս ուղղությամբ ռուսական բոլոր՝ պարբերաբար իրականացվող նախաձեռնությունները հանդիպում էին հակազդման, ինչպես հակամարտության անմիջական կողմերի, այնպես էլ մյուս համանախագահող երկրների կողմից։ Բոլորն էլ քաջ գիտակցում էին, որ Արցախում ռուս զինվորականների հայտնվելը վերջինիս կարգավիճակը միանգամից տեղափոխելու է դեպի մերձդնեստրյան, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների հարթություն՝ իհարկե դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, Արցախում «կապույտ սաղավարտների» քողի տակ սեփական զինուժի տեղակայումը, սակայն, այս ամբողջ ընթացքում այդպես էլ մնաց Մոսկվայի «կապույտ երազանքը»։ Եվ շատ կարևոր է փաստել, որ հենց 44-օրյա պատերազմը, ավելի կոնկրետ դրա հետևանքներն էին, որ թույլ տվեցին Մոսկվային վերջապես իրականացնել այդ երազանքը։ Ռուսաստանն Արցախի մնացած տարածքներում պաշտոնապես տեղակայել է 1960 զինծառայող և 470 միավոր ռազմական տեխնիկա (անվանացանկը չի բացահայտվում)։

Ինչպես արդեն նշվել է, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որևէ կերպ չարձագանքեց հայ գործընկերների՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հարձակման նախապատրաստման տագնապալի կոչերին, ինչպես նաև Սիրիայից դեպի Ադրբեջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմանը և երկրում թուրքական ինքնաթիռների, ռազմական տեխնիկայի և թուրքական ԶՈՒ-ի անձնազմի տեղակայմանը։ Այսպես թե այնպես ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը, առանց հայկական հետախուզական տվյալների, տիրապետում էր այդ ամբողջ տեղեկատվությանը, չնայած Մոսկվան ոչ մի նշանակալից քայլ չձեռնարկեց ինչպես մինչև ռազմական գործողությունները, այնպես էլ դրանից հետո։ Ռուսաստանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, նախընտրեց սահմանափակվել խաղաղության և ռազմական գործողությունների դադարեցման կոչերով, որոնք հիմնականում հասցեագրված էին ինչպես ագրեսորին, այնպես էլ ագրեսիայի «զոհին»։ Ինչպես ցույց տվեց հետագա իրադարձությունների ընթացքը, հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքում համաձայնագիր ստորագրվեց, այսպես կոչված, հումանիտար զինադադար։[9]

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև բանակցությունները տևեցին 11 ժամ։ Մոսկովյան փաստաթուղթը պարունակում էր չորս կետ․ 1) 2020թ․ հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն; 2)  Հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն; 3) Ադրբեջանը և Հայաստանը սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու հիմնարար սկզբունքների հիման վրա; 4) Կողմերը հաստատեցին բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։ Մարդասիրական հրադադարը խախտվեց Ադրբեջանի կողմից, ուժի մեջ մտնելուց ընդամենը 5 րոպե հետո։ Դրան ի պատասխան՝ իր աշխատաժամանակի 11 ժամը ծախսելով փաստաթղթի մշակման վրա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք հայտնեց՝ հերթական անգամ երկու կողմերին էլ խաղաղության կոչ անելով։ 

Միանգամայն ակնհայտ է և հասկանալի, որ Մոսկվան ցանկության դեպքում կարող էր  դադարեցնել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը դրա իրականացման գրեթե ցանկացած փուլի ընթացքում։ Ավելին, Ռուսաստանն ընդհանրապես կարող էր դա կանխել, որի համար բնավ անհրաժեշտ չէր զորքեր ուղարկել Արցախ կամ ՌԴ կասպյան նավատորմի նավերից հրթիռներով հարվածել Ադրբեջանին։ Պատերազմը կանխելու կամ դադարեցնելու համար ՌԴ նախագահից կպահանջվեր ընդամենը մեկ զանգ Բաքու, ավելի ստույգ՝ Անկարա։ Տարբերությունը միայն խոսակցության հնչերանգի և բովանդակության մեջ կլիներ, արդյունքը՝ մեկը։

Վլադիմիր Պուտինը 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս կապ է հաստատել ինչպես Էրդողանի, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ։ Խնդիրն այն է, որ պատերազմը դադարեցվեց մարտական գործողությունների միայն 44-րդ օրը։ Պուտինն իր գործընկերների հետ խոսեց միանգամայն այլ հնչերանգով, քան նրանով, որը կնշանակեր պատերազմի անհապաղ դադարեցում։ Իհարկե Պուտինի տոնայնությունը պայմանավորված չէր ադրբեջանական, ավելի ստույգ՝ իսրայելական ԱԹՍ-ներով կամ Ադրբեջանում տեղակայված թուրքական F-16-երի նկատմամբ վախով։ Տոնայնությունը թելադրվում էր բացառապես Ռուսաստանի շահերից ելնելով, ավելի ստույգ՝ այնպես, ինչպես Կրեմլի ներկայիս վարչակազմն ընդունում է այդ շահերը, իսկ կոնկրետ այս դեպքում Ռուսաստանի շահերն առաջին հերթին հետապնդում էին Արցախում ռուս խաղաղապահների երկար սպասված տեղակայում։ Ռուսական աշխարհաքաղաքական մյուս հաջողությունները նախագծվում են հենց այդ գործոնից ելնելով։ Պուտինն այս պատճառաբանությամբ կանգնեցրեց թուրք-ադրբեջանական առաջխաղացումը, միայն հստակ համոզվելուց հետո, որ տարածքային ուրվագծումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին, և որ Արցախի շուրջ նոր ստատուս քվոյի աշխարհագրությունը համապատասխանում է Ռուսաստանի՝ ըստ ամենայնի երկարաժամկետ շահերին։

Ռուսաստանը շահագրգռված չէր պահել ամբողջ Արցախը հայկական վերահսկողության տակ, սակայն կողմ չէր նաև Ադրբեջանի կողմից Արցախի ողջ տարածքի զավթմանը։ Պատճառը մեկն է․ բոլոր դեպքերում ռուս խաղաղապահները հենց այնպես չեն հայտնվել Արցախում։ Եթե Ռուսաստանը թույլ տար գրավել Արցախի ողջ տարածքը, ապա նա պարզապես անելիք չէր ունենա Կովկասյան լեռնաշղթայի այս կողմում։ Ռուսաստանը ստիպված կլիներ հանգիստ և քաղաքավարի կերպով փակել իր դռները Հարավային Կովկասում։ 

Հենց այս պատճառով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահ Պուտինը, 43 օր շարունակ հորդորելով կողմերին խաղաղության հասնել, 44-րդ օրն անսպասելիորեն խաղաղապահ զորախումբ ուղարկեցին Արցախ։ Զուտ հայկական բանակով պաշտպանված Արցախը ոչ մի կերպ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի շրջանակում չէր։ Արցախը Ռուսաստանին միայն պետք էր ռուսական ռազմական զորախումբ տեղակայելու համար։ Եվ սկսած 1994թ․-ից Մոսկվան ինչպես ակնարկներով, այնպես էլ առանց ավելորդ մանևրների այդ մասին պարբերաբար հիշեցնում էր Երևանին։ Ռուսաստանի այս մտադրությունները մեկտեղվել էին «Լավրովի պլանում», որն առաջ էր տանում Մոսկվան։

Այնուամենայնիվ, գործնականում Հայաստանի բոլոր վարչակազմերը, ի պատասխան «խնդիրը բարեկամաբար լուծելու» բոլոր առաջարկների, միայն մեղմորեն էին արձագանքում և նախընտրում ժամանակ շահել։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի կողմից չստանալով իր խաղաղապահներին «դռներից Արցախ բերելու»  հնարավորություն՝ Մոսկվան նրանց  բերեց «պատուհանից»։ Այդ ամենի համար Ռուսաստանից պահանջվեց 43 օր իր դաշնակից երկրի նահանջին և հայկական բանակի կործանմանը լուռ հետևելու համար։ Պուտինը հեռախոսը ձեռքն առավ միայն համոզվելուց հետո, որ ադրբեջանական բանակը հասել է կարմիր գծերին և հատկապես Շուշիի դարպասներին։ Ըստ ամենայնի, դա ի սկզբանե գծագրված էր առնվազն Մոսկվայի համաձայնությամբ։

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ հայտնվեցին Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը։ Նույն օրը՝ երեկոյան, Արարատի մարզում ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռն ուղեկցում էր Արցախ տեղափոխվող ռուս խաղաղապահների շարասյանը։ Պատերազմի ավարտի եռակողմ հռչակագրի տարածումից մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ 31-րդ բրիգադի առաջին զինծառայողները սկսեցին բարձրանալ Ուլյանովսկի օդանավակայան։ Դեռ նոյեմբերի 9-ի առավոտյան Ուլյանովսկի օրենսդրական ժողովի փոխխոսնակ Այրաթ Գիբաթդինովը հայտարարեց Արցախ ռուս դեսանտային ուղարկելու մասին։ Պատգամավորն իր ինստագրամում ռազմական բեռնատար մեքենաների շարասյունով տեսանյութ հրապարակեց և արձանագրեց, որ «31-րդ բրիգադը մեկնում է Լեռնային Ղարաբաղ»։[10]  Այս ամենն առնվազն խոսում է Ռուսաստանի՝ իր սեփական ուժերի և ռազմական հզորության նկատմամբ  բացարձակ վստահության մասին։ 

Իսկ այժմ ռուսական խաղաղապահ զորակազմը դիտարկենք որպես մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ մրցող ուժային կենտրոնների քաղաքականության վրա ազդող և նույնիսկ որոշումներ կայացնող գործոն։ Նախ նշենք, որ Արցախում տեղակայված ռուս զինվորականների թիվը զգալիորեն գերազանցում է հայտարարվածին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և, ամենակարևորը, հարվածային, հարձակողական, հրետանային և հրթիռային համակարգերի քանակը։

ՀՕՊ համակարգերի ցանկը և ռուսական զենքի տեսականին, և այն, ինչի համար դրանք կարող են օգտագործվել խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի կողմից, առանձին ուսումնասիրության թեմա է։ Այստեղ կսահմանափակվենք միայն Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ հաստատման փաստով։

Համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի մնալու ժամանակահատվածը սահմանափակվում է 5 տարի ժամկետով՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածի համար ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը սույն դրույթի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չի հայտարարում դրա կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Հասկանալի է, որ Հայաստանն ադրբեջանական բանակի՝ բոլոր կողմերից Արցախի շրջապատման պայմաններում այդպիսի մտադրություններ չի արտահայտի։ Ադրբեջանը, իհարկե կարող էր տեսականորեն հրաժարվել նման մտադրությունից։ Այնուամենայնիվ հասկանալի է, որ այս պարագայում ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող արցախյան տարածքների պարագծում լիովին հնարավոր են բախումներ արցախահայության և ադրբեջանցիների միջև։ Եվ, իհարկե, խաղաղապահները ստիպված կլինեն օգտագործել իրենց ողջ լիազորություններն ու հնարավորությունները՝ հակամարտող կողմերին բաժանելու նպատակով, Բաքվի համար դրանից բխող բոլոր հետևանքներով։

Այսպիսով, տարածաշրջանում ռուսական երկրորդ ռազմաբազայի հայտնվելը (իսկ խաղաղապահները փաստացի հենց դա են նշանակում) Մոսկվայի համար չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով, որ ռազմաբազան տեղակայված է այն տարածքում, որն Ադրբեջանը համարում է իրենը։ Այս գործոնը, միանշանակ, Հարավային Կովկասում սեփական շահերը պաշտպանելու՝ Ռուսաստանի ռազմավարության մի մասն է, հատկապես Թուրքիայի՝ այս տարածաշրջան վերադառնալու խորապատկերին։ Պետք է նշել, որ եթե Մոսկվան 44-օրյա պատերազմից առաջ Արցախում իր սեփական զինվորականներին տեղակայելու շահագրգռվածություն ուներ, ապա պատերազմից հետո հետաքրքրությունը միայն ավելացավ, ավելին, այն դարձավ անհրաժեշտություն։ Ադրբեջանում թուրքական և իսրայելական ցանկացած տեսակի զինվորականների և, ամենակարևորը, Թուրքիայի կողմից ներմուծված վարձկան ահաբեկիչները Մոսկվայի հետաքրքրությունները փոխեցին կենսական կարևոր անհրաժեշտության։ Արցախի ռազմաբազան հզոր մեխանիզմ է Ադրբեջանի, Թուրքիայի և մեկ ուրիշի  գործողություններին հետևելու, կանխելու և անհրաժեշտության դեպքում՝ «տեղում» կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, այնպիսի գործողությունների, որոնք կարող են չհամապատասխանել Մոսկվայի շահերին։ Տարբեր երկրների առնչությամբ Արցախում գործող ռուսական ռազմաբազայի գործոնին դեռ կանդրադառնանք։

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ըստ էության, չի էլ փորձում թաքցնել նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների խստորեն իրականացման մեջ իր շահագրգռվածությունը։ Այդ մասին բազմիցս խոսել են ինչպես պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովը, այնպես էլ նախագահ Պուտինը։ Վերջինս նույնիսկ հայտարարեց, որ «Ղարաբաղի վերաբերյալ գործող պայմանագրից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կդառնա»։[11]

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումը  հաղթական ավարտին հասցնելու Մոսկվայի ցանկության մեկ այլ դրսևորում էր Ռուսաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների այցը Երևան։[12] Այս նկրտումների փաստը, ինչպես նաև Մոսկվայի՝ դրա իրականացման և խախտումը կանխելու մեջ մեծ շահագրգռվածությունը հուշում են, որ հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի հիմնական շահառուն։ Մենք նաև տեսնում ենք այս փաստաթղթի վերաբերյալ անհանգստության տարբեր արտահայտություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։ Սրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հետևելով ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կողմից Երևան կատարած նույն այցի արդյունքներին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցն է, և այն կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են։[13] Այսպիսով, պետք է նշել, որ Մոսկվան, կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում կատարել է տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և նունիսկ դիրքերն ընդլայնելու իր խնդիրները։ Իսկ 44-օրյա պատերազմի հետևանքներն ամբողջությամբ համապապատասխանում էին ռուսական շահերին։

ԹՈՒՐՔԻԱ 

Ռուսական, բայց ոչ թուրքական․․․ Մինչդեռ Հայաստանի հետ պատերազմում հենց Թուրքիան էր հանդես գալիս Ադրբեջանին հիմնական հրահրողներից մեկը, եթե ոչ գլխավորը։ Թուրքիան հանդես եկավ որպես 44-օրյա պատերազմի անմիջական մասնակից ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում՝ չնայած պատերազմի արդյունքում թուրք զինվորականները միայն հնարավորություն էին ստացել մասնակցելու, այսպես կոչված, «դիտարկման կենտրոնի» աշխատանքներին, այն էլ ռուս զինվորականների հետ հավասար։[14] Անկարայում ՌԴ և Թուրքիայի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների մակարդակով բանակցությունները տևեցին մեկ շաբաթ, սակայն Թուրքիային այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանից թույլտվություն ստանալ  Ադրբեջանի տարածքում իր զորքերի պաշտոնական տեղակայման համար այն մասշտաբով, որքանով ինքը կցանկանար։ Այնուամենայնիվ, Արցախյան պատերազմին մասնակցած  թուրքական զինուժը, և որ ամենակարևորն է՝ ահաբեկչական խմբավորումները դեռևս դուրս չեն բերվել Ադրբեջանից։ Եվ այսօր ռազմական ներկայությունը և Էրդողանի կողմից Ալիևի հանդեպ ազդեցության որոշակի աճն Անկարայի համար մնացին պատերազմից հետո միակ շահույթը։ Եթե, իհարկե, հաշվի չառնենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով նախատեսվում է, որ Թուրքիան Հայաստանի տարածքով միջանցք ստանալու հնարավորութուն ունի դեպի Ադրբեջան։ Այնուամենայնիվ այս՝ բավականին անորոշ հեռանկարի իրագործումն ամբողջութամբ կախված է Մոսկվայից։ Եվ եթե այդպիսի ցանկություն ի հայտ գա, ապա միջանցքը նույնպես կգտնվի ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Թուրքիան գոհ չէր։ Եվ այդ դժգոհությունը վկայակոչելու առաջին ազդակը չուշացավ։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարի ռեժիմը, գրավեցին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջ շարժվեցին դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք։[15] Եվ ըստ  չհաստատված  լուրերի՝ մարտական գործողություններին մասնակցել են շուրջ 350 թուրք հատուկ նշանակության ուժեր։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական գրոհի հետ կապված պատմությունը և ռուս խաղաղապահների[16] տեղակայման անընդհատ փոփոխվող քարտեզը բավականին մութ և ավարտից ծայրաստիճան հեռու են թվում։

Թուրքիան դժգոհ էր, և այդ դժգոհությունն արտահայտվում էր ոչ միայն Էրդողանի դեմքին՝ տեսնելով Բաքվում տարած հաղթանակի շքերթի ժամանակ ռուսական տեխնիկայի անվայել ցուցադրումը, այն նույն տեխնիկայի, որի ձեռքբերման կամ ձեռք բերելու փորձերի համար իր երկրի նկատմամբ պարբերաբար կիրառվում են պատժամիջոցներ։

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցներով երրորդ երկրների՝ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ համագործակցության համար Թուրքիայի դեմ դեկտեմբերին սահմանվեցին պատժամիջոցներ անմիջապես Բաքվի շքերթից հետո։ «Դատապարտում ենք Ամերիկայի՝ պատժամիջոցներ սահմանելու որոշումը, որն անհամատեղելի է մեր դաշնակցային հարաբերությունների և ներկայիս ռազմական ու քաղաքական իրողությունների հետ։ Սա լրջագույն հարված հասցրեց այն արժեքներին, որոնց վրա հիմնված են մեր հարաբերությունները», — այսպես է որակել որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։[17] Սակայն այստեղ կարևոր է անդրադառնալ ոչ այնքան Էրդողանի դժգոհության դրսևորումներին, այլ հենց «եղբայր» Ալիևի կողմից դժգոհության առաջացման պատճառներին։ Թուրքիան և Էրդողանն անձամբ մեծ ջանքեր են գործադրել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար։ Իսկ Անկարան հստակորեն հաշվի էր առել, որ պատերազմին իր մասնակցությունը բոլորովին նոր մակարդակ կստեղծի Բաքվի հետ հարաբերություններում։ Սակայն նոյեմբերի 9-ին Ալիևը Թուրքիայի համար միանգամայն անսպասելիորեն կապիտուլացվեց Ռուսաստանի կողմից։ Բառացիորեն կապիտուլացվեց, քանի որ ռուսական զորախմբի մուտքն այն տարածք, որը Բաքուն համարում է իրենը, Անկարայում, իհարկե, դիտվում է որպես կապիտուլյացիա։ Իհարկե Ալիևի անձնական տեսանկյունից տեղի ունեցածի արդյունքը հաղթանակ է՝ իր անձնական հաղթանակը, քանի որ ադրբեջանական հասարակության մեծ մասը նրան հաղթող է համարում՝ որպես «հողերը հետ բերած» նախագահ։ Իսկ այն փաստը, որ «հաղթողը» պատահաբար ռուսական բանակը վերադարձրեց Ադրբեջան, անհանգստացնում է Բաքվի «մտածող գլուխների» միայն նեղ շերտին։ Ըստ այդմ, «հողերի հետբերումը» թույլ է տալիս Ալիևին երկարաձգել իր «թագավորումը» մինչև մահ, կամ ինչպես ադրբեջանական հետխորհրդային լավագույն ավանդույթներում էր՝  իշխանությունը փոխանցել նույնիսկ ժառանգաբար։

Այսպիսով Ալիևը համաձայնության եկավ Պուտինի հետ՝ շրջանցելով Էրդողանի՝ «ավագ եղբոր» հատուկ կարծիքը և շահերը։ Ենթադրվում է, որ նման որոշում կայացնելու հիմքում էական դեր խաղաց Ադրբեջանի նախագահի ձգտումը՝ կտրուկ դիվերսիֆիկացնելու Թուրքիայից ունեցած կախվածությունը Ռուսաստանից ունեցած կախվածությամբ։ Ստանալով «հողերը» և նույնիսկ Շուշին՝ Ալիևը պարզապես չէր կարող մերժել Ռուսաստանին։ Այս գործարքի արդյունքում Արցախում երկու նոր դրոշներ հայտնվեցին, Շուշիում՝ ադրբեջանական, իսկ Ստեփանակերտում՝ ռուսական։ Սրանք այն իրողություններն են, որոնց խորապատկերին Էրդողանին հնարավորություն տրվեց բավարարվել Թուրքիայի դրոշով միայն Աղդամի մոնիթորինգային կենտրոնում, ի դեպ, որը տեղադրված է ռուսական դրոշի կողքին։ Այս խորապատկերին Թուրքիան ստիպված է նորից փոխել իրավիճակը և փորձել աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական տեսանկյունից ռազմական հաղթանակ ապահովել Հայաստանի և որոշակի իմաստով՝ Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ահա 44-օրյա պատերազմի ավարտից արդեն մեկ ամիս անց, կարելի է հաստատել, որ այս պատերազմն ավարտվեց Հարավային Կովկասում նոր ստատուս քվոյի ստեղծմամբ, ընդ որում, ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական առումով։ Այսօր արդեն Թուրքիայի նախագահն ակտիվորեն նոր գաղափարներ է հնչեցնում տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ստեղծման վերաբերյալ, իհարկե, Թուրքիայի հովանավորչությամբ։ Եվ նա դա իրականացնում է «եղբայր Ալիևի» կողմից Հայաստանի հասցեին ուղղված հերթական սպառնալիքներին զուգահեռ։ Էրդողանի «հանդիսավոր» հայտարարության էությունը Հարավային Կովկասում տարածաշրջանի պետությունների միջև համագործակցության զարգացման համար Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և ցանկության  դեպքում նաև՝ Հայաստանի միջև «վեցնյակի հարթակ» ստեղծելու հնարավորությունն է։ Արդեն դեկտեմբերի 11-ին Բաքվից վերադառնալու ճանապարհին Էրդողանն ինքնաթիռում լրագրողներին հայտնեց Պուտինի՝ այդ նախագծին աջակցության մասին։[18] Հաշվի առնելով Էրդողանի՝ գրեթե միշտ «ոտքը քաղաքական աքսելերատորի վրա պահելու» ձգտումը՝ պետք է խոստովանել, որ Թուրքիայի ջանքերով այս ստատուս քվոն ակնհայտորեն կարճ կտևի։

ԻՐԱՆ

Չնայած «վատ խաղի» մեջ «լավ դեմքը» պահպանելու Թեհրանի ակնհայտ ձգտմանը՝ Իրանը համարվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտվողներից մեկը։ Երկիրը կորցրեց տարածաշրջանում բարեկամական Արցախի կողմից վերասկվող սահմանի մի հսկայական հատված։ Իսկ այժմ ոչ այնքան բարեկամական ադրբեջանցիների մուտքով իրանցիները ստիպված են հարմարվել Ադրբեջանի հետ հյուսիսային սահմանի երկայնքով նոր աշխարհաքաղաքական իրողության հետ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանակ, տնտեսական և ուժային ռեսուրսներ, ինչպես նաև Պարսից Ծոցից և Սիրիայից շեղվելու միջոցներ։ Թեհրանի համար առաջին ահազանգը հնչեց նոյեմբերի 14-ին։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները կրակ էին բացել «սահմանի մյուս կողմում» գրոհայինների դիրքերի ուղղությամբ, ովքեր ավելի վաղ հարձակվել էին Արևմտյան Ադրբեջանի նահանգի սահմանապահների վրա, որի արդյունքում զոհվեցին իրանցի երեք սահմանապահներ։[19] Հետևապես արդեն հասկանալի է, որ Էրդողանի կողմից Իրանի հյուսիսային սահմաններին տեղակայված սիրիացի վարձկան-ահաբեկիչների հարևանությունը Թեհրանին այդքան էլ չի գրավում, ավելին, անմիջական վտանգ է ներկայացնում վերջինիս համար։

Այնուամենայնիվ, տարածաշրջանում անկոչ հյուրեր չեն համարվում միայն Սիրիայից ժամանած ահաբեկիչները։ Իրանը բավականին ողջամտորեն զգուշանում է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ռազմական ներկայության ավելացումից՝ հատկապես հաշվի առնելով ռուս խաղաղապահներին թուրքականով «նոսրացնելու» Անկարայի շարունակական փորձերը։ Եվ, իհարկե, իրանցիներին անհանգստացնում է Ադրբեջանի հետ սահմանի ընդլայնումն Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում՝ գլխավորապես թուրքախոս բնակչություն ունեցող շրջաններում անջատողականության պարբերաբար ակտիվացման համատեքստում։ Սահմանների փոփոխումը ևս մեկ վտանգ է Իրանի համար։ Մինչ 44-օրյա պատերազմի ավարտն Ադրբեջանը ցամաքային ճանապարհով տարանցման և դեպի Նախիջևան բնական գազի մատակարարման համար օգտագործում էր բացառապես Իրանի տարածքը: Մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության  արդյունքում Մեղրիով միջանցք ստեղծելու և Անկարայի կողմից բարձրաձայնված՝ դեպի Թուրքիա գազատար կառուցելու նախագծի իրականացման պարագայում Իրանը, անկասկած, Բաքվի համար կկորցնի իր կարևորության մի մասը: Վերջինս թույլ կտա Ադրբեջանին մեծացնել իր ճնշումը հարավային հարևանի նկատմամբ, օրինակ, թուրքախոս իրանցիների իրավունքների պաշտպանության հարցերով զիջումներ որսալու նպատակով: Եվ, վերջապես, Զանգելանում ոսկու արդյունահանման նույն բրիտանական Anglo Asian Mining նախագիծը կիրագործվի գրեթե Իրանի հետ սահմանին, որը կարող է ներառել ոչ միայն տնտեսական հարթությունը: Դեռ պատերազմից առաջ Ադրբեջանը հանդիսացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հետախուզական տվյալների գործող բազա, ինչպես նաև իսրայելական զենքի հիմնական պատվիրատու: Այսօր սահմանների և համապատասխան հնարավորությունների ընդլայնմամբ ադրբեջանական տարածքից հակաիրանական կողմնորոշմամբ աշխատանքները միայն կակտիվանան:

Այսպիսով, պետք է ընդունենք, որ Կովկասում մինչև քառորդ դար պահպանված ստատուս քվոյի բեկումն Իրանի համար մարտահրավերներ և սպառնալիքներ է ենթադրում: Դեպի սահմանամերձ Արաքս գետ լրացուցիչ զորամասեր ու զրահատեխնիկա մոտեցնելու միջոցով Թեհրանը փորձում է ապահովագրվել մի շարք տհաճ անակնկալներից: Չնայած որ դրանցից մեկն արդեն տեղի է ունեցել:

Նոյեմբերի 27-ին Թեհրանի մոտակայքում գտնվող ավտոճանապարհին զինված հարձակում տեղի ունեցավ իրանցի, միջուկային առաջատար ֆիզիկոս, իրանական միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի նկատմամբ: Վերջինս ծանր վիրավորում ստացավ և հիվանդանոցում մահացավ: Իրանի Արտաքին գործերի նախարար  Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած է Իսրայելը և կոչ արեց աշխարհի բոլոր երկրներին դատապարտել միջուկային ֆիզիկոսի սպանությունը՝ որպես պետական ահաբեկչական գործողություն: Եվ ըստ որոշ աղբյուրների՝ Իրանի նման բարձրաստիճան պաշտոնյայի սպանության նախապատրաստումը սկսվել է հենց Իրանի հյուսիսային սահմանին՝ Խոդաֆերինի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում:

Այս մարտահրավերներին Թեհրանը փորձում է արձագանքել ոչ միայն սահմանին սեփական Զինված ուժերի կենտրոնացումն ուժեղացնելով, այլև դիվանագիտական ուղերձների և քայլերի միջոցով, «մտրակի ու բլիթի» քաղաքականության ոգով և «կոշտ ու փափուկ ուժերի» համադրությամբ՝ իր դիվանագիտության հազարամյակների լավագույն ավանդույթներին համաձայն։ Թեհրանի նման քաղաքականության վառ օրինակն էր իրանական հեռուստատեսությամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի ելույթը։[20] ««Ադրբեջանական տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որն ունի դրանք ազատագրելու իրավունք, միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի տարածքում բնակվող հայերի անվտանգությունը: Առկա են հավաստի հաղորդումներ այս հակամարտությանը որոշակի թվով ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ: Եթե նրանք հայտնվեն սահմանների մոտ, ապա վտանգի կանխազգացում կառաջանա, համապատասխանաբար նրանք վճռականորեն կճնշվեն»,- նոյեմբերի 3-ին հայտարարեց Խամենեին:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս իրեն իրավասու է համարում Ռուսաստանի և Թուրքիայի հետ հավասար Հարավային Կովկասում հատուկ կարգավիճակ պահանջելու հարցում: Այդ մասին է վկայում ռազմական գործողությունների կիզակետում Արցախի շուրջ իրավիճակն իր խաղաղապահ նախաձեռնությամբ կարգավորելու Թեհրանի հայտարարությունը: Թեհրանի դիվանագիտական նախաձեռնությունները Բաքվին, Մոսկվային, Երևանին և Անկարային  ներկայացրեց Իրանի փոխարտգործնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին: Ինչպես հետագայում հայտնի դարձավ եռակողմ հայտարարութամբ, այն  չհաջողեց: Այդ ժամանակ իրանական գնացքն արդեն մեկնել էր, ահաբեկիչները հաջողությամբ տեղակայվել էին երկրի հյուսիսային սահմաններին: Դրանից հետո Արաքչին ստիպված եղավ Անկարայի՝ Հայաստանի և նույնիսկ Իրանի ներսում միջանցք ստեղծելու և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու մասին հայտարարությունները որակել որպես իրականությանը չհամապատասխանող:

Դրան ի պատասխան՝ Ռեջեփ Էրդողանը Բաքվի շքերթի ժամանակ անսպասելիորեն անդրադարձավ պոեզիային՝ մեջբերելով մի հատված ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վագաբզադեի բանաստեղծությունից՝ պատմական Ադրբեջանն Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բաժանելու կսկիծով:[21] Այս խորապատկերին կարևոր է նշել, որ Իրանի համար ամեն բան դեռ առջևում է, քանի որ տարածաշրջանային վերջին ռազմավարական տեղաշարժերի պայմաններում թուրքական ահաբեկչական բնի ընդլայնումը կարծես թե այլընտրանք չունի:

ԻՍՐԱՅԵԼ

44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական հաղթանակի մեջ, անկասկած, իր ներդրումն ունեցավ ևս մեկ երկիր՝ Իսրայելը: Արցախի համար պատերազմում Իսրայելի մասնակցությունն արտահայտվում էր ոչ միայն Ադրբեջանին զենքի 44-օրյա մատակարարմամբ, այլ նաև հրահանգիչների և իսրայելական ԱԹՍ-ները ղեկավարող ինժեներների մասնակցությամբ: Այս առումով միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. բացի ֆինանսական կողմից ինչո՞վ Է Ադրբեջանը հետաքրքրում իսրայելցիներին: Նախ հաստատենք, որ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է Իրանի հետ սահմանին ռազմավարական դիրքի տեսանկյունից՝ որպես նավթի հիմնական մատակարար, ինչպես նաև զենքի վճարունակ գնորդ: Այդուհանդերձ, Թել-Ավիվն այդքան նախանձախնդրորեն չէր թեժացնի Արցախյան պատերազմը, և ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիպուկ բնորոշման՝ բացառապես տնտեսական դրդապատճառներից ելնելով «միավորելով իր ջանքերը սատանայի հետ»: «Ես կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի, թե  արդյոք  ցանկանում է հակամարտության մեջ նույն կողմում լինել Թուրքիայի հետ, որը հազարավոր սիրիացի վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան», — իսրայելական The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասաց Փաշինյանը:[22]

Այնուամենայնիվ, Իսրայելն ամեն ինչ արեց Հայաստանի հետ պատերազմում  Ադրբեջանին և, որ ամենակարևորն է, Թուրքիային աջակցելու համար: Իսկ այն պատճառները, որոնք դրդեցին Բենիամին Նեթանյահուին միավորվել «սատանա» Էրդողանի հետ, ըստ ամենայնի, բավական հեռու են Արցախից և Ադրբեջանից:

44-օրյա պատերազմի արդյունքները թույլ են տալիս հաստատել, որ հենց Իսրայելն էր Թուրքիային դեպի Հարավային Կովկաս կամ ավելի ճիշտ Ադրբեջան «հրավիրող» շահագրգիռ ուժային կենտրոններից մեկը: Այդ հրավերը պայմանավորված էր Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովից շեղելու իսրայելցիների ձգտմամբ: Վերջին շրջանում Ռեջեփ Էրդողանն այդ տարածքում բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում: Դրա հետ մեկտեղ Իսրայելն Արևելյան Միջերկրական ծովը համարում է իր սեփական ռազմավարական շահերի գոտին և ձգտում է տվյալ գոտում մենաշնորհային ազդեցություն սահմանել: Հենց դա է պատճառը, որ Իսրայելը բավականին մեծ ջանքեր գործադրեց Հայաստանի հետ պատերազմում՝ նպաստելու ադրբեջանա-թուրքական հաղթանակի իրագործմանը, ընդ որում, ոչ միայն զենքի մատակարարման հարցում, որը չէր դադարում պատերազմի ողջ ընթացքում, այլ նաև հետախուզական ու քաղաքական օգնություն ցուցաբերելով: Եվ, իհարկե, այս ամենը Հարավային Կովկասում ռուսական ազդեցությանը հակազդելու գործընթացում Թուրքիային լրացուցիչ վստահություն հաղորդելու նպատակ էր հետապնդում: Որպեսզի Թուրքիան հայտնվեր ռուսական ազդեցության գոտում, իր հանդուգն նախաձեռնությունների համար անհրաժեշտ էին առանձին ռազմաքաղաքական դերակատարների երաշխիքներ: Այս տեսանկյունից Իսրայելը հսկայական ներդրում ունեցավ 44-օրյա պատերազմի ծագման գործընթացում: Արդյունքում ռազմական գործողություններում Ռուսաստանի անմիջական ներգրավումը կանխելու համար Կրեմլից  հսկայական ջանքեր էին պահանջվում, քանի որ նրանք գիտակցում էին նման դիպաշարի աղետալի հետևանքներն ինչպես իրենց, այնպես էլ Թուրքիայի համար:

Այսպիսով, չնայած հնարավոր եղավ խուսափել տարածաշրջանային խոշոր պատերազմից, այնուամենայնիվ, Էրդողանին հաջողվեց նեո-օսմանական սուլթանություն կառուցելու ճանապարհին հաղթել այս ճակատամարտը: Եվ սպասել, որ նա այսքանով կբավարարվի, իհարկե ոչ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի աջակցությունն Անկարային ռուսական ազդեցության գոտի ներթափանցելու հարցում վերջինիս թույլ է տալիս իր թիկունքը համարել պաշտպանված և առաջխաղացում նախաձեռնել դեպի սևծովյան տարածաշրջանի նոր դիրքեր: Կրեմլի ակնհայտ զգուշավորության ու Արևելյան Միջերկրական ծովի ավազանը թուրքական հակումներից ազատելու Իսրայելի շահագրգռվածության խորապատկերին այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է Էրդողանը կանգ առնի նման իրավիճակում, տրամաբանական հերքման պատճառներ չունի:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը  փաստացիորեն սատարող երկրներից մեկն էլ Մեծ Բրիտանիան էր: Առաջին հայացքից թվում է, որ հենց բրիտանացիները չպետք է շահագրգռված լինեին լայնամասշտաբ գործողություններ  ծավալել հենց այն տարածքում, որտեղով անցնում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, և թվում էր, որ Բրիտանիան, անկասկած, շահագրգռված է պատերազմը դադարեցնելու հարցում: Սակայն Լոնդոնում մեզ համար անհասկանալի պատճառներով վստահ էին այդ խողովակների անվտանգության հարցում, որոնցով պատերազմի ամբողջ 44 օրերի ընթացքում պարբերաբար հոսում էր նաև British Petroleum-ին պատկանող «սև ոսկին»: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ բացատրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հոկտեմբերյան հանդիպման ժամանակ Բրիտանիայի ներկայացուցչի քվեարկությունը: Այսօր արդեն միանգամայն հասկանալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունումը, որը կարող էր կասեցնել պատերազմը, խափանվեց Մեծ Բրիտանիայի կողմից, որի ներկայացուցիչը վետո դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից առաջարկված բալանսավորված փաստաթղթի վրա: Համենայն դեպս այդ մասին բավականին բացահայտ ակնարկեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:[23] Այլ կերպ ասած՝ մառախլապատ Ալբիոնում ի սկզբանե գիտեին, որ Արցախից չեն հարվածի խողովակաշարերին, նույնիսկ այն դեպքում, երբ հանրապետության տարածքի երեք քառորդը վերահսկվի Ադրբեջանի կողմից: Հակառակ դեպքում բրիտանացիների գործողություններն անտրամաբանական կթվային: Սակայն ինչ-ինչ, բայց Լոնդոնում տրամաբանության պակաս երբեք չի զգացվել:

Այդ պահին ստանալով «խողովակաշարերի» անձեռնմխելիության երաշխիքներ՝ Լոնդոնը հիշեց Ադրբեջանում ունեցած իր այլ շահերի մասին, իհարկե, կրկին տնտեսական: Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը հնարավորություն տվեց վերակենդանացնել  1997թ․ օգոստոսի 21-ին Ադրբեջանի և բրիտանական Anglo Asian Mining PLC-ի կողմից կնքված պայմանագիրը, որը նախատեսում է ոսկու վեց հանքավայրերի շահագործում, մեկը՝ Նախիջևանում, երկուսը՝ Գեդաբեկի շրջանում և երեքը՝ Քելբաջարում ու Զանգելանում: Ըստ պայմանագրի՝ Ադրբեջանի մասնաբաժինը 51% է կազմում, Anglo Asian Mining PLC-ը՝ 49%: Ընդհանուր առմամբ վեց հանքավայրերից երեքն ընդգրկող տարածքների նկատմամբ Բաքվի կողմից վերահսկողության բացակայության պայմաններում բրիտանացիների կողմից ստորագրված պայմանագրի փաստը բավականին տարօրինակ է թվում: Ըստ ադրբեջանցի հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիի՝ Սոթքում գտնվող նույն հանքի իրավունքներն Ադրբեջանի իշխանություններն արդեն փոխանցել են RV Investment Services Group LLC-ին: Վերջինս իր հերթին Anglo Asian Mining PLC-ի դուստր ձեռնարկությունն է:

Այսպիսով, պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավոր օգնություն  ցուցաբերելով՝ Անգլիան էապես բարձրացրեց նույն «խողովակաշարերի» անվտանգությունը, և, իհարկե, վերականգնեց 23 տարի առաջ կնքված ոսկու արդյունահանման պայմանագիրը: Սակայն այս ամենում բացի առևտրային շահերից Լոնդոնը, անկասկած, ունի նաև աշխարհաքաղաքական շահեր: Հնարավորության դեպքում Ռուսաստանին վնասելը գործնականում միշտ և ամենուրեք Մեծ Բրիտանիայի պատմական կրեդոն է: Իսկ 44-օրյա արյունահեղությունից հետո անգլիացիները, անկասկած, էապես ամրապնդեցին իրենց սեփական դիրքն ու ազդեցությունն Ադրբեջանում, ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի համար հռչակված կենսական շահերի գոտում և հնարավորություն ստացան թուրքերի, իսրայելցիների և բոլոր «գույների» ու տեսակի ահաբեկիչների հետ միասին մուտք գործել Իրանի հյուսիսարևմտյան հատված:

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը համարվում է Հարավային Կովկասի երրորդ երկիրը, և այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, ըստ էության չի կարող չանհանգստացնել Թբիլիսիին: Այդ մտահոգության մասին Թբիլիսիում նոյեմբերի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին: «Թբիլիսին մեծ հույսեր է կապում տարածաշրջանում ԱՄՆ ներկայացուցչության և ռազմական ներկայության հետ», -հայտարարեց Վրաստանի վարչապետը,[24] ինչին ի պատասխան Պոմպեոն Գախարիային խոստացավ, որ իր երկիրը «կանի ամեն հնարավորը Վրաստանի եվրատլանտյան նկրտումները կյանքի կոչելու համար»:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Վրաստանում ավելացնել  իր ռազմական զորախումբը, առաջին հերթին՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերը և անհապաղ Թբիլիսիին ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր ուղարկել: Այս ամենն ուղեկցվում է ԱՄՆ նոր վարչակազմի հատուկ ներկայացուցիչների կողմից «Հյուսիսատլանտյան դաշինքում Միացյալ Նահանգների առանցքային դերը վերականգնելու»     ցանկության մասին հայտարարությամբ: Ամերիկացի գեներալը կարծում է, որ այս խորապատկերին կենսական անհրաժեշտություն կա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի հետ կառուցել նոր, առավել ամուր հարաբերություններ՝ մոռանալով տարաձայնությունների մասին, և Թուրքիայի հետ ամրապնդել երկարամյա դաշինքը:

Այսպիսով, Դաշինքի հիմնական անդամի կտրուկ ավելացած աջակցությունը Միացյալ Նահանգներին Վրաստանի համար չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի հեռանկարների վերականգնման տեսանկյունից: Ըստ ներքին տեղեկությունների՝ Բրյուսելում այս հարցի շուրջ երկար տարիների երկմտումներից և վեճերից հետո վերջնական համաձայնություն է ձեռք բերվել: Թբիլիսին շատ մոտ ապագայում Դաշինքից կարող է ստանալ երկար սպասված անդամակցության գործողությունների պլանը:

Ըստ ՆԱՏՕ-ի փորձագետների գնահատականների՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի գրեթե բոլոր կետերը, այն Վրաստանի համար վերջինիս որպես լիիրավ մասնակից անդամակցելու  դռներ է բացում:  

Կարևոր է նշել, որ Գախարիայի և Պոմպեոյի հայտարարությունը՝ Վաշինգտոնի պատասխան արձագանքը, Դաշինքի՝ Բրյուսելի շտաբից ստացված տեղեկատվությունը հաջորդեց Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո: Միանգամայն ակնհայտ է, որ Դաշինքին Վրաստանի անդամակցության պարտադրումը տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմի՝ ՆԱՏՕ-ի համար բավականին տհաճ արդյունքներով: Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ հենց Ռուսաստանն ինքնուրույն դադարեցրեց ռազմական գործողությունների թեժացումը՝ զուգահեռաբար իրեն վերագրելով աշխարհաքաղաքական առավելություններ, ի դեպ, առանց մեկ կրակոց արձակելու՝ միևնույն ժամանակ այս հարցում շրջանցելով ՆԱՏՕ-ի անդամ ոչ այլ ինչ, քան Թուրքիայի «առանձնահատուկ կարծիքը»: Հասկանալի է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ թույլ տալ Կովկաս-սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը: Բրյուսելում այս գործընթացի դադարեցման լավագույն օրինական միջոցը, ըստ ամենայնի, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն է՝ նրա տարածքում ռազմական զորակազմի հետագա տեղակայմամբ:

Արձագանքելով այս մտադրություններին՝ Մոսկվայի  պատասխանը մինչ այժմ եղել է Թբիլիսիին ուղղված միայն մեկ առաջարկ՝ սեփակայն նախագծերին ներգրավվելու առաջարկը, որը նաև հնարավոր դարձավ Արցախում 44-օրյա արյունահեղությունից հետո:

Արդեն նոյեմբերի 27-ին ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում ռուս սենատոր Գրիգորի Կարասինը տեսախորհրդակցություն անցկացրեց Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: «Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նրանք կարևորեցին եռակողմ հայտարարության ընդունումը, որը հնարավորություն տվեց դադարեցնել մարտական գործողությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու պայմաններ ստեղծեց: Նշված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, մասնավորապես տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի համար»,- հայտարարեց Կարասինը:[25]

ԱՄՆ-ՖՐԱՆՍԻԱ-ԵՄ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակեցրեց պատերազմի արդյունքները, բայց ոչ մի դեպքում՝ հակամարտության կարգավորումը: Արցախի կարգավիճակի հարցը մնաց օդում կախված: Պատերազմի արդյուքներից մեկն էլ այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, փաստացի հայտնվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս: Դա պարզ դարձավ երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի և ՄԽ անդամ Թուրքիայի համակարգված գործողությունների արդյունքում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Էրդողանի ստորագրությունը չկա, սակայն, կարծում ենք, բոլորին հասկանալի է, որ Ալիևի ստորագրության հետևում  տեսանելի է նաև թուրք «եղբայր նախագահի» ձեռքը: Այնուամենայնիվ, առաջին հերթին Վաշինգտոնն ու Փարիզը ղարաբաղյան հարցում հայտնվեցին խաղից դուրս, մասնավորապես ռազմական գործողությունների շրջանում իրենց պասիվության պատճառով, այն շրջանում, երբ Արցախն ու Հայաստանն անիմաստ էին դիմում աշխարհին թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու աջակցության խնդրանքով:

Այդ օրերին Ֆրանսիան բարոյական աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին: Նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտորեն դատապարտեց Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, այդ հարցում նրան աջակցեցին նաև ֆրանսիացի այլ քաղաքագետներ: Պատերազմից հետո Ֆրանսիան մարդասիրական և այլ տեսակի օգնություն ցուցաբերեց Հայաստանին: ԱՄՆ-ը, ավելի կոնկրետ Դոնալդ Թրամփն ամերիկահայերի ձայները ստանալու նպատակով ընդհանուր առմամբ նախընտրեց սահմանափակվել միայն նախընտրական կլոունադայով: Երրորդ համանախագահ Ռուսաստանը պատերազմի ընթացքում նույնիսկ քաղաքական հայտարարությունների մակարդակում չսատարեց Հայաստանին: Մոսկվան նախընտրեց գործել այն ժամանակ, երբ տարածաշրջանում իր շահերի համար առավել բարենպաստ ժամանակ էր, ինչի արդյունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանները դարձան: 

Եվ ահա այսօր ԱՄՆ-ը և Ֆրանսիան ակտիվացան՝ ելնելով բացառապես իրենց սեփական շահերից: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեցին բանաձևեր, որով  Ֆրանսիայի  կառավարությանը և նախագահին առաջարկվում է ճանաչել Արցախի անկախությունը:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը, հանդես գալով Եվրոպայում ԱՄՆ Կոնգրեսին առընթեր անվտանգության և համագործակցության հանձնաժողովի անդամների հետ ճեպազրույցում, հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: Դեկտեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ-ից՝ Էնդրյու Շոֆերը, Ֆրանսիայից՝ Սթիվեն Վիսկոնտին, այցելեցին Բաքու, որտեղ Իլհամ Ալիևը նրանց դիմավորեց  բավականին սառը և մեղմ ասած՝ ոչ պատշաճ կերպով:

Դեկտեմբերի 13-ին համանախագահները Հայաստանի ղեկավարության և Արցախի  նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելեցին Երևան: Այստեղ համանախագահներին ընդունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արա Այվազյանը: Արայիկ Հարությունյանը հրաժարվեց հանդիպել համանախագահներին «ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ լիարժեք կազմի» պատճառով: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը Covid-19-ով վարակված լինելու պատճառով չէր մասնակցում առաքելությանը: Այստեղ կարևոր է նշել, որ Ռիկերի խոսքերով՝ Շոֆերի և Վիսկոնտիի՝ կովկասյան ճանապարհորդության նպատակը հակամարտության դիվանագիտական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու հնարավորությունների և ուղիների սահմանումն էր: ԱՄՆ-ը պնդում է, որ «բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության տևական լուծում մշակվի», — համանախագահների մեկնումից մեկ օր առաջ հայտարարեց Ռիկերը:

Եվ այստեղ պետք է արձանագրենք 44 օրվա ևս մեկ արդյունք: ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտնվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հակասությունների մի կողմում, Ռուսաստանն ու Թուրքիան՝ մեկ այլ: 1992թ․ հակամարտության կարգավորման Մինսկի ձևաչափի ստեղծումից ի վեր առաջին անգամ համանախագահների շահերը բացահայտորեն տարանջատվեցին: Մինչև վերջին ժամանակները Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի միջև փոխհամաձայնությունը հիմնված էր «մադրիդյան սկզբունքների» վրա: Սակայն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ հեռվից չի հիշեցնում «մադրիդյան սկզբունքները»՝ առաջին հերթին այն բանից ելնելով, որ այնտեղ «կարգավիճակ» բառ պարզապես չկա, փոխարենը՝ տարածքներ, փախստականներ, խաղաղապահներ, հաղորդակցություն, նույնիսկ նշվում է Թուրքիան Ադրբեջանի հետ Մեղրիով կապող միջանցքի մասին: Եվ, իհարկե, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի շահերն այնտեղ որևէ կերպ հաշվի առնված չեն: Չենք խոսում Հայաստանի շահերի մասին: Եվ, այո, տարածաշրջանում հայտնվեց Թուրքիան՝ որպես հակամարտությունն իր սեփական պայմաններով կարգավորող շահագրգիռ կողմ և ամենակարևորը՝ որպես ամբողջ տարածաշրջանում իր հետագա կանխատեսումների պայմաններով աշխարհաքաղաքական արդյունքների ձևավորման շահագրգիռ կողմ: Եվ այսօր մի կողմից՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր խաղ է ընթանում: Ֆրանսիայի օրենսդիրների կողմից ընդունված հայանպաստ, ավելի ճիշտ՝ հակաթուրքական բանաձևերն այս նոր խաղի մի մասն են կազմում: Եվս մեկ կարևոր հանգամանք. Ֆրանսիայի և Թուրքիայի միջև նույն խաղը որևէ կերպ չի սահմանափակվում միայն Արցախի շուրջ սակարկություններով: Խոսքը վերաբերում է Արևելյան Միջերկրածովում Կիպրոսի, Հունաստանի և այլնի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ արցախյան հարցը, անկասկած, դիտարկվում է այս բոլոր հակասությունների հետ: 

Այսպիսով,  Ֆրանսիան դամոկլյան թուրը կախեց Ադրբեջանի և Թուրքիայի գլխին՝ Արցախը ճանաչելու սպառնալիքի տեսքով: Մինչդեռ ճանաչումն ինքնին կարելի է ակնկալել միայն ճանաչող երկրի հետ այս երկրների անհույս և խաթարված հարաբերությունների դեպքում: Եվ պետք է խոստովանենք, որ այս պահին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն այնքան խաթարված չեն, ինչը թույլ կտար Ֆրանսիային ճանաչել Արցախը: Քաղաքականության մեջ ամեն ինչ միշտ սխալ է հաշվարկվում, իսկ Ֆրանսիան խորհրդարանում ընդունված բանաձևերից ոչինչ չի կորցնում, միայն արժանանում է հայերի լրացուցիչ համակրանքին, և այդ բանաձևերն Անկարայի դեմ կարող են օգտագործվել որպես լծակներ: Այս խորապատկերին, թվում է, Ֆրանսիայի նախագահն Արցախը ճանաչելու հարցում կնախընտրի լռել:

Ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչների՝ Արցախը ճանաչելու վերաբերյալ պարբերական կոչերը թույլ կտան Ֆրանսիային աջակցել այս խնդրին թեժ իրավիճակներում Ադրբեջանի և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: Անհրաժեշտ է նշել նաև Արցախի աջակցությանն ու ճանաչմանն ուղղված քայլերի, այսպես կոչված, համաեվրոպական առանձնահատկությունը: Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բանաձևերից բացի հայանպաստ բանաձևեր ընդունեցին նաև Նիդերլանդների, Բելգիայի և Ավստիայի խորհրդարանները: Եվ ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում այս գործընթացը միայն ավելի մեծ ուժ կստանա:

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ԵՎ «ԽՍՀՄ-2.0»

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մի կողմից հնարավոր է թվում պնդել, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրապես հայտնվեցին բարիկադների նույն կողմում: Չնայած այն հանգամանքին, որ առաջին հայացքից Մոսկվան և Անկարան տարածաշրջանում իրենց ազդեցության համար պայքարող անհաշտ մրցակիցներ են թվում, գործնականում Պուտինը և Էրդողանը պարբերաբար փոխզիջման գնալու և արտաքին քաղաքական տարաձայնությունները հաղթահարելու ունակություն են դրսևորում, ընդ որում՝ ոչ միայն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում: Այնուամենայնիվ պատերազմի արդյունքները, Թուրքիայի մասնակցությունը և Ռուսաստանի կողմից վերջնակետի սահմանումը թույլ են տալիս փաստել, որ Արցախը դարձել է Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական դիմակայության հերթական ասպարեզը: Իսկ Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև տևական բանակցությունները հերթական անգամ ցույց տվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների գործընկերային հարաբերությունների ողջ բարդությունը:

Ավելին, մի շարք պատճառներից ելնելով, թվում է, որ հենց Արցախում Էրդողանի նեոօսմանյան նախագիծը բախվեց Պուտինի՝ թեկուզ մասնակի, սակայն Խորհրդային Միության փաստացի վերակենդանացած նախագծի՝ գործնականորեն իրականացման առաջին ռուդիմենտներին: Պատկերավոր ասած՝ հենց Արցախում էր, որ «Մեծ Թուրանը» բախվեց «ԽՍՀՄ-2.0»-ին: Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Ռուսաստանի և Օսմանյան կայսրությունների ժառանգների՝ նման լայնածավալ ծրագրերի օբյեկտները:

Իր անկախության գրեթե սկզբից Հայաստանը փաստացիորեն ոչ թե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն էր, այլ ռազմավարական պատանդը: Ավելին, դատելով հայ, մասնավորապես Արցախի հասարակության պատերազմի արդյունքների, այն է՝ ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ որոշ խավերի արձագանքներից՝ ռազմավարական պատանդի մոտ արդեն նկատվում են ստոկհոլմյան համախտանիշի առաջին նշանները: Դրանք մեր հասարակության ցավալի իրողություններն են:

Առաջին հայացքից Հայաստանի կողմից Արցախի փաստացի կորուստը կարող է Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշման առումով նոր հնարավորությունների հեռանկարներ պարունակել, ինչպես եղավ Վրաստանի հետ 2008թ․: Սակայն դեռ պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ Երևանի արտաքին քաղաքականության կապը Մոսկվայի հետ առավել կմեծանա, ընդ որում, ցանկացած արդյունքի դեպքում: Այս ճանապարհի առաջին նշանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանի անսպասելի պաշտոնանկությունն էր: Այդ պաշտոնում աշխատելով ընդամենը չորս ամիս՝ Քյարամյանը հրաժարական տվեց պատերազմի ամենաթեժ պահին՝ հոկտեմբերի 8-ին: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ հենց նրա նշանակմամբ էր պայմանավորված Ռուսաստանում վերապատրաստված մասնագետների կադրային մաքրումը՝ այս հրաժարականի հիմքում հստակ երևում է հենց Մոսկվան: Դրանից հետո հայկական լրատվամիջոցների անդրադարձները, օրինակ, Քյարամյանի իրավահաջորդ Արմեն Աբազյանի «Մոսկվա կանչվելու» մասին, սովորական դարձան: Մասնավորապես «ԱԱԾ գործունեության լուսաբանման» վրա մասնագիտացված լրատվամիջոցները պնդում էին, որ ՌԴ Ազգային անվտանգության տնօրենն իր հայ գործընկերոջն է հանձնել «Հայաստանում Սորոսի գործակալական ցանցի» անվանացուցակը՝ պահանջելով «գործակալներին անհապաղ հանել» պետական պաշտոններից: Մեկ այլ պահանջ էր ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից բացառելու մասին Հայաստանի ՀՌԱՀ-ի որոշումը չեղյալ հայտարարելը: Այստեղ ներկայացված են «Մոսկվայի թիմի» առավել վառ դրվագները:

Ադրբեջանի  ինքնիշխանության հետ կապված ամեն բան չէ, որ կարգին է: Եթե ավելի հստակ ասենք, ապա ինքնիշխանության մի մասի կորստի առումով Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, հայտնվեց պարտվողների ճամբարում, ընդ որում, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Իլհամ Ալիևը, անկասկած, վերադարձրեց «հողերի» մեծ մասը, ինչպես նաև առանց որևէ կասկածի ամրապնդեց սեփական իշխանությունը՝  44-օրյա պատերազմի արդյունքում դառնալով Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը: Խաղալով իր համար գրված դիպաշարն «Ա-ից մինչև Ֆ», Ալիևն այժմ կարող է հուսալ, որ Ադրբեջանում ծագած լուրջ խռովությունների դեպքում նրանք կպահեն իր իշխանությունը: Հաղթական էյֆորիան վաղ թե ուշ կանցնի, ինչից հետո Ադրբեջանում կգիտակցեն, որ պատերազմում հաղթեց Ալիևը և Ալիևների կլանը, բայց ոչ Ադրբեջանը և ադրբեջանցի ժողովուրդը: Այնտեղ կհասկանան, որ Ալիևի հաղթանակը ձեռք բերվեց Ադրբեջանի անկախության հաշվին: Օրինակ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի որևէ կերպ չի վերահսկում երկիր տեղափոխված սիրիացի վարձկաններին, իսկ նրանց հեռացնել կարող է Էրդողանը, բայց ոչ Ալիևը․ պարտք, որը պետք է վճարվի:   

Ալիևը ևս մեկ կարճաժամկետ պարտք ունեցավ Մոսկվային «կենսական շահերի գոտում» գտնվող Արցախի վրա հարձակվելու «թույլտվության» համար: Սակայն այդ պարտքն Ալիևն արդեն վճարել է, ընդ որում, շատ արագ՝ ընդամենը 44 օր անց համաձայնություն տալով Արցախում (տարածք, որը Բաքուն համարում է իրենը) ռուսական զորախումբ տեղակայելուն: Չի բացառվում, որ Ադրբեջանում հույս ունեն 5 տարի անց ռուսական բանակը դուրս բերել Արցախից, ինչպես ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Սակայն նման հույսերի զուր լինելը գիտակցելու համար բավական է հիշել, որ ռուսական զորքերը միշտ արագ են մուտք գործում և հազվադեպ հեռանում:

Այսպիսով Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը և Հայաստանը հնարավորություն ստացան դառնալ անկախ պետություններ, սակայն ամեն ինչ ավարտվեց նույն կերպ, ինչպես 1921թ․՝ ռուսական բանակի տեղակայմամբ: Ռուս զինվորականների վերադարձն Արցախ կամ Ադրբեջան (ինչպես ուզում եք) Ռուսաստանի վաղեմի գաղափարն էր: 1994թ․ մայիսին հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Մոսկվան ձգտում էր Արցախում խաղաղապահների տեղակայման համար հասնել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը և վերջապես հասավ, թեկուզ 26 տարի անց: Այսպիսով Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օրվա՝ դեկտեմբերի 10-ի տոնակատարության խորապատկերին ռուսական և թուրքական կրկնակի ենթակայության ճանապարհի առաջին օրն արդեն տեսանելի է: Պատերազմում Թուրքիայի մասնակցությունը հստակ պայմանավորված էր ոչ միայն Ադրբեջանի համար Արցախը պահելու ցանկությամբ: Էրդողանն ու նրան սատարող թուրքական վերնախավը բավականին երկար ժամանակ ձգտել են քաղաքական, տնտեսական և քաղաքակրթական կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետությունների հետ: Եվ այս ճանապարհին Մեծ Թուրանի առաջին վերակենդանացնողը հենց Ադրբեջանն էր:

Ռուսաստանն իր հերթին Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես դիտարկում է իր սեփական ինտեգրացիոն նախագծերի խորապատկերին՝ պայմանական «ԽՍՀՄ-2.0» անվանմամբ: Գրեթե 30 տարի է անցել Խորհրդային Միության փլուզումից, բայց գործնականում Մոսկվան այդպես էլ չհաշտվեց «եղբայրական պետությունների» կորստի հետ և շարունակում է վիճարկել պատմության դատավճիռը: Հատկապես նախկին խորհրդային հանրապետություններում ազգաշինության դեմ ռուսական ռևանշիստական պայքարը սաստկացավ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի իշխանության գալով:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ այս առումով 2020թ․ Ռուսաստանի համար լավագույն տարին չէր: Մասնավորապես Ղրղզստանում ռուսամետ կառավարության անկումն արդեն հանգեցնում է տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության նվազեցմանը, համապատասխանաբար՝ Չինաստանի ազդեցության ավելացմանը: 2020թ․ Պուտինը ևս մեկ պարտություն կրեց Մոլդովայում․ ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը պարտվեց արևմտամետ թեկնածու Մայա Սանդին: Վերջինս Ռուսաստանից  պահանջեց  անհապաղ Մերձդնեստրից հետ կանչել հերթական խաղաղապահներին: Թելը կտրվեց հերթական կեղծ ընտրություններից և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունից հետո: Գաղտնիք չէ, որ Կրեմլը ժողովրդական ցանկացած շարժման մեջ տեսնում է միայն սպառնալիք սեփական ավտորիտար մոդելի նկատմամբ: Ահա թե ինչու է Պուտինը դժկամությամբ, սակայն պարտադրված կերպով աջակցում Լուկաշենկոյին՝ միաժամանակ Ռուսաստանի դեմ տրամադրելով միլիոնավոր, երբեմնի հավատարիմ բելառուսներին: 

Այս խորապատկերին Ռուսաստանի նախագահն այլ ելք չուներ, քան սպասել Արցախի վրա թուրքական հարձակմանն ի պատասխան իր հերթական խաղաղապահներին տեղակայելու անհրաժեշտ պահին: Պետք է խոստովանել, որ Ռուսաստանի շահերի տեսանկյունից, բոլոր դեպքերում, Պուտինը միանգամայն ճիշտ է վարվել: Նրան հաջողվեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պարտադրել այն պայմաններով, որով խաղաղ պայմաններում չէին համաձայնվի ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում, պարտադրեց ուժով: Սակայն հենց ուժի վրա հիմնվելով է Ռուսաստանը կարողացել կրեմլամետ անկլավներ ստեղծել Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում և արդեն նաև՝ Ադրբեջանում: Եվ այն փաստը, որ դրա հետ մեկտեղ Ռուսաստանն իրենից հեռացրեց հետխորհրդային երկրների տասնյակ միլիոնավոր քաղաքացիների, ովքեր այլ պայմաններում կմնային իր բնական դաշնակիցները, Մոսկվային սա դեռևս այդքան էլ չի մտահոգում: Կրեմլում, ըստ ամենայնի, հույս ունեն, որ փաստացի իրենց կողմից ստեղծված նոր ստատուս քվոն ժամանակի ընթացքում թույլ կտա Ադրբեջանին սերտորեն ներգրավվել սեփական տարածաշրջանային և ինտեգրացիոն նախագծերում: Մոսկվայում բավականին բացահայտ են խոսում նման ձգտումների և հեռանկարների մասին: Ավելին, տարբեր գիտական շրջանակներում պարբերաբար նշվում է հետխորհրդային երկրներին իր սեփական նախագծերում ներգրավելու Ռուսաստանի առաքելության մասին: Կրեմլում Պուտինի հայտնվելով՝ Մոսկվայի կողմից որդեգրած այս մոտեցումը ցույց է տալիս Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շարժման իրականացման առաջին ծիլերը: Դրանից առաջ նման քաղաքականություն էր  ցուցաբերվել Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում և Բելառուսում: Իսկ Հայաստանում այն առաջին անգամ բացահայտորեն ի հայտ եկավ Մաքսային Միությանը երկրի անսպասելի անդամակցությունից հետո, և ահա այսօր մենք դրա շարունակությունը տեսնում ենք Ադրբեջանում:

Մոսկվան, Արցախում «ընդհանուր պետություն» ստեղծելով, կատարելապես ձգտում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին իր վերահսկողության տակ պահել, որոնց անվտանգությունը, իհարկե, կապահովեն ռուս խաղաղապահները: Նոյեմբերի 10-ի հայտարարության յոթերորդ կետը տանում է դեպի հայերի և ադրբեջանցիների համատեղ կեցություն։ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Այս վարկածի օգտին ևս մեկ փաստարկ է նույն հայտարարության 9-րդ կետը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ  Սահմանապահ ծառայության մարմինները»: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը:

Եվ ահա Մոսկվայի ու Անկարայի կայսերական վաղեմի հավակնությունները հատվեցին Արցախում տիրող նոր ստատուս քվոյի արդյունքում: Թուրքիան շարունակում է հետապնդել այն նպատակները, որոնց համար էլ պատերազմ հրահրեց: Ռուսաստանը սեփական խաղաղապահության վրա հիմնված նպատակներն իրականացրեց պատերազմի 44-րդ օրը: Այդ պատճառով Անկարային անհրաժեշտ է Ադրբեջանում ռազմական զորախումբ տեղակայել առնվազն ոչ պակաս, քան ռուսականն է: Այս համատեքստում Թուրքիան ակնարկներ է անում, որ համատեղ խաղաղապահության հարցում Մոսկվայի ավելորդ անզիջողականության դեպքում կարող է Քելբաջարում, Շուշիում, Զանգելանում և նույնիսկ Լաչինում իր սեփական ռազմաբազաները հիմնել։ Թուրքական դիվանագիտության ևս մեկ ավանդական գործիքակազմ է թաքնված՝ սպառնալիքը։ Հայտարարելով Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերահաստատման մասին՝ Էրդողանն իր ռազմական ներկայության հարցում Պուտինից հստակ զիջումներ է ակնկալում, դրան զուգահեռ շարունակում է գրեթե բոլոր հնարավոր ճակատներում Ռուսաստանի վրա ճնշում գործադրել, օրինակ Ուկրաինայի հարցում։

Հենց այս համատեքստում հարկ է դիտարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հոկտեմբերի 16-ին Թուրքիա կատարած այցի շրջանակներում Կիևի և Անկարայի միջև ստորագրված ռազմական շրջանակային համաձայնագիրը։[26] Միևնույն ժամանակ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղուն ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ զուգահեռ ընթացող բանակցությունների արդյունքում ողջունեց Կիևի՝ «ղրիմյան հարթակում» նախաձեռնությունը։[27] Խոսքը վերաբերում է 2021թ․ մայիսին Կիևում նախատեսված միջազգային գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել թերակղզին Ուկրաինային վերադարձնելու հարցը։ Այնուամենայնիվ, թուրքական ճնշման ներքո Ռուսաստանի հետնահանջի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նահանջելու պարագայում Ռուսաստանը  ոչ միայն  Թուրքիային կհանձնի տարածաշրջանում սեփական բազմադարյա շահերը, այլ նաև կազատի Ադբեջանին  իր ազդեցության գոտուց։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ, այսպես, տարածաշրջանային տարբեր դերակատարների շահերի, գործողությունների ու դրդապատճառների վերաբերյալ այս համառոտ վերլուծության արդյունքում պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր։ Այս համատեքստում հետին պլան են մղվում ներհայաստանյան բոլոր գործոնները՝ վեճերը, դավաճանությունը, քաղաքական և ռազմական տարբեր գործիչների անգործունակությունը և նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ դիմադրություն ցույց տալու Հայաստանի անպատրաստվածությունը։ Հայկական կողմի պարտության հիմնական պատճառը, թվում է, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի՝ այս պարտության նկատմամբ համատեղ շահագրգռվածությունն էր, բացառություն չէ նաև ԱՄՆ-ը։ Եվ այստեղ Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես արձագանքի այս ամենին։ Անհրաժեշտ է մտածել տարածաշրջանում Հայաստանի ապագայի մասին, ինչը ժամանակի ընթացքում դառնում է առավել պայթյունավտանգ։

Պատերազմում ցուցադրելով իրենց ողջ ունակությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր պատրաստվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով խարսխել իրենց ռազմական արդյունքները։ Այսպես թե այնպես Հայաստանի համար ենթադրվում է բոլոր դեպքերում փորձել համաձայնության գալ նրանց հետ։ 

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում բարձր գնահատեց «Լեռնային Ղարաբաղի  վերաբերյալ համաձայնագրերը», որոնք ի վիճակի են դրականորեն ազդել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Նա նշեց, որ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերն իրական հնարավորություն են երեք տասնամյակ անց անցում կատարել խաղաղությանը»։ Իր հերթին Ռեջեփ Էրդողանը, դեկտեմբերի 10-ին ընդգծելով, որ Անկարան տարածաշրջանում հանդես է գալիս խաղաղության օգտին, բարձրաձայնեց «Հայաստանի համար դռները բացելու» Թուրքիայի պատրաստակամության մասին: Հասկանալի է, որ Երևանի  կողմից զիջումներ չստանալու պարագայում Անկարան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման:

Ելնելով Թուրքիայի ընդհանուր տարածաշրջանային քաղաքականությունից և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններից՝ կարելի է փաստել, որ Անկարան մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման իրական ցանկություն չունի: Ավելին, կարելի է ասել, որ Անկարան, ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերների կողմից լուռ աջակցություն ստանալով, արդեն իսկ Հարավային Կովկասում ընդլայնվելու քաղաքականություն է վարում: Միանգամայն ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի՝ Դաշինքում անդամակցության ամրապնդումն ամբողջությամբ համապատասխանում է Բրյուսելի շահերին, մասնավորապես Ռուսաստանին զսպելու համար, ընդ որում, ոչ միայն Կովկասում, այլև Ղրիմում:

Այլ կերպ ասած՝ մեր երկրի ղեկավարությունն այսօր արդեն պետք է մտածի  աշխարհաքաղաքական կոորդինատների՝ զարգացող տարածաշրջանային համակարգում Հայաստանի ապագա դերի մասին։ Միգուցե տարածված կարծիք չէ, այնուամենայնիվ, Արցախը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում այլևս կորսված է Հայաստանի համար, ավելին, ամբողջ Արցախը, ներառյալ այն հատվածը, որտեղ ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո դեռևս բնակվում է հայ բնակչություն: Այո, Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու, սակայն չի լինի Հայաստանի մաս ևս և չի լինի անկախ, քանի որ այս երեք տարբերակներից ցանկացածի իրականացման համար անհրաժեշտ է խախտել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արդեն հաստատված ստատուս քվոն: Ավելին, այդ ստատուս քվոն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի դաշնակից պետության՝ Ռուսաստանի շահերին, որը մեր միակ դաշնակից պետությունն է, ուզենք թե չուզենք։ Այսպիսին են իրողությունները։ Եվ Հայաստանն ու հայությունն այս ամենը պետք է գիտակցի։ 

Այսպիսով, Հայաստանը պետք է կողմնորոշվի աշխարհաքաղաքական հակասությունների և շահերի այս կծիկում, կողմնորոշվի սեփական շահերից ելնելով, կողմնորոշվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում՝ պահպանել ՄԽ ձևաչափը, ինչը պնդում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կամ էլ կարգավորման հարցում կարևորել ռուսական առաջնահերթությունները։

Այս խորապատկերին Էրդողանն ակնհայտորեն չի պատրաստվում բավարարվել 44-օրյա պատերազմում իր ձեռքբերումներով: Թուրքիայի նախագահն անընդհատ սրում է իրավիճակը։ Դատելով Բաքվում վերջինիս հայտարարություններից՝ նա արդեն փորձում է պատերազմում Ադրբեջանի կողմից թուրքական մասնակցության արդյունքներն ամրագրել Թուրքիայի հովանու ներքո տնտեսական նախաձեռնությունների իրականացմամբ։ Եվ այստեղ Հայաստանը կրկին պետք է կողմնորոշվի՝ մտնել «Թուրքիայի կողմից բացվող դռնո՞վ», թե՞ խստորեն փակել այն իր հետևից։ Մենք տեսնում ենք, որ անվտանգության ապահովման հարցերն այսօր սերտորեն միահյուսվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողություններին։ Տարածաշրջանում իրավիճակը բավականին արագ է զարգանում, և այդ արագությանը պետք է համապատասխան կերպով արձագանքել։ Դա առնվազն պահանջում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտություն։ Առավելագույնն ապագայում հայկական տնտեսության զարգացման ծրագրերի հաջող իրագործումն է, իսկ պատրաստի ծրագրեր դեռ չկան այս ճանապարհին։ Դրանք պետք է մշակվեն իրավիճակի զարգացմանը զուգահեռ, որը շատ բարդ, բայց միանգամայն հնարավոր գործընթաց է։

Եվ ահա այստեղ կարևոր է հայկական խնդիրների վրա ազդեցություն ունեցող ապագա աշխարհաքաղաքական կարգավորումների կանխատեսումը։ Առաջին հայացքից Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես Եվրոպայի շահերի մերձեցման բավականին լուրջ հեռանկարներ ենք տեսնում Հարավային Կովկասում՝ զսպելու համար Թուրքիայի նկրտումները։ Իրավիճակն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ այդ բոլոր շահերը փաստացի հավասարեցվում են մի կողմից՝ Մոսկվայի, մյուս կողմից՝ Բրյուսելի և Վաշինգտոնի միջև եղած հակասություններին։ Այս խորապատկերին կանխատեսելով Հարավկովկասյան գործերում Արևմուտքի առավել ակտիվ ներգրավվածությունը՝ հնարավոր է ենթադրել, որ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, հավասար հեռահարության ձև կստանա՝ մերժելով Անկարայի և Մոսկվայի միջև ցանկացած իրավիճակային գործարք։ Շատ հնարավոր է Թուրքիայի բաց կամ թաքնված աջակցությունը։ Եվ շատ բարձր է այն դիպաշարի հավանականությունը, ըստ որի՝ այս երկու տարբերակները որոշակի փոխզիջման արդյունքում կմիավորվեն մեկում։

Էրդողանը «չոր մնացորդով» կպակասեցնի իր «կովկասյան ախորժակն» ու հավակնությունները, իսկ Արևմուտքն ի պատասխան կնդունի մյուսների նկրտումների լեգիտիմությունը։ Հակասությունների վարկածից և որպես հետևանք՝ Կովկասի հետ հարաբերություններում արևմտյան քաղաքականության մասնատումից ավելի լավ է ի սկզբանե հրաժարվել։ Առանց ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի շահերը հաշվի առնելու Եվրոպան նույնիսկ կոլեկտիվ կերպով ի վիճակի չէ ազդել Կովկասյան գործերի վրա։ Այս խորապատկերին չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի հետագա զարգացման վեկտորների ուղղությամբ Միացյալ Նահանգների նոր՝ բայդենյան, ժողովրդավարական վարչակազմի դիրքորոշումը։ Հետևաբար այստեղ Հայաստանի համար որոշակի դադար է անհրաժեշտ, քանի որ այս հանգամանքներն էական նշանակություն ունեն պաշտոնական Երևանի վարքագծի ձևավորման գործում։

Եվ, վերջապես, վերջին, հերթական (իհարկե ոչ իր կարևորության աստիճանով) հանգամանքը: Ադրբեջանի կողմից Արցախի երեք քառորդի գրավումը, Արցախի մնացյալ տարածքներում «խաղաղապահներ» բերելու «ռուսական երազանքի» իրականացումը, Հարավային Կովկաս «վերադառնալու» Թուրքիայի ռևանշիստական նկրտումները «marlezon ballet»-ի միայն առաջին մասն են, ինչին անխուսափելիորեն կհաջորդեն մնացածները: Իզուր չէ, որ Իսրայելը հայտնվեց Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:

Այնուամենայնիվ, նաև խոսենք տխրահռչակ վարձկան ահաբեկիչների մասին: Եվ բնավ իզուր չէ, որ ԱՄՆ-ը պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ նախազգուշացրեց Հայաստանի և Ադրբեջանի իր քաղաքացիներին սպասողական դիրք զբաղեցնել: Արցախում բացվեց «պանդորայի արկղը», որը սկիզբ դրեց համընդհանուր ստատուս քվոյի  հերթական ճեղքմանը: Արկղ, որի պարունակությունն ամբողջությամբ ունակ է հերթական անգամ գլխիվայր շուռ տալ միջազգային իրավունքը: Դրա առաջին օրինակն  Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ իր իրավունքները կորցնելու առաջին նշաններն են:

1991-1994թթ․ պատերազմի հետևանքով Բաքուն կորցրեց Արցախը, սակայն այս ամբողջ տարիների ընթացքում իր ձեռքում պահեց այդ տարածաշրջանի նկատմամբ իրավունքը: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանը վերադարձրեց տարածքները, սակայն դրա հետ մեկտեղ սկսեց կորցնել դրանց նկատմամբ իր իրավունքները: Եվ այս միտմանն ուղղված առաջին նշանները Ֆրանսիայի Սենատի բանաձևի տեքստի որոշ կետեր են, որոնք կառավարությանը մատնանշում են Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին,[28] մասնավորապես «ընդունմանն առաջադրված բանաձևը, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածը,[29] 1949թ․ Հյուսիսատլանտյան դաշինքը,[30] 1994թ․ մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը և 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը»: Ինչպես նաև «Սենատը կառավարությանը կոչ է անում անել հնարավորը, որպեսզի Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր  լինի առանց հապաղման վերսկսել հակամարտության կարգավորման երկարաժամկետ և համաձայնեցված բանակցությունները: Կարգավորումներ, որոնք կապահովեն 1994թ․ գծված սահմանների  վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը, տեղահանված անձանց վերադարձի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը»: Դե ինչ, սկիզբն ամենևին վատ չէ, սակայն այն կստանա շարունակություն, թե ոչ, կախված է շատ երկրների և ուժային կենտրոնների, ներառյալ Հայաստանի քաղաքականությունից:

Դավիթ Ստեփանյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, «Արմինֆո» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации, http://kremlin.ru/events/president/news/64384

[2] «Война или мир? Время стать серьезнее»,
 https://www.aravot-ru.am/2013/02/04/152132/

[3] Ուրվագիծ, 28.03.2017, Լևոն Տեր-Պետրոսյան, https://www.youtube.com/watch?v=iI6c0DHIJGs

[4] 2016թ․ ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան, https://infoport.am/am/news/politics/2016-i-aprilyanic-heto-serzh-sargsyany-hordorec-mez-hamadzaynel-yot-shrjanneri-handznmany-menq-chhamadzaynecinq-artur-tovmasyan

[5] Наши вооруженные силы имеют достаточно оружия и боеприпасов: президент Армении Серж Саргсян, https://armenpress.am/rus/news/898872/

[6] Посольство США в Армении призвало американских граждан не путешествовать в Арцах, https://arminfo.info/full_news.php?id=55332&lang=2

[7] Фактически, мы ведем действия, присущие войнам 5-го поколения: Арцрун Ованнисян, https://armenpress.am/rus/news/1029560.html

[8] Золото В Нагорном Карабахе Будет Добывать Британская Компания, https://u-f.ru/news/politics/u25360/2020/12/01/306782

[9] Трехсторонние консультации по перемирию в Нагорном Карабахе завершились, https://www.kp.ru/daily/217193.5/4301593/

[10] Депутат Гибатдинов отказался от заявления об отправке российских военных в Карабах, https://ulpressa.ru/2020/11/09

[11] Путин: отказ Армении от соглашения по Карабаху был бы самоубийством, https://ria.ru/20201117/armeniya-1585085277.html

[12] Не допустить кровопролития в Карабахе, https://rg.ru/2020/11/21/v-erevane-dogovorilis-ne-dopustit-novogo-krovoprolitiia-v-karabahe.html

[13] Лавров указал на бесперспективность оспаривания заявления по Карабаху, https://rg.ru/2020/11/21/lavrov-ukazal-na-besperspektivnost-osparivaniia-zaiavleniia-po-karabahu.html

[14] Россия и Турция создадут центр по контролю за прекращением огня в Нагорном Карабахе, https://baltnews.ee/Estonia_politika_novosti/20201212/1019160659

[15] Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, https://www.president.am/hy/press-release/item/2020/12/13/President-Armen-Sarkissian-message/

[16] Российский миротворческий контингент в Нагорном Карабахе, http://mil.ru/russian_peacekeeping_forces/infograf.htm?fbclid=IwAR3tr657yf2XjHRLlV0fSU9wzmYIA4Z2UNaYftUpWBUwLoB-oyQ0ErZbqlE

[17] Хулуси Акар: «Антитурецкие санкции — серьезный удар по союзу Анкары и Вашингтона», https://novostink.ru/mir/295595-hulusi-akar-antitureckie-sankcii-sereznyy-udar-po-soyuzu-ankary-i-vashingtona.html

[18] Эрдоган сообщил о поддержке Путиным идеи Азербайджана создания «платформы шести», https://yandex.ru/turbo/argumenti.ru/s/world/2020/12/701456

[19] Трое иранских пограничников погибли в бою, не допустив проникновения боевиков в ИРИ, https://ru.armeniasputnik.am/world/20201113/25322974/

[20] Хаменеи поддержал право Азербайджана на Карабах, https://ria.ru/20201103/khamenei-1582797366.html

[21] Habertürk (Турция): почему слова Эрдогана так напугали Иран?, https://inosmi.ru/trend/karabach_autumn_2020/

[22] Полная версия интервью Никола Пашиняна изданию The Jerusalem Post, https://www.aravot-ru.am/2020/11/05/343381/

[23] Государство-член Совбеза ООН сорвало принятие заявления по вопросу Арцаха: Шаварш Кочарян, https://www.aravot-ru.am/2020/11/05/343454/  

[24] Послы Евросоюза и США встречаются с лидерами оппозиционных партий по-отдельности, https://tbilisi.media/main/90677-90677/

[25] О встрече в формате видеоконференцсвязи сенатора Российской Федерации Г.Б.Карасина со специальным представителем Премьер-министра Грузии З.Абашидзе, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4461581

[26] Украина и Турция подписали новое военное соглашение, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9742159

[27] Турция поддержала инициативу Украины по “крымской платформе”, https://ria.ru/20201202/krym-1587399715.html

[28] RFI — о резолюции Сената Франции по вопросу признания независимости Республики Арцах, https://www.aravot-ru.am/2020/11/25/345430/?fbclid=IwAR0IqPEygaBI163TaYmIGbnBvh3_avPvRwSxMAPQEv-xaIelYD-1jzuFXgI

[29] Полный текст Конституции 1958 года с изменениями, внесенными 23 июля 2008 года, https://www.conseil-constitutionnel.fr/sites/default/files/as/root/bank_mm/constitution/constitution_russe_version_aout2009.pdf

[30] Североатлантический договор, https://www.nato.int/cps/ru/natohq/official_texts_17120.htm

Telegram