Գեներալ Սոլեյմանիի սպանությունը. անցանկալի լարվածություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ վրեժ կլուծեն ԱՄՆ-ից: Վաշինգտոնում հետագա իրավիճակի ոչ մի սցենար չեն բացառել: REGST

Հունվարի 3-ին ԱՄՆ-ի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է Իրանի էլիտար ԶՈւ-ի (Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսում գործող Ալ-Ղոդս հատուկ նշանակության ուժեր) հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Հրթիռակոծության հրամանն արձակել է անձամբ Դոնալդ Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ու տարածաշրջանի այլ երկրներ վրեժ կլուծեն ԱՄՆ-ից:

Ի՞նչ է կատարվել

Երևանի ժամանակով 00:35-ին հայտնի է դարձել, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, որտեղ նաև ամերիկյան ռազմաբազաներն են տեղակայված, հզոր պայթյուններ են որոտացել:

Ավելի ուշ տեղեկություններ են հաղորդվել զոհերի մասին: Պենտագոնը հաստատել է Սոլեյմանիի սպանությունը: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Իրանի բարձրաստիճան զորահրամանատարը սպանվել է շարասյան վրա անօդաու թռչող սարքերի հարձակման հետևանքով:

Սոլեյմանիից բացի, զոհվել է նաև Իրաքում շիաական Ալ-Հաշդ աշ-Շահաբի աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մախդի ալ Մուխանդիսը: Զոհվել է ևս 5 հոգի, որոնցից 2-ը, ինչպես հաղորդվում է, հյուրեր են եղել:

Ինչո՞ւ՝ Սոլեյմանին

Ալ-Ղոդսը ԻՀՊԿ-ի ամենամարտունակ ստորաբաժանումներից է: Աղբյուրի հաղորդմամբ՝ այն ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Իրաքի զինված հակամարտություններին: Համարվում է, որ այս ստորաբաժանման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գեներալ Սոլեյմանիի հրամանատարական ունակություններով: Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ղոդսը (թարգմանաբար՝ Երուսաղեմ) ԻՀՊԿ-ի ամենագաղտնի՝ հիմնականում արտաքին ուղղվածություն ունեցող հատուկ ստորաբաժանումն է, որի բովանդակության մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է:

Դեռևս ապրիլին ԱՄՆ-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորուսը, ներառյալ նրա կազմում գործող Ալ-Ղոդս հատուկ նշանակության ուժերը, հայտարարել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:

Պենտագոնի տվյալներով՝ Սոլեյմանին ակտիվորեն մասնակցել է Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում ամերիկյան դիվանագետների վրա հարձակման ծրագրերի մշակման աշխատանքներին: ԱՄՆ-ը նաև իրանցի գեներալին էր վերագրել Բաղդադում ամերիկյան դեսպանատան դիմաց դեկտեմբերի 31-ին անցկացված բողոքի ակցիաների թույլտվության պատասխանատվությունը:

Պենտագոնը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը Իրանի կողմից հարձակումների հետագա ծրագրերի խափանմանն էր միտված:

Ի՞նչ է հայտնի ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույցից

2019թ. դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ ամերիկյան Ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի և Սիրիայի շիաական աշխարհազորայինների դիրքերի ռմբակոծության:

Վաշինգտոնը ցույցը համարել է կազմակերպված հարձակում և հայտարարել, որ դրա հետևում կանգնած են Իրանի դաշնակիցներն ու ահաբեկիչները: Դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով 100 հոգանոց ծովային հետևակ է ներգրավվել: Եվս 750 զինվորական առաջիկայում գործուղվելու է տարածաշրջան:

Ցույցը ցրելու նպատակով հունվարի 1-ին կիրառվել է արցունքաբեր գազ: Դեսպանատան կտուրն այրելու մտադրության մեջ մեղադրվող ցուցարարները նույն օրը երեկոյան հեռացել են դիվանագիտական ներկայացուցիչների թաղամասից:

Ինչպե՞ս է արձագանքել Իրանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ վրեժ կլուծեն Ամերիկայից: Նա նշել է, որ Սոլեյմանիի սպանությունը կրկնապատկում է Իրանի վճռականությունը՝ ԱՄՆ-ին դիմակայելու և իսլամական արժեքները պաշտպանելու հարցում:

Իրանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանին, ով ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը, կանչել է Թեհրան:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Սոլեյմանիի սպանությունը որակել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ: Նա հիշեցրել է, որ հենց գեներալ Սոլեյմանին է արդյունավետ պայքար մղել Իսլամական պետություն, Ջեբհաթ ան Նուսրա, Ալ-Քայիդա և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել:

Իրանի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում զանգվածային ցույցեր են հասունանում:

ԱՄՆ-ի մեկնաբանությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հրթիռակոծման մասին նախապես տեղեկացված չի եղել: Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը նշել է, որ նույնիսկ եթե հարվածները հասցված լինեն ինքնապաշտպանության շրջանակներում, դրանք չունեին Կոնգրեսի թույլտվությունը: Նախագահը պետք է հատուկ գործողությունից 48 ժամ առաջ տեղեկացնի Կոնգրեսին:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամերիկյան վարչակազմից պահանջել է անհապաղ տեղեկացնել հետագա գործողությունների մասին, որոնք իշխանությունները մտադիր են ձեռնարկել: Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կարծիքով՝ Թրամփը գործողությունների ռազմավարություն չունի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետա սրման դեպքում:

Թրամփի որոշմանը սատարել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լի Զելդինը (հանրապետական) և սենատոր Լինդսի Գրեհեմը:

Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը հայրենակիցներին կոչ է արել օպերատիվ կերպով լքել Իրաքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում գործողությունների հետագա զարգացման ոչ մի տարբերակ:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը համոզմունք է հայտնել, որ Իրանն անպայման կպատասխանի: Պետվարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն վստահեցրել է, որ Իրաքի ժողովուրդն ուրախ է Սոլեյմանիի սպանության համար:

Ինչպե՞ս է աշխարհն արձագանքել

ՀՀ արտգործնախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն: Հայտարարությունը՝ ստորև.

Իրաքի շիաական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մախդի ալ Մուխանդիսի սպանությունն Իրաքը գնահատել է որպես պետության նկատմամբ ագրեսիա: Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մախդին դատապարտել է նաև Սոլեյմանիի սպանությունը:

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սոլեյմանին հավատարմորեն ծառայել է Իրանի ազգային հետաքրքրությունների պաշտպանության գործին, և ցավակցություն է հայտնել: ՌԴ արտգործնախարարությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ի այս քայլը կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում լարվածության աճին:

Չինաստանի ԱԳՆ-ը բոլոր կողմերին, հատկապես՝ ԱՄՆ-ին, կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են հանգեցնել հետագա բացասական լարվածության:

Իսրայելի Պաշտպանության նախարար Նավթալի Բեննեթը արտահերթ ժողով է հրավիրել զինվորական ղեկավարության և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ՝ անվտանգության հարցերը քննարկելու: Այստեղ ԶՈւ-ը նաև պատրաստվածության բարձր մակարդակի է բերվել:

Եվրամիությունը կոչ է արել ցանկացած գնով կանգնեցնել լարվածության էսկալացիան:

Սպանությունների մասին լուրերի տարածմանը զուգահեռ՝ բարձրացել նավթի գինը:

Լրացում: 04.01.19, 22:24

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 2 հրթիռ է պայթել: Հաղորդվում է, որ հրթիռները պայթել են Իրաքի մայրաքաղաքի կանաչ գոտում՝ կառավարական շենքերի և դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.