Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջին անգամ Վրաստան է այցելում

Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առաջին անգամ պաշտոնապես այցելում է Վրաստան. հուլիսի 9-10-ը Սուբրամանյամ Ջայշանքարը Թբիլիսիում հանդիպելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հետ:

Հնդկաստանի ԱԳ նախարարը Վրաստանին է փոխանցելու միջնադարյան Քեթևան թագուհու մասունքները, ով վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին և համարվում է քրիստոնեական նահատակ: Հանդիսավոր արարողությունը կայանալու է Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարում (Սամեբա):

Վրաց արտաքին գերատեսչության հաղորդմամբ` Դելիի կողմից մասունքի փոխանցումն աննախադեպ որոշում է: Առկա կարգերի համաձայն` Հնդկաստանը չի դիտարկում այլ երկրին պատմական հուշարձանների և սրբությունների փոխանցում, որոնք հայտնաբերվել են իր տարածքում հնագիտական պեղումների ժամանակ:

Նշվում է, որ առկա բարյացկամ հարաբերություններից, փոխադարձ աջակցությունից և սերտ համագործակցությունից ելնելով` Հնդկաստանի վարչապետն աննախադեպ որոշում է ընդունել Քեթևան թագուհու մասունքները Վրաստանին հանձնելու վերաբերյալ:

Քեթևան Բագրատունին եղել է Կախեթի թագավորության թագուհին, ում 1614թ. գերեվարել է պարսից Աբաս 1-ին շահը: Սպահանում նրան թոռների` Ալեքսանդրի և Լևանի հետ նետել են զնդանը, որտեղ մնացել է 10 տարի: Պատմում են, որ շահը խոստացել է նրան Պարսկաստանի թագուհի կարգել, եթե իսլամ ընդունի: Չնայած տառապանքներին, թագուհին հավատքը չի ուրացել: 1624թ. սեպտեմբերի 13-ին Քեթևան թագուհուն այրել են:

Պորտուգալացի հոգևորականները, ովքեր ականատես են եղել թագուհու ողջակիզմանը, թաքուն վերցրել են նրա մասունքները: Գլուխը և աջ ձեռքն ուղարկել են Քեթևանի որդուն` Թեյմուրազ արքային, որոնք թաղվել են Ալավերդու եկեղեցում` 1723թ., սակայն հետագայում անհետացել են:

Նահատակ-թագուհու այլ մասունքներ տարվել են Վատիկան, Բելգիա, ինչպես նաև Գոայի Սուրբ Ավգուստինի տաճար (Հնդկաստան): 19-րդ դարի սկզբին վերջինս ավերվել է:

2013թ. Archeology հեղինակավոր պարբերականի լրագրողը հայտարարել է, որ Գոայի ավերակներում հայտնաբերված ոսկորները, ենթադրաբար, պատկանում են Քեթևան թագուհուն: ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ քարե սարկոֆագից գտնված ձեռքի ոսկորները կապ չունեն Հնդկաստանի հետ և ունեն վրացական ծագում:

2017թ. Քեթևանի մասունքներն արդեն բերվել են Վրաստան` մոտ կես տարի ցուցադրելով Սամեբայի վանքում: Մինչև վերջնական հանձնումը Վրաստանին` թագուհու մասունքները պահվել են Գոայի ազգային թանգարանում:

Միացեք մեր Telegram ալիքին

Պերսեպոլիսի մոտ հայտնաբերվել են Կյուրոս Մեծի դարպասները

Իրանաիտալական հնագիտական արշավախումբը 10 տարվա հետազոտություններից հետո ապացուցել է, որ «Պարդիս Պարսեի» դարպասները ստեղծվել են Աքեմենյանների արքայատոհմի հիմնադիր Կյուրոս Մեծի հրամանով:

Հետազոտողների կարծիքով` «Պարդիս Պարսեի» հանդիսավոր դարպասները շահագործման են հանձնվել Կյուրոս Մեծի որդու` Կամբյուսեսի օրոք: Իրանաիտալական հնագիտական արշավախումբը Պյեր Ֆրանչեսկոյի (Բոլոնիայի համալսարան) և Ալիռեզա Ասկարի Չավերդիի (Շիրազի համալսարան) ղեկավարությամբ 10 տարում (2010-2020թթ.) մեծ քանակությամբ հնագիտական վավերագրեր են հայտնաբերել:

Հայտնաբերված դարպասները գտնվում են Պերսեպոլսից 3 կմ հեռավորության վրա: Դարպասներն ունեցել են 30 մետր լայնություն, 40 մետր երկարություն և 12 մետր բարձրություն: Կառույցի կենտրոնում գտնվել է միջանցքը, որն իրենից ներկայացրել է ուղղանկունաձև սենյակ` 8×12 մետր չափերով: Ներսում 4 աթոռ է հայտնաբերվել: Կենտրոնական միջանցքը երկու կողմերից դուրս է եկել դեպի Աքեմենյանների կամպուս:

Ալիռեզա Չավերդին նշել է, որ պատմական վավերագրերը և կառույցի դիմերեսի հարդարման համար կիրառված շինանյութերը ցույց են տալիս, որ դարպասները կառուցվել են մ.թ.ա. 539 թվականին` Կյուրոս Մեծի հրամանով Բաբելոնը նվաճելու պատվին:

Նկարը` © IRNA \ Կյուրոս Մեծի դարպասները, հնագիտական պեղումներ

Միացեք մեր Telegram ալիքին

Մարդն էվոլյուցիայի ընթացքում կաթը մարսելը շատ արագ է յուրացրել

Կենտրոնական Եվրոպայում բնակչության 70-90%-ը հեշտությամբ է կաթը մարսում, իսկ չինացիների 90%-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդիկները չեն կարողանում կաթ խմել:

Նկար՝ © Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Հասուն տարիքում կաթը մարսելու ունակությունը դարերով փոխել է մարդկանց սննդակարգային սովորությունները և միջավայրը: Բայց թե երբ և ինչպես է այդ ընդունակությունը՝ «կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը», ձևավորվել ու ամրապնդվել, դեռևս վեճերի առարկա է:

Ուսումնասիրելով մ.թ.ա. մոտ 1200թ.՝ բրոնզե դարում, մարտերում զոհված մարդկանց ոսկորների գենետիկ նյութը՝ գիտնականների միջազգային խումբը ենթադրել է, որ կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը Կենտրոնական Եվրոպայում տարածվել է ընդամենը մի քանի հազար տարում. անհավատալի արագությամբ՝ եթե համեմատելու լինենք մարդու մոտ դիտարկվող էվոլյուցիոն փոփոխությունների հետ:

© Tollense Valley Project \ Տոլենսի մոտ զոհված զինվորների մնացորդները

Ճակատամարտը տեղի է ունեցել Տոլենս գետի ափին՝ Գերմանիայի ներկայիս տարածքում, և Եվրոպայի պատմության առաջին ամենախոշոր մարտերից է եղել: Մասնակցել է 4 հազար մարտիկ, որոնցից առնվազն հազարը զոհվել են: Չնայած մնացորդների տարիքին՝ հետազոտողները սեքվենավորել են ոսկորների որոշ մասերի ԴՆԹ-ն: Նրանք վերականգնել են զոհված տղամարդկանց համեմատաբար լիարժեք 14 գենոմ և հաստատել, որ նրանք բոլորն էլ նույնից պոպուլյացիայից կամ ցեղից են եղել:

Հաջողվել է հասկանալ, թե ինչ հաճախականությամբ է Եվրոպայի այդ հնագույն բնակիչների ԴՆԹ-ում հանդիպել LCT գենի մուտանտային տարբերակը: Պարզվել է, որ կաթնաշաքարը կարողացել է յուրացնել միայն յուրաքանչյուր 8-րդ մարտիկը, որը զոհվել է Տոլենս գետի ափին տեղի ունեցած կռվում: Դա ուշագրավ բացահայտում է համարվում, քանի որ այդ տարածքում հողագործների հասարակության ի հայտ գալուց արդեն 4 հազար տարի էր անցել:

© Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Միաժամանակ՝ գիտնականները հնարավորություն են ստացել համեմատել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների՝ 3200 տարի առաջ և այդ տարածքում դրանից հետո՝ ընդհուպ մինչև մեր օրերը բնակված մարդկանց տոկոսային հարաբերակցությունը: Ժամանակակից Գերմանիայում կաթնաշաքարի յուրացման խնդիր հանդիպում է բնակչության շուրջ 15%-ի մոտ: Հետազոտության համահեղինակ, Նյու Յորք նահանգի՝ Սթոնի-Բրուքում գտնվող համալսարանից Կրիշնա Վիրամայի խոսքով՝ Միջնադարյան Եվրոպայում բնակչության 60%-ը հասուն տարիքում կարողացել է կաթ խմել: Կենտրոնական Եվրոպայում ներկայումս գրեթե նույն ցուցանիշն է՝ 70-90%: Գիտնականը դա համարել է կաթի մարսումը կարգավորող գենի փոփոխության անհավատալի արագություն: Թվում՝ այն կրողները 6%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել ժառանգ ունենալու, քան՝ մյուս եվրոպացիները: Վիրամայի համոզմամբ՝ դա ամենավստահ ապացույցն է մարդկանց մոտ բնական դրական ընտրության:

Հետազոտության առաջատար հեղինակ Յոահիմ Բուրգերը ենթադրել է, թե ինչը կարող էր պայմանավորել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների էվոլյուցիոն առավելությունը: Նրա կարծիքով՝ քանի որ կաթը բարձր էներգետիկա ունեցող և համեմատաբար մաքուր ըմպելիք է, այն օգտագործելն ավելի շատ հավանականություն կարող էր ապահովել սննդի կամ խմելու ջրի անբավարարության ժամանակ:

Չնայած Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կաթի մեծ պահանջարկին՝ ներկայումս բնակչության գրեթե 2/3-ը շարունակում է չմարսել կաթնաշաքարը: Հասուն տարիքում կաթը դժվարությամբ են մարսում հասուն տարիքի չինացիների 90-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների 100%-ը:

Telegram

Advertisements

Օմո գետի հովիտը՝ մարդկության օրրաններից մեկը՝ Եթովպիայում

Աֆիկյան այս տարածաշրջանը ժամանակակից աշխարհի ազդեցությանը դեռ չի ենթարկվել՝ պահպանելով հնագույն ավանդույթները: Մարդն այստեղ քարե գործիքներով աշխատել է դեռ 200 հազար տարի առաջ:

Նկարը՝ © Ֆաուստո Պոդավինի \ Քարա ցեղի ներկայացուցիչը հավաքում է ադենիումի ծաղիկները

Եթովպիան հաճախ են անվանում «կենդանի թանգարան»: Ամբողջ երկրում պահպանվել են բազմաթիվ տարբեր ցեղեր ու ազգություններ, Օմո հետի հովտում՝ երկրի հարավ-արևմուտքում, այնպիսի բազմազանություն է, որը ոչ մի այլ վայրում չկա: Օմո-Թուրկանա ավազանում բնակվող 16 ցեղերից մեկի՝ Քարայի բնակավայրը Քորչոն է: Բոլոր ցեղերի մոտ առկա են դարերով պահպանված ավանդույթներ, մարմի զարդարման ու մշակութային ծեսեր: Օմոյի հովտում մարդը համարվում է հարուստ, եթե շատ տավար ունի: Տոներին տղամարդիկ իրենց մարմինը ներկում են կովի արյամբ ու խմում այն՝ ոգու բարձրացման համար:

Տղամարդիկ և կանայք իրենց մարմնի վերին հատվածներին վերք են անում՝ գեղեցկության և տվյալ ցեղին պատկանելիությունն ընդգծելու համար: Մուրսի ցեղի աղջիկներն իրենց ստորին շուրթին կավե թափօղակ են տեղադրում:

Պատմականորեն՝ ցեղերն այնքան երկար ժամանակ են գտնվել մեկուսացման մեջ, որ միայն վերջերս են իմացել, թե որ ազգությանն են պատկանում: Ադիս-Աբեբան նրանց համար այլ մոլորակ է: Օմոյի հովիտը հնագույն Աֆրիկան է, որտեղ ժամանակակից աշխարհը դեռ չի միջամտել:

Սակայն ժամանակակից աշխարհը մուտք է գործել Օմոյի կյանք՝ առանց առանձնահատուկ հրավերի: Եթովպիայի կառավարությունը գետի վերին հոսանքում կասկադ է կառուցում՝ 5 ամբարտակներով: Աշխատանքներն արդեն սկսել են ազդել հիդրոլոգիայի վրա: Ամբարտակների պատճառով տեղի չեն ունենում ամենամյա հեղեղումներ, որոնք ջուր էին մատակարարում դեպի արոտավայրերը և մշակահողերը: Այսպիսով՝ խախտվում է ցեղերի կյանքի բազմադարյա ներդրումը:

Օմոն անվանում են մարդկության օրրան: 40 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գետահովիտը հայտարարել է Համաշխարհային ժառանգություն՝ նշելով, որ տեղի հնագույն քարե գործիքները առաջին մարդկանց աշխատանքի ամենահին ապացույցներն են:

Մոտ կես դար առաջ Լեյլսի ճամբարի մոտակայքում հայտնաբերվել է նախնադարյան Homo sapiens-ի մնացորդներ՝ շուրջ 200 հազար տարեկան: Գտածոն ապացուցել է, որ Օմո գետի հովիտը հնագույն մարդկանց ամենահին բնակատեղին է եղել:

Հավելում. սա պարզապես փոքրիկ տեղեկություն՝ աշխարհի ուշագրավ անկյուններից մեկի մասին: Սակայն, հետաքրքրության դեպքում, արժե ավելի լավ ուսումնասիրել «մարդկության օրրաններից» մեկը՝ մարդկության պատմության մասին առավել շատ տեղեկություններ ստանալու համար:

Telegram

Թուրքիայում 8,5 միլիոն տարեկան ջայլամի ձու են գտել

Չանքըրըում մինչ օրս Չմշակված տարածքների ողնաշարային գտածոների հնավայրում հայտնաբերվել են շուրջ 30 տեսակի հնէաբանական նյութեր՝ փղի, ռնգեղջյուրի, ձիու, խոզի, ընձուղտի, այծի, եղջերուի, ոչխարի, թրատամ վագրի: Նույն վայրում վերջերս հայտնաբերվել է նաև 8,5 մլն տարվա ջայլամի ձու:

Չանքըրը-Յափրաքլը ճանապարհի հարևանությամբ գտնվող հնավայրը գործում է 1997թ.-ից: Մինչ օրս հայտնաբերված հնէաբանական նյութերը, որոնք հիմնականում վերաբերում են 8-9 մլն տարի առաջ այստեղ բնակված կենդանիների մնացորդներին, գիտնականների համար ուսումնասիրության առարկա են, բայց ոչ սենսացիոն:

Սակայն ջայլամի ձուն նրանց համար հետաքրքրական է նրանով, որ լեռնային այս տարածքները եղել են հիմնականում անտառային, հարուստ գետերով: Մինչդեռ ժամանակակից ջայլամների համար առավել նպաստավոր են տափաստանները:

Ադրբեջանում հայագիտությանը մեծ ուշադրություն կդարձնեն

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի (AIR Center) ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ Կենտրոնում ստեղծվելու է հայագիտության բաժին:

Նա նշել է, որ Ադրբեջանական գիտական շրջանակներում կա հայերենին տիրապետող երիտասարդ մասնագետների պահանջարկ: Նրա խոսքով՝ միայն մեկ երիտասարդ մասնագետ կա, որ հայերեն գիտի, իսկ ավելի բարձր տարիքի իմացողների թիվը 10-15 է:

Հայաստանյան իրավիճակին ծանոթանալու համար ադրբեջանցիները հիմնականում օգտվում են ռուսալեզու և անգլալեզու ռեսուրսներից, սակայն դրանցում առկա տեղեկատվությունը, ըստ Շաֆիևի, էականորեն տարբերվում է հայերեն բնագրերից:

Կենտրոնի ղեկավարն ընդգծել է արտասահմանյան վերլուծական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը: Այդ ուղղությամբ նախատեսվում են համատեղ միջոցառումներ, մտադիրն են հնարավորություն ընձեռնել օտարերկրյա փորձագետներին՝ հետազոտությունների համար ժամանելու Ադրբեջան:

Կենտրոնի ղեկավարը տեղեկացրել է, որ անցկացնելու են տարատեսակ դասընթացներ, ակտիվորեն աշխատելու են լրագրողների հետ, համացանցում հրապարակելու են ամենամսյա տեղեկագրեր:

Կենտրոնի գործունեության ակտիվացման և հատկապես հայագիտության անհրաժեշտությունը պայմանավորված է արևմտյան ակադեմիական շրջանակներում Ադրբեջանին և հատկապես Արցախյան հարցին վերաբերող «իրականությանը համապատասխանող» ուսումնասիրությունների սակավությամբ:

Շաֆիևին անհանգստացնում է հատկապես Արցախյան հարցի նկատմամբ օտարերկրացիների վերաբերմունքը. նա գտնում է, որ այդ հարցը հաճախ էմոցիոնալ դաշտում է դիտարկվում, մինչդեռ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ վերաբերմունքը «իրականության» հանդեպ փոխվի:

Այդ կապակցությամբ Կենտրոնում առաջնային ուշադրության են արժանանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բազմակողմ ուսումնասիրությունները՝ իրավական, տնտեսական, քաղաքական:

Եգիպտոսում 40 մումիաների դամբարան է գտնվել

1548363036_0_58_3072_1786_600x0_80_0_0_87e34a26a1c00c6d9c80cb2639e52119Եգիպտոսի կենտրոնական հատվածում գտնվող Էլ-Մինյա նահանգի Թունա Էլ-Գեբել շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարան։ Շարունակել կարդալ “Եգիպտոսում 40 մումիաների դամբարան է գտնվել”

Հիտլերի անհետացած նավատորմը՝ Թուրքիայի ափերի մոտ

328765_srcԹուրք ծովային ինժեներ եւ դայվեր Սելչուկ Քոլայը Սեւ ծովի հատակին հայտնաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների սուզանավեր Շարունակել կարդալ “Հիտլերի անհետացած նավատորմը՝ Թուրքիայի ափերի մոտ”