Ապացուցվել է, որ երկու լեզվի տիրապետող երեխաների ուղեղն ավելի արագ է զարգանում

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկլեզու (բիլինգվիստ, երկու լեզվի տիրապետող) երեխաներն այլ կերպ են զարգանում, քան նրանց` մեկ լեզվով խոսող հասակակիցները:

Երկլեզու երեխաների ծնողները հաճախ են անհանգստանում, որ իրենց երեխան կարող է զարգացման խնդիրներ ունենալ. հայտնի է, որ լեզվական ծանրաբեռնվածության պատճառով փոքրիկ երկլեզուներն ավելի ուշ են սկսում խոսել: Ամերիկացի կենսաբանների նոր հետազոտությունն ապացուցել է, որ անհանգստանալու առիթ չկա. զարգացման մակարդակով երկու լեզվով խոսող երեխայի ուղեղը գերազանցում է տարեկիցներին:

Փորձարկմանը ներգրավվել են 11-ամսական երեխաներ. համարվում է, որ հենց այդ տարիքում է սկսում ձևավորվել բիլինգվիզմը կամ մոնոլինգվիզմը: Նրանց մի մասը դաստիարակվել է անգլալեզու ընտանիքում, մյուս մասը` խառը (իսպանաամերիկյան):

Նրանց ուղեղային գործունեության գնահատման նպատակով գիտնականները կիրառել են մագնիսական էնցելոգրաֆիա. մեթոդ, որը թույլ է տալիս հնարավորինս հստակ որոշել ուղեղի այս կամ այն գոտու ակտիվությունը: Երեխաներին առաջարկել են լսել տարբեր ձայների 18 րոպեանոց ձայնագրություն, որոնց մեջ հստակ առանձնացել են անգլերեն կամ իսպաներեն հնչույթները:

Պարզվել է, որ խառը ընտանիքների երեխաներն ավելի լավ ու արագ են ճանաչում լեզվական հնչույթները, ընդ որում` հավասարապես անգլերեն ու իսպաներեն: Բացի այդ` երկլեզուների մոտ սարքավորումն ուղեղային կեղևի մերձճակատային հատվածի արտասովոր ուժեղ ակտիվություն է արձանագրել: Այդ գոտին պատասխանատու է օրգանիզմի գործունեության համար. խոսքի սահունություն, արագ պլանավորում, ինքնատիրապետում, փոփոխություններին հարմարվողականություն: Դա նշանակում է, որ արդեն վաղ տարիքում երկու լեզվի ուսումնասիրությունը զարգացնում է ոչ միայն լեզվական հմտությունները, այլև անձնական հատկանիշները:

Մարդն էվոլյուցիայի ընթացքում կաթը մարսելը շատ արագ է յուրացրել

Կենտրոնական Եվրոպայում բնակչության 70-90%-ը հեշտությամբ է կաթը մարսում, իսկ չինացիների 90%-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդիկները չեն կարողանում կաթ խմել:

Նկար՝ © Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Հասուն տարիքում կաթը մարսելու ունակությունը դարերով փոխել է մարդկանց սննդակարգային սովորությունները և միջավայրը: Բայց թե երբ և ինչպես է այդ ընդունակությունը՝ «կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը», ձևավորվել ու ամրապնդվել, դեռևս վեճերի առարկա է:

Ուսումնասիրելով մ.թ.ա. մոտ 1200թ.՝ բրոնզե դարում, մարտերում զոհված մարդկանց ոսկորների գենետիկ նյութը՝ գիտնականների միջազգային խումբը ենթադրել է, որ կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականությունը Կենտրոնական Եվրոպայում տարածվել է ընդամենը մի քանի հազար տարում. անհավատալի արագությամբ՝ եթե համեմատելու լինենք մարդու մոտ դիտարկվող էվոլյուցիոն փոփոխությունների հետ:

© Tollense Valley Project \ Տոլենսի մոտ զոհված զինվորների մնացորդները

Ճակատամարտը տեղի է ունեցել Տոլենս գետի ափին՝ Գերմանիայի ներկայիս տարածքում, և Եվրոպայի պատմության առաջին ամենախոշոր մարտերից է եղել: Մասնակցել է 4 հազար մարտիկ, որոնցից առնվազն հազարը զոհվել են: Չնայած մնացորդների տարիքին՝ հետազոտողները սեքվենավորել են ոսկորների որոշ մասերի ԴՆԹ-ն: Նրանք վերականգնել են զոհված տղամարդկանց համեմատաբար լիարժեք 14 գենոմ և հաստատել, որ նրանք բոլորն էլ նույնից պոպուլյացիայից կամ ցեղից են եղել:

Հաջողվել է հասկանալ, թե ինչ հաճախականությամբ է Եվրոպայի այդ հնագույն բնակիչների ԴՆԹ-ում հանդիպել LCT գենի մուտանտային տարբերակը: Պարզվել է, որ կաթնաշաքարը կարողացել է յուրացնել միայն յուրաքանչյուր 8-րդ մարտիկը, որը զոհվել է Տոլենս գետի ափին տեղի ունեցած կռվում: Դա ուշագրավ բացահայտում է համարվում, քանի որ այդ տարածքում հողագործների հասարակության ի հայտ գալուց արդեն 4 հազար տարի էր անցել:

© Wikimedia Commons \ Կաթնաշաքարը դժվարությամբ մարսողների տոկոսային հարաբերակցությունը

Միաժամանակ՝ գիտնականները հնարավորություն են ստացել համեմատել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների՝ 3200 տարի առաջ և այդ տարածքում դրանից հետո՝ ընդհուպ մինչև մեր օրերը բնակված մարդկանց տոկոսային հարաբերակցությունը: Ժամանակակից Գերմանիայում կաթնաշաքարի յուրացման խնդիր հանդիպում է բնակչության շուրջ 15%-ի մոտ: Հետազոտության համահեղինակ, Նյու Յորք նահանգի՝ Սթոնի-Բրուքում գտնվող համալսարանից Կրիշնա Վիրամայի խոսքով՝ Միջնադարյան Եվրոպայում բնակչության 60%-ը հասուն տարիքում կարողացել է կաթ խմել: Կենտրոնական Եվրոպայում ներկայումս գրեթե նույն ցուցանիշն է՝ 70-90%: Գիտնականը դա համարել է կաթի մարսումը կարգավորող գենի փոփոխության անհավատալի արագություն: Թվում՝ այն կրողները 6%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել ժառանգ ունենալու, քան՝ մյուս եվրոպացիները: Վիրամայի համոզմամբ՝ դա ամենավստահ ապացույցն է մարդկանց մոտ բնական դրական ընտրության:

Հետազոտության առաջատար հեղինակ Յոահիմ Բուրգերը ենթադրել է, թե ինչը կարող էր պայմանավորել կաթնաշաքարի նկատմամբ հանդուրժողականություն ունեցողների էվոլյուցիոն առավելությունը: Նրա կարծիքով՝ քանի որ կաթը բարձր էներգետիկա ունեցող և համեմատաբար մաքուր ըմպելիք է, այն օգտագործելն ավելի շատ հավանականություն կարող էր ապահովել սննդի կամ խմելու ջրի անբավարարության ժամանակ:

Չնայած Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կաթի մեծ պահանջարկին՝ ներկայումս բնակչության գրեթե 2/3-ը շարունակում է չմարսել կաթնաշաքարը: Հասուն տարիքում կաթը դժվարությամբ են մարսում հասուն տարիքի չինացիների 90-ը և Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների 100%-ը:

Telegram

Advertisements

Մամոնտների վերացման պատճառը մոտ հարազատների զուգավորումն է

«Ինցեստի» հետևանքով յուրաքանչյուր սերնդում մամոնտների առողջությունը նվազել է, և մի օր նրանք արդեն ի վիճակի չեն եղել դիմանալու վնասակար շրջակա միջավայրին:

Նկարը՝ © Mauricio Antón, 2008 Public Library of Science: Բրդոտ մամոնտներ:

Գիտնականները մոտեցել են այն հարցի պատասխանին, թե ինչո՞ւ են մահացել վերջին մամոնտները: Բնակվելով սահմանափակ տարածքում՝ նրանք խաչասերվել են մոտ հարազատների հետ, ինչը հանգեցրել է տեսակի այլասերմանը:

Հետազոտությունն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը՝ բրդոտ մամոնտի գենոմի հիման վրա (Mammuthus primigenius): Հետազոտվել են 45 հազար տարի առաջ Սիբիրի հյուսիս-արևելյան շրջաններում բնակված մամոնտի ԴՆԹ-ն, ինչպես նաև Վրանգելի կղզուց վերցված 4300-ամյա նմուշները: Երկու դեպքում էլ գիտնականներին հաջողվել է առանձնացնել կենդանիների ԴՆԹ-ի գրեթե ամբողջ էական մասը, ինչն առավելագույնս լիարժեք պատկեր է տրամադրել:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերացման վտանգը մամոնտներին վերջին 300 հազար տարում սպառնացել է առնվազն անգամ: Mammuthus primigenius-ի պոպուլյացիան էականորեն նվազել է պլեստոցենի կեսերին կամ սկզբում՝ շուրջ 250-300 հազար տարի առաջ: Պատճառները դեռևս հայտնի չեն, իսկ կենդանիները կարողացել են այն հաղթահարել: Սակայն դրան հաջորդած սառցակալումը վերջնականապես խթանել է մամոնտների թվի կրճատումը, և սառցե դարաշրջանի ավարտին՝ 12 հազար տարի առաջ, քանակության նվազման միտումն արդեն անհնար էր դադարեցնել:

Վրանգելի կղզու մամոնտները՝ մոլորակի վրա այդ տեսակի վերջին ներկայացուցիչները, 6000 տարի ավելի են ապրել, քան՝ մայրցամաքայինները: ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց գենոմը տարբերվում է ծայրահեղ ցածր ժառանգական փոփոխականությամբ: Նման երևույթը բնորոշ է վերացող պոպուլյացիային, որտեղ հարազատները միմյանց հետ են զուգավորվում:

Գիտական աշխատության արդյունքը «կղզային» մամոնտների վերջին ներկայացուցիչների անհետացման պատճառները հասկանալն է: Ուսումնասիրված ԴՆԹ-ներում հայրական և մայրական հատվածները շատ քիչ են տարբերվել, այսինքն՝ կենդանու ծնողները գենետիկորեն միմյանց մոտ հարազատներ են եղել: Դրա պատճառ է համարվում մեկուսացված ոչ մեծ տարածքում գոյատևումը: «Ինցեստը» կամ «ինբրիդինգը» (մոտ հարազատների զուգավորում) հանգեցնում է գենետիկ մուտացիայի: Յուրաքանչյուր սերնդում մամոնտների առողջությունը նվազել է, և մի օր նրանք արդեն ի վիճակի չեն եղել դիմանալու վնասակար շրջակա միջավայրին:

Միևնույն ժամանակ՝ հնագույն մամոնտի գենետիկ բազմազանությունը բավականին ընդարձակ է, այնպես որ՝ գիտնականների առաջ դեռևս խնդիր է դրված՝ հասկանալ այդ տեսակի թվաքանակի կրճատման առաջին փուլի պատճառները:

Telegram

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի 2019թ. գիտական գործունեության արդյունքները

Նկարը՝ Armland.am-ի

Դալար գետի ձորի Աղվերան և Արզական գյուղերի միջև, հայտնաբերվել է գիտության համար նոր բուսատեսակ, ներկայացվել է առաջարկ՝ Սևանա լճում խեցգետնի որսն արգելելու վերաբերյալ և մի շարք այլ գիտական աշխատանքներ՝ Հայաստանում:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2019թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները, որոնք ընդհանրական կերպով ներկայացնում ենք ստորև:

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

Սելեկցիայի մեթոդով ընտրվել են կաթնաթթվային բակտերիաների պրոբիոտիկ շտամներ` նոր կաթնաթթվային մթերքների ստեղծման համար: Մշակվել և արտոնագրվել է բուսական հումքի թափոններից բարձր ելքով և մաքրությամբ ջրալույծ մելանինի ստացման  արդյունավետ տեխնոլոգիա:

Պարզվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքանմուշներից պղնձի մանրէաբանական կորզման գործընթացի օպտիմալ պայմանները: Կենսատարրալուծման գործընթացի փորձարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ պղնձի կենսակորզումը ցածրորակ հանքաքարից կարելի է արդյունավետորեն իրականացնել «Կաշեն» ադապտացված կուլտուրայի կիրառմամբ:

Կատարվել է ՄԱԿ-ում պահպանվող մանրէների կուլտուրաների հավաքածուի շուրջ 2000 հեռանկարային շտամերի անձնագրային տվյալների ամփոփում և գնահատում: Շարունակվում է մի շարք օպտիկապես ակտիվ, բժշկական, դեղագործական և ախտորոշիչ նշանակություն ունեցող ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրությունը և իրացումը եվրոպական շուկայում: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է շուրջ 2,5 տ «Էկոբիոֆիդ» և «Էկոբիոֆիդ+» կենսապարարտանյութ, որն իրացվում է Հանրապետության տարբեր ֆերմաներում: Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային արտադրանքի մեջ որպես բնական համային հավելանյութեր օգտագործվող պտղամրգային օշարակների արտադրությունը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Աֆրիկյան ժանտախտի վիրուսով խոզերի վարակի հնարավոր աղբյուրներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրվել են վիրուսի գոյատևման պայմանները տզրուկների օրգանիզմում, ինչը վկայում է, որ դրանք կարող են հանդիսանալ տվյալ վիրուսի հնարավոր պահեստարան: ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգու գենետիկական ռեսուրսների մոլեկուլային նույնականացման և փաստագրման VITIS տվյալներն ինտեգրվել են եվրոպական տվյալների շտեմարան՝ ապահովելով խաղողի հայկական սորտերի մասին տեղեկատվության լայն հասանելիություն:

Մշակվել է դեղերի վերաթիրախավորման կենսաինֆորմատիկական ալգորիթմ, որը ֆունկցիոնալ կլաստերների էքսպրեսիայի փոփոխությունների հիման վրա թույլ է տալիս արդեն իսկ գրանցված դեղերի համար բացահայտել նոր նշանակումներ:

Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

Հետազոտվել է գալարմինի և դրա անալոգների կենսաբանական ակտիվությունը մոլեկուլային դոկինգի մեթոդով: Պրոլինով պեպտիդների կենսաբանական ակտիվության մեխանիզմների բացահայտման նպատակով ուսումնասիրվել է դրանց փոխազդեցությունը մկան և մարդու ռեցեպտորների հետ: Պրոլինով հարուստ պեպտիդների դոկինգները շատ ուժեղ փոխազդեցություն են դրսևորում, որը վկայում է հետազոտվող նյութերի բարձր կենսաբանական ակտիվության մասին:

Բացահայտվել է պաթոգեն սնկերի առկայության որոշման հնարավորությունը լեկտին սենսիբիլիզացված անիզոտրոպ արծաթի նանոմասնիկների  օգտագործմամբ: Փորձարկվում են տարբեր ածխաջրային սպեցիֆիկությամբ օժտված լեկտիններ մեթոդի մաքսիմալ զգայնության և սպեցիֆիկության համար:

Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Հաշվետու ժամանակահատվածում խոյերի իմունիզացիայի արդյունքում կատարվել է օձի թույնի դեմ հակաթույնի ստացում, ինչպես նաև շիճուկի էֆեկտիվության գնահատում մի շարք փորձարարական մոտեցումների միջոցով, և դրա արդյունավետության գնահատումը միջազգային և Հայաստանի բուժհիմնարկություններում: Ամբողջովին մշակվել և ներդրվել է առնետների մոտ գյուրզայի թույնի ներուղեղային ներարկման միջոցով հեմորագիկ ինսուլտի մոդելավորման մեթոդը:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Մշակվել է շրջակա միջավայրի բաղադրիչների ցածր ակտիվությամբ նմուշների գամմա-սպեկտրաչափական միջլաբորատոր ծրագիր՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու հեռանկարով: ՀՀ տարածքում ստեղծված ռադիոէկոլոգիական մոնիթորինգի ցանցը 2019թ. ներառվել է Ring of Five ռադիոակտիվ աղտոտիչների մոնիթորինգի եվրոպական ցանց:

Շարունակվել են սննդամթերքում քիմիական վտանգների և դրանցով պայմանավորված ռիսկի գնահատման աշխատանքները: Իրացվող հավի, ձկան և մեղրի մեջ հայտնաբերված հակամանրէային նյութերի ներազդեցությամբ պայմանավորված առողջական ռիսկը գտնվել է թույլատրելի տիրույթում: Սննդակարգային ուսումնասիրությունների շրջանակում ստեղծվել է կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի սպառման վերաբերյալ տվյալների հենք՝ քիմիական վտանգներով պայմանավորված առողջական ռիսկի գնահատման համար:

ՀՀ բնական արոտների և խոտհարքների հետազոտությունների արդյունքում ստեղծվել է տվյալների բազա՝ մոդելային տարածքների արդյունավետության, բուսածածկի կազմի, էներգետիկ-սննդային արժեքի, հողերում հիմնական մակրոտարրերի վերաբերյալ: Տվյալների վիճակագրական վելուծությունը և բազմագործոն ռեգրեսիոն մոդելների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել կերահանդակների արդյունավետության հետագա փոփոխությունների կանխատեսումներ:

Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

Սևանա լճում ջրային ֆլորայի և բուսականության ուսումնասիրության նպատակով կատարվել են ջրասուզակային աշխատանքներ, որոնց արդյունքում 7 մետր խորությունից հայտնաբերվել է Հայաստանի ֆլորայի համար նոր Ruppiaceae ընտանիքին և նոր Ruppia ցեղին  պատկանող Ruppia maritima տեսակը:

Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների արդյունքում Կոտայքի մարզում՝ Դալար գետի ձորի Աղվերան և Արզական գյուղերի միջև, հայտնաբերվել է գիտության համար նոր տեսակ՝ Սզնի Գրեգորյանի:

Երևանի և Դարալեգիսի ֆլորիստիկ շրջաններից նախկինում արված հավաքների հիման վրա Հայաստանի ֆլորայի համար հայտնաբերվել է նոր Tanacetum uniflorum տեսակը: Գերմանիայի Կասելի համալսարանի և Նովոսիբիրսկի բուսաբանական այգու մասնագետների հետ համատեղ կատարվել են Հայաստանի համար հազվագյուտ Suaeda heterophylla տեսակի կարգաբանական ուսումնասիրություններ: Հետազոտության արդյունքում հաստատվել է S. heterophylla տեսակի տարածվածությունը Հայաստանում (Արարատի աղակալած ճահիճներ), որի գոյությունը Անդրկովկասում նախկինում կասկածի տակ էր գտնվում:

Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել և հողային ու անհող մշակույթների պայմաններում ուսումնասիրվել մոլորակի սննդանյութերով առավել հարուստ բույսերից մեկը՝ յուղատու մորինգան: Այն հայտնի է նաև որպես դեղաբույս և «գերսնունդ»: Հիդրոպոնիկական պայմաններում բացահայտվել է այդ բույսի բարձր արդյունավետությունը: Ռադիոքիմիական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան դաշտում /Հայկական ԱԷԿ-ի տեխնածին ազդեցության 30 կմ շառավղով գոտի/, անկախ աճեցման պայմաններից, մի շարք դեղաբույսերի և բանջարաբույսերի բուսահումքը ռադիոէկոլոգիապես անվտանգ է՝ ըստ գումարային β-ռադիոակտիվության:

Առաջին անգամ կառուցվել և փորձարկվել են ուղղաձիգ աէրոպոնիկ և խորը ջրային  հիդրոպոնիկ մոդուլներ, որտեղ աճեցվել են մի շարք տերևային բանջարեղեն: Համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով համագործակցության պայմանագրեր են կնքվել Իրանի անհող ասոցիացիայի և Ռաֆսանջանի համալսարանի հետ: 

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

Ուսումնասիրվել են Սևանա լճում վերջին տարիներին տարածում ստացած «ծաղկման» երևույթները, ինչի պատճառը համակեցությունում ջրիմուռների բուռն զարգացումն է, որը խիստ բացասաբար է անդրադարձել լճի հիդրոբիոնտների կենսապայմանների վրա:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրի շրջանակներում իրականացվել են Սևանա լճի ձկան և խեցգետնի պաշարների գնահատման աշխատանքներ: Լճում արդյունագործական չափերի խեցգետինների կենսազանգվածը կտրուկ նվազել է. այն 11 անգամ պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Վերջինս մի շարք գործոնների համատեղ ազդեցության արդյունք է, դրանցից են խեցգետնի պաշարների վատ կառավարումը և պոպուլյացիայում ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդության առկայությունը: Նախարարությանը ներկայացվել է առաջարկ Սևանա լճում խեցգետնի որսն արգելելու վերաբերյալ:

Գնահատվել են Սևանա լճի ձկնային պաշարները: Նախորդ տարվա համեմատ դիտվել է սիգի ընդհանուր պաշարների նվազում՝ մոտ 9,5 %-ով:  2019թ. ձկան պաշարները պելագիալում հասել են 2668 տ-ի:

Ուսումնասիրվել է ծառայողական և որսորդական շների իքսոդային տզերի ակտիվությունը, տզակալության աստիճանը, տեսակային կազմը: Մակաբույծ և վիրուսակիր նեմատոդների հայտնաբերման և ուսումնասիրության նպատակով հետազոտվել են ավելի քան 40 պտղատու և դեկորատիվ բուսատեսակներ:

Վաղ բրոնզեդարյան Շենգավիթ, Ուրարտական քաղաքներ Էրեբունի և Թեյշեբաինի, անտիկ բնակավայր Ավան հնագիտական հուշարձանների պեղումներից ստացված ֆաունիստիկ նյութերից մշակվել և տեսակներ են որոշվել 5000–ից ավելի ոսկրային մնացորդների համար:

Հավելյալ տեղեկություն

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:

2019թ. բաժանմունքի կողմից կազմակերպվել է մարդու գենոմի ուսումնասիրության հեռանկարներին նվիրված կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության հետ այդ ծրագրի քննարկման արդյունքները: ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է Երևանի բուսաբանական այգու բարեկարգման վերաբերյալ հուշագիր:

Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպություններն անցկացրել են հանրապետական և միջազգային 9 միջոցառում, այդ թվում` ուսուցողական սեմինարներ, գիտաժողովներ, գիտարշավներ, որոնց մասնակցել է 642 մարդ (83-ն արտերկրից): Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 306 հոդված (202-ն արտասահմանում), 182 թեզիս (112-ն արտասահմանում), 3 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ և ստացել է 4 արտոնագիր: Բաժանմունքի 5 մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 12 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն:

Բաժանորդագրվեք նաև մեր Telegram ալիքին