Ռուսաստանի ՊՆ-ն Կովկասի կայազորերում նոր զինատեսակներ է ցուցադրելու

Ռուսական կովկասյան 58-րդ համազորային բանակի ռազմական կայազորերում օգոստոսին կայանալիք «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում առաջին անգամ ներկայացվելու են նորագույն զինատեսակներ ու ռազմական տեխնիկայի նմուշներ:

Հաղորդվում է, որ ֆորումի զանգվածային միջոցառումներն ընթանալու են Վլադիկավկազում, Գրոզնիում, Նալչիկում, ինգուշական Տրոիցկոյե բնակավայրում, Հարավային Օսիայում` Ցխինվալի ռազմաբազայում, ինչպես նաև դաղստանյան Կասպիյսկ քաղաքում: Այցելուներին ներկայացվելու են ժամանակակից զինատեսակների ու ռազմական տեխնիկայի ավելի քան հազար նմուշներ, որոնցով համալրված են Հարավային ռազմական շրջանի 58-րդ բանակի միավորումներն ու զորամասերը:

Ինչպես նշվում է, ցուցադրվելու են ԱԿ-12 ինքնաձիգեր, «Վալ» դիպուկահար անձայն ինքնաձիգեր, Յարիգինի ատրճանակներ, Տ-90 և Տ-72Բ3 տանկեր, ծանր հրանետային ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Լինզա» բժշկական զրահամեքենաներ, Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր» և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռներ և այլ տեխնիկա:

Օգոստոսի 26-28-ն անցկացվելիք «Բանակ-2021» միջազգային ֆորումի կազմակերպման համար ներգրավվել են ՀՌՕ-ի շուրջ 2 հազար զինծառայողներ: Միջոցառման շրջանակներում գործարկվելու են ռազմական շրջանի շուրջ 300 միավոր ժամանակակից ռազմական և հատուկ տեխնիկա, 20 նավեր, ՀՕՊ և ՌԾՈՒ մոտ 70 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան:

Միացեք մեր Telegram ալիքին

Թուրքերն իրենց ուսումնական անօդաչուն կամիկաձե են դարձրել

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն իր Şimşek (Շիմշեք) ուսումնավարժական անօդաչու թռչող սարքի հիման վրա ստեղծել է անօդաչու-կամիկաձե, որը հնարավոր է արձակել այլ անօդաչուից:

Şimşek-ները հայտնվել են 2009թ.: Դրանց խնդիրն է եղել խաղարկել մեծ արագությամբ թռչող թիրախներ` հակաօդային պաշտպանության վերգետնյա և ծովային համակարգերի, ինչպես նաև «երկինք-երկինք» դասի հրթիռների փորձարկումների համար: Անօդաչուի արագությունը կարող է հասնել 740 կմ/ժ-ի, թռչում են 305-4572 մ բարձրության վրա: Թեև սկզբնապես Şimşek-ն արձակել են կատապուլտից և միայն փորձարկումների համար, նախորդ տարի դրանք ներդաշնակեցվել են ինքնաթիռատիպ Anka անօդաչուի հետ` մարտական գործողություններին մասնակցելու նպատակով:

TAI-ի գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը վերջերս հայտարարել է, որ Şimşek-ը դարձել է հարվածային: Այն կարող է կրել 5 կգ-անոց պայթուցիչ, իսկ անօդաչուից արձակման դեպքում նրա թռիչքը կազմում է 100-120 կմ: Նոր մոդիֆիկացիայի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել, սակայն նշվել է, որ դրանք արդեն պատրաստ են շահագործման:

Հաղորդվում է, որ թուրքական անօդաչու-կամիկաձեն դեռ համարժեք չէ հարվածային սպառազինությանը, օրինակ, իսրայելական հետախուզահարվածային Harop-ին (Հարոպ): Սակայն քանի որ ի սկզբանե նախագծվել է օդանավի կառուցվածքով, այդ պատճառով նրա արագությունն ու մանևրելու ունակությունները բարձր են, քան հարվածային սպառազինությանը: Şimşek-ները նաև ավելի մատչելի են, դրանց արտադրությունն ավելի հեշտ է:

Harop-ը և մյուս հարվածայինները խոշոր են, կիրառության ավելի լայն տիրույթ ունեն և ավելի մեծ պայթուցիչ կարող են կրել: Իսկ Şimşek-ը դեռևս չունի օպտիկական ընդունիչներ կամ տվյալների փոխանցման աղբյուրներ, որոնք նրան թույլ կտային կենտրոնանալ թիրախի վրա: Դրանք նաև հնարավոր չէ հեռակառավարել: Նշվում է, որ նշված սարքավորումներով հագենալու դեպքում անօդաչուի թռիչքային հնարավորությունները կարող են նվազել, արժեքը` բարձրանալ:

Միացեք մեր Telegram ալիքին

«Բուկ-Մ3»-ն ապացուցել է լեռներում ԱԹՍ խոցելու ունակությունը

«Բուկ-Մ3 (“Бук-М3”) նորագույն զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ) հաստատել է բարձրլեռնային տեղանքում անօդաչուների ոչնչացման ունակությունը:

«Բուկ-Մ3»-ը փորձարկվել է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների կողմից` Հյուսիսային Օսիայում: Ռազմատեխնիկան ապացուցել է, որ կարող է բարձրլեռնային պայմաններում անօդաչու թռչող սարքերը խոցել նույնիսկ ինտենսիվ ռադիոխոչընդոտների առկայության դեպքում:

Նորագույն «Բուկ» ԶՀՀ-ն հատուկ պահոցներում կրում է զենիթային 6 հրթիռներ` ի տարբերություն «Բուկ-Մ2»-ի 4 հատի: Բացի այդ` համալիրի սպառազինություն է ընդունվել բարձր արագությամբ 9Մ317Մ (9М317М) հրթիռը, որն օժտված է ինքնանշանառմամբ: Այն կարող է կարող է որսալ մեծ արագությամբ ընթացքող օդային թիրախները` մինչև 30 կմ հեռավորության վրա կամ նույնիսկ «հորիզոնից այն կողմ»: Սա թույլ է տալիս թիրախին նշանառել հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման (ՀՌՏՀ) ինքնաթիռների, կործանիչների կամ ցանկացած այլ տեսակի օդային հետախույզների, այդ թվում` ԱԹՍ-ների օգնությամբ:

Հաղորդվում է, որ մեկ ԶՀՀ-ն կարող է միաժամանակ կրակ վարել 2,5-70 կմ հեռավորության վրա գտնվող, մինչև 3 կմ/վ արագությամբ թռչող մինչև 4 թիրախի, մեկ դիվիզիոնը` 36 թիրախի ուղղությամբ: Խոցման հավանականությունն առնվազն 0,95-0,97 է:

«Բուկ-Մ3»-ը չորրորդ սերնդի միջին հեռահարությամբ ՀՕՊ համալիր է: Նախատեսված է մանևրող աերոդինամիկ թիրախների դեմ պայքարի, ռադիոկոնտրաստային վերգետնյա թիրախների և ստորջրյա թիրախների խոցման համար: Կարող է գործել ինչպես ինտենսիվ կրակի, այնպես էլ` ռադիոէլեկտրոնային դիմակայության պայմաններում:

2020թ. դրությամբ «Բուկ-Մ3»-ն առկա է միայն Ռուսաստանի Դաշնության զինանոցում` առնվազն 60 միավոր:

Նկարը` © MilitaryRussia

Միացեք մեր Telegram ալիքին

Վարչապետին «Իսկանդերի» մասին ճիշտ չեն զեկուցել. խոսնակ (թարմացված)

«Կասկած չի հարուցում, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

Ընդգծվում է. «Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»:

Թարմացված. Կրեմլը արձագանքել է «Իսկանդերի» վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը. Պեսկովի խոսքով` «կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց»:

Նկարը` © Sergei Orlov/RIA Novosti

Միացեք մեր Telegram ալիքին

Բելգիացի փորձագետը` Ադրբեջանի կողմից դրոնների երամի կիրառման մասին

Բելգիական The Bulletin պարբերականում հրապարակվել է փորձագետ Մաաիկե Վերբրյուգենի հետազոտությունը, որտեղ ժամանակակից պատերազմներում դրոնների կիրառման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում անօդաչու թռչող սարքերի դերին:

Վերբրյուգենը նշել է, որ 2020թ. աշունն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպիսին կարող են լինել ապագա պատերազմները: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, Բրյուսելի համալսարանի աշխատակցի խոսքով, լավագույն ցույց տվեց, թե հաջորդ բախումներն ինչ ընթացք են ունենալու:

Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը հարձակում է իրականացրել անօդաչուների երամ օգնությամբ, երբ երկնքում միաժամանակ մի քանի հարվածային-հետախուզական դրոններ են գտնվել. դրանց մի մասը հարվածել է հայկական դիրքերին: Բելգիացի փորձագետի խոսքով` դրոնների երամի այդօրինակ կիրառությունն ընդհանուր առմամբ մարտական գործողության վարում չէր համարվում, սակայն Ադրբեջանը նորույթ է ցուցադրել:

Ֆերբրյուգենը շեշտում է, որ դրոնների երամի կիրառությունը բարձր արդյունավետություն կարող է ապահովել միայն այն դեպքում, եթե երամը կառավարվում է արհեստական բանականությամբ:

Փորձագետն ընդգծում է, որ չնայած դեռ չի ստեղծվել լիովին ինքնավար երամների համակարգ, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է անհանգստանալ հումանիտար հետևանքների համար: Բելգիացի մասնագետի կարծիքով` անհրաժեշտ է սահմանել դրոնների երամների կիրառության սահմանները, իսկ զինվորականները պետք է ուշադրություն դարձնեն դրանց դեմ պայքարի մեթոդներին:

Մաաիկե Ֆերբրյուգենի խոսքով` անհնար է պատկերացնել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի երամների զանգվածային կիրառության դեպքում:

Միացեք մեր Telegram ալիքին

Տեսանյութ. Հնդկական ՌՏԿ-ն բեռնվում է ինքնաթիռը. ասում են` Հայաստանի համար է

Ուշագրավ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է հրետանային դիրքերի հայտնաբերման վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանքը` հնդկական Swathi Weapon Locating Radar (WLR)-ը, բեռնվում ռուսական օդատիեզերական ուժերի Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Հաղորդվում է, որ նշված տեխնիկան նախատեսված է Հայաստանի համար և այն ՀՀ-ի կողմից ձեռք է բերվել մրցույթի միջոցով, որին մասնակցել են նաև ռուսական և լեհական նույնատիպ ռադիոտեղորոշիչ կայանքներ:

Swathi WLR-ն ունի ֆազավորված ալեհավաքային ցանց (ՖԱՑ), որն աշխատում է C տիրույթում և ապահովում է հակառակորդի կրակակետերի գտնվելու վայրի արագ և հստակ, ինքնաշխատ (ավտոմատ) տեղորոշում: Կարող է աշխատել միաժամանակ մի քանի (մինչև 7) արկերով, որոնք արձակված կլինեն տարբեր զինատեսակներից ու տարբեր ուղղություններից: Համակարգի համար տեսանելի տիրույթը 90 աստիճան է:

Հաղորդվում է, որ 81 մմ և ավելի մեծ տրամաչափի ականանետերը կայանքը կարող է հայտնաբերել մինչև 20 կմ հեռավորությունից, 105 մմ և ավելի մեծ տրամաչափի հրետանային դիրքերը` մինչև 30 կմ, 120 մմ և ավելի մեծ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌԿ)` մինչև 40 կմ հեռավորությունից:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ, մրցույթի արդյունքներով, Հայաստանը Հնդկաստանի հետ 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել 4 միավոր Swathi WLR համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ:

Նշվում է, որ Swathi Weapon Locating Radar ՌՏԿ-ը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպության (Defence Research and Development Organisation — DRDO) Electronics and Radar Development Establishment (LRDE) ռադիոէլեկտրոնային ստորաբաժանման կողմից: Արտադրողը հնդկական Bharat Electronics Limited (BEL) պետական միավորումն է:

ՌՏ կայանքը մշակվել է հնդկական Akash զենիթահրթիռային համալիրի Rajendra ռադիոէլեկտրոնային բազմագործառույթ կայանքի հիման վրա: Կայանքը տեղադրված է Bharat Earth Movers Limited (BEML) պետական միավորման հավաստագրմամբ Հնդկաստանում արտադրվող Tatra T815 (8×8) ավտոմեքենայի թափքի վրա:

Swathi WLR ՌՏԿ-ի փորձարկումներն իրականացվել են 2003թ.-ից սկսած, բայց միայն 2017թ. մարտին են հնդկական բանակին փոխանցվել առաջին 28 սերիական արտադրության համակարգերը: Նշվում է, որ Հայաստանը հնդկական Swathi-ի առաջին հայտնի օտարերկրյա պատվիրատուն է:

Նկարը` © IDN

Միացեք մեր Telegram ալիքին

ՌԴ ՊՆ-ն որոշել է մեծ քանակությամբ կվադրոկոպտերներ գնել բանակի համար

Ուկրաինական աղբուրները հաղորդում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է մեծ քանակությամբ փոքր կվադրոկոպտերներ ձեռք բերել զինված ուժերի համար: Թեթև անօդաչուները նախատեսվում է կիրառել հետախուզության նպատակով: Աղբյուրը նշում է, որ հետախուզական ինքնաթիռատիպ անօդաչուները ռուսական բանակում շուրջ 2 հազարն են: Ձեռք բերվելիք ուղղաթիռատիպ կվադրոկոպտերների քանակը չի նշվում:

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ թեթև կվադրոկոպտերներով նախատեսվում է համալրել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հետախուզական վաշտերն ու գումարտակները:

Նշվում է, որ ուղղաթիռանման, թեթև և համեմատաբար մատչելի կոպտերների կիրառման փորձարկումները ռուսական զորքերում իրականացվել են 2019թ.-ից սկսած` հիմնականում Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումներում ու զորամասերում: 2020թ. վերջին կատարվել են անօդաչու թռչող սարքերի օգտագործման գնահատում, ըստ որի` փորձարկումները համարվել են հաջողված:

Միացեք մեր Telegram ալիքին

Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

Հունվարի 14-ի երեկոյան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (Հյուսիսային Կորեա) անցկացվել է ռազմական շքերթ:

Կորեական մամուլի հաղորդմամբ` մայրաքաղաք Փխենյանի հրապարակում ցուցադրվել են տանկեր, գերժամանակակից ռազմավարական հրթիռներ, նաև, ինչպես նշվում է, «աշխարհի ամենահզոր զենքը»` սուզանավերի համար նախատեսված բալիստիկ հրթիռները:

Խոսքը Pukguksong-5 հրթիռի մասին է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ցուցադրված Pukguksong-4-ի մոդեռնիզացված տարբերակն է:

Ռազմական շքերթին հետևել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

BBC-ի տեղեկություններով` Փխենյանի շքերթում ցուցադրվել են նաև փոքր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռներ, որոնք գործարկվում են պինդ վառելիքով: Դրա օգնությամբ հրթիռը հնարավոր է ավելի արագ արձակել, քան հեղուկ վառելիքով:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե 2021թ. ինչ սպառազինությամբ է համալրելու Օդատիեզերական ուժերը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 2021թ. երկրի Օդատիեզերական ուժերը նախատեսում է համալրել նոր սպառազինությամբ:

Նշվում է, որ ՌԴ ՕՏՈւ-ի առաջին գունդն ընթացիկ տարում կստանա նորագույն Ս-350 «Վիտյազ» (С-350 “Витязь”) զենիթահրթիռային համալիրներ: Բացի այդ` ռազմական ղեկավարությունը որոշել է զորքերը համալրել նաև Ս-400 և «Պանցիր-Ս» (“Панцирь-С”) զենիթահրթիռային համալիրների երկուական գնդերով:

Նախորդ տարի Ռուսաստանի Օդատիեզերական ուժերին են տրամադրվել 4 միավոր Ս-400 և 24 միավոր «Պանցիր-Ս»: Համալիրները տրամադրվել են Սվերդլովսկի, Հարավսախալինյան և Սամարայի մարզերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին:

Միացեք մեր Telegram ալիքին

Տեսանյութ. Իրանը ցուցադրել է Պարսից ծոցի իր ստորգետնյա նոր բազան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանն ունի հրթիռային բազա, որտեղից հնարավոր է մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ հրթիռներ արձակել Պարսից ծոցի տարածաշրջանում: Ստորգետնյա հրթիռային բազայի բացումն իրականացրել է ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին:

© IRIB

ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերի ափամերձ պաշտպանության ստորգետնյա հրթիռային բազան գտնվում է Պարսից ծովի իրանական ափամերձ շրջանում: Այնտեղ գտնվում են հականավային հրթիռային մոբիլ համակարգերը, հականավային հրթիռների պահեստները և այլն: Վտանգի դեպքում և մարտական գործողությունների ժամանակ մոբիլ համակարգերը ստորգետնյա թունելներով կարող են դուրս գալ ափ և հրթիռներ արձակել Պարսից ծոցում գտնվող նավերի ուղղությամբ, այնուհետև թունելներով վերադառնալ վերալիցքավորման:

Հաղորդվում է, որ բազայի բացումն իրականացվել է Իրաքի տարածքում իրանցի գեներալի սպանության վրեժը լուծելու նպատակով 2020թ. հունվարի 8-ին Բաղդադում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման 1-ամյակին: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին:

© IRIB

Դեռևս 2020թ. օգոստոսին իրանցիները ներկայացրել են երկու նոր հրթիռներ, որոնց անվանակոչել են ամերիկյան կողմից արձակված անօդաչուների հարվածի հետևանքով զոհվածների պատվին` բալիստիկ հրթիռը` «Նահատակ Հաջ Ղասեմ», թևավոր հրթիռը` «Նահատակ Աբու Մահդի»: Վերջինն իր անունը ստացել է շիայական «Ազգային մոբիլիզացիոն ուժերի» առաջնորդ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին, ով նույնպես զոհվել էր հունվարի 3-ին:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ` նոր բալիստիկ հրթիռի հեռահարությունը 1400 կմ է, թևավորինը` 1000 կմ: Նշվում է, որ այդպիսով Թեհրանը կրկնակի մեծացրել է իր «Զոլֆաղար» հրթիռի հեռահարությունը, որը կարող է խոցել մինչև 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

ԱՄՆ-ի և Իսրայելի սուզանավերը մոտենում են Իրանի ափերին

ԱՄՆ Ռազմածովային ուժերի USS Georgia («Օհայո» (Ohio) դասի) ատոմային սուզանավը «Տիկոնդերոգա» դասի USS Port Royal և USS Philippine Sea հրթիռային քրեյսերների ուղեկցությամբ մուտք է գործել Պարսից ծոց՝ Իրանի նկատմամբ ուժի ցուցադրման նպատակով: Ամերիկյան աղբյուրները վերջին 8 տարում առաջին անգամ հաստատել են այսպիսի տեղեկությունը:

Չնայած սուզանավում ավելի քան 150 Tomahawk թևավոր հրթիռների առկայությանը՝ առավել մեծ ուշադրության է արժանացել սուզանավի վերին հատվածում առկա շլյուզային հատուկ խցիկը: Դրանով ստորջրյա դիվերսանտների խմբերը, օգտագործելով համապատասխան կրիչները, կարող են հասնել իրանական ափերին կամ բաց ծովում ԻՀՊԿ-ի ՌԾՈւ առանձին նավերին:

Միևնույն ժամանակ՝ Իսրայելի ՌԾՈւ սուզանավը, որը թևավոր հրթիռներ է կրում, անցել է Սուեզի ջրանցքը և ուղղություն է վերցրել դեպի Պարսից ծոց: Համարվում է, որ դա տեղի է ունեցել արաբական մի շարք երկրների (այդ թվում՝ Եգիպտոսի) թույլտվությամբ:

Համարվում է, որ երկու երկրների ռազմածովային ուժերի համատեղ ներկայությունը Իրանի ափերի մոտ խոսում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հակաիրանական ցուցադրական զորավարժությունների մասին:

Միացեք մեր Telegram ալիքին

Թուրքիան Ուկրաինայի համար կորվետներ ու անօդաչուներ կարտադրի

Ուկրաինան և Թուրքիան համաձայնություն են ստորագրել ուկրաինական բանակի համար կորվետներ և հարվածային անօդաչուներ արտադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:

Համաձայնությունը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Համաձայնությունը ենթադրում է թուրքական ընկերությունների կողմից կորվետների և հարվածային անօդաչուների ավիացիոն համալիրների տեխնոլոգիաներ փոխանցում և արտադրություն՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար:

Հաղորդվում է, որ խոսքն այն նախագծերի մասին է, որոնք միտված են Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարողություններն արմատապես հզորացնելուն:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտի վերաբերյալ միջկառավարական համաձայնության իրականացումը և ընգծել, որ Կիևի և Բաքվի համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Դեռևս հոկտեմբերին (Արցախյան 2-րդ պատերազմի թեժ օրերին. խմբ.) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ կնքվել է միջկառավարական ռազմական համաձայնություն և հուշագիր է ստորագրվել Ուկրաինայի ՊՆ-ի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հարցերի պետգործակալության միջև:

2019թ. Կիևը ձեռք է բերել և փորձարկել է թուրքական Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր: Նախատեսվում է դրանք համալրել թուրքական Ռոքեթսան (Roketsan) ընկերության արտադրության գերճշգրիտ MAM-L ավիառումբերով: Տեղեկություններ կան, որ այդ գործարքի արժեքը կազմել է 69 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ուկրաինական զինված ուժերը Դոնբասի «Միացյալ ուժեր» գործողության իրականացման գոտում թուրքական արտադրության հարվածային Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Հաղորդվել էր, որ Կրամատորսկ տեղափոխված ԱԹՍ-ները 6-ն են:

Միացեք մեր Telegram ալիքին

Ուկրաինան թուրքական բայրաքթարներ է կենտրոնացնում Դոնբասի մոտ

Փորձագետները կանխատեսում են, որ Ուկրաինան Դոնբասի կամ նույնիսկ Ղրիմի վերադարձման համար կկիրառի բայրաքթարներ. 6 միավոր արդեն տեղակայվել է Կրամատորսկում:

Տեղեկություն է տարածվել, որ ուկրաինական զինված ուժերը Դոնբասի «Միացյալ ուժեր» գործողության իրականացման գոտում թուրքական արտադրության հարվածային Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Հաղորդվում է, որ Կրամատորսկ տեղափոխված ԱԹՍ-ները 6-ն են: Հավելյալ տեղեկություններ կամ հաստատում առայժմ առկա չէ:

Բայրաքթարներն Ուկրաինայի կողմից Դոնբասի կամ նույնիսկ Ղրիմի վերադարձման համար կիրառելու կանխատեսումներ որոշ փորձագետներ արել են՝ հաշվի առնելով դրանց լայնածավալ օգտագործումն Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ Արցախի: Նշվում է, որ ուկրաինացի ռազմական տեսաբանները հայ ժողովրդի դեմ օգտագործված այդ օրինակը «հաջողված փորձարկում» են համարում:

Կիևի կողմից հակամարտության իր գոտում նշված ԱԹՍ-ների կիրառումը լիովին հնարավոր է համարվում՝ հաշվի առնելով նրա սերտ հարաբերություններն Անկարայի և Բաքվի հետ: Հիշեցնենք՝ հոկտեմբերին (Արցախյան պատերազմի թեժ շրջանում) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Թուրքիա: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել էր ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

Բայրաքթարներն Ուկրաինայի ԶՈՒ-երում են ընդգրկվել դեռ 2019թ. մարտին: Ուկրաինական Ուկրսպեցէքսպորտ (Укрспецэкспорт) պետական ընկերությունը և թուրքական Բայքար Դիֆընս (Baykar Defence) ընկերությունը նախատեսում են նաև թուրքական մեկ այլ՝ Աքընջը (Akıncı) անօդաչուների համատեղ արտադրություն ձեռնարկել:

Հավելենք, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը ոչնչացրել է թշնամու ավելի քան 260 ԱԹՍ, որոնցից շուրջ 2 տասնյակը՝ Բայրաքթար: Սա տվյալ ԱԹՍ-ների ոչնչացման մինչ օրս ամենամեծ թիվն է: Դրանք կիրառվել են նաև Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, սակայն ամենաշատն Արցախում են խոցվել:

Միացեք մեր Telegram ալիքին