ՀՀ Զինված ուժերն ադրբեջանցիներին զրկել են որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները, ՊՆ հայտարարության համաձայն, շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։

Միևնույն ժամանակ ՊՆ հայտարարել է, որ ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Միացեք մեր Telegram ալիքին

Փաշինյանն ու Լուկաշենկոն արտաքին սպառնալիքներն են քննարկել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես հաղորդվում է` Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Հայկական կողմը նշում է, որ նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Բելառուսական աղբյուրի հաղորդմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել օրակարգային մի շարք հարցերի, առկա վտանգների և մարտահրավերների վերաբերյալ:

Նշվում է, որ, հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այն քչերից էր, ով շնորհավորել է Լուկաշենկոյին 2020թ. օգոստոսին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Միացեք մեր Telegram ալիքին

Հայաստանը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»:

Միացեք մեր Telegram ալիքին

Հայկական կողմն ադրբեջանցիներից հստակ պահանջել է առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալ

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել:

Հայկական կողմն, ինչպես նշվում է, ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: 

Հաղորդվում է, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ նշել է, որ այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:  

«Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ»:

Գերատեսչությունը խոստացել է, որ իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Նկարը` © ՀՀ ՊՆ

Միացեք մեժ Telegram ալիքին

Դեսպանն ԻԻՀ ԱԳՆ տեղակալին է ներկայացրել Սյունիքում ստեղծված իրադրությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ` դեսպան Թումանյանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով Արտաշես Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ինչպես նշվում է` զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:

Նկարը` © MFA

Միացեք մեր Telegram ալիքին

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետերը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մեր հերթական մարզային խորհրդակցությունը տեղի է ունենում Սյունիքի մարզում:

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ, առավել ևս անվտանգային իրավիճակի, իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սրվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից՝ հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ստիպված էր հերքել Ադրբեջանի ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են և պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:

Բայց, մյուս կողմից, ուզում եմ կրկին ընդգծել հետևյալը -որպեսզի շահարկումների տեղիք չտանք — որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում:

Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում Նախիջևանի տարածքով՝ և՛ բուն Ադրբեջանի տարածքով, և՛ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է: Բ այց, այնուամենայնիվ, եթե անկեղծ լինեմ, իմ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է վիժեցնել գործընթացը, այսինքն՝ ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ լարելով, սրելով իրավիճակը տարածաշրջանում և շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Քանի որ նախկինում ամբողջական առիթ չի եղել, ես ուզում եմ նաև խոսել Սյունիքի այն սահմանագծի մասին, որը մենք ունենք: Ի՞նչ է տեղի ունեցել:

Գիտեք, 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Եվ մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել:

Շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, և կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս — հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում — Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:

Իսկ ինչպիսի՞ն են այդ սահմանները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է — արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ — «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Հաջորդ պարբերությունը՝ Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»: «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքը, 2010 թվականին ընդունված օրենքով, նկարագրել է իր տարածքը, այն տարածքը, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագիրը գործում է:

Բոլորիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանի հետ, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի հետ: Եվ սրանք են այն շղթայական իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին:

Բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրը հետևյալն է, և ես ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել: Հարցը պետք է բաժանել 2 մասի՝ առաջինը՝ սահմանի պահպանությունը, երկրորդը՝ երկրի անվտանգության պաշտպանությունը: Սահմանային անվտանգությունը, ինչպես արդեն պայմանավորվել ենք և կատարել ենք համապատասխան որոշումներ, պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով՝ բնականաբար, մեր բանակը, մեր Զինված ուժերը:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, և այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության: Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ:

Շատ կարևոր է ընդգծել, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, այդ աշխատանքային խումբը կայացրել է որոշումներ, արդեն իսկ տեղի է ունենում առաջին ծրագրերի իրականացումը, բնակարանաշինության ծրագիր է իրականացվում Շուռնուխ համայնքում: Մենք այնտեղ բնակարանների կառուցում ենք մեկնարկում: Եվ կրկին մեկ կարևոր փաստ՝ եթե չեմ սխալվում, անկախությունից ի վեր, ինչպես, օրինակ, Տավուշի մարզի Չինարի գյուղում, այնպես էլ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տուն չի կառուցվել:

Սա, իհարկե, շատ տխուր փաստ է, և շատ տխուր է այն, որ մենք տնաշինության ծրագիրն սկսում ենք ահա այս իրավիճակում և այս առիթով։ Մենք շարունակելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը Սյունիքի մարզում, և այս համատեքստում մեզ համար չափազանց կարևոր է անդրադարձ կատարել նաև այն հարցին, թե, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից իրեն հասանելիք պատշաճ բաժնեմաս, չափաբաժին է ստանում և ոչ թե դա, այնուամենայնիվ, գտնվում է անձանց վերահսկողության տիրույթում։

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։

Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե:

Հաջորդիվ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակին, մասնավորապես, գյուղոլորտի` արոտավայրերի, խմոցիների կառուցման, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, լայնածավալ այգեգործության զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է Սյունիքում բնակիչների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք կնպաստեն բարեկեցության ապահովմանն ու զարգացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Միացեք մեր Telegram ալիքին

Թուրքիան` Ադրբեջանում. դանդաղ օկուպացիա, տնտեսական և ռազմական կախվածություն

Թուրքիան, որն աշնանը պատերազմ հրահրեց Արցախի դեմ, Ադրբեջանին տրամադրած աջակցության դիմաց փորձում է նրան զրկել ինքնիշխանությունից: Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումների շարքում են Բաքվի լիարժեք կախվածությունն Անկարայից, այդ թվում` տնտեսական ոլորտում:

Դանդաղ օկուպացիա

Թուրքիան Ադրբեջանում սկսել է ամրապնդվել դեռ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Արցախյան պատերազմը, Ռուսաստանի ներքին խնդիրները, Ադրբեջանում առկա ներքաղաքական ու հասարակական իրավիճակն Անկարային հնարավորություն տվեցին ռազմական և քաղաքական առումներով ներկայություն ունենալ այնտեղ:

Սկսած 1992թ.-ից` ադրբեջանցի զինվորականներն ուսում են ստանում թուրքական ռազմական բուհերում: 1994թ. երկու երկրների միջև կնքվել է ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության համաձայնագիրը, որն էլ ավելի է խթանել ռազմական համագործակցությունը: 1996թ.-ից Ադրբեջանում գործում է թուրք խորհրդականների մշտական խումբը, որը կառավարվում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի կողմից:

Չնայած պայմանագրերի մեծ մասը գաղտնի են, բաց աղբյուրներից հայտնի է, որ 2006-2008թթ. Ադրբեջանը թուրքական Roketsan-ից գնել է 244 մլն դոլարի հրետանային համակարգեր ու զրահատեխնիկա, անվարձահատույց ստացել է 20 մլն դոլարի սպառազինություն:

Ադրբեջանը Թուրքիայից ստանում է ժամանակակից զինատեսակներ, ինչպիսիք են Bayraktar TB2 ԱԹՍ-ները, TRG-300 Kaplan ՀԿՌՀ-երը, հակատանկային կառավարվող MAM-L ռումբերը: Հայտնի է, որ առաջիկայում Բաքուն ստանալու է «երկինք-երկիր» դասի SOM գերճշգրիտ թևավոր հրթիռներ, որոնք նախատեսվում է տեղադրել ՄիԳ-29 կործանիչների և Սու-24 ռմբակոծիչների վրա:

Հաղորդվում է, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանում 1500 թուրք զինվորական է գտնվել` գումարտակից մինչև Գլխավոր շտաբի խորհրդականներ, ԱԹՍ-ների ու ՀՏԿՀ-ների օպերատորներ, տարբեր զինատեսակների տեխնիկական մասնագետներ: Ադրբեջանի օգտին են գործել նաև թուրքական հետախուզական ծառայությունները: Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժությունների, անձնակազմի վերապատրաստման, սպառազինության սպասարկման և ռազմատեխնիկայի միջոցով` Թուրքիան կարողացել է իր մշտական ներկայությունն ապահովել այնտեղ` զինված ուժերը վերցնելով իր վերահսկողության տակ:

Ադրբեջանցի 77 զինվորականներ Էրդողանի փեսայի (Բայրաքթարն արտադրողը, խմբ.) կողմից անօդաչուների կիրառման ուսուցման հավաստագիր է ստացել:

Նշվում է, որ Թուրքիան նաև կադրային լուրջ քաղաքականություն է տարել Ադրբեջանի ռազմական կառույցներում` աշնանը սանձազերծած պատերազմից առաջ:

Անկարայի համար գլխավոր խնդիրը սկսած 2010թ.-ից Ադրբեջանում ռազմաբազաներ ունենալն է: Պատճառաբանությունն, իբր, այնտեղից դեպի Թուրքիա գնացող նավթի և գազի խողովակների անվտանգության ապահովումն է: Թուրքական լրատվամիջոցները շտապեցին նաև հայտարարել, որ ավիաբազաներ են կառուցվելու Գյանջայում, Գաբալայում և Լենքորանում: Թեև սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հերքեցին, սակայն համարվում է, որ տեղեկությունն ունի իր հիմքերը:

Տնտեսական զավթողականություն

Օգտվելով Արցախյան հակամարտությունից և Նախիջևանի անկլավային կարգավիճակից, որոնք բարդացրել են Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, Թուրքիան փորձել է խաղալ «տնտեսության փրկչի» դերը: Իրականում` լուծում է իր աշխարհաքաղաքական խնդիրը` ներխուժելու Կասպից ծովի տարածաշրջան, այնտեղից` դեպի Կենտրոնական Ասիա:

Արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներով Ադրբեջանի թիվ մեկ գործընկերն Իտալիան է, երկրորդը` Թուրքիան: Երրորդ տեղում Ռուսաստանն է` չնայած, որ վերջինը Հայաստանի հետ մասին ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում է:

Ու թեև թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը կարող են հասցնել տարեկան մինչև 15 մլրդ դոլարի, սակայն 2020թ. այն կազմել է 2,2 մլրդ դոլար: Ակնհայտ է, որ հնչեցվող մեծ թվերով Անկարան այլ նպատակ է հետապնդում (տնտեսական վերահսկողություն Ադրբեջանի նկատմամբ): Հիշեցնենք, որ մարտի 1-ից Թուրքիայի և Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն է ուժի մեջ մտել:

Ընդգծվում է, որ Թուրքիան այդպիսի միջոցներ պարզապես չունի, ինչի վկայությունն է Չինաստանից 30 մլրդ դոլարի վարկ վերցնելը: Ներկայումս, փորձելով Բաքվից ստանալ ռազմական աջակցության «վճարը», Էրդողանը սկսելու է պահանջել էներգակիրների գների նվազեցում, մինչդեռ Ադրբեջանը կարող էր նույն գազն ու նավթը իրեն ձեռնտու գներով վաճառել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի տարածքով:

Նշվում է, որ Անկարան զոհաբերում է իր գործընկերներին` հանուն իր շահերի: Սրա վկայությունն է ի հակադրություն չինական «Մեկ գոտի, մեկ ուղու» և ԵԱՏՄ-ի Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքի մասին քննարկումը, որը բխում է նաև Արևմուտքի շահերից:

Մեկ ա՞զգ, թե՞ մեկ պետություն

Թուրքական պանիսլամական և պանթյուրքական քաղաքականության առաջին զոհը հենց Ադրբեջանն է, որի համար ստեղծվել է «Մեկ ազգ, երկու պետություն» տերմինը, սակայն թուրքական կողմի հրապարակած «ապագա» սուլթանության քարտեզներում Ադրբեջան պետություն գոյություն չունի:

Եթե ներկայումս Ադրբեջանը և Թուրքմենստանն Թուրքիայից արդեն կախվածության մեջ են, ապա հաջորդը Ղազախստանն է. ղազախական լրատվամիջոցներում արդեն լայնորեն քարոզվում է «Մեծ Թուրանին» միանալու գաղափարը` որպես Թուրքիայի հետ կրոնական և լեզվական ընդհանրություն:

Համարվում է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայման արդյունքում ոչ միայն Բաքուն ավելի շատ կախվածության մեջ կհայտնվի Անկարայից, այլև ադրբեջանցիները կսկսեն մասնակցել թուրքական զավթողական գործողություններին` տարբեր ուղղություններում` Սիրիա, Լիբիա, Իրաք, Արևելյան Միջերկրածով:

Համարվում է, որ այս գործընթացը կարող է հանգեցնել Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների բարդացմանը: Իրանը ոչ միայն Թուրքիայի ռազմական հակառակորդն է Սիրիայում, այլև բացասաբար էր վերաբերվում Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին` իր սահմանների երկայնքով տեղակայելով ՀՕՊ համակարգեր, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժեր: Բացի այդ` Իրանի հետ որոշ տնտեսական ծրագրեր բավականին ձեռնտու են Ադրբեջանի համար:

Ադրբեջանում թուրքական ներկայությունը չի կարող չանհանգստացնել նաև Ռուսաստանին. Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի նրա բազաները Մոսկվայի համար թիրախ են, իսկ այս դեպքում նաև` խոցման տիրույթում են:

Նշվում է, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ Ալիևն ինքնուրույնություն է դրսևորել: Արդյունքում Թուրքիան ավելի քիչ բան է ստացել, քան ակնկալել է, բայց և` ավելին, քան ունեցել է մինչև պատերազմը:

Բաքվի համար ներկայումս կարևոր է հավասարակշռված քաղաքականությունը: Թուրքիայի դեպքում Ադրբեջանը նրա մասնակցությունից ակնկալում է ստանալ հակամարտության վերջնական ցանկալի լուծումը, տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային և ինտեգրացիոն հնարավորությունները:

Միացեք մեր Telegram ալիքին

Ալիևի հայտարարությունը հեռու է իրականությունից և հիմնազուրկ. Նազելի Բաղդասարյան

ՀՀ Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին, հեռու է իրականությունից և հիմնազուրկ։

Գերիների հարցերով ակտիվորեն զբաղվող պատգամավորի խոսքով` անկախ գերեվարված անձանց կարգավիճակից` Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի: Նա ընդգծել է, որ շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու են հայկական կողմի մոտեցումները։

«Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ` Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար». նշել է Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող բոլոր գերիները վերադարձվել են Հայաստան, Բաքվում շարունակում են պահվել միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»:

Միացեք մեր Telegram ալիքին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները հանդիպել են Նախիջևանի սահմանին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդման համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նշվում է, որ այս թեմաներով շփումները շարունակվում են։

Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ի հարցերին:

Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը: 

Պատասխան. Այդ պնդումներն ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: 

Հարց. Ինչպես է հայկական կողմը գնահատում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքն Ադրբեջանի կողմից: 

Պատասխան. Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում դադարեցվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, և Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ: 

Այսպես՝ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարելով տեղում գտնվող հայ զինծառայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խախտմանը իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ: 

Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք: Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը: 

Ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների դադարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

Լեռնային Ղարաբաղը պատերազմի վարման նոր մակարդակ ցույց տվեց. Le Monde

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարվում էր սառեցված և միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրության չէր արժանանում: Սակայն առաջին պատերազմից 26 տարի անց վիճալի տարածաշրջանը ռազմական գործողությունների լիովին այլ մակարդակ ցույց տվեց և գրավեց փորձագետների ուշադրությունը:

Le Monde-ը հիշեցնում է, որ պատերազմը տևել է 44 օր. 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ հարձակումն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ: Նշվում է, որ միայն Մոսկվայի միջամտության շնորհիվ հայկական անկլավն ամբողջությամբ չանցավ Բաքվի վերահսկողության ներքո:

Ֆրանսիական աղբյուրի հավաստմամբ՝ մինչև տեղի ունեցածը բոլորը վստահ էին, որ հայկական բանակն առավել արդյունավետ է, քան՝ ադրբեջանականը: Սակայն Ադրբեջանը շատ լավ էր պատրաստվել. Բաքուն մեծաքանակ ռազմական միջոցներ էր պահեստավորել: Բացի այդ՝ Թուրքիայից ու Իսրայելից ձեռք էին բերվել անօդաչուներ: Անկարան իր դաշնակցի հետ կիսվել էր նաև ռազմական փորձով:

Հաղորդվում է, որ քիչ ժամանակ պահանջվեց հայկական բանակին նահանջել ստիպելու համար: Իսրայելական և թուրքական ԱԹՍ-ները, ըստ Le Monde-ի, ահ ու սարսափ էին տարածում բնակչության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանների շրջանում:

«Պարզվեց՝ հայերը պատրաստ չէին նման պատերազմի: Ադրբեջանցիները երկնքից հետախուզություն էին վարում և առանց խոչընդոտի հարվածում թիրախներին»:

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդից Գուստավ Գրեսելի կարծիքով՝ Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս հակամարտության ռազմական դասերը, ոչ թե դիտարկի որպես աղքատ երկրների միջև փոքրիկ պատերազմ:

Նա վստահ է, որ Եվրոպայի երկրների մեծ մասը հակամարտության դեպքում կհայտնվի հայերի վիճակում, և նրանք օդից անարգել հարվածների կենթարկվեն:

Փորձագետ Միշել Գոյայի խոսքով՝ դեռևս ոչ ոք և երբեք մեկ հարձակման ընթացքում այդչափ ավերածություններ չի գործել: Գոյան արևմտյան զինվորականներին հորդորում է դադարել «թռչող տարօրինակ տեխնիկայի» նկատմամբ դիտորդական վերաբերմունքից:

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հոգեբանական պատերազմի նոր կառուցվածքի սկիզբ է դրել: Թուրքիան այստեղ ուղարկել է վարձկանների՝ Սիրիայից՝ առաջացնելով հայերի անհանգստությունը: Սոցցանցերում հայտնվել են զոհված հայ զինծառայողների բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր: Հաճախ այդ կադրերը ուղարկվում են անմիջապես հարազատներին:

Միացեք մեր Telegram ալիքին

Հարավային ուղղությամբ հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել

Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հարավային ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության մասին:

«Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

Միացեք մեր Telegram ալիքին

Հայաստանը դարձավ միջազգային ու տարածաշրջանային կոնսենսուսի զոհ. Վահրամ Հովհաննիսյան

Հարցազրույց տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի հետ. Իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանում. անվտանգություն, առկա խնդիրներ, պարտության պատճառներ, անելիքներ, կանխատեսումներ:

Հարց 1. Ի՞նչ իրավիճակ է ներկայումս տարածաշրջանում:

Տարածաշրջանային իրավիճակը, կարծում եմ, պետք է դիտարկել ամբողջ աշխարհի և, հատկապես, խոշոր խաղացողների քաղաքականության համատեքստում: Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա ակնհայտ է, որ նրա գլխին ու թիկունքին կանգնած ուժերն ունեն հստակ, խոշոր նպատակներ, որոնց իրագործման ճանապարհին կիրառվելու են ամենանենգ միջոցները. թուրքական ագրեսիան շարունակվում է, այդ առումով այս պահին, իմ համոզմամբ, «կազմակերպչական աշխատանքներ» են ընթանում:

Ադրբեջանում հասարակական մակարդակում գործընթացներ չկան. կան Ալիևներ, այլ կլաններ և թուրքական շրջանակներ: Յուրաքանչյուրը փորձում է պատերազմի արդյունքները յուրացնել: Կարծում եմ՝ վերախմբավորումներ են կատարվում, որոնցից կախված է լինելու արտաքին կողմնորոշումը: Գործող իշխանությունները փորձում են կայունացնել իրենց դիրքերը և խաղալ թուրք-ռուսական հավասարակշռություն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մոտավորապես՝ Ադրբեջանի նման. ներքին կյանքի, ժողովրդի առաջ պարտականությունների մասին ոչ ոք չի մտածում. միայն իշխանություն և արտաքին ուղղվածություն: Այստեղ հիմնական պայքարն ընթանում է Հյուսիս-Արևմուտք հավասարակշռության և միայն Արևմուտք ուղղվածության ջատագովների միջև: Աչքաթող է արվել նույնիսկ կորոնավիրուսային իրավիճակը:

Իրանում լուրջ անհանգստություն կա՝ կապված արտաքին սպառնալիքի և ազդեցության գոտիներում վերահսկողությունից զրկվելու վտանգի հետ: ԻԻՀ-ն այս պահին պատրաստվում է դիմագրավելու ԱՄՆ-ի նոր ղեկավարության քաղաքականությանը: Թեհրանի համար սպառնալիքներն օր օրի մեծանում են, ահաբեկիչներն ու իսրայելական «ձեռքն» արդեն նաև հյուսիսում են, ինչը չի կարող չմտահոգել Իրանին:

Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպես Իրանի, այնպես էլ մյուս երկրների շուրջ առկա իրավիճակն աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների, կարելի է ասել, նախանշանների արտահայտման գործընթացում են. տարածաշրջանում լարվածությունն օր օրի ավելանում է:

Հարց 2. Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում:

Ինչ որ սովորաբար լինում է պատերազմից և, հատկապես, դրանում կրած անհաջողությունից հետո. քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգեբանական բարդություն:

Հարց 3. Բարդություն, թե՞ ճգնաժամ:

Բարդություն: Ճգնաժամի վտանգ կա, կարող է լինել, եթե առկա լրջագույն խնդիրների ախտորոշումը ճիշտ չկատարվի և լուծումներն ուշանան: Սոցիալական առումով արդեն իսկ նկատելի տեղաշարժեր մեկնարկել են, մյուս դեպքերում՝ հուսով եմ՝ առաջիկայում կլինեն:

Հարց 4. Քաղաքական խնդիրներն, ըստ Ձեզ, կկարգավորվե՞ն: Ինչպե՞ս:

Կարգավորվելը հարաբերական է: Այսօր կարևոր է, որպեսզի լինի կայունություն և գործընթացներն իսկապես քաղաքական լինեն: Այլ տարբերակ անթույլատրելի է: Կարող էին համախմբվել՝ առաջնահերթ հարցերը լուծելու՝ գերիների փոխանակության, սահմանային անվտանգության վերականգնման, զորքի մարտունակության բարձրացման, ու հետո միայն քաղաքական պայքար մղեին:

Կարծում եմ՝ որոշ ուժեր փորձում են օգտագործել ժողովրդական տրամադրությունները, բայց ավելի խելամիտ կլիներ՝ քաղաքական կեցվածք դրսևորել և պատրաստվել հաջորդ ընտրություններին, եթե նույնիսկ արտահերթ չլինեն: Բայց այսօր որոշ կուսակցություններ ու խմբեր արդեն իսկ սպառում են ձայն ստանալու հնարավորությունը: Եթե որոշների այսօրվա շահերն ավելի մեծ են, քան հետագա հնարավորը՝ խորհրդարան անցնելու կամ այլ, դա ուրիշ հարց է:

Քաղաքական կյանքի մասին շատ չեմ ուզում մանրամասնել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, կարևոր է անվտանգությունը և բարեկեցությունը: Նույն կերպ, կարծում եմ, մեծ մասի համար է: Ուստի ցանկացած գործիչ, ուժ, խումբ հենց սրա շուրջ պետք է կենտրոնացնի իր ջանքերը: Մեզ այսօր կայունություն է պետք՝ առաջին հերթին՝ հանուն անվտանգության:

Հարց 5. Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. արդյո՞ք վտանգ դեռ առկա է:

Վտանգ միշտ կա և երբեք չի պակասել: Թեև ռազմական գործողություններ այս պահին չկան, սակայն պատերազմը շարունակվել է 1994թ.-ից հետո՝ տարբեր դրսևորումներով: Վտանգը քիչ կլինի կամ չի լինի, երբ մենք կլինենք առավել միասնական, հզոր:

Վտանգ կա, քանի որ մեր դիրքերն այսօր շատ թույլ են, իսկ մեր թշնամիների նպատակներն իրագործվելու պոտենցիալ ունեն: Շատ բան այսօր մեզնից չի կախված, բայց կարող ենք գոնե հնարավորն անել՝ «մեծերի քամիներից» քիչ կորուստներով դուրս գալու համար:

Հարց 6. Դառնանք պատերազմին. ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը: Մի մասը որակում են պետական դավաճանություն, մյուսներն իշխանություններին մեղադրում են ոչ կոմպետենտության մեջ: Ի վերջո՝ ինչո՞ւ պարտվեցինք:

Պարտության մասին, կարծում եմ, պետք չէ շտապել: Մենք կապիտուլյացիա չենք ստորագրել: Այո, ունենք, ցավոք, մեծ, անդառնալի կորուստներ, բայց մեր անմահացած հերոսների անձնազոհության շնորհիվ պահպանել ենք հայոց գոյության իրավունքը, Արցախի սիրտը: Եթե ասում ենք «պարտվել ենք» նրա համար միայն, որ չենք հաղթել, ապա հակառակորդը նույնպես չի հաղթել: Պետք է հստակ արձանագրենք, որ երկու կողմի նպատակներն էլ այս պատերազմում մասամբ են կատարվել և մասամբ չեն կատարվել:

Ինչ վերաբերում է պատերազմի սանձազերծմանը, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը, ներառյալ՝ Արցախը, դարձել է միջազգային ու տարածաշրջանային կոնսենսուսի զոհ: Սա մեզ համար, կարծում եմ, պարտադրված պատերազմ էր, և հայ զինվորը պատվով կատարեց իր առաքելությունը: Պետական դավաճանությունը բացառում եմ. մեր իշխանությունները, հանուն արդարության պետք է նշեմ, դեռևս ամիսներ առաջ բարձր ամբիոններից հայտարարել են, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար: Եկեք հիշենք արդեն նախկին ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը դեռևս 2019թ. հուլիսին՝ Բաթումիի 16-րդ միջազգային համաժողովին («Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է») և, ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ («Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար»): Այսինքն՝ մեր բարձրագույն ղեկավարության կողմից վտանգի մասին բարձրաձայնվել է, ընդ որում՝ ի լուր ամբողջ աշխարհի: Վերջինի համաձայնության պարագայում մենք այլ տարբերակ չէինք կարող ունենալ:

Անշուշտ՝ սխալներ եղել են: Շատ սխալներ, ամենուր՝ Արցախի և ՀՀ կառավարություններում, ՏԻՄ-երում, բանակում, իրավապահ համակարգում: Դրանք պետք է մանրամասն ուսումնասիրվեն, երբ դրա համար նպաստավոր ժամանակներ լինեն: Ռազմական սխալները պետք է վերլուծվեն Գլխավոր շտաբի և անկախ մասնագետների կողմից, համապատասխան հանձնաժողովում պետք է լսեն նաև զոհվածների ծնողներին: Սխալները բազմաբնույթ են, դրվագային, շատ ժամանակ՝ մեկը մյուսի ու անձանց հետ կապ չունեցող:

Մեղավորության առումով՝ բոլորս ունենք մեր բաժինը: Այսպես ձևակերպեմ. «Եվ այդ մեկ մեղավորը ես եմ»: Յուրաքանչյուրս ինչ-որ կերպ թերացել ենք: Դրա վերլուծության ժամանակն էլ կգա, բայց հիմա կարևոր է, որ բոլորս կրենք մեր բաժին պատասխանատվությունը: Կարող ենք երկար խոսել տարիներ շարունակ չարվածի, թալանվածի, բանակից գողացվածի, չվճարված հարկերի, չվերաբնակեցման, չզարգացման մասին, բայց խոսելով հարցը չի լուծվի. պետք է գործել:

Պարտություն, թերևս, այս առումով կարող ենք համարել. մենք պարտվեցինք ինքներս մեզ: Ի վերջո՝ թերացող պաշտոնյան լուսնից ընկած չէ, նա մեր հասարակության մի մասնիկն է, ուստի խնդիրները պետք է փնտրել ամենախորքերում՝ բակերում, դպրոցներում, համայնքներում ու այս ճանապարհով դեպի վերին օղակներ ու հակառակը: Բայց, միևնույն է, այդ բոլոր սխալներն ու մեղավորությունները, թերացումները պատերազմի ու կորստի հիմնական պատճառը չեն. կրկնում եմ՝ միջազգային կոնսենսուս կար, որն էլ արտահայտվեց, և մեր զինվորն արեց անհնարինը:

Այս ամբողջը պետք է դիտարկվի տարածաշրջանում և աշխարհում կատարվող գործընթացների համատեքստում: Պետք չէ կտրվել տարածաշրջանային իրականությունից, ընդ որում՝ լայն շրջանակով՝ մինչև Աֆրիկայի ու Միջին Ասիայի սահմանները, մինչև Բալթիկ ծովի ու Իտալիայի ափերը: Առաջիկայում, կարծում եմ, «վերածնվելու են» նաև այլ հակամարտություններ, մենք պետք է կարողանանք դիմակայել նոր փոթորիկներին:

Հարց 7. Ովքե՞ր պետք է գործեն, ի՞նչ պետք է արվի:

Նախ՝ հասկանանք, թե ինչի՞ համար: Մեր առջև հստակ նպատակներ դնենք, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներն ամրագրենք: Ապա սկսենք հետամուտ լինել այդ խնդիրների լուծմանը՝ ընտրելով լավագույն միջոցները:

Մեղավորության մասին խոսեցի. թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը պետք է հիմա իրենց բաժին պատասխանատվությունը կրեն: Խոսքը բնավ հրաժարականի, դատելու կամ գնդակահարելու մասին չէ: Պետք է բոլորս ուղղենք մեր սխալները, պարտավորվենք անել չարածը, աշխատենք քառապատիկ ավելի եռանդով, լրացնենք բաց թողածը:

Եթե խոսեմ հասարակության անելիքների մասին, ապա այսօր կարևոր է համախմբվածությունը, հոգատարությունը տուժածների նկատմամբ: Խոնարհումս բոլոր զոհերի հարազատներին. նրանք այսօր մեր աջակցության կարիքն ունեն, նրանց կողքին պետք է լինենք:

Քաղաքացիներս պետք է ղեկավարներին դրդենք օր ու գիշեր աշխատելու, պարտադրենք ճիշտ աշխատել: Ապա՝ պետք է մեր մեջ ուժ գտնենք ու կրկին տեր կանգնենք մեր պետությանը, համայնքին, բակին: Քանի դեռ մենք աղբ ենք թափում՝ ուր պատահի, չորացնում ենք հարևանի ծառը, գողություն ենք անում Ստեփանակերտում, հզոր պետությունը երազանք է լինելու: Այսօր բոլորս ցավ ենք ապրում մեծ թվով երիտասարդ զոհերի համար՝ մոռանալով, թե խաղաղ օրերին միայն անիմաստ ավտովթարներից ինչքան ծաղիկ-տղերք ենք կորցրել:

Իշխանությունները պետք է ընտրեն որակյալ կադրերի, ովքեր կարող են ավելի արագ և արդյունավետ գործել: Գործընթացը մեկնարկել է, կարևոր է, որ սա մինչև վերջ տարվի՝ ընդհուպ մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային կառույցներ: Պետք է սովորենք պետականորեն մի քիչ չար լինել, մի քիչ՝ նենգ, ավելի ճարպիկ…

Ինչպես նշեցի՝ ՀՀ քաղաքացու պահանջն առաջին հերթին անվտանգությունն է, ապա՝ նվազագույն բարեկեցությունը: Արվելիք բոլոր քայլերը հենց դրանց պետք է ուղղված լինեն՝ այդ թվում՝ կրթության, արտադրության, առողջապահության և մյուս ոլորտներում: Պետք է արագորեն կարգավորվի մեդիաոլորտը, մաքրվի աղբը: Սփյուռքի հետ կապը պետք է ամրապնդվի: Մի խոսքով՝ անելիքներ շատ կան, պետք է աշխատել: Առաջիկայում հավանաբար մանրամասն առաջարկներով հանդես կգամ: Հիշեցնեմ, որ դեռ ամիսներ առաջ գրածս հոդվածի («Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք») բազմաթիվ շեշտադրումներ այս պատերազմում հաստատվեցին:

Հարց 8. Որպես տարածաշրջանային հարցերի մասնագետ՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

Շատ բարդ է: Կրկին պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում: Իրանի շուրջ լարվածությունն աճելու է. 2021թ. այնտեղ նախագահական ընտրություններ են: Գործող նախագահը, ով ամեն կերպ փորձել է երկխոսության մեջ մտնել Արևմուտքի հետ, ամենայն հավանականությամբ հենց այդ քաղաքականության պատճառով չի վերընտրվի: ԱՄՆ-ի նոր նախագահն արդեն հայտարարել է «արտաքին ագրեսիվ քաղաքականության վարման» մտադրության մասին, Իսրայելը, որ Իրանի մյուս թշնամին է, բախումը հավանական է համարել: Սրանք երևույթներ են, որ չեն կարող չազդել մեր անվտանգության վրա:

Բացի այդ, ունենք իր նպատակների հետևից համառորեն գնացող ու ցանկացած առիթից օգտվելու պատրաստ Թուրքիա՝ իր աջակիցներով հանդերձ: Ունենք այլ՝ իրենց խնդիրներն ունեցող հավանական գործընկերներ:

Կարծում եմ՝ մոտ ապագայում թեժանալու է ուկրաինական ճակատը: Կրկին՝ Թուրքիայի աջակցությամբ: Թե ինչ կլինի և ինչպես կավարտվի՝ կարող ենք մի քանի տարբերակներ քննարկել, բայց դրանցից յուրաքանչյուրը սպառնալիք է մեզ համար:

Ամեն դեպքում՝ հեշտ չէ ապրել ու պետություն ունենալ քաղաքակրթությունների բախման խաչմերուկում: Ուստի մեր խնդիրն այսօր շատ արագ ոտքի կանգնելն է, դաշնակցային հարաբերություններն ամրապնդելը, կազմակերպվելը, քանի որ ենթադրում եմ՝ 21 թիվը 20-ից լավը չի լինելու: Դիմակայելը բարդ է լինելու, բայց այլընտրանք պարզապես չկա:

Միացեք մեր Telegram ալիքին

Բլիցկրիգի մարտավարությունը Բաքուն տապալեց՝ կրելով հսկայական կորուստներ. կարծիք

Ամերիկացի գեներալը նշել է, որ չնայած՝ ԱԹՍ-ները մեծ կորուստներ են պատճառել հայերին, սակայն ադրբեջանցիներն իրենք են ընկղմվել արյունալի սպանդի մեջ:

Նկար՝ © STR \ Արցախ, Ադրբեջանը հրդեհել է անտառները

ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպան, ում անունը չի նշվում, հայտարարել է, որ Արցախում Հայաստանի և Դոնբասում Ուկրաինայի կրած կորուստները չեն կարող համարվել այն բլիցկրիգային մարտավարության վերածնունդ, որը հաջողվել էր Գերմանիային՝ Լեհաստանում, 1939թ.:

Գեներալը հիշեցրել է, որ ներկայումս, ինչպես 80 տարի առաջ, կարևոր է ոչ միայն տեխնոլոգիան, այլև՝ մարտավարությունը: Նա նշել է, որ 1939թ. բոլորն ունեին տանկեր, ինքնաթիռներ, ռադիոկապ, սակայն մեծ նշանակություն է ունեցել հենց ռազմական տեխնոլոգիաների կիրառության կոմբինացման նոր մեթոդը:

Հաղորդվում է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կարող են և չունենալ ամենաժամանակակից զինատեսակներ, սակայն արդեն ունեն նորագույն անօդաչուներ, որոնք օգնում են ցանկացած զինատեսակ արդյունավետ դարձնելու հարցում:

Ամերիկացի սպայի խոսքով՝ Դոնբասում Ռուսաստանն անօդաչուներն օգտագործել է ուկրաինական թիրախների արագ հայտնաբերման և հրետանային կործանիչ կրակի համար: Լեռնային Ղարաբաղում ԱԹՍ-ներն իրենք են դարձել մահաբեր զենք: Նրա պնդմամբ՝ ժամանակակից պատերազմն այլևս երբեք նախկինը չի լինի, ուստի ԱՄՆ-ն պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին դիմակայելու:

Գեներալը նշել է, որ չնայած՝ ԱԹՍ-ները մեծ կորուստներ են պատճառել հայերին, սակայն ադրբեջանցիներն իրենք են ընկղմվել արյունալի սպանդի մեջ, երբ նրանց հետևակը բազմիցս գրոհել է հայկական դիրքերի վրա: Թեև Ադրբեջանը տարածքային ձեռքբերումներ ունի, դրանք համեստ ու թանկարժեք են: Այդպիսով՝ նոր և հին մարտավարական հնարքների ադրբեջանական կոմբինացիան բավականին քիչ հաջողված էր:

Նշվում է, որ Արցախյան այս պատերազմում Ադրբեջանի կողմից բլիցկրիգի իրականացման մասին խոսակցություններն անտեղի են, թեև Բաքուն որոշակի հաջողություններ ունեցավ: Պատերազմի առաջին 7 օրերին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը, ադրբեջանցիները ցանկալի արդյունքի չհասան. առաջ շարժվեցին ընդամենը հաշված կիլոմետրեր: Սակայն հետագայում, հարավային ուղղությամբ զրահատեխնիկայի 2-3 «բռունցք»՝ մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայով, 25 հազար զինվորով, կենտրոնացնելով, նրանք կարողացան ճեղքել պաշտպանությունը և հաջորդ շաբաթների ընթացքում զարգացնել հարձակողական նախաձեռնությունը:

Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ այդ ուղղության վրա Ադրբեջանի ԶՈւ կենդանի ուժի առավելությունը հայկական նկատմամբ 10-12 անգամ ավելին է եղել: Միայն անձնակազմի ու ծանր տեխնիկայի զգալի կորուստների, ինչպես նաև թուրքական և իսրայելական անօդաչուների շնորհիվ օդային գերակայության հասնելու արդյունքում պատերազմի 44-րդ օրը Բաքվի ուժերը կարողացան խորանալ 40-45 կմ, վերահսկողություն հաստատել Արցախի երկրորդ մեծ քաղաքի՝ Շուշիի նկատմամբ և դուրս գալ Ստեփանակերտի մատույցները:

Միացեք մեր Telegram ալիքին