Վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու. Յակով Կեդմի

Իսրայելցի քաղաքական վերլուծաբան, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին հայտարարել է, որ վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու: Նրա խոսքով` այդ գործընթացը կասեցնել հնարավոր չէ, կարելի է միայն ձգձգել:

Կեդմին հավանական է համարում, որ այդ երկու երկրները միջուկային զենքի տիրապետեն 10, 15 կամ 20 տարի հետո: Վերլուծաբանը հիշեցրել է, որ վերջերս Պակիստանի միջուկային ռազմական ծրագրի ղեկավարները, ովքեր, Կեդմիի համոզմամբ, Իրանին աջակցում են միջուկային զենք ստեղծելու հարցում, Թուրքիայի հետ լրջագույն համաձայնություն են կնքել:

Իսրայելցի վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցրել` պատասխանելով այդ դեպքում Իսրայելի հնարավոր գործողությունների մասին հարցին. «Երբ Թուրքիան միջուկային զենք ունենա, մենք (Իսրայելը, խմբ.) պետք է հարձակվե՞նք նրա վրա: Պետք է հարվածե՞նք և´ Թուրքիային, և´ Իրանին»:

Քաղաքագետի խոսքով` միջուկային զենքը, անկախ ամեն ինչից, դառնում է 21-րդ դարի թիվ մեկ զինատեսակը, որին «այդպես էլ պետք է վերաբերվել»:

Յակով Կեդմիի կարծիքով` Իսրայելի խնդիրն է Իրանին չզրկել միջուկային զենքի տիրապետելու հնարավորությունից, ինչն անհնար է, այլ` տեղափոխել հնարավորինս ավելի ուշ ժամանակահատված: Հրեա վերլուծաբանի խոսքով` կամ պետք է հույս ունենալ, որ Իրանում կփոխվեն քաղաքական առաջնահերթությունները, բայց ոչ` արտաքին ազդեցությամբ, կամ պետք է ստեղծել բավարար ռազմական ուժ` չեզոքացնելու այդ զենքը:

Կեդմիի համոզմամբ` Իրանին միջուկային զենքի ստեղծումից հրաժարվել չի կարող նույնիսկ Միացյալ Նահանգներն իր ռազմական հնարավորություններով: Նրա խոսքով` որոշակի խնդիրներ առաջնելու միջոցով հնարավոր է հապաղում մտցնել միջուկային զենքի ստեղծման գործընթացում, սակայն դադարեցնել` հնարավոր չէ. «10-20 տարի հետո Իրանը նույնպես միջուկային զենք կունենա»:

Միացեք մեր Telegram ալիքին

ԱՄՆ-ի և Իսրայելի սուզանավերը մոտենում են Իրանի ափերին

ԱՄՆ Ռազմածովային ուժերի USS Georgia («Օհայո» (Ohio) դասի) ատոմային սուզանավը «Տիկոնդերոգա» դասի USS Port Royal և USS Philippine Sea հրթիռային քրեյսերների ուղեկցությամբ մուտք է գործել Պարսից ծոց՝ Իրանի նկատմամբ ուժի ցուցադրման նպատակով: Ամերիկյան աղբյուրները վերջին 8 տարում առաջին անգամ հաստատել են այսպիսի տեղեկությունը:

Չնայած սուզանավում ավելի քան 150 Tomahawk թևավոր հրթիռների առկայությանը՝ առավել մեծ ուշադրության է արժանացել սուզանավի վերին հատվածում առկա շլյուզային հատուկ խցիկը: Դրանով ստորջրյա դիվերսանտների խմբերը, օգտագործելով համապատասխան կրիչները, կարող են հասնել իրանական ափերին կամ բաց ծովում ԻՀՊԿ-ի ՌԾՈւ առանձին նավերին:

Միևնույն ժամանակ՝ Իսրայելի ՌԾՈւ սուզանավը, որը թևավոր հրթիռներ է կրում, անցել է Սուեզի ջրանցքը և ուղղություն է վերցրել դեպի Պարսից ծոց: Համարվում է, որ դա տեղի է ունեցել արաբական մի շարք երկրների (այդ թվում՝ Եգիպտոսի) թույլտվությամբ:

Համարվում է, որ երկու երկրների ռազմածովային ուժերի համատեղ ներկայությունը Իրանի ափերի մոտ խոսում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հակաիրանական ցուցադրական զորավարժությունների մասին:

Միացեք մեր Telegram ալիքին

ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի պատասխանին սպասում են Եմենից, Իրաքից ու Լիբանանից

Նկար՝ © Israel Defense Forces \ Իսրայելի ՌՕՈւ F-16 ինքնաթիռներ

Վերջին օրերին Իսրայելի Պաշտպանության բանակի ավագ սպաները «կոորդինացիոն բանակցություններ» են վարել ԱՄՆ-ի ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM, պատասխանատվության գոտին ներառում է նաև Մերձավոր Արևելքը) գործընկերների հետ: Նպատակը՝ երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումն է՝ «ընդդեմ Իրանի կողմից տարածաշրջանում հնարավոր վրեժխնդրության»: Թեհրանի պաշտոնյաները սպառնացել են պատասխանել գիտնական-միջուկաբան, ԻԻՀ-ի միջուկային մշակումների ոլորտի առաջատար մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար՝ հրապարակային մեղադրելով Իսրայելին:

Հաղորդվում է, որ Իսրայելի ՊԲ-ն (ՑԱԽԱԼ) պատրաստվածության բարձր մակարդակի է բերվել՝ դիմակայելու Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» շարժման և Եմենի հուսիթների զինանոցում գտնվող 140 հազար հրթիռներից մի քանիսին:

ՑԱԽԱԼ-ը չի բացահայտում պատերազմի պատրաստության մանրամասները, սակայն նրա հակահրթիռային պաշտպանության համակարգերի բոլոր երեք տեսակները՝ մարտավարական, օպերատիվ և մեծ հեռահարությամբ, գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակում:

Իսրայելցի փորձագետների գնահատմամբ՝ հրեական պետությանը հարվածելու դեպքում Իրանը հզոր պատասխան կստանա: Նրանց համոզմամբ՝ քանի դեռ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն է, Իրանը զերծ կմնա խոշոր հարձակումից, քանի որ դա ԱՄՆ-ի համար Իրանին հարվածելու առիթ կհանդիսանա:

Իրանի հարցերով առաջատար փորձագետ Ուզի Րաբիի խոսքով՝ Իրանն, ամեն դեպքում, ինչ-որ բան պետք է անի, և դա կարող է արտահայտվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված համազարկից կամ երրորդ երկրում իսրայելական թիրախի նկատմամբ ահաբեկչական գործողություններից:

Հուսիթները բազմիցս սպառնացել են իսրայելցիներին, ու թեև Եմենն Իսրայելից բավականին հեռու է, Իրանի աջակցությունը վայելող ապստամբները կարող են օգտագործել թևավոր հրթիռներ կամ հարվածային անօդաչուներ, ինչպես տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի պետական Aramco ընկերության նավթային օբյեկտների վրա:

Րաբիի գնահատմամբ՝ Իրանը կարող է օգտագործել նաև Իրաքի զինված «գործակալներին»՝ տեղի ամերիկյան թիրախների վրա ահաբեկչական հարձակումների համար: Իսրայելական հետախուզության փորձագետները նշում են, որ հենց այդ պատճառով է ԱՄՆ-ն Իրաքից տարհանել իր դիվանագիտական աշխատակիցների մեծ մասին, իսկ զինուժը՝ բերել մարտական պատրաստվածության բարձր մակարդակի:

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ ՌԾՈւ «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող հարվածային խումբը հրաման են ստացել վերադառնալ Պարսից ծովի գոտի՝ ամերիկյան զորքերն Իրաքից և Աֆղանստանից դուրս բերելու ժամանակ «պաշտպանական հնարավորությունների ապահովման» նպատակով: Թրամփի կողմից այդ երկու երկրներից մինչև հունվարի 15-ը ամերիկյան ռազմական ներկայության դուրսբերումը կարող է դիտվել տարածաշրջան հարվածային նավային խմբավորման վերադարձի համատեքստում, սակայն, բազմաթիվ փորձագետների կարծիքով, տվյալ որոշման կայացման գլխավոր շարժառիթն իրանական ուղղությունում սպասվող էսկալացիան է. այս հատվածում նախորդ օրերին լարվածությունը միայն աճել է: Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթները համարվում են «շատ զգայուն շրջան», երբ կարող է տեղի ունենալ Իրանի հետ բարձր մակարդակի առճակատում՝ ընդհուպ մինչև անմիջական ռազմական բախում:

Հիշեցնենք՝ Մոհսեն Ֆահրիզադեն, ում անվանում են «իրանական միջուկային ռումբի ստեղծման ծրագրի հայր», սպանվել է նոյեմբերի 27-ին: Ի պաշտոնե՝ նա ԻԻՀ Պաշտպանության նախարարության Հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավարն էր: Գիտնականի սպանության մեջ կասկածվում են Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսադ) գործակալները:

Միացեք մեր Telegram ալիքին