ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա կհարձակվի ներքաղաքական ճգնաժամի դեպքում. Ջարալլա

Ղրիմցի քաղաքագետ Վլադիմիր Ջարալլայի համոզմամբ` ՆԱՏՕ-ն Կիևի հետ համատեղ պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Սև ծովի ավազանի ուկրաինական տարածքում (Sea Breeze 2021), որպեսզի տեղեկատվական-հոգեբանական ներգործություն ունենա Մոսկվայի վրա:

Քաղաքագետի խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարությունը ենթադրում է մշտական ճնշում Ռուսաստանի վրա: Ջարալլան կարծում է, որ Արևմուտքը ցանկանում է հյուծել Ռուսաստանը, այնպես, ինչպես դա իրականացվել է ԽՍՀՄ-ի դեմ «Սառը պատերազմի» գործընթացում: Բացի այդ, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն մշակում է նաև ռազմական գործողությունների իրականացման վարկածներ:

Փորձագետի համոզմամբ` եթե Ռուսաստանում սկիզբ առնի ներքաղաքական ճգնաժամ, ապա դա թույլ կտա հնարավորինս արդյունավետ ներխուժում իրականացնել: Ուստի ակնհայտ է համարում զորավարժությունների անցկացման նպատակը: Խոսքը, ինչպես նշում է, միայն Ղրիմի մասին չէ, այլ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի:

Ջարալլան չի բացառում հակամարտության իրավիճակների ծագում, որոնք կարող են ի հայտ գալ նշված վարժանքների ընթացքում:

Նրա խոսքով` ՌԴ-ի ջրային տարածքը կարող են հատել` որակելով «պատահականություններ», որին կհետևի ռուսական կողմի կոշտ արձագանքը: «Արդյունքում` ոչնչից ճգնաժամ կառաջան»:

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պարբերաբար համատեղ խուսավարումներ են իրականացնում Կորեական թերակղզում կամ հարակից ջրային ավազանում, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ: Միաժամանակ, Ջարալլայի խոսքով, հաճախ են ստեղծվում այնպիսի իրավիճակներ, երբ Փխենյանը շատ խիստ է արձագանքում, ինչից հետո Սեուլն ու Վաշինգտոնը հարկադրված են լինում զսպել իրենց ռազմատենչությունը:

Սակայն Ռուսաստանի դեպքում, ինչպես նշում է փորձագետը, ավելի լավ է «վառոդը չոր պահել»:

Միացեք մեր Telegram ալիքին

Թուրքիան Վրաստանին խոչընդոտո՞ւմ է միանալ Հյուսիս-հարավ նախագծին

Հունիսի 1-ին Անկարայում հանդիպեցին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին: Թուրք նախագահը հայտարարեց, թե «Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափերով եռակողմ համագործակցությանը` նպաստելով այդ երկրների փոխգործակցության ամրապնդմանը»:

Էրդողանի խոսքերից կարելի է հասկանալ, որ Թուրքիան կողմ է միա´յն Ադրբեջանի ու Հայաստանի հետ Վրաստանի գործընկերությանը, մինչդեռ, օրինակ, Իրանի և Ռուսաստանի հետ կապերին դեմ է: Դա է վկայում հայտարարության մյուս հատվածը, որտեղ Վրաստանը համարվում է «տարածաշրջանային համագործակցության բանալի». կարևորվում են Վրաստանի տարածքով Թուրքիան ու Ադրբեջանն, ինչպես նաև Չինաստանն ու Եվրոպան իրար կապող տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքները:

Ուշագրավ է, որ Էրդողանը շեշտադրում է բացառապես Հարավային գազային միջանցքը և միջազգային տրանսպորտային միջանցքը, մինչդեռ չի շոշափվում իրանահնդկական առաջարկը` Հայաստանով ու Վրաստանով Եվրոպային կապվելու վերաբերյալ:

Թուրքիայի նախագահը «համագործակցության բանալի» ձևակերպմանը զուգահեռ շեշտում է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հիշեցնում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների լուծման մասին` կարծես գործարք պարտադրելով. չմիանալ Հյուսիս-հարավ նախագծին, փոխարենը ստանալ աջակցություն հակամարտությունների լուծման և գործող ուղիների զարգացման հարցում:

Պետական ու ազգային շահի տեսանկյունից Վրաստանի համար, անշուշտ, կարևոր են առկա ուղիների հետագա զարգացումը և հակամարտությունների ցանկալի լուծումը, սակայն վարչապետ Ղարիբաշվիլիի` նույն հանդիպման ժամանակ արված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վրաստանը թեև հետաքրքրված է առկա հարաբերությունների խորացմամբ, բայց չի պատրաստվում սահմանափակվել դրանով:

Այս մասին է վկայում վրաց վարչապետի կողմից «տարածաշրջանային համագործակցության» կարևորումը` ի պատասխան Էրդողանի «եռակողմ համագործակցության» մասին շեշտադրումներին: Ուստի ենթադրվում է, որ վարչապետի այցն Անկարա միտված էր նաև թուրքական կողմից այս հարցում գործի դրվող խոչընդոտների չեզոքացմանը:

Վահրամ Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերի մասնագետ, REGST.net-ի հիմնադիր

Նյութը տեղադրվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կայքում, 02.06.2021թ.

Միացեք մեր Telegram ալիքին

Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ուկրաինան հարձակվի Դոնբասի վրա

«Առանց Ռուսաստանի ակտիվ աջակցության` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) չեն կարողանա տևական ժամանակ դիմակայել Ուկրաինայի զինված ուժերին»: Սերգեյ Մարժեցկու խոսքով` եթե Մոսկվան պարզապես փակի սահմաններն ու հայտարարի, որ Դոնբասում տեղի ունեցողը ներուկրաինական հարց է, ապա այդ երկու հանրապետությունները կործանման են դատապարտված: Առանցքային հարցը` որքա՞ն կխորանա ռուսական ղեկավարությունը` Դոնեցկին ու Լուգանսկին պաշտպանելու համար:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ ուկրաինական հարձակման դեպքում Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին հարցին ի պատասխան` Վլադիմիր Պուտինը դեռևս 2018թ. հայտարարել էր, որ դա շատ ծանր հետևանքներ կունենա ուկրաինական պետության համար:

Հարցադրում է հնչում. «Արդյո՞ք Ռուսաստանը կարող է հաղթել Ուկրաինայի ԶՈՒ-ին ու հասնել Կիև»: Մարժեցկու կարծիքով` այո, սակայն դա շատ թանկ կարժենա ՌԴ-ի համար. մեծ թվով զոհեր ու տեխնիկայի կորուստ, հետագայում` խնդիրներ պարտիզանների հետ և այլն:

Հեղինակի խոսքով` ներկայումս ամենակարևորն այն է, որ Արևմուտքում հանգիստ չեն հետևելու ընթացող լայնածավալ պատերազմին: Ուկրաինա օտարերկրյա զորքեր մտցնելու իրավունքի մասին օրենքն արդեն ընդունված է, այդ պատճառով արշավը Կիևի ուղղությամբ ամենայն հավանականությամբ կավարտվի Արևմտյան, ապա և` Աջափնյա Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորախմբի տեղակայմամբ: Այդտեղ արդեն ամեն ինչ կախված կլինի ՌԴ ԶՈՒ-ի շարժունակությունից ու օդադեսանտային ուժերի գործողություններից, որպեսզի հասցնեն առաջինը վերցնել իրենց վերահսկողության տակ: Փաստացի` դա կնշանակի Ուկրաինայի մասնատում: Մարժեցկու կարծիքով` ՆԱՏՕ-ն այդ դեպքում կմոտենա ռուսական սահմաններին թե ընդհակառակը` կհեռանա, քննարկման հարց է:

Հեղինակը նշում է, որ ներկայումս Ռուսաստանն արդեն արևմտյան պատժամիջոցների ներքո է, իսկ այդպիսի ակտիվ հարձակողական գործողությունների դեպքում կարժանանա ավելի խիստ սահմանափակումների: «Հյուսիսային հոսք-2»-ի մասին ընդհանրապես ստիպված կլինի մոռանալ: Մարժեցկին հնարավոր է համարում, որ Կիևը կդադարեցնի ռուսական գազը տարանցումն իր տարածքով, իսկ գները Եվրոպայում կաճեն, ինչի առթիվ սեղմված հեղուկ գազ արտադրող ամերիկյան ընկերությունները բավականին կուրախանան:

Նշվում է, որ Մոսկվան այդպես «ազատորեն» կարող էր գործել 2014-2015թթ.: Հեղինակի խոսքով` 2021թ. նույնպես հնարավոր է, սակայն արդեն շատ թանկ կարժենա, հատկապես եթե ամեն ինչ ստիպված լինի ինքնուրույն անել, առանց տեղական «պրոքսիների»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բազմաթիվ փորձագետներ ահազանգում են, որ Ուկրաինան մեծ ուժեր է կենտրոնացնում Դոնբասի մոտակայքում` պատրաստվելով պատերազմի: Ժամկետ է նշվում ամենաուշը մայիս ամիսը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինան Թուրքիայից «բայրաքթարներ» է ձեռք բերում և տեղակայում մերձդոնեցկյան շրջաններում:

Նկար` © Валерий Мельников / РИА Новости

Միացեք մեր Telegram ալիքին

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն. Կարեն Անդրեասյան

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գլխավոր շտաբի հայտարարությանը` նշելով.

«19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն»:

Անդրեասյանի խոսքով` «բանակում պաշտոնավարող 19 գեներալ և մոտ այդքան էլ գնդապետ տարածեցին ակնհայտ քաղաքական հայտարարություն: Դա սահմանադրության կոնկրետ հոդվածի (հոդված 14) խախտում էր, հետևաբար` դա օրինական չէր: Նրանք և էլի շուրջ 10.000 մարդ, որոնք ակտիվորեն մասնակցում են հակաիշխանական ցույցերի (ընտրողների մոտ 0.5 տոկոսը), վստահեցնում են, որ երկրի ներկայիս իշխանությունը վտանգ է Հայաստանի գոյության համար, և միակ փրկությունը Փաշինյանի հեռացումն է ամեն գնով, նույնիսկ բանակի քաղաքական ակտիվացմամբ:

Իրենց միանշանակ ճիշտ համարող այս հարգարժան քաղաքացիները թույլ են տալիս բացարձակ վտանգավոր մի մեծ սխալ: Այն է՝ նպատակին հասնել նույնիսկ անօրինական ճանապարհով, ինչը որևէ երկրում երկարատև հաջողության չի բերել:

Հայաստանի բնակչության 0.5 տոկոսը, ինչպես նաև հարգարժան որոշ գեներալներ, հոգևորականներ, փաստաբաններ, լրագրողներ և այլք փորձում են իրենց օրակարգն ու փրկության իրենց միակ ճիշտը փաթաթել մեկ տարվա անտանելի փորձություններից դառնացած, նյարդայնացած, խոր ցավի ու հիասթափության մեջ հայտնված մի քանի միլիոնանոց հայության վզին՝ այդպես էլ չներկայացնելով որևէ տնտեսական, միջազգային կամ այլ խնդրի ոչ մի իրատեսական լուծում (իհարկե, Փաշինյանի հրաժարականից բացի): Ընդ որում, նրանք թերևս մոռացել են, որ երկրի կործանման սարսափով ու ոսկե սարերի խոստումով ընդդիմություններ Հայաստանը տեսել է 30 տարի շարունակ:

Սահմանադրությունը ստորադասելու նույն այս տրամաբանությամբ նվազագույնը 10.000 ուրիշ մարդ (ընտրողների էլի մոտ 0.5 տոկոսը) վստահ է, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների պատճառը նախկին իշխանավորներն են, ովքեր թալանել են ժողովրդին: Կոռուպցիայի դեմ օրինական պայքարը նրանք անվանում են «թավիշ» և միակ ճիշտ քայլը համարում են բոլոր նախկիններին անհապաղ բանտ նետելն ու բոլորի դղյակները խլելը:

Երկու այս իրարամերժ խմբերն էլ դեմ չեն սահմանադրության փոքրիկ ու մեծ խախտումներին՝ իրենց հայրենանվեր նպատակին հասնելու համար: Սակայն երբ որոշում ես տապալել սահմանադրական կարգը սեփական ճիշտն առաջ տանելու կամ, իբր, երկիրը փրկելու համար, կորցնում ես թե՛ օրինականությունը, թե՛ երկիրը և թե՛ այն ճիշտը, որի համար պայքարում էիր»:

Նկարը` © Factor \ Կարեն Անդրեասյան

Միացեք մեր Telegram ալիքին

Հայաստանը արդեն եկար ժամանակ հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով հայկական մեդիադաշտի կարևոր խնդրին: Այսպես, նրա խոսքով` Հայաստանն արդեն եկար ժամանակ է հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է։

Սա, Բաբաջանյանի խոսքով, այն դեպքերից է, երբ շատ քիչ ներդրում է պետք թշնամական երկրներից Հայաստանում իրենց բոլոր շահերը պաշտպանելու համար։

«Հայկական գլխավոր մեդիա ընկերությունները հենց իրենք են հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան, այդ արշավի մաս են կազմում՝ կեղծ ազգային-ավանդական-պետականամետ օրակարգով, իրականում, սակայն, նրանք գործում են Հայաստանի շահերի դեմ։

Հայաստանի ընդդիմության անունից հանդես եկող նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը շարունակում են տեսնել ռուսական, թուրքական և ադրբեջանական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով՝ անգամ եթե դա նշանակում է հանրության ինտենսիվ ապակողմնորոշում, բացահայտ կամ քողարկված տնտեսական պատժամիջոցներ, պատերազմում աղետալի պարտությունից հետո անգամ նոր տարածքային կորուստներ արդեն Հայաստանի տարածքից։

Այսինքն, ամեն ինչ, որ հնարավոր կդարձնի թուլացնել պետությունը և հետ վերցնել ամեն գնով, կրկնում եմ անեն գնով վերցնել իշխանությունը»,- նշում է Բաբաջանյանը:

Հաջորդ գրառմամբ անկախ պատգամավորն ավելացնում է, որ պատերազմը չի ավարտվել և այս նոր տեսակի հիբրիդային պատերազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռազմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հնարավոր էր հասնել ռազմական գործողություններով։

Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։ Այդ է պատճառը, որ պարտությունից հետո Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատերազմում Ադրբեջանը զինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում։

Բաբաջանյանն ընդգծում է, որ Ալիևին այս գործում կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան՝ դառնալով հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։

Միացեք մեր Telegram ալիքին

Թուրքիայի հետ դաշինքի մասին կարող են մտածել Չեչնիան և Դաղստանը. Օսիպենկո

Ուկրաինացի փորձագետ-միջազգայնագետ Ռուսլան Օսիպենկոյի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին զարգացումները ցուցադրեցին Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը և Ռուսաստանի ազդեցության նվազումը:

Օսիպենկոյի համոզմամբ՝ մինչ այդ Կովկասը Մոսկվայի ազդեցության տիրույթում էր, սակայն իրավիճակը սկսել է արմատապես փոխվել:

Փորձագետը նշում է, որ Կովկասում աշխարհաքաղաքական տեղաշարժեր են կատարվում. որպես նոր խաղացող՝ այստեղ հայտնվել է Թուրքիան: Սա ուժերի ու հետաքրքրությունների հավասարակշռության խախտում է. Ռուսաստանը դժգոհ է, քանի որ դա բարձրացնում է կովկասյան ժողովուրդների ոգին, որոնք գերազանցապես մուսուլմաններ են, թյուրքական ժողովուրդներ են:

Օսիպենկոն պնդում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասի ժողովուրդները նոր առաջնորդի են տեսնում: Նրա խոսքով՝ Թբիլիսին արդեն ներծծվում է Անկարայի և Բաքվի հետ դաշինքում:

Փորձագետն ընդգծում է, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի հետ դաշինքի մասին կարող են մտածել Չեչնիան և Դաղստանը: Նրա համոզմամբ՝ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սկսել է ճաքեր տալ. «բոլորը սկսելու են իրենց խաղը խաղալ»:

Օսիպենկոն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Անկարան պանթյուրքիզմի գաղափարն առաջ է տանում: Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանի որոշ շրջաններում: Այդ պատճառով փորձագետը կասկած չունի, որ Անկարան կսկսի ակտիվ քայլեր իրականացնել «թյուրքական աշխարհի վերականգնման» ուղղությամբ, որտեղ Թուրքիան կունենա առաջնորդող դերակատարում:

Միացեք մեր Telegram ալիքին

Էրդողանի և Ալիևի պայքարն Ադրբեջանի տարածքի և հատկապես Նախիջևանի համար

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի դիտարկումը թուրք-ադրբեջանական «նախիջևանյան լարվածության» վերաբերյալ:

Նկարը՝ © AA, Ռ.Թ.Էրդողան, Ի.Ալիև

Հիպոթեզ — Ներկայիս իրավիճակն այսքան սուր, ընդգրկուն, վտանգավոր չէր լինի, եթե Ադրբեջանի կազմում գտնվող տարածքի նկատմամբ հետաքրքրություն չունենար Թուրքիան:

Բացառում — Հայաստանը պատերազմ չի ցանկանում և ոչ մի դեպքում հանուն տարածքի, որքան էլ այն ՀՀ-ին անվտանգային, տնտեսական ու այլ հարցերով անհաժեշտ լինի, նախահարձակ չի լինի, և նախիջևանյան հարցում Բաքվի անհանգստությունը հայկական գործոնով չի կարող պայմանավորվել:

Հիպոթեզին աջակցող հանգամանքներ

1. Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը շուրջ 100 տարի եղել է Թուրքիայի համար կարևոր հենարան՝ պանթուրքիստական ծրագրերն ուժի մեջ պահելու համար: Այն սլաքի նման ուղղված է դեպի Թուրան, և առանց նրա թուրքականության՝ Մեծ Թուրանի մասին մտածելն էլ անիմաստ կլինի:

2. Պանթուրքիզմի իրագործման հիմքերը կահավորող, նախնիներին գերազանցել փորձող և սուլթանության ձգտող Էրդողանը վերջին վերջին 2 տարում ակնհայտ վերաբերմունք է ցուցաբերում այդ տարածքի նկատմամբ (բազմաթիվ զորավարժությունները, սոցիալ-տնտեսական ծրագրերը վկա):

3. Ռուս-իրանական անհանդուրժողական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ևս ակնհայտ է, իսկ այն չէր արտահայտվի, եթե Նախիջևանի «էրդողանականացման» վտանգ չզգային:

4. Ադրբեջանը տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, իսկ Թուրքիան «առիթից օգտվելու մեծ վարպետ է»:

5. Ադրբեջանի տնտեսական խնդիրները հանգեցրել են նաև քաղաքական խնդիրների ու միջկլանային պայքարի վերհանմանը: Այդ կլանների շարքում քիչ չեն նաև Էրդողանի հովանավորյալները: Նրանք լրջագույն պայքարի են մղվել, ինչը փաստում է Էրդողանի հետաքրքրությունն Ադրբեջանի տարածքի նկատմամբ:

6. Տնտեսական խնդիրներ ունեցող Ադրբեջանը հայտարարել է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար նախատեսում է ավելի լավացնել հարաբերությունները ԵԱՏՄ երկրների և հենց Միության հետ. վերջինիս հետ Ադրբեջանի՝ ցանկացած կարգավիճակով համագործակցությունը կնշանակի հեռացում թուրքական տնտեսական օղակից, այդ թվում՝ Նախիջևանի համար:

7.1 Բաքուն բարձր մակարդակով հայտարարեց Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հնարավորության մասին (ադրբեջանական հրթիռներն ատոմակայանին կարող են հարվածել Նախիջևանից): Սրանով Բաքուն ցույց տվեց իր ռազմաքաղաքական տիրապետությունը Նախիջևանում:

7.2 Հայաստանում միայն ԱԷԿ-ը չէ հզոր ենթակառուցվածք. այլ կառույցներ ևս կան, որոնք կաող են խոցվել բուն Ադրբեջանի տարածքից, սակայն տվյալ դեպքում ընտրվեց նախիջևանյան տարբերակը, ինչից հետո թուրքական հայտարարություններն այլ երանգ ստացան, տեղեկություններ տարածվեցին Բաքու նյութական աջակցություն ուղարկելու մասին:

8. Թեև ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չէին զբաղեցրել մեկը մյուսի տարածքը (փաստացի՝ տարածքային ամբողջականությունը խաթարված չէր. հայկական ուժերը չէին մտել Ադրբեջանի տարածք, իսկ ադրբեջանական ուժերը չէին կարողացել մտնել Հայաստանի տարածք), սակայն մի շարք երկրներից հնչեցին տարածքային ամբողջականության պահպանման կոչեր:

9. Ադրբեջանում վեր բարձրացան 10-ամյակներ շարունակ ճնշված ազգային փոքրամասնությունները, որոնք առանց հավելյալ աջակցության չէին կարող վտանգել իրենց հետագա գոյությունը:

10. Ընդդիմադիր մեծ շարժում է ձևավորվել Ադրբեջանում, որն ակնհայտ խնդիրներ է առաջացրել Ալիևի համար (վերջին օրերին շուրջ 1 տասնյակ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել):

11. Արտգործնախարարի փոփոխությունն ուղղակի կապ ունի այս խնդրի հետ, բայց մանրամասները դեռ պետք է հավելյալ բացահայտել (գուցե դա անձամբ Մամեդյարովն անի): Համենայն դեպս՝ նոր նախարարի նշանակումից հետո հնչեց Մեծամորին հարվածելու հայտարարությունը:

12. Ադրբեջանում այդպես էլ չկրկնեցին-չպատասխանեցին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի կողմից բախումների օրերին բազմիցս հնչած «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» (Bir millet, iki devlet)՝ նախկինում երկու երկրների համար ընդունելի արտահայտությանը:

Telegram

Ումի՞ց է Իլհամ Ալիևը փորձում պաշտպանել Նախիջևանը

Իլհամ Ալիևը Նախիջևանը փորձում է պաշտպանել հավասարապես Թուրքիայից և նրա ադրբեջանցի վկաներից, որոնց հետ խնդիրներ ունեցել է դեռ Հեյդարը:

Նկարում՝ Օձասար, Նախիջևան:

Ադրբեջանական կայքերում վերջին շրջանում պարբերաբար հրապարակվող վերլուծություններից հետևում է, որ ներքին լրջագույն քննարկումներ են ընթանում՝ կապված Նախիջևանի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների հետ:

Բնականաբար՝ խոսվում է տարածքի «ադրբեջանականության» մասին, հայկական «ագրեսիայի» մասին, Արցախի հարցում այս ուղղությամբ դիմակայություն ստեղծելու «հայկական փորձի» մասին, բայց ավելի շատ շեշտվում է նրա «հեյդարականությունը»:

Ասելիքը

Շատ փոքր հանգամանք կարելի է համարել այն, թե Ալիևը վտանգ է զգում այս հատվածում՝ հայկական կողմից: Փոքր, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր խնդիրն անվտանգությունն է, և մենք նման միջոցներ կարող ենք ձեռնարկել միմիայն հակահարվածի ու պաշտպանվելու անհրաժեշտությամբ: Դրա վկայությունն են սահմանակից ադրբեջանական բնակավայրերը, որոնք երբեք չեն թիրախավորվել հայ դիրքապահների կողմից՝ հայկական բնակավայրերի, դպրոցների վրա անմարդկային կրակ բացելու պարագայում:

Առավել մեծ հանգամանք է Նախիջևանն «այլ ուժերից» փրկելու փորձը: Հիշեցնում են, որ Ադրբեջանի դրոշը Նախիջևանում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ բարձրացրել է Հեյդար Ալիևը. սա ի՞նչ է, եթե ոչ՝ սեփականաշնորհում՝ հօգուտ Ալիևների գերդաստանի:

Սա վկայում է ներքին՝ քաղաքական-կլանային ինքնահաստատման փորձի մասին, բայց ես այն կանվանեի արտաքին քաղաքական-ներքին կլանային ինքնահաստատման փորձ: Ինչո՞ւ: Որովհետև Նախիջևանում այսօր հայերը չէ, որ փորձում են «ուժ խաղացնել», այլ՝ անկարայամերձ ուժերը, որոնք վերջին մեկ տարվա բազմաթիվ զորավարժությունների ու տարիներ ի վեր տարված հատուկ աշխատանքների արդյունքում հաստատվել են տիրովի (ի դեպ՝ նույն քաղաքականությունն է մասամբ տարվում նաև վրաց-աջարական Բաթումիի դեպքում):

Մանրամասներին ավելի ուշ կանդրադառնամ (ինչպե՞ս, ավելի հստակ՝ ի՞նչ գործողություններով), իսկ այժմ պարզապես եզրակացնեմ. Իլհամ Ալիևը Նախիջևանը փորձում է պաշտպանել հավասարապես Թուրքիայից և նրա ադրբեջանցի վկաներից, որոնց հետ խնդիրներ ունեցել է դեռ Հեյդարը, և այդ խնդիրներն արդիական են դարձել Իլհամի իշխանության վերջին շրջանում:

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Քաղաքական կորոնավիրուս. Շահան Գանտահարյանի անդրադարձը

Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով  է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինասատանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի  մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ:

Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ անպայման ծրագրավորված ախտահարումների կամ կենսաբանական զենքի գործածության մասին է, որքան վարակի հայտնաբերման առիթով կատարվող քաղաքական շահարկումների:

Շահարկումներ կատարելու համար իհարկե պետք է խուճապային մթնոլորտ ստեղծել: Տարբեր խնդիր է կանխարգելիչ միջոցների իրազեկումն ու այդ ուղղությամբ մարդկությունը նախապատրաստելը, տարբեր օրակարգ՝ կանխածրագրված խուճապային քաղաքականությունը:

Քաղաքական շահարկումները կատարվում են հիմնական երկու մակարդակներում․ նախ, իհարկե, վարակի հայտնված երկրում իշխանություն-ընդդիմություն ավանդական եւ դասական մոտեցումները կգերլարվեն եւ հակազդեցության, կանխարգելման, բուժման երեւույթների մանրադիտակի տակ կգան, վերագրումներ կատարելու, մեղադրելու եւ անկառավարելիության համոզումներ տարածելու համար:

Պարզ տրամաբանությունը հուշում է հետեւել վիճակագրություններին, նկատելու համար, որ ընթացիկ պատվաստային կանխարգելում ունեցող վարակների ախտահարման պատճառով ավելի մարդ  է մահանում, քան նոր հայտնաբերված եւ հակավարակի պատվաստին պատրաստության սպասող վիրուսից։

Առողջապահության նախարարությունները եւ նրանց հետևում կանգնած կառավարություններն  իրենց քաղաքացիների առողջական պայմաններին հետամուտ լինելու ճիգի մեջ ներկայացնում են իրենց մոտեցումները, ամեն գնով համոզելու, որ իրենք գործում են շատ արագ, անմիջապես մեկուսացնելով վարակված անհատը եւ հատուկ բուժումներ են կիրառում: Այս ուղղությամբ ծավալվում են բանավեճեր առողջապահական ոլորտում՝ ընդդիմադիր տեսակետներն ու կառավարական միջոցառումները ներկայացնող: Հեռուստացույցի եւ ընդհանրապես ԶԼՄ-ների հաղորդումների լսարանների թվերը նոր ոստումներ են արձանագրում, բնականաբար, այդ պահերին գովազդային սակագների նոր մագլցումներ արձանագրելով:

Առանց մտնելու հարցի շուկայական անցման միտումների տիրույթներ, անցում կատարենք ներքինից արտաքին ուղղություններին եւ նկատենք, որ վարակված անհատի մեկուսացումների նմանողությամբ հետզհետե մեկուսացվում են երկրները: Ամենաշատ մեկուսացվողները ներկայիս` Չինաստանն ու Իրանն են: Փակվում են սահմաններ` օդային, ցամաքային, ծովային: Հարվածի տակ են հայտնվում տնտեսությունները․ կասեցվում են ապրանքաշրջանառությունները: Կոչեր` տվյալ վարակավայրերը չայցելելու եւ տարհանման գործողությունների նախապատրաստություններ: Արդյունքը` հարվածվում է համաշխարհային մակարդակով տնտեսական բեւեռի վերածված չինական համակարգը եւ հավելյալ մեկուսացման ենթարկվում Իրանը:

Հիմա դիտարկումներ կկատարվեն տարածաշրջանային տեսանկյուններից: Տվյալ դեպքում ո՞ր երկրներն են, որ փակել են Իրանի հետ սահմանը եւ որոնք, որ շարունակում են բաց պահել այն: Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը շարունակում է բաց պահել իր սահմանը: Մինչ Հայաստանը ժամանակավոր փակումով, թույլատրում է  բեռնատարների ճանապարհով ապրանքաշրջանառությունը եւ իր քաղաքացիների հետդարձը: Փակելը, չփակելը քաղաքական մեկնաբանությունների դուռ են բացում․ «ժամանակավորը» հավանաբար փորձում է հավասարակշռված դիրք ապահովել վարակվելու-չվարակվելու կամ ավելի ճիշտ` մեկուսացնելու-չմեկուսացնելու գործընթացներում:

Մոռանալով 1981-ի մարգարեությունը կամ դրան հարող դավադրական տեսությունը, քաղաքականորեն չի բացառվում նման հավանականություն: Եթե Կորոնավիրուսի շահարկմանը հաջողվի ավելի ազդեցիկ գործոնի դեր ունենալ Իրանի մեկուսացման ուղղությամբ հայտարարված քաղաքականության իրականացման մեջ, ապա ինչու՛չմտածել կենսաբանական զենքի օգտագործման մասին: Մեկ հավելումով սակայն․ հարվածվողը ինքը եւս նման զենքի դիմելու հնարավորություն կունենա։ Տարբեր վայրերում ընթացող հիբրիդային պատերազմը համալրվում է նոր զինատեսակով, որը հիմնովին տարբերվում է մինչ այժմ կիրառվող ոճից։ Պրոքսի, սահմանափակ, սողացող եւ վերահսկելի ռազմական գործողությունները կենսաբանականի դեպքում Կորոնավիրուսի նման կթռչեն երկրից երկիր:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                               

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ (տեղադրված է նույնությամբ)

Թրամփի հեղինակությունը կարող է տուժել՝ վերընտրվելու խնդիր առաջացնելով

Արմեն Վարդանյանի դիտարկումը Իրաքում ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությանը հաջորդող զարգացումների վերաբերյալ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ. «Իրաքում ԱՄՆ-ի կողմից Իրանի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված փորձեմ իմ կանխատեսումներն անել։ Ակնհայտ է, որ Իրանը սա անպատասխան չի թողնելու։ Քանի որ ԱՄՆ-ը և Իրանը վաղուց արդեն միջնորդավորված պատերազմի մեջ են այլ երկրների տարածքում (քաղաքագիտական լեզվով դա կոչվում է պրոքսի պատերազմ-proxy war), ապա ամենայն հավանականությամբ Իրանը ուղիղ առճակատման մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ և կփորձի հենց երրորդ երկրի տարածքում վրեժ լուծել նրանից։ Դա կարող է տեղի ունենալ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց սպանության տեսքով կամ էլ երրորդ երկրի տարածքում ամերիկյան բազայի վրա հարձակմամբ։

Այսպիսի նախադեպեր արդեն եղել են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մինչև հիմա էլ կասկածներ կան, որ 1983թ. Լիբանանում ամերիկյան զորանոցի վրա հարձակումը և 244 ամերիկացի ծովային հետևակայինների սպանությունը կազմակերպել են իրանական հատուկ ծառայությունները։ Սա նաև կարող է լուրջ մարտահրավեր լինել 2-րդ անգամ առաջադրվելու ցանկություն հայտնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Եթե Իրանին հաջողվի նման օպերացիա իրականացնել, ապա դրանից լրջորեն կտուժի Թրամփի հեղինակությունը և նա կարող է խնդիրներ ունենալ վերընտրվելու կապակցությամբ։

Ժամանակին Ջիմի Քարտերը 2-րդ անգամ չընտրվեց ԱՄՆ նախագահ և պարտվեց Ռոնալդ Ռեյգանին մեծապես այն բանի պատճառով, որ հենց Քարտերի նախագահության շրջանում, 1979թ. Իրանում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան գրավումը ցուցարարների կողմից և դեսպանատան 66 աշխատակիցներին պատանդ վերցնելը ու դա ազդեց Քարտերի վարկանիշի վրա։ Ու չնայած ամերիկյան կողմը երկար ժամանակ բանակցություններ էր վարում Իրանի հետ պատանդներին ազատ արձակելու համար և նույնիսկ փորձ արվեց նրանց ազատման օպերացիա իրականացնել, այդ ամենն անհաջողության մատնվեց և իրանական կողմն այդ պատանդներին ազատ արձակեց միայն 444 օր հետո, երբ Ջիմի Քարտերը պարտվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում և Ռոնալդ Ռեյգանը անցավ իր պարտականությունների կատարմանը»։

Միայնակ կռիվ է տալիս՝ առանց թաքնվելու որևէ մեկի կամ թիմի թիկունքում

Ստյոպա Սաֆարյանի դիտարկումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության վերաբերյալ:

Ստյոպա Սաֆարյան. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ. «Ես, իհարկե, խնդրահարույց եմ համարելու Հայկ Մարությանի կողմից որոշ խնդիրների լուծման «ուղիների» ընտրությունը, որը համարում եմ վատ խորհրդատվության արդյունք: Ինչպես նախկինում էլ գրել եմ, նա այս կարգի «դիզայնով» լուծումների հետևանքներին միշտ բախվելու է, քանի դեռ քաղաքապատերանում ու իր խորհրդատուների շարքերում տակավին օգտվում է «դիլերի ու բարտերների» հին գիտակների ծառայություններից, բայց ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա միայնակ կռիվ տալիս՝ առանց թաքնվելու որևէ մեկի կամ թիմի թիկունքում:

Միայնակ, որովհետև անգամ քաղաքապետարանի նրա թիմը չի երևում այն լայնամասշտաբ գրոհը ետ մղելու ճակատում, որը այս օրերին սանձազերծվել է նրա դեմ: Իմ քայլի նրա թիմակիցներն էլ ցավոք չեն փայլում նրան պաշտպանելու հարցում, ու Հայկը այս պահին նման է վճռական միայնակի՝ իրեն աջակցող շատ սովորական նվիրյալների հետ միասին: Ինձ դուր է գալիս նաև, որ նրա գործողություններն ընդդիմախոսները մանրադիտակի տակ են պահում: Ու սա այն էր, ինչի կարոտ էր Հայաստանը, երբ քաղաքապետին կարող են այնքան ստիպել, որ նա արտահերթ լայվով բացատրություններ տա:

Դեհ, չասեմ, որ Հայկ Մարությանի ներկայիս ընդդիմադիրները մկան ծակին հազար թուման կտային նախկինում, եթե համարձակվեին Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Տարոն Մարգարյանի աչքի վերևում ունք նկատել: Հիշեք, թե ինչպես Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված «քննարկման» եղանակով պարտադրեց Գագիկ Ծառուկյանին պաշտոնանկ անել Երևանի ավագանում իր խմբակցության ղեկավար Արման Վարդանյանին, ով ընդամենը համարձակվել էր քաղաքապետին հիշեցնել, որ օրենքում գրված է, որ ավագանին կարող է հարցեր տալ քաղաքապետին… Իսկ այսօր ԲՀԿ-ն կատարյալ ազատություն է ստացել ու գրոհում է քաղաքապետի վրա….

Հայաստանում շատ մեծ բան է փոխվել ու դեռ փոխվելու է: Ու այսպես վճռական մենակ Հայկ Մարությանն էլ կարծես թե անցնում է իր լուրջ քաղաքական մկրտությունը: Այնպես որ՝ Հայաստանը շատ լավն է դարձել Հեղափոխության շնորհիվ… քաղաքապետը մարդ չի ծեծում ու հրաժարական տալիս, քաղաքապետը մի ամբողջ թաղամաս չի ունեզրկում ու անպատիժ մնում, քաղաքապետն այլևս բացատրություն է տալիս, երբ հանրության մոտ հարցեր են առաջանում»: