Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին. մարտահրավերներն ու զարգացման ուղին

«Ստեղծված իրավիճակում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը հնարավորինս պետք է զերծ մնան բռնության ցանկացած դրսևորումներից». Անահիտ Ղարիբյան:

Ս․թ․ փետրվարի 10-ին Միացյալ թագավորության «Էքոնոմիսթ ինթելիջենս յունիթ» հեղինակավոր հետազոտական և վերլուծական կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցն աշխարհում տիրող ժողովրդավարության իրավիճակի մասին։ «Ժողովրդավարության ինդեքս 2021․ Չինաստանի մարտահրավերը» կոչվող զեկույցում ներկայացվել է աշխարհի 165 երկրներում և 2 անկախ տարածքային միավորումներում ժողովրդավարության 2021թ. իրավիճակն ու կանխատեսվող միտումները։ Զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ՝ առաջ անցնելով տարածաշրջանի և հարևան մյուս երկրներին ժողովրդավարության ընդհանուր ցուցիչով։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

Ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպայի երկրներից 13-ը բարելավել են իրենց ցուցանիշը 2021թ․ ժողովրդավարության ինդեքսի համաձայն։ Մոլդովան և Մոնտենեգրոն գրանցել են ամենաբարձր աճը։ Եվս 11 երկիր գրանցել է անկում, որոնցից ամենամեծ անկումը գրանցվել է Ղրղզստանի Հանրապետությունում։ Ինչպես նշվում է զեկույցում, տարածաշրջանում դեռևս չկան «լիարժեք ժողովրդավար» երկրներ․ 28 երկրներից 16-ը «թերի ժողովրդավարությամբ» երկրներ են (ներառյալ ԵՄ արևելյան անդամ երկրները և Արևմտյան Բալկանների մեծ մասը), 4-ը «հիբրիդային ռեժիմներ» են (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան և Ուկրաինա) և 8-ը՝ «ավտորիտար ռեժիմներ» (Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները):

ՀԱՅԱՍՏԱՆԸ 5 ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԸ

Ընդգծենք, որ Հայաստանը 2006թ․-ից ի վեր ժողովրդավարության ինդեքսի հաշվարկման ամենամյա զեկույցներով ամենացածր ցուցանիշն ունեցել է 2016թ․՝ դասվելով ավտորիտար երկրների շարքին։ Վերջին 5 տարիներին այն գրանցել է զգալի առաջընթաց, սակայն դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ Այսպես, 2017թ․ Հայաստանը 111-րդ տեղում էր, իսկ 2021թ․ զբաղեցնում է 89-րդ տեղը (նույնը, ինչ 2020 թվականին)՝ երկու կետով գերազանցելով հարևան Վրաստանին։ Այսինքն նախորդ 5 տարիներին երկրում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը բարելավել է իր դիրքը 22-ով՝ 165 երկրների շարքում (1-նն ամենաժողովրդավար, իսկ 165-րդը՝ ամենաավտորիտար երկիրն է)։ Համեմատության կարգով նշենք, որ Վրաստանը 5 տարվա կտրվածքով 79-րդ տեղից իջել է 91-րդ տեղը՝ ընդհանուր ցուցանիշով անկում գրանցելով 12-ով։ 2021թ․ տվյալներով ցանկում Հայաստանին նախորդում է Սենեգալը, իսկ հաջորդում՝ Լիբերիան։ 

Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքը 0,14 միավորով՝ գրանցելով 5․49 արդյունք։ Ընդ որում, ամփոփ միավորը ձևավորվում է ընտրական գործընթացների, կառավարության արդյունավետ գործունեության, քաղաքական մասնակցության, քաղաքական մշակույթի և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ երկրի գրանցած ցուցանիշների հիման վրա։

Զեկույցում նշվում է նաև, որ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին ուժեղ հանրային մանդատ և աջակցություն՝ երկրում առաջացած քաղաքական անկայունության ու դժգոհությունների ալիքի ներքո։ 2020թ․ պատերազմից հետո արտահերթ ընտրություններում Փաշինյանի և իր կուսակցության համոզիչ հաղթանակը որոշակի կայունություն մտցրեց երկրում, ինչը թույլ տվեց կառավարոթյանը շարունակել երկրի ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը։ Այդուհանդերձ, չնայած ցուցանիշի բարելավմանը, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ մտահոգությունները մնում են ըստ զեկույցի հեղինակների։ Մասնավորապես դատական իշխանության անկախությունը դեռևս հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄ

Ժամանակակից աշխարհում թեպետ կուսակցական բևեռացումը որոշ չափով դրականորեն է ազդում ժողովրդավարության վրա, սակայն նոր հաստատված ժողովրդավարությունների պարագայում դրա քայքայման հիմնական շարժիչ ուժն ինտենսիվ բևեռացումն է, որտեղ քաղաքական հակառակորդները սկսում են միմյանց համարել գոյաբանական թշնամիներ՝ թույլ տալով գործող իշխանություններին արդարացնել ժողովրդավարական նորմերի չարաշահումները՝ զսպելու ընդդիմությանը և վերջինիս խրախուսելով օգտագործել «անհրաժեշտ բոլոր միջոցներն» իշխանությանը (վերա)տիրանալու համար։ Այս առումով ժողովրդավարության ուղին որդեգրած պետությունների համար առաջին գերխնդիրը կուսակցական նման բևեռացման հաղթահարումն է։

Հայաստանում 2018թ․ ժողովրդական համընդհանուր անհնազանդության մեծ ալիքի ներքո տեղի ունեցած սոցիալ-քաղաքական փոփոխությունները կամ, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունը», ընդունված է համարել ժողովրդավարության հաստատման, երկրի կոռումպացված պետական համակարգի ու ավտորիտար ռեժիմի փոփոխության մեկնակետը։ 

Այդուհանդերձ, նշված իրադարձությունների արդյունքում ժողովրդի մի ստվար հատվածի երազանքը, այն է՝ երկրում օրենքի բացարձակ գերակայությունն ու դատական համակարգի անկախությունը, մնաց ոչ միայն չիրականացված, այլև հիմնական պատճառ հանդիսացավ, որ ժողովրդի կարծիքով երկիրը թալանած նախկին իշխանավորները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեին տարիներ շարունակ պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանության բռնազավթման, պետական միջոցների մսխման,  հարստահարման և տասնյակ այլ հանցագործությունների համար, ոչ միայն մնացին անպատիժ, այլև հանդես եկան անհնազանդության կոչերով  և հեղաշրջման մի քանի անհաջող փորձեր կատարեցին։

Ընդ որում, Հայաստանում քաղաքական բևեռացման քայքայիչ ազդեցությունն առավել նկատելի էր 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Զինվորական վերնախավն ու ուժային կառույցների ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը, լինելով նախկին իշխանությունների կողմից նշանակված պաշտոնյաներ, տապալեցին կառավարման ողջ համակարգը՝ երկրում առաջացնելով խառնաշփոթ և զինվորական հեղաշրջման վտանգ։ Արդյունքում քաղաքական ճգնաժամի լուծման հնարավոր ելքերից մեկն իշխանությունների համար արտահերթ ընտրությունների անցկացումն էր, որով գործող իշխանությունները ստացան ժողովրդի վստահության քվեն գերակշիռ մեծամասնությամբ։ Ընդ որում, ընտրությունների արդյունքները ճանաչվեցին ոչ միայն միջազգային հանրության, այլև տեղական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների կողմից։

Այդուհանդերձ, քաղաքական ընդդիմությունը որոշ ժամանակ անց վերսկսեց իր պայքարը փողոցային անհնազանդության ակցիաներով։ Ըստ էության այս մարգինալացված քաղաքական ընդդիմության առկայությունը ոչ միայն իշխանությունների անգործության, այլ մի շարք հանգամանքներով է պայմանավորված։

2021թ․ արտահերթ ընտրություններից հետո, երբ ժողովուրդն իշխանություններին տվել էր «երկաթե մանդատ» երկրում կարգուկանոնի և օրինականության հաստատման համար, վերջիններս որևէ լծակ կամ գուցե նաև քաղաքական կամք չդրսևորեցին իրականացնելու ժողովրդի պահանջը։ Այդ պահանջը, թերևս, հանգեցրեց ուժերի պարզ վերադասավորության (Հայաստանի պարագայում այն առավել ցայտուն է․ 2018թ․ «մերժված» իշխանության ներկայացուցիչներն ու օլիգարխները դարձան ընդդիմություն, իսկ նրանց երբեմնի հակառակորդները ժողովրդի կամքով՝ իշխանություն)։

Ինչպես տեսնում ենք, դերերի նման հայելային վերադասավորությունն ամենևին չի նպաստում երկրի ժողովրդավարացման գործընթացներին, ավելին՝ այն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու ուղղակիորեն սպառնալիք հանդիսանում ազգային անվտանգության համար՝ հիմք ընդունելով ընդդիմության կոչերն ու հիմնական առաջնորդի քաղաքական տեսլականը՝ Հայաստանը միութենական երկրների կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Բացի այդ նման եզրակացության կարելի է հանգել՝ հաշվի առնելով հետպատերազմական շրջանում ընդդիմության կողմից տարբեր պետական կառույցների վրա հարձակումները, հակապետական կոչերն ու լոզունգները, ինչպես նաև հընթացս շարունակվող անհնազանդության ակցիաները, որոնք ուղեկցվում են բռնության տարբեր դրսևորումներով և ատելության քարոզով։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂԻՆ

Բանավեճերի մեկ այլ խումբ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են լուծումներ տալ ժողովրդավարական ուղին որդեգրած երկրների համար: Շատ երկրներում ժողովրդավարության առանցքային ինստիտուտները դեռևս պահպանում են հին ավանդույթները, որոնք այլևս կենսունակ չեն ժամանակակից աշխարհում։ Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին․ ձևավորված քաղաքական մշակույթը, ընտրական համակարգը, քաղաքական կուսակցությունները, Սահմանադրությունն ու այլ ժողովրդավարության ինստիտուտներ դեռևս պահպանում են հին ավանդույթներն ու արժեքները, որոնց փոխակերպման ու թարմացման դեպքում է միայն հնարավոր խոսել երկրի լիարժեք ժողովրդավարացման մասին։ 

Իրավիճակն առավել սրող գործոններից է պետական համակարգի կամ ծառայողական անձնակազմի դիմադրությունը բարեփոխումներին, քանի որ հեղափոխությունից հետո պետական համակարգում և այլ առանցքային կառույցներում, որոնք պատասխանատու են երկրում ժողովրդավարական բարեփոխումների կատարման համար, կադրային լուրջ փոփոխություններ չիրականացվեցին, որի հետևանքով աշխատողների ստվար մասը, չենթարկվելով վերադաս մարմինների հրամաններին, տապալում է որոշումների կատարումն ու խաթարում կառավարման համակարգը։ Սա առավել քան արդիական է դատական բարեփոխումների պարագայում։ Դատական համակարգը, մեծամասամբ լինելով նախկին իշխանությունների կողմից նշանակված և ձևավորված մշակույթի կրողն ու շարունակողը, ողջ ներուժով դիմադրում է ոչ միայն բարեփոխումներին, այլև պայքարում հենց երկրի ժողովրդավարական անցման դեմ, ապակայունացնելով մի կողմից՝ երկրի ներքին քաղաքական կյանքը, մյուս կողմից՝ վտանգներ ստեղծելով երկրում անօրինությունների, անարդարության, մարդու իրավունքների խախտման դեպքերի ավելացման ու զանազան սադրանքների առաջացման համար։ Նկարագրված իրավիճակը բնութագրական է նաև երկրի չորրորդ իշխանության՝ մեդիայի համար։ Այդ է պատճառը, որ վերջին հետազոտությունների արդյունքում Հայաստանում ամենացածր վստահությունը դատական համակարգի և ԶԼՄ-ների հանդեպ է, որոնք էական ազդեցություն են ունենում ոչ միայն ժողովրդավարության, այլև երկրի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների ու հասարակական տրամադրությունների վրա։ Ընդ որում, դատարանների նկատմամբ վստահությունն ավելի բարձր է, քանի մեդիայի, որը գրանցել է վերջին տարիների համեմատ վստահության ամենաշեշտակի անկումը։ Պատճառը, թերևս, բոլորի համար ակնհայտ է․ ընդդիմության ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունն առանձին մեդիաների սեփականատեր է կամ մեդիամագնատ և այն օգտագործում է իշխանությունների դեմ քաղաքական պայքարում։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ ստեղծված իրավիճակում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը հնարավորինս պետք է զերծ մնան բռնության ցանկացած դրսևորումներից մի կողմից՝ ոստիկանության ներկայացուցիչների, մյուս կողմից՝  ցուցարարների հանդեպ և փոփոխություններին հետամուտ լինեն միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների ու օրինականության սահմաններում՝ առանց սահմանափակելու և խախտելու մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք ժողովրդավարական ավանդույթների ձևավորման կարևորագույն ուղենիշներից են։

Անահիտ Ղարիբյան

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)