ՀՀ բնակչության տեղաշարժերի օրինաչափությունները 19-րդ դարի 30-ական թվականներից մինչև մեր օրերը

«Վերջին 200 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթի և դեպի Հայաստան ներգաղթի պատմությունը կարող է դեպքերն ու փաստերն առավել խորությամբ հասկանալու և ճիշտ որոշումներ կայացնելու հիմք հանդիսանալ». ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետազոտությունը։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

            Բնակչության տեղաշարժերը հայ ազգի վերջին 1000-ամյակի կենսակերպի անբաժանելի մասն են և  հիմնականում միտված էին ավելի շատ դուրս, քան ներս։ Դրան, առաջին հերթին, նպաստում էին պետականության բացակայությունը, հարևան հակամարտող պետությունների կողմից Հայաստանը մարտադաշտի վերածելը, կրոնական, տնտեսական, մշակութային ճնշումները, որոշ դեպքերում՝ բռնի տեղահանությունը։

            19-րդ դարի սկզբին, չնայած բազմաթիվ դժվարություններին, արևմտյան և արևելյան հատվածների բաժանված հայությունը շարունակում էր մնալ իր հայրենի հողում։ Եթե Արևմտյան Հայաստանում հայ ազգաբնակչությունն իր պատմական տարածքում դեռևս շարունակում էր թվաքանակով մեծամասնություն կազմել, ապա Արևելյան Հայաստանում բռնի տեղահանությունների հետևանքով բնիկ ազգի թիվը սկսել էր զիջել եկվոր քոչվոր ցեղերին, որոնք էական թվային գերակշռություն էին ձեռք բերել։

            1828թ. փետրվարի 28-ի Ռուս-պարսկական պատերազմի ավարտն ազդարարող Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելուց հետո Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից ներգաղթի շնորհիվ Արևելյան Հայաստանում էթնիկ հարաբերակցությունը սկսեց փոխվել ի օգուտ բնիկ ազգի։ Արդեն իսկ 1914թ․ նախօրեին Արևելյան Հայաստանում հայ ազգաբնակչությունն իր թվաքանակով գերակշռություն էր ձեռք բերել։

            1915-1920թթ․ իրադարձությունները կարելի է համարել հայ ազգի ամենածանր և սարսափելի փորձության ժամանակահատվածը, քանի որ Օսմանյան Թուրքիայի կողմից հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձությունները հանգեցրեցին սեփական հայրենիքից բնիկ ազգի մեծ արտահոսքի։

            Խորհրդային կարգերի հաստատումն իր բոլոր բացասական երևույթներով նպաստեց հայության վերադարձին դեպի հայրենի բնօրրան։ 1920-1970-ական թվականներին մոտ 250 հազար հայ ինչպես հեռավոր արտերկրից, այնպես էլ ԽՍՀՄ այլ հանրապետությունից ներգաղթեց Հայաստան։

            1980-ական թվականներին, պայմանավորված սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներով,  դադարեց ներհոսքը դեպի Հայաստան, և ավելացավ արտահոսքը, որը 1991թ․ անկախության և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով ավելի ուժգնացրեց այդ գործընթացը, և այն ժամանակային վայրիվերումներով շարունակվում է մինչ օրս։

            Արցախյան երկրորդ պատերազմն ու նոր իրականությունն ի հայտ բերեցին հայրենիքից երկարատև արտահոսքի ողջ պատկերը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1994թ. մայիսի 5-ին Բիշքեքում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների միջև կնքված համաձայնագրից հետո հայությունը չկարողացավ ապահովել դեպի Արցախ բնակչության բավարար ներհոսք, որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ, քանի որ 1991թ․-ից հետո Հայաստանում կառավարման ղեկին հայտնվածների պատճառով արտագաղթը դարձել էր հայ ազգի անբաժանելի ուղեկիցը։

            Արտագաղթը հայաստանյան քաղաքական խորապատկերին բավականին մեծ դերակատարում է ունեցել և 2018թ․-ից հետո դրա շուրջ ծավալվող դիսկուրսում ի հայտ են եկել նոր նրբերանգներ առ այն, թե որ նախագահի ժամանակահատվածում ինչ ծավալի արտագաղթողների թիվ է եղել, և արդյոք եղել է ներգաղթի ժամանակահատված։

            1991թ․-ից ի վեր ներգաղթ եղել է, սակայն ծավալն այնքան փոքր է, որ էական դերակատարում չի ունեցել ժողովրդագրական գործընթացներում։ Եվ այն պնդումները, թե  2004-2006թթ․ ներգաղթ է եղել Հայաստան, պարզապես քաղաքական մանիպուլյացիայի դաշտում են և իրականության հետ կապ չունեն։

            Ներկայացվող հետազոտությունը մեկ նպատակ ունի՝ ներկայացնել վերջին 200 տարվա հայության տեղաշարժերի ընդհանուր պատկերը, որը պետք է հիմնավորի այն գաղափարը, որ հայ ազգն իրեն անվտանգ և պաշտպանված կարող է զգալ միայն իր հայրենիքում, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ողջ հայության ներուժի օգտագործումը։

            Հետազոտությունը վեր է հանում նաև այն հիմնական  խնդիրները, որոնք նպաստում են արտագաղթի կայացմանը և դա ծնող պատճառները, որոնք, ցավոք, մինչ օրս վերացված չեն։

1 ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹԹ-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1991Թ

            Հայաստանը դարեր շարունակ եղել է հարևան հզոր երկրների շահերի բախման թատերաբեմ՝ 18-19-րդ դարերի սահմանագծում մասնատված լինելով Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ավերիչ ասպատակություններն ու բռնագաղթերը, ինչպես նաև օտարերկրացիների կողմից հայ բնակչության նկատմամբ վարած հայահալած քաղաքականությունը հանգեցրեցին Հայաստանի, հատկապես նրա արևելյան հատվածի հայաթափմանը, որի արդյունքում թյուրքալեզու և իրանալեզու էթնիկ խմբերն աստիճանաբար թափանցեցին ու հաստատվեցին Արևելյան Հայաստանում՝ թվային գերակշռություն ստանալով երկրի բնիկ բնակչության՝ հայերի նկատմամբ։

            Այս իրավիճակը շարունակվեց մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ 1826-1828թթ․՝ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո Թուրքմենչայի պայմանագրով Ատրպատականում բնակվող հայերին, որոնք հանդիսանում էին 17-րդ դարի սկզբին պարսից Շահ-Աբբասի կողմից Պարսկաստան բռնի տեղահանվածների ժառանգները, թույլատրվեց գաղթել ռուսական տիրույթներ կամ վերադառնալ հայրենի բնօրրան։ Չնայած պարսկական կառավարության հարուցած բազմաթիվ խոչընդոտներին, նյութական և այլ դժվարություններին՝ 1828-1829թթ․ ընթացքում Թավրիզի, Ուրմիայի, Սալմաստի, Խոյի, Մարանդայի շրջաններից ավելի քան 8249 ընտանիք, շուրջ 45 հազար հայ, գաղթեց և հաստատվեց նախկին Երևանի և Նախիջևանի խանություններում, մասամբ էլ՝ Արցախում,[1] իսկ 1829թ․ սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով Արևմտյան Հայաստանից 14907 հայ ընտանիք, մոտավոր հաշիվներով 90-100 հազար մարդ, Բայազետից, Ալաշկերտից, Կարինից և այլ վայրերից ներգաղթեց Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեց Շիրակում, Սևանի ավազանում և այլ վայրերում։[2] Զանգվածային այս ներգաղթերն արմատական փոփոխության ենթարկեցին Արևելյան Հայաստանի էթնոժողովրդագրական պատկերը։ Արևելյան Հայաստանում վերականգնվեց բնիկ ժողովրդի՝ հայերի գերակշռությունը (ամբողջ բնակչության շուրջ 69 տոկոսը)։ Հետագա տասնամյակներին Արևելյան Հայաստանի բնակչության կայունացման և բնական վերարտադրության համար ստեղծվեցին համեեմատաբար նպաստավոր պայմաններ։

            19-րդ դարի կեսերին շարունակվող ներգաղթի պայմաններում Արևելյան Հայաստանի բնակչության թիվն ավելանում էր հիմնականում բնական աճի հաշվին։ 19-րդ դարի կեսերին Արևելյան Հայաստանում բնակչության թիվը կազմում էր շուրջ 240 հազար մարդ,[3] որի 67 տոկոսը հայեր էին։ Այս ժամանակահատվածում Արևելյան Հայաստանի բնակչության էթնոժողովրդագրական գործընթացներն առանձնանում էին նրանով, որ աստիճանաբար կայունանում էր բնակչության թիվն ու էթնիկ կազմը, բնական աճն ուներ դրական հաշվեկշիռ, քոչվորությամբ զբաղվող թյուրքալեզու ու քրդական ցեղերն անցնում էին կիսաքոչվոր, մասամբ նաև՝ նստակյաց ապրելակերպի։ Ըստ 1873թ․ բնակչության միասնական հաշվառումների՝ Արևելյան Հայաստանի տարածքում բնակվում էր 522,5 հազար մարդ, շուրջ 2 անգամ ավելի, քան 19-րդ դարի կեսերին։

            Համառուսաստանյան առաջին մարդահամարը, որն անցկացվեց 1897թ․, ցույց տվեց, որ Արևելյան Հայաստանի տարածքում բնակվում էր 813.6 հազար մարդ, որից հայերը կազմում էին ամբողջ բնակչության 63.5 տոկոսը, թյուրքալեզու էթնիկ խմբերը՝ 28, քրդերը՝ 3.4, ռուսները՝ 3.1, մնացյալը՝ 2 տոկոս։ 1873 և 1897թթ․ արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ Արևելյան Հայաստանի բնակչությունը 24 տարվա ընթացքում աճել էր ավելի քան 291 հազարով։ Այդ ընթացքում հայ բնակչությունն աճել էր 87.2 հազար մարդով, թյուրքալեզու էթնիկ խմբերը՝ 56.1, քրդերը՝ 3.5, ռուսները՝ 13.6, ասորիները՝ 1.1, հույները՝ 2.5 հազարով։ [4]

            Փոքրաթիվ էթնիկ խմբերի համեմատաբար բարձր տոկոսային աճը պայմանավորված էր նաև նրանց ակտիվ տեղաշարժերով, այլ կերպ ասած՝ մեխանիկական աճով։

            Առաջին աշխարհամարտի նախօրյակին Արևելյան Հայաստանի բնակչության թիվն անցել էր 1 միլիոնի սահմանագիծը։ Հայ բնակչության թիվը հատել էր 700 հազարի սահմանագիծը, ընդ որում, բնակչության աճն ապահովվել էր հիմնականում բնական աճի հաշվին։

            20-րդ դարի սկզբներին Օսմանյան Թուրքիայի կազմակերպած Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության ցեղասպանության  հետևանքով թուրքական յաթաղանից փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող ավելի քան 2.5 միլիոն հայ ազգաբնակչությունից կենդանի էր մնացել ընդամենը 850 հազարը։ Դրանցից 200 հազարը կարողացել էր մի կերպ պահպանել իր գոյությունը Թուրքիայում, մոտ 200 հազարը՝ գերազանցապես կանայք և երեխաներ բռնի կերպով մահմեդականացվել էին, 250 հազարն ապաստանել էր Ռուսաստանում ու Անդրկովկասում, իսկ 200 հազարը տառապում էր Միջագետքի և Սիրայի ճամբարներում։[5]

            Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին աշխարհով մեկ սփռված հայության հայրենադարձության համար։ Հայրենիքը դեպի իրեն էր գրավում մեծ թվով սփյուռքահայերի ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից, այլև համեմատաբար բարձր կենսամակարդակ ունեցող Եվրոպայից, Ամերիկայից և այլ տեղերից։ Սփյուռքահայերի շրջանում սկիզբ էր առել և արագորեն ծավալվում էր հայրենասիրական շարժումը՝ «դեպի տուն», «դեպի հայրենիք», նրանց խոսքերով ասած՝ «դեպի ավետյաց երկիր»։ 1920-1930-ական թվականներին Թուրքիայից, Իրաքից, Հունաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից ավելի քան 40 հազար հայ ներգաղթեց Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում։[6]

            Հայրենադարձության երրորդ ալիքը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Հայկական ՍՍՀ միջնորդությամբ Սովետական Միության կառավարությունը 1945թ․ նոյեմբերի 21-ին որոշում կայացրեց սփյուռքահայության ներգաղթը Սովետական Հայաստան իրականացնելու մասին։ 1946-1948թթ․ շուրջ 100 հազար հայ 15 երկրից (ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան և այլն) բնակություն հաստատեց Սովետական Հայաստանում։[7] 1962-1973թթ․ Հայաստան ներգաղթեց ևս 26140 հայ։[8]

            Թեև 1960-1970-ական թվականներին Սովետական Հայաստանի բնակչությունը հիմնականում ավելանում էր բնական աճի շնորհիվ, սակայն ներգաղթն այդ տարիներին ապահովում էր տարեկան 11-17 տոկոս լրացուցիչ հավելաճ՝ հիմնականում երիտասարդների հաշվին։ 1960-1970-ականներին Անդրկովկասի հայաշատ բնակավայրերից զգալի ներհոսք կար դեպի Հայաստան։

Աղյուսակ 1 Ներգաղթն Անդրկովկասյան հանրապետություններից 1967 և 1971թթ[9]

ՏարիԺամանողՄեկնողՄեխանիկական հավելաճ (+-)
196729.416.512.9
197128.713.914.8

            Ինչպես երևում է աղյուսակից, ժամանողները զգալիորեն գերազանցում են մեկնողներին։ Բայց նախորդ դարի 80-ականների սկզբից էապես բարձրացավ Հայկական ԽՍՀ բնակչության տեղաշարժերի ակտիվությունը, որը 70-ականներին շատ փոքր էր։[10] Սակայն 1980-ական թվականներին Հայկական ԽՍՀ բնակչության տեղաշարժերն ավելի շատ սկսեցին ուղղվել դեպի դուրս։ Եթե 1976-1980թթ․ բնակչության տեղաշարժերի շնորհիվ հանրապետության բնակչության միգրացիոն մնացորդը դրական էր, ապա 1980-1988թթ․ վերափոխվեց բացասականի։ 1980-ականներին արտասահման մշտական բնակության մեկնելու գործընթացն ուժեղացավ, և միայն այդ ժամանակահատվածում 27 հազար մարդ մեկնեց ԱՄՆ։ [11]

Աղյուսակ 2 Հայկական ԽՍՀ-ի բնակչության տեղաշարժերը 1980-1988թթ (հազ մարդ) [12]

ՏարիԺամանողներՄեկնողներՄիգրացիոն աճ (+-)
19803860047000-8400
19813820044500-6300
19823970047300-7600
19834090050200-9300
19844530056300-11000
19855080066200-15400
19865490066600-11700
19876030070700-10400
19884774981767-34018
Ընդամենը416449530657-114208

            Ինչպես երևում է աղյուսակից 2-ից, 1980-ական թվականներին արտագաղթը գնալով մեծ չափեր էր ընդունում։ Արտագաղթողների՝ հայրենիքը լքելու հիմնական պատճառներից էին սոցիալ-կենցաղային նորմալ պայմանների բացակայությունը, խորհրդային հասարակարգում լայն տարածում ստացած սոցիալական անարդարությունները, կատարված աշխատանքի նկատմամբ ունեցած անբավարարվածությունն ու անտարբերությունը և այլն։ Դրան զուգընթաց տարեկան մոտ 30-40 հազար մարդ (հիմնականում որակյալ աշխատուժ) դրամ վաստակելու նպատակով արտագնա սեզոնային աշխատանքի էր մեկնում ԽՍՀՄ այլ հանրապետություններ, և դա այն դեպքում, երբ հանրապետության լեռնային ու նախալեռնային շրջանները, ինչպես նաև որոշ արդյունաբերական և շինարարական ձեռնարկություններ աշխատուժի կարիք ունեին։

            1988-1991թթ․ ԽՍՀՄ փլուզման և նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման անցումային ժամանակաշրջանն ուղեկցվեց բնակչության ակտիվ տեղաշարժերով, որոնցից հիմնականներն էին․

1․ 1988թ․ փետրվարին Արցախի հայությունը, արտահայտելով ինքնորոշման իր իրավունքը, ոտքի կանգնեց վերամիավորվելու մայր Հայաստանին, և սկիզբ առավ արցախցիների ազատագրական պայքարը։ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը, չկարողանալով կասեցնել օրեցօր ծավալվող շարժումը, արցախցիների արդար պահանջին հարկադրեց բիրտ  ուժի և բռնության քաղաքականությունը։ 1988թ․ փետրվարի 26-28-ին Սումգայիթ քաղաքում հայ բնակչության նկատմամբ կիրառվեց արյունալի հաշվեհարդար, որին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ գնաց երեք տասնյակից ավելի հայ, իսկ մնացածը փախուստի դիմեց և ապաստան գտավ Հայաստանում։ Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող հայ ազգաբնակչության նկատմամբ սպառնալիքն աստիճանաբար վերածվեց ահաբեկչության և 1988թ․ նոյեմբերին Կիրովաբադից (Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ բնակավայրերից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց։ Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության ավարտական փուլը դարձան 1990թ․ փետրվարի 13-ի Բաքվի արյունահեղությունները, որի հետևանքով Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց այնտեղից։ Հայերի մեծ մասն ապաստանեց Հայաստանում, իսկ որոշ մասը հանգրվան գտավ Ռուսաստանում և այլ վայրերում։ Ընդհանուր առմամբ, Հայաստան ներգաղթեց 311․328 մարդ։ [13]

2․ Որպես սպիտակյան երկրաշարժի անմիջական հետևանք՝ 1989թ․ ընթացքում աղետի գոտու բնակավայրերից 200 հազար մարդ[14] տեղափոխվեց և հանգրվան գտավ Կովկասի ծովափնյա շրջաններում, Հյուսիսային Կովկասի և Խորհրդային Միության այլ վայրերում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 1990թ․ ընթացքում նրանց գրեթե 2/3-ը վերադարձավ հանրապետություն։ Այս երևույթի հետևանքով Հայաստան չվերադարձած գրեթե 50 հազար անձ, հետագայում ձգելով աղետի գոտու աննախանձելի իրողություններում գտնվող իրենց ընտանիքների անդամներին և մերձավորներին, արդեն 1991թ․ սկիզբ դրեց հանրապետության բնակչության արտահոսքի  նոր ալիքին։ [15]

3․ Համաշխարհային հասարակությունից ճշմարտությունը քողարկելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները 1988թ․ դեկտեմբերին կազմակերպեցին Հայաստանի ադրբեջանցիների արտագաղթը։ Այն սկզբում ուղղակի սադրիչ բնույթ էր կրում և հետապնդում, այսպես կոչված, «հավասարակշռություն» ստեղծելու նպատակ։ Սակայն, երբ Հայաստանն անկարող էր դիմակայել Ադրբեջանից արտաքսված հայ գաղթականների՝ օրըստօրե աճող ներհոսքին, կամա թե ակամա ադրբեջանցիների արտագաղթն ընդունեց իրական կերպարանք։ Ընդ որում, եթե ադրբեջանաբնակ հայերն ամբողջովին թալանվեցին, խոշտանգվեցին և բռնի տեղահանվեցին, ապա հայաստաբնակ ադրբեջանցիների համար Հայաստանի իշխանությունների կողմից ընձեռնվեցին բոլոր հնարավորություններն իրենց տները շահավետ վաճառելու կամ էլ բնակարանները հարևան հանրապետությունում բնակվող հայերի հետ փոխանակելու համար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից հեռացան շուրջ 160 հազար ադրբեջանցիներ և 10 հազար մահմեդական քուրդ։[16]

4. ԽԱՀՄ-ի փլուզման հետևանքով նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերը սկսեցին տեղափոխվել իրենց նորանկախ հայրենիքը, և քանի որ Հայաստանի սահմանից դուրս գտնվող հայերն ավելի շատ էին, քան ուրիշ ազգերի ներկայացուցիչները Հայաստանում, հետևաբար 1991թ․ ներգաղթի արդյունքում տեղի ունեցավ բնակչության մեխանիկական աճ։

Աղյուսակ 3 Հայ բնակչության ներգաղթը 1991թ Խորհրդային Միության տարբեր վայրերից[17]

Ռուսաստան7186
Վրաստան3368
Ուկրաինա1011
Ուզբեկստան698
Ընդամենը12263

            Հայերի ներգաղթը հայրենիք պայմանավորված էր հետևյալ երկու գործոններով․

ա) գոյություն ուներ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում աճող ազգայնամոլ տրամադրությունների մտավախություն, որի մի շարք դրսևորումներ տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ ընդունել էին զարհուրելի ձևեր (հակահայկական ակցիաներն Ուզբեկստանում, Հյուսիսային Կովկասում և այլուր),

բ) կարևոր նախապայմաններից էր նաև հայերի ինքնագիտակցության արթնացումը և վերածնված Հայաստանի կառուցման գործին մասնակցելու ձգտումը։

5․ Դեպի Հայաստան նոր ներգաղթի ալիք առաջացավ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց ԼՂԻՄ-ի (1991թ․՝ ԼՂՀ) դեմ, որի հետևանքով հայաբնակ գյուղերից տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված էին տեղափոխվել ու ապաստանել Հայաստանում։ Մինչ այդ 1991թ․ մայիսին գաղթականների հոսք էր արձանագրվել հայաշատ Գետաշենի ենթաշրջանից, որի ընթացքում գրեթե 13 հազար[18] հայ թողեց իր օջախը։ Այնուհետև վրաց-աբխազական հակամարտության հետևանքով Աբխազիայից Հայաստան ներգաղթեց շուրջ 6 հազար հայ։[19]

Ընդհանուր առմամբ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հոսքի արդյունքում Հայաստանում հանգրվանեց շուրջ 420 հազար հայ, որոնցից 360 հազարը՝ Ադրբեջանից։ Այդպիսի մեծ քանակությամբ հայերի հոսքը հանրապետություն հսկայական խնդիրներ և դժվարություններ առաջ բերեց, որն աղետալի երկրաշարժի և օրեցօր խորացող Ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն հայտնվել էր քաղաքական և սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակում։ Հարկ է նշել, որ Հայաստան բռնագաղթածների հիմնական մասը (շուրջ 80 տոկոսը) քաղաքաբնակ էր, իսկ Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 90 տոկոսը գյուղաբնակներ էին, որի պատճառով փախստականների տեղաբաշխման հարցում զգալի խնդիրներ առաջացան։ 1991թ․ տվյալներով Հայաստանում կային 312 հազար[20] Ադրբեջանից բռնագաղթած հայրենակիցներ։

6. 1991թ․ քաղաքական և տնտեսական անկայուն իրավիճակից ելնելով՝ մեծ թափ է ստանում Հայաստանի Հանրապետության բնակիչների արտահոսքը։ Այն կապված էր ապագայի հանդեպ ունեցած տարակուսանքով, օրեցօր վատացող սոցիալ-տնտեսական իրադրությամբ և այլն։ Այդ տեղաշարժերի պատճառ էր ամբողջատիրական համակարգի փլուզումը, որի կարևոր բաղադրամաս հանդիսացող արտաքին միգրացիոն գործընթացների արգելակման քաղաքականության թուլացման հետևանքով որոշ չափով բացվեցին սահմանները՝ կանխորոշելով հեռավոր արտերկրի հետ Հայաստանի միգրացիոն շրջանառության ծավալների աճը։ Դրա հետևանքով կարճ ժամանակահատվածում Հայաստանի արտաքին միգրացիոն շրջանառության գումարային ծավալը կազմեց առնվազն 150 հազար մարդ, իսկ բացասական մնացորդը՝ գրեթե 60 հազար մարդ։ Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով ստեղծված անկայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը խթանեց 1991թ․ սկսված ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացումը, ինչը դեռևս զանգվածային բնույթ չէր կրում։ Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ։

2. ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ

            Ի տարբերություն 1990-1991թ․, երբ Հայաստանում տեղի էր ունենում «ներգաղթի պայթուն» և դիտվում էր միգրացիոն դրական աճ՝ 1992թ․ սկզբից ներգաղթը նվազեց և վերածվեց արտագաղթի։

            1992թ․ Հայաստանից սկսված զանգվածային արտագաղթը չափերով և ընդգրկվածությամբ իսկապես տարերային էր թե´ քանակական, թե´ որակական առումներով։ Եթե 1991թ․ ժամանողների թիվը 2.3 անգամ ավել էր մեկնողների թվից, ապա 1992թ․ ընթացքում օդային տրանսպորտով մեկնողների թիվը 1.3 անգամ ավելի էր ժամանողների թվից։ Բայց այս հաշվարկից դուրս են մնացել այն ուղևորները, որոնք մեկնում էին բեռնատար ինքնաթիռներով ու մեքենաներով, որոնց թիվը մեծ էր, սակայն հաշվառման չէր ենթարկվում։ Այս առումով պետք է նշել, որ մեկնած-չվերադարձած օդային ուղևորների որոշակի մաս են կազմել Հայաստանի քաղաքացի չհանդիսացող, հետևաբար հանրապետության բնակչության պաշտոնական թվաքանակի մեջ չմտնող մեր փախստական հայրենակիցները։ Նրանց թիվը մոտավորապես 150 հազար էր, և նրանք պաշտոնապես գրանցում չէին ստացել պետական մարմինների կողմից։

            1992-1994թթ․ ընթացքում Հայաստանից միայն օդային տրանսպորտով մեկնել է ավելի քան 2.3 մլն մարդ, իսկ վերադարձել է ընդամենը 78 տոկոսը։

            Զանգվածային տեղաշարժերը հատկապես ակտիվ դրսևորում գտան հանրապետության քաղաքներում, որը բացատրվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով։ Քաղաքներում ավելանում էր գործազուրկների թիվը, իսկ գյուղերում իրավիճակը համեմատաբար բարվոք էր։ Գյուղական բնակչության հայրենի բնակավայրերից չհեռանալու փաստը պայմանավորված էր նաև 1991թ․ սկսված հողի, անասնագլխաքանակի  և գյուղտեխնիկայի սեփականաշնորհմամբ։ Ի տարբերություն քաղաքի՝ գյուղում սեփականաշնորհումն իրականացավ սոցիալական որոշակի պահպանմամբ, մարդիկ հող և անասուն ստացան, մնում էր հարմարվեին նոր իրադրությանը։ Այդ տարիներին քաղաքների բնակչության մի մասը, կարելի է ասել, գոյատևեց նաև գյուղում բնակվող բարեկամների և հարազատների հաշվին։ Պետք է նշել, որ 1992-1994թթ․ գյուղաբնակների արտագաղթելու ակտիվությունը երեք անգամ զիջում էր քաղաքաբնակներին։[21] Հատկանշական է, որ 1992-1994թթ․ մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում ամբողջ ընտանիքներով գնացողները։ Տեղաշարժերի ընդհանուր ծավալում ընտանիքով մեկնողները կազմում էին 45 տոկոս, իսկ միայնակները՝ 55 տոկոս։ Միայնակ մեկնողների գերակշիռ մասն արական սեռի, վերարտադրողական և աշխատունակ տարիքի ներկայացուցիչներ էին։

            Ինչ վերաբերում է արտագաղթի հիմնական արտաքին ուղղություններին, ապա դրանք ուղղված էին ԱՊՀ երկրներ՝ հատկապես Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա, իսկ հեռավոր արտերկրից նախընտրում էին ԱՄՆ, ինչպես նաև եվրոպական զարգացած երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա և այլն։

            Ռուսաստանի Դաշնության Վիճակագրական ծառայության հաշվառած տվյալների համաձայն՝ Հայաստանից արտագաղթն այդ երկիր 1992-1994թթ ուներ հետևյալ պատկերը։

Աղյուսակ 4 Արտագաղթը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն 1992-1994թթ (հազ մարդ)[22]

ՏարիԺամանողներՄեկնողներՀաշվեկշիռ (+-)
1992157503756-11994
1993298061953-27853
1994468401906-44574
Ընդամենը920387617-84421

            Աղյուսակ 7-ի տվյալներն արտացոլում են Ռուսաստանում պաշտոնապես հաշվառման վերցված Հայաստանի քաղաքացիների թվաքանակը, իսկ ՌԴ միգրացիոն ծառայության տեղեկատվական բյուլետենների համաձայն՝ նշված տարիներին Հայաստանից միայն Ռուսաստան արտագաղթը կազմել է 542 հազար մարդ,[23] որն ավելի է աղյուսակ 7-ում ներկայացվածից։

            Բացի Ռուսաստանից կարելի է առանձնացնել հետևյալ երկրները, որոնց հետ Հայաստանը 1992-1994թթ․ ունեցել է արտագաղթի բացասական հաշվեկշիռ (տե՛ս աղյուսակ 8)։

Աղյուսակ 5 ՀՀ բնակչության հաշվառված արտագաղթի հիմնական ուղղությունները 1992-1994թթ (հազ մարդ)[24]

Տարածաշրջաններ ԵրկրներՄիգրացիոն հաշվեկշիռՏեսակարար կշիռն
ըստ երկրների տոկոսըստ տարածաշրջանների տոկոս
ԱՊՀ երկրներՌԴ-844217989.8
Ուկրաինա-98369
Բելառուս-14081.3
Մոլդովա3650.3
Ղազախստան-2840.2
Հեռավոր արտասահմանԱՄՆ-65656.110.2
Հունաստան-23702.2
Իսրայել-9170.8
Այլ երկրներ-10701.1
Ընդամենը1072381000

              Աղյուսակը ցույց է տալիս, որ արտագաղթածների գերակշիռ մեծամասնությունը մեկնել է Ռուսաստան և Ուկրաինա, իսկ հեռավոր արտերկրին բաժին է ընկել մեկնածների շուրջ 10 տոկոսը։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նշված երկրներ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից շատ մեծ էր Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, որտեղ կային որոշակի կապեր և, ամենակարևորը, գոյություն չուներ վիզային ռեժիմ, լեզվի իմացությունը հնարավորություն էր տալիս արագ ընտելանալ շրջապատին, զբաղվել պետական և մասնավոր գործունեությամբ։

              Հայաստանից արտագաղթողները հեռավոր արտերկրից հիմնականում նախընտրել են ԱՄՆ, որտեղ կար բավականին մեծ հայ համայնք, որն իր հերթին ձգող գործոն էր արտագաղթողների համար, իսկ Հունաստան հիմնականում արտագաղթեցին Հայաստանում բնակվող հույները և հայերը, որոնք մեկնեցին Հունաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի արդյունքում։

              1992-1997թթ․ տեղի ունեցած զանգվածային արտագաղթի հետևանքով հանրապետությունից հեռացավ 565.6 հազար մարդ, որը կազմում էր Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 16 տոկոսը։

Աղյուսակ 6 Արտագաղթը Հայաստանից 1992-1997թթ[25]

ՏարիՄեկնողներԺամանողներՄիգրացիոն սալդո (+-)
1992851.2639.9214.3
1993828.5689.9138.6
1994592.9470.0-122.9
1995505.1469.5-35.6
1996522.9496.9-26.0
1997501.4473.6-27.8
Ընդամենը3802.03236.4565.6

              Ինչպես երևում է աղյուսակ 6-ից, 1992թ․ համեմատ 1997թ․ մեկնողների թիվը պակասել է 42 տոկոսով, իսկ եկողներինը՝ 26 տոկոսով։ Սա փաստում է այն մասին, որ այդ ժամանակահատվածում ժամանողների քանակը տարեցտարի նվազել է, իսկ դա վկայությունն է այն բանի, որ արտագաղթն իր բնույթով մշտական էր։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ 1997թ․ սկսած արտագաղթը որոշակի իմաստով փոխում է բովանդակությունը․ սոցիալ-կենցաղային արտագաղթը փոխարինվում է, այսպես կոչված, սոցիալ-հոգեբանականով, որի կարևոր բաղադրիչներից էր ընտանիքների վերամիավորմանը միտված արտագաղթը։ Այսինքն, եթե նախկինում արտագաղթի հիմնական նպատակը դրսում աշխատելն էր և Հայաստանում մնացած ընտանիքներին ապահովելը, ապա այժմ արտերկրում հիմնական աշխատանք և գոյության այլ միջոցներ գտնելով՝ ընտանիքներին տեղափոխում էին արտերկիր։

              1992-1997թթ․ տարիքային կտրվածքով մինչև 16 տարեկան մեկնողները կազմում էին 21, 17-60 տարեկանները՝ 74, 61-ից բարձրը՝ 5 տոկոսը։ Ըստ կրթական ցենզի՝ 46 տոկոսն ուներ բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն, իսկ 54 տոկոսը՝ միջնակարգ և տարրական։[26] Տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում արտագաղթել էր ժողովրդագրական տեսակետից  երիտասարդ աշխատունակ և համեմատաբար բարձր կրթամակարդակ ունեցող բնակչությունը։

              1997թ․ սկսված արտագաղթի նոր ալիքը շարունակվեց նաև 1998թ․ նախագահական և դրան հաջորդած Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Հասարակության ծայրահեղ սոցիալական բևեռացումը, 3 տոկոս գերհարուստների և 55 տոկոս աղքատների հարաբերակցությունը, որի պատճառը 1990-ական թվականներին թալանչիական և անարդար սեփականաշնորհումն էր, որի արդյունքում հանրային սեփականությունը և նյութական շատ արժեքներ կենտրոնացվեց մի խումբ մարդկանց ձեռքին, մարդկանց անպաշտպանվածության զգացումը չէր կարող Հայաստանի զարգացմանը և հետևաբար արտագաղթի մեղմացմանը նպաստող գործոն լինել։ Ուստի Հայաստանում գրանցվող տնտեսական աճը չէր ուղեկցվում հասարակության լայն շերտերի բարեկեցության բարձրացմամբ, որի հետևանքով 1997թ․ սկսած արտագաղթի նոր ալիքն ընդգրկեց գործնականում խիստ աղքատացած մարդկանց։

              Արտագաղթի ներքին պատճառներից էր նաև Հայաստանում օրենսդրական ոչ բարենպաստ դաշտի առկայությունը և տնտեսության մենաշնորհացումը, որն իշխանական լծակներից հեռու կանգնած, նյութական միջոցներ ունեցող մարդկանց հնարավորություն չէր ընձեռում զբաղվելու ազատ, մասնավոր ձեռներեցությամբ, որի պատճառով նրանք ևս հեռանում էին Հայաստանից։

              Հանրապետության մարզերի բնակչության տեղաշարժերի վերլուծությունը նաև  ցույց տվեց, որ 1995թ. համեմատ 1997թ. արտագաղթի բնույթում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Եթե 1992-1994թթ. հանրապետության գյուղական բնակավայրերից արտահոսքն այնքան էլ մեծ չէր, ապա 1997թ. այն զգալիորեն ավելացավ:

            1998թ. համեմատ 2001թ. հանրապետության միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճում է 1,8 անգամ, որն առավելապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զգալիորեն նվազել էր Հայաստան վերադարձողների և, ընդհակառակը, աճել՝ մեկնողների թիվը: Ընդհանուր առմամբ, 1995թ. համեմատ 2001թ. Հայաստանի Հանրապետություն վերադարձողների թիվը կրճատվել էր 2 անգամ:

            1998-2001թթ. բնակչության արտագաղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է մինչև 16 տարեկան մեկնողների թիվը, իսկ դա վկայում է, որ արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում էին գերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչի արդյունքում էմիգրացիոն հոսքերում գերակշռում են ոչ թե ժամանակավոր արտագնա աշխատանքի, այլ մշտական աշխատանքի մեկնողները (ներառյալ` կանայք և անչափահաս երեխաները): Նշենք, որ միայն 2000-2001թթ. Հայաստանից միգրացիայի բացասական ցուցանիշը կազմեց 37 հազար մարդ:[27] Միգրացիայի չդադարող հոսքի այդպիսի մեծացումը պայմանավորված էր հատկապես 1998թ. ամերիկյան դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու 500 տոկոս արժեզրկմամբ։ Արդյունքում կտրուկ նվազեցին դեպի Հայաստան եկող տրանսֆերտները, և ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների մեծ մասը Հայաստանից տարան իրենց ընտանիքներին, ընդ որում, անվերադարձ:

            Այսպիսով, Հայաստանի անկախության առաջին տասնամյակը կարելի է համարել զանգվածային ներհոսքի և արտահոսքի ժամանակաշրջան: 2001թ. մարդահամարը ցույց տվեց, որ 1989թ. համեմատ ՀՀ մշտական և առկա բնակչությունը պակասել էր համապատասխանաբար՝ 13 և 24 տոկոսով կամ թվային արտահայտությամբ՝ 586.454 կամ 947.260 մարդով։[28] Զանգվածային արտագաղթի հետևանքով այդ տասնամյա ժամանակաշրջանում մեծ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ բնակչության թիվը, սեռատարիքային կազմը, բնակչության բնական վերարտադրությունը, ինչպես նաև ժողովրդագրական այլ չափորոշիչներ:

            Մյուս կողմից արտակարգ իրողություններով պայմանավորված այս արտահոսքը տվյալ ժամանակահատվածի համար  իրավիճակի շտկման կարևոր գործոններից մեկն էր: Ապահովելով ֆինանսական միջոցների նշանակալի ներհոսք՝ հնարավորություն էր ընձեռնվել մեղմել առկա սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամային իրավիճակը: Այն նաև կանխել էր լուրջ սոցիալական ցնցումները և թուլացրել էր սոցիալական լարվածության աստիճանը: Մյուս կողմից, զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանից հեռացավ ավելի ակտիվ և գործունյա հատվածը, նրանց մեծ մասն օտարվեց Հայաստանի ներքին խնդիրներից, որն էլ պատճառ հանդիսացավ Հայաստանի արդի քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերին բնորոշ բացասական երևույթների արմատավորման համար։ Հետագա տասնամյակներում դա ազդեց ինչպես ընտրախախտումների, այնպես էլ կոռուպցիայի և հովանավորչության լայն տարածման, անառողջ տնտեսական մրցակցության և մենաշնորհների առաջացման գործում:

3. ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ 2002-2007ԹԹ

            Տասնամյա բուռն միգրացիոն շրջանից հետո սպասվում էր, որ Հայաստանից արտագաղթողների թիվը կնվազի։ Սակայն Հայաստանում չէին լուծվել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և բարձր գործազրկության, ցածր աշխատավարձերի խնդիրները, Հայաստանում պետական վատ կառավարման պայմաններում արտագաղթը շարունակվեց, ընդ որում, այդ ժամանակահատվածում բավականին արդիական էր համարվում սեզոնային կամ ժամանակավոր միգրացիայի զարգացումը Հայաստանում: Աշխատանքային միգրացիային հատկապես նպաստում էր երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը, և ամենևին պատահական չէր, որ 2002-2007թթ.  20-րդ դարի 90-ականների համեմատ երիտասարդ մարդիկ ավելի հաճախ էին մեկնում արտերկիր վաստակի: Մեկնողների մեծ մասը որպես պատճառ նշում էր ոչ միայն աշխատանքի բացակայությունը, այլև Հայաստանում վճարվող ցածր աշխատավարձը: Դրա մասին են խոսում նաև այն հետազոտությունները, որոնք փաստում էին, որ 200 հազար դրամ վաստակ ունենալու պարագայում նրանց մեծ մասը կնախընտրեր տվյալ գործն անել Հայաստանում, քան Ռուսաստանում կամ այլ երկրում։[29]

             Սեզոնային միգրացիան սկզբնավորվել էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ տարեկան 30-40 հազար հայեր մեկնում էին Ռուսաստան կամ խորհրդային միության այլ երկրներ ժամանակավոր աշխատանքի: Սակայն անկախության ժամանակաշրջանում արդեն իսկ ձևավորված այդ ավանդույթները ոչ միայն չնվազեցին, այլև սոցիալ-տնտեսական իրողություններից ելնելով՝ ավելի զարգացման և տարածվեցին: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ 2002-2007թթ. համաշխարհային  տնտեսության վերելքը, միջազգային շուկայում նավթի և գազի գների թանկացումը, նավթադոլարների հսկայական ներհոսքը ՌԴ աշխուժացրեցին այդ երկրի տնտեսությունը և այնտեղ իրականացվող հսկայածավալ շինարարության, առևտրի զարգացման և արդյունաբերության համար մեծ քանակի աշխատուժ էր անհրաժեշտ: Աշխատանքային միգրանտները, որպես կանոն, արտագնա ժամանակավոր աշխատանքի էին մեկնում գարնանը և վերադառնում տարեվերջին, բայց եթե աշխատանքային միգրանտն արտասահմանում մեկ տարուց ավելի էր մնում, ապա վերադառնալու հավանականությունը նվազում էր, իսկ եթե նա արտասահմանում ավելի քան 4 տարի էր անցկացնում, անգամ եթե հաստատ ընդմիշտ մնալու մտադրություն չուներ էլ, այդ հավանականությունն ընդհանրապես նվազագույն էր դառնում։

            2002-2008թթ. Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց էին տալիս, որ աշխատանքային միգրացիան Հայաստանում գտնվում էր կայուն մակարդակի վրա, և տարեկան մինչև 100 հազար մարդ մեկնում էր Հայաստանից սեզոնային աշխատանքի:   Մեկնողների գերակշիռ մասն ակտիվ և վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին, և նրանց 85 տոկոսի միջին տարիքը  21-50-ն էր: Սեզոնային աշխատանքների մեկնողների համար հիմնական աշխատանքային երկիր էր հանդիսանում ՌԴ, որտեղ հանգրվանում էր մեկնողների 80 տոկոսը, ԱՊՀ այլ երկրներ էին մեկնում 5, եվրոպական երկրներ՝ 10, իսկ ԱՄՆ՝ 5 տոկոսը: ՌԴ մեկնող հայ աշխատանքային միգրանտների 57 տոկոսը ներգրավված էր շինարարության բնագավառում, 15-ը՝ առևտրում, 10-ը՝ արդյունաբերությունում: Ուսումնասիրությունները ցույց էին տալիս նաև, որ հայ միգրանտների միջին աշխատավարձը կազմում էր ամսական 643 դոլար:[30]

            2002-2007թթ. Հայաստանի միգրացիոն առանձնահատկություններից էր նաև այն հանգամանքը, որ տնտեսական որոշակի բարվոք պայմանների, մեծ չափերի հասնող դրամական տրանսֆերտների խորապատկերին այդ տարիներին արձանագրվում էր միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշ, և արտագաղթը ոչ միայն չէր նվազում, այլև ավելանում էր։

Աղյուսակ 7. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումները և բնակչության միգրացիոն սալդոն 2002-2008թթ. (հազ. մարդ)[31]

ՏարիՄուտքԵլքՀաշվեկշիռ (+-)Ընդհանուր ՈւղևորահոսքՄիգրացիայի մնացորդը (+-)
2002590,7593,4-2,71184,0-23.8
2003618,3628,5-10,21246,9-27.2
2004739,9737,8+2,11477,7-29.6
2005845,8833,3+12,51679,2-30.3
2006983,7962,0+21,81945,7-29.8
20071293,61296,8-3,22590,3-33.4
20081397,21420,2-23,12817,4-34.3

          Վերջին տարիներին, մասնավորապես  2018թ․ իշխանափոխությունից հետո և ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն մուտքից հետո անընդհատ, իր և իրեն քաղաքական հենարան հանդիսացող ուժերի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների կողմից անընդհատ շեշտադրվում է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում Հայաստան ներգաղթ է տեղի ունեցել։ Այս փաստարկի հիմքն այն է, որ 2004-2006թթ․ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի հաշվեկշիռը դրական է եղել, 2004թ․՝ 2.1, 2005թ․՝ 12.5, իսկ 2006թ․՝ 21.8 հազար մարդով, և դա ներկայացվում է որպես ներգաղթ։ Սակայն պետք նշել, որ սահմանային անցակետերով ելքի և մուտքի ցուցանիշները չեն կարող հանդիսանալ միգրացիոն մնացորդի ցուցիչ, քանի որ իրական միգրացիոն մնացորդն ունի հաշվարկի այլ մեթոդաբանություն։ Միգրացիոն մնացորդի հաշվարկն իրականացվում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից, ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ բնակչության պետական ռեգիստրից հաշվառումից դուրս գալու և հաշվառման կանգնելու տվյալների, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտության հիմքով  և կապ չունի ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների մնացորդի հետ։

            Ինչպես երևում է աղյուսակ 7-ից, 2007թ․-ից, չնայած բարենպաստ տնտեսական միջավայրին, արտագաղթը Հայաստանից ավելի մեծ չափերի է հասնում։ 2007թ. միգրացիայի բացասական ցուցանիշի առկայությունը կարելի է որակել տնտեսական գործընթացների համատեքստում: 2003-2007թթ. սկսած ամերիկյան դոլարի կտրուկ արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ նվազեցնում էին այն դոլարային փոխանցումների արժեքը, իսկ 80 տոկոսանոց դոլարի արժեզրկումը զգալի էր, և Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների մի մասը սկսեց մշտական հիմունքով տանել իրենց ընտանիքի անդամներին, և դա 2007թ. տվյալների արտացոլումն է: Ի լրումն դրա՝  2008թ. տեղի ունեցան խնդրահարույց նախագահական ընտրությունները, այնուհետև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց Հայաստանի բնակիչների միգրացիոն վարքագիծը, և էականորեն ավելացավ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական միգրացիան: 2008թ. բնակչության միգրացիոն արտահոսքը կտրուկ ավելացավ և կազմեց -34.3 հազար մարդ: Եվ քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս չէր սկսել, ապա միգրացիայի բացասական ցուցանիշի այդպիսի ցատկը կրկին պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները,  տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, տանում էին իրենց ընտանիքներին: Միաժամանակ 2008թ. փետրվարյան նախագահական ընտրություններից հետո կտրուկ ավելացավ Հայաստանից մեկնողների թիվը, և ըստ փորձագիտական տվյալների՝ 2008թ. մարտ-ապրիլ ամիսներին 15 հազար մարդ հենց քաղաքական նկատառումներով հեռացավ Հայաստանից:[32]

            Հետաքրքիր է դիտարկել նաև 2004-2008թթ. արտերկրից դրամական փոխանցումների դինամիկան, քանի որ այն ևս արտացոլում է այն պատկերը, որ աշխատանքային միգրացիայի ծավալմանը զուգընթաց աճում էին նաև Հայաստան փոխանցվող գումարները: Սակայն, պետք է նշել, որ այդ գումարների մեծ մասը ծախսվում էր մեծամասամբ սննդամթերքի, հագուստի, կենցաղային և տնային իրերի, անշարժ և շարժական գույքի ձեռքբերման, բնակարանային վերանորոգումների, և ըստ հետազոտությունների՝ միայն փոխանցվող գումարների 1-2 տոկոսն էին դառնում ներդրումային գործիք: Դա պարզապես սպառողական շուկայի զարգացմանն ուղղված դրամական փոխանցումներ էին և չէին դառնում ներդրումային գործիք Հայաստանում հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից։ [33]

Աղյուսակ 8. Դրամական փոխանցումներն արտերկրից Հայաստան 2004-2008թթ.[34]

ՏարիՀազ.դոլար
2004760,700
2005965,287
20061,237,597
20071,742,205
20082,270,615

            Ինչպես երևում է աղյուսակից, 2004-2008թթ. դրամական փոխանցումներն աճել էին 3 անգամ:  Սակայն այդ ժամանակահատվածում դրամը Հայաստանում դոլարի նկատմամբ արժևորվել էր 80 տոկոսով, և աճը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ մեր աշխատանքային միգրանտները ստիպված ավելի շատ գումարներ էին փոխանցում Հայաստան իրենց ընտանիքների կենսամակարդակը նորմալ վիճակում պահելու համար: Սակայն պետք է նշել, որ բանկերի միջոցով ստացվող դրամական փոխանցումները չէին արտացոլում Հայաստան ներհոսող դոլարների իրական ծավալը, քանի որ հիմնական գումարներն աշխատանքային միգրանտները վերադառնալիս բերում էին կանխիկի տեսքով, և դա էականորեն մեծացնում էր դրամական զանգվածի ներհոսքը հանրապետություն:

4. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԷՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ 2009-2017ԹԹ.

2009թ.-ից սկսած Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն սկսեց թողնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Արդեն իսկ 2009թ.  տարեսկզբին Հայաստանից կտրուկ նվազեց աշխատանքային միգրացիայի ծավալը, քանի որ ճգնաժամային սուր փուլում էր գտնվում նաև հայ միգրանտների հիմնական աշխատավայր հանդիսացող Ռուսաստանը: Սակայն հետագայում համաշխարհային տնտեսությունում, ինչպես նաև ՌԴ-ում նկատվող տնտեսական կայունացմանը զուգընթաց Հայաստանից կրկին ակտիվացան միգրացիոն գործընթացները, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, տնտեսական ճգնաժամն իր սուր փուլով Հայաստանում դրսևորվեց հենց 2009թ. կեսերին: Հայաստանում մեծացավ գործազրկության ցուցանիշը, և դա առավել ցայտուն էր 20-30 տարեկան երիտասարդների շրջանում: Միայն 2009թ. առաջին կիսամյակում Հայաստանում աշխատանքից զրկվեց այդ տարիքի  մոտ 30 հազար մարդ, և դա ևս խթան հանդիսացավ դեպի դուրս միտված միգրացիայի ծավալմանը:[35] Իր դերն ունեցան նաև այն սպասումների սպառումը, որը տեղի էր ունենում մինչ 2008թ.: 2009թ. Հայաստանում գրանցված 14,1 տոկոս տնտեսական անկումը ցույց տվեց, որ այդ սպասումները զուր էին, և կյանքի որակի հետագա բարելավումը դժվարանալու է: Արդյունքում Հայաստանի  միգրացիայի մնացորդը 2009թ. կազմեց -38.4 հազար մարդ:

Աղյուսակ 9. Հայաստանի Հանրապետության արտաքին ուղևորաշրջանառությունը  և միգրացիոն սալդոն 2009-2017թթ. (հազ. մարդ)[36]

ՏարիԺամանումՄեկնումԸնդհանուր ՈւղևորահոսքՀաշվեկշիռ (+-)Հայկական անձնագրերովՄիգրացիայի Մնացորդը (+-)  
20091432,01457,02889,0-23.1-38.4
20101754,21802,93555,1-25.0-49.1-37.6
20111945,11988,93934,1-43.8-57.2-28.5
20122191,82234,64426,4-42.8-49.6-9.4
20132476.32507.54983.8-31.1-42.0-24.4
20142709.22752.75461.9-43.4-47.6-21.8
20152867.02915.15782.1-41.6-47.0-25.9
20163398.13425.06823.1-48.1-54.3-24.9
20173757.13741.87498.9-26.8-36.1-24.0

            Ինչպես երևում է աղյուսակից, 2010թ. միգրացիոն մնացորդը, ի տարբերություն 2009թ., աճել էր 2.1 տոկոսով։ Դա առաջին հերթին պայմանավորված էր նաև  այն իրողությամբ, որ Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման և ռուսական տնտեսության այն ճյուղերի  աշխուժացմանը զուգահեռ, որտեղ հիմնականում ներգրավված էին Հայաստանի աշխատանքային միգրանտները, արտագաղթը կրկին ավելանում է: 2011 և 2012թթ. թեև Հայաստանի միգրացիոն սալդոն 2010թ. նկատմամբ համապատասխանաբար նվազել էր 24.3 և 75 տոկոսով, սակայն դրան առաջին հերթին նպաստել էր այն հանգամանքը, որ սիրիական ճգնաժամի սրացման պատճառով մեր սիրիահայ հայրենակիցներից մոտ 25 հազար մարդ լքել էր Սիրիան և հաստատվել Հայաստանում: Իսկ դա խոսում էր այն մասին, որ Հայաստանում արձանագրված 2011թ. ՀՆԱ-ի 4,7 տոկոս և 2012թ. արձանագված 7,2 տոկոս[37] տնտեսական աճը բավարար չէին տնտեսությունում մեծաքանակ աշխատատեղերի ստեղծման և աշխատաշուկայի լարվածության մեղմացման տեսանկյունից:

2014թ. Հայաստանի միգրացիոն գործընթացների վրա էական ազդեցություն գործեցին ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի միացման հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանանված  տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև  համաշխարհային շուկաներում նավթի և գազի գների կտրուկ գնանկումը: 2015թ. ՀՀ հիմնական միգրացիոն գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի վատթարացումը, աշխատատեղերի կրճատումը, ռուբլու կրկնակի արժեզրկումը, ինչպես նաև ՌԴ-ում խստացված միգրացիոն օրենսդրությունը ստիպեցին ՀՀ աշխատանքային միգրանտների որոշ մասին վերադառնալ Հայաստան, ինչպես նաև զգալի թվով ներուժային միգրանտների ձեռնպահ պահեցին այնտեղ մեկնելուց:

            Սակայն 2014թ. հետո ավելացավ այլ երկրներ մշտական բնակության համար մեկնողների թիվը։ ՌԴ-ում բիզնես և այլ աշխատանքային գործունեություն ծավալող հայ միգրանտները 2015թ. սկսած սկսեցին մշտական բնակության տանել իրենց ընտանիքներին, քանի որ դա տնտեսապես ավելի շահավետ է, և երկրորդ՝ մարդկանց մոտ մարել էին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման  հույսերը, միաժամանակ մարդիկ հույսեր չէին կապում այդ ժամանակահատվածի իշխանությունների հետ։

            Հաշվարկները ցույց են տալիս, որ 2013-2017թթ. ամբողջ ընթացքում ՀՀ արտաքին միգրացիոն շրջանառության բացասական մնացորդի գումարային մեծությունը կազմել է մոտ 236 հազար մարդ։ [38]

5 ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ 2018-2022ԹԹԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՎՐԱ

          2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունները և իշխանությունից երկարամյա իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցության» հեռացումը մարդկանց մոտ հույս առաջացրեց Հայաստանում սոցիալ-տնտեսական, դատաիրավական, կրթական և այլ ոլորտներում լուրջ բարեփոխումների, կոռուպցիայի վերացման և կյանքի որակի բարելավման առումով։

             Քաղաքական նոր գործընթացների մեկնարկը և ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնված բեկելու նաև Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացների բնույթը, վերացնել արտագաղթին նպաստող բացասական գործոնները, զրոյացնել արտագաղթը և նպաստել ներգաղթին։

            Բնականաբար այդ ամենն իրականացնելու համար շատ ջանքեր և միջոցներ էին անհրաժեշտ։ 1992թ․-ից մեկնարկած արտագաղթը կանգնեցնելը և այն հետադարձ շրջելը բարդ էր, քանի որ նախորդ ժամանակահատվածում արտերկրում ձևավորված նոր սփյուռքի օջախները ձգողականության ուժեղ «փաստարկներ» ունեին։ Մյուս կողմից, 1992-2017թթ․ ընթացքում Հայաստանից հեռացած 1 մլն 85 հազար ՀՀ քաղաքացիների փաստը վկայում էր, որ արտագաղթի հետագա շարունակությունը կարող է լիովին անկարողունակ դարձնել Հայաստանի Հանրապետությանը և վտանգել պետականության գոյությունը։     

            Ի լրումն ձևավորված նոր ուժեղ սփյուռքի համայնքների՝ Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրամիության երկրներ Հայաստանում մինչ 2018թ․ չէին ստեղծվել տնտեսական աճի ապահովման կայուն նախադրյալներ, մեծ էր գործազրկության ցուցանիշը, և Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառ մնում էր սոցիալ-տնտեսական հիմքով իրականացվող արտագաղթը։ Դա հատկապես ցայտուն էր  Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերից, քանի որ այնտեղ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, առողջապահական խնդիրներն ավելի ցայտուն էին, քան մայրաքաղաք Երևանում։ 

            Բացի այդ անցկացված հետազոտությունները նաև փաստում էին, որ պոտենցիալ միգրանտներին Հայաստանից չմեկնելու համար բավարար կլիներ ամսական մոտ 300 հազար մաքուր եկամուտը, ինչը Հայաստանի այդ ժամանակի անվանական 189 հազար դրամ և մաքուր 130 հազար դրամ աշխատավարձերին գերազանցում է համապատասխանաբար 1,6 և 2,4 անգամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում աշխատանքի առկայությունը դեռևս բավարար պայման չէր, որպեսզի մարդը չմտածի արտագաղթի մասին: Պատճառները տարբեր էին, սկսած անվտանգությունից, կրթությունից և այլ դրդապատճառներից։ Հայաստանի աշխատաշուկայի կարևոր ուղեցույց  էր նաև այն հանգամանքը, որ աշխատունակ տարիքում գտնվող մարդկանցից 10-ից 1-ի համար Հայաստանը չէր հանդիսանում մշտական աշխատավայր։

            2018թ․ պարզ էր, որ միգրացիոն հոսքերը միանգամից չեն կարող վերափոխվել դրականի, քանի որ դրա համար բավական ժամանակ և երկրի ներսում քրտնաջան աշխատանք էր պահանջում։ 2018թ․ իրադարձությունները, համեմայն դեպս, դրական ազդեցություն ունեցան միգրացիոն տրամադրությունների վրա, և դրա արտացոլումն այն հանգամանքն էր, որ 2013թ․-ից ի վեր առաջին անգամ միգրացիայի բացասական մնացորդը ցածր էր 20 հազարից (տե՛ս աղյուսակ 9)։

Աղյուսակ 9. Հայաստանի Հանրապետության արտաքին ուղևորաշրջանառությունը  և միգրացիոն սալդոն 2018-2021թթ. (հազ. մարդ)[39]

ՏարիԺամանումՄեկնումԸնդհանուր ՈւղևորահոսքՀաշվեկշիռ (+ -)Հայկական անձնագրերովՄիգրացիայի Մնացորդը (+-)  
20183757.13741.87492.9+15.3-6.5-18.2
20194319.64309.18628.7+10.56.5-15.4
2020913.2901.11814.3+12.0+42.7+3.4
20211629.81673.73303.5-43.8-73.7-4.2

            2019թ․ այս միտումը շարունակվեց, և միգրացիայի մնացորդը թեև բացասական, սակայն նվազում էր՝ -15.4 հազար մարդ։ Այդ ժամանակահատվածում իրականացված հետազոտությունները փաստում էին, որ Հայաստանում միգրացիոն տրամադրությունների բավականին փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, նվազել էր Հայաստանից դուրս  մշտական բնակության համար մեկնելու մտադրություն ունեցողների թիվը, և դա կապված էր այն հանգամանքի հետ, որ մարդիկ ապագայի նկատմամբ բավականին լավատես էին դարձել։ Մյուս կողմից, աշխատանքային միգրացիան չի դադարում և շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բնակչության որոշ մասի կենսապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը։ 2019թ․ բանկային համակարգով ստացված փոխանցումները, ի տարբերություն 2015թ․, բավականին աճել էին՝ 20 տոկոս, և կազմել էին 1 մլրդ 958 մլն դոլար։ Թեև այդ ցուցանիշը բավականին զիջում էր 2013թ․ 2 մլրդ 302 մլն դոլար փոխանցումներին, սակայն վերջին տարիների համեմատ բավականին բարձր էր։ [40]

            2020թ․ Հայաստանից միգրացիոն գործընթացների բնույթը COVID-19-ի տարածմանը զուգահեռ բավականին փոփոխությունների ենթարկվեց։ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով աշխարհի երկրների ձեռնարկած կոշտ միջոցներն ազդեցին մարդկանց առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից: Այդ միջոցառումները հանգեցրեցին միգրացիոն գործընթացների էական փոփոխությունների. երկրների միջև միգրացիան գրեթե ամբողջությամբ դադարեց, քանի որ երկրների մեծ մասը փակեց սահմաններն ինչպես միգրանտների, այնպես էլ զբոսաշրջիկների առջև։ Հայաստանում 2020թ. 2019թ. համեմատ օդային և ցամաքային տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումները նվազեցին ավելի քան 3.5 անգամ։[41]

            Կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակ սահմանների և մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին տնտեսական և սոցիալական դժվարությունների պատճառով ՌԴ-ից տեղի ունեցավ մեր հայրենակիցների մեծ ներհոսք։  2020թ․ 2011թ․-ից ի վեր առաջին անգամ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի՝ ՀՀ փաստաթղթերով գրանցումներն ունեցել են դրական ցուցանիշ՝ 42 հազար 786 մարդ: 2019թ․ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական էր 6 հազար 529 մարդով:

            2020թ․ COVID-19 համավարակի և տեղաշարժերի սահմանափակումների հետևանքով 1991թ․-ից ի վեր առաջին անգամ Հայաստանում գրանցվեց  միգրացիայի մնացորդի  դրական  ցուցանիշ (տե՛ս աղյուսակ 9)։

            2020թ․, չնայած 1991թ․-ից առաջին անգամ գրանցված միգրացիոն դրական մնացորդին, 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին Մոսկվայում եռակողմ հայտարարության հիման վրա պատերազմի դադարից հետո Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն գործընթացների բնույթը կրկին բացասական երանգներ ձեռք բերեց։ 

            Արցախյան երկրորդ պատերազմից հետո ամենամտահոգիչը, թերևս, Սյունիքի մարզից սկիզբ առած բնակչության արտահոսքն է։ 2020թ․ Սյունիքի մարզի բնակչությունը  կրճատվեց  1.4 , իսկ 2021թ․՝ 1.1 հազար մարդով։ Պետք է նշել, որ, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության այլ մարզերի, Սյունիքից բնակչության արտահոսքը բավականին ցածր ցուցանիշ ուներ։ 2016-2019թթ․ Սյունիքի մարզի բնակչությունը նվազել էր 2.1-ով կամ տարեկան միջինացված 539 մարդով։[42] Արտահոսքի պատճառներից գերակշռում են   սոցիալ-տնտեսական, այնուհետև անվտանգային և այլ դրդապատճառները։

            2021թ․ արտաքին և ներքին քաղաքական լարված իրավիճակը ևս չէր նպաստում միգրացիոն գործընթացների դրական ընթացքին։

            2021թ․ փետրվարից ՌԴ հետ ավիահաղորդակցության բացմանը զուհահեռ Հայաստանից մեկնեցին 2020թ․ կորոնավիրուսի տնտեսական բարդությունների հետևանքով Հայաստան վերադարձած երկարաժամկետ միգրանտները։ Միաժամանակ աճ գրանցեց նաև ժամանակավոր աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը։

            2021թ․ ընթացքում բավականին մեծացել է դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեր հայրենակիցների արտահոսքը, որը հիմնականում կրում է անօրինական բնույթ և տեղի է ունենում միջնորդավորված եղանակով՝ Մեքսիկայով։ Պետք է նշել, որ ԱՄՆ մեկնողների մեծ մասը ոչ այնքան վատ ապրելակերպ ունեցող մեր հայրենակիցներն են, որն այս պարագայում բավականին մտահոգիչ է։ Մեծ էր նաև ՌԴ քաղաքացիություն ձեռքբերող մեր հայրենակիցների թիվը, որը որոշ դեպքերում ունի ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան բոլորովին այլ դրդապատճառներ։

            Չնայած 2021թ․ միգրացիոն գործընթացների վերաբերյալ բավականին վատ կանխատեսումներին՝ պետք է արձանագրել, որ դրանք իրականություն չեն դարձել, և 2021թ․, եթե չհաշվենք 2020թ․, Հայաստանում արձանագրվել է 1991թ․-ից ի վեր միգրացիայի բացասական մնացորդի ամենացածր ցուցանիշը՝ 4.2 հազար մարդ։ Սակայն այս պարագայում սա ևս բավականին մեծ թիվ է, քանի որ Արցախյան 2-րդ պատերազմի և ներկայիս իրողությունների պարագայում, թեկուզ մեկ հայրենակցի հեռանալը բացասական է ընդհանուր ժողովրդագրական գործընթացների տեսանկյունից։ Դրա վկայությունն է թերևս այն փաստը, որ 2021թ․ ամերիկյան «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմել է մոտ 161 հազար մարդ։ Թեև այս թիվը բավականին մեծ է, սակայն զիջում է նախորդ տարիներին։ Այսպես, 2017թ․ «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմումատուների թիվը կազմել է 226, 2018թ․՝ 267, 2019թ․՝ 250, 2020թ․՝ 191 հազար մարդ։[43]

            2022թ․ աշխարհաքաղաքական բուռն իրադարձությունները, հատկապես փետրվարի 24-ին սկսված Ռուս-ուկրաինական պատերազմը ևս կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացների վրա։

            Պետք է նշել, որ Ուկրաինայի Հանրապետությունում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հայ համայնքի թիվը տատանվում է 300-500 հազար մարդու շրջանակներում։ Ուկրաինայում վերջին մարդահամարն անցկացվել է 2001թ․, որի ընթացքում 100 հազար մարդ իրեն նշել է որպես ազգությամբ հայ։[44] Սակայն այդ թվում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ոչ բոլորն են հանդիսացել ծնունդով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ուկրաինայում մեծ թիվ են կազմում 1988-1990թթ․ Բաքվի հայատյաց և ջարդարար քաղաքականության հետևանքով Ադրբեջանի իրենց տները լքած, Արցախից, Վրաստանից և Միջինասիական հանրապետություններից արտագաղթած մեր հայրենակիցները։ Ուկրաինայում հայության մեծ մասը կենտրոնացած է հատկապես այն շրջաններում, որտեղ ներկայումս տեղի են ունենում ակտիվ ռազմական գործողություններ (Կիևի, Խարկովի, Խերսոնի, Դոնեցկի տարածաշրջաններ)։ Բնականաբար պատերազմական գործողությունների երկարատև բնույթը կարող է հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, սակայն Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներից շատերին ստիպել վերադառնալ Հայաստան։ Իսկ հայ, սակայն արդեն Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները հնարավոր է՝ ընտրեն Եվրոպական Միության երկրներում հանգրվանելու տարբերակը, քանի որ Եվրամիությունն Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիություն ունեցողներին թույլատրել է մինչ 3 տարի ժամկետով մնալ իր տարածքում։ Այս պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ լինի օգնել մեր այն հայրենակիցներին, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։

            Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր միգրացիոն գործընթացներին, ապա վերջինիս դեմ սահմանված խիստ տնտեսական, բանկային և այլ պատժամիջոցները ևս կարող են պատճառ հանդիսանալ, որպեսզի մեր հայրենակիցները   վերադառնան Հայաստան։ Մյուս կողմից, կարող է կտրուկ նվազել յուրաքանչյուր տարի ՌԴ ժամանակավոր աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, որը կարող է լուրջ սոցիալ-տնտեսական բարդություններ առաջացնել Հայաստանում։ Թեև վերջին տարիներին ՌԴ-ից ստացվող տրանսֆերտներից Հայաստանի Հանրապետության կախվածությունը բավականին նվազել է (2013թ․՝ 1 մլրդ 727 մլն դոլար կամ ընդհանուրի 75 տոկոսը, 2021թ․՝ 865 մլն  դոլար կամ ընդհանուրի 41 տոկոսը)[45], սակայն այն դեռևս հանդիսանում է ստացվող տրանսֆերտների առաջատար երկիրը։ Ռուբլու ինքնարժեքի կտրուկ անկումը, ինչպես նաև մեր երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ միգրանտների համար կարևոր աշխատանքային ոլորտներ հանդիսացող առևտրի, ծառայությունների և շինարարության աշխատատեղերի կրճատումը կարող են էապես նվազեցնել ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների ծավալը։

            Նոր իրողությունները կարող են վերափոխել մեր այն հայրենակիցների մտադրությունները, որոնք այս կամ այն պատճառով ձգտում էին ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, և հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները վերականգնեն իրենց ելքային երկրի, այս դեպքում՝ Հայաստանի քաղաքացիությունը։

ՎԵՐՋԱԲԱՆ

            Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի դադարեցումն այս պահին որևէ այլընտրանք չունի։ Դրան հասնելու միակ ճանապարհը պետք է լինի տնտեսական միջավայրի հետագա բարելավումը, ներդրումների ներգրավման միջոցով նոր և որակյալ աշխատատեղերի, կյանքի որակի և ենթակառուցվածքների առումով լավ պայմանների ստեղծումը։

            Չնայած Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել սրություն ձեռքբերած անվտանգային խնդիրներին՝ Հայաստանից 1991թ․-ից ի վեր արտագաղթ ծնող պատճառների շարքում շարունակում է գերակշռել սոցիալ-տնտեսական հիմքով տեղի ունեցող արտագաղթը։ Գործազրկության բարձր մակարդակը, որը որոշ դեպքերում կապված է կրթական, մասնագիտական ոչ բավարար կարողությունների տիրապետման գործոնով, շարունակում է լուրջ փաստարկ հանդիսանալ արտագաղթի համար։ Դա առավել ցայտուն է դրսևորվում մարզային բնակավայրերում, որտեղից երիտասարդության՝ արտերկիր մեկնելու ձգտումը պայմանավորված է նաև աշխատանքի բացակայությամբ և ցածր վաստակով։

            Ցավոք նախորդ տարիների արտագաղթ ծնող պատճառները չեն վերացվում, իսկ դա արդեն իսկ խոսում է 1991թ․-ից ի վեր Հայաստանում ձևավորված կառավարման ցածր մակարդակի,  կառավարչական ոչ բավարար հմտությունների, խնդիրները լուծելու ոչ բավարար ջանքերի գործադրման մասին։

            1991թ․-ից մինչ օրս Հայաստանը չունի գործուն միգրացիոն գործընթացների կարգավորման ռազմավարություն, որը խոսում է այն մասին, որ Հայաստանում դեռևս իր ողջ խորությամբ չեն պատկերացնում շարունակվող արտագաղթի բացասական հետևանքները։

            Ռուս-ուկրաինական հակամարտության առումով միգրացիոն գործընթացների կարգավորումը նոր նշանակություն է ձեռք բերում, քանի որ 1991թ․-ից հետո ամենաշատն արտագաղթ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև փոքր չէ Ուկրաինայում հաստատված հայության թիվը։ Բնականաբար ռիսկերն այդ երկրներում բավականին մեծացել են, և սա մարտահրավեր է նաև Հայաստանի համար այն առումով, որ ֆորս-մաժորի դեպքում պատրաստ լինենք նպաստել մեր հայրենակիցների թե՛ բիզնես գործունեության, թե՛ ֆիզիկական վերադարձին։

            Եվ այս պարագայում վերջին 200 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթի և դեպի Հայաստան ներգաղթի պատմությունը կարող է դեպքերն ու փաստերն առավել խորությամբ հասկանալու և ճիշտ որոշումներ կայացնելու հիմք հանդիսանալ։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Ազգագրական հանդես, գիրք 13, թիվ 1, Թիֆլիս, 1906, էջ 103։

[2] Լիսիցյան Ս․, ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Եր․, 1949, էջ 151։

[3] Սարգսյան Հ․, Երևանի նահանգի բնակչությունը 50 տարում (1850-1900թթ․), ԲԵՀ, 199, թիվ 1, էջ 114։

[4] Ազգագրական հանդես, գիրք 9, Թիֆլիս, 1902, էջ 36, Լիսիցյան Ս․, Զանգեզուրի հայերը, Եր․, 1969, էջ 41-42։

[5] J. Lepsius, Deutscland und Armenien, S. LXV

[6] Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6, Եր․, 1967․ էջ 553։

[7] Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8, Եր․, 1970․ էջ 248-254։

[8] Հայկական սովետական հանրագիտարան, Եր․, 1987, էջ 190։

[9] Вестник статистики, 1968, N 10, стр. 89, 1973, N 2, стр. 78:

[10] Динамика населения CCCP 1960-1980гг., М., 1985, стр. 102:

[11] Ազիզբեկյան Ռ․, Գեղամյան․, Հայաստանը 1960-1980-ական թթ․, Եր․, 1993։

[12] Армения в цифрах 1988 году, Госкомстат Арм. ССР, Ереван., 1989г., стр. 22:

[13] Ադրբեջանից ժամանած փախստականների թվաքանակը 1988-1999թթ․, Եր․, 2000, էջ 8։

[14] Ազիզբեկյան Ռ․, Գեղամյան․, Հայաստանը 1960-1980-ական թթ․, Եր․, 1993, էջ 60։

[15] Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում, Եր․, 2000, էջ 3։

[16] Авакова Р., Лисова А., Россия и Закавказье; реалии незавимости и новое партнерство, М., 2002, стр., 154:

[17] 1992-1997թթ․ ՀՀ արտաքին միգրացիայի գործընթացի հետազոտում, Եր․, 1999, էջ 3։

[18]Նույն տեղում, էջ 5։

[19] Նույն տեղում, էջ 4։

[20] ՀՀ Միգրացիայի և փախստականների վարչության կողմից հրապարակված տվյալների հիման վրա։

[21] Шахназарян Н., Нарушение демографической структуры населения РА в результате внешней миграций, Ер., 1998, стр. 41:

[22] Российский статический ежегодник 1993-1994гг., Госкомстат Россий, 1994, стр. 148:

[23] Миграция, փետրվար, թիվ 4, 1996, էջ 35։

[24] Աղյուսակը կազմված է ըստ Անձնագրերի և վիզաների վարչության տվյալների, այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հեռավոր արտասահման մեկնելու թույլտվություն են ստացել և նրանց, ովքեր հեռավոր արտասահմանից Հայաստան են ժամանել։

[25] Ըստ կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների և ՀՀ ՎԿ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2021» մշտական բնակչության թվաքանակի փոփոխության բաղադրիչների վերաբերյալ տվյալների, https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf, էջ 39։

[26] Внешная миграция из РА за 1992-1997 гг., 1997, стр 23:

[27] Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2021 թվական, Բնակչություն, ՀՀ Վիճակագրական կոմիտե, էջ 39, https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf

[28] Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, 2001թ․ մարդահամարի արդյունքները (ՀՀ ցուցանիշներ), մաս 1, Եր․, 2003, էջ 213։

[29] Միգրացիա և զարգացում, Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, 2009թ․, էջ 40-41։

[30] ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն, UNFPA., Երևան, 2007թ․, էջ 11։

[31] Հաշվարկներն իրականացվել են ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2003-2009թթ․ «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբեր ամիսներին» հրապարակումների և Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2021 հրապարակման տվյալների, Բնակչություն,  https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf, էջ 39։

[32] Միգրացիա և մարդկային զարգացում, Հնարավորություններ և մարտահրավերներ, Հայաստան, Երևան, 2009թ․։

[33] Մարդկային զարգացման ազգային զեկույց, 2009, UNDP, Երևան, 2010թ, էջ 32։

[34] Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx

[35] Աշխատանքի շուկայի ցուցանիշները, Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը 2009թ. հունվար-դեկտեմբերին, https://www.armstat.am/file/article/sv_12_09a_141.pdf

[36] Հաշվարկներն իրականացվել են ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2010-2018թթ․ «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբեր ամիսներին» հրապարակումների և Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2021 հրապարակման տվյալների, Բնակչություն,  https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf, էջ 39։

[37] ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ զեկույց, Երևան, 2013թ․։

[38] Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2021, Բնակչություն,  https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf, էջ 39։

[39] Հաշվարկներն իրականացվել են ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2019-2021թթ․ «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբեր ամիսներին» հրապարակումների և Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2021 հրապարակման տվյալների, Բնակչություն,  https://www.armstat.am/file/article/demog_2021_2_.pdf, էջ 39։

[40] Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Արտաքին հատվածի վիճակագրության այլ ցուցանիշներ, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումներ, սոցիալ-ժողովրդագրական հատված, https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx

[41] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-դեկտեմբերին, Սոցիալ-ժողովրդագրական հատված, Ժողովրդագրական իրավիճակը, բնակչության թվաքանակ և բնական շարժ, ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումները,    https://armstat.am/file/article/sv_12_20a_520.pdf, էջ 156։

[42] Հաշվարկներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հատվածի ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հրապարակումների 2016-2021թթ․ հաշվարկների հիման վրա։

[43] Փաստերի ստուգման հարթակ, https://fip.am/14272

[44] All-ukrainian population census, http://2001.ukrcensus.gov.ua/eng/results/general/language/

[45] Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, Արտաքին հատվածի վիճակագրության այլ ցուցանիշներ, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումներ, https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx