Թուրքիան գազային հանգույց դառնալու ճանապարհին. Հայկ Գաբրիելյան

Թուրքիան հաստատուն քայլերով գնում է գազային խոշոր միջանցք դառնալու ուղղությամբ, ինչը տեղավորվում է նաև նրա ընթացիկ բավական հավակնոտ ծրագրերում։

2022թ․ մարտի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե Ուկրաինայի ճգնաժամն իրենց հիշեցրեց, որ քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտներում ուժեղ և ընդհանրապես բավական ինքնաբավ լինելը ոչ թե Թուրքիայի ընտրությունն է, այլ պարտականությունը․

«Թուրքիան պետք է ուժեղացնի դիվանագիտական ոլորտում կենտրոնական երկրի իր դերը։ Մեր երկիրն ունակ է շարժվել իր ուղով՝ հիմնականում կառավարման նոր համակարգի ընձեռած հնարավորությունների շնորհիվ չտուժելով հարավում, հյուսիսում ու արևելքում գրանցվող բախումների, արևմուտքում շարունակվող լարվածության պատճառով։ Այսօր մեր երկրի անունը, դրոշը, ստվերն արտերկրում դարձել են անվտանգության, բարօրության ու հույսի խորհրդանիշ։

Տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի աճող հզորության, գրավչության և կարևորության առավել կոնկրետ դրսևորումներից մեկն անցյալ շաբաթ Անթալիայի եռօրյա Դիվանագիտական ֆորումն էր, որն անցկացվում էր երկրորդ անգամ։ Ֆորումին մասնակցել են աշխարհի բոլոր չորս կողմերը ներկայացնող 75 երկրի ղեկավարներ ու նախարարներ, 39 միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Դիվանագիտության վերաիմաստավորում» խորագրով ֆորումի ամենահնչեղ մասը Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումն էր մեր ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ։ Թեև դա չհանգեցրեց կոնկրետ արդյունքի, բայց շատ կարևոր էր երկխոսության դռները բացելու առումով»[1]։

         Մարտի 16-ին թուրքական մամուլը գրեց․ «Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից անմիջապես անց Էրդողանը փետրվարի 24-ի առավոտյան գումարել է ԱԱԽ նիստ, ապա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վ․ Զելենսկու հետ։ Դրանից հետո նա Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել ևս երկու անգամ՝ փետրվարի 26-ին, մարտի 4-ին (նրանց 4-րդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ մարտի 16-ին)։ Դրան զուգահեռ նա մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի հետ (երկրորդ հեռախոսազրույցը կայացել է մարտի 17-ին)։

Չավուշօղլուն իր հերթին 7 հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, 6 անգամ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ (այդ թվերի մեջ չեն մտնում մարտի 16-ին Լավրովի և մարտի 17-ին Կուլեբայի հետ Չավուշօղլուի հանդիպումները)։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ 7 և 3 անգամ է շփվել ուկրաինացի ու ռուս գործընկերներ Ալեքսեյ Ռեզնիկովի ու Սերգեյ Շոյգուի հետ։

         Վերջին 20 օրում Թուրքիայի նախագահը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցը քննարկել է 20 երկրների ու կազմակերպությունների առաջնորդների հետ (ներառյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Սերբիայի, Բելառուսի ու Ադրբեջանի, Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ Խորհրդի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նիդերլանդների վարչապետերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը)։

Էրդողանն Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է 11 համաշխարհային լիդերների, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ (Չավուշօղլուն էլ ունեցել է 67 երկկողմ հանդիպում[2])։ Վերջին 8 օրում Թուրքիա է ժամանում արդեն 5-րդ լիդերը, այս դեպքում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նախորդ 7 օրում Թուրքիա են այցելել նաև Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները, Հունաստանի վարչապետը, Գերմանիայի կանցլերը։

         Անկարայի խաղաղ նախաձեռնությունների շրջանակներում մարտի 16-ին (1921թ․ Մոսկվայի պայմանագրի կնքման օրը) Չավուշօղլուն մեկնել է Մոսկվա, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ (մարտի 10-ին Անթալիայում նրա հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մարտի 14-ին էլ հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ)։

Մարտի 17-ին Չավուշօղլուն արդեն բանակցելու է իր ուկրաինացի գործընկերոջ հետ։ Մարտի 16-ին Բրյուսել է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը և դրա շրջանակներում ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ»[3]։ Ի դեպ, ռուս փորձագետ Իվան Ստարոդուբցևն իր թելեգրամյան էջում մարտի 16-ին Չավուշօղլուի մոսկովյան ու Աքարի բրյուսելյան այցերը որակել է որպես Թուրքիայի «360 աստիճանի արտաքին քաղաքականության» դրսևորում։

         Նշենք, որ վերջին օրերին թուրք փորձագետներն ակտիվորեն նշում են, թե Թուրքիան վերածվել է «տարածաշրջանային դիվանագիտական կենտրոնի»[4], որ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր վարում է շատ հագեցած, մաքոքային դիվանագիտություն՝ պահպանելով իր կապերը հակամարտող երկու կողմի հետ էլ։ Էրդողանը քանիցս նշել է, որ սխալ է Ռուսաստանի հետ կապերը խզելը, քանի որ Արևմուտքում պետք է լինի գոնե մեկը, ով կերկխոսի Ռուսաստանի հետ։ Թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըն ընդգծել է, որ Թուրքիան այն հազվագյուտ երկրներից մեկն է, որն այսօր ունակ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանին ու Ուկրաինային[5]։

            Այս ամենին զուգահեռ Թուրքիայի կարևորությունն աճում է երկու հակադիր ճամբարների համար։ Թուրքիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, և դրա հետ մեկտեղ դրվատանքի բազում խոսքեր է ստանում Արևմուտքից՝ կապված Սևծովյան նեղուցները ռազմանավերի առջև փակելու և դիվանագիտական մեծ ջանքեր գործադրելու հետ։

Այդ ամենն Արևմուտքի աչքում մեծացնում է Թուրքիայի դերը Ռուսաստանի հետ հարաբերություններում և նույն կերպ Ռուսաստանի համար մեծացնում է Թուրքիայի դերն Արևմուտքի հետ նրա հարաբերություններում։ Թուրքիան «յուրատեսակ շնչափողի» է վերածվում Ռուսաստանի համար, որը մտադիր է մեծացնել Թուրքիայից բանջարեղենի ներկրումը, փորձում է չկորցնել Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը, ինչպես նաև Թուրքիայի միջոցով կատարել տարատեսակ գործարքներ (ասենք, գնել ավիապահեստամասեր)։

            Արևմուտքի համար Թուրքիայի դերը մեծանում է ոչ միայն Ռուսաստանի հետ երկխոսության խողովակների պահպանման, Թուրքիայի գործադրած դիվանագիտական քայլերի մասով, այլև էներգետիկ ու տրանսպորտային առումներով։ Թուրքական մամուլն արդեն գրել է, որ Ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է (Միջին Ասիայով ու Հարավային Կովկասով անցնող) Միջին միջանցքի կարևորությունը[6]՝ կապված նրա հետ, որ Արևմուտքը չի ցանկանա Չինաստանից բեռնափոխադրումներ իրականացնել Հյուսիսային միջանցքով (Ռուսաստանով), որ Թուրքիայի համար ի հայտ է եկել պատմական հնարավորություն[7]։ Բացի այդ Արևմուտքում ավելի է սրվել ռուսական գազից ունեցած մեծ կախվածության նվազեցման հարցը, և Թուրքիան այս համատեքստում դիտարկվում է որպես բավական կարևոր տարանցիկ երկիր։

Վերջին տարիներին Թուրքիան զգալի ջանքեր է գործադրում ոչ միայն իր գազամատակարարումների դիվերսիֆիկացման, այլև գազային հանգույցի վերածվելու ուղղությամբ։ Թուրքիան արդեն հասել է նրան, որ իր տարածքով Եվրոպա է հասնում երկու երկրի գազ՝ ռուսականն ու ադրբեջանականը։ Եվ այսպիսի երկրների թիվը կարող է աճել ընթացիկ տասնամյակում։

ԹՈՒՐՔԻԱ – ԻՍՐԱՅԵԼ

         2022թ․ մարտի 9-ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ժամանեց Անկարա, որով դարձավ վերջին 14 տարում Թուրքիա այցելած առաջին իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան և Իսրայելի առաջին նախագահը՝ վերջին 19 տարում։ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հերցոգը հայտարարեց, թե Իսրայելի ու Թուրքիայի միջև համագործակցության զարգացումն օգտակար կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Նրա խոսքերով՝ Իսրայելն ու Թուրքիան կարող են և պետք է համագործակցեն, և դա արմատականորեն կփոխի իրենց տարածաշրջանը։

Էրդողանն էլ հայտարարեց, որ երկու երկրները ձգտում են փոխադարձ հենքի ու ընդհանուր շահերի վրա վերականգնել քաղաքական երկխոսությունը՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է էներգետիկ ոլորտում համագործակցությանը։ Էրդողանը պատմական որակեց Իսրայելի նախագահի այցը և վստահություն հայտնեց, որ այցը շրջադարձային կետ կդառնա երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքերով՝ ապրիլին նախ Մ․ Չավուշօղլուն կմեկնի Պաղեստին ու Իսրայել, ապա էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը կայցելի Իսրայել[8]։

            Մարտի 12-ին Ֆ․ Դյոնմեզը հաստատեց, որ ծրագրում է ապրիլին այցելել Իսրայել․ «Թուրքիան ունի գազաբաշխիչ այնպիսի համակարգ, որը կարող է հեշտությամբ փոխադրել իսրայելական գազի մի մասը։ Բայց, եթե հետագայում խոսք լինի ավելի մեծ ծավալի գազի փոխադրման մասին, ապա կարող է ի հայտ գալ հավելյալ խողովակաշարարերի կառուցման հարցը։ Սակայն սկզբնական շրջանում մենք կարող ենք առանց խնդրի իսրայելական գազը փոխադրել ինչպես Թուրքիայի տարբեր շրջաններ, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս»։

Դյոնմեզը չբացառեց, որ Իսրայելից դեպի Թուրքիա կարող է կառուցվել 500-600 կիլոմետրանոց գազատար՝ ընդգծելով, որ Իսրայելի գազը Եվրոպա հասցնելու այլընտրանքային խողովակաշարերն առնվազն 2-3 անգամ ավելի երկար են։ Դյոնմեզը հնարավոր համարեց նաև Swap մեխանիզմի գործարկումը[9]։

         Ակնհայտ է, որ Դյոնմեզն այստեղ առաջին հերթին նկատի ուներ Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի և նաև ԵՄ-ի աջակցությունը վայելող EastMed գազատարի նախագիծը, որը կոչված է Լևանտի գազը Միջերկրական ծովով հասցնել ԵՄ։ Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարին ԱՄՆ-ը հայտարարեց, որ հրաժարվում է աջակցել EastMed գազատարի նախագծին, որը պետք է դառնա(ր) աշխարհի ամենաերկար ստորջրյա գազատարը (1900 կմ, որից ստորջրյա հատվածը՝ 1300 կմ)[10]։

2019թ․ նոյեմբերին Լիբիայի հետ ծովային համաձայնագիր ստորագրելով՝ Թուրքիան զգալի մեծացրեց իր ջրատարածությունն Արևելյան Միջերկրականում և, ըստ էության, փակեց EastMed գազատարի ուղին։ ԱՄՆ-ը, թերևս, գիտակցելով, որ EastMed-ի նախագծի իրագործումը բավական ծախսատար ($6-7 միլիարդ), ժամանակատար է, որ այն անցնելու է մեծ խորություններով (մինչև 3000 մ) ու սեյսմիկ գոտով, որ Թուրքիան ամեն գնով խոչընդոտելու է իր տարածքը շրջանցող այդ գազատարի կառուցմանը, հրաժարվեց նախագծին աջակցելուց, այդ մասին իրազեկեց Իսրայելին[11], և դրանով փաստացի «կանաչ լույս» վառեց, որպեսզի իսրայելական և նաև կիպրական գազը Եվրոպա ուղարկվեն Թուրքիայի տարածքով։

         ԱՄՆ-ը, թերևս, իր դերն ունի թուրք-իսրայելական ներկայիս կարգավորման գործընթացում, քանի որ այդպիսով նպաստում է Արևելյան Միջերկրականի գազը շուտափույթ դեպի Թուրքիա ու Եվրոպա ուղարկելուն՝ ռուսական գազից ունեցած նրանց էական կախվածությունը նվազեցնելու համար։ Մեր կարծիքով՝ հենց «Իսրայել-Թուրքիա» գազատարի կառուցման հարցն է մեծապես ընկած Իսրայելի հանդեպ Էրդողանի ներկայիս դիրքորոշման մեղմացման հարցում (որոշ տվյալներով՝ Էրդողանը պատրաստ է բավարարել ՀԱՄԱՍ-ի մի շարք անդամների՝ Թուրքիայից վտարելու Իսրայելի նախապայմանը)։

Իսրայելական ու կիպրական գազը Թուրքիային անհրաժեշտ են նաև էներգակիրների դիվերսիֆիկացման տեսանկյունից, ինչն առաջին հերթին վերաբերում է ռուսական գազից նրա ունեցած մեծ կախվածության նվազեցման խնդրին։ Ակնկալվում է, որ իսրայելական գազը Թուրքիայի համար կլինի ավելի էժան ռուսական գազի համեմատությամբ։

         Լիովին իրատեսական ենք համարում, որ Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվեն Միջերկրական ծովում ստորջրյա գազատարի կառուցման վերաբերյալ, ինչը կլինի Թուրքիայի մեծագույն ձեռքբերումը և բավական կարևոր քայլ՝ գազային խոշոր հանգույց դառնալու ուղղությամբ։ Ամեն դեպքում «Իսրայել-Թուրքիա» ստորջրյա գազատարի կառուցմանը կարող է խանգարել Կիպրական խնդիրը, առավել ճշգրիտ՝ տվյալ հարցում Թուրքիայի հավակնոտ պլանները։

Էրդողանը շատ է ցանկանում տալ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) միջազգային ճանաչման մեկնարկը (միայն Թուրքիան է ճանաչել ՀԿԹՀ-ը) և այդ գործընթացը սկսել «եղբայրական/բարեկամական» երկրներից (Ադրբեջան, Պակիստան, Լիբիա, Բանգլադեշ և այլն)։ Էրդողանը շարունակ հայտարարում է, թե «Կիպրոս կղզում ապրում է երկու տարբեր համայնք, հետևաբար ճիշտ կլինի կղզու տարածքում ստեղծել երկու պետություն»։ 2020թ․ Արցախյան Երկրորդ պատերազմն ազատ է արձակել Էրդողանի ձեռքերն այս հարցում, և նա ջանասիրաբար լծվել է Կիպրական հարցի լուծմանը (Թուրքիայում համարում էին, որ «Արցախի ու ՀԿԹՀ-ի հարցերը նույն հարթության՝ ազգերի ինքնորոշման հարցեր են», և որպեսզի Թուրքիան կարողանա բարձրացնել ՀԿԹՀ-ի անկախության ճանաչման հարցը, անհրաժեշտ էր նախ «լուծել Արցախի հարցը»)։

Թուրքիայում տարբեր մակարդակով շարունակ հնչեցվում են ՀԿԹՀ-ի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու եղանակներ։ Օրինակ, 2021թ․ հուլիսին թուրք փորձագետ Հասան Ունալն առաջարկում էր այդ հարցում գործարքի գնալ Ռուսաստանի հետ, ըստ որի՝ Ռուսաստանը կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը, իսկ Թուրքիան Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս[12]։

2022թ․ մարտին Թուրքիայի եվրասիական քաղաքականության, ՆԱՏՕ-ից Թուրքիայից դուրս գալու ջատագով, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն Ուկրաինայի շուրջ ծագած ճգնաժամը լավ հնարավորություն որակեց ՀԿԹՀ-ի ճանաչման համար՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով ստեղծված հնարավորությունը չնկատելու մեջ։ Նա ընդգծում էր, որ «պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը խնդիրներ ունի ավիաչվերթների, տուրիզմի ոլորտում, և ՀԿԹՀ-ը լավ տարբերակ կլինի ռուսական կողմի համար, որ ՀԿԹՀ-ը պետք է իր օդային տիրույթը բացի ռուսական ինքնաթիռների համար, ինչը կնշանակի Ռուսաստանի կողմից ՀԿԹՀ-ի ճանաչում»[13]։

Եվ, վերջապես, «Իսրայել-Թուրքիա» ստորջրյա գազատարի նախագիծը նույնպես սկսել են դիտարկել ՀԿԹՀ-ի անկախության միջազգային ճանաչման համատեքստում։ Մարտի 16-ին «ՀԿԹՀ-ի նախագահ» Էրսին Թաթարը հայտարարեց, որ Եվրոպան ռուսական գազի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքի մեջ է, որ օրակարգում է իսրայելական, կիպրական ու եգիպտական գազի մատակարարումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք կարող են իրականացվել «ՀԿԹՀ-ի ծովային տիրույթով»։ Թաթարի կարծիքով՝ դա միջազգային ճանաչում կբերի ՀԿԹՀ-ին[14]։

ՀԿԹՀ-ի միջազգային ճանաչմանը (միաժամանակ միջերկրածովյան գազի մատակարարմանը/տարանցմանը) հասնելու Թուրքիայի (ՀԿԹՀ-ի) այս պլանները կարող են հանգեցնել Իսրայելից ստորջրյա գազատարի կառուցման ձգձգմանը։ Թուրքիան այս հարցում պետք է սերտորեն համագործակցի Կիպրոսի Հանրապետության հետ, որի (դե-յուրե) ծովային տիրույթով պետք է անցնի այդ գազատարը, և որը, թերևս, նույնպես հարկադրված կլինի իր գազը Եվրոպա ուղարկել տվյալ գազատարով։

Թուրքիան այդպիսով տվյալ հարցում պետք է երկխոսի Կիպրոսի Հանրապետության հետ, սակայն Թուրքիան չի ընդունում Կիպրոսի Հանրապետություն անունով պետություն (Թուրքիան համարում է, թե «գոյություն ունի Հարավային Կիպրոս և ՀԿԹՀ»)։ Թուրքիայում համարում են, որ «Իսրայել-Թուրքիա» գազատարի կառուցման հարցում կարիք չկա ստանալու «Հարավային Կիպրոսի» թույլտվությունը[15]։ Թուրքիայի նման դիրքորոշումն արդյունքում կարող է Կիպրոսին ու Իսրայելին հարկադրել իրենց գազը հասցնել Եգիպտոս, որտեղից էլ այն հեղուկացված վիճակում լցանավերով կարող է ուղարկվել ԵՄ։

Թուրքիա-Իրաք

2022թ․ փետրվարի 2-ին Էրդողանը, ընդունելով Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության (ՀԻՔԻ) նախագահ Նեչիրվան Բարզանիին, քննարկեց նաև Իրաքից Թուրքիա գազի մատակարարման հարցը։ Էրդողանի խոսքերով՝ տվյալ հարցում կշահեն երկու կողմն էլ[16]։ Ի դեպ, Էրդողանը Բարզանիի հետ հանդիպեց այն բանից հետո, ինչ Իրանը հունվարի երկրորդ կեսին (պաշտոնապես տեխնիկական խնդիրների պատճառով) 10 օրով դադարեցրել էր Թուրքիային գազի մատակարարումը[17], ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծել թուրքական կողմի համար (հոսանքազրկումներ, գործարանների աշխատանքների դադարեցում)[18]։ Նշենք, որ Էրդողանը Ն․ Բարզանիի հետ առևտրային-տնտեսական երկկողմ հարաբերությունները քննարկեց նաև մարտի 12-ին (Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակներում)[19]։

Արդեն փետրվարի 23-ին Թուրքիայի Էներգետիկ ռազմավարության ու քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար (TESPAM) Օղուզհան Աքեները հայտարարեց, որ Թուրքիան իրաքյան գազի փոխադրման համար առանցքային երկիր է՝ մեկնաբանելով ՀԻՔԻ-ի խորհրդարանի՝ էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Համա Սալիհի խոսքերն այն մասին, թե ծրագրված է Իրաքի հյուսիսից դեպի Թուրքիա գազամատակարարումները սկսել 2025թ․[20]։

Աքեների խոսքերով՝ իրաքյան գազը Թուրքիա բերելը շատ առումներով կարևոր և շահավետ կլինի, սակայն որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են անվտանգությունը, շուկայի հասանելիությունը և ներդրումային միջավայրը. «Իրաքը կարճաժամկետ հեռանկարում չի կարող գազի խոշոր ծավալներ մատակարարել Թուրքիային կամ Եվրոպային՝ կապված երկրի ներսում ներդրումների պակասի, Բաղդադի կենտրոնական իշխանության ու Էրբիլում ՀԻՔԻ-ի վարչակարգի միջև տարաձայնությունների, ինչպես նաև խողովակաշարերի ցանցի բացակայության հետ։

Թեև Իրաքի բնական գազի ապացուցված պաշարները գերազանցում են 3․5 տրիլիոն մ3-ը, հանքավայրերի մեծ մասը մշակված չէ, մշակվում է 15 գազահանքերից միայն 3-ը։ Իրաքում գազի արդյունահանումն այսօր կազմում է միայն 10 միլիարդ մ3, և նավթի հետ ասոցացվող ևս 20 միլիարդ գազ իզուր այրվում է։ Ընդ որում, Իրաքը հարկադրված է իր ներքին կարիքների համար 10 միլիարդ մ3 գազ ներկրել Իրանից։

Իրաքը փաստացի այրում է (կորցնում է) կրկնակի ծավալով մեծ գազ, քան ներկրվում է Իրանից՝ կոմերցիոն օգտագործման համար հնարավորության բացակայության պատճառով։ Չնայած ներկրմանը՝ բնական գազի հարցում Իրաքի ներքին պահանջարկը չի բավարարվում: Թուրքիան պետք է դիտարկի Իրաքում էներգակիրների արդյունահանման ու փոխադրման գործընթացներին իր՝ ավելի ակտիվ մասնակցության հարցը։

Ավելի վաղ BOTAŞ պետական ընկերությունն ավարտել է մինչև Իրաքին սահմանակից Շըրնաք նահանգ գազատարի կառուցումը, որով և գազն Իրաքից կարող է փոխադրվել Թուրքիա։ Սակայն ՀԻՔԻ-ում տեղի ունեցած (2017թ․) սկանդալային հանրաքվեից հետո, որը բացասական արձագանք գտավ աշխարհում, նաև Թուրքիայում, դադարեցվեցին տվյալ ուղղությամբ աշխատանքները»[21]։

            Այդպիսով, Թուրքիան, Իրաքի հետ համատեղ աշխատելով, պետք է կարողանա լուծել մի շարք կարևոր խնդիրներ, եթե ցանկանում է ընթացիկ տասնամյակում ստանալ և նաև տարանցել իրաքյան գազ։ Խոսքն առաջին հերթին Աքեների մատնանշած անվտանգության խնդրի մասին է, որի տակ նա, թերևս, առաջին հերթին նկատի ունի PKK-ը (նաև ԴԱԵՇ-ը)։

Հիշեցնենք, որ 20-րդ և 21-րդ դարերում PKK-ը տասնյակ անգամ պայթեցրել է «Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան)» նավթամուղը, սակայն Թուրքիայում տարատեսակ դրոնների (մինի, միջին ու ծանր դասի ԱԹՍ-եր) մշակումն ու զարգացումը ձեռնարկվող այլ գործողությունների (Իրաքի հետ սահմանին «անվտանգության ամբարտակների» կառուցում) հետ միասին կարող է մեծապես նպաստել անվտանգային այս խնդրի կարգավորմանը։ Բացի այդ Թուրքիան, որը զգալի փորձ է կուտակել գազի հետախուզման ու արդյունահանման ոլորտում, կարող է մեծացնել իր ներդրումներն ու մասնակցությունն Իրաքի գազահանքերի մշակման ու գազի արտահանման գործընթացներում։

Բավական բարձր ենք գնահատում այն հնարավորությունը, որ ընթացիկ տասնամյակում Իրաքի գազը նույնպես կուղղվի դեպի Թուրքիա և միգուցե նաև ԵՄ։ Ի դեպ, խնդրի ֆինանսական կողմը կարող է ապահովել նաև Քաթարը: Հատկանշական է, որ փետրվարի 16-ին ՀԻՔԻ-ի վարչապետ Մասրուր Բարզանին Քաթարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբիի հետ քննարկել է ՀԻՔԻ-ի գազային ներուժն ու համագործակցության հարցը, որով և սկսվում է ուրվագծվել Էրբիլ-Անկարա-Դոհա գազային եռյակը[22]։

Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան-Իրան

            Ռուս-ուկրաինական պատերազմի խորապատկերին ԵՄ-ը գազի ներկրման այլընտրանքային երթուղիների փնտրտուքի մեջ է՝ իր էներգոանվտանգության ապահովման համար։ Սակայն հնարավորություններն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման ծավալը կազմում է 155 միլիարդ մ3։ Ներկայումս TANAP-TAP գազատարներով Եվրոպային մատակարարվում է 7 միլիարդ մ3 ադրբեջանական գազ, որը կարող է հասցվել մինչև 10 միլիարդ մ3-ի։

TAP-ի ընդլայնումը հնարավորություն կտա այդ ցուցանիշը հասցնել 20 միլիարդ մ3, սակայն դա միայն մասնակի կլուծի խնդիրը։ TANAP գազատարի հզորությունն էլ կազմում է 16 միլիարդ մ3, որից 6 միլիարդ մ3-ը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ մասը՝ Եվրոպայի համար։ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ այս խողովակաշարով Եվրոպային գազի մատակարարման ծավալը կազմել է 10․5 միլիարդ մ3, ինչը նշանակում է, որ գազատարը գործարկված է ողջ հզորությամբ։

Թուրքիան, դառնալով ադրբեջանական գազի համար տարանցիկ երկիր, չի պատրաստվում կանգ առնել դրանով։ Վերջինս ակտիվորեն աջակցում է «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործմանը, որով հնարավոր կլինի ստանալ և նաև տարանցել միջինասիական գազը։ Քանի որ նախագծի իրագործմանը դեմ են Ռուսաստանն ու Իրանը, գտնվել է միջինասիական գազը Կասպից ծովի շրջանցմամբ Ադրբեջան հասցնելու տարբերակ։

         2022թ․ սկզբին մեկնարկել են Իրանի տարածքով թուրքմենական գազի՝ սվոփային տարբերակով մատակարարումները դեպի Ադրբեջան։ Դա հնարավոր է դարձել 2021թ․ նոյեմբերի վերջին Թուրքմենստանի, Իրանի ու Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրով, որի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանով Ադրբեջանին գազի մատակարարումների տարեկան ծավալը կազմելու է 1․5-2 միլիարդ մ3[23]։ Թեև այս ծավալը մեծ չէ (հետագայում այն կարող է ավելի աճել), այնուամենայնիվ, անգամ փոքր ծավալը կարող է Թուրքիայի համար ունենալ խորհրդանշական կարևորություն, եթե հասնի իր տարածքով թուրքմենական գազի տարանցմանը դեպի ԵՄ։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Թուրքմենստանն ու Իրանն ունեն գազի անհամեմատ ավելի մեծ պաշարներ, և Թուրքիան ամեն կերպ ձգտելու է հասնել նրանց գազի մատակարարմանը/տարանցմանը։

Թերևս պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն դադարում քննարկել «Իգդիր-Նախիջևան» գազատարի կառուցման հարցը, որի նախագծի մասին խոսում էր ավելի քան 10 տարի առաջ։ Այն ժամանակ նախատեսվում էր տվյալ գազատարով Թուրքիայի տարածքից ադրբեջանական գազը հասցնել Նախիջևան, որը գազի ստացման հարցում բացառապես կախված էր Իրանի տարածքով ադրբեջանական գազի (սվոփային) մատակարարումներից։ «Իգդիր-Նախիջևան» գազատարը հնարավորություն կտար մեծացնել Թուրքիայի դիրքերը Նախիջևանում և Իրանին զրկել Նախիջևանին գազի մատակարարման հարցում ունեցած մենաշնորհային դերից։

Արցախյան Երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմը, թերևս, ծրագրել է Նախիջևանին գազ մատակարարել Հայաստանի տարածքով՝ ամենակարճ ճանապարհով, ինչը վերացնում է «Իգդիր-Նախիջևան» գազատարի կառուցման անհրաժեշտությունը (նախկին նշանակությամբ)։ Սակայն այս գազատարի կառուցման հարցը շարունակում է մնալ օրակարգում, և վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է մարտի 10-ին Անկարայում Էրդողանի ու Իլհամ Ալիևի՝ մոտ 4 ժամանոց հանդիպման ժամանակ։ Դա կարող է նշանակել, որ կողմերն ամեն դեպքում կառուցելու են այդ գազատարը, ինչը, մեր կարծիքով, կունենա այլ (հակառակ) նշանակություն։ Այդ խողովակաշարով գազը, թերևս, կմղվի ոչ թե արևմուտքից (Իգդիրից) դեպի արևելք (Նախիջևան), այլ հակառակը։

Եթե ադրբեջանական գազը Հայաստանի տարածքով մատակարարվի Նախիջևանին, ապա դա կարող է ունենալ իր շարունակությունը, որով կստացվի, որ ադրբեջանական գազը Թուրքիա կհասնի ոչ միայն «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով (պայմանական՝ հյուսիսային երթուղով), այլև «Ադրբեջան-ՀՀ-Նախիջևան-Թուրքիա» գազատարով (պայմանական՝ հարավային երթուղով)։ Այստեղ կարևոր է հետևել «Իգդիր-Նախիջևան» գազատարի կառուցմանն ընդհանրապես և նրա տրամաչափին մասնավորապես։ Տեսականորեն Հարավային այս երթուղին ժամանակի ընթացքում կարող է թուրք-ադրբեջանական տանդեմի համար դառնալ գլխավոր երթուղի, որով դեպի Թուրքիա ու Եվրոպա կարող են ուղարկվել նաև թուրքմենական և նաև իրանական գազը (բացի այդ Իրանը կարող է իր տարածքից նոր գազատար կառուցել դեպի Թուրքիա)։

Թուրքիան նախկինի նման ամեն կերպ ձգտելու է խոչընդոտել «շիական գազատարի» (Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան) կառուցմանը, որով իրանական գազը կարող է Թուրքիայի տարածքի շրջանցմամբ հասնել Միջերկրական ծով։ Ընդհանրապես Թուրքիայի համար խիստ անցանկալի է նաև քաղաքական, անվտանգային և այլ առումներով Իրանի դուրս գալը Միջերկրական ծով։

Մեր կարծիքով՝ Թուրքիան վերջին շրջանում սկսել է մերձենալ Իրաքի հետ, որպեսզի (նաև) կարողանա սեպ խրել Իրանի այդ հավակնություններում ու պլաններում։ Ընդ որում, Թուրքիան այդ համատեքստում հաջողությամբ խաղարկում է ջրային գործոնը, հատկապես Տիգրիս գետի ջրերի հարցը, որն Իրաքի համար ունի անհամեմատ մեծ կարևորություն՝ Եփրատի համեմատությամբ (Տիգրիսն ավելի ջրառատ է Իրաքում և Թուրքիայից Իրաք հասնելիս չի մտնում Սիրիայի տարածք)։

Թուրքիան շարունակ հայտարարում է, թե անջուր չի թողնի Իրաքին, ականջալուր է նրա ջրային խնդիրներին, մինչդեռ Իրաքը ջրային լուրջ վեճերի մեջ է Իրանի հետ՝ նրան շարունակ մեղադրելով իրեն ջրազրկելու, իր ջրային կարիքներն անտեսելու համար։ Ավելին, 2021թ․ դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Իրաքն արդեն ավարտել է Իրանի ջրային քաղաքականության դեմ Միջազգային դատարան հայց ներկայացնելու բոլոր նախապատրաստությունները[24]: Թուրքիան այդպիսով նպատակադրվել է ջրային և այլ գործոնների կիրառմամբ հասնել Իրաքի (նաև ՀԻՔԻ-ի) հետ մերձեցմանը, թուլացնել Իրանի ազդեցությունն այդ երկրում ու ընդհանրապես տարածաշրջանում և այդպիսով խափանել Իրանի «միջերկրածովյան ռազմավարությունը»։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այդպիսով, լիովին իրատեսական ենք համարում, որ առաջիկայում Թուրքիային կարող է մատակարարվել Իսրայելի ու Կիպրոսի, Իրաքի գազը, որով և Թուրքիայի տարածքով իրենց գազը ԵՄ տարանցող երկրների թիվը կարող է հասնել հինգի (ներառյալ ռուսական ու ադրբեջանական գազը)։ Սակայն Թուրքիան ունի այդ թիվը կրկնապատկելու ներուժ, եթե կարողանա հասնել նրան, որ իր տարածքով ԵՄ ուղարկվի նաև Իրանի, Միջին Ասիայի ու Արաբական մի շարք երկրների գազը։ Թուրքիան այդպիսով կարող է վերածվել աշխարհի խոշորագույն գազային հանգույցի, ինչպես որ նշել էինք մեր նախկին հոդվածներից մեկում[25]։

Եվ, ընդհանրապես, 2020-ականները կարող են դառնալ Թուրքիայի էներգետիկ տասնամյակը, ընդ որում, միանգամից երկու տեսանկյունից.

1) Թուրքիան հայտարարում է, թե արդեն 540 միլիարդ մ3 գազ է հայտնաբերել Սև ծովում, և, թերևս, սարերի հետևում չէ նաև Արևելյան Միջերկրականում նրա կողմից գազի պաշարներ հայտնաբերելը, որով Թուրքիան կարող է համալրել «գազային երկրների» շարքերը.

2) Թուրքիան հաստատուն քայլերով գնում է գազային խոշոր միջանցք դառնալու ուղղությամբ, ինչը տեղավորվում է նաև նրա ընթացիկ բավական հավակնոտ ծրագրերում։ Համարվում է, որ նավթի ու գազի խոշոր պաշարներ չունենալը Թուրքիայի խոցելի տեղն է, սակայն վերջինս սկսում է աստիճանաբար այդ բացը լրացնել՝ ընդ որում, թե՛ գազի նոր պաշարներ հայտնաբերելով, թե՛ գազի նոր պաշարներ դեպի ԵՄ տարանցելով, ինչը մեծապես կազդի նաև նրա արտաքին քաղաքականության ու անվտանգային ռազմավարության վրա։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Diplomaside merkez ülke Türkiye, Sabah, 16.03.2022․

[2] Diplomasi Forumu’nda Erdoğan 11, Çavuşoğlu ise 67 ikili görüşme yaptı, TRT Haber, 13.03.2022.

[3] Türkiye, barış için yoğun diplomatik temasları sürdürüyor, TRT Haber, 16.03.2022.

[4] Türkiye bölgesel diplomasinin merkezine yerleşiyor, Yetkin Report, 11․03․2022․

[5] Cihat Yaycı “Bir Ay Sonra Rusya, Türkiye’ye Karşı Huysuzluk Çıkarabilir”, Elazığ Son Haber, 13․03․2022․

[6] Rusya-Ukrayna Savaşı Türkiye’den geçen ‘Orta Koridor’un önemini daha da artırdı, Anadolu Ajansı, 01.03.2022.

[7] Türkiye için tarihi fırsat: Çin’in Avrupa’ya açılan kapısı olabiliriz, Yeni Şafak, 17.03.2022.

[8] Başkan Erdoğan: İsrail ile enerji alanında iş birliğine hazırız, Güneş, 09.03.2022.

[9] Bakan Dönmez: İsrail’den gelebilecek gazı rahatlıkla hem ülke içerisinde hem yurt dışında taşıyabiliriz, Anadolu Ajansı, 12.03.2022.

[10] U.S. voices misgivings on EastMed gas pipeline — Greek officials, Reuters, 11.01.2022.

[11] US informs Israel it no longer supports EastMed pipeline to Europe, The Jerusalem Post, 18.01.2022.

[12] Крым на Северный Кипр. В Турции предложили России сделку, Gazeta.ru, 27․07․2021․

[13] Vatan Partisi Genel Başkanı Doğu Perinçek: Hükümet fırsatları görmüyor, Aydınlık, 06.03.2022.

[14] Ersin Tatar: İsrail gazı KKTC’nin deniz yetki alanlarından geçmek zorunda, Kıbrıs Postası, 16.03.2022.

[15] İsrail-Türkiye boru hattı için Güney’in iznine gerek yok, Kıbrıs Gazetesi, 06.04.2017.

[16] Turkey seeks a ‘win-win’ natural gas supply deal with Iraq: Erdogan, Rudaw, 04.02.2022.

[17] İran gazı kesti, Botaş kısıtlamaya gitti, Sözcü, 20․01․2022․

[18] Турецкие заводы остановили производство из-за газового кризиса и отключения электричества, МК-Турция, 25.01.2022.

[19] Başkan Neçirvan Barzani, Erdoğan ile görüştü, Rudaw, 12.03.2022.

[20] Irak Kürdistan Bölgesel Yönetimi: ‘Türkiye’ye 2025’te doğal gaz satmaya başlayacağız’, Kuzey24, 11․03․2022․

[21] Irak gazının transferi için anahtar ülke Türkiye, Anadolu Ajansı, 23․02․2022․

[22] Fehim Tastekin, Erdoğan’ın Kürt gazına ilgisi neden depreşti?,  Al-Monitor, 22.02.2022.

[23] Начались поставки туркменского газа в Азербайджан через Иран, ТАСС, 05.01.2022.

[24] Mina Aldroubi, Iraqi water ministry moves to file lawsuit against Iran, The National News, 05.12.2021.

[25] Հայկ Գաբրիելյան, Գազային միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարը, ՄԱՀՀԻ, 19․03․2017