Բյուրականի աստղադիտարանի նախագիծն ընթացքի մեջ է, հաջողությամբ իրականացվում է

«Ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրությունը և գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերը» նախագծի շրջանակներում արդեն իսկ հրապարակվել են 6 գիտական հոդվածներ։

Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների հավանության արժանացած նախագծերի թվում են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երկու թեմաներ, որոնցից մեկը՝ «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով», ղեկավարում է ԲԱ տնօրեն, ԳՀ բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ֆմգթ Արեգ Միքայելյանը։

Նախագիծը հաջողությամբ իրականացվում է։ Արդեն իսկ հրապարակվել են 6 գիտական հոդվածներ։ Նախատեսվում  է արդյունքները ներկայացնել հունիսին կայանալիք Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարում և օգոստոսին կայանալիք Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեայում։

Նախագիծն ունի նորաբաց համացանցային կայքէջ, որտեղ կարող եք իմանալ ավելին։

Ժամանակակից աստղաֆիզիկայի հիմնական խնդիրների թվում են գալակտիկաների էվոլյուցիայի պարզաբանումը և ակտիվ գալակտիկաների ֆիզիկական հատկությունների ու դրանց էներգետիկ ռեսուրսների բացահայտումը։ Գալակտիկաների ակտիվությունը հատկապես բուռն կերպով դրսևորվում է նրանց էվոլյուցիայի վաղ փուլերում, այնպես որ ակտիվ գալակտիկաների բազմակողմանի ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում էվոլուցիայի պարզաբանման համար։

Նախագծի շրջանակներում ռենտգենյան, ենթակարմիր (ԵԿ) և ռադիո աղբյուրների հիման վրա կառուցվելու է ակտիվ գալակտիկաների մեծածավալ համասեռ ընտրանք, ինչն էապես կլրացնի և կհարստացնի օպտիկական տիրույթում բացահայտված դրանց ցանկը։ Կիրականացվի ձևաբանական ուսումնասիրություն, և կբացահայտվեն փոխազդող զույգեր/բազմակիներ և միաձուլվող գալակտիկաներ՝ փոխազդեցությունների և միաձուլման ուսումնասիրության համար։

Կհաշվարկվեն գալակտիկաների լուսատվությունը և ռենտգեն/օպտ, ԵԿ/օպտ և ռադիո/օպտ հոսքերի հարաբերությունները, կբացահայտվեն բազմաթիվ նոր բարձր լուսատվության օբյեկտներ։ Կուսումնասիրվեն գալակտիկաների ֆիզիկական հատկությունները, մասնավորապես՝ աստղառաջացման տեմպերը և ռենտգեն/ԳՄ/օպտ/ԵԿ/ռադիո կապերը։ Ստացված ֆիզիկական հատկությունների՝ ըստ հեռավորության փոփոխությունների հիման վրա կբացահայտվեն գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի օրինաչափությունները։ Կհրապարակվի ակտիվ գալակտիկաների մեծածավալ համասեռ բազմալիքային կատալոգ։

Բացի ղեկավարից նախագծի թիմի կազմում են նաև ավագ գիտաշխատող ֆմգթ Ռուբեն Անդրեասյանը, գիտաշխատողներ ֆմգթ Հայկ Աբրահամյանը, Գուրգեն Պարոնյանը, Գոռ Միքայելյանը, ավագ լաբորանտ Անդրանիկ Սուքիասյանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Վարդուհի Մկրտչյանը։ Արտասահմանյան գործընկերն է Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտի (Ֆրանսիա) պրոֆեսոր Միշել Դենեֆելդը։  

Նախագծի առաջադրանքների թվում են ռենտգենյան ROSAT BSC/FSC արտագալակտիկական և ենթակարմիր (ԵԿ) IRAS PSC/FSC արտագալակտիկական ցուցակների կազմումը, ռադիոգալակտիկաների ուսումնասիրությունը կույտերում, ռենտգենյան, ԵԿ և ռադիո գալակտիկաների և քվազարների սպեկտրադիտական ուսումնասիրությունը, ռենտգենյան, ԵԿ և ռադիո գալակտիկաների ձևաբանական ուսումնասիրությունը, գերլուսատու ԵԿ գալակտիկաների ուսումնասիրությունը, ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրությունը։

Ակտիվ գալակտիկաների համար կառուցվելու է բազմալիքային տվյալների առցանց շտեմարան, բոլոր ակտիվ գալակտիկաների համար՝ բարձրորակ սպեկտրային տվյալների առցանց շտեմարան, SDSS և այլ սպեկտրային տվյալների շտեմարանների օգտագործմամբ իրականացվելու է ակտիվ գալակտիկաների տեսակների համար վերանայված օպտիկական դասակարգում և նոր ԱԳՄ-ների և SB-ների հայտնաբերում, բարձր լուսատվությամբ բազմաթիվ նոր ԵԿ գալակտիկաների (ULIRG-եր և HLIRG-եր) հայտնաբերում, կառուցվելու է բոլոր ակտիվ գալակտիկաների համար բազմալիքային SED-երի տվյալների շտեմարան։

Վերանայվելու է ակտիվ գալակտիկաների լրիվությունը և մակերևութային խտությունը, իրականացվելու են մի շարք այլ խնդիրներ, հրապարակվելու է ակտիվ գալակտիկաների ամենամեծ ընտրանքի առցանց բազմալիքային կատալոգը (Vizier-ում, CDS)։

Telegram