Գազի հարցում Բաքուն չի կարող փոխարինել Մոսկվային. փորձագետ

Իգոր Յուշկովի խոսքով՝ Ադրբեջանի բոլոր հանքավայրերն առավելագույն ծավալով են գործում, և նա ի վիճակի չէ Եվրոպայում էական ծավալներով փոխարինել ռուսական գազին։

Բաքվում փետրվարի 4-ին անցկացվելու է «Հարավային գազային միջանցքի» խորհրդակցական խորհրդի 8-րդ նիստը։ Մինչ այդ ԱՄՆ-ը և Եվրոպան հայտարարել են Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում Կասպից ծովից գազի մատակարարման ծավալների մեծացման հետաքրքրության մասին։ Դեպի եվրոպական երկրներ կապույտ վառելիքի հավելյալ մատակարարումների ուղիների քննարկման նպատակով Բաքու է մեկնելու էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

Ռուսաստանի Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովի համոզմամբ՝ Ադրբեջանն ի վիճակի չէ էական ծավալներով մեծացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի բոլոր հանքավայրերն առավելագույն ծավալով են գործում, անհրաժեշտ է նոր խոշոր նախագծեր յուրացնել։ Ընդ որում, ինչպես նշել է, Ադրբեջանին հենց խոշոր նախագծեր են պետք, քանի որ առաջին հերթին բպետք է փոխարինել նաև վաղուց արդեն շահագործվող հին հանքավայրերը։

Վերջին խոշոր նախագիծը «Շահ Դենիզ-2»-ն է, որն ավելացրել է արդյունահանումը, սակայն դրա ամբողջ ծավալի վերաբերյալ պայմանագրեր են կնքված դեռ 2013 թվականից։ Նոր պայմանագրերով 6 մլրդ խմ բաժին է հասնում Թուրքիայի, 1-ը պետք է գնա Բուլղարիա։ Եվս 1 մլրդ խմ կառաքվի Հունաստան, մինչև 8 մլրդ խմ-ը՝ Իտալիա։ Ընդհանուր առմամբ՝ 16 մլրդ խմ, որը Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարներով առաքվելու է Թուրքիա և Եվրոպա։

Փորձագետի խոսքով՝ «Շահ Դենիզը» և գազատարները շատ թանկ են արժեցել։ Իսկ նոր նախագծի համար ևս մեծ գումարներ կպահանջվեն, սակայն ներդրողները ներկայումս մեծ զգուշավորությամբ են մոտենում թանկարժեք նախագծերին։

Իսկ առկա ռեսուրսներով, ինչպես նշում է, ադրբեջանական կողմը չի կարող մեծացնել արդյունահանումը։

Յուշկովի համոզմամբ, Ադրբեջանը չի կարող Եվրոպայում փոխարինել Ռուսաստանին՝ վերջինի նկատմամբ պատժամիջոցների պարագայում, ընդ որում՝ նույնիսկ մեկ առանձին շուկայում։

Օրինակ՝ Բուլղարիայում, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը մրցակցում են. պահանջարկը 3 մլրդ խմ է, որից 1 մլրդ խմ մատակարարում է Ադրբեջանը, 2 մլրդ խմ՝ Ռուսաստանը։ Բաքուն այս պարագայում չի կարող ապահովել ամբողջ Բուլղարիայի պահանջարկը։

Փորձագետի խոսքով՝ ջեռուցման սեզոնին հնարավոր է՝ Ադրբեջանը չկարողանա ապահովել նաև ներքին պահանջարկը։ Այդ պատճառով «Գազպրոմի» հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանից գազ խնդրել՝ ամռանը վերադարձնելու պայմանով։

Եվրամիությունը ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Քաթարի և Ադրբեջանի հետ միաժամանակ՝ հաշվի առնելով Ռուսաստանից գազ մատակարարման ծավալների կրճատման կամ դադարեցման ռիսկը։

Telegram