ԱՄՆ-ը պետդեպը Ղազախստանից բացատրություն է պահանջում

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հարցեր ունեն Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի տեղակայման վերաբերյալ»: Նրա խոսքով՝ Պետդեպն ակնկալում է Ղազախստանի իշխանություններից հիմնավոր պատասխան ստանալ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի տեղակայման պատճառների վերաբերյալ:

Վաշինգտոնի կարծիքով՝ Ղազախստանի կառավարությունն ունի սեփական ռեսուրսները, իսկ իշխանության դիրքերն ամուր են: Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևելու է մարդու իրավունքների խախտման դեպքերին և օտարերկրյա ուժերի կողմից ղազախական հաստատությունների պահպանությանն ուղղված գործողություններին:

Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է Ղազախստանին օգնություն ցուցաբերել երկրում ցույցերի պատճառ դարձած տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման հարցում:

Վերջին տվյալներով՝ Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ, զինված 26 հանցագործներ ոչնչացվել են, 18-ը՝ վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ անկարգությունների մասնակիցները, որոնք չեն համաձայնի զենքը վայր դնել, կոչնչացվեն: Նշվում է, որ քաղաքապետարանների և ոստիկանական բաժանմունքների բոլոր շինությունները վերահսկողության տակ են:

Telegram