Տիեզերքում դեռ ոչ ոք սեքսով չի զբաղվել. NASA

Գիտնականները պնդում են, որ շուտով մարդիկ սկսելու են սեքսով զբաղվել նաև տիեզերքում, ուստի կոչ են անում հնարավորինս շուտ լրջագույն հետազոտություններ սկսել՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով:

NASA-ի պնդմամբ՝ տիեզերքում դեռ ոչ ոք սեքսով չի զբաղվել: Սակայն, ինչպես նշվում է, տիեզերական զբոսաշրջության առաջընթաց զարգացման պարագայում մարդկությունը «շուտով կարող է ուղղել այդ բացթողումը»: Այս կարծիքը հայտնելիս հաշվի են առնվում նաև Երկրի ուղեծրի բնակցեման, Լուսնի գաղութացման ուղղությամբ ջանքերը և դեպի Մարս թռիչքները, ուստի անհրաժեշտ է համարվում գիտական տեսանկյունից համակողմանի ուսումնասիրել տիեզերքում սեքսի առանձնահատկությունները:

Կոնկորդիայի համալսարանի (Կանադա) հոգեբանական գիտությունների թեկնածու Սայմոն Դյուբեի ղեկավարած խումբը, որը մասնագիտացած է մարդու սեքսուալության, տեխնոլոգիաների և ռոբոտատեխնիկայի ուղղությամբ, կոչ է անում տիեզերական ծրագրերում ներառել «տիեզերական սեքսագիտության» լրջագույն հետազոտությունը: Հասկացության ներքո նկատի է առնվում Երկրի սահմաններից դուրս ինտիմ հարաբերությունների և սեքսուալության համակողմանի գիտական ուսումնասիրությունը:

Ինչպես նշվում է, մինչ օրս NASA-ն և այլ տիեզերական գործակալություններ լիովին մերժել են սեքսի թեման: Հնարավոր է համարվում, որ դա բացատրվի տարաձայնությունների սպառնալիքով, որոնք կարող են վտանգել իրենց բացահայտումները: Տիեզերագնացներին արգելված է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) սեքսով զբաղվել կամ մերձ հարաբերություններ ունենալ:

Սակայն հաշվի առնելով տիեզերական ոլորտի զարգացումները՝ մասնագետներն անհրաժեշտ են համարում լրջագույն հետազոտությունները հնարավորինս շուտ սկսել՝ հետագայում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Telegram