2022-ը ճանաչվել է հիմնարար գիտությունների միջազգային տարի

Կայուն զարգացման համար հիմնարար գիտությունների միջազգային տարվա համակարգմամբ զբաղվելու է Միջազգային աստղագիտական ընկերությունը, որի տարածաշրջանային կենտրոնը Հայաստանն է (Բյուրականի աստղադիտարանը):

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2022 թվականը ճանաչվել է հիմնարար գիտությունների միջազգային տարի։

Կայուն զարգացման համար հիմնարար գիտությունների միջազգային տարվա համակարգմամբ զբաղվելու է Միջազգային աստղագիտական ընկերությունը (ՄԱՄ)՝ նպատակ ունենալով նպաստել հիմնարար գիտությունների և կայուն զարգացման նպատակների կապին։

ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևը կոչ է անում իր անդամ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին և այլ համաշխարհային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին (գիտական ընկերություններ, միջազգային և ազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ)՝ հետևել և բարձրացնել կայուն զարգացման մեջ, ազգային առաջնահերթություններին համապատասխան, հիմնարար գիտությունների կարևորության մասին իրազեկվածության աստիճանը։

Տարվա միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի հունիսի 30-ից հուլիսի 1-ը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում կայանալիք գիտաժողովին։

Հայաստանը՝ ի դեմս Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), հանդիսանում է ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։

ԲԱ մամուլի ծառայության հիշեցմամբ՝ ՄԱՄ-ը համակարգում է աստղագիտության զարգացումը 11 տարածաշրջանային և լեզվի կենտրոնների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա): Եվրոպան և Ամերիկան վերջին տարիներին են միացել կենտրոնին։

Telegram