Ադրբեջանը Եվրոպայում «Գազպրոմի» հաշվին բարձր եկամուտներ է ստանում

Դեպի Թուրքիա ռուսական գազի մատակարարման ծավալների մեծացումն Ադրբեջանին հնարավորություն է տվել իր վառելիքի մի մասն ուղղել Եվրոպա՝ այնտեղ ավելի բարձր գնով վաճառելու: «Հարավային գազային միջանցքի» չկանխատեսված գերծանրաբեռնման շնորհիվ Թուրքիան նույնպես մեծ եկամուտներ է ստանում տարանցիկ վճարումների հաշվին:

ENTSOG-ի տվյալներով՝ ս.թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ը «Հարավային գազային միջանցքով» («ՀԳՄ») Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 7,9 մլրդ խմ գազ: Հաշվի առնելով օրական ծավալները (29,7 մլն խմ)՝ Կասպից ծովից դեպի Եվրոպա կարող է առաքվել 8,6 մլրդ խմ գազ:

«ՀԳՄ»-ը գործարկվել է նախորդ տարի: Ներկայումս դրանով առաքվող գազի ծավալները գերազանցում են նախատեսվածը: 2021թ. դրանով պետք է Եվրոպա մատակարարվեր 5 մլրդ խմ գազ:

Համարվում է, որ ադրբեջանական գազի մատակարարման ծավալների աճը պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական գազի գնման շահավետությամբ: Այսպես, թուրքական ընկերությունների համար ռուսական գազն արժե 270 դոլար՝ 1000 խմ-ի համար: Մինչդեռ Տրանսադրիատիկ գազատարի (TAP) օպերատորը դեկտեմբերի 6-ին և 7-ին գազը վաճառել է 1163 դոլարով:

Ադրբեջանական գազի փոխադրումը դեպի Եվրոպա հաստատում են նաև EPDK-ում: Չնայած Թուրքիայում պահանջարկի մեծացմանը, կասպիական վառելիքի մատակարարումը նվազել է: Հունվար-սեպտեմբեր ամիսներին անկումը կազմել է 1,6 մլրդ խմ՝ հասնելով 6,7 մլրդ խմ-ի: Միաժամանակ՝ «Գազպրոմը» Թուրքիա մատակարարվող գազի ծավալները 11 ամիսների ընթացքում ավելացրել է 83,1%-ով՝ հասցնելով 24,4 մլրդ խմ-ի:

Թուրքիան գազն Ադրբեջանից ստանում է պայմանագրային հիմունքներով: Ապրիլի 17-ին թուրքական «Բոթաս» (Botas) ընկերությունը չի երկարացրել «Շահ-Դենիզ 1» ծրագրի օպերատոր BP-Azerbaijan-ի հետ երկարատև պայմանագիրը, ըստ որի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով 6,6 մլրդ խմ գազ էր մատակարարվում: Միևնույն ժամանակ, կասպիական գազի տարանցումը թուրք-հունական սահմանին կտրուկ աճել է՝ օրական 15 մլն խմ-ից հասնելով 25 մլն խմ-ի:

Աշնանը թուրքական «Բոթասը» վերականգնել է »Շահ-Դենիզ 1»-ի (BP-Azerbaijan) ծրագրով գազի պայմանագիրը, սակայն արդեն՝ ավելի քիչ ծավալներով: Նոր պայմաններով 2022թ. Թուրքիա է առաքվելու 2,5 մլրդ խմ, իսկ 2023թ.՝ 3,5 մլրդ խմ գազ:

«ՀԳՄ»-ի ծրագրի մասնակիցների համար Հունաստան ու Իտալիա մատակարարման ծավալների մեծացումը բարձր շահույթ է ապահովում ոչ միայն գազի վաճառքից, այլև տարանցումից: Այսպես, «Շահ-Դենիզ» հանքարդյունահանման ծրագրում ադրբեջանական Socar-ն ունի 10%, իսկ թուրքական TPAO-ն՝ 9%: Տրանսանատոլիական գազատարում (TANAP) Socar-ը և նրա տեղական դուստր ընկերությունն ունեն 58%, իսկ տեղական Botas-ը՝ 30% մասնաբաժին: Socar-ը տնօրինում է նաև Տրանսադրիատիկ գազատարի (TAP) 20%-ը:

Ընդհանուր առմամբ՝ բրիտանական BP-ին ներկայումս ձեռնտու է Եվրոպայում ադրբեջանական գազ վաճառելը: Նրան են պատկանում «Շահ-Դենիզ» ծրագրի 25%-ը, TANAP-ի 12%-ը և TAP-ի 20%-ը:

Telegram