Միջազգային հարաբերությունների նոր հեռանկարները․ Մեծ քսանյակի (G20) դերը. Վարդան Լաբլաջյան

ՄԱՀՀԻ-ի Ժողովրդավարության XXVI դպրոցի շրջանավարտ Վարդան Լաբլաջյանի հոդվածը:

Միջազգային կազմակերպությունները, որպես համաշխարհային քաղաքականության գործող սուբյեկտներ, երբեմն շարունակում են իրենց զարգացումը, ենթարկվում են տարբեր փոխակերպումների՝ անկախ փոփոխվող գլոբալ միջավայրից։ Այս նույն տրամաբանությամբ էլ 1973թ․ Սպիտակ տան գրադարանում տեղի ունեցած հինգ ֆինանսների նախարարի ոչ ֆորմալ հանդիպումը 1975թ․ վերածվեց G7-ի՝ սկիզբ դնելով ամենամյա գագաթնաժողովներին, իսկ այնուհետև  ընդլայնվելով և ներառելով Ռուսաստանին՝ վերածվեց G8-ի: Դեռևս 1986թ․ Տոկիոյի գագաթնաժողովից սկսած՝  G7  երկրների առաջնորդների ոչ ֆորմալ խումբը հասցրել էր իրեն ներկայացնել որպես բավականին արդյունավետ միջազգային ֆորում՝  գլոբալ տնտեսական և մի շարք հիմնախնդիրների քննարկման ու պարտավորությունների ստանձնման տեսանկյունից։ Սակայն  մյուս կողմից էլ G7 առաջնորդները համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման ավելի մեծ արդյունքների հասնելու համար կանգնում էին զարգացող շուկայի բացակայության խնդրի առաջ, ինչը բազմաթիվ հարցերի լուծման համար սահմանափակում էր նրանց ունակությունը: Ահա այսպես աստիճանաբար առաջանում էր մեկ այլ՝ ավելի լայն սահմաններ ունեցող ֆորումի ձևավորման անհրաժեշտություն, որի դերում, փաստորեն,  հանդես եկավ G20 համակարգը:[1]

Նշենք, որ G20 գագաթնաժողովների նախապատմության հիմքում ընկած են G22 և G33 համակարգերը։ G22-ը, որը հայտնի է նաև որպես «Willard group», Վաշինգտոնյան այն հյուրանոցի անունով է, որտեղ առաջին անգամ տեղի էր ունեցել հանդիպումը։ Այն հիմնադրվել է 1998թ․ ապրիլին՝ ԱՄՆ նախաձեռնությամբ։ Խմբում ներգրավված էին գլոբալ տնտեսական համակարգի զարգացման գործում համակարգային նշանակություն ունեցող երկրների Ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները։ Սկզբնապես G22-ի նպատակը մեկանգամյա հանդիպումն էր՝ զարգացող շուկայական տնտեսություններում 1997թ․-ից սկսված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հարթելու և խնդիրներին լուծումներ տալու համար։ Սակայն խումբը հանդիպեց նաև երկրորդ անգամ՝ 1998թ․ հոկտեմբերին, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի աշնանային հանդիպումների շրջանակներում։ Համաժողովին մասնակից էին G8 անդամ պետությունների, Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Հոնգ Կոնգի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կորեայի, Մալազիայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Սինգապուրի, Հարավային Աֆրիկայի և Թայլանդի Ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկի ղեկավարները։[2] Հետագայում ավելի ընդլայնվելով և G7/G8 առաջնորդների նախաձեռնությամբ G22-ը վերածվեց G33-ի՝ ներառելով G8 անդամ պետությունների, Արգենտինայի, Ավստրալիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Չիլիի, Չինաստանի,  Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Հոնգ Կոնգի,  Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Հարավային Աֆրիկայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թայլանդի և Թուրքիայի Ֆինանսների նախարարներին և Կենտրոնական բանկերի ղեկավարներին։[3]

G33-ի երկու հանդիպումները տեղի ունեցան 1999թ․ մարտին և ապրիլին` քննարկելով համաշխարհային տնտեսությանը և միջազգային ֆինանսական համակարգին վերաբերող հիմնախնդիրները։ G22-ի և  G33-ի կողմից ներկայացված առաջարկները բավականին արդյունավետ էին և զգալի չափով նվազեցրեցին համաշխարհային տնտեսության հակվածությունը ճգնաժամի նկատմամբ։ Միևնույն ժամանակ վերջիններս ևս մեկ անգամ ցույց տվեցին  զարգացող երկրներն ընդգրկող միջազգային խորհրդատվական ֆորումի ներուժն ու համաշխարհային քաղաքականության մեջ դրա գոյության կարևորությունը։ Նմանօրինակ երկխոսությունը զարգացող երկրների միջև ինստիտուցիոնալացվեց 1999թ․ G20-ի ստեղծման միջոցով։[4]

Ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների G20 համաժողովը պաշտոնապես ստեղծվեց 1999թ․ սեպտեմբերի 25-ին G7 ֆինանսների նախարարների որոշմամբ։ Ինչպես արդեն նշվեց վերևում, նոր ֆորումի նպատակը ոչ ֆորմալ երկխոսության մեկ այլ հարթակի ստեղծումն էր, որը թույլ կտար  ընդլայնել տնտեսական ու ֆինանսական քաղաքականության կարևորագույն հարցերի շուրջ քննարկումներն աշխարհի՝ տնտեսապես կայուն երկրների միջև՝ միևնույն ժամանակ խթանելով համագործակցությունը համաշխարհային տնտեսական աճի հասնելու համար։ G20  հանդիպումների մեկնարկը տրվեց Բեռլինում, և քանի որ նոր ֆորումի ստեղծման հիմքը դրվել էր նախապես գոյություն ունեցող G7 համակարգի առաջնորդների կողմից, նրանք G20 համակարգի կայացման համար Բեռլին հրավիրեցին մի շարք գործընկերների այլ՝ համակարգային նշանակություն ունեցող երկրներից, ինչպես նաև Եվրոպական միության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների։

G20-ի ստեղծման մասին պաշտոնական հայտարարությամբ G7/G8-ը հանդես էր եկել 1999թ․ հունիսի 18-ին Քյոլնի գագաթնաժողովում՝ ընդգծելով ոչ պաշտոնական ֆորումի, ինչպես նաև Բերտրոն Վուդսյան ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներում միասնական աշխատելու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ այս հայտարարությամբ հանդես գալը G7 երկրների առաջնորդների մոտեցումները նոր ֆորումի ստեղծման վերաբերյալ հակասական էին։ Հատկապես Ֆրանսիան Իտալիայի աջակցությամբ դեմ էր G20-ի ստեղծմանը՝ մտավախությամբ, որ դա կնվազեցնի ԱՄՀ-ի հեղինակությունը։ ԱՄՆ-ը և Ճապոնիան հանդես էին գալիս նոր մարմնի ձևավորման օգտին։ Որոշ չափով նրանց աջակցում էր նաև Մեծ Բրիտանիան։ Ինչ վերաբերում է Կանադային, ապա վերջինս մասամբ կողմ էր կառույցի ստեղծմանը հատկապես այն պատճառով, որ մի կողմից իսկապես ցանկություն կար տեսնել ավելի լայն, ֆորմալացված խորհրդատվական մարմին, որը կապ կպահպաներ նաև այլ միջազգային կառույցների հետ, և մյուս կողմից Կանադան ակնկալում էր, որ G20-ն ավելի քիչ էր վերահսկվելու ԱՄՆ-ի կողմից։[5]

Այնուամենայնիվ, G7 առաջնորդների կողմից որոշումը հստակ էր, և նրանք ձեռնամուխ եղան G20-ի ստեղծմանը, որի մեջ մտնում էին 19 երկրների Ֆինանսների նախարարներ ու Կենտրոնական բանկերի ղեկավարներ՝ G8 անդամ պետությունները, Պորտուգալիան, Ավստրալիան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան և Թուրքիան։ Ֆորումի քսաներորդ անդամը Եվրոպական Միությունն է։ Բացի վերը նշվածներից համաժողովին իրենց ներկայացվածությունն են ապահովում նաև ԱՄՀ-ի գործադիր տնօրենը, Համաշխարհային բանկի նախագահը, ինչպես նաև ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի դրամավարկային ու ֆինանսական հանձնաժողովների նախագահները:

Իսկ արդեն 2008թ․ նոյեմբերին Ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի ղեկավարների մակարդակով անցկացվող G20 համաժողովը,  մեկ քայլ առաջ անցնելով, վերածվեց պետությունների առաջնորդների մակարդակով անցկացվող գագաթնաժողովի: Առհասարակ, G20  համաժողովը ներառում է աշխարհի բոլոր շրջանները։  Կազմակերպության անդամները միասին կազմում են աշխարհի բնակչության երկու երրորդը և ստեղծում համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 90%-ը։ Կարևոր է նաև այն փաստը, որ անդամակցության լայն շրջանակներն առավել մեծ լեգիտիմություն և ազդեցություն են տալիս G20-ին, քան ունի G7/G8 համակարգը։[6]

G20-ի անդամության հետ կապված մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես Թուրքիան: Վերջինս մյուս անդամ պետությունների հետ միասին կազմակերպության անդամ էր ձևավորման հենց սկզբից՝ 1999թ․-ից: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը հանգեցրեց 20 առաջատար տնտեսությունների միավորմանն ու այս դեպքում դրանց մեջ նաև Թուրքիայի ներգրավմանը, ինչ-որ տեղ ավելացրեց նաև Թուրքիայում քաղաքականություն մշակողների նկատմամբ վստահությունն ու վերջիններիս վարկը: Բացի այդ G20-ի անդամ լինելը հնարավորություն ընձեռեց Թուրքիային ակտիվորեն մասնակցել հետճգնաժամային գլոբալ տնտեսության նոր կանոնների և ինստիտուտների ձևավորման գործընթացին, ի տարբերություն իր նախկին դիրքի՝ որպես ծայրամասային գործընկերոջ: Աշխարհի 20 ամենախոշոր տնտեսություններից մեկի դերում հանդես գալուց բացի Թուրքիան, ի տարբերություն G20 մի շարք այլ պետությունների, նաև կարևոր տարածաշրջանային ուժ է: Այդ կարգավիճակին նպաստող հանգամանք է նաև այն, որ  Թուրքիան տարածաշրջանի այն եզակի պետություններից է, որն անդամակցում է ՆԱՏՕ-ին և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը:[7]

Թուրքիայի անդամությունը պարզորեն ցույց է տալիս, որ G20 հիմնադիրները ֆորումի ստեղծման նպատակների շարքում կարևորագույն տեղ են տվել ոչ թե պարզապես 20 ամենախոշոր տնտեսությունների ցուցակը կազմելուն, այլ յուրահատուկ ներկայացուցչական մարմին ստեղծելուն, որում միմյանց կողքի հանդես կգան ինչպես աշխարհի խոշորագույն տնտեսությունները, ինչպիսիք են՝ Միացյալ Նահանգները, Ճապոնիան կամ Չինաստանը, այնպես էլ որոշ տարածաշրջանային ուժեր, որոնցից մեկի դերում էլ այս պարագայում ներկայանում է Թուրքիան: Իհարկե տարածաշրջանային ուժ հանդիսանալուց բացի Թուրքիայի անդամության մեկ այլ կարևոր պատճառ էր նաև այն, որ պետությունը մահմեդական աշխարհում ամենակարևոր ու առաջնային տնտեսություններից մեկն էր: Սակայն հարկ է նշել, որ G20 անդամ հանդիսանալու փաստը մասամբ բխում էր նաև քաղաքական դիրքորոշումներից: Օրինակ Իրանը 1999թ․՝ ֆորումի ստեղծման պահին, ավելի համապատասխան ուժ էր դրա անդամը դառնալու համար: Վերջինս ուներ թվով ավելի մեծ բնակչություն, քան Թուրքիան, իսկ ՀՆԱ-ի տեսանկյունից էլ պատկանում էր 20 խոշորագույն տնտեսությունների շարքին: Սակայն, միևնույն ժամանակ, Իրանը, լինելով  քաղաքականապես շատ մեկուսացված, չէր դիտարկվում G20-ի անդամ հանդիսանալու արժանի հավակնորդ: Թերևս Թուրքիան ֆորումի շրջանակներում համարվում էր ամենահարմար թեկնածուն, որը կարող էր կամուրջի դեր կատարել ինչպես Եվրոպայի և Ասիայի, այնպես էլ զարգացած արդյունաբերական տնտեսությունների և զարգացող շուկաների միջև:[8]

Առհասարակ, 21-րդ դարում միջազգային հարաբերությունների համակարգն ավելի արդյունավետ դարձնելու և դրա զարգացումը խթանելու տեսանկյունից G20 համակարգի՝ որպես ոչ ֆորմալ ֆորումի դերը չափազանց մեծ է, քանի որ բացի միջազգային դրամավարկային և ֆինանսական հիմնախնդիրների քննարկումից G20-ն առաջին հերթին հանդիսանում է հարթակ աշխարհի կարևորագույն խնդիրների շուրջ համախմբվելու և երկխոսության միջոցով քննարկումներ կազմակերպելու համար:[9] Ի սկզբանե G20-ի ստեղծման հիմքում դրված էր խորհրդակցական մարմնի կարգավիճակը, որի գերխնդիրը պետք է լիներ միջազգային հարցերի շուրջ համաձայնության ձևավորումը։ Բայց, այնուամենայնիվ, քաղաքականությունն ու միջազգային ֆինանսական կայունության մանդատը հանդիսացել և այժմ էլ հանդիսանում են G20-ի անբաժանելի մասը։

Կանադայի ֆինանսների նախարար Պոլ Մարտինը, ում նախագահության ներքո անցան G20-ի առաջին երեք համաժողովները (1999թ․ դեկտեմբերին Բեռլինում, Մոնրեալում 2000թ․ հոկտեմբերին, այնուհետև Օտտավայում 2001թ․ նոյեմբերին) նշում էր, որ G20-ի ստեղծման և գործունեության նպատակների մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում նաև գլոբալիզացիայի գաղափարների ու օգուտների տարածման պարտականությունը հատկապես աշխարհի աշխատող մարդկանց շրջանակներում։ Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ Պոլ Մարտինի՝ գլոբալ տնտեսության կամ միջազգային ֆինանսական համակարգի հետ կապված չկար որևէ դրույթ, որը կարող էր դուրս մնալ G20-ի հետաքրքրության շրջանակներից։[10]

G20-ի հաջողության գրավականի և ֆորումի առջև դրված նպատակների կատարման տեսանկյունից հատկապես կարևորվում է գլոբալ ֆինանսական ճջնաժամի կանխումը 1999-2008թթ․։ Վերևում արդեն նշվել է, որ G20-ի ստեղծումը համընկավ 1997-1999թթ․ Ասիական ֆինանսական ճգնաժամի հետ, իսկ արդեն 2008թ․ մեծ ֆինանսական ճգնաժամի առջև կանգնեց Միացյալ Նահանգները, բայց G20-ի ջանքերի շնորհիվ ֆորումի Ասիական անդամները կարողացան խուսափել ֆինանսական համակարգի փլուզումից։ G20-ը կանխարգելեց նաև աստիճանաբար գլոբալ դարձող Եվրոպական ճգնաժամը 2010-2013թթ․։[11]

Փաստորեն գլոբալ կառավարումը հաջողությամբ իրականացնելու համար G20 համակարգն իր գործունեության հենց սկզբից կանգնած է եղել բազմաթիվ մարտահրավերների առջև։ Առաջին հրատապ խնդիրը, ինչպես նշվեց, ֆորումի օրակարգում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից վերականգնումն ու հետագա կայուն աճի ապահովումն էր։ Երկրորդ՝ բավականին լուրջ խնդիրը մի շարք երկրների խոշոր և աճող պետական պարտքի առկայությունն էր, ինչն իր հերթին խոչընդոտում էր համաշխարհային տնտեսական աճի առաջընթացին։ Մյուս մեծ մարտահրավերը, որի առջև կանգնած էր G20 ֆորումը, երկրների միջև մեծ արտաքին անհավասարակշռության առկայությունն էր, որը նույնպես վտանգի տակ էր դնում գլոբալ տնտեսական կայունությունը։ 

Աշխարհի բազմաթիվ երկրներում տնտեսական անհավասարության աճը բարձրացնում էր նաև գործազրկության մակարդակը, որն էլ հանդիսանում էր մեկ այլ օրակարգային խնդիր G20-ի շրջանակներում։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ G20-ի հիմնական բաղադրիչը կայուն ու հավասարակշռված աճի խթանումն է, սակայն հատկապես 2008թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկսվելուց ի վեր G20-ի քաղաքականության  գործողություններն ուղղված էին կարճ ժամանակահատվածում ճգնաժամերին համապատասխան արձագանք տալուն։ Բայց միանշանակ է նաև այն, որ ուժեղ, կայուն և հավասարակշռված աճի հասնելու համար G20-ը պետք է դադարեցնի ճգնաժամերի կառավարման դերը կարճաժամկետ մակարդակում և առավելապես կենտրոնանա երկարաժամկետ օրակարգի վրա։[12]

G20 գագաթնաժողովների շրջանակներում, այնուամենայնիվ, եղել են բավականին նշանակալի ձեռքբերումներ։ Օրինակ 2009թ․ ապրիլին Լոնդոնի գագաթնաժողովում որոշում կայացվեց խթանել զանգվածային հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը, և դրա արդյունքում մոբիլիզացվեց $1,1 տրիլիոն։ Նշանակալի էր նաև 2010թ․ հունիսին կայացած Տորոնտոյի գագաթնաժողովը, որտեղ ֆորումի տնտեսապես առաջատար  անդամները համախմբեցին իրենց ներուժը՝ փորձելով զսպել Եվրոյի ճգնաժամը։ 2011թ․ նոյեմբերի Կաննի գագաթնաժողովը ևս պարունակում էր Եվրոյի ճգնաժամին վերաբերող որոշումներ: Կարևոր էր նաև 2013թ․ սեպտեմբերի 5-6-ի գագաթնաժողովը, որը նշանավորվեց Սիրիայում քիմիական զենքի վերացման համաձայնագրի ստորագրման հարցում G20-ի հաջողությամբ, և վերջինս արդեն հստակորեն առանձնացավ որպես քաղաքական անվտանգության ակումբ։[13]

Քանի որ 21-րդ դարը  կանգնեց այնպիսի լուրջ մարտահրավերի առջև, ինչպիսին ահաբեկչությունն է, պարզ է, որ այս հարցից անմասն չէր կարող մնալ նաև G20-ը։ Ահաբեկչությանն առնչվող խնդիրներն առավել հաճախ սկսեցին հայտնվել G20 գագաթնաժողովների օրակարգում  9/11-ից հետո։ G20-ի անդամները միավորում են իրենց ջանքերը ցանկացած տիպի ահաբեկչական գործողության դեմ, խմբի ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես ահաբեկչության ապօրինի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրները։ Օրինակ, 2008թ․ նոյեմբերի Վաշինգտոնյան գագաթնաժողովի տվյալներով՝ G20 Ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի ղեկավարների խումբը, անդրադառնալով ահաբեկչության սպառնալիքներին, հայտարարել էր, որ ազգային և տարածաշրջանային իշխանությունները տարբեր մակարդակներում պետք է ձեռնարկեն միջոցներ պաշտպանելու գլոբալ ֆինանսական համակարգն այնպիսի գործողություններից, որոնք կարող են պարունակել  ապօրինի ֆինանսական գործունեության ռիսկեր։ Ֆորումի ֆինանսական գործողությունների գծով հանձնակատարը պետք է շարունակեր իր աշխատանքն ահաբեկչության ֆինանսավորման դեմ։ Նմանատիպ հայտարարություններով G20-ը հանդես է եկել նաև հետագա գագաթնաժողովներից հետո։[14]

Ժամանակի մյուս մարտահրավերը, որը գնալով առավել մեծ չափերի է հասնում, միգրացիան է։ G20 համակարգը, անդրադառնալով միջազգային միգրացիայի լուրջ խնդրին, գագաթնաժողովների ընթացքում առավելապես անդրադառնում էր դրա տնտեսական ու ֆինանսական ասպեկտներին։ Միգրացիայի խնդիրը մեծ տեղ էր զբաղեցնում հատկապես 2010թ․ Սեուլի գագաթնաժողովի օրակարգում, որտեղ G20-ի առաջնորդները որոշում կայացրեցին մեծացնել ֆինանսական փոխանցումների հոսքերը դեպի աղքատ երկրներ։[15]

 G20-ի շրջանակներում կարևոր են նաև կլիմայական փոփոխություններին վերաբերող հարցերը։ 2009թ․ Փիթսբուրգի գագաթնաժողովում G20-ի Ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկի ղեկավարները հավանության արժանացրեցին ՄԱԿ-ի կողմից ընդունված Կոպենհագենյան համաձայնագիրը, որը վերաբերում էր կլիմայի փոփոխություններին։ Ըստ Կոպենհագենյան համաձայնագրի՝ 114 երկրներ համաձայնության էին եկել իրենց արտանետումները նվազեցնելու վերաբերյալ։ Երկրները նաև հայտնել էին իրենց պատրաստակամությունն օժանդակել և ֆինանսական օգնություն տրամադրել զարգացող երկրներին մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների տեղակայման, անտառային արտանետումների նվազեցման և գլոբալ տաքացման հետևանքների վերացման համար։[16]

G20 գագաթնաժողովների ընթացքում մեկ այլ քննարկվող թեմա կարելի է համարել էներգիայի հետ կապված բազմազան խնդիրները: G20-ի համատեքստում էներգիայի սահմանումը կապվում է չորս հիմնական բաղադրիչների հետ։ Առաջինը վերաբերում է նավթի, բնական գազի և ածուխի մատակարարմանը, գնին, փոխադրմանն ու սպառմանը։ Երկրորդ բաղադրիչը պարունակում է խնդիրների քննարկում՝ կապված այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ։ Էներգիայի վերաբերյալ երրորդ մոտեցումը վերաբերում է միջուկային անվտանգությանը, հատկապես միջուկային ռեակտորների անվտանգ շահագործմանը և, առհասարակ, բոլոր խնդիրներին, որոնք կապված են միջուկային նյութերի փոխանցման կամ օգտագործման հետ։

Չորրորդ բաղադրիչն էներգետիկ առևտուրն է, այդ թվում՝ ռուսական գազի վաճառքը Եվրոպա և Ճապոնիա, Ռուսաստանի էներգետիկ գնային քաղաքականությունը և ռուսական շուկայի դերը համաշխարհային էներեգտիկ առևտուրում։[17]

Այսքանով, իհարկե, G20 Ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի ղեկավարների կողմից քննարկվող նյութերը չեն ավարտվում, իրականում դրանք բազմազան են և ընդգրկում են կյանքի տարբեր բնագավառներ։  Օրինակ, ամփոփելով  2018թ․ Բուենոս Այրեսում տեղի ունեցած G20 գագաթնաժողովը՝ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն նախանշեց 2019թ․ հունիսին Օսկանայում սպասվելիք գագաթնաժողովի օրակարգը։ Այն հավանաբար ընդգրկելու է առաջին հերթին ազատ առևտրի խթանմանը վերաբերող խնդիրների քննարկում։ Երկրորդ ոլորտը, որն ընդգրկված կլինի 2019թ․ Օսկանայի գագաթնաժողովում, նորարարությունն է գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում, հատկապես  սոցիալական խնդիրների լուծման և հասարակության զարգացման նպատակով, ինչպես նաև այս բնագավառում շեշտը դրվելու է կանանց, երիտասարդության և հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա։ Երրորդը ենթակառուցվածքների զարգացման կարևորագույն հարցի քննարկումն է։ Մյուս ոլորտն առողջապահությունն է, քանի որ այս ոլորտում հաջողություններն իսկապես կարող են հանգեցնել հանրային բարիքի ստեղծման։ Հինգերորդը կլիմայի փոփոխությունն է՝ այն հիմքով, որ այն կարևոր նշանակություն ունի նաև տնտեսական աճի համար։ Օրակարգում իր տեղն է զբաղեցնում նաև մեկ այլ հիմնախնդիր՝ ծերացող բնակչության ավելացումը, որը հատկապես կարևոր է Ճապոնիայի համար։ Եվ վերջապես յոթերորդ առաջնահերթությունը կայուն միջազգային զարգացմանը նպաստելու համար համապատասխան քննարկումների կազմակերպումն է։[18]

Ամփոփելով G20-ի առաջնորդների ակումբի գործունեությունը և  գլոբալ կառավարման համակարգում վերջինիս տեղն ու դերը՝ հարկ է ևս մեկ անգամ նշել, որ G20-ը ձևավորվեց որպես ինքնավար և ոչ ֆորմալ խումբ՝ հետագայում ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկի ղեկավարների մակարդակից անցում կատարելով առաջնորդների մակարդակով անցկացվող գագաթնաժողովների։ Քանի որ կառույցը ներառում է տնտեսության մեջ համակարգային նշանակություն ունեցող ավելի մեծ թվով երկրներ, քան սահմանափակ կազմ ունեցող G7/G8 համակարգը, հետևապես G20-ի լեգիտիմության  մակարդակն առավել բարձր է։ Բայց, միևնույն ժամանակ, անդամության հարցի վերաբերյալ քննադատությունները մեծ են նաև G20-ի հասցեին, հատկապես այն առումով, որ վերջինիս կազմի մեջ ընդգրկված չեն աղքատ պետությունները, որոնք կկարողանան խոսել իրենց անունից։ 

Քննարկելով G20 համակարգը՝ չենք կարող չանդրադառնալ վերջինիս վերաբերյալ մեկ այլ կարևոր հանգամանքի։ Խոսքն այն մասին է, որ ֆորումի շրջանակներում կա ընդունված ավանդույթ, ըստ որի՝ G20-ի նախագահող երկրի կողմից յուրաքանչյուր տարի ստեղծվում է կայք՝ մամուլի համար հանդիպումների ժամանակացույցը, աշխատանքային ծրագրերը և փաստաթղթերի տեքստերը հրապարակելու նպատակով։ Կայքը կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://www.g20.org/։

Վարդան Լաբլաջյան

Ժողովրդավարության XXVI դպրոցի շրջանավարտ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


 [1] Տե՛ս, G20 Information Centre; New G20 Forum: Backgrounder, http://www.g20.utoronto.ca/g20backgrounder.htm 

[2] Տե՛ս, G22; Summary of Reports on the International Financial Architecture; 1998 Washington, https://www.imf.org/external/error.htm?URL=https://www.imf.org/external/np/g22/summry.pdf

[3] International Monetary Fund: A Guide to Committees; Groups, and Clubs; IMF;  Washington 2006, https://www.imf.org/external/error.htm?URL=https://www.imf.org/external/np/exr/facts/groups.htm

[4] Տե՛ս, Peter I. Hajnal; The G8 system and the G20 : evolution, role and documentation; pp 151-152․

[5] Տե՛ս, John Kirton; G20 Information Centre; What Is the G20?, http://www.g20.utoronto.ca/g20whatisit.html

[6] Տե՛ս, Peter I. Hajnal; The G8 system and the G20 : evolution, role and documentation; pp 151-152․

[7] Hüseyin Bagci; The Role of Turkey as a New Player in the G20 System, https://www.kas.de/c/document_library/get_file?uuid=8e9d6664-ac02-40f4-a843-1dd18abd74cd&groupId=252038

[8] Turkey’s profile in the G20: emerging economy, middlie power and bridge-builder, https://biblio.ugent.be/publication/1153272/file/6747993

[9] Տե՛ս, Peter I. Hajnal; The G8 system and the G20 : evolution, role and documentation; pp 151-153․

[10] Տե՛ս, John Kirton; G20 Information Centre; What Is the G20?, http://www.g20.utoronto.ca/g20whatisit.html

[11] Տե՛ս, John J. Kirton and Marina V. Larionova; The G8-G20 relationship in Global Governance; p 22․

[12] Z. Qureshi; G20: From Crisis Management to Policies for Growth; 2015, https://www.brookings.edu/research/g20-from-crisis-management-to-policies-for-growth/

[13] Տե՛ս, John J. Kirton and Marina V. Larionova; The G8-G20 relationship in Global Governance; pp 22-23․

[14] Zaria Shaw, Sarah Jane Vassallo and Alissa Wang; G20 Research Group; G20 Leaders Conclusions on Terrorism; 2015; pp 2-4, http://www.g20.utoronto.ca/analysis/conclusions/terrorism-l.pdf

[15] Zaria Shawn and Sarah Jane Vassallo; G20 Research Group; G20 Leaders Conclusions on Migration; pp 1-4, http://www.g20.utoronto.ca/analysis/conclusions/migration-l.pdf

[16] Zaria Shaw; G20 Research Group; G20 Leaders’ Conclusions on Climate Change; pp 2-4, http://www.g20.utoronto.ca/analysis/conclusions/climatechange-l.pdf

[17] Zaria Shaw; G20 Research Group; G20 Leaders’ Conclusions on Energy, http://www.g20.utoronto.ca/analysis/conclusions/energy-l.html

[18] John Kirton; Japan’s Priority Agenda for its G20 Osaka Summit /2019, http://www.g20.utoronto.ca/analysis/181201-kirton-osaka-priorities.html