Գալակտիկաների և ժամանակի միջև. Տիեզերքի լիարժեք մոդելն է ստեղծվել

Գիտնականները գերհամակարգչի օգնությամբ փորձել են մոդելավորել անծայրածիր տիեզերքը. «Ուչուու» անունը ստացած մոդելում 2,1 տրիլիոն մասնիկներ կան:

Հետազոտողների խումբը ստեղծել է Տիեզերքի վիրտուալ մոդելը՝ անվանելով «Ուչուու» (ճապոներեն «տարածություն» բառից): Սակայն այստեղ տիեզերքի սահմանները գտնելը բարդ է: Համակարգչային տիեզերքում 9,63 մլրդ լուսային տարի լայնությամբ մաթեմատիկական խորանարդում ներկայացված են 2,1 տրիլիոն մասնիկներ:

Համեմատության համար՝ լուսային մեկ տարին 9,5 տրլն կմ է: Մոտավորապես պատկերացնելու համար՝ Պլուտոնից մինչև Արեգակն ընկած հեռավորությունը 5,25 լուսային տարի է:

«Տիեզերական Ուչուուի» մասշտաբներում մեր Արեգակնային համակարգն ընդամենը մանրադիտակային մասնիկ է, այն էլ՝ քվանտային:

Տվյալների այդօրինակ անպատկերացնելի հավաքածու մոդելավորելու համար գիտնականներին պահանջվել է ATERUI II գերհամակարգիչ: Սա աստղագիտական հետազոտությունների համար ամենաարագ համակարգիչն է: Գտնվում է Ճապոնիայի ազգային աստղադիտարանում և կարող է իրականացնել վայրկյանում մինչև երեք կվադրիլիոն գործողություն: Այդ նպատակով գերհամակարգչում տեղադրված է 385 տեռաբայթ օպերատիվ հիշողություն:

Սակայն Տիեզերքի վիրտուալ մոդելի հարցում գերհամակարգիչը նույնպես դժվարություններ է ունեցել:

Տիբայի համալսարանի դոցենտ Տոմակի Իսիյամայի խոսքով՝ օգտագործվել է 20 մլն գերհամակարգչային ժամ և գեներացվել է շուրջ 3 պետաբայթ տվյալ:

Ինչպես նշվում է, Ուչուուն աշխատում է ժամանակի մեքենայի նման: Աստղաֆիզիկոսը նրա օգնությամբ կարող է տեղափոխվել առաջ կամ հետ, ինչպես նաև մոտեցնել առանձին գալակտիկաներ: Ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի տեղեկանալ Տիեզերքի վաղ փուլերի կյանքի մասին, ինչպես նաև մոդելավորել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում նրա հեռավոր անկյուններում տվյալ պահին:

Մոդելը յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել կրճատված տարբերակով, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այդ փոքրացված տարբերակը 100 տեռաբայթ ծավալ ունի:

Telegram