Հայաստանյան այս աշունն այնքան էլ խոստումնալից չէ. Ջուլիետա Թադևոսյան

«Ստեղծված իրավիճակում ակնկալել, որ տարին կամփոփենք անհամեմատ բարձր  տնտեսական աճով, կարծում ենք՝ իրատեսական չէ». տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյան:

Աշխարհում դեռևս մոլեգնում է համավարակը: Այն չի հանդարտվում նաև Հայաստանում, ուստի անորոշություններն ու ռիսկերը դեռևս բավականաչափ անհանգստացնող են: Իրատեսորեն գնահատված չեն նաև 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները:

Այսուհանդերձ, 2021թ․ տարեսկզբից կարծես թե լավատեսական սպասումները  գերիշխում էին: Սակայն ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ․ հունվար-սեպտեմբերին (հրատարակվել է 2021թ․ նոյեմբերի 8-ի դրությամբ[1], ինչպես նաև ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, 2021թ. նոյեմբերի 25-ի դրությամբ[2]) վկայում են, որ «…աշունը Հայաստանում այնքան էլ խոստումնալից չէ…»:

Հակիրճ ներկայացնենք ռետրոսպեկտիվ վերլուծություն:

ՀՀ մակրոտնտեսական միջավայրի 2021թ․ առաջին կիսամյակի ցուցանիշների[3] (2021թ. հունվար-հունիս) համադրումը նախորդ տարիների (2018-2020թթ.) նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ փաստում է, որ չնայած տնտեսության մեջ վերջին տարիներին գրանցված որոշ վերելքներին և վայրեջքներին՝ 2021թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ նկատելի էր որոշակի առաջխաղացում:

  Այսպես, նշենք, որ 2018թ.  2017թ. նկատմամբ  տնտեսության մակրոտնտեսական միջավայրը նկատելիորեն ավելի աշխույժ էր գրեթե բոլոր ցուցանիշների գծով[4]: Սակայն նույնն ասել չենք կարող այն ժամանակ, երբ ներկայացնում ենք 2019թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ դրանք համեմատելով 2018թ. ցուցանիշների հետ (տե՛ս գծապատկեր 1): Չնայած տարվա կարևորագույն ցուցանիշներից մեկը՝ ՏԱՑ-ը, գրանցեց 6,5% աճ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատությամբ նվազել էր 2,4%-ով: Ավելորդ չենք համարում նշել, որ 2019թ. տարեվերջին ՀՀ տնտեսական աճը կազմեց 7,6%[5], ինչը, այդուհանդերձ, զերծ էր տնտեսական աճի ներառականությունից, ուստի և ամբողջ տնտեսական համակարգի կենսունակության գեներացման հնարավորությունից:

Գծապատկեր 1 . ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները 2018-2019[6]թթ.  (հունվար-հունիս)

1. ՏԱՑ, 2. Արդյունաբերական արտադրանքի ծավալի փոփոխությունը, 3. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի փոփոխությունը, 4. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի փոփոխությունը, 5. Շինարարության ծավալի փոփոխությունը, 6. Առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, 7. Ծառայությունների  ծավալի փոփոխությունը (առանց առևտրի), 8. Սպառողական գների ինդեքսի փոփոխությունը, 9. Միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխությունը,10. Արտաքին առևտրաշրջանառության ծավալի փոփոխությունը, 11. Արտահանման ծավալի փոփոխությունը, 12. Ներմուծման ծավալի փոփոխությունը

Ինչպես վկայում են ներքոնշյալ գծապատկեր 2-ում հաջորդ՝ 2020թ. ներկայացված ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, ապա ինչպես ամբողջ աշխարհում, (բացառությամբ Չինաստանի), այնպես էլ ՀՀ-ում գրանցվեցին բացասական հետընթաց զարգացումներ[7]: Մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում (2020թ. հունվար-հունիսին 2019թ. հունվար-հունիսի դրությամբ) ՏԱՑ-ը նվազեց -4,7%-ով, շինարարության ծավալը՝ -23,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը փոփոխվեց -2,0%-ով, առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը կազմեց -11,1%, ծառայությունների ծավալն առանց առևտրի նվազեց -6,4%-ով, արտաքին առևտրաշրջանառության ծավալի փոփոխությունը կազմեց -10,7%, ընդ որում, արտահանումը նվազեց -6,5%-ով, իսկ ներմուծումը՝ -12,9%-ով:   

Բնականաբար հետընթաց զարգացումների ազդեցությամբ տարեվերջին ՀՀ տնտեսության մեջ գրանցվեց ՀՆԱ-ի -7,6%[8] անկում:

Արդեն 2021թ. առաջին կիսամյակում (համավարակի մասնակի հաղթահարման և սահմանափակումների վերացման արդյունքում) ՀՀ տնտեսության մեջ նկատվեց որոշակի աշխուժացում: Այսպես, ՀՀ սոցիալ — տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (2021թ․ հունիս, (2021թ. հուլիսի 26-ի դրությամբ), ԹԻՎ 6 հրապարակման տվյալները, 2021թ. հունվար-հունիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ)) փաստում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5%-ով, աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ 2,1%, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9,8%, շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների (առանց առևտրի)  ոլորտներում ևս աճ է գրանցվել,  համապատասխանաբար՝ 10,8%, 8%, 2,7%: Ավելին, աճել են նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները, այն աճել է 13,4%-ով, ընդ որում, արտահանման ծավալները հետազոտվող ժամանակահատվածում գրանցել են 23,3% աճ, իսկ ներմուծումն ավելացել է ընդամենը 7,9%-ով, ինչը, կարծում ենք, որ իր կարճաժամկետ դրական ազդեցությունը կունենար վճարային հաշվեկշռի վրա:

Ուսումնասիրվող ժամանակահատվածը թույլ է տալիս նախորդ ժամանակահատվածի հետ համեմատել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը: Այսպես, 2021թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրության ծավալներն աճել են 6,8 տոկոսով, ինչը պայմանավորված է ոչ միայն եղանակային բարենպաստ պայմաններով, այլ նաև համավարակի բացասական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ[9]: Ինչ վերաբերում է մակրոտնտեսական այնպիսի կարևորագույն ցուցանիշին, ինչպիսին սպառողական գների համաթիվն է, ապա նշենք, որ այն շարունակում է գրանցել աճի միտումներ այն պարզ պատճառով,

Գծապատկեր 2. ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները 2020-2021[10]թթ.  (հունվար-հունիս)

1. ՏԱՑ, 2. Արդյունաբերական արտադրանքի ծավալի փոփոխությունը, 3. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի փոփոխությունը, 4. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի փոփոխությունը, 5. Շինարարության ծավալի փոփոխությունը, 6. Առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, 7. Ծառայությունների ծավալի փոփոխությունը (առանց առևտրի), 8. Սպառողական գների ինդեքսի փոփոխությունը, 9. Միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխությունը, 10. Արտաքին առևտրաշրջանառության ծավալի փոփոխությունը, 11. Արտահանման ծավալի փոփոխությունը, 12. Ներմուծման ծավալի փոփոխությունը

որ հետկորոնավիրուսային առաջին-երկու ալիքներն էապես ազդել են մարդկանց սպառման վարքագծի վրա, դեռևս չեն վերականգնվել արտաքին առևտրաշրջանառության մինչհամավարակային ցուցանիշները, ավելին՝ բոլոր տնտեսական գործակալների մոտ սպասումները շարունակում են դրսևորվել բացասական հետագծով: 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, ուսումնասիրվող ժամանակահատվածում՝ (2018-2021թթ. հունվար-հունիս) մակրոտնտեսական իրավիճակն արտացոլող գրեթե բոլոր ցուցանիշների ռետրոսպեկտիվ համեմատությունները թույլ են տալիս եզրահանգել, որ 2021թ. առաջին կիսամյակում մակրոտնտեսական ցուցանիշները (բացառությամբ սպառողական գների համաթվի), չնայած որոշ իրավիճակային տատանումներին և աննախադեպ իրադարձություններին (համավարակ, պատերազմ), 2021թ. առաջին կիսամյակում գրանցել են որոշակի դինամիկա: Նման եզրահանգման հիմնական պատճառն այն է, որ ցուցանիշների համադրումն իրականացվում էր նախ համավարակով, հարկադրված պարապուրդներով պայմանավորված բազային ցուցանիշների անհամեմատ ցածր մակարդակի հետ, ինչն էլ, բնականաբար, դրսևորվում էր 2021թ. ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների առավել հուսադրող շարժընթացում (տե՛ս գծապատկեր 1, 2):

Սակայն արձանագրենք, որ տվյալ ժամանակահատվածում և հաջորդող ամիսներին Հայաստանի տնտեսությունը դեռևս վերականգնման փուլում է: Մասնավորապես նշենք, որ ըստ ՀՀ ՎԿ հրապարակման[11]՝ ՀՆԱ-ն (շուկայական գներով)՝ 2021թ. առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում միասին վերցրած, ըստ էության, հաղթահարել է ընդամենը 2019թ. տարեվերջյան ՀՆԱ-ի գրեթե 73%-ը: Ընդ որում, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել այն ռիսկերը, որոնք խիստ բացասաբար կանդրադառնան 2021թ. տարեվերջյան ՀՆԱ-ի ծավալների վրա: Հատկապես նշենք ուղեկցող գնաճի շարունակական բարձր մակարդակը, արտարժույթի փոխարժեքի զգալի տատանումները և մակրոտնտեսական ցուցանիշների դեռևս նվազող դինամիկան: Վերջինս ակնհայտորեն տեսնում ենք ՀՀ ՎԿ հրապարակված վերջին տեղեկատվությունների մեջ: Մասնավորապես ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ․ հունվար-սեպտեմբերին (2021թ․ նոյեմբերի 8-ի դրությամբ) փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները գրանցել են զգալի անկում:

Այսպես, Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) համադրելի գներով 2021թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է 4,4% աճ, մինչդեռ նույն համեմատությունների տիրույթում հունվար-օգոստոսին աճը կազմել էր 4,9%: Այսինքն ՏԱՑ-ը նվազել է -0,5%-ով,  համապատասխանաբար արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են -0,3 տոկոսային կետով, շինարարության ոլորտում անկումը կազմել է -0,9%, արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են -0,5 տոկոսային կետով, ընդ որում, զգալի անկում է արձանագրվել արտահանման ծավալներում, այն նվազել է 4,6%-ով: 1,7%-ով աճել են ներմուծման ծավալները, ինչն անխոս չի վկայում տնտեսության աշխուժացման մասին: Տարօրինակ է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի փոփոխությունը, այն գրանցել է -1,5% անկում: Թերևս ոլորտային այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է հատկապես ոռոգման համակարգում առաջացած խնդիրներով, ինչու չէ նաև ոլորտի զարգացումներին միտված տնտեսական քաղաքականության անկատարությամբ:

Գծապատկեր 3. ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները ․ 2021թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի նկատմամբ (%), 2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ( %)

           * 2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ Մակրոտնտեսական ցուցանիշներից առկա չեն 3-րդ և 9-րդ ցուցանիշները։

Մակրոտնտեսական ցուցանիշների անկումային միտումը շարունակվում է[12] 2021թ. նոյեմբերի 25-ի դրությամբ՝ ՀՀ ՎԿ հրապարակումների համաձայն։ Օրինակ, ՏԱՑ-ը նվազել է ևս 0,1%-ով՝ գրանցելով 4,3% աճ, շինարարության ծավալները նվազել են 0,5%-ով,արտահանման ծավալները՝ 0,3%-ով  և այլն:

Այսպիսով, ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ հայաստանյան ներկա աշունն իսկապես խոստումնալից չէ: Նկատելի է մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշների էական նվազում, բացառությամբ սպառողական գների համաթվի, որի փոփոխությունը կազմել է +0,3% և դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 6,7%: Հոկտեմբեր ամսին գնաճն արդեն կազմել է 9,1%[13]: Այն շարունակում է գրանցել աճի միտումներ՝ համաշխարհային շուկայում ապրանքների գների էական բարձրացման, ամբողջական պահանջարկի մեծացման, մարդկանց սպառողական վարքագծում զգուշավորության և բացասական սպասումների առավել ակտիվ դրսևորման ու ամենակարևորը՝ COVID-19 համավարակի նոր դրսևորումների հետ կապված: Ստեղծված իրավիճակում ակնկալել, որ տարին կամփոփենք անհամեմատ բարձր  տնտեսական աճով, կարծում ենք՝ իրատեսական չէ: Ավելին, առավել մտահոգիչ են սպասվող ռիսկերը՝ պետության արտաքին պարտքի արժութային կառուցվածքի, վերջինիս ծավալների աճի, կառավարության արտաքին պարտքի սպասարկման սպասվող ֆինանսական ցուցանիշների, առհասարակ ներդրողների և տնտեսական գործակալների հոռետեսական տրամադրվածության հետ կապված:

Ստեղծված իրավիճակում փրկօղակ է երկրի ողջ ներուժի կառավարման կառուցակարգերի արդյունավետ կիրառումը՝ տնտեսության զարգացման առաջնահերթությունների հստակեցման, ազգային  անվտանգության ապահովման ու ազգային տնտեսական շահի իրացման հրամայականից ելնելով:

Ջուլիետա Թադևոսյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] ՀՀ վիճակագրական կոմիտե (ԱՐՄՍՏԱՏ), մամուլի հաղորդագրություն, 8 նոյեմբերի, 2021թ., ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-սեպտեմբերին, ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, https://armstat.am/file/doc/99526778.pdf

[2] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, 2021թ. հոկտեմբեր,  2021թ. նոյեմբերի 25-ի դրությամբ, Թիվ 10

[3]ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հունիսին, ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ. հունիս (2021թ. հուլիսի 26-ի դրությամբ), ԹԻՎ 6, Երևան, 2021

[4] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ.  հունվար-հունիսին

[5] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ, Ժամանակագրական շարքեր

[6] Նույն տեղում։

[7] ՀՀ ՎԿ, Հրապարակումներ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հունիս, մակրոտնտեսական ցուցանիշներ, 2020թ. հունվար-հունիսի արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները

[8] Ազգային հաշիվների հիմնական ցուցանիշները, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և բնակչության մեկ շնչի հաշվով, ՀՆԱ-ն, 2012-2020թթ. (ընթացիկ գներով)

[9] ՀՀ Կառավարության որոշում, 26 մարտի, 2020թ., N356-L, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին

[10]ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Հրապարակումներ,  Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հունիսին, ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), ՀՀ սոցիալ — տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021թ. հունիս (2021թ. հուլիսի 26-ի դրությամբ), ԹԻՎ 6, Երևան, 2021թ.

[11] ՀՀ ՎԿ (ԱՐՄՍՏԱՏ), Մամուլի հաղորդագրություն, 22 նոյեմբերի, 2021թ., ք․ Երևան, 2021թ. I, II, III եռամսյակների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)  նախնական տվյալները

[12] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, 2021թ. հոկտեմբեր, 2021թ. նոյեմբերի 25-ի դրությամբ, Թիվ 10

[13] ՀՀ ՎԿ, Հրապարակումներ, Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-հոկտեմբերին