Վրաստանը շահումով խաղերի նկատմամբ սահմանափակումները խստացնում է

Շահումով խաղերի հարկային բեռն ավելացվում է 65-70%-ով, մինչև 25 տարեկաններին արգելվում է խաղալ: Արտաքին գովազդը, հեռուստատեսությամբ և վրացական կայքերում տեղադրվող գովազդը նույնպես կարգելվի:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ շուրջ 1 մլն չափահաս քաղաքացիների համար շահումով խաղերի մասնակցություն արգելվելու է:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշել է, որ ֆինանսների նախարարության կողմից պատրաստված նոր կարգավորումների արդյունքում առցանց խաղերի ոլորտում հարկային նոր քաղաքականություն է ներդրվելու, և ոլորտի հարկման բազան մեծացվելու է 65-70 տոկոսով:

Բացի այդ, մինչև 25 տարեկան քաղաքացիներին արգելվելու է շահումով խաղեր խաղալ: Սահմանափակումը վերաբերվելու է նաև սոցիալապես անպաշտպան անձանց, ովքեր պետությունից աջակցություն են ստանում, հանրային ծառայողներին, ինքնասահմանափակման մեխանիզմների կիրառման խնդրանքով Եկամուտների ծառայությանը դիմող անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր ընտանիքի անդամների խնդրանքով կամ դատարանի որոշմամբ հայտնվել են այսպես կոչված սև ցուցակում: Նրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 1 մլն:

Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև գովազդի սահմանափակման հարցին. նախատեսվում է արգելել շահումով խաղերի ցանկացած գովազդի հեռարձակում հեռուստատեսությամբ, վրացական կայքերում: Արգելվելու է նաև արտաքին գովազդը: Խաղային բիզնեսի օպերատորներին թույլատրվելու է ստորագրել միայն հովանավորչական համաձայնություններ, և այդ թույլատրությունը հիմնականում վերաբերվելու է միայն սպորտին: