Աֆղանստան․ ալեկոծված «Ասիայի սիրտը» հանգիստ չի գտնում

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

(ՄԱՍ 2)

(ՄԱՍ 1-ը կարդացեք այստեղ)

ԱՌԱՋԻՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԹԱԼԻԲԱԿԱՆ ԵՎ ԱԻՀ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՐԴԵԳՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պակիստան-Աֆղանստան փոխհարաբերությունները

1973թ․-ից ի վեր, երբ Աֆղանստանում Թավշյա հեղաշրջման հետևանքով տապալվեց Զահիր շահի միապետական համակարգը և Դավուդ խանի նախագահությամբ երկրում հաստատվեց հանրապետական համակարգ, այդ ժամանակներից ի վեր Աֆղանստան-Պակիստան փոխհարաբերությունները մշտապես եղել են բուռն ելևէջներով։

Դավուդ խանի հանրապետական վարչակարգը կործանվեց արյունալի հեղաշրջմամբ, ու իշխանության եկան համայնավարները, ինչը պատճառ դարձավ, որ իսլամական խմբերն ու հոգևորականները երկիրը լքեն և ապաստան գտնեն հիմնականում Պակիստանի Փեշավար  քաղաքում, որտեղից էլ սկսեցին պայքարել համայնավարական կառավարության դեմ։ Դրանցից ամենագլխավորներն էին Ռաբբանիի Իսլամական ժողովուրդ և Հեքմաթյարի Իսլամական կուսակցությունները։

Հետագայում նրանք, ովքեր համայնավար կառավարության կողմից հետապնդվում էին կամ դժգոհ էին նրանցից, ապաստան էին գտնում Պակիստանում, որոնց թիվը հասավ 4 միլիոնի։ Պակիստանը, պատեհ առիթն օգտագործելով, միջազգային հանրության ու իսլամական աշխարհի ուշադրությունն ու հովանավորությունն իր կողմը գրավելով, ջիհադ կազմակերպեց Աֆղանստանում։[1]

Աֆղան վերլուծաբան Մոհամեդ Ամին Բայանին Աֆղանստանում Պակիստանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ բավական ծավալուն վերլուծականում շեշտում է, որ Պակիստանի մեդրեսները վերածվել էին զինվորական կենտրոնների, որոնք հազարավոր ծայրահեղ իսլամականներ էին ջիհադի պատրաստում ու ուղարկում Աֆղանստան։ Նա շեշտում է, որ շատերի կարծիքով Ռուսաստանի պարտությամբ այդ մեդրեսները կորցրեցին իրենց դերը, բայց դա այդպես չէր, գործընթացը շարունակվեց նաև 21-րդ դարում։

Մոջահեդների իշխանության գալով՝ Պակիստանի նպատակները չիրականացան, քանի որ տաջիկներն էին գլխավոր դերում, ինչը նշանակում է Իսլամաբադի հովանու ներքո գտնվող փուշտունները, որոնց հետ մեծ հույսեր էր կապել, երկրորդ պլան էին մղվել։ Ուստի իշխանության բերեց «Թալիբանին», ով լիովին Պակիստանի ենթակայությամբ 5 տարի իշխեց, անգամ երկրում պաշտոնյաների նշանակումը համաձայնեցվում էր Իսլամաբադի հետ[2]։

2001թ․ սեպտեմբերի դեպքերից հետո ԱՄՆ-ը Պակիստանին պահանջեց համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։ Ըստ ամենայնի՝ վերջինիս այլ ելք չէր մնում, քան միանալը հակաահաբեկչական դաշինքին և հարկադրված «պայքարելը» թալիբների դեմ։ Հետթալիբանական Աֆղանստանի Իսլամական Հանրապետության շուրջ 20-ամյա իշխանության ընթացքում, թեև երկրի առաջին դեմքը եղել է փուշտուն, սակայն իշխանության մեջ ընդգրկված են եղել բոլոր ազգերի ու ազգությունների ներկայացուցիչները, միաժամանակ երկրի երկու նախագահներն էլ հակված էին անկախության։ Ավելին, նրանք առաջ են քաշել Պակիստանի համար ամենացավոտ՝ Դյուրանդի սահմանային գծի խնդիրը՝ այն համարելով անընդունելի։ Իսկ այն ընդունելի դարձնելու համար Պակիստանի ջանքերն ապարդյուն անցան, ինչը լարվածություն առաջացրեց երկու երկրների փոխհարաբերություններում։

Առաջին նախագահ Համեդ Քյարզայը տարբեր առիթներով շեշտել է, որ ինքը ոչ միայն Դյուրանդի գծած սահմանը երբեք չի ճանաչելու, այլև Աֆղանստանի ցանկացած իշխանություն, քանի որ ժողովուրդը նզովելու է նրան, ով ճանաչի։[3] Թեև Աֆղանստանում ԱՄՆ հատուկ հանձնակատար Մարկ Գրոսմանը և այդ երկրի դեսպանն Աֆղանստանում հայտնեցին, որ երկու երկրների սահմանը հենց Դյուրանդի սահմանն է, և որ այն ճանաչում են նաև բազմաթիվ երկրներ, այսուհանդերձ, այս հարցը մնում է չլուծված։ Պակիստանն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով սկսեց փշալարերով սահմանազատել երկու երկրները նշյալ գծով, ինչի ընթացքում բազմաթիվ գյուղեր ու շրջաններ երկու մասի են բաժանվել։ Հանգամանք, ինչի պատճառով էլ սաստկացավ լարվածությունը նրանց միջև։ 2020թ․ մարտին նախագահ Ղանին հայտարարել էր․ «Նրանք, ովքեր ցանկանում են մեր ժողովրդին փշալարերով երկու մասի բաժանել, պետք է լավ մտածեն»։

Քաբուլ-Իսլամաբադ փոխհարաբերություններում նշանակալի դեր ուներ նաև այն, որ 2006թ․ արդեն թալիբները կրկին ուժ էին հավաքում և ահաբեկչական գործողություններ իրականացնում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ ուժերի և կառավարության անդամների, կառույցների, անգամ դպրոցների դեմ։ Պաշտոնական Քաբուլն Իսլամաբադին մեղադրում էր թալիբներին աջակցելու մեջ։ Բայանիի կարծիքով՝ երկու երկրների փոխհարաբերությունների վրա բացասաբար է անդրադառնում նաև Հնդկաստանի ազդեցության տարածումն Աֆղանստանում։ Թեև Հնդկաստանը վերջինիս հետ ընդհանուր սահման չունի, սակայն փոխհարաբերությունները մշտապես եղել են բարիդրացիական։

Դելին հետթալիբական Աֆղանստանում նպաստել է այդ երկրի տնտեսության զարգացմանը, աջակցել ենթակառուցվածքների ստեղծմանը, մարդասիրական աջակցություն տրամադրել և բնական պաշարների ոլորտում լուրջ ներդրումներ կատարել, ինչն Աֆղանստանի բնակչության շրջանում, ի տարբերություն Պակիստանի, դրական տպավորություն է ստեղծել, իսկ դա ճանապարհ էր հարթել Աֆղանստանում Հնդկաստանի փափուկ ուժի հզորացման համար։ Ահա թե ինչու Պակիստանը Հնդկաստանին մեղադրում էր Աֆղանստանում բելուջ անջատողականներից ահաբեկչական խմբեր վարժեցնելու և Պակիստան ուղարկելու համար։

Ի պատասխան՝ վերջինս իր վարժեցրած ահաբեկիչների միջոցով Աֆղանստանում թիրախ էր դարձնում Հնդկաստանի դիվանագիտական ու այլ օբյեկտներ։ Պակիստանը, թալիբներին հովանավորելով, ձգտում էր ավանդական, կրոնական, «վերազգային» քողի տակ Աֆղանստանում իշխանության բերել դրածո փուշտունական կառավարության, որպեսզի ոչ միայն այդ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունենա, այլև Աֆղանստանը փուշտունացվի և Պակիստանին կցելը հնարավոր դառնա, ինչպես արվում է եղբայրական Ադրբեջանում ու Թուրքիայում։

Իսլամաբադն այսօր էլ, ինչպես նախորդ անգամ, ջանք չի խնայում իր դրածո իշխանությունը միջազգային հանրությանը ներկայացնել որպես Աֆղանստանի օրինական իշխանություն և պահանջում է ճանաչել այն։ Ահավասիկ Պակիստանը ոչ միայն այդ հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովում, այլև սեպտեմբերի 25-ին այդ երկրի ԱԳ նախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ընդունել քաղաքական իրողությունը և ճանաչել թալիբների իշխանությունը։ Ըստ երևույթին այդ հարցում նրան սատարելու են «եռաեղբայրության» մյուս անդամները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մասնավորապես առաջինը, որն իր ազդեցությունն Աֆղանստանում մեծացնելու լուրջ նկրտումներ ունի։

Ուզբեկստան-«Թալիբան»

Անդրադառնալով Ուզբեկստան-Թալիբան փոխհարաբերություններին՝ հարկ է նշել, որ վերջինիս առաջին իշխանության օրոք Տաշքենդն ի սկզբանե որդեգրել էր շատ խիստ դիրքորոշում, ինչը պայմանավորված էր նախ նրանով, որ թալիբները դիտվում էին որպես լուրջ սպառնալիք՝ Կենտրոնական Ասիայում իսլամ արմատականությունը տարածելու առումով։ Նրանք, հովանավորելով ուզբեկ վահաբականների առաջնորդներ Ջումա Նամանգանիին և Թահիր Յոլդաշին, նրանց ապաստան տվեցին Աֆղանստանում: Վերջիններս հանգրվանել և ռազմական ճամբարներ էին ստեղծել Ուզբեկստանին սահմանակից Հեյրաթանում, որտեղից ներթափանցում էին Ուզբեկստանի սահմանամերձ Թերմեզ քաղաք: Ըստ որոշ աղբյուրների՝ հենց Հեյրաթանում էին տեղակայված նաև այն ճամբարները, որտեղ թալիբների ամենափորձառու հրամանատարներից մեկի՝ մոլլա Դադոլլահ Ախոնդի ղեկավարությամբ մեծ խմբերով չեչեն գրոհայիներ էին վարժեցվում, ապա զինելով ու ֆինանսավորելով՝ նրանց ուղևորում էին դեպի Չեչնիա:

Ուզբեկստանի ու թալիբական Աֆղանստանի միջև փոխհարաբերություններն առավել սուր բնույթ կրեցին 1999թ. ամռանը՝ Տաշքենդի դեմ ուղղված սալաֆավահաբականների ռազմական գործողություններից հետո։ 2000թ. հունիսին արդեն կողմերը սպառնում էին հնարավոր հարձակումներով, և անգամ արձանագրվեցին ոչ լայնածավալ փոխհրաձգություններ սահմանամերձ շրջաններում: Նման զարգացումները բացառված չեն նաև այժմ, քանի որ սկզբունքային փոփոխություններ չեն նկատվում թալիբների վարքագծում։

Այսուհանդերձ 2000թ. վերջերին Ուզբեկստանը, մեղմացնելով դիրքորոշումները, սկսեց թալիբների հետ բանակցելու ցանկություն դրսևորել: Ուզբեկստանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե չի կարելի հաշվի չնստել մի ուժի հետ, որը վերահսկում է Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Ավելին, նույն թվականի նոյեմբերի 29-ին Տաշքենդը, հերքելով տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ը մտադիր է Ուզբեկստանի տարածքից հրթիռակոծել Բեն Լադենի ճամբարներն Աֆղանստանում, հայտարարեց, որ ոչ մեկին թույլ չի տա այդ երկրի տարածքն օգտագործելով՝ թալիբների դեմ որևէ ռազմական գործողություն իրականացնել[4]:

Միաժամանակ Տաշքենդն ուժեղացրեց ճնշումը թալիբների հովանավորությունն ու աջակցությունը վայելող իսլամ արմատականների դեմ: Իսլամ արմատական կազմակերպությունների 11 առաջնորդների վերաբերյալ դատարանը խիստ վճիռներ ընդունեց՝ ընդ որում, երեքին դատապարտելով մահվան, այդ թվում՝ Ջումա Նամանգանիին և Թահիր Յոլդաշին։ Նրանք ահաբեկչությունից զատ մեղադրվում էին Ուզբեկստանի աշխարհիկ վարչակարգի կործանման ու իսլամականի հաստատման ուղղությամբ գործունեություն ծավալելու համար:

Ինչ վերաբերում է Յոլդաշին ու Նամանգանիին, ապա նրանք ղեկավարում էին սալաֆա-վահաբական «Ալ Թահրիր» կուսակցությունը և Ուզբեկստանի իսլամական շարժումը: Առաջինի նպատակը ողջ Կենտրոնական Ասիայում, ավելի շուտ նախկին ԽՍՀՄ-ի իսլամաբնակ տարածքներում թալիբների օրինակով իսլամական իշխանության հաստատումն էր:

Կուսակցության անդամներից շատերը կրոնական ուսում ստացել էին Պակիստանում ու Սաուդյան Արաբիայում, գրեթե բոլորը զորավարժվել էին թալիբների հատուկ ճամբարներում և Պակիստանում, զգալի փորձ էին կուտակել Տաջիկստանի պարտիզանական կռիվների ընթացքում: Նամանգանիի հրամանատարության տակ էին գտնվում 5 հազար վահաբական գրոհայիններ, որոնք տեղակայված էին Աֆղանստանում՝ Ուզբեկստանի սահմանամերձ շրջաններում և ներթափանցելով այդ երկիր՝ իրականացնում էին ահաբեկչական գործողություններ:

Ինչպես նշվեց, «Ալ Թահրիրիեի» գործունեությունն ուղղված էր Կենտրոնական Ասիայի բոլոր աշխարհիկ վարչակարգերի, առաջին հերթին՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի դեմ: Իսլամաարմատականների ֆինանսական գլխավոր աղբյուրը թմրանյութերի մաքսանենգությունն էր, նրանք աջակցություն էին ստանում նաև Բեն Լադենից: Թալիբները, Նամանգանիին ու նրա գլխավորած «Ալ Թահրիրիե» կուսակցությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով, միաժամանակ բազմիցս հայտարարել էին, որ եթե Կենտրոնական Ասիայի երկրները պաշտոնապես ճանաչեն թալիբների իշխանությունը, ապա թալիբականությունը չի ներթափանցի այդ տարածաշրջան:

Նշենք, որ Պակիստանի նախագահ Ֆարուկ Լղարիին (1993-97թթ․) այցելեց Կենտրոնական Ասիայի հանրապետություններ՝ նրանց համոզելու, որ ճանաչեն թալիբների իշխանությունը, ինչն ապարդյուն անցավ։ Քարիմովը, թերևս, հիմք ընդունելով թալիբների  հայտարարությունները, նրանց հետ հարաբերությունները բարելավելու քայլ կատարեց՝ հույս տածելով, որ այլևս չեն հովանավորի Նամանգանիին և Ուզբեկստանին կհանձնեն նաև նրան ու Յոլդաշին: Բայց փորձը ցույց էր տվել, որ հանուն Ուզբեկստանի բարյացակամության թալիբները հազիվ թե նման քայլի դիմեին:

2001թ․ հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ը սկսեց թալիբական Աֆղանստանի դեմ պատերազմը, իսկ հոկտեմբերի 13-ին Վաշինգտոնում և Տաշքենդում միաժամանակ հրապարակվեց հայտարարություն, որտեղ նշվում էր, թե ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ-Ուզբեկստան համագործակցության շրջանակներում համաձայնություն էր ձեռք բերվել Միացյալ Նահանգների  ռազմական ուժերի կողմից Ուզբեկստանի օդային տարածքի և նրա ռազմական բազաների օգտագործման հարցի շուրջ: Ըստ ամենայնի՝ այդ համաձայնությունն ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի՝ հոկտեմբերի 5-ին Տաշքենդ կատարած այցի արդյունքներից էր։

Այսօր թեև Ուզբեկստանը մտահոգություն ունի իսլամ արմատականությունը կրկին գլուխ բարձրացնելու ու աֆղան փախստականների ներհոսքի հարցերի առնչությամբ, սակայն 2016թ․-ից, երբ իշխանության եկավ Շուքաթ Միրզիյաևը, այդ երկրի արտաքին քաղաքականությունը, զգալի փոփոխություն կրելով, ավելի ճկուն է դարձել․ բարելավվել են Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները։

Քաբուլ-Տաշքենդ փոխառնչություններն ընդլայնվել են, միաժամանակ կապ է հաստատվել թալիբների հետ։ Ավելին, Տաշքենդը նշանակալից դեր է ունեցել 2020թ․ Դոհայի ԱՄՆ-«Թալիբան» համաձայնության հարցում։ Ուզբեկստանի ԱԳ նախարարը բազմիցս հանդիպել է թալիբների ներկայացուցչին Դոհայում, անգամ բացառված չէ, որ կճանաչի թալիբների Իսլամական Էմիրությունը, բայց և այնպես նոր նամանգանիների ու յոլդաշիների ի հայտ գալը բացառված չէ, ինչի համար էլ Տաշքենդը մտահոգ է։ Վերջինս միջնորդական ակտիվ դերակատարություն է ունեցել նաև միջաֆղանական բանակցությունների հարցում, որոնք արդյունք չարձանագրեցին։

Մյուս կողմից, աֆղանական զարգացումներին Տաշքենդը նախապատրաստվել էր դեռևս ընթացիկ տարվա հունիսին՝ Թերմեզ քաղաքի ոչ խիտ բնակչությամբ արվարձաններում, Աֆղանստանի սահմանին մոտ վրանային խոշոր ճամբարներ էր ստեղծել աֆղան փախստականների համար։ Դրանք ստեղծվել էին Վաշինգտոն-Տաշքենդ տարբեր մակարդակի բանակցությունների արդյունքում, ավելի հստակ՝ մայիսի վերջին Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Քեմալովի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո։ Այն ժամանակ դեռևս պարզ չէր` այդ ճամբարներում բնակեցվելու են ԱՄՆ կառույցներում աֆղան աշխատակիցները, թե փախստականները[5]։

Տաջիկստան — Աֆղանստանի Իսլամական Էմիրություն

Աֆղանստան-Տաջիկստան սահմանագիծը շուրջ 1300 կմ երկարությամբ, Պակիստանից հետո Աֆղանստանի հետ ամենաերկարն է։ Դրա որոշ հատվածներ լեռնային և դժվար վերահսկելի են, ինչը խիստ մտահոգում է Դուշանբեին թալիբների՝ ռազմաքաղաքական թատերաբեմում հայտնվելուց ի վեր։ Տաջիկստանը, բնականաբար, Աֆղանստանում մշտապես հովանավորել ու հովանավորում է ցեղակից տաջիկներին, հետևաբար թալիբների հետ չի կարող բարեկամական փոխհարաբերություններ ունենալ։ Թալիբների առաջին իշխանության ժամանակ Տաջիկստանը բազմակողմանիորեն ու անխնա աջակցում էր Շահ Մասուդի գլխավորած Հյուսիսի դաշինքին։ Իրականում Դուշանբեն վերջինիս համար վերածվել էր թիկունքի։

Շահ Մասուդի և մի շարք գլխավոր հրամանատարների ընտանիքներ հաստատվել էին Դուշանբեում, այդ թվում՝ Ամրոլահ Սալեհը, ով երկրի փոխնախագահն էր, իսկ Աշրաֆ Ղանիի նախագահության առաջին ժամկետում՝ ՆԳ նախարարը։ Այսօր էլ կրկին նա Փանջշերում է և Ահմադ Մասուդի հետ համագործակցությամբ ձևավորել են Ազգային դեմադրության ճակատ ու պայքարում են թալիբների դեմ։ Նա բազմիցս թալիբների ահաբեկչությունների թիրախ է դարձել, բայց չի վիրավորվել։

Մարշալ Մոհամեդ Ղասիմ Ֆահիմի ընտանիքը պատսպարվել էր Դուշանբեում։ Նա 2009-2014թթ․ զբաղեցրել էր ԱԻՀ-ի փոխնախագահի պաշտոնը, մահացել է 2014թ․։ Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին, երբ Աֆղանստանի բանակի ու «Թալիբանի» ուժերի միջև թեժ մարտերը շարունակվում էին, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի հատուկ ջոկատայինները համատեղ «Ներթափանցում» անվամբ զինավարժություն անցկացրեցին, այնուհետև Ռուսաստանի ՊՆ նախարարությունը հայտարարեց Աֆղանստան-Տաջիկստան սահմանին կուտակված զենք-զինամթերքի մասին։ Սակայն, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, Դուշանբեն չի ցանկանում, որ սահմանը վերահսկի Ռուսաստանի զինուժը, քանի որ դա հանգեցնում է ինքնիշխանության որոշակի կորստի։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի խիստ մտահոգությունն ու շփոթմունքը վերլուծաբաններն իրավացիորեն պայմանավորում են նրանով, որ թալիբները, դեռևս հունիսին գրավելով սահմանամերձ Շիրխանբանդար քաղաքը, դրա վերահսկողությունը հանձնել են տաջիկ սալաֆա-վահաբական «Անսարոլահ»  կազմակերպությանը, երբ այն Տաջիկստանում համարվում է ահաբեկչական և արգելված է[6]։ Թեև թալիբների իշխանության գալը սպառնում է Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետություններին, սակայն Տաջիկստանն այդ առումով ավելի խոցելի է՝ հաշվի առնելով, որ 90-ականներին ներքին բախումների ընթացքում զգալի թվով ծայրահեղականներ ապաստան են գտել Աֆղանստանում և այժմ ակտիվանալու հնարավորություն կստանան։ Մանավանդ որ Տաջիկստանի հետ փոխհարաբերությունները, մեղմ ասած, բարիդրացիական չեն եղել։ Օրինակ, Թուրքմենստանը, որն Աֆղանստանի հետ շուրջ 780 կմ սահման ունի, թերևս հաշվի առնելով Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան գազամուղի կառուցման  հնարավորությունը, ինչին համաձայն էր «Թալիբանը», չեզոք դիրք էր գրավել, արդյունքում  որևէ խնդիր չունեցավ իսլամ արմանատականության ու թալիբների հետ։

Վերլուծաբան Ալիռզա Մանաֆզադեհը նշում է, որ նախագահ Ռահմոնը բացի նշյալից նաև տնտեսական խնդիրներով է մտահոգված, քանի որ այդ երկրի տնտեսության 1/3-ը կախված է թմրանյութերի՝ հերոինի և ափիոնի մաքսանենգությունից, որը տեղի է ունենում հենց Աֆղանստանի սահմանով։ Նա շեշտում է, որ Ռահմանին հնարավոր ճգնաժամից ելք փնտրելու նպատակով շփոթված թակում է բոլոր դռները։ Նա այդ նպատակով հուլիսին ԱԳ նախարարին գործուղել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցելու, մյուս կողմից էլ դիմել է ՀԱՊԿ-ին[7]։

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանը հաստատեց, որ զենք-զինամթերք է առաքել Տաջիկստան՝ ձգտելով ապահովել այդ երկրի սահմանների անվտանգությունը, քանի որ Մոսկվան ևս մտահոգված է Կենտրոնական Ասիայում իսլամ արմատականության տարածման առնչությամբ։ Հավելենք նաև, որ Մոսկվան Աֆղանստանի Իսլամական Էմիրության առաջին շրջանում հովանավորում էր Հյուսիսի դաշինքին։ Սակայն այսօր Ռուսաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնք, բացառված չէ, որ կճանաչեն թալիբների իշխանությունը, իսկ ԱԻՀ-ի օրոք 2015թ․-ից ի վեր աստիճանաբար փոխհարաբերություններ հաստատեց թալիբների հետ, անգամ միջաֆղանական բանակցություններ կազմակերպեց Մոսկվայում։  

Իրան-Աֆղանստան

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) շահերը պահանջում էին Աֆղանստանում թալիբների առաջին իշխանության կործանումը, որոնք ի սկզբանե հակաիրանական դիրքորոշում էին որդեգրել։ Նրանց առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարը նույնիսկ կրոնական վճիռ էր կայացրել առ այն, որ շիաներին (իրանցիների շուրջ 90 տոկոսը) ոչնչացնելը շարիաթի օրենքով թույլատրելի է, ինչի հետևանքով շիա հեզարեները եղեռնի ենթարկվեցին: Ավելին, բացառված չէր նաև, որ «Թալիբանի» կողմնակիցները, հովանավորները վերջինիս, նաև շիա Իրանին հակադրվելու նպատակ էին հետապնդել, ավելի հստակ՝ Իրանի Իսլամական հեղափոխությանը: Ուստի տրամաբանորեն Թեհրանը շահագրգիռ էր Աֆղանստանում թալիբների կործանմամբ և Բեն Լադենի ոչնչացմամբ, ինչի  մասին չէր բարձրաձայնվում և տեղ չէր գտնում Իրանի պաշտոնական քաղաքականության մեջ: Սակայն, ինչպես նշում էին արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝»Վաշինգթոն փոստ» օրաթերթը, որը 2001թ․ հոկտեմբերի 5-ի համարում գրել էր, թե Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ երկրի նախագահը, օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումներին հավաստիացնում էին, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպել է Բեն Լադենը՝ շեշտելով, որ Վաշինգտոնի հարձակման թիրախը հենց նա պետք է լինի։

Միաժամանակ շեշտվել է, որ թալիբների և Բեն Լադենի միջև որևէ տարբերություն չկա, թե ում է անհրաժեշտ ոչնչացնել, այլապես մահմեդակաների աչքին նա կարող է վերածվել հերոսի: Այսուհանդերձ, Իրանի առաջին պաշտոնական արձագանքում թալիբական Աֆղանստանի և Բեն Լադենի ռազմական ճամբարների դեմ ԱՄՆ-ի հարձակումները Թեհրանը գնահատեց անընդունելի: Իրանը միաժամանակ մտահոգված էր նաև Աֆղանստանում հետթալիբական վարչակարգի խնդրով, որը սեփական շահերի բերումով ցանկանում էր առաջնային դերում տեսնել Հյուսիսի դաշինքի ղեկավարությանը:

Նշենք, որ Աֆղանստանում համայնավարական վարչակարգի տապալումից հետո Թեհրանը մինչև 2001թ․ որպես Աֆղանստանի օրինական իշխանություն էր ճանաչում նախագահ Ռաբբանիի կառավարությանը՝ միաժամանակ ձգտելով աֆղանական հարցը լուծել այդ երկրում բոլոր ազգությունների ու ռազմաքաղաքական խմբավորումների մասնակցությամբ կոալիցիոն իշխանություն հաստատելու միջոցով: Այն դեպքում, երբ Պակիստանը 1994թ․-ից ի վեր բազմակողմանի աջակցություն էր ցուցաբերում իր իսկ «ստեղծագործության» թալիբներին՝ ընդդեմ Ռաբբանիի գլխավորած դաշինքի: Մինչդեռ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը և Կենտրոնական Ասիայի երկրներն անհրաժեշտ վճռականություն չդրսևորեցին Ռաբբանիին աջակցելու հարցում, ինչը 1996թ. հանգեցրեց Քաբուլի անկմանը: Այսուհանդերձ, փոփոխություն չարձանագրվեց Իրանի աֆղանական քաղաքականության մեջ, Թեհրանն առավել լուրջ ջանքեր էր գործադրում հարցի քաղաքական լուծման ուղղությամբ:

1996թ. հոկտեմբերին Թեհրանում խնդրին նվիրված եռօրյա միջազգային համաժողով գումարվեց, որին հրավիրված էին միջինասիական հանրապետությունները, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, ՄԱԿ-ի, Եվրամիության և OIC-ի ներկայացուցիչները, աֆղանական ռազմաքաղաքական բոլոր խմբավորումները, այդ թվում՝ թալիբները, Սաուդյան Արաբիան և Պակիստանը: Սակայն վերջին երեքը բոյկոտեցին համաժողովը՝ փաստորեն տապալելով այն: Իրանի նման քաղաքականությունն իրանցի աֆղանագետներից շատերը գնահատեցին որպես հակաթալիբական դաշինքի և Աֆղանստանում Թեհրանի դիվանագիտական պարտության պատճառներից մեկը:

1998թ. օգոստոսի 8-ին, երբ Իսլամաբադի գործուն աջակցությամբ «Թալիբանին» հաջողվեց վերահսկողություն սահմանել նաև Մազարի Շարիֆի վրա, գրավելով նաև այստեղ Իրանի հյուպատոսարանը, սպանեց 11 իրանցի դիվանագետների, ճգնաժամ առաջացավ Իրան-«Թալիբան» փոխհարաբերություններում: Իրանը սկսեց մտահոգվել ոչ միայն Աֆղանստանի հետ ունեցած ավելի քան 900 կմ սահմանների, այլև շիա հեզարեների անվտանգության հարցով, քանզի փուշտունները, ավանդաբար թշնամանք տածելով վերջիններիս հանդեպ, Մազարի Շարիֆում ամենայն դաժանությանբ էին հաշվեհարդար տեսնում նրանց հետ: Զարգացումների այդօրինակ ընթացքով Իրանի դիրքորոշումն աֆղանական հարցում, ի պաշտպանություն հակաթալիբական դաշինքի, հստակեցվեց։

Այսուհանդերձ, Թեհրանի դիրքորոշումը Պակիստանի հարցում արժանացավ իրանցի քաղաքագետների և մամուլի սուր քննադատություններին, կառավարությունը մեղադրվեց Պակիստանի հարցում իսլամական գործոնի խիստ կարևորման, ազգային անվտանգության հարցին ըստ արժանվույն հետամուտ չլինելու համար: Բացի այդ քննադատողներն ընդգծում էին, որ այդպիսով հարվածի տակ է դրվել երկրի շահերը Կենտրոնական Ասիայում և տարածաշրջանում։

Իրան-ԱԻՀ փոխհարաբերությունները 20 տարվա ընթացքում եղել են բարիդրացիական և ընդլայնվել ու զարգացել են բոլոր բնագավառներում՝ ի տարբերություն Քաբուլ-Իսլամաբադի, որոնք մեծ ելևէջներով են ընթացել։ Սակայն 2006թ․, երբ «Թալիբանը», կրկին ուժ հավաքելով, վերահսկողություն հաստատեց երկրի որոշ հատվածներում, ապա սկսեց ջանքեր գործադրել միջազգային կապերն ընդլայնելու հարցում, այս համատեքստում 2015թ․ թալիբական պատվիրակություն ժամանեց Իրան և որոշ շրջանակների հետ հանդիպումներ ունեցավ։

Մյուս կողմից Իրանը վերանայեց թալիբների հանդեպ իր քաղաքականությունը, ընդհուպ քաղաքական որոշ գործիչներ հստակ շեշտում էին, որ թալիբներին չպետք է նույնացնել «Իսլամական խալիֆայության» ու «Ալ Քայիդայի» հետ։ Եվ ահա ընթացիկ տարվա հուլիսի 5-6-ին Թեհրանի միջնորդությամբ Աֆղանստանի հակամարտ կողմերը բանակցեցին երկրում խաղաղություն հաստատելու խնդրի շուրջ։

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՈՒ ՍԱԼԱՖԱ-ՎԱՀԱԲԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1996թ․, երբ թալիբներն Աֆղանստանում իշխանության եկան, ԱՄՆ-ը ոչ միայն մտահոգություն չուներ, այլև պատրաստվում էր ճանաչել նրանց որպես այդ երկրի օրինական իշխանություն։ Սակայն Բեն Լադենի գլխավորած «Ալ Քայիդա» կազմակերպության հետ թալիբների սերտաճումը պատճառ դարձավ, որ Վաշինգտոնը վերանայի իր քաղաքականությունը։ Այս հարցում նշանակալից դեր ունեցան 1998թ․ Տանզանիայում ու Քենիայում ԱՄՆ դեսպանությունների դեմ «Ալ Քայիդայի» իրականացրած ահաբեկչությունները՝ առաջին դեպքում ավելի քան 200 զոհով, 2-րդում՝ շուրջ մեկ տասնյակ։ Նշյալ ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ը թալիբներից պահանջեց, որ հանձնեն Բեն Լադենին, սակայն թալիբները մերժեցին։

«Ալ Քայիդան» ձևավորվել է 1988թ․ Պակիստանում, որում ընդգրկված էին հիմնականում արաբ-աֆղաններ, որոնք Աֆղանստանում պայքարում էին ԽՍՀՄ զորքերի դեմ։ Աֆղանստանից վերջինիս հեռանալուց հետո «Ալ Քայիդան» թշնամի հայտարարեց ԱՄՆ-ին և վերջինիս դաշնակից արաբական երկրներին ու Իսրայելին՝ իր գերնպատակը համարելով հեղափոխությամբ «Երկրի վրա Աստծո իշխանության հաստատումը»։ Իրականում Թալիբներն ու «Ալ Քայիդան» կրոնական նույն համոզմունքներն ունեն, սակայն, եթե վերջինս համաշխարհային, համաիսլամական բնույթ ունի, ապա փուշտուն թալիբներն ի սկզբանե հիմնված են եղել նաև ցեղային կառուցվածքի վրա։

Հաշվի առնելով վերջին ամիսներին «Թալիբանի» գործողությունները նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում՝ փորձագետներից շատերը շեշտում են, որ թալիբները կրոնի քողի տակ ազգայնական հավակնություններ ունեն։ Նրանք վկայակոչում են փաստեր, այդ թվում՝ երկրի հյուսիսից հազարավոր ընտանիքների տեղահանումը, որտեղ գլխավորապես տաջիկներ և ուզբեկներ են։ Նպատակամղված տեղահանումից ու որոշ դեպքերում որևէ ազգության եղեռնի ենթարկելուց զատ նրանք նաև կոնկրետ շրջանի աղջիկների ու այրի կանանց ցուցակագրում են և բռնի ամուսնացնում զինվոր թալիբների հետ, որը հայտնի է «ջիհադի ամուսնություն» անվամբ[8]։

Նախկին պատգամավոր, թալիբների քաղաքականությունը երկրի հյուսիսում ուսումնասիրող Մոհիըդդին Մեհդիի կարծիքով՝ «Թալիբանն» էթնիկ շարժում է, շարիաթը նրանց համար զուտ դիմակ է իրենց գործունեության բուն նպատակը թաքցնելու միջոց։ Նա շեշտում է, որ փուշտուններն անցյալում և այսօր էլ նույն նպատակն ունեն։ Մարդիկ դեռ չեն մոռացել Աբդոլմանան Նիազիի[9] հրամանը՝ տաջիկները գնան Տաջիկստան, ուզբեկները՝ Ուզբեկստան, հեզարեները՝ Գուրստան (գերեզմանոց)։ Մոհիըդդինն ընդգծում է նաև, որ Աֆղանստանի բնակչությանն «աֆղան» անվանելը, որը փուշտունների երկրորդ անունն է, նույն նպատակն է հետապնդում[10]։

Աֆղան վերլուծաբան Մոհամեդ Նասիմ Ջաաֆարին այս առնչությամբ շեշտում է, որ փուշտուններն Աշրաֆ Ղանիի գլխավորությամբ եկել էին այն եզրակացության, թե ընտրությունների համակարգի շարունակվելն Աֆղանստանում ի վնաս փուշտունների է վերջանալու, և տեսանելի ապագայում իշխանությունն անցնելու է այլ ազգությունների, մասնավորապես տաջիկներին, ուստի իշխանության շրջանակներում Ղանիի հետ համաձայնեցնելով՝ այն հանձնեցին թալիբներին[11]։ Դա շատ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ նախագահական 4 ընտրություններից 3-ում հաղթել էր տաջիկ Աբդուլահը։  Բացի այդ բացառված չէ, որ տաջիկները մեծամասնություն լինեն, մանավանդ որ նրանք, վկայակոչելով 2017թ․ ինչ-որ մարդահամար, շեշտում են, թե նրանց թիվը կրկնակի ավելին է փուշտուններից։ Եվ, ի վերջո, ամերիկացի ռազմական խորհրդականները ևս նշել են, որ բանակում ու կառավարության կազմում դեպի թալիբները հակվածների թիվը քիչ չէ[12]։ Այս հարցին բավական ծավալուն «Քառասուն տարի միջցեղային պատերազմ Աֆղանստանում» հոդվածում անդրադարձել է նաև Մոհամեդ Սադիղին, ինչը շուրջ մեկ տարի առաջ հրապարակվել է «Աֆղանստան» լրատվական կայքում, որտեղ նա շեշտում է, թե փուշտունները նման նպատակ են հետապնդել 1880թ․-ից ի վեր, որը շարունակվել է 20-րդ դարի 20-ականներին, ապա 1992-96թթ․։  

Ինչ վերաբերում է «Իրաքի և Շամի Իսլամական Էմիրությանը» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ), ապա այն «Ալ Քայիդայից» ծնված, նրա հարազատ զավակն է, բայց առավել դաժան ու առավել ծայրահեղական։ ԴԱԻՇ-ի հիմնադիրն է «Ալ Քայիդայի» իրաքյան մասնաճյուղից բաժանված Աբու Բաքր Ալ Բաղդադին։ Խմբավորման նախնական անունն էր «Միակ Աստծո և ջիհադի ժողովուրդ», սակայն 2013թ․ ապրիլին, երբ արդեն Իրաքում ու Սիրիայում վերահսկում էր երկրի հյուսիսից որոշ տարածքներ, ահաբեկչական այդ կազմակերպությունն իրեն ԴԱԻՇ անվանեց, իսկ 2014թ․ հունիսին գրավյալ տարածքներն զգալիորեն ընդարձակելով՝ հայտարարեցին «Իսլամական խալիֆայության» հիմնադրումը՝ խալիֆ հռչակելով Ալ Բաղդադիին, ով զոhվեց 2019թ․։ Նշենք, որ ԴԱԻՇ-ն «Ալ Քայիդային» քննադատում է այն բանի համար, որ հանդուրժում է թալիբների նախնադարյան ցեղային հարաբերություններն ու հասարակական կառուցվածքը։ Մինչդեռ դաիշականների մոտ պատասխանատուները կարող են լինել արաբներ, քրդեր, տաջիկներ, ուզբեկներ, թուրքեր և այլն։

Անդրադառնալով դաիշականների ու թալիբների միջև տարբերություններին՝ հարկ է նշել, որ ըստ մասնագետների, եթե դաիշականներն անգամ իրենց ամենադաժան գործողություններից գերիներին հրկիզելը հիմնավորում և  պատճառաբանում են Ղուրանի ու շարիաթի ընդունած մեկնությամբ, ապա թալիբների ահաբեկչությունները տեսականորեն չեն հիմնավորվում։ Հանգամանք, ինչը կարելի է պայմանավորել նրանց՝ որոշ ազգությունների դեմ ուղղված լինելով։ ԴԱԻՇ-ի և թալիբների դավանական սկզբունքներում տարբերություն գրեթե չկա, սակայն, ինչպես նշում է աֆղան փորձագետ Մոհամեդ Մոհիղը, դաիշականները կրոնական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում ներկայացնում են հստակ տեսական մշակված հիմունքներ և որպես հրավեր տարածում ողջ աշխարհով։ Մինչդեռ թալիբների մոտ այս հարցն անորոշ է, և նրանց տեսակետներն ընկալելու համար պարզապես պետք է հետամուտ լինել նրանց գործելակերպին ու գործողություններին։ Բացի այդ դաիշականներին որևէ տարածաշրջանային երկիր առնվազն առերևույթ չի հովանավորում, թեև որոշ երկրներ ոչ բացահայտ նրանց հետ համագործակցում են հանուն իրենց նպատակների, ինչպես Թուրքիան է համագործակցել ու համագործակցում Սիրիայում նրանց ու նման այլ կազմակերպությունների հետ։

Այդ շրջանակում Անկարան նրանց «արտահանել» է Լիբիա և Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմի առաջնագիծ։ Մինչդեռ թալիբներին ի սկզբանե և առ այսօր հովանավորում է Պակիստանը, ինչի մասին տարբեր առիթներով շեշտել են պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ավելին, թալիբներին 1996թ․ որպես Աֆղանստանի օրինական իշխանություն առաջինը ճանաչել էր Պակիստանը, ապա Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իսկ այսօր չի բացառվում, որ Պակիստանից զատ կճանաչեն նաև Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։

Եվ, ի վերջո, դաիշականները չեն համագործակցում այլ սալաֆա-վահաբական և ջիհադական կազմակերպությունների հետ, մինչդեռ թալիբները համագործակցում են բոլորի հետ՝ սկսած «Ալ Քայիդայից» մինչև «Բուքո Հարամ»։ Իգական սեռի նկատմամբ վերաբերմունքում ևս որոշակի տարբերություն նկատվում է, եթե թալիբները լիովին ջնջում են կանանց  հասարակական կյանքից, նրանց միայն ամուսնուն ու զավակներին ծառայելու իրավունք են վերագրում, ինչը նաև պայմանավորված է ցեղային հարաբերություններով, ապա ԴԱԻՇ-ը, հիջաբի կատարյալ պահպանմամբ նրանց նույնիսկ ներգրավում է ահաբեկչական գործողություններում։ Որպես նրանց կրոնական համոզմունքների տարբերություն՝ ոմանք նշում են, թե դաիշականները սալաֆական են, իսկ թալիբները՝ «դիվբանդական»։ Սակայն նրանց միջև էական տարբերություն չկա, երկուսն էլ սուննի ուղղության հանաֆական աղանդի հետևորդներ են։

Այլ կերպ ասած, ԴԱԻՇ-ի, «Ալ Քայիդայի» և թալիբների ռազմավարությունները գրեթե նույնն են, նրանց միջև տարբերությունները տեխնիկական ու տակտիկական են։ Այս առնչությամբ  խիստ պատկերավոր է Աֆղանստանի նախկին փոխնախագահ և այժմ իրեն երկրի նախագահ հայտարարած Ամրոլահ Սալեհի տեսակետը։ Նա հիշյալ 3 կազմակերպությունների տարբերությունը նմանեցնելով Կոկա-կոլայի և Պեպսի-կոլայի համերի տարբերությանը՝ նշել է, որ եթե պիտակները չլինեն, ապա շատ դժվար է նրանց տարբերել։ Իսկ գերմանացի փորձագետ Ռայնհարդ Բաումգարթենը (Reinhard Baumgarten) շեշտել է, որ հիշյալ 3 կազմակերպությունների ընդհանրություններն են՝ արևմտյան արժեքներին հակադրվելը, այդ թվում՝ ժողովրդավարական համակարգերը, կնոջ և տղամարդու իրավահավասարությունը և այլն, ընդգծելով, որ նրանք առաջնորդվում են շարիաթի ու Ղուրանի օրենքներով։  

«ԹԱԼԻԲԱՆ» — ԽՈՐԱՍԱՆԻ ԴԱԻՇ

Ինչ վերաբերում է Աֆղանստանի ԴԱԻՇ-ի մասնաճյուղին, ապա այն 2015թ․ ձևավորվել է ԴԱԻՇ-ի հիմնադիր, «Իսլամական պետության» խալիֆ, Աբուբաքր Ալ Բաղդադիի հրամանով, ով նորաստեղծ մասնաճյուղն անվանեց Խորասանի ԴԱԻՇ՝ ղեկավար կարգելով թալիբանի նախկին անդամ Հաֆիզ Սաաիդ խանին՝ «Խորասանի ԴԱԻՇ-ի էմիր» անվանելով։ Աֆղան քաղաքագետ դոկտոր Թամիմ Ասին «Ի՞նչ է ԴԱԻՇ-ի Խորասանի մասնաճյուղը» բավական ծավալուն հոդվածում նշում է, որ դրան անդամակցել են Աֆղանստանի վահաբական ծայրահեղական կազմակերպությունների անդամները, այդ թվում՝ թալիբների, Հականիի ցանցի, Իսլամական կուսակցության, Իսլամական շարժման և այլն, ինչպեսև օտարերկրյա ու առաջին հերթին պակիստանյան շուրջ 6-7 ծայրահեղական խմբերը։ Բացի այդ անդամագրվել են նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ծայրահեղական կազմակերպություններից, Չինաստանից և արաբական երկրներից, հիմնականում «Ալ Քայիդայից»[13]։ Այլ  կերպ ասած՝ թալիբների ու Խորասանի ԴԱԻՇ-ի միջև չկա գաղափարական տարբերություն, ավելին, նրանք սկզբնական շրջանում համագործակցել են, պայքարել ընդհանուր հակառակորդի՝ օտարերկրյա ուժերի դեմ։

Դոկտոր Ասին նշում է, որ նրանք Հարաթի օդանավակայանի մատույցներում ընդհանուր ճամբար ունեին և վարժեցնում էին օտարերկրյա ահաբեկիչներին, երբեմն էլ համատեղ պայքարում Աֆղանստանի անվտանգության, զինված և օտարերկրյա ուժերի դեմ։ Սակայն, երբ Ալ Բաղդադին խալիֆ հռչակվեց, հայտարարություն տարածեց, որտեղ Մոլա Օմար Ախոնդին «անգրագետ գրոհային» անվանվեց, իսկ «Թալիբանը»՝ անգրագետ, մոլորված խումբ, որից հետո նրանց միջև վեճ ու կռիվ սկսեց[14]։ Այլ խոսքով՝ քանի դեռ շահերը համընթաց էին, համագործակցել են, իսկ հետո հանուն իշխանության շահերը բախվել են։ Բացառված չէ, որ քողարկված ազգայնական թալիբների ու համաիսլամական Խորասանի ԴԱԻՇ-ի միջև բախումներն անկայունացնելու ու ճգնաժամի են տանելու Աֆղանստանը։

ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Թեև ենթադրվում էր, որ ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո թալիբները մի քանի ամիս ի զորու կլինեն վերահսկողություն հաստատել ողջ երկրի վրա, սակայն բոլորը հանկարծակիի եկան, երբ առանց լուրջ դիմադրության տապալվեց Ղանիի գլխավորած իշխանությունը։ Թալիբների նոր սկիզբը տեղի է ունենում միջազգային հարաբերություններում առկա նոր պայմաններում ու այստեղ նոր խաղացողների ի հայտ գալով։ Նրանք միջազգային ճանաչման անհրաժեշտությամբ հանդես են գալիս ավելի հանդուրժողական հայտարարություններով, սակայն հավանական է, որ առաջնորդվում են իսլամում առկա այն սկզբունքով, որի համաձայն՝ ջիհադի ժամանակ խաբեությունն ու խորամանկությունը թույլատրելի են։ Այսուհանդերձ, դատելով նրանց գործելակերպից՝ նույնիսկ չեն հասնում «Թալիբան լայթի», թեև շպարով ցանկանում են դառնալ երկրի օրինական իշխանություն՝ չհրաժարվելով նախկին որևէ սկզբունքից։

Նախորդ իշխանության ժամանակ «Իսլամական Էմիրությունն» ուներ «ամիրալմոմենին» և առաջնորդվում էր նրա՝ Մոլլա Օմարի հրահանգներով ու կրոնական վճիռներով, իսկ այսօր կա 5 հոգուց կազմված խորհուրդ, որի անդամների դերերը, կարելի է ասել, դեռևս հստակ չեն։ Բացի այդ, թեև այսօր էլ բնակչության մեծամասնությունն անգրագետ է, սակայն 20 տարվա ընթացքում անհամեմատ ավելացել է գրագետների ու բարձրագույն կրթություն ունեցողների թիվը, որոնք չեն ցանկանում ապրել 1400 տարի առաջվա օրենքներով։ Թալիբներին փոքրիշատե ցուցաբերած դիմադրությունը և բողոքի ցույցերը, նրանց  համեմատաբար «մեղմ» վերաբերմունքը, իգական սեռին լիովին չանտեսելը, թերևս, պայմանավորված են նաև այս հանգամանքով:

Եթե «Թալիբանը» երկրի վարչակարգն էմիրություն է հայտարարում, ուրեմն, ինչպես նախորդ իշխանության ժամանակ, պետք է ունենա «ամիրալմոմենին», ով իր կրոնական վճիռներով (ֆաթվա) ու հրամաններով կղեկավարի երկիրը։ Սակայն Մոլլա Օմարի զոհվելուց հետո առաջնորդ ընտրվեց Ախթար Մոհամեդ Մանսուրը, ով, 2016թ․ ԱՄՆ անօդաչուի թիրախ դառնալով, զոհվեց։ Այսօր կա Մոլլա Օմարի մերձավորներից կազմված 5 հոգանոց խորհուրդ, որտեղ Մոլլա Հեյբաթոլահ Ախոնդզադեհը կրոնական, քաղաքական ու ռազմական հարցերում վերջին խոսքն է ասում և «Թալիբանի» «ֆաթվաներն» է արձակում, սակայն նրան ավելի շատ համարում են կրոնական հարցերի գիտակ։

Շուրջ 60 տարեկան Ախոնդզադեհը Մանսուրի զոհվելուց հետ ընդհատակյա կյանքով է ապրում, և հայտնի չէ նրա ապրելու վայրը, հավանաբար  հենց նա էլ դառնալու է առաջնորդ։  Մոլլա Մոհամեդ Յաղուբը Մոլլա Օմարի ավագ որդին է, նրան քանիցս առաջարկել են ստանձնել առաջնորդի պաշտոնը, սակայն երիդասարդ ու անփորձ լինելու պատճառաբանությամբ հրաժարվել է։ Մանսուրից հետո նա իր փոխարեն առաջարկել է Ախոնդզադեհին։ Յաղուբը պատասխանատու է թալիբների ռազմական գործողությունների համար, միաժամանակ նա և Սարաջըդդին Հաղանին նշանակվել են Ախոդզադեհի տեղակալներ։ Վերջինս Պակիստանի սահմանամերձ Վազիրստան նահանգում հաստատված թալիբների ավելի ծայրահեղական ցանցի առաջնորդն է, բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ։ ԱՄՆ-ը նրա գտնվելու տեղի մասին տեղեկությունների համար 10 միլիոն դոլար էր խոստանում։ Նա այսօր բարձրաստիճան պաշտոնյա է։

Մոլլա Աբդոլղանի Բարադարը շարժման հիմնադիրներից է, «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պատասխանատուն, Մոլլա Օմարի վստահելի մերձավորներից։ Նա 2010թ․ Կարաչիում ձերբակալվեց, իսկ 2018թ․ ազատ արձակվեց։ ԱՄՆ-ը հայտարարեց, որ նա ազատ է արձակվել Վաշինգտոնի պահանջով։[15] Բարադարը 2020թ․ ԱՄՆ-ի հետ Դոհայում բանակցությունների գլխավոր դերակատարն ու համաձայնություն ստորագրողն է։ Շիր Մոհամեդ Աբբաս Սթանքզայը, թերևս, ղեկավարության մեջ միակն է, ով մեդրեսեի սան չէ և զինվորական ակադեմիական կրթություն ունի, թալիբներին միացել է՝ նրանց առաջին իշխանության օրոք զբաղեցնելով ԱԳ և առողջապահության նախարարություններում փոխնախարարի պաշտոնները, եղել է և՛ ԱՄՆ-ի, և՛ միջաֆղանական բանակցությունների թիմի անդամ։ Աբդոլհաքիմ Հաղանին ԱՄՆ-ի հետ բանակցող թիմի ղեկավարն էր։ Նա Մանսուրի մտերիմներից է, ում սպանությունից հետո կային տեղեկություններ, թե նա է փոխարինելու Մանսուրին որպես «ամիրոլմոմենին»։

Միաժամանակ, ըստ տեղեկությունների, ղեկավար հիշյալ խմբի ներսում տարաբնույթ հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններ կան, որոնք երբեմն նկատելի են նրանց արտահայտած հակասական տեսակետներում ու դրսևորած վարքագծում, ինչը կարող է պառակտման պատճառ դառնալ։

ԱՄՆ 20-ԱՄՅԱ ՋԱՆՔԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՐԴՅՈ՞ՒՆ ԱՆՑԱՆ

ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Աֆղանստանում մենք մեր դերը կատարել ենք»[16]։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբն ու Գերմանիայի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արմին Լաշեթը, Աֆղանստանում գործողությունների դադարեցումն ու հեռացումը և թալիբների վերադարձն իշխանության, գնահատում են որպես պարտություն և վերադարձ զրոյական կետի[17]։ Տեսակետ, որը կիսում են նաև շատ վերլուծաբաններ, հաշվի առնելով, որ 20 տարվա ընթացքում 150 հազար աֆղան է զոհվել, ընդ որում, միայն 43 հազարն է եղել զինվորական ու անվտանգության ուժերից։

Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների՝ 2010-2012թթ․ Աֆղանստանում 100 հազար ԱՄՆ զինվորական է եղել, ինչի համար տարեկան ծախսվել է 100 միլիարդ դոլար։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը, սկսած 2011թ․-ից, աստիճանաբար սկսել է կրճատել այդ երկրում իր զորքերի թիվը, արդյունքում 2018թ․ այդ ոլորտի ծախսերը տարեկան կազմել են 45 միլիարդ դոլար։

Ըստ ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի մի պաշտոնյայի հայտարարության՝ 2001թ․ հոկտեմբերից մինչև 2019թ․ սեպտեմբեր ԱՄՆ-ը ռազմական ոլորտում ծախսել է ավելի քան 778 միլիարդ դոլար։[18] Բացի այդ Պետքարտուղարությունն Աֆղանստանի վերականգնման նախագծերի համար ծախսել է 44 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան Բրաուն համալսարանի (Brown University) բազմակողմանի ուսումնասիրությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում 20 տարի ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում 2,26 տրիլիոն դոլար է ծախսել։ Դա նշանակում է, որ օրական ծախսել է 300 միլիոն դոլար։ Ընդ որում, միայն պատերազմի ծախսը կազմել է 800 միլիարդ և ավելի քան 85 միլիարդ դոլար՝ Աֆղանստանի 300 հազարանոց բանակի ուսուցանման, վարժեցման համար։ Բացի այդ զոհվել է 2500 ամերիկացի զինծառայող և շուրջ 4 հազար քաղաքացիական պայմանագրային՝ անձնակազմից[19]։ Աֆղանական կողմից զովել է 69 հազար զինծառայող, 47 հազար քաղաքացի, 51 հազար հակառակորդ՝ թալիբ գրոհային։

Ըստ նշյալ ուսումնասիրության՝ շուրջ 20 հազար վիրավորի ու հաշմանդամի բուժման և այլ ծախսերը կազմել են 500 միլիարդ դոլար։ Բրաունի հետազոտողները շեշտում են, որ նախագահ Բայդենի օրոք Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումով այդ երկրի ծախսերը շարունակվելու են, քանի որ նախկին կառավարությունները հարկադրված զգալի պարտքով են փակել ծախսերը, որի համար տոկոս են վճարում, այդ 2,26 տրիլիոնից 500 միլիարդը հենց պարտքերի տոկոսն է։

Ուսումնասիրող տնտեսագետները ենթադրում են, որ այդ պարտքերը կփակվեն 2050թ․, արդյունքում ծախսված ողջ գումարը 6,5 տրիլիոն դոլար կկազմի[20]։ Հետևաբար կարելի է նշել, որ Վաշինգտոնի որոշումն այդ ծանր բեռից ազատվելու առումով միանգամայն տրամաբանված է՝ չավելացված արդեն իսկ յուրաքանչյուր ամերիկացուն ընկած 20 հազար դոլար ծախսը։

Ըստ փորձագետների՝ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Աֆղանստանի կառավարությունը խիստ չափազանցեցրել են Աֆղանստանի ազգային բանակի հնարավորությունը՝ հայտարարելով, թե 300 հազարանոց բանակն Իսլամական Էմիրության դեմ 4-ը 1-ի դիմաց հզոր ուժ է։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ գաղտնի ծառայությունների զեկուցագրերի համաձայն՝ Աֆղանստանի կառավարությունն օտարերկրյա ուժերի դուրսբերումից հետո՝ 2 ամսվա ընթացքում, փլուզվելու էր։ Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը քաջատեղյակ է Աֆղանստանի բանակի թերություններից ու թուլություններից, սակայն դիտմամբ թաքցրել է[21]։

ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի վերակառուցման հատուկ տեսչական գրասենյակի (SIGAR)[22] տնօրեն  գեներալ Ջոն Սափկոն (John Sopko) նշել է, որ ԱՄՆ զինվորականները շատ լավ գիտեին, թե որքան անմխիթար է Աֆղանստանի ազգային բանակի վիճակը, սակայն դա թաքցրել են։ Նա Կոնգրեսին ներկայացրած իր վերջին զեկույցում նախազգուշացրել էր, որ աֆղան զինծառայողները, հիմնականում լինելով կիսագրագետ, ի զորու չեն կիրառել արևմտյան զենքերի արդիական համակարգերը, զրահամեքենաները և այլն[23]։ Նա նշել է նաև, որ բանակում ու կառավարության աշխատակազմում ընդգրկված են ցեղային հակումներ ունեցողներ, այլ կերպ ասած՝ այդ երկրում միասնական հասարակություն այդպես էլ չի ձևավորվել։

Հատկանշական է նաև, որ SIGAR-ի տնօրենը դեռևս 2014թ․ սեպտեմբերին նախազգուշացրել էր, որ 13 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Աֆղանստանում ավելի շատ ներդրումներ է կատարել, քան Մարշալի նախագծում 16 եվրոպական երկրների վերակառուցման համար։ Նա ընդգծել էր նաև, որ այն կառավարությունը, որն ԱՄՆ-ը տվել է աֆղանցիներին, ի զորու չէ նրա հեռանալուց հետո երկիրը կառավարել, բնակչությունը հայտնվելու է գերծանր վիճակում[24]։

Սափկոն հավելել էր, որ ԱՄՆ բոլոր ներդրումները կարող են «քամուն տրվել»։ Նա, խոսելով այդ երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասին, գլխավոր կոռուպցիան է համարել, ինչի մեջ թաթախված է ողջ պետական համակարգը։ 2020թ․ հոկտեմբերին Կոնգրեսին ներկայացրած զեկույցում նա նշել է, որ 2009թ․ մայիսից մինչև 2019թ․ դեկտեմբերը 19 միլիարդ դոլար անհետացել է[25]։ Կյանքի կոչված նախագծերն արդյունավետ չեն եղել․ 7,5 միլիարդ դոլար ծախսվել է թմրանյութերի արտադրման դեմ պայքարում, սակայն բոլոր ցուցանիշներով այս ոլորտում կատարյալ ձախողում է արձանագրվել։ SIGAR-ի տնօրենը շեշտել է, որ վատնվում է ԱՄՆ-ի բյուջեն՝ անտեղի ու ոչ անհրաժեշտ գնումներով։[26] Այլ կերպ ասած՝ Աֆղանստանում զարգացումների նման դիպաշարը դեռևս վաղուց լիովին կանխատեսել էր, և ԱՄՆ-ը գիտակցաբար է որոշել այլևս «քամուն չտալ»  երկրի բյուջեն։

Այլ խոսքով՝ ԱՄՆ-ը տրամաբանորեն չցանկացավ գնալ ԽՍՀՄ-ի կամ Բրիտանական կայսրության ճանապարհով՝ հասկանալով, թե ճիշտ է ասված, որ Աֆղանստանը կայսրությունների, գերտերությունների «գերեզմանոցն» է, ինչը վերլուծաբանները հիմնականում պայմանավորում են այդ երկրի բարդ, թերևս դաժան լեռնային աշխարհագրական պայմաններով, բազմազգ լինելով, որոնք միմյանց հանդեպ հաճախ թշնամաբար են տրամադրված, միաժամանակ նաև օտարերկրյա ներխուժողի դեմ, ինչպեսև հասարակության մեջ ցեղա-տոհմային փոխհարաբերությունների առկայությամբ։ Ոմանք կարևորում են նաև աշխարհագրական դիրքը՝ Հնդկաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի միջև գտնվելու հանգամանքը։[27]

Դեռևս ընթացիկ տարվա ապրիլի 14-ին այս հարցին անդրադարձել է նաև «Վաշինգտոն պոստ» օրաթերթի վերլուծաբան Իշան Թարուրն (Ishaan Tharoor) «Աֆղանստանը կդառնա Ամերիկայի ինքնավստահության գերեզմանոցը» հոդվածում։ Նա գրել է, որ Աֆղանստանը միշտ անվանվել է «կայսրությունների գերեզման», մի աշխարհամաս, որը գերտերությունների ծրագրերը հօդս է ցնդեցրել՝ իր յուրահատուկ բնակլիմայական պայմաններով ու չենթարկվող ցեղերով։ Նա շեշտել է նաև, որ 2001թ․ թալիբներին ու «Ալ Քայիդային» պատժելու գործողություններն արդյունավետ էին, սակայն դրան հետևեց ԱՄՆ ամենաերկար պատերազմը, անվերջանալի մի պատերազմ ապստամբների դեմ՝ ազգ-պետություն ստեղծելու նպատակով, ինչի հետևանքով զոհվել է 2300 ամերիկացի զինվոր, 20 հազարն էլ վիրավորվել է[28]։ 

***

ԱՄՆ-ն  իր վարած ամենաերկարատև՝ 20-ամյա պատերազմից խոշոր հաշվով ավելի քան 6 տրիլիոն դոլար ծախսելուց, շուրջ 30 հազար զոհ, 20 հազար վիրավոր տալուց հետո զորքերը դուրս բերեց ռազմադաշտից։ Այդ նպատակով Կատարի միջնորդությամբ 2020թ․ բանակցություններ վարեց այն թշնամու՝ «Թալիբանի» հետ, որի ահաբեկչական գործողությունների դեմ պայքարել էր։ Արդյունքում ստորագրվեց համաձայնություն, որով էլ  2021թ․ օգոստոսին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից, իսկ  թալիբները, հավատալով իրենց մոտալուտ հաղթանակին, լուրջ չվերաբերվեցին միջաֆղանական բանակցություններին, չցանկացան կիսել իշխանությունը, և իրականում էլ առանց լուրջ դիմադրությունների կրկին վերահսկողություն հաստատեցին ողջ Աֆղանստանի վրա։ Փաստորեն արձանագրվել է վերադարձ դեպի զրոյական կետ, բառիս բուն իմաստով, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե Աֆղանստանում ԱՄՆ-ն իր դերը կատարել է։

Մինչդեռ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովի իր ելույթում նշել է, թե Աֆղանստանում Արևմուտքը պարտություն է կրել և այն համարել է աշխարհաքաղաքական հիասթափություն ու հուսահատություն[29]։ Իրականում թալիբների իշխանության գալու ճանապարհը բացվել է դեռևս 2019թ․, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրակարգային դարձրեց թալիբների հետ խաղաղության համաձայնագրի հարցը, Դոհայում բացվեց նրանց գրասենյակը, և աշխարհի գրեթե բոլոր գերտերությունները սկսեցին բանակցել նրանց հետ։ Աֆշար Ղանիի ու Աբդուլա Աբդուլայի կառավարությունը փաստորեն երկրորդ պլան էր մղվել, թերևս դա է վկայում 2020թ․ Դոհայում համաձայնագրի ստորագրման ժամանակ Աֆղանստանի օրինական իշխանությունների ցածր մակարդակի ներկայությունը։

Ինչպես հայտնի է, Իրանն ու Ռուսաստանը թալիբների հետ հարաբերությունները սկսել են 2015թ․, այն է՝ Խորասանի ԴԱԻՇ-ի երևան գալուց հետո։ Վերլուծաբանները վերջիններիս կապը թալիբների հետ պատճառաբանում են «Խորասանի ԴԱԻՇ-ի Էմիրության» երևան գալու առիթով, նրանց լուրջ մտահոգություններով, որոնք գերադասել են «Իսլամական Էմիրությունը», որպեսզի դաիշականներին հեռու պահեն իրենց սահմաններից[30]։ Թեև ԴԱԻՇ-ն ու «Թալիբանը» հանուն իշխանության, հնարավոր է, որ պայքար են սկսելու միմյանց դեմ, սակայն նրանց միջև որևէ էական տարբերություն չկա։

Եվ ահա զրոյական կետից նաև նոր խաղացողներ են գործի անցնում Աֆղանստանում, որոնք առնվազն համոզված են, թե այսօրվա «Թալիբանը» երեկվանը չէ, այդպիսին են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Կատարը և այլն։ Ինչպես նախկինում, այժմ էլ գլխավոր խաղացողն Աֆղանստանում թալիբներին ծնող ու սնող Պակիստանն է։ Իրանը ևս այդ երկրում հին խաղացողներից է, բայց թալիբների հանդեպ նոր դիրքորոշմամբ։ Մինչդեռ իրականում նախկին ու ներկա թալիբների միջև գոյություն ունեցող տարբերությունը խաբուսիկ է, դրա մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նրանց աշխարհայացքը, սկզբունքները և նպատակները նույնն են, իսկ կոսմետիկ, ոչ  շոշափելի փոփոխությունները ևս տակտիկական քայլեր են։ Փաստորեն ԱԻՀ-ի փլուզումից տուժող  ու խաղից դուրս մնացող երկիրը Հնդկաստանն է՝ հաշվի առնելով, որ «Թալիբանի» արտաքին քաղաքականությունն առնվազն Դելիի դեպքում նույնն է։

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը դեմ էին հանրապետականները, որոնք դա գնահատում էին որպես ծայրահեղականության նոր բռնկում և սեպտեմբերի 11-ի կրկնության հավանականության մեծացում։ Թեև նման դիպաշարով զարգացումները բացառված չեն, սակայն ակնհայտ է, որ Աֆղանստանում խաղաղությունը կրկին երես է թեքել, իսկ ներքին բախումները շարունակվելու են։ Թալիբների դեմ պայքարող ընդդիմությունը համեմատաբար ավելի թույլ է Հյուսիսի դաշինքից։ Սակայն հավանական է, որ հանուն իշխանության ավելի լուրջ բախումներ լինեն երկու ջիհադական, իսլամաարմատական Խորասանի ԴԱԻՇ-ի ու «Թալիբանի» միջև։ Այլ կերպ ասած, բացառված չէ, որ քողարկված ազգայնական թալիբների ու համաիսլամական Խորասանի ԴԱԻՇ-ի միջև բախումների պատճառով Աֆղանստանում պահպանվի անկայունությունը և ճգնաժամը  խորանա։

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Մոհամեդ Ամին Ֆյանի, Պակիստանի քաղաքականությունն Աֆղանստանի հանդեպ, https://8am.af/pakistans-foreign-policy-towards-afghanistan/

2 Նույն տեղում։

3 Նույն տեղում։

[4] Ժամանակ օրաթերթ, Ուզբեկստան — «Թալիբան» փոխհարաբերություններ, 10 հոկտեմբերի, 2000թ․

[5] Ուզբեկստանն Աֆղանստանից հնարավոր արտագաղթողների համար Թերմեզում ճամբարներ է ստեղծել, https://www.infomigrants.net/prs/post/33456/%D8%A7%D8%B2%D8%A8%DA%A9%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C-%D9%BE%D8%B0%DB%8C%D8%B1%D8%A7%DB%8C%DB%8C-%D8%A7%D8%B2-%D9%85%D9%87%D8%A7%D8%AC%D8%B1%D8%A7%D9%86-%D8%A7%D8%AD%D8%AA%D9%85%D8%A7%D9%84%DB%8C-%D8%A7%D8%B2-%D8%A7%D9%81%D8%BA%D8%A7%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%AF%D8%B1-%D8%AA%D8%B1%D9%85%D8%B0-%DA%A9%D9%85%D9%BE-%D8%A7%DB%8C%D8%AC%D8%A7%D8%AF-%DA%A9%D8%B1%D8%AF%D9%87

[6] Տաջիկստան-«Թալիբան» հակասությունների անցյալի պատմությունը, https://www.rfi.fr/fa/%D9%BE%D8%A7%D8%AF%DA%A9%D8%B3%D8%AA/%D8%AA%D8%A7%D8%B1%DB%8C%D8%AE-%D8%AA%D8%A7%D8%B2%D9%87-%D9%87%D8%A7/20210914-%D9%BE%DB%8C%D8%B4%DB%8C%D9%86%DB%80-%DA%A9%D8%B4%D8%A7%DA%A9%D8%B4-%D9%87%D8%A7%DB%8C-%D8%AA%D8%A7%D8%AC%DB%8C%DA%A9%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A8%D8%A7-%D8%B7%D8%A7%D9%84%D8%A8%D8%A7%D9%86

[7] Նույն տեղում։

[8] Արդյոք թալիբները նպատակամղվա՞ծ են միատար դարձնել Աֆղանստանը, https://per.euronews.com/2021/08/11/are-the-taliban-seeking-ethnic-unification-in-afghanistan

[9] Թալիբների առաջին իշխանության օրոք Հերաթի և Բախի կառավարիչն էր։

[10] Արդյոք թալիբները նպատակամղվա՞ծ են միատար դարձնել Աֆղանստանը, https://per.euronews.com/2021/08/11/are-the-taliban-seeking-ethnic-unification-in-afghanistan

[11] Աֆղանստանում  ազգությունների պատերազմն ու թալիբների ազգային նպատակները, https://www.rfi.fr/fa/%D9%BE%D8%A7%D8%AF%DA%A9%D8%B3%D8%AA/%D8%AA%D8%A7%D8%B1%DB%8C%D8%AE-%D8%AA%D8%A7%D8%B2%D9%87-%D9%87%D8%A7/20210824-%D9%BE%DB%8C%D8%B4%DB%8C%D9%86%DB%80-%D8%AC%D9%86%DA%AF-%D9%82%D9%88%D9%85%DB%8C-%D8%AF%D8%B1-%D8%A7%D9%81%D8%BA%D8%A7%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D9%88-%D9%87%D8%AF%D9%81-%D9%87%D8%A7%DB%8C-%D9%82%D9%88%D9%85%DB%8C-%D8%B7%D8%A7%D9%84%D8%A8%D8%A7%D9%86

[12] Ինչո՞ւ Աֆղանստանի բանակն այդպես արագ քայքայվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly

[13] Ի՞նչ է ԴԱԻՇ-ի Խորասանի մասնաճյուղը,  https://8am.af/isil-what-is-khorasan-branch/

[14] Նույն տեղում։

[15] Վերադարձ «Աֆղանստանի իսլամական Էմիրության դարաշրջան, ի՞նչ գիտենք «Թալիբանի» գլխավոր դերակատարների մասին, https://per.euronews.com/2021/08/16/return-of-islamic-emirate-of-afghanistan-what-do-we-know-about-taliban-leaders

[16] Աֆղանստանի բանակն ինչո՞ւ այդպես սրընթաց կազմալուծվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly,

[17] Նույն տեղում։

[18] Փաստերի ստուգում․ Աֆղանստանում պատերազմի ծախսերն ԱՄՆ-ի համար ինչքա՞ն են կազմել, https://www.bbc.com/persian/afghanistan-57708295   

[19] Նոր տվյալներ ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում 20-ամյա ներկայության ծախսերի վերաբերյալ․ ԱՄՆ-ը պետք է մինչև 2050թ․ վճարի դրա համար, https://per.euronews.com/2021/08/17/war-afghanistan-costs-america-with-big-bills-yet-to-come

[20] Նույն տեղում։

[21] Աֆղանստանի բանակն ինչո՞ւ այդպես սրընթաց կազմալուծվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly

[22] Special Inspector General for Afghanistan Reconstruction

[23] Աֆղանստանի բանակն ինչո՞ւ այդպես սրընթաց կազմալուծվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly

[24] SIGAR․ ԱՄՆ ծախսած գումարներն Աֆղանստանում ոչնչացման փուլում են,  https://www.bbc.com/persian/afghanistan/2014/09/140912_u08_sigar_sopko

[25] Փաստերի ստուգում․ Աֆղանստանում պատերազմի ծախսերն ԱՄՆ-ի համար ինչքա՞ն են կազմել, https://www.bbc.com/persian/afghanistan-57708295

[26] SIGAR․ ԱՄՆ ծախսած գումարներն Աֆղանստանում ոչնչացման փուլում են, https://www.bbc.com/persian/afghanistan/2014/09/140912_u08_sigar_sopko

[27] Ինչո՞ւ է Աֆղանստանը կայսրությունների գերեզմանը, https://www.irna.ir/news/84298356/%D9%88%D8%A7%D8%B4%D9%86%DA%AF%D8%AA%D9%86-%D9%BE%D8%B3%D8%AA-%D8%A7%D9%81%D8%BA%D8%A7%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%DA%AF%D9%88%D8%B1%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A7%D9%85%D9%BE%D8%B1%D8%A7%D8%B7%D9%88%D8%B1%DB%8C-%D9%87%D8%A7

[28] Աֆղանստանը դարձավ ամերիկյան հպարտության գերեզմանոցը, https://www.washingtonpost.com/world/2021/04/14/afghanistan-graveyard-hubris/

29 ՀՀ օրաթերթ, Թուրքիան ձգտում է հաստատվել նաև «կայսրությունների գերզմանատա՞նը», 9 հուլիսի, 2021թ․։

30 ՄԱԿ-ի 76-րդ Վեհաժողովի աշխատանքների վերջին ժամերը, https://www.radiofarda.com/a/31477490.html

31 Աֆղանստանի բանակն ինչո՞ւ այդպես սրընթաց կազմալուծվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly

 

Մեկ կարծիք «Աֆղանստան․ ալեկոծված «Ասիայի սիրտը» հանգիստ չի գտնում»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։