Սևանա լիճը մաքրվում է, ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվում է

Նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում:

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 15-ից։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։

Ինչպես նշվում է, ընթացքի մեջ է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի և թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր շենք-շինությունների ապամոնտաժումը։

Ապամոնտաժման և քանդման ենթակա շինությունների սեփականատերերից շատերը, ովքեր ավելի վաղ օրենքով սահմանված կարգով ծանուցվել էին իրականացվող գործընթացների մասին սեփական միջոցներով ապամոնտաժում են իրենց պատկանող կառույցները, գիտակցելով, որ սահմանված ժամկետի ավարտին դա անելու է պետությունը։ Առաջին փուլով ծանուցվել են շուրջ 60 տնտեսվարողներ։

Ընդգծվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատակամ է կենսական կարևորության այս ոլորտում կարգուկանոն հաստատելու հանձնառության մեջ։

Telegram