«Էրդողա՛ն, հեռացի՛ր». Թուրքիայում զանգվածային ցույցեր են

Թուրքական լիրան պատմական անկում է գրանցել այն բանից հետո, երբ Էրդողանը հանդես է եկել տոկոսադրույքների կտրուկ նվազեցման օգտին և խոստացել է հաղթել «անկախության համար տնտեսական պատերազմում»:

Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից առանցքային տոկոսադրույքի նվազեցումից և նախագահ Էրդողանի կողմից գործող ֆինանսական կուրսը շարունակելու մասին հայտարարությունից հետո նախօրեին թուրքական լիրան ԱՄՆ դոլարի համեմատ ընկել է միանգամից 15%-ով՝ հասնելով պատմական նվազագույնի (1 դոլարը՝ 13,45 լիրա): Միայն այս ամսվա ընթացքում անկումը կազմել է 32%:

Լիրայի անկումը Թուրքիայի խոշոր քաղաքների բնակիչներին դուրս է բերել փողոցները: Ինքնաբուխ ակցիաներ են սկսվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Քոջաելիում, Էսքիշեհիրում, Սամսունում:

Արտահերթ ընտրությունների պահանջն ուղեկցվել է Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով: Բողոքի ցույցեր են ընթացել Ստամբուլի մի քանի շրջաններում: Ոստիկանությունը փակել է դեպի Թաքսիմ հրապարակ տանող մուտքերը:

Տարբեր շրջաններում իրականացված բողոքի ակցիաները գլխավորում են Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TİP), Սոցիալական վերածննդի կուսակցությունը (SKYP), Կոմունիստական կուսակցությունը (TKP): Ցուցարարներին միացել են նաև տարբեր համալսարանների ուսանողներ: Ոստիկանությունը նրանց դեմ հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ արցունքաբեր գազ:

Ինչպես հաղորդվում է, թուրքական լիրան պատմական անկում է գրանցել այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը հանդես է եկել տոկոսադրույքների կտրուկ նվազեցման օգտին և խոստացել է հաղթել «անկախության համար տնտեսական պատերազմում»: Ռեջեփ Թայիփը ճնշում է գործադրել Կենտրոնական բանկի վրա, որպեսզի վերջինը միանա «մեղմացումների ագրեսիվ շրջապտույտին», որը, Էրդողանի խոսքով, ուղղված է արտահանման, ներդրումների ու աշխատավայրերի ավելացմանը՝ չնայած նրան, որ ինֆլյացիան ներկայումս կազմում է 20% (տարեկան կտրվածքով), իսկ լիրայի արժեզրկումը դարձել է անկառավարելի, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում թուրքերի եկամտի վրա: