Իրանի գլխավոր հարստությունը ելքն է դեպի Հնդկական օվկիանոս. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Աննա Դոնչենկոյի խոսքով՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հնարավորությունների օգտագործման հարցում ԵԱՏՄ-ն և Իրանն ընդհանուր շահեր ունեն, և ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ընթանում են:

«Եվրասիա-21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման հարցում Եվրասիական տնտեսական միությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդհանուր շահեր ունեն:

Նրա խոսքով՝ ներկայումս ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։ Դոնչենկոն վստահություն է հայտնել, որ այդպիսի համաձայնագրի կնքումը նպաստավոր ազդեցություն կունենա երկարաժամկետ առևտրատնտեսական կապերի և համագործակցության ծրագրման արդյունավետության վրա։

Իրանի գլխավոր հարստությունը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի խոսքով, ելքն է դեպի Հնդկական օվկիանոս։ Դոնչենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը մեծապես կշահի ԵՏՄ-ին Իրանի անդամակցությունից և ընդգծել, որ Իրանը Ռուսաստանի համար ամենահեռանկարային գործընկերներից մեկն է։

Ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է Իրանին առաջարկել պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, շինանյութերի, կահույքի, տեխնիկայի գրեթե ամբողջ տեսականին։ Իրանը դեպի Ռուսաստան է արտահանում հիմնականում նավթ, գազ, նավթամթերք, սննդամթերք և գորգեր:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ-երկրներից միայն Հայաստանի հետ Իրանը ցամաքային սահման ունի: Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ 2018թ. կնքված և 2019թ. հոկտեմբերին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնության ժամկետը լրանում է 2022թ.: Պաշտոնական Թեհրանը ցանկություն է հայտնել անդամակցել Միությանը: Ներկայումս կողմերը բանակցություններ են վարում լիարժեք համաձայնության կնքման ուղղությամբ: Կողմերը նվազեցրել են ընդհանուր առմամբ շուրջ 850 անուն ապրանքների մաքսատուրքերը և վերացրել խոչընդոտները:

Հավելենք, որ «Եվրասիա-21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը բացվել է նոյեմբերի 24-ին՝ «Երևան» ցուցահանդեսային կենտրոնում: Ցուցահանդեսին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների գործարար շրջանակների մոտ 200 ներկայացուցիչներ և իրանական տասնյակ ընկերություններ։ Ցուցահանդեսը ներառում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ շինարարություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, արդյունաբերություն, մետալուրգիա, գյուղատնտեսություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, առևտուր, նոր տեխնոլոգիաներ և այլն։ Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 27-ին։

Telegram