Իրանն ու Ադրբեջանը մտադիր են համատեղ նավթ ու գազ արդյունահանել

Համաձայնություններ են ձեռք բերվել, գազային փոխանակման (Swap), դեպի Նախիջևան վառելիքի մատակարարման և Կասպից ծովից նավթի ու գազի արդյունահանման գործարքի վերաբերյալ նախնական բանակցություններ են ընթացել:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը մտադիր են Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնություն կնքել: Այն Թեհրանին հնարավորություն կտա նավթ ու գազ արտահանել դեպի Եվրոպա, սակայն, ինչպես նշում են փորձագետները, խնդիրը ոչ թե պատժամիջոցներն են, այլ՝ նախագծերի բարձր արժեքն ու տեխնոլոգիաների բացակայությունը:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը նշել է, որ մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել, գազային փոխանակման (Swap), դեպի Նախիջևան վառելիքի մատակարարման և Կասպից ծովի երկու հանքավայրերից նավթի ու գազի արդյունահանման գործարքի վերաբերյալ նախնական բանակցություններ են ընթացել: Ադրբեջանցի պաշտոնյան իր հերթին նշել է, որ նոր ծրագրեր են քննարկվել և առաջիկայում մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու:

Իրանն ու Ադրբեջանը գազի փոխանակումն իրականացնում են 2004թ.-ից. Իրանը վառելիք է մատակարարում Նախիջևան, իսկ Ադրբեջանը՝ Աստարա:

Իրանը Կասպից ծովում նոր՝ «Սարդար Ջանգալ» հանքավայրի բացման մասին հայտարարել է դեռ 2011թ.: Դրա պաշարները գնահատվել են 1,4 տրլն խմ գազ և 2 մլրդ բարել նավթ: Հանքավայրը գտնվում է Ադրբեջանի և Իրանի միջև վիճալի ծովային տարածքում:

Իրանական KEPCO ընկերությունն օգոստոսին հայտարարել էր «Չալուսի» հայտնաբերման մասին, որի պաշարները, ըստ տնօրեն Ալի Օսուլիի, ամբողջ Կասպից ծովի պաշարների 30%-ը կարող է լինել: Նրա խոսքով՝ հանքի շահագործման դեպքում այն կարող է դառնալ համաշխարհային էներգետիկ հաբ, որը կապահովի Եվրոպայի գազի պահանջարկի 20%-ը:

Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի խոսքով, սակայն, ստորագրված փաստաթուղթը հերթականն է լինելու, և նմանատիպ փաստաթղթեր Ադրբեջանի ու Իրանի միջև արդեն առկա են, սակայն կյանքի չեն կոչվել, քանզի դրանց իրագործումը բավականին բարդ է:

Հարցը, նրա խոսքով, ոչ թե պատժամիջոցներն են, այլ՝ տեխնոլոգիաներն ու ներդրումները: Կասպից ծովի հարավային շրջաններում խորությունը 700-900 մ է և պահանջում է համապատասխան ծախսեր: Օրինակ՝ «Շահ Դենիզ 2» նախագծի իրագործումն արժե 23 մլրդ դոլար:

Փորձագետի խոսքով՝ իրանական նավթի և գազի արտահանումն Ադրբեջանի տարածքով հնարավոր է: «Օրինակ՝ հնարավոր է իրանական Մեքայից (Մազանդարան) դեպի Սանգաչալ, ապա՝ թուրքական Ջեյհան նավթ առաքել: Նրա կարծիքով՝ Իրանը կարող է օգտագործել «Հարավային գազային միջանցք» գազատարը, սակայն կարևոր է, որ Եվրոպայում իրանական գազի պահանջարկ լինի:

Telegram