Գարնանը Թուրքիան Սև ծովում սկսելու է նոր հանքի գազատարի կառուցման աշխատանքները

Առաջին գազն Անկարան նախատեսում է արդյունահանել 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակի առիթով:

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Սև ծովի թուրքական հատվածում գտնվող «Սաքարյա» գազի հանքավայրի շահագործման ինժեներանախագծային աշխատանքներն ավարտվել են, խողովակներն արդեն պատվիրված են:

Ինչպես հաղորդվում է, գազատարի կառուցման աշխատանքները մեկնարկելու են 2022թ. գարնանը:

Թուրքիայի նախագահը դեռևս 2020թ. օգոստոսի 21-ին էր հայտարարել Սև ծովում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան նախատեսում է մինչև 2023թ. Սև ծովում գազի արդյունահանում ծավալել: Նշվում է, որ «Սաքարյայի» «Դունայ-1» տեղանքում գազի ապացուցված ծավալը 405 մլրդ խմ է:

Հայտնի է նաև, որ 2022թ. գարնանն իտալական Saipem-ը սկսելու է «Սաքարյա» հանքավայրը Սև ծովի թուրքական գազատար համակարգին միացնող գազատարի կառուցումը:

Առաջին գազն Անկարան նախատեսում է արդյունահանել 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակի առիթով: Նոր գազատարը հասնելու է մինչև «Թուրքական հոսք», որի հարևանությամբ թուրքական հանքափոր նավերը ներկայումս աշխատանքներ են իրականացնում:

Telegram