Ուկրաինան վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Փաստաթուղթը Կիևի և Անկարայի միջև ռազմական համագործակցության իրավական հիմքն է, որի շրջանակներում Ուկրաինան արդեն 12 միավոր Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչուներ է ձեռք բերել:

Ուկրաինայի Գերագույն ռադան նոյեմբերի 18-ին վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ինչպես հաղորդվում է, 450 պատգամավորներից 303-ն են կողմ քվեարկել համաձայնագրին: Այն ստորագրվել էր դեռևս 2020թ. հոկտեմբերի 20-ին՝ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ: Փաստաթուղթը Կիևի և Անկարայի միջև ռազմական համագործակցության իրավական հիմքն է: 2020թ. դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարը Թուրքիայի հետ ստորագրել է ռազմածովային կորվետների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման մասին մի շարք համաձայնություններ:

Ստորագրված համաձայնության շրջանակներում Ուկրաինան 2020թ. Թուրքիայից 12 միավոր Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչուներ է ձեռք բերել: Բացի այդ, Թուրքիան Ուկրաինային է փոխանցել նաև վերգետնյա կառավարման երեք համակարգեր և տարատեսակ սարքավորումներ: