Դեմարկացիա և դելիմիտացիա. ծուղա՞կ, թե՞ հնարավորություն

Քաղաքականության ամփոփագիր

ԵՐԵՎԱՆ · ՀՈԿՏԵՄԲԵՐ · 2021

ՀԱՄԱՏԵՔՍՏ

Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմից հետո էլ Արցախի կարգավիճակի չլուծված լինելը, որպես պատերազմում հաղթող կողմ Բաքու-Անկարա տանդեմի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի տակ այդ հարցն իսպառ փակելու ռազմավարությունն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան չհասան իրենց վերջնական նպատակին: Պատերազմի անմիջապես ավարտից հետո Հայաստանի համար դրա ծանրագույն հետեւանքները ստեղծեցին նոր խնդիրներ ու մարտահրավերներ։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շատ չանցած՝ դեկտեմբերի կեսերից սկսվեց ադրբեջանական զորքերի սողացող առաջխաղացումն ու ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որի ամենամասշտաբային դրսեւորումն այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի խախտումն էր Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում, Գեղարքունիքի մարզում, ընդհանուր՝ Սոթք-Խոզնավար հատվածում, ինչպես նաեւ՝ ադրբեջանական զորքերի տեղակայումը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։

Սահմանախախտման այս ճգնաժամի վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանը մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ առաջարկությամբ, ըստ որի՝ «թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զինված ուժերը հայելային տարբերակով 5 կիլոմետր պետք է հետ քաշվեն դեպի մշտական տեղակայման վայրեր, ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման եւ սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցությամբ»։

Մինչ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից Ֆրանսիան, հստակ պաշտպանելով Հայաստանի դիրքորոշումը, առաջարկում էր սահմանախախտման ու նրա տարածքային ամբողջականության միջազգային պաշտպանության հարցը տեղափոխել ՄԱԿ ԱԽ, իսկ ԱՄՆ-ն կողմերին առաջարկում էր զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր, թուլացնել լարվածությունը եւ սահմանազատել Հայաստան-Ադրբեջան սահմանը միջազգային ստանդարտներին համաձայն, արդեն մայիսի վերջից ակնհայտ էր, որ Ռուսաստանն առաջարկում է եռակողմ միջկառավարական հանձնաժողովով, ըստ որում՝ որպես երրորդ կողմ Մոսկվայի ներգրավվածությամբ իրականացնել դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանազատում եւ սահմանագծում) իր ԶՈՒ ԳՇ-ում պահվող քարտեզների հիման վրա։ 

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցն Ադրբեջանը բարձրաձայնում եւ պարտադրում է բոլոր միջազգային ատյաններում դեռեւս 2008թ․-ից, եւ, հարկ է ընդգծել, որ այն բարձրացվում է առաջին հերթին հենց Արցախյան խնդրի համատեքստում։ Ադրբեջանն այդ ժամանակահատվածից սկսած խոսում է այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը պետք է որոշվի խորհրդային սահմանների հիման վրա, եւ, հետեւաբար, Հայաստանն Արցախի տարածքի նկատմամբ չի կարող ունենալ որեւէ տիտղոսային հավակնությունններ։ 2008թ․ առաջին փաստաթուղթը, որն Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց իր դեսպանի կողմից, ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակն էր կից հուշագրով։ Այն շրջանառության մեջ դրվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, որից ամիսներ հետո ընդունվեց Գլխավոր Ասամբլեայի բանաձեւը, որի օգտին քվեարկեցին բավական մեծ թվով մահմեդական երկրներ՝ Արցախը որակելով որպես օկուպացված/գրավյալ տարածք։

Այսօր Ադրբեջանը խոսում է «համապարփակ փաստաթղթի», այլ ոչ թե պարզապես դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասին․ հասկանալի է, որ Ադրբեջանի համար դելիմիտացիան իր մեծ պլանների մի փոքր մասն է։ Այս հարցում նրան անվերապահ զորակցում է Թուրքիան՝ Հայաստանին ուղղված «փաթեթային լուծման» գնալու պարբերական հորդորների տեսքով, ինչից հետո Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումից, եւ այն կճանաչի Ադրբեջանի մաս։

Սահմանազատման խնդրի համատեքստում կարեւոր ենք համարում առանձնացնել մի քանի կարեւոր դիտանկյուններ եւ տեսանելի ռիսկերն ու հնարավորությունները։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆ․ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասկանալի է, որ խոսքը սահմանազատման սոսկ տեխնիկական հարցի ու գործընթացի մասին չէ, առավել եւս՝ թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի համար Արցախի հարցի ու կարգավիճակի մեծ անորոշության պայմաններում։

Ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները բավականին պարզ ցույց են տալիս Ալիեւի նվազագույն եւ առավելագույն նպատակները։ Առավելագույն նպատակը, իհարկե, տեղավորվում է «հաղթողն ստանում է ամեն ինչ» ուժային ռազմավարության տրամաբանության մեջ՝ վերադարձնել խորհրդային ժամանակների «անկլավները», ամրագրել Սյունիքում ու Գեղարքունիքում ՝ Սոթք-Խոզնավար հատվածում, մայիսի 12-ից հետո սահմանախախտման իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը փակել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման տեսքով, որտեղ եւ որով Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն այլեւս կնշանակի Արցախի ինքնորոշման հարցի փակում, ընդհուպ ճանաչել տալ «նախնյաց պատմական հայրենիք»՝ Երեւան, Սեւանի ու Սյունիքի տարածաշրջաններ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը եւ պարտադրել Երեւանին Սյունիքով տրամադրել Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող «Զանգեզուրյան միջանցք»՝ սուվերենության իրավունքով։ Նվազագույն նպատակը վերոթվարկյալից ավելի քիչ նպատակների հասնելն է եւ առնվազն՝ Արցախյան հարցի փակումը՝ այն մեկընդմիշտ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, առանց Բերձորով Հայաստանի հետ ցամաքային-միջանցքային կապի հատուկ ռեժիմների։

Քաղաքական դիտանկյունից ու Ադրբեջանի հետապնդած վերոնշյալ նպատակների համատեքստում սահմանային ու սահմանախախտման ճգնաժամի վերաբերյալ վարչապետի վերոնշյալ կամ թեկուզ նույն ռուսական առաջարկը կարող է միայն սահմանափակ թվով խնդիրներ լուծել, բայց ոչ ռազմաքաղաքական մարտահրավերների այն ողջ բազմազանությունը, որին դիմակայում ու դիմակայելու է Հայաստանը։

Ինչպես վարչապետն է պնդում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի քարտեզներով իրավիճակը սահմանի այդ հատվածում Երեւանի օգտին է, ենթադրաբար զորքերի ժամանակավոր հետնահանջը եւ հետագայում սահմանագծումից հետո դիրքերի վերազբաղեցումը հայկական կողմի համար առանձնապես նոր տարածքային խնդիրների չպետք է հանգեցներ կամ հանգեցնի։ Վարչապետի «դրվագային դեմարկացիայի» առաջարկով լուծելի է Գեղարքունիքի ու Սյունիքի արեւելյան նոր սահմանագծերի ճշգրտման հարցը, սակայն դա էլ չի լիցքաթափում հետպատերազմյա ռազմաքաղաքական լարվածությունը, քանի որ վերջինիս աղբյուրն Արցախի խնդրի չլուծվածությունն է եւ պարտված կողմին՝ Հայաստանին իր կամքը թելադրելու եւ դա պայմանագրով ամրագրելու՝ Ադրբեջանի շտապողականությունն ու գայթակղությունը։

Ռուսական առաջարկը՝ «եռակողմ միջկառավարական հանձնաժողովով» դեմարկացիան, կրկին թվացյալ է լուծում Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորման եւ Արցախի հակամարտության լուծման խնդիրները։ Մոսկվայի առաջարկը նույնպես ուղեկցվում է Արցախյան խնդրի «ռուսական պլանով», որը ենթադրում է (1) կա՛մ անորոշ ապագա տեղափոխել Արցախի հարցի վերջնական լուծումը, ինչը որեւէ երաշխիք չի ապահովում, որ դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո էլ Ադրբեջանը հստակեցված սահմանի նոր խախտման չի դիմի՝ մանավանդ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների չնվազող հայտարարությունների խորապատկերին, (2) կա՛մ դա հղի է Մոսկվայի ու Բաքվի միջեւ Արցախի մնացյալ հատվածն Ադրբեջանին «վերաինտեգրելու» հերթական փուլային գործարքի հեռանկարով։ Իրավիճակն այլ հետագծով կզարգանա, եթե որեւէ տարբերակով, օրինակ, Երեւանի առաջարկած «դրվագային», Մոսկվայի առաջարկած «եռակողմ ռուսական» կամ ԵԱՀԿ հովանու ներքո «միջազգային» դեմարկացան/դելիմիտացիան ուղեկցվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Արցախյան խնդրի տեւական, վերջնական ու համապարփակ կարգավորմամբ, որոնք, որպես զուգահեռ կամ թույլ փոխկապակցված գործընթացներ, հավասարապես ու զուգահեռաբար հանգեցնեն բոլոր վիճելի ու անորոշ հարցերի վերջնական կարգավորման։

Խնդրի քաղաքական հարթության խորապատկերին հատուկ ուշադրության է արժանի ՀՀ Արտաքին գործերի նախարարության մայիսյան դիրքորոշումը, որտեղ նշվեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է դեմարկացիան ու դելիմիտացիան դիտարկել բացառապես ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, ինչը նշանակում է, որ միայն կոնֆլիկտի լուծման պարագայում է հնարավոր իրականացնել լիակատար/լիարժեք սահմանազատում եւ սահմանագծում։ Չունենալով ԱԳ նախկին ղեկավարության ու ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության տարաձայնության իրական պատճառների մասին այլ տեղեկատվություն ու բացատրություն՝ թվում է, թե նշված դիրքորոշումը ծնունդ էր վերոնշյալ ռիսկերի գիտակցման կամ դրանց հարցում տարաձայնությունների, որին հաջորդեց ԱԳՆ ղեկավարության հրաժարականը։ Սակայն ասել, թե ռիսկերը ենթադրյալ հակադրության կողմերից միայն մեկի՝ կա՛մ ԱԳՆ-ի, կա՛մ քաղաքական ղեկավարության մոտեցման հետ են կապված, այդպես չէ։

Պետք է նկատել, որ ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը կարծես թե մի փոքր տարբերվում է Արտաքին գործերի նախարարության կողմից հնչեցված այդ հայտարարությունից․ փաստացի, եթե մայիսյան դիրքորոշմամբ այն կարելի էր ձեւակերպել որպես «դեմարկացիա/դելիմիտացիա՝ Արցախյան հակամարտության կարգավորման մեծ փաթեթում», ապա այսօր Երեւանի դիրքորոշումը կարելի է անվանել «դեմարկացիա/դելիմիտացիա՝ հակամարտության կարգավորմանը զուգահեռ» կամ միգուցե մասնակի «դեմարկացիա/դելիմիտացիա՝ հակամարտության կարգավորումից անջատ»։ Այս երկու բանաձեւերի դեպքում էլ ռիսկերը բավական մեծ են, ինչպիսի ռիսկեր կային «դեմարկացիա/դելիմիտացիա՝ Արցախյան հակամարտության կարգավորման մեծ փաթեթում» մոտեցման դեպքում, երբ Արցախի հարցի հետ դրա սերտ փոխկապակցվածությունը կարող էր Հայաստանի սահմանների գլխին կախված վտանգավոր անորոշությունը հավերժ կամ երկարաժամկետ ուղեկցել Արցախի հարցի անորոշությանը։ Այս իրողությունների խորապատկերին անհրաժեշտ է հասկանալ, թե  արդյոք դեմարկացիան լուծելու է ողջ խնդիրը, եւ արդյո՞ք Հայաստանը չի հայտնվի նոր ծուղակներում։

ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՈՒ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԴԻՏԱՆԿՅՈՒՆՆԵՐ․ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոչ միայն ողջ սահմանագծի երկայնքով, այլ նաեւ անկլավների համատեքստում խորքային եւ համալիր ուսումնասիրված չեն դեմարկացիայի/դելիմիտացիայի հնարավոր համաձայնությունների հետեւանքները ռազմական, քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների եւ մարդու անվտանգային տեսանկյունից։ Անցած մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում արդեն իսկ արձանագրվել են քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի, տեղաշարժի ազատության եւ անվտանգության, սեփականության, երեխաների իրավունքների՝ ներառյալ կրթության իրավունքը, եւ այլ իրավունքների խախտումներ ադրբեջանական զինուժի կողմից, որոնք արձանագրվել են ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից։

Պետք է առաջնային ուշադրություն դարձնել, թե ենթադրյալ ճշգրտումների, համաձայնեցումների ու փոխզիջումների դեպքում ինչ ռազմավարական դիրքեր կարող է կորցնել կամ ստանալ Հայաստանը, որոնք պաշտպանական առումով կարեւոր նշանակություն ունեն։ Առնվազն անհայտ են, թե արդյոք այդպիսի ռիսկերի խորը վերլուծության համար որեւէ մասնագիտական հանձնախմբի, գերատեսչության կողմից կատարվել են նման եռաչափ մոդելավորման աշխատանքներ, քանզի աշխարհագրական-տոպոլոգիական տեսանկյունից երկչափ ու եռաչափ մոդելները կարող են տարբերվող արդյունքների հանգեցնել։ Հենց այդտեղ դեմարկացիա/դելիմիտացիայի գործընթացը շաղկապվում է խնդրի աշխարհագրական եւ հումանիտար՝ մարդու իրավունքների ու մարդու անվտանգային դիտանկյունների հետ։

Այդ ամենը, բացի վերը նկարագրվածից, միանգամայն այլ երանգներ է ստանում նաեւ անկլավների խնդրի օրակարգ գալու դեպքում, քանզի բոլորը, առանց բացառության, գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակության հաղորդուղիների վրա՝ թե՛ դեպի հյուսիս (Տավուշյան անկլավներ), թե՛ դեպի հարավ (Վայոց Ձորի անկլավներ) ուղղությամբ։

Ադրբեջանի նախասիրություններին հագուրդ տալով՝ անկլավների վերադարձի իրականացման դեպքում Բաքվի կողմից Հայաստանի ճանապարհների հետագա վերահսկողությունը լրջագույն կասկածի տակ կդնի Հայաստանի տնտեսական եւ այլ զարգացման հեռանկարները՝ զբոսաշրջությունից մինչեւ մարզային համաչափ զարգացում, երբ, ըստ էության, էապես նվազած կլինի թե՛ այդ մարզերի, թե՛ ողջ երկրի գրավչությունը ներքին ու արտաքին ներդրողների, տնտեսվարողների համար, ինչպես նաեւ այդպիսի իրավիճակն էապես կազդի տվյալ հատվածներում ազգաբնակչության բնակվելու եւ զարգանալու մոտիվացիաների վրա հենց միայն անվտանգային նկատառումներով:

Հատկանշական է, որ մինչեւ 44-օրյա պատերազմն էլ՝ 2016թ․ քառօրյա պատերազմում ռազմավարական բարձունքներ նվաճելուց հետո, ապա 2018թ․ ապրիլ-մայիսին Նախիջեւան-Վայոց Ձոր սահմանագծում կամ մի փոքր անց Տավուշի տարբեր հատվածներում Ադրբեջանի դիրքային վերադասավորումների ու առաջխաղացման կամ նման փորձերի հետ կապված ադրբեջանական կողմում չէին թաքցնում, որ իրենց հետապնդած նպատակներից մեկը Հայաստանի համար կենսական ռազմավարական ճանապարհները, ենթակառուցվածքները (Հայաստան մտնող գազատար, Հայաստանը Վրաստանին, Իրանին ու Արցախին կապող ճանապարհներ) ռազմական վերահսկողության տակ վերցնելն է։

Դեմարկացիայի  արդյունքում մեծ սպառնալիքի տակ է հայտնվում նաեւ երկրի ջրային անվտանգությունը, քանզի ունենալու ենք ազգային ռեսուրսների մեծ անբավարարություն։ Դա հատկապես վերաբերում է Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերին, որտեղ խմելու ջրի բարձրադիր ջրահավաք ավազաններ կան, եւ որի հանդեպ տարածքային ու նվաճողական հավակնություններ է ցուցաբերում Ադրբեջանը։

Ավելին, հարցականի տակ են հայտնվում  հին եւ նոր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքները, երբ սահմանազատման գործընթացի արդյունքում նրանք հայտնվում են ավելի անբարենպաստ իրավիճակում, եւ չի ստեղծվում անվտանգային գոտի նրանց ու ադրբեջանական հենակետերի միջեւ։  Թե ինչպիսի հոգեբանական ծանր իրավիճակ կարող է ստեղծվել այդպիսի բնակավայրերում, որն անմիջականորեն ազդելու է ազգային մակարդակում բարոյահոգեբանական իրավիճակի վրա՝ հանգեցնելով նաեւ արտագաղթի եւ ներքաղաքական անկայունությունների, դժվար չէ պատկերացնել։

Այսպիսով, եթե ՀՀ-ը համաձայնի գնալ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի առանց վերոնշյալ ռիսկերը մասնագիտական հանձնաժողովներում պատշաճ ուսումնասիրելու, դրանք կառավարելու երաշխավորված մեխանիզմների, դա կհամարվի Ադրբեջանի հերթական հաղթանակը նաեւ տնտեսական, ռազմական, ներքին անվտանգային, մարդու իրավունքների, դեմոգրաֆիական եւ այլ առումներով։

ԻՐԱՎԱԿԱՆ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ/ՆԵՐՊԵՏԱԿԱՆ) ԴԻՏԱՆԿՅՈՒՆ․ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերոնշյալ դիտանկյուններին զուգահեռ  կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ խնդրի իրավական կողմին, ըստ որում՝ թե՛ միջազգային, թե՛ ազգային մակարդակներում։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի խախտումով, այն է՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման տակ դեմարկացիա/դելիմիտացիա եւ Ադրբեջանի խաղի կանոններով խաղաղություն պարտադրելու գործընթացն առանց միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելը Հայաստանի համար մեծ խնդիրներ ու ընդհուպ անկանխատեսելի ռիսկեր է ստեղծելու։

Որեւէ առաջարկով դեմարկացիայի/դելիմիտացիայի կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ գործընթացի մեջ ներգրավվելու որոշումն ընդունելուց առաջ հրամայական է հասկանալ, թե ինչ սկզբունքների վրա են դրվելու դելիմիտացիան եւ դեմարկացիան։

Երբ պետություններն իրենց տարածքային վեճերը տեղափոխում են որեւէ միջազգային ատյան կամ այդ նպատակով ստեղծում են հատուկ արբիտրաժային ատյաններ, կիրառելի սկզբունքները որոշվում են միջազգային իրավունքի հիման վրա։ Մինչդեռ երկկողմ կամ եռակողմ հանձնաժողովների դեպքում, հատկապես, երբ առկա է երրորդ կողմ կամ կողմեր, խնդիրն էականորեն փոխվում է՝ միջազգային իրավականից անցնելով դեպի աշխարհաքաղաքական շահերի տիրույթ։

Եթե պետությունը սահմանադրական կամ հակասահմանադրական եղանակով տալիս է իր համաձայնությունը սկսել դեմարկացիա/դելիմիտացիայի փոխադարձ գործընթաց, սակայն վերջնահաշվում կողմերին պարտադրվում է խորհրդային սահմանների կիրառումը, երկու դեպքում էլ անկախ նրանից, թե այդ սահմանների կիրառումը համապատասխանում է միջազգային իրավունքին թե ոչ, այն սահմանվում է  որպես  վերջնական լուծում։ Այս առումով քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, թե ինչ մեծ պատմական պատասխանատվություն է դրված իրենց ուսերին։

Իհարկե, այն  պնդումը, որ խորհրդային սահմանների պարտադիր բնույթը բխում է միջազգային իրավունքից, միջազգային իրավական տեսանկյունից, չունի որեւէ հիմք, եւ պարզ է, որ նման թեզերը մեծ աջակցություն են ստանում բազմաթիվ գիտական հոդվածների տեսքով, որոնք երբեմն  անգամ պատվիրված են, սակայն պետությունների պրակտիկայի տեսանկյունից դա չունի որեւէ հիմնավորում։

Թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավական դիտանկյունից միմյանց հետ բախման մեջ են  դեմարկացիայի «քարտեզային հիմքերի» շուրջ Հայաստանում նշմարվող դիսկուրսները՝ «դեմարկացիա նախախորհրդայի՞ն, թե՞ խորհրդային քարտեզներով», եւ եթե անգամ խորհրդային շրջանի քարտեզային հիմքով, ապա ո՞ր թվականների, քանզի դրանք էապես տարբերվում են միմյանցից։

Երկու դիսկուրսների հակադրության պատճառները միայն հայկական ներքաղաքական օրակարգում առկա մոտեցումները չեն, այդ թվում՝ «Վիլսոնյան Հայաստանի», Ազգերի լիգայի կողմից նաեւ Հայաստանի արեւելյան սահմանների կապակցությամբ։ Այս առումով առանցքային է նաեւ այն, որ Ադրբեջանն իրեն չի հռչակել ոչ մուսավաթական, ոչ էլ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, ավելին՝ ամենաբարձրագույն՝ նախագահի մակարդակով այժմ էլ քննադատվում ու մերժելի է համարվում խորհրդային-բոլշեւիկյան շրջանն ու նրա թողած ժառանգությունն Արցախի, «Զանգեզուրի» վերաբերյալ ընդունված որոշումների մասով։

Ընդհուպ չափազանց իրարամերժ ու հակասական են հենց նույն խորհրդային շրջանի քարտեզային հիմքերը, որոնց վաղ՝ մինչեւ 26-27թթ․ տարբերակները բացառում են անկլավների հարցը, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո «վիճելի» դարձած տարածքները, ընդհուպ ավելի մեծ մակերեսով Գեղարքունիքի, Սյունիքի ու Տավուշի մարզերում, ամրագրում են Խորհրդային Հայաստանի իրավասության ներքո, այդ թվում՝ Արծվաշենի ենթաշրջանը, Ալ եւ Սեւ լճի հատվածները, իսկ Արցախն ու Հայաստանը գրեթե կպած են միմյանց, եւ նրանց բաժանում է միայն Աղավնո գետը։ Խորհրդային ավելի ուշ շրջաններում կրկին քաղաքական նպատակներով ու հիմնավորումներով, առանց հաշվի առնելու տեղի բնակչության սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներ ու նրանց կամքին դեմ, այդ տարածքներից կտոր-կտոր պոկված տարածքների հաշվին ստեղծվեցին Կարմիր Քրդստանը (Քարվաճառի տարածքում), անկլավները՝ Հայաստանի տարածքում (Տավուշում՝ Բարխուդարլու/Ազատամուտ, Աշաղի Ասկիբար/Թուրք Ոսկեպար, Վայոց Ձորում՝ Քյարքի/Տիգրանաշեն) ու նրանցից դուրս (Արծվաշեն)։  

Այնուամենայնիվ, որքան էլ որ բացակայում են դեմարկացիա/դելիմիտացիայի իրավական հիմքերը,  այսօր դեմարկացիայի առավել հավանական  տարբերակը, որը պարտադրվում է Ռուսաստանի կողմից, խորհրդային քարտեզներն են, որոնք չեն հետապնդում Հայաստանի շահերը․ եթե առաջնորդվենք դրանցով, Հայաստանը վավերացնում է խորհրդային ժամանակաշրջանում գծված այն քարտեզները, որտեղ օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Ալ լճերը եւ մի շարք այլ տարածքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ դրանցով բացվում է նաեւ պանդորայի տուփն «անկլավների» հարցով, հատկապես Տավուշի ու Վայոց Ձորի մարզերում, որտեղ երրորդ կողմը՝ «միջնորդ» Ռուսաստանը, առաջարկում է երկու կողմից էլ «նուրբ եւ զգայուն հարցերով գնալ ցավոտ փոխզիջումների»։ Ըստ որում, հնարավոր է նաեւ Գորիս-Կապան ավտոճանապարհի ոդիսականի իրավական ճանաչումը նման իրավիճակը պրոյեկտի նաեւ Տավուշի մարզի՝ Կիրանց-Բաղանիս/Ոսկեվան ավտոճանապարհի վրա։ 

Առավել խնդրահարույց է հերթական եռակողմ հանձնաժողովով ու հայտարարությամբ դեմարկացիա/դելիմիտացիա գործընթացի մեկնարկումը, որը գործընթացի տեւականության, վեճերի բարդության, հիմքերի հակասականության եւ այլ գործոնների ուժով փաստացի ազդելու է երկրի ինքնիշխանության աստիճանի վրա, Արցախյան հակամարտությունից ածանցելու է այլ նոր հակամարտություններ, որոնք մեծ լծակ են դառնալու երրորդ կողմի համար Հայաստանի առանցքային որոշումների, դրանով իսկ՝ անկախության ու ինքնիշխանության վրա ազդելու համար։

Ավելին, նախորդ եռակողմ հայտարարությունների (Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահություն, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակում) հիմքի վրա գեներացված գործընթացներում  ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական զինված ուժերի դուրսբերման, «միջանցքային» ու տեքստային այլ տարընթերցումները, հրադադարի խախտման միջադեպերին հաջորդող անպտուղ փոխադարձ մեղադրանքների խաղը (blame-game) եւ այդ ամենի անպատասխան մնալն «արբիտրի» կողմից պատկերանալի են դարձնում այս մի դեպքում էլ ծագած վեճերի ու տարաձայնությունների հեռանկարները․ ըստ էության, նախկինում ստորագրված ո՛չ 2020թ․ նոյեմբերի 9/10-ի, ո՛չ 2021թ․ հունվարի 11-ի հայտարարություններում նախատեսված չէ տարընթերցումների ու վեճերի առաջացման դեպքում դրանց լուծման որեւէ ընթացակարգ կամ մեխանիզմ, ինչն աննախադեպ ու անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Դա միշտ հղի է լինելու անկանխատեսելի զարգացումներով՝ ի նկատի ունենալով կողմերի, եւ առաջին հերթին Ադրբեջանի կողմից վեճերը ոչ խաղաղ, ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումով լուծելու հակվածությունը։ Ավելի ստույգ՝ եռակողմ հանձնաժողովով այդպիսի վեճերի լուծման առավել հավանական տարբերակը քաղաքականն է, բայց ոչ իրավականը, ըստ որում՝ վեճը լուծողն էլ լինելու է եռակողմ հանձնաժողովի երրորդ կողմը՝ Ռուսաստանը, ըստ պահանջի ու անհրաժեշտության Թուրքիայի հետ խորհրդակցությամբ։

Այս ամենին էլ հավելած այն, որ սոսկ հայտարարությունների մակարդակով ու պետության ղեկավարների ստորագրությամբ, ազգային Սահմանադրությունների շրջանցման եղանակով երկրի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերի լուծումը, այն էլ՝ ուժի կամ դրա սպառնալիքի ներքո, միջազգային իրավունքի տեսանկյունից կասկածելի կարգավիճակով փաստաթղթերի հիման վրա մեծապես կասկածի տակ է դնելու ձեռքբերված արդյունքների, պայմանավորվածությունների ու համաձայնությունների օրինակարգությունը մոտ կամ հեռավոր ապագայում՝ պատուհան պահելով նոր տարածքային պատերազմների, ինչպես նաեւ ներքաղաքական ճգնաժամերի համար։ 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Դեմարկացիան ու դելիմիտացիան գործիք են, այլ ոչ թե նպատակ։ Դրա կիրառությունը գրեթե միշտ քաղաքական խնդիր է լուծում, թեպետ այն իր բնույթով ներկայանում է որպես իրավական-տեխնիկական գործիք։ Դրա առավել համապատասխանեցումը միջազգային իրավական չափանիշներին կարող է էապես նվազեցնել քաղաքական եւ այլ ռիսկեր, քանզի միջազգային իրավական տեսանկունից դրա իրականացման ընթացքում հաշվի են առնվում ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական, մարդու իրավունքների եւ մարդկային անվտանգության ու աշխարհագրական ասպեկտները, որոնք խաղի բազում հարթություններ են բացում՝ չեզոքացնելու համար այդ դիտանկյուններից վերը նկարագրված ռիսկերը։ 

Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի օրակարգի համատեքստում ռիսկերից առաջնահերթը վերաբերում է Արցախի ինքնորոշմանը՝ Արցախը որպես Ադրբեջանի մաս համարելու՝ մեզ սպառնացող դիպաշարերին։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները հստակ կերպով հայտարարեն, որ սա պաշտոնական Երեւանի համար  բացարձակ կարմիր գիծ է, եւ հայ ժողովուրդը երբեք չի ընդունելու Արցախը որպես Ադրբեջանի տարածք։ Լրջագույնս ու խորությամբ պետք է դիտարկել եւ ուսումնասիրել Արցախի հարցի կապը դեմարկացիայի հետ՝ վերը նշված երկու դիպաշարերում․ առաջինը, երբ դրանք միմյանցից առանձնացված են, եւ երկրորդ՝ երբ միավորված են, յուրաքանչյուր  տարբերակի դեպքում էլ անհրաժեշտաբար կատարելով ռիսկերի պատշաճ գնահատում։

Այս խորապատկերին Հայաստանի համար բացարձակապես նպատակահարմար, շահեկան եւ ընդունելի է խնդիրը քաղաքականից տեղափոխել դեպի իրավական հարթություն եւ միջազգային իրավական մակարդակ։ Փորձագիտական հանրության միարժեք կարծիքով՝ այն կարող է իրականացվել բացառապես միջազգային կազմակերպությունների մանդատի ներքո, մասնավորապես՝ դիմելով ՄԱԿ-ի Համաշխարհային Արդարադատության միջազգային դատարանին, ինչը կօգնի ժամանակ շահել եւ կմեծացնի խնդիրը Հայաստանի օգտին լուծելու հավանականությունը, հասնել, որպեսզի ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծվի աշխատանքային խումբ կամ հանձնաժողով եւ գործընթացն իրականացնել ԵԱՀԿ-ի՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ձեռնարկի նորմերին համապատասխան, որը հնարավորություն կտա ապահովել չեզոք, աշխարհաքաղաքական շահեր չհետապնդող համապատասխան միջազգային մասնագետների մասնակցությունը, քայլեր ձեռնարկել ստեղծելու փորձագիտական հանձնաժողովներ բոլոր դիտանկյունների՝ ռազմա-քաղաքական, աշխարհագրական-տոպոլոգիական, սոցիալ-տնտեսական, միջազգային-իրավական, մարդու իրավունքների եւ այլն,  որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել խնդրի լուծման բարենպաստ եւ միջազգային նորմերին համապատասխան տարբերակներ։

Պատմական տեսանկյունից անհերքելիորեն ապացուցված է, որ առանց միջազգային ստանդարտների եւ մարդու իրավունքների նորմերի ապահովման կողմերի ստորագրած ցանկացած պայմանագրում արտացոլվում են թե՛ հակամարտության/խնդրի միջազգային/տարածաշրջանային համատեքստը, թե՛ այն ստորագրող կողմերի ուժը եւ հաշվեկշիռը տվյալ պահին ու իրավիճակում։ Ներկա իրավիճակում դրանցից եւ ոչ մեկը Հայաստանի օգտին չէ, հետեւաբար ցանկացած նոր փաստաթուղթ ու դրա հիման վրա ընթացող գործընթաց ամրագրելու է կողմերի ուժային անհամաչափությունն ի վնաս Հայաստանի։

Հայաստանի քաղաքական կամքից ու սուբյեկտայնությունից կախված կարեւոր ռազմավարական ակտիվներն են․ 1) միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատը եւ հովանին, որը կարող է խնդրի հայանպաստ լուծման համար առնվազն նվազագույն, անհրաժեշտ երաշխիքներ ստեղծել եւ թույլ չտալ դեմարկացիա/դելիմիտացիա գործիքի գերքաղաքականացում ու հարմարեցում եւ ծառայեցում Ադրբեջանի կամ որեւէ երրորդ կողմի միակողմանի աշխարհաքաղաքական նպատակներին, 2) մարդու/ժողովուրդների իրավունքների միջազգային հռչակագրային ողջ շտեմարանը, որի երեք զամբյուղներով նախատեսված քաղաքական-քաղաքացիական, սոցիալ-տնտեսական ու մշակութային-հումանիտար իրավունքների հաշվառումը միջազգային մանդատի ու միջազգային հենքի վրա գործարկվող գործընթացում կարող է էապես փոխել դեմարկացիա/դելիմիտացիայի ընթացքն ու արդյունքները հայկական կողմի համար,  3) քաղաքական ժամանակը, որի ընթացքում միջազգային/տարածաշրջանային համատեքստը եւ ուժերի ռազմավարական/ռազմական հավասարակշռությունը կարող է փոխվել հօգուտ (միգուցե անգամ ի վնաս) Հայաստանի՝ հնարավոր դարձնելով ավելի լավ պայմաններով առկա խնդիրների հանգուցալուծումը։

Վերոշարադրյալը ենթադրում է մասնագիտական խմբերի, հանձնաժողովների կողմից թվարկվածների առավել խորքային, համապարփակ ուսումնասիրություններ՝ տարբեր դիպաշարեր մշակելու նպատակով, ինչը միանշանակ է դարձնում, որ այս պահին դեմարկացիա/դելիմիտացիա գործընթացի մեջ մտնելը վերոնշյալ ռիսկերի ու հակացուցումների պարագայում սոսկ արկածախնդրություն կլինի։  Ասվածն անշուշտ չի նշանակում չդիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերականգնման այլ հնարավորություններ ու գործիքներ, քայլեր չանել այդ ուղղությամբ եւ առկա պայթյունավտանգ իրավիճակը տեղափոխել ապագա։

Սույն ամփոփագիրը կազմվել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ ս․թ․ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած փորձագիտական փակ քննարկման հիման վրա, որին մասնակցել են թե՛ Ինստիտուտի փորձագետները, թե՛ գործընկեր ինստիտուտների ներկայացուցիչներ ու հայ փորձագիտական հանրության անվանի եւ փորձառու փորձագետներ։ Ամփոփագիրը հնարավորինս ամբողջացրել է քննարկման ընթացքում հայտնված բոլոր դիրքորոշումները, հետագայում քննարկվել, լրամշակվել ոչ միայն հանդիպմանը մասնակցած, այլ նաեւ ավելի լայն շրջանակի փորձագետների կողմից։

© AIISA \ քննարկում

© Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ