Աֆղանստան․ ալեկոծված «Ասիայի սիրտը» հանգիստ չի գտնում. Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

(ՄԱՍ 1)

Աֆղանստանը 1747թ․ հիմնադրել է Նադիր շահի փուշտուն զորավար, դուրրանի ցեղի ներկայացուցիչ Ահմադ Խան Աբդալին՝ ստեղծելով պատմության մեջ իր ցեղի անվամբ հայտնի Դուրրանի կայսրությունը։ Աֆղան բառը որևէ ազգության կամ ցեղի անուն չէ, սակայն փուշտուններին նաև աֆղան են կոչում, ինչը հիմնավորված չէ։

Ըստ աֆղանական «Արիանա» հանրագիտարանի՝[1] այսօրվա Աֆղանստանը պատմական դարաշրջանում անվանվել է Արիանա, իսկ միջնադարում՝ Խորասան, տեսակետներ, որոնք վիճահարույց են[2]։ Ինչ վերաբերում է աֆղան բառին, ապա բազմաթիվ բացատրություններ կան, իսկ առավել տարածված և ընդունելի տարբերակը, որին հակված են մի շարք պատմաբաններ ու լեզվաբաններ,[3] հետևյալն է․ սանսկրիտերեն այն Ասավական, հնագույն պարսկերեն՝ Ավեգան և միջին պարսկերենի պահլավերեն՝ աբգան բառերն են, որոնք նշանակում են հեծյալ, կիրառություն են ունեցել 3-6-րդ դարերում, իսկ հետիսլամական շրջանում աստիճանաբար կիրառության մեջ է մտել բառի արաբականացված տարբերակը` աֆղան-ը[4]։ Ներկայիս Աֆղանստանի վերջնական սահմանները, թերևս, հստակեցվել են 1919թ․ օգոստոսի 9-ին, երբ Աֆղանստանն իրեն անկախ հռչակեց։ Այդ օրն Աֆղանստանում նշվում է որպես անկախության օր։

Մեծ Բրիտանիա-Աֆղանստան 3-րդ պատերազմից հետո կողմերի միջև 1921թ․ ստորագրված Ռավալպինդիի խաղաղության պայմանագրով Լոնդոնը ճանաչեց այդ երկրի անկախությունը։ 1923թ․ Սահմանադրությամբ երկիրը կոչվեց Աֆղանստան և բնակիչներին տրվեց աֆղան անվանումը։ Աֆղանստանն անվանում են նաև «Ասիայի սիրտ», քանի որ ցամաքով շրջափակված է և գտնվում է մայրցամաքի հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք խաչմերուկի վրա։

Ըստ Համաշխարհային բանկի 2019թ․ կատարած ուսումնասիրությունների՝ Աֆղանստանի բնակչության թիվը շուրջ 38 միլիոն է, որը 3 տոկոս աճով 2050թ․ կազմելու է 60 միլիոն։ Աֆղանստանի պետական լեզուն պարսկերենի դարի տարբերակն է, երկրորդ լեզուն փուշտուներենն է։ Այդ երկրի 280-ամյա պատմության ընթացքում մշտապես իշխել են փուշտուն Դորրանի ցեղի երկու ճյուղերը՝ բացառությամբ 1992-96թթ․, երբ իշխանության էին եկել տաջիկները։ 

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Աֆղանստանում միասնական մշակույթ և ազգ կատեգորիաները բացակայում են։ Այստեղ դեռևս տիրող են ցեղային հարաբերությունները, հասարակական կառուցվածքում ցեղային և տոհմային կարգերի գերակայությունը, ինչը մեծապես պայմանավորված է երկրի աշխարհագրական ու տնտեսական պայմաններով: Միջցեղային շփումները խիստ սահմանափակ են եղել, ինչը կարող էր նպաստել միասնական հասարակության ստեղծմանը: Բացի այդ միջցեղային փոխհարաբերություններում ակնհայտ է  թշնամանքը, ինչը հաճախ գնահատվում է Աֆղանստանի էմիր Աբդուլ Ռահաման խանի (1880-1901թթ․) ազգային քաղաքականության հետևանք։ Նա տեղական դիմադրողականությունը ճնշելու նպատակով միմյանց դեմ էր տրամադրում տարբեր ցեղերի ու ազգությունների, ինչի արդյունքում ցեղերի փոխհարաբերություններում գերակայող դարձավ անհանդուրժողականությունն ու ատելությունը։ Ավելին, Աբդուլ Ռահամանը որոշում ընդունեց ոչնչացնել հեզարեներին, որոնք անկախության էին ձգտում՝ 1893-1900թթ․ նրանց դեմ իրականացնելով ցեղասպանություն, տարբեր աղբյուրների համաձայն՝ վերացրեց 60- 67 տոկոսին։ Եվ, ի վերջո, նա հարձակվեց Նուրստան նահանգի վրա, որտեղ ապրում էին նուրստանցիները և մինչ այդ իսլամ չէին ընդունել, նրանց բռնի ուժով մահմեդականներ դարձրեց։ Հատկանշական է, որ նահանգը մինչ այդ մահմեդական չլինելու պատճառով կոչվել է  Քաֆարստան (անաստվածաստան)։

Աֆղանստանում բնակվող բազմաթիվ ազգերի ու ազգությունների մի զգալի մասի ազգակիցներն ապրում են հարևան երկրներում՝ սահմանագծերի մյուս կողմում, օրինակ, փուշտունները՝ Պակիստանում, բելուջները՝ Պակիստանում ու Իրանում, տաջիկները՝ Տաջիկստանում, ուզբեկները՝ Ուզբեկստանում և այլն: Երկրի ժողովրդագրական նման պատկերի գլխավոր պատճառը գաղութատիրական ուժերի արհեստական սահմանագծումներն են՝ զերծ ազգային ու ցեղային հիմքերից: Մյուս կողմից, Աֆղանստանում առ այսօր ոչ մարդահամար է անցկացվել, ոչ էլ վիճակագրություն կատարվել բառի դասական իմաստով։ Ահա թե ինչու այդ երկրի բնակչության կազմում ազգերի ու ազգությունների վերաբերյալ քանակական տվյալները ոչ միայն մոտավոր են, այլև հաճախ՝ հակասական, տարբերությունները երբեմն կազմում են 30-50 տոկոս:

 2021թ․ մարտին Աֆղանստանի վիճակագրության կենտրոնի հրապարակած տվյալներով՝ այդ երկրում ապրում է 54 ազգի ու ազգության ներկայացուցիչ, ինչը պատմաբանների ու քաղաքական գործիչների շրջանակներում դժգոհություն էր առաջացրել։ Այն գնահատվել է ոչ գիտական, ազգային միասնությանը հարվածող քայլ[5]։ Մինչդեռ Աֆղանստանի Սահմանադրության 4-րդ կետի համաձայն՝ այդ երկրում ապրում է 14 ազգ ու ազգություն։

Իրանական ծագումով փուշտունները համարվում են Աֆղանստանի ամենամեծ համայնքը, որը, ըստ տարբեր աղբյուրների, երկրի բնակչության 38-41 տոկոսն է կազմում։ Նրանց լեզուն փուշտու կամ փուշտուներենն է, որը, լեզվաբանների կարծիքով, ամենամոտն է Ավեստայի լեզվին։ Փուշտունական համայնքը կազմված է ավելի քան 20 ցեղից։ 

Տաջիկները քանակով երկրորդ տեղն են զբաղեցնում՝ կազմելով բնակչության ավելի քան 25 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ աֆղանական որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով 2017թ․ անցկացված մարդահամարի տվյալներին, շեշտում են, թե այժմ Աֆղանստանի բնակչության 45,6 տոկոսը տաջիկներ են, 26,4-ը՝ փուշտուններ, 13,19-ը՝ հեզարեներ, 7,1-ը՝ ուզբեկներ, 2,2-ը՝ թուրքմեններ և այլ ազգություններ՝ 5,5 տոկոս[6]։

Մյուս կողմից, 2012թ․ Աֆղանստանի ակադեմիան հրապարակել է Արիանա հանրագիտարանը, որտեղ տվյալներ են ներկայացվել Աֆղանստանի ազգերի ու ազգությունների տոկոսային հարաբերակցության վերաբերյալ։ Այնտեղ նշվել է, որ փուշտունները կազմում են բնակչության 63,73, տաջիկները՝ 12,38, հեզարեները՝ 9, ուզբեկները՝ 6,1, թուրքմենները՝ 2,69 տոկոսը և այլն, ինչն արժանացել է խիստ բացասական գնահատականների, այն որակվել քաղաքական հաշվարկ։

Երկրի վիճակագրության կենտրոնի տնօրեն Աբդոլռահման Ղաֆուրին այդ տվյալները ոչ միայն գնահատել է ոչ ճիշտ, այլև՝ վտանգավոր, շեշտել, որ միայն այդ կենտրոնն է իրավասու ուսումնասիրել նշյալ հարցը, մինչդեռ կենտրոնն այդ ուղղությամբ քայլ չի կատարել, ակադեմիան որտեղից է այդ տվյալները վերցրել[7]։ 

Հեզարեները, կազմելով բնակչության 10-15 տոկոսը, երրորդ տեղում են, որոնց ծագման առնչությամբ տարաձայնություններ կան։ Ոմանք նրանց համարում են բնիկներ, ոմանք էլ՝ թուրք-մոնղոլական ցեղ։ Նրանց լեզուն պարսկերեն լեզվի դարի տարբերակի բարբառ է, կրոնը՝ իսլամի շիա ուղղություն, իրենք իրենց անվանում են ազրե։ Հեզարեներն առավելապես ճնշման ու խտրականության են ենթարկվել փուշտուն իշխանությունների կողմից, ինչպես նշվեց, նախ ցեղասպանության են ենթակվել Աբդուլռահման խանի կողմից, ապա կրկին եղեռնի զոհ են դարձել թալիբների առաջին իշխանության տարիներին, 2-րդ իշխանության ժամանակ էլ սահմանափակվել մի քանի ընտանիքով ու տեղահանմամբ։

Ուզբեկները 4-րդ հորիզոնականում են՝ շուրջ 6-7 տոկոսով։ Նուրստանիները, թեև մեծ տոկոս չեն կազմում, սակայն հետաքրքիր են իրենց ծագումնաբանական տեսանկյունից։ Կարծիք կա, որ նրանք առաջին արիացիներն են, որոնք տեղափոխվել են այստեղ ու մեկուսացվել։ Նրանց մեծամասնությունը շիկահեր և կապուտաչյա է, խոսում են հնդիրանական լեզվաընտանիքին պատկանող նուրստանի լեզվով։

ԽՍՀՄ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄԸ

1973թ․ հունիսի 16-ին արքայազն Մոհամեդ Դավուդ խանն Աֆղանստանում թավշյա հեղաշրջմամբ տապալեց երկրում միապետական վարչակարգը, և նրա գլխավորությամբ հաստատվեց հանրապետական համակարգ։ Աֆղանստանի վերջին արքա Մոհամեդ Զահիր շահը, ով կառավարում էր 1933թ․-ից, հրաժարական տալով հեռացավ երկրից և բնակություն հաստատեց Հռոմում։

1987թ․ ապրիլի 27-ին Աֆղանստանի համայնավարական հակումներով Ժողովրդա-դեմոկրատական «Խալղ» (ժողովուրդ) կուսակցութունը Նուր Մոհամեդ Թարաքի գլխավորությամբ երկրում իշխող վարչակարգի դեմ իրականացրեց արյունալի հեղաշրջում, որի ընթացքում նախագահ Մոհամեդ Դավուդն ու նրա ընտանիքի բոլոր անդամները սպանվեցին։

1979թ․ սեպտեմբերին իշխող կուսակցության առավել ծայրահեղ համայնավարական դիրքորոշմամբ թևը, որը, անջատվելով Հաֆիզոլլահ Ամինի գլխավորությամբ ստեղծել էր «Փարչամ» (դրոշ) կուսակցությունը, հեղաշրջում իրականացրեց իշխող վարչակարգի դեմ, ինչի հետևանքով կործանվեց Թարաքի կառավարությունը, և վերջինս էլ սպանվեց։

1980թ․ փետրվարին ԽՍՀՄ զինված ուժերը ներխուժեցին Աֆղանստան։ Դրանից քիչ անց ահաբեկչության զոհ դարձավ նաև Ամինը, և երկրի ղեկավարությունը ստանձնեց Բաբրաք Քարմալը։ Վերջինիս մեղադրում են ԽՍՀՄ զորքերին «հրավիրելու» մեջ։ 1986թ․ ապրիլին Քարմալն իշխանությունը հանձնեց դուրրանի ցեղի մեծամեծներից մեկին՝ գաղտնի ոստիկանության պետ Մոհամեդ Նաջիբոլահին, ով իշխեց մինչև 1992թ․՝ համայնավարական վարչակարգի տապալումը։

Նշենք, որ խորհրդային բանակի ներխուժումն Աֆղանստան, թերևս, պայմանավորված էր Իրանում 1979թ․ իսլամական հեղափոխությամբ, որտեղ տեղի ունեցող փոփոխությունները չարդարացրեցին Մոսկվայի սպասումները։ Թեհրանը, արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրելով «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան, անբիծ իսլամական» քաղաքականություն, փաստորեն Արևելքի ու Արևմուտքի միջև հավասարության նշան դրեց։ Բացի այդ Թեհրանը «հեղափոխության արտահանումը» հայտարարեց որպես արտաքին քաղաքականության հիմնասյուներից, հանգամանք, ինչը մտահոգեց ԽՍՀՄ-ին, քանի որ իսլամի ներթափանցումը Կենտրոնական Ասիայի հանրապետություններ դառնում էր հավանական, մանավանդ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի արդյունքում իսլամական աշխարհում կրոնական շարժումները զարթոնք էին ապրում։

1978թ․ Աֆղանստանում հաստատված համայնավարական իշխանությունները փորձեցին երկրում իրականացնել սոցիալ-տնտեսական բարեփոխումների համայնավարական ծրագիր, սակայն բախվեցին լուրջ դիմադրության։ Հանգամանք, ինչը գլխավորապես պայմանավորված էր Աֆղանստանում իշխող ցեղա-տոհմային համակարգերով, որտեղ որոշիչ դեր ունեն ցեղային ավանդույթներն ու արժեքները։ Ավանդական արժեքներին սպառնացող բարենորոգչական ծրագրերի իրականացման դեմ պայքարում ապավեն դարձավ իսլամականությունը՝ մոջահեդական[8] շարժումը։

ԽՍՀՄ-ի զորքերն Աֆղանստան ներխուժելուց քիչ անց ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերն այդ երկրում գաղտնի գործողություններ իրականացնելու հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ Վաշինգտոնը CIA-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) միջոցով ֆինանսական աջակցություն և որոշ տեսակի զենքեր պետք է տրամադրեր մոջահեդներին ու հովանավորեր նրանց։ Իսկ մոջահեդների հետ անմիջական շփում իրականացնելու էր Պակիստանի Գաղտնի ծառայությունների կազմակերպությունը[9] (ISI-ը)։ Ըստ երևույթին հենց այսպես սկսվեց ԽՍՀՄ-ի դեմ ԱՄՆ միջնորդավորված պատերազմը, որն ավարտվեց առաջինի պարտությամբ։ Այդ պատերազմում շահագրգիռ էին Պակիստանը, ինչպեսև Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիան։

Խորհրդային ուժերի դեմ պայքարի ընթացքում Աֆղանստանում ձևավորվել էին ավելի քան մեկ տասնյակ ռազմաքաղաքական կազմակերպություններ, որոնք միավորվել էին լոկ մեկ՝ այդ պատերազմում հաղթելու նպատակի շուրջ։ Մոջահեդական առավել հայտնի կազմակերպություններից էին «Հեզբ-ե Իսլամին» (Իսլամական կուսակցությունը)՝ փուշտուն Գոլբեդդին Հեքմաթյարի գլխավորությամբ, տաջիկական «Ջամիաթ-ե Իսլամին» (Իսլամական ժողովուրդ)՝ Բորհանըդդին Ռաբբանի գլխավորությամբ, Իրանի  աջակցությունը վայելող հեզարեական Իսլամական միասնության կուսակցությունը՝ Աբդուլ Ալի Մազարիի առաջնորդությամբ, Ազգային փրկության ճակատը՝ Մոհամեդ Նաբի Մոհամեդիի ղեկավարությամբ, Սաուդյան Արաբիայի հովանու ներքո և նրանից բազմակողմանի ու մեծ աջակցություն ստացող Աբդուլ Ռասուլ Սիյաֆի Իսլամական միությունը։ Վերջինս, արաբական աղբյուրներից ֆինանսական ու այլ աջակցություններ ստանալով, արաբական երկրներից հավաքագրում էր կամավորների և զինավարժություններ կազմակերպում Պակիստանում։ Սիյաֆը սերտորեն համագործակցում էր նաև Օսամա Բեն Լադենի ու նրա գլխավորած «Ալ Քայիդա» կազմակերպության հետ, որը 1996թ․ թալիբների իշխանության գալուց հետո առաջիններից էր, որ Բեն Լադենին հրավիրեց Աֆղանստան։

Սակայն առավել ազդեցիկ ու հզորներ համարվում էին Հեքմաթյարի Իսլամական կուսակցությունը՝ արմատական իսլամական կողմնորոշմամբ և Ռաբբանի ու Ահմադ Շահ Մասուդի ղեկավարած Իսլամական ժողովուրդ չափավոր իսլամական կազմակերպությունը, որոնց փոխհարաբերությունները մշտապես խիստ լարված, անգամ թշնամական էին։ Որոշ փորձագետներ, այդ թվում՝ Աֆղանստանում ՄԱԿ-ի հանձնակատար Բենոն Սևանի օգնական Ռեզա Դեղաթին շեշտել է,  թե ԽՍՀՄ-ի դեմ 12-ամյա պատերազմի ընթացքում Հեքմաթյարի ուժերն ավելի շատ զոհեր են պատճառել Ահմադ շահ Մասուդի հրամատարությամբ տաջիկական ուժերին, քան խորհրդային զորամիավորներին[10]։ Վերջիններիս դեմ կռվող մոջահեդական կազմակերպություններին զենքով ու նյութապես ապահովում էին գլխավորապես ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը, սակայն օգնությունը հավասարապես չէր բաշխվում։ Այլ կերպ ասած՝ տրամադրվող աջակցության առյուծի բաժինը տրվում էր Հեքմաթյարի Իսլամական կուսակցությանը։ Աֆղանստանում փուշտունական իշխանության հաստատմամբ շահագրգիռ Իսլամաբադը Վաշինգտոնի համաձայնությամբ այդ երկրի հսկայական աջակցության 60 տոկոսը տրամադրում էր Հեքմաթյարին։ Իրանն էլ շիա Իսլամական միասնության կուսակցությանը հովանավորելուց զատ աջակցում էր նաև Հեքմաթյարին։ Նրան աջակցում էր Սաուդյան Արաբիան, որը երկրում համայնավարական կարգերի հաստատումից հետո տեղափոխվել էր Պակիստանի Փեշավար քաղաք և օր-օրի ընդլայնում էր մոջահեդներ վարժեցնող ճամբարների ցանցը, որի «սաներն» էին պակիստանցի, աֆղան ու արաբական երկրների կամավորները։ Փաստորեն տաջիկ մոջահեդական Իսլամի ժողովուրդ կազմակերպությունն ամենաքիչ օգնությունն էր ստանում, մինչդեռ վերջինիս ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդը մոջահեդական միակ հրամանատարն էր, ով երբեք չլքեց երկիրը և կռվեց կողք-կողքի շարքային մոջահեդների հետ, իսկ մնացած բոլոր խմբավորումների ղեկավարները հաստատվել էին Փեշավարում: Ահա թե ինչու Մաասուդը երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում՝ արժանանալով «Փանջշեր հովտի առյուծ» տիտղոսին:

1985թ․ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ստորագրեց հայտնի թիվ 166 հրամանագիրը, որի համաձայն՝ կտրուկ մեծացավ մոջահեդներին տրամադրվող ամերիկյան աջակցության ծավալը։ Նրանց տրվեցին նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ stinger տիպի հակաինքնաթիռային հրթիռներ[11]։ Հրամանագրում նաև հստակ նշված էին ԱՄՆ-ի նպատակները։ Եթե պատերազմի առաջին փուլում Վաշինգտոնի նպատակը ԽՍՀՄ-ի Կենտրոնական Ասիայի հանրապետություններում կրոնական ու ազգային զգացմունքների բորբոքումն էր, ապա այժմ Խորհրդային բանակին պարտության մատնելն ու այդ երկրից հեռանալ պարտադրելն էր[12]։

Փաստորեն 1983-89թթ․ Վաշինգտոնը մոջահեդներին ամենաարդիական զենքերից զատ 10-նյակ միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց լրացուցիչ զենքեր գնելու նպատակով։ Քայլ, ինչի շնորհիվ ընդլայնվում էին մոջահեդական խմբավորումների ճամբարները, որտեղ զինավարժություն էին իրականացնում ԱՄՆ-ի, Պակիստանի և Իսրայելի մասնագետները։[13] Եվ ահա ԱՄՆ-ը փայլուն կերպով իրականություն դարձրեց իր առջև դրված նպատակները․ 1989թ․ դեկտեմբերին Մոսկվան հարկադրված սկսեց այդ երկրից իր զորամիավորումներին դուրս բերելու գործընթացը, որն ավարտվեց 1990թ․ փետրվարի 15-ին։

 ԱՐԱԲ-ԱՖՂԱՆՆԵՐԸ

Աֆղանստանում համայնավարական վարչակարգի և խորհրդային զորքերի դեմ մոջահեդների շուրջ 12-ամյա պատերազմում իրենց ուրույն տեղն ու դերն ունեին 20-30 հազար արաբ կամավորները՝ Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից, Հորդանանից և արաբական այլ երկրներից: Նրանք մոջահեդական ռազմական ճամբարներ էին գնում իրենց երկրների հոգևորականության դրդմամբ և իշխանությունների խրախուսմամբ՝ վայելելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հովանավորությունը: Այդ կամավորները հետագայում արժանացան «արաբ-աֆղաններ» տիտղոսին: ԽՍՀՄ զորքերի դեմ պատերազմի ընթացքում նրանք արաբական աշխարհում շատ հաճախ մեծարվում էին իբրև հերոսներ: Սակայն Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո «արաբ-աֆղանները» դարձան գլխացավանք ոչ միայն իրենց հայրենիքում, այլև Արևմուտքի համար: Նրանք պակիստանցիների հետ հասան Արցախ՝ Արցախ-Ադրբեջան առաջին պատերազմում որպես վարձկաններ կռվելով Ադրբեջանի բանակում: Ամենահայտնի արաբ-աֆղաններից էին Օսամա բեն Լադենը և եգիպտացի բարձրաստիճան հոգևորական շեյխ Օմար Աբդուլ Ռահմանը: Վերջինս, վերադառնալով Եգիպտոս, լուրջ պայքար սկսեց իշխող վարչակարգի դեմ: 1991թ. սկզբին մեղադրվելով Եգիպտոսի խորհրդարանի նախագահի ահաբեկման մեջ՝ նա ապաստան գտավ ու մշտական ապրելու իրավունք ստացավ ԱՄՆ-ում: Օմար Աբդուլ Ռահմանը 1993թ. փետրվարին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթեցումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվեց ազատազրկման։

Սաուդացի  միլիոնատեր Օսամա բեն Լադենն առավել հայտնի «արաբ աֆղան» է, ով 1988թ․ Պակիստանի Փեշավար քաղաքում հիմնադրել է սալաֆա-վահաբական «Ալ քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Նրա մոջահեդական փառքը գագաթնակետին հասավ, երբ գլխավորելով արաբ կամավորներից կազմված մի ջոկատ՝ կարողացավ խորհրդային զորքերը դուրս մղել Աֆղանստանի Ջաջի քաղաքից: Լադենն Աֆղանստանի 2-3 նահանգում գաղտնի հզոր հենակետ էր ստեղծել՝ միաժամանակ սերտ համագործակցելով CIA-ի հետ: Բացի այդ սեփական մեծաքանակ տեխնիկայով մոջահեդների համար կառուցում էր թունելներ ու խրամատներ:

ԽՍՀՄ զորքերի դեմ պատերազմի ավարտից հետո Բեն Լադենը 400 զինակիցների հետ վերադարձավ հայրենիք և զենքն ուղղեց Սաուդյան իշխանությունների դեմ՝ խարխլելով երկրի կայունության հիմքերը: Լադենի օրինական ունեցվածքը գնահատվում էր ավելի քան 5 միլիարդ դոլար: Նա հայրենիքում ձգտում էր կործանել սաուդների թագավորությունը: 1995թ․ արքա Մալեք Ֆահդին հայհոյելու պատճառով զրկվեց Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունից, ապաստան գտավ Սուդանում, որտեղից էլ միջազգային ճնշումների ներքո 1996թ. ամռանը վտարվեց ու թալիբների հրավերով հաստատվեց Աֆղանստանում: Լադենը վերջիններիս հետ նաև ազգակցական կապեր էր հաստատել՝ ամուսնանալով «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Օմարի դստեր հետ:

ՄՈՋԱՀԵԴՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերի դուրսբերումից հետո մոջահեդական ռազմաքաղաքական կազմակերպությունները, որոնք ազգացեղային ու սկզբունքների առումով խիստ հակասական էին, իսկ փոխհարաբերությունները ոչ միայն բարեկամական չէին, այլև երբեմն թշնամական, պայքարը շարունակեցին ընդդեմ Մոհամեդ Նաջիբուլահ Ահմեդզայի համայնավարական վարչակարգի։ Սակայն մոջահեդական կազմակերպությունների, մասնավորապես ամենահզորների՝ Հեքմաթյարի ու Ռաբբանիի խմբավորումների միջև առկա խորը տարաձայնությունները խոչընդոտում էին իշխող վարչակարգի դեմ արդյունավետ, միասնական պայքարին, ինչը Նաջիբոլահին հնարավորություն տվեց երկրում իշխել մինչև 1992թ․ ապրիլի 12-ը։ Իրականում այն փլուզվեց ուզբեկ հրամանատար Աբդուլ Ռաշիդ Դուստումի կողմից մոջահեդների կողմն անցնելով  և ընդդեմ վարչակարգի պայքարելու արդյունքում։

Նույն թվականին Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Բենոն Սևանը երկրում խաղաղություն հաստատելու նպատակով 5 կետից բաղկացած նախագիծ ներկայացրեց, որն արժանացավ թե՛ վարչակարգի և թե՛ մոջահեդական կազմակերպությունների հավանությանը։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու էր կողմերին ընդունելի ժամանակավոր չեզոք կառավարություն։ Համաձայնություն ձեռք բերելուց հետո՝ ապրիլի 28-ին, Նաջիբուլահը հրաժարական տվեց, և այսպիսով տապալվեց համայնավարական վարչակարգը։ Թեև Աֆղանստանում այդ օրը նշվում է որպես հաղթանակի օր, բայց իրականում նոր բախումների, կոտորածների սկիզբ էր, քանի որ Սևանի նախագիծը, որին կողմ էր նաև ԱՄՆ-ը, չիրականացվեց, և 12-ամյա պատերազմից հյուծված երկրում խաղաղություն չհաստատվեց։

Վերլուծաբաններից ոմանք, այդ թվում՝ աֆղան Աբդոլհաֆիզ Մանսուրը, շեշտում են, որ Սևանի նախագծի ձախողումը գլխավորապես պահմանավորված էր անկախ կառավարության ձևավորման նախաշեմին Ահմադ Շահ Մասուդի ուժերի կողմից Քաբուլի գրավումով։ Վերջինս նշում է, որ Շահ Մասուդի կարծիքով՝ անկախ կառավարությունը թույլ էր լինելու, քանի որ հենված չէր ռազմաքաղաքական թատերաբեմում առկա հզոր ուժերի վրա։ Բացի այդ Մասուդը շեշտել էր, թե քանի որ այն հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, հետևաբար հարցականի տակ կդրվի մոջահեդական ուժերի անկախությունը[14]։

ԱՄՆ-ը, Շահ Մաասուդի քայլն իր հանդեպ թշնամություն գնահատելով, դեսպանությունը չվերաբացեց Քաբուլում, ընդհատեց մոջահեդներին հատկացվող աջակցությունը, նրանց գրեթե մոռացության մատնեց, ինչը լայն հնարավորություն ստեղծեց Աֆղանստանի ներքին գործերին Պակիստանի միջամտության համար, որը խիստ զայրացած էր Շահ Մաասուդի հաղթանակով, քանի որ ISI-ը լուրջ ներդրումներ էր կատարել Հեքմաթյարին իշխանության բերելու հանար[15]։ Բացի այդ Աֆղանստանի ողջ պատմության ընթացքում իշխանության ղեկի մոտ լինելով՝ փուշտուններն իրենց երկրի տեր ու տիրական էին համարում և չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքում չլինի։

Քաբուլի գրավումով մոջահեդական կազմակերպությունները հանուն իշխանության զենքերն ուղղեցին միմյանց դեմ՝ խոչընդոտելով Սևանի նախագծի իրականացմանը։ Նրանք թույլ  չտվեցին նաև, որ Նաջիբուլահը հեռանա երկրից։ Նա հարկադրված ապաստան գտավ ՄԱԿ-ի գրասենյակում ու մինչև 1996թ․ սեպտեմբեր մնաց այնտեղ։ Այսուհանդերձ մոջահեդական խմբավորումների ղեկավարներին հաջողվեց Փեշավարում համաձայնագիր ստորագրել, ըստ որի՝ 2 ամիս ժամկետով երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց «Ազգային փրկության ճակատ» կազմակերպության առաջնորդ, ծագումով արաբ Սեբղաթոլահ Մոջադադին։ Նա պաշտպանության նախարար նշանակեց Շահ Մասուդին։ Սակայն նախագահը չկարողացավ իր երկամսյա իշխանության ընթացքում միջմոջահեդական տարաձայնություններին ու հակամարտություններին վերջ դնել և լուրջ քայլ կատարել երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ։

Երկրում կայունություն հաստատելուն խոչընդոտող հանգամանք էր նաև արտաքին գործոնը։ Աֆղանստանում շահագրգիռ պետությունները ևս, եթե ԽՍՀՄ-ի և երկրի համայնավարական վարչակարգի դեմ միասնական դիրքորոշում ունեին, ապա միջմոջահեդական բախումների ընթացքում նրանք աջակցում էին իրենց հովանու տակ գտնվող, իրենց շահերը ներկայացնող կազմակերպություններին, իսկ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան շարունակեցին աջակցել Հեքմաթյարին։ Իրանը դադարեց հովանավորել վերջինիս և Մազարիի Իսլամական միասնությունից զատ սկսեց օժանդակել նաև Ռաբբանիին ու Շահ Մասուդին, հանգամանք, ինչն ավելի էր բորբոքում միջմոջահեդական հակամարտությունները։

1992թ․ հունիսի վերջին, ըստ փեշավարյան համաձայնության, 4 ամսով նախագահ դարձավ Ռաբբանին, ում հետ մեծ հույսեր էր կապում հասարակությունը։ Փաստորեն Աֆղանստանի պատմության ընթացքում առաջին անգամ երկրի ղեկավար դարձավ ազգությամբ ոչ փուշտուն։ Սակայն Ռաբբանիի գլխավորած կառավարությանը ևս ոչ միայն չհաջողվեց երկրում կայունություն ու խաղաղություն հաստատել, այլև հակամարտություններն էլ ավելի սաստկացան, ինչը, թերևս, մոջահեդական խմբերին աջակցող պետությունների փոխհարաբերությունների արտացոլումն էր Աֆղանստանում։

Քաբուլը, որը ԽՍՀՄ-ի և համայնավարական վարչակարգի դեմ պատերազմում գրեթե չէր տուժել, բաժանվել էր 5-6 մասի, և յուրաքանչյուր հատված վերահսկում էր մոջահեդական հակամարտ խմբերից մեկը, ինչի հետևանքով քաղաքն ավերվեց։ 1993թ․ մարտին մոջահեդական կազմակերպությունների առաջնորդներն Իսլամաբադում համաձայնություն ստորագրեցին Ռաբբանիի նախագահությունը մինչև 1995թ․ ամառ երկարաձգելու վերաբերյալ։ Վերջինս մոջահեդական գլխավոր 9 խմբից 2-ական անդամով նոր կառավարություն ձևավորեց, և Հեքմաթյարին նշանակելով վարչապետ՝ նրա պահանջով Ռաբբանին Շահ Մասուդին հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից։ Այսուհանդերձ, Հեքմաթյարին չի բավարարում վարչապետի պաշտոնը, նա նպատակամղված էր փուշտուններին վերադարձնել կորսված իշխանությունը, ինչին խիստ ձգտում էր իր հովանավոր Պակիստանը, այս ուղղությամբ ջանքեր էր գործադրում անգամ Կենտրոնական Ասիայում սրել տաջիկա-ուզբեկական հակասությունները և այն ներմուծել Աֆղանստան, ինչն էլ ավելի  էր բարդացնում իրավիճակը։

Ռաբբանին ու Շահ Մասուդը 1992թ․ համագործակցում էին ուզբեկ գեներալ Դուստումի հետ, սակայն Ռաբբանիի կառավարությունում պաշտոն չստանալով՝ նա հեռացավ՝ միանալով Հեքմաթյարին։ Մինչդեռ վերջինս Ռաբբանիին մեղադրում էր համայնավարների հետ համագործակցելու համար։ Հեքմաթյարը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, միաժամանակ համագործակցելով Դուստումի հետ, դաժան պայքար էր մղում իշխող կառավարության ու այլ կազմակերպությունների դեմ ողջ  իշխանությունը զավթելու նպատակով, ինչը չհաջողվեց նրան, սակայն այդ ընթացքում Քաբուլում իրականացրած բռնությունների ու դաժան սպանությունների համար ստացավ «Քաբուլի մսագործ» տիտղոսը։

Իսլամաբադը Հեքմաթյարի իշխանությունը զավթելու հանձնարարականն առաջին հերթին պայմանավորում էր այն մտավախությամբ, որ եթե  իշխանության ղեկին մնան տաջիկները, ապա հնարավոր է, որ Աֆղանստանի փուշտունների դժգոհությունը հանգեցվի անկախության օրակարգ ձևավորելուն, ինչը լուրջ սպառնալիք կլիներ Պակիստանի տարածքային ամբողջականության համար։ Քանի որ Պակիստանի ավելի ընդարձակ ու գրեթե եռակի, քառակի բնակչությամբ փուշտունաբնակ տարածքն Աֆղանստանի փուշտունաբնակ տարածքների շարունակությունն է, ուստի  հնարավոր էր, որ այնտեղ ևս բորբոքվեին անջատողական տրամադրությունները։ Մանավանդ որ սահմանների հարցում Աֆղանստանի հետ լուրջ տարաձայնություններ կային ու կան, ինչն էլ մտահոգում է Իսլամաբադին։

Նշենք, որ 1893թ․ Մեծ Բրիտանիա-Աֆղանստան 3-րդ պատերազմից Բրիտանական Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Հենրի Մորթիմըր Դյուրանդը (Henry Mortimer Durand)  գծել էր երկու երկրների սահմանը, որը ստորագրել է Աֆղանստանի էմիր Աբդոլռահման խանը, ըստ որի՝ փուշտունաբնակ 40 հազար քառակուսի մղոն տարածքը  հանձնվել է Բրիտանական Հնդկաստանին, ինչը Քաբուլը չի ընդունում։

1947թ․, երբ Պակիստանն անկախացավ, այդ տարածքը հայտարարվեց որպես ինքնավարություն, և ինչպես Քաբուլն է պնդում՝ Դյուրանդի գիծն այդ երկրի փուշտուններին երկու մասի բաժանեց։ Սակայն պայմանավորվածության համաձայն՝ գծի երկու կողմերում ապրող փուշտուններն անարգելք, առանց ելք ու մուտքի վիզայի, անցուդարձ են արել մինչև 2000-ականների սկիզբը։ Պակիստանը, ինչպեսև մի շարք այլ երկրներ, այդ գիծը սահմանային գիծ են անվանում և համարում երկու երկրների պետական պաշտոնական սահմանը։

Աֆղանստանի իշխանությունները լուրջ հավակնություններ ունեն Պակիստանի փուշտունաբնակ տարածքների նկատմամբ։ Վերջին շրջանում աֆղանական ԶԼՄ-ները խիստ կարևորում էին Դյուրանի գծին նվիրված հնդիկ հայտնի դիվանագետ Ռաջիվ Դագրայի հրապարակած «Դյուրանդի աղետը» գիրքը, որտեղ նա ապացուցում է, որ Աբդոլռահման խանն այդ սահմանագծի շուրջ բանակցելիս առողջ վիճակում չի եղել[16]։ 

Ահա թե ինչու Իսլամաբադը ջանք չի խնայել ու չի խնայում, որպեսզի Աֆղանստանում իշխանության գա մի ուժ, որը լինի պակիստանամետ և փուշտուն։ Բնականաբար Իսլամաբադը չէր կարող հանդուրժել տաջիկների իշխանությունն ու փուշտունների դժգոհությունը դրանից, ուստի որոշեց փուշտունական նոր ուժ ձևավորել Պակիստանի մեդրեսեներում սովորող փուշտուն սաներից՝ «թալիբներից», մանավանդ որ CIA-ի և FBI-ի (Հետախուզությունների դաշնային բյուրո) ուսումնասիրություններն ապացուցել էին, որ 1993թ․ փետրվարի 24-ի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթեցմանը մասնակից են եղել Հեքմաթյարի ճամբարներում վարժեցված 100 արաբ-աֆղան։ Հանգամանք, ինչը Վաշինգտոնին ևս շահագրգռել էր Հեքմաթյարին ասպարեզից հեռացնելու հարցում։

1994թ․ աշնանը Պակիստանում կազմավորվեց և Աֆղանստանի ռազմաքաղաքական թատերաբեմ իջեցվեց ծայրահեղ իսլամական փուշտունական «Թալիբան» շարժումը՝ խաղից դուրս թողելով Հեքմաթյարին։ Միաժամանակ «Թալիբանը» հայտարարել էր, թե Աֆղանստանում իսլամական  վարչակարգ հաստատելուց հետո կպայքարի հանուն Քաշմիրի, որի հանդեպ տարածքային հավակնություններ ունի Պակիստանը։

***

ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Պակիստանը, «Թալիբան» շարժմանը ծնունդ տալով, ցանկանում էր Աֆղանստանում դրածո իշխանություն ձևավորելով, կյանքի կոչել իր քաղաքական, տնտեսական, ինչպեսև ռազմավարական նպատակները, այն է՝  ի վերջո Աֆղանստանը դաշնային կարգավիճակով  միացնել Պակիստանին, այնպես, ինչպես Օսմանյան կայսրությունը կովկասյան թաթարների հանրապետությունն իր համաթյուրքական նպատակամղմամբ անվանեց «Ադրբեջանի Հանրապետություն»։

Խոսելով տնտեսական գործոնի մասին՝ նշենք, որ Իսլամաբադը Կենտրոնական Ասիայի նորանկախ հանրապետություններին դիտում էր որպես պակիստանյան ապրանքների համար կարևոր շուկա։  Ահա թե ինչու վերջինս որոշել էր 1994թ․ հունիսի 13-ին վերաբացել «Մետաքսի մայրուղին», որն անցնում է պատերազմահար Աֆղանստանի տարածքով[17]։ Իսկ «Թալիբանը», երկրում կայունություն հաստատելով, կնպաստեր այդ որոշումը կյանքի կոչելուն։ Բացի այդ Պակիստանը խիստ շահագրգիռ էր Թուրքմենստանի գազի արտահանման վերաբերյալ օրակարգային դարձած Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան գազամուղի կառուցման նախագծով։ Ավելի ուշ Հնդկաստանն էլ միացավ դրան, և գազամուղը կոչվեց TAPI (Trans-Afghanistan Pipeline)։ Նախագծի հանդիսավոր գործարկումը մասնակից երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցավ 2016թ․ Թուրքմենստանում, որի կառուցումն ավարտվեց 2018թ․:

Թերևս պատահական չէր, որ թալիբները 1994թ․ հոկտեմբերի 11-ին արձանագրեցին առաջին հաղթանակը, իսկ հաջորդ օրը Նյու Յորքում ամերիկյան «Յունոքալ»[18] նավթային ընկերության և Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիազովի միջև կնքվեց 3 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր, ըստ որի՝ Թուրքմենստանի գազն Աֆղանստանի տարածքով կհասներ Քարաչի նավահանգիստ։ Ավելին, պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև նույն ուղղությամբ նավթամուղ կառուցելու վերաբերյալ 4 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ[19]։

Նշենք, որ 1994թ․ Աֆղանստանում գրագիտության մակարդակը շատ ցածր էր, բնակչության 4/5-ն անգրագետ էր։ Մարդիկ իրենց զավակներին գրաճանաչ դարձնելու համար ուղարկում էին մզկիթներում կազմակերպված կրոնական դասընթացներին, որոնք հիմնականում ղեկավարում էին թալիբները։ Այդ պատճառով էլ թալիբները որպես ուսուցիչ մեծ հարգանք էին վայելում այդ երկրում։ Հանգամանք, ինչը նպաստում էր թալիբների առաջխաղացմանը, մանավանդ որ հասարակությունն արդեն հոգնել էր մոջահեդական բախումներից։ Թալիբները ռազմաքաղաքական թատերաբեմում հայտնվեցին հետևյալ կարգախոսներով․

1․ «Թալիբանն» ինքնաբուխ շարժում է և արտաքին որևէ ուժից կախում չունի։

2․ «Թալիբանն» իշխանության չի ձգտում, միակ նպատակը երկրում անվտանգության ապահովումն ու իսլամական օրենքների իրականացումն է։

3․ «Թալիբանը» չի պատկանում Աֆղանստանում բնակվող և ոչ մի առանձին ազգի կամ ազգության, այն համաաֆղանական շարժում է։

4․ Աֆղանստանում անվտանգության ապահովման համար առաջին հերթին անհրաժեշտ է զինաթափել բոլոր զինյալ խմբերին, բացառությամբ «Թալիբանի»։

Թեև հայտարարել էին, թե «որևէ ազգի կամ ազգության չեն պատկանում», սակայն «Թալիբանին» միացան փուշտունական որոշ կամակերպություններ, այդ թվում՝ Մոհամեդ Նաբի Մոհամադիի Իսլամական հեղափոխություն շարժումը, Յունես Խալեսի ղեկավարած Իսլամական կուսակցությունը, Աբդուռասուլ Սիաֆի առաջնորդած Իսլամական միասնությունը, նաև մի քանի փուշտուն հրամանատարներ։

Նրանք մոտ երեք ամսվա ընթացքում գրավեցին Աֆղանստանի 1/3-ը, իսկ 1995թ․ աշնանն արդեն 60 տոկոսը շրջափակեց Քաբուլը, սկսեց ռմբակոծել։ Ռաբբանիի կառավարության դեմ թալիբներից զատ պայքարում էր մոջահեդական նոր ձևավորված Համակարգման գերագույն խորհուրդ դաշինքը, որի անդամներից էին Դուստումի, Հեքմաթյարի, Մոջադադիի և այլ կազմակերպություններ։ Ռաբբանին փորձեց խնդիրը բանակցություններով լուծել մոջահեդական բոլոր խմբավորումների ու թալիբների մասնակցությամբ, սակայն հաշվի առնելով յուրաքանչյուրի և նրանց հովանավորների նպատակները՝ դրանք ի սկզբանե դատապարտված էին ձախողման։

Ի վերջո 1996թ․ «Թալիբանը» գրավեց Քաբուլը, երկրում հաստատեց Իսլամական էմիրություն, սպանեց Նաջիբոլահին ու նրա եղբորը։ Ռաբբանին և նրա Իսլամական ժողովուրդ կազմակերպության ուժերի հրամանատար Շահ Մասուդը տեղակայվեցին հյուսիսում՝ Փանջշեր հովտում, թալիբների դեմ պայքարը շարունակելու նպատակով, որտեղ էլ ձևավորվեց Հյուսիսի դաշինքը։ Դրանում Իսլամական ժողովրդից զատ ներառված էին շիա հեզարեների Իսլամական միասնության, Դուստումի Աֆղանստանի ազգային իսլամական շարժման, ինչպեսև Արևելյան խորհրդի (այն բազմազգ կազմակերպություն էր, որտեղ մեծամասնություն էին փուշտուն և տաջիկ-հեզարեական Իսլամական շարժում կազմակերպությունների ուժերը, իսկ Աբդուլա Աբդուլան գործում էր որպես դաշինքի ԱԳ նախարար։

«Ամիրալմոմենին» (հավատացյալների առաջնորդ) տիտղոսով Մոհամեդ Մոլա Օմարի առաջնորդությամբ թալիբների Իսլամական Էմիրություն հաստատելով Աֆղանստանում՝ երկրում իրականացնում էին շարիաթի սալաֆա-վահաբական մեկնության դաժան խստություններով օրենքներ։ Իգական սեռը դարձավ որպես արական սեռի «ապրանք», ոչ ավելին, միայն ամուսնու, եղբոր և հոր ուղեկցությամբ իրավունք ուներ տանից դուրս գալու, միակ «իրավունքը» տղամարդուն ծառայելն էր։ Տղամարդիկ էլ պարտավոր էին մորուք պահել, այլապես պատժվում էին։ Ոչնչացնում էին մշակույթի այն հուշարձանները, որոնք չէին համապատասխանում իրենց դավանած սալաֆա-վահաբական սկզբունքներին։ Բամյանում Բուդդայի հուշարձանների ոչնչացումը պայմանավորված էր նաև իրենց տիրոջը՝ Պակիստանին հաճոյանալով, քանի որ հնդկական մշակույթի հետքերը վերացնելու քայլ էր։

Թալիբները Քաբուլը գրավելուց անմիջապես հետո Բեն Լադենին ու «Ալ Քայիդային» հրավիրեցին Աֆղանստան։ Բեն Լադենն ու իր գլխավորած «Ալ Քայիդան», որը կրոնական նույն սկզբունքներով էր առաջնորդվում, միահյուսվեցին թալիբների հետ, և փաստորեն Աֆղանստանը վերածվեց ահաբեկչական բռնապետության։ Թերևս ներքին ու արտաքին նման քաղաքականության պատճառով էր, որ բացառությամբ Պակիստանի, ինչը բնական էր, թալիբների իշխանությունը ճանաչեցին միայն Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները, այժմ վերջիններիս գուցե փոխարինի Կատարը։

ԱՄՆ-ը, որը Հեքմաթյարին փոխարինող ուժի հարցում ոչ միայն համաձայն էր, այլև գրեթե Թալիբանի «համահեղինակ», 1994թ․-ից Աֆղանստանի հարցում կրկին ակտիվացավ և 1995թ․ նոյեմբերին, ապա 1996թ․ ապրիլին փոխպետքարտուղար Ռաֆայել Ռաբինն այցելեց այդ երկիր։ Նույն թվականին նաև սենատոր Հանն Բրաունն այցելեց Աֆղանստան, ով ՄԱԿ-ի հանձնակատար Մահմուդ Մեսթիրիի գործունեությունն այդ երկրում անբավարար գնահատեց, ինչը, թերևս դերակատարություն ունեցավ նրան աշխատանքից հեռացնելու հարցում[20]։

Ուստի ԱՄՆ-ը ոչ միայն մտահոգություն չուներ, այլև հակված էր ճանաչել թալիբներին որպես այդ երկրի օրինական իշխանություն։ Սակայն նրանց որդեգրած ներքին քաղաքականությունը և Բեն Լադենի գլխավորած ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը պատճառ դարձավ, որ Վաշինգտոնը վերանայի իր քաղաքականությունը նրանց նկատմամբ։ Այս հարցում  նշանակալից դեր ունեցան 1998թ․ Տանզանիայում ու  Քենիայում ԱՄՆ դեսպանությունների դեմ «Ալ Քայիդայի» իրականացրած ահաբեկչությունները։ Առաջին դեպքում ավելի քան 200 զոհ եղավ, երկրորդում՝ շուրջ մեկ տասնյակ։ 2000թ․ հոկտեմբերի 12-ին «Ալ Քայիդայի» հաջորդ թիրախը դարձավ ԱՄՆ USS Gole ռազմանավի պայթեցումը, որն Ադանայի նավահանգստում վառելիք էր լիցքավորում, դարձավ մահապարտ ահաբեկչի թիրախ, զոհվեց 17 նավաստի, 39-ն էլ վիրավորվեց[21]։

ՀՅՈՒՍԻՍԻ ԴԱՇԻՆՔԸ

Թալիբանը փաստացի վերահսկում էր Աֆղանստանի տարածքի 75-80 տոկոսը, իսկ Հյուսիսային դաշինքը վերահսկում էր հյուսիսի մի հատվածը՝ 20-25 տոկոսը, Փանջշեր կենտրոնով։ Հյուսիսի ուժերը փորձառու, հմուտ ու խարիզմատիկ հրամանատար Ահմադ Շահ Մասուդի գլխավորությամբ փոքրաթիվ, բայց կուռ ու մարտունակ ուժերով կարողանում էին մոլորեցնել թալիբներին, լուրջ հարվածներ հասցնել ու դառնալ գլխացավանք ռազմական գործողությունների հմտություններից անտեղյակ թալիբների համար։

Սակայն ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին՝ ալքայիդականների զարհուրելի ահաբեկչություններից 2 օր առաջ թալիբները, թերևս, մեծ հաջողություն արձանագրեցին․ սեպտեմբերի 9-ին երկու թունիսցի ալքայիդական ծպտյալ մահապարտ որպես լրագրող ներթափանցեց Փանջշեր, և ահաբեկչության զոհ դարձավ Փանջշերի առյուծը՝ Ահմադ շահ Մասուդը, ինչը կարող էր ճակատագրական լինել Աֆղանստանի համար։ Սա թալիբների խոշորագույն հաղթանակն էր, որը կարող էր նրանց հնարավորություն ընձեռել իրենց իշխանությունը երկրի ողջ տարածքի վրա տարածելու համար, ապա ինչպես հայտարարում էին՝ արաբ «Ալ Քայիդայի» ու պակիստանցի համախոհների հետ անցնել Ամուդարիան, հասնել Սամարղանդ, Բուխարա, մինչև Կովկաս[22]։  

Հատկանշական է նաև, որ ի տարբերություն թալիբների՝ Հյուսիսային դաշինքն իր չափավորական կրոնական համոզմունքներով կարողացել էր մեծ թվով համակիրներ ձեռք բերել թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Աֆղան վերլուծաբան Արեֆ Սարվարիին նշում է, որ երկրի սահմաններից դուրս էլ, իսկ առաջին հերթին հարևան երկրները, որոնք մտահոգված էին ծայրահեղական իսլամի տարածումից, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, հովանավորում էին Հյուսիսի դաշինքին, որոնց աջակցությամբ էլ վերջինս կարողանում էր զենք, զինամթերք հայթայթել։ Նա հավելում է, որ նշյալ երկրները՝ առաջին հերթին Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեին, նաև մարդասիրական զգալի օգնություն էին ցուցաբերում, բուժում վիրավորներին և այլն։ Սարվարիին շեշտում է, որ եթե չլիներ այդ աջակցությունը, Հյուսիսի դաշինքը հազիվ թե դիմանար մինչև 2001թ․ սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ն էլ  լիովին փոփոխության ենթարկեց թալիբների հանդեպ իր քաղաքականությունը և պաշտոնապես ճանաչեց Հյուսիսի դաշինքը։[23] ԱՄՆ-ը, վերջինիս հետ խորհրդակցելով, նախապատրաստվեց թալիբների ու Բեն Լադենի դեմ պատերազմին, որը սկսվեց 2001թ․ նոյեմբերին։

Սարվարիին, խիստ կարևորելով Հյուսիսի դաշինքի դերը թալիբների ու «Ալ Քայիդայի» դեմ պատերազմում, շեշտել է, որ երկրի  լեռնային ու ըմբոստ բնությունը միշտ էլ օտար ուժերին դրել է բարդ ու դժվարին իրավիճակում։ Նույն վիճակում կհայտնվեր նաև ԱՄՆ-ը, և բացառված չէր, որ Պենտագոնը տարիներ պատերազմեր թալիբների դեմ ու նման արդյունքի չհասներ։ Մինչդեռ դաշինքի տասնյակ հմուտ հրամանատարներ տարբեր ուղղություններով աջակցում էին ԱՄՆ-ի զորքերին, ինչը, թերևս, օդ ու ջրի նման անհրաժեշտ էր նրանց հաջողության հասնելու համար, երբ «Ալ Քայիդան» ու թալիբները պատրաստ էին կյանքի ու մահվան գնով կռվել ԱՄՆ-ի դեմ, մանավանդ որ Պակիստանի մեդրեսեներից թալիբները թարմ ուժերով համալրվում էին Քաբուլի ու հյուսիսի ուղղությամբ։ Նա հավելել է, որ խիստ անհավանական էր թվում, թե կարելի է 3-4 շաբաթվա ընթացքում պարտության մատնել թալիբներին և երկրում խաղաղություն ու անվտանգություն հաստատել[24]։

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2001թ․ նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Բոննում տեղի ունեցած համաժողովում որոշվեց Աֆղանստանի հետթալիբական իշխանության հարցը, որին մասնակցում էին Աֆղանստանի 4 քաղաքական խմբեր՝ ներկայացնելով այդ երկրի ազգերին ու ազգություններին, ՄԱԿ-ի 11 հոգանոց պատվիրակությանն ու 15 երկիր՝ դիտորդի կարգավիճակով։

Համաժողովը ՄԱԿ-ի ներկայացրած նախագծի հիման վրա ընդունեց 3 կետից բաղկացած որոշում․ ա) ձևավորել 6-ամսյա ժամկետով գործադիր իշխանություն՝ կազմված 31 անդամից՝ վարչապետից, 25 նախարարներից և 5 փոխվարչապետից, բ) ստեղծել 21 հոգանոց հանձնաժողով, որը կզբաղվեր արտակարգ Լոյա ջերգեի[25] ընտրությունների հարցերով: Նշենք, որ Լոյա ջերգեի կազմավորման նպատակներից ելնելով՝ այն կարող է դիտվել և՛ իբրև սահմանադիր ժողով, և՛ իբրև խորհրդարան, գ) ձևավորել 21 անդամներից բաղկացած դատական գերագույն ատյան, որը կկարգավորեր դատական իշխանության կազմավորման հարցերը:

Վարչապետ ընտրվեց Համեդ Քյարզայը, ով այնուհետև որպես երկրի նախագահ ընտրվեց ժամանակավոր կառավարությունում։ Նա ԱԳ նախարարության գործունեությունը գրեթե ամբողջությամբ հանձնարարեց Հյուսիսի դաշինքին, որն արդեն փորձ ուներ։ Հաստատված նախագիծը կյանքի կոչվեց, սակայն բաղձալի խաղաղություն չհաստատվեց այդ երկրում, արյունահեղությունը շարունակվեց, թալիբներն ահաբեկչական գործողություններ սկսեցին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ուժերի և կառավարության դեմ, որին այդպես էլ  չընդունեց։ 2003թ․ երկրի Սահմանադրության համաձայն՝ երկրում հաստատվեց Իսլամական հանրապետություն համակարգ, երկիրը կոչվեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (ԱԻՀ)։

Անվտանգության առումով առաջին նախագահական ընտրությունները երկու անգամ հետաձգվեցին։ Դրանք տեղի ունեցան 2004թ․ հոկտեմբերի 10-ին, որոնց քարոզարշավի ու ընտրությունների օրը տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով շուրջ 100 մարդ զոհվեց։ Թեև թալիբները հայտարարել էին, որ թույլ չեն տա ընտրությունները տեղի ունենան, բայց և այնպես դրանք տեղի ունեցան 18 թեկնածուների մասնակցությամբ, հիմնականում փուշտուն ու տաջիկ։ Համեդ Քյարզայն ընտրվեց որպես առաջին նախագահ, չնայած որ իշխանությունները մեղադրվեցին արդյունքները կեղծելու համար, ինչն անհիմն չէր[26]։

Երկրորդ նախագահական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2009թ․, նույն պատկերն էր․ այս անգամ Քյարզայի գլխավոր մրցակիցն ԱԳ նախարար, տաջիկ Աբդուլահ Աբդուլահն էր։ Ընտրությունները տեղի ունեցան օգոստոսի 19-ին ավելի քան 30 թեկնածուի մասնակցությամբ։ Նախ հայտարարվեց, թե 54 տոկոսով հաղթել է Քյարզայը, հետո ապացուցվեց, որ արդյունքները կեղծված են, ուստի նշանակվեց ընտրությունների երկրորդ փուլ, Աբդուլահը հրաժարվեց մասնակցությունից, և կրկին նախագահ դարձավ Քյարզայը։

Երրորդ նախագահական ընտրություններին գլխավոր մրցակիցներն էին Աբդուլահը և փուշտուն Աշրաֆ Ղանի Ահմադզայը, ով նախորդ ընտրություններում 4-րդ տեղն էր զբաղեցրել։ Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո երկրուսն էլ իրենց հաղթող հայտարարեցին, սակայն երկար սակարկելուց հետո համաձայնեցին իշխանությունը կիսել․ Ղանին դարձավ նախագահ։

Չորրորդ և վերջին ընտրություններին (2019թ․) դարձյալ գլխավոր մրցակիցները նրանք էին, արդյունքները հայտարարելուց հետո կրկին երկուսն էլ իրենց հաղթող հայտարարեցին և նույն օրը մասնակցեցին երդմնակալության արարողություններին։ Այնուհետև ամիսներ շարունակ բանակցությունից հետո նրանք կրկին համաձայնության եկան իշխանությունը կիսելու շուրջ, Աբդուլահը դարձավ երկրի երկրորդ դեմքը։ Թալիբները, բոլոր մակարդակի ընտրությունները շարիաթի օրենքներին հակասող գնահատելով, կոչ էին անում  չմասնակցել և սպառնալիքներ էին հնչեցնում, ուստի դրանք անցնում էին անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։ Դրա նախօրեին ու ընթացքում երկրում տիրում էր վախի մթնոլորտ թալիբների սպառնալիքների ու ահաբեկչությունների ուղեկցությամբ։ 

Մյուս կողմից ընտրությունների արդյունքներն ու անցկացման ընթացքը նախ վկայում էին քաղաքական դաշտի չկայացած լինելու ու խառնաշփոթի մասին, ապա դրանք հանգեցվել էին հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ անվստահության։ Բացի այդ, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, երկրում առկա էր նաև կազմակերպված կոռուպցիա, այդ թվում՝ բարձր պաշտոնների «վաճառքն» ու ընտրողների քվեների «գնումը» և այլն։[27] Նշվածին կարելի է ավելացնել նաև ազգային համերաշխության կառավարության ձևավորման հարցում իշխանությունների անկարողությունը, հարուստների ու աղքատների միջև առաջացած խոր վիհը։ Այս բոլորը, ինչպեսև բանակի թուլությունն ԱԻՀ-ի սրընթաց կործանման պատճառներից էին։ Թեև 20 տարվա ընթացքում երկրում ձևավորվել էին ժողովրդավարական ինստիտուտներ, գիտակցության ու կրթության մակարդակը զգալիորեն բարձրացել էր, սակայն հասարակության փոխհարաբերություններում պահպանվեցին ցեղային առանձնահատկությունները:

Վերլուծաբանների կարծիքով՝ ազգ-պետություն կառուցվածքը, իրատեսական բյուրոկրատիան Աֆղանստանի հասարակությունում ընդունելի չեղան, ինչը նշանակում է, որ 20 տարվա ընթացքում համախմբված հասարակություն և դրանից ծնված միացյալ բանակ ստեղծելու ջանքերը լիովին ապարդյուն են անցել[28]։ Ներքին հիշյալ գործոններից զատ ԱԻՀ-ի փլուզման, անձնատուր լինելու հարցում կարևոր դերակատարություն ունեին նաև այլ գործոններ, առաջին հերթին թալիբներին Պակիստանի կողմից հովանավորումը, չնայած որ «միացել էր» հակաահաբեկչական կոալիցիային։ Թալիբներին հովանավորելու գործոնով պայմանավորված՝ երկու երկրների փոխհարաբերությունները, մասնավորապես 2006թ․-ից ի վեր, երբ «Թալիբանը» կրկին հզորանում է, իսկ հարաբերությունները տարբեր պատճառներով հաճախ լարված ու ճգնաժամային էին, դրանք անգամ ընդհատվել են։ Թեև Իսլամաբադը մշտապես հերքել է, սակայն հաշվի առնելով թալիբների ընտրած թիրախները՝ օրինակ, 2008-2009թթ․ Քաբուլում Հնդկաստանի դեսպանության դեմ երկու անգամ մահապարտի միջոցով ահաբեկչությունը, որոնց ընթացքում 70 մարդ զոհվեց, ակնհայտ էր, որ Պակիստանի շահերին համընթաց էին ընտրվում ահաբեկչության օբյեկտները։

Աֆղանստան-Պակիստան փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով դեռևս 2007թ․-ից Թուրքիան միջնորդության առաքելությամբ էր հանդես գալիս, երբ տեղի ունեցավ եռակողմ առաջին գագաթնաժողովը, իսկ 6-րդը տեղի ունեցավ 2011թ․ նոյեմբերին, որի ձեռքբերումը բանակցությունների վերականգնումն էր։ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Ստամբուլում հյուրընկալեց Ա‎ֆ‎ղանստանի ու Պակիստանի նախագահներ Համեդ Քյարզային և Ասե‎ֆ Ալի Զարդարին։ Դրանք ընդհատվել էին, քանի որ հերթական ահաբեկչության զոհ էր դարձել Ա‎ֆ‎ղանստանի նախկին նախագահ, խաղաղության գերագույն խորհրդի նախագահ և թալիբների հետ ավագ բանակցող Ռաբբանին։ Իսլամաբադը մեղադրվում է նշյալ ահաբեկչությունը բացահայտելուն չհամագործակցելու համար, իսկ աֆղան պաշտոնյաներից ոմանք էլ՝ Պակիստանին ահաբեկչությունը ծրագրելուն մասնակցելու համար[29]: Ավելին, Իսլամաբադը երբեք բարիացակամ չի եղել Ռաբբանիի հանդեպ, դա են վկայում 1992թ. դեպքերը։ Հավելենք, որ Թուրքիան ԱԻՀ-ում իր ազդեցության տարածումը փորձել է դեռևս Բոննի համաժողովից, որտեղ հավակնում էր ստանձնել միջազգային խաղաղարար ուժերի հրամանատարությունը[30]։

Ինչ վերաբերում է իշխանություն-«Թալիբան» բանակցություններին, ապա դրանք առաջին անգամ տեղի են ունեցել 2012թ․ դեկտեմբերի 21-22-ին Ֆրանսիայում, որոնց միակ ձեռքբերումը համարվեց թալիբների մասնակցությունը։ «Թալիբանը» համաժողովին շեշտել էր, որ հաստատակամ է «Իսլամական Էմիրության» վերականգնմանը՝ շեշտելով, թե ներկա Սահմանադրությունը մշակվել է զավթիչ ուժերի ճնշման ներքո։ Նրանք երբեք ԱԻՀ-ը  չճանաչեցին որպես երկրի օրինական իշխանություն՝ այն համարելով Միացյալ Նահանգների դրածո[31]։

Թալիբները նաև շեշտել էին, թե չեն պատրաստվում համաձայնության եզր գտնել իշխող վարչակարգի հետ: Դիրքորոշում, որն անփոփոխ մնաց մինչև վերջ, և շարունակեցին պայքարն ընդդեմ իշխանության ու օտարերկրյա ուժերի՝ գլխավորապես ահաբեկչական մեթոդներով։

Եվ ահա 2020թ․ փետրվարի 29-ին Դոհայում Կատարի միջնորդությամբ 18 ամիս բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի և թալիբների միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Ա‎ֆղանստանից դուրս էին բերվելու օտարերկրյա զորքերը՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ինը, իսկ թալիբները պարտավորություն էին ստանձնել Ա‎ֆղանստանի տարածքում ահաբեկչության թիրախ չդարձնել ԱՄՆ-ին ու այլ երկրների։ Դոհայում պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև միջաֆղանական բանակցությունների շուրջ, որտեղ «Թալիբանը» կրկին շեշտել էր Իսլամական Էմիրության վերականգնման մասին։ Հետագայում որոշ երկրներ՝ ԱՄՆ-ը, Իրանը և Ռուսաստանը, փորձեցին միջնորդությամբ, միջաֆղանական բանակցություններով լուծել հակամարտությունը,  որն ապարդյուն անցավ, ինչը, ըստ երևույթին, պետք է պատճառաբանել նրանով, որ թալիբները համոզված էին իրենց հաջողությամբ։

Շարունակությունը՝ շուտով։

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Տպագրված է Քաբուլում, 1949թ․։

[2] Արաիանը, ըստ Ավեստայի, Ահուրամազդայի ստեղծած երկիրն է, որի սահմանները հստակորեն նշված են։ Խորասան պահլավերեն նշանակում է արևելք, Մեծ Խորասանը պատմական Իրանի արևելյան աշխարհամասն է, որում ընդգրկվել է նաև այսօրվա Աֆղանստանը։ Աֆղանստանի շարունակությունն այժմյան Իրանում էլ Խորասանի նահանգ է կոչվում։

[3] John Martin, Christian Lassen, Alexander Xunningghham և այլն։

[4] Արաբերենում «գ» հնչյունի բացակայության պատճառով օտար բառերում այն երբեմն դարձել է կոկորդային՝ «ղ», երբեմն էլ՝ «ջ» և աստիճանաբար հնչյունափոխվել, դարձել է աֆղան։ Աֆղանստան անվանումն առաջին անգամ հանդիպել է 10-րդ դարում, պարսկերենով  գրված աշխարհագրության առաջին՝ «Աշխարհի սահմանները՝ արևելքից արևմուտք» գրքում, որի հեղինակն անհայտ է, այն վերագրվում է տարբեր հեղինակների։

[5] Աֆղանստանի վիճակագրության կենտրոնում գրանցվել է 54 ազգ ու ազգություն, https://per.euronews.com/2021/03/14/reactions-afghanistan-birth-certificate-electronic-registered-54-ethnics

[6] Աֆղանստանի բնակչության ավելի քան 45 տոկոսը տաջիկներ են, https://payom.net/fa/%D8%A8%DB%8C%D8%B4-%D8%A7%D8%B2-45-%D8%AF%D8%B1%D8%B5%D8%AF-%D8%AC%D9%85%D8%B9%DB%8C%D8%AA-%D8%A7%D9%81%D8%BA%D8%A7%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%AA%D8%A7%D8%AC%DB%8C%DA%A9-%D8%A7%D9%86%D8%AF/

[7] Ազգությունների վերաբերյալ Ակադեմիայի տվյալները հերքվեցին, https://www.bbc.com/persian/afghanistan/2012/06/120611_k02-afghan-ethnicity-figures

[8] Մոջահեդ նշանակում է հանուն իսլամի մարտնչող մարտիկ, ջիհադի՝ սրբազան պատերազմի մասնակից։

[9] Սթիվ Քուլ, Ինչպես CIA-ը և Պենտագոնը Կարմիր բանակին դուրս շպրտեցին Աֆղանստանից, Վաշինգտոն Պոստ, 27 հուլիսի, 1992թ․, «Քեյհան», Լոնդոն, շաբաթաթերթ, 30 հուլիսի, 1992թ․։

[10] Հայացք Երևանից, Աֆղանական խնդիր․ ծագում և զարգացում,  տարի 2, թիվ 4, 1996թ․, էջ 20։

[11] Սթիվ Քուլ, Ինչպես CIA-ը և Պենտագոնը Կարմիր բանակին դուրս շպրտեցին Աֆղանստանից, Վաշինգտոն Պոստ,  27 հուլիսի, 1992թ․, «Քեյհան», Լոնդոն շաբաթաթերթ, 30 հուլիսի, 1992թ․։

[12] Նույն տեղում։

[13] Հայացք Երևանից, Աֆղանական խնդիր․ ծագում և զարգացում,  տարի 2, թիվ 4, 1996թ․, էջ 22։

[14] Ինչո՞ւ անհաջողության մատնվեց մոջահեդների կառավարությունը, https://www.bbc.com/persian/afghanistan/2012/09/120918_mar_rabbani_mansoor

[15] Նույն տեղում։

[16] Արդյո՞ք Աբդոլռահման խանը Դյուրանդի հետ բանակցելիս առողջական համապատասխան վիճակում է եղել, https://8am.af/did-amir-abdul-rahman-khan-enjoy-proper-health-conditions-while-negotiating-with-durand/

[17] Հայացք Երևանից, Աֆղանական խնդիր․ ծագում և զարգացում,  տարի 2, թիվ 4, 1996թ․, էջ 24։

[18] Union Oil Company of California and Unocal Corporation

[19] Նույն տեղում, էջ 26։

[20] Հայացք Երևանից, Աֆղանական խնդիր․ ծագում և զարգացում,  տարի 2, թիվ 4, 1996թ․, էջ 28։

[21] Սպանվեց ԱՄՆ USS Gole ռազմանավի պայթեցման նախագծողը, https://www.isna.ir/news/97101708827/%DA%A9%D8%B4%D8%AA%D9%87-%D8%B4%D8%AF%D9%86-%D8%B7%D8%B1%D8%A7%D8%AD-%D8%AD%D9%85%D9%84%D9%87-%D8%A8%D9%87-%D9%86%D8%A7%D9%88-%DB%8C%D9%88%D8%A7%D8%B3-%D8%A7%D8%B3-%DA%A9%D9%88%D9%84-%D8%AA%D8%A7%DB%8C%DB%8C%D8%AF-%D8%B4%D8%AF

[22] Հյուսիսի դաշինքի դերը Թալիբանին պարտության մատնելու հարցում, https://www.bbc.com/persian/world/2011/09/110910_l25_sept11_sarvari

[23] Նույն տեղում։

[24] Նույն տեղում։

[25] Նշանակում է ցեղապետերի վեհաժողով, որը գումարվում է արտակարգ իրավիճակներում, անդամները կարող են լինել նշանակովի կամ ընտրովի։

[26] ՀՀ օրաթերթ, Աֆղանստանում ընտրությունները կրում են ԱՄՆ ընտրությունների կնիքը, 26 սեպտեմբերի, 2004թ․։

[27] Ինչո՞ւ Աֆղանստանի բանակն այդպես արագ քայքայվեց, https://per.euronews.com/2021/08/16/why-the-afghan-military-collapsed-against-taliban-so-quickly

[28] Նույն տեղում։

[29] ՀՀ օրաթերթ, Աֆղանստանին նվրված Ստամբուլյան հավաքը՝ առանց ձեռքբերումների, 2 նոյեմբերի, 2011թ․

[30] Ժամանակ օրաթերթ, Բոննի համաժողովը հաջողությամբ պսակվեց, 29 նոյեմբերի, 2001թ․

[31] ՀՀ օրաթերթ, Աֆղանստան․ իշխանություն-ընդդիմություն երկխոսություն, 27 նոյեմբերի, 2012թ․