Չինաստանի և Ռուսաստանի համատեղ հզորությունը 2022թ. կհավասարվի ԱՄՆ-ի հզորությանը

Ամերիկյան Rand կորպորացիան թարմ զեկույց է հրապարակել ռուս-չինական համագործակցության վերաբերյալ: Համաձայն զեկույցի՝ Ռուսաստանը և Չինաստանը համարվում են ԱՄՆ-ի խոշոր և տևական մրցակիցները: 2014թ.-ից սկսած Չինաստանը և Ռուսաստանն ամրապնդել են իրենց հարաբերությունները՝ ընդլայնելով համագործակցությունը քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում: Զեկույցում, ինչպես հաղորդվում է, խոսվում է այդ երկրների համագործակցության պատմության, նրանց հարաբերությունների շարժիչ ուժի և խոչընդոտների, ապագա հնարավոր զարգացումների, Միացյալ Նահանգների վրա ռուս-չինական ազդեցության և ԱՄՆ-ի հետագա քաղաքականության համար ունենալիք հետևանքների մասին:

Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հիմնական խթանները ԱՄՆ-ի հարաբերական հզորության նվազեցումն են և Վաշինգտոնի կողմից ենթադրյալ մշտական վտանգն ինչպես Պեկինի, այնպես էլ Մոսկվայի համար:

Նշվում է, որ առանց լրջագույն փոփոխությունների ԱՄՆ-ի վարչակազմը կամ զինված ուժերը դժվար թե կարողանան ազդել ռուս-չինական հարաբերությունների վրա: Ամերիկան կարող է պատրաստվել ռուս-չինական լայն համագործակցության արդյունքներին, այդ թվում՝ նրանց ռազմական տեխնիկայի հետագա ընդլայնմանը, համատեղ պլանավորմանը, վարժանքների անցկացմանը և ռազմական գործողություններին:

Զեկույցի հիմնական եզրակացությունները

Վերջին 70 տարում Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները տարածվել են բազմաթիվ ոլորտներում՝ հակամարտություններից մինչև դաշինքներ: Նրանք առավել մերձեցել են հատկապես 2014թ.: Համարվում է, որ ռուս-չինական հարաբերությունները շարունակելու են ամրապնդվել՝ հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունն ու ԱՄՆ-ի քաղաքականության շարունակմանը, որն ագրեսիվ մտադրություններ է դրսևորում այդ երկրների նկատմամբ:

Անկախության ձգտումը և քաղաքական տարբեր հետաքրքրությունները Չինաստանին ու Ռուսաստանին կստիպեն խուսափել վտանգներից, որոնք կարող են ծագել առավել սերտ համագործակցության արդյունքում, ինչը նրանց խոչընդոտում է միավորել ուժերը և արդյունավետ դիմակայել Նահանգներին:

Ռուս-չինական հարաբերությունների հիմքում ԱՄՆ-ի համախառն ուժը և նրա կողմից ենթադրվող վտանգն են եղել: Այդ երկու հանգամանքների կարևորությունն ակնհայտ է եղել 2012-2017թթ., երբ ԱՄՆ-ի կողմից վտանգի ուժգնացումը Ռուսաստանին մղել է Չինաստանի հետ համագործակցության շարունակմանը:

Զեկույցում դիտարկվում է այն հարաբերական ուժի գործակիցը, որն օգտագործում է ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական պոտենցիալն ու գնահատում է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի հզորությունը 1997-2017թթ. համար: Կանխատեսվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունն ընդլայնվելու է, իսկ նրանց համատեղ հզորությունը 2022թ. կհավասարվի ԱՄՆ-ի հզորությանը:

Խորհուրդներ ամերիկացիներին

Զեկույցի հեղինակները քիչ հավանական են համարում, որ ԱՄՆ-ը կկարողանա փոխել ռուս-չինական հարաբերությունների ուղղվածությունը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ընթացիկ քաղաքական առաջնահերթությունները, հատկապես Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը:

Հաշվի առնելով ռազմատեխնիկական ոլորտում այդ երկրների համագործակցության շարունակումը՝ ամերիկյան զինված ուժերը պետք է պատրաստ լինեն կիրառելու բարդ զինատեսակներ, որոնք առկա են հիմնական ռազմավարական մրցակիցների զինանոցում:

Ռուս-չինական ռազմական համատեղ պլանավորման հնարավորությունը բարդացնում է ԱՄՆ-ի ռազմական հաշվարկները, և, ըստ զեկույցի հեղինակների, արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի վերագնահատում պետք է կատարվի:

Միացեք մեր Telegram ալիքին