Վրաստանը խզել է ադրբեջանական Akkord-ի հետ պայմանագիրը

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչություն խզել է ադրբեջանական Akkord Industry Construction Investment Corporation OJSC ընկերության հետ պայմանագիրը, որով նախատեսված էր Խարագաուլի գավառը «Արևելք-Արևմուտք» (E-60) ավտոմայրուղուն կապող Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Պոնա-Չումաթելեթի ավտոճանապարհի 25,6 կմ-անոց հատվածի վերակառուցումը:

Ինչպես հաղորդվում է, պայմանագրի խզման պատճառն ադրբեջանական կազմակերպության կողմից պարտավորությունների չկատարումն է: 2018թ. դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրի արժեքը 20 մլն դոլար էր: Հայտարարված մրցույթում Akkord-ն էր հաղթել, սակայն նախատեսված աշխատանքները չի իրականացրել:

Հավելենք, որ ադրբեջանական ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Ադրբեջանում, այլև Վրաստանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Թուրքիայում և այլ երկրներում: