«Կապույտ հայրենիքի» դոկտրինը Թուրքիայում. Հայկ Գաբրիելյան

Վերջին շրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական կյանքում իր ուրույն տեղն է զբաղեցրել Mavi Vatan («Կապույտ հայրենիք») դոկտրինը։ 2004թ․ հոկտեմբերի 4-ին Սևիլիայի համալսարանի ակադեմիկոսներ Խուան Լուիս Սուարես դե Վիվերոն և Խուան Կառլոս Մաթեոսը մշակեցին մի քարտեզ, որը կոչված էր վերջ դնելու բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) որոշման հարցում Հունաստանի ու Կիպրոսի հետ Թուրքիայի տարաձայնություններին։

«Սևիլիայի քարտեզը», որը հավանության արժանացավ ԵՄ-ի կողմից, դարձավ նաև ԵՄ-ի ու Թուրքիայի ծովային սահմանների ջրբաժան։ Դրանով ճանաչվեցին Հունաստանի իրավասությունները Թուրքիայի ափերի մոտ ընկած Մեիս կղզու շուրջ ջրատարածության վրա, իսկ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ԲՏԳ-ը ճանաչվեց միայն Անթալիայի ծովախորշի դիմաց ընկած հատվածում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Հունաստանը դրա շնորհիվ Միջերկրական ծովում ստացավ հավելյալ 40․000 կմ2 ջրատարածություն[1]։

            Այն ժամանակ Թուրքիան թույլ լինելու պատճառով չկարողացավ արձագանքել. «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2003թ․ մարտի 14-ին։ Տվյալ ժամանակ Էրդողանի դիրքերը չափազանց փխրուն էին ոչ միայն արտերկրում, այլև Թուրքիայում, ուր զինվորականներն ավանդաբար պահպանում էին մեծ ներուժ։

Նաև այդ պատճառով էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։ Բացի այդ 1999թ․ Թուրքիան ստացել էր ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ և պայքարում էր անդամակցության շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկի համար (2004թ․ դեկտեմբերին ԵՄ-ի երկրները որոշեցին, որ տվյալ բանակցությունները կմեկնարկեն 2005թ․ հոկտեմբերի 3-ին)։

«Սևիլիայի քարտեզի» հայտնվելուց դժգոհ Թուրքիայի ՌԾՈՒ պլանավորման վարչության պետ Ջեմ Գյուրդենիզը ծովակալների հետ մեկտեղ 2006թ․ հունիսի 14-ին հրավիրում է ծովային անվտանգության թեմայով սիմպոզիում, որում էլ առաջին անգամ հայտարարվում է «Կապույտ հայրենիքի» մասին[2]։

Իր հակաարևմտյան հայացքներով հայտնի աջ ծայրահեղական Գյուրդենիզը տարված է Թուրքիայի հարակից ջրատարածություններում և նաև դրանց սահմաններից դուրս (Պարսից Ծոց, Կարմիր ծով) Թուրքիայի ծովային գերակշռության գաղափարով։ Գյուրդենիզը ծովային ստատուս ֊քվոն համարում է «Երկրորդ Սևր»[3] (Սևրի պայմանագրով Թուրքիան զրկվում էր միջերկրածովյան սահմաններից)՝ դրա մեղավորներ համարելով Հունաստանը և նաև Կիպրոսը, որոնք, նրա կարծիքով, «օգտվելով Սևիլիայի քարտեզից»՝ ոտնձգում են Թուրքիայի ծովային իրավասության վրա»։

Գյուրդենիզը մերժում էր Թուրքիայից 2 կմ և «մայրցամաքային Հունաստանից» 580 կմ հեռու ընկած Միսեի հանդեպ Հունաստանի հավակնությունները։ Գյուրդենիզի խոսքերով՝ 10 կմ2 տարածքով Մեիսը Հունաստանին ապահովում է իրենից 4000 անգամ ավելի մեծ ջրատարածություն, որ դրանով Հունաստանի մայրցամաքային շելֆը Մեիսից ձգվում է մինչև Միջերկրական ծովի կեսեր՝ միաժամանակ «բանտարկելով» Թուրքիան Անթալիայի ծովածոցում[4]։

Գյուրդենիզը սկսում է YouTube-յան տեսանյութերի, Aydınlık թերթում հոդվածների, բազում կոնֆերանսների միջոցով ակտիվորեն քարոզել «Կապույտ հայրենիքի» ու ծովային աշխարհաքաղաքականության գաղափարները՝ դա անելով անգամ (2003թ․) ԱԶԿ-ի դեմ ծրագրված «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման գործով 2011թ․ 18 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո (2015թ․ ազատվում է բանտից)։

Գյուրդենիզը սեփական տեսակետներն ամփոփել է իր «Գրառումներ Կապույտ հայրենիքի մասին», «Մայր հայրենիքից մինչև Կապույտ հայրենիք», «Կապույտ քաղաքակրթություն», «Կապույտ հայրենիքի հարավային ճակատը – Արևելյան Միջերկրական» և մի շարք այլ գրքերում՝ ընդգծելով, որ հայրենիքը ոչ միայն հողն է (ցամաքը), այլև ջուրը։ 

Թուրք մեկ այլ ծովակալ Ջիհաթ Յայջըն առավել զարգացրել է «Կապույտ հայրենիքի» գաղափարը՝ այն հասցնելով դոկտրինի մակարդակի։ Նա մասնավորապես կենտրոնացավ «Կապույտ հայրենիքի» սահմանների հստակեցման վրա՝ իր տեսակետները ներկայացնելով  «Հիմնական ծովային իրավունք», «Պայքար Արևելյան Միջերկրականի բաժանման համար և Թուրքիան», «Լիբիան Թուրքիայի ծովային հարևանն է», «Հունաստանի պահանջները (Էգեյան խնդիրները)՝ հարցերով ու պատասխաններով» և այլ գրքերում։

Նա մեծ կարևորություն է տալիս Արևելյան Միջերկրականի էներգետիկ պաշարներին՝ ընդգծելով, որ Կրետեից հարավ ընկած գազի պաշարները Թուրքիային կբավականացնեն 572 տարի[5]։ Յայջըի խոսքերով՝ եթե Թուրքիային հաջողվի լուծել իր խոցելի կողմը՝ էներգակիրների պակասը, ապա «այլևս ոչ ոք չի կարողանա նրա դեմն առնել» (Թուրքիայում սպառվող նավթի 92%-ը և գազի 99%-ը ներկրվում են)։

Յայջըն համարում է, որ «ջուր վերահսկողը կվերահսկի նաև ցամաքը» և հիշեցնում, որ Օսմանյան կայսրությունը 16֊-րդ դարում իր հզորության գագաթնակետին հասել է հենց ուժեղ նավատորմ ունենալու շնորհիվ և նաև ընդհակառակը՝ Օսմանյան կայսրության թուլացումը 18-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է հենց նավատորմի պարտություններով (Չեսմեն, Նավարին, Սինոպ)։ Յայջըն դա արդիական է համարում նաև 21-րդ դարի համար՝ ընդգծելով, որ ներկայիս գերտերությունները նրանք են, ովքեր ունեն ուժեղ նավատորմ։

Ջ․ Գյուրդենիզն ու Ջ․ Յայջըն այդպիսով համարվում են «Կապույտ հայրենիքի» ճարտարապետներ՝ առաջարկելով ակտիվորեն գործել շրջակա ջրատարածություններում ու հենվել ռազմուժի ցուցադրության վրա։ Եվ պատահական չէ, որ 2020թ․ Թուրքիայի ՌԾՈՒ-ն վերջին 20 տարվա համար ակտիվության ռեկորդային արդյունք գրանցեց․ նրա նավերը ընդհանուր առմամբ նավարկել են 199․910 ժամ (2000թ․ ցուցանիշը կազմել է 81․376 ժամ, իսկ 2011թ․ դեռ չէր հատել 100․000 ժամվա սահմանագիծը)[6]։

Հատկանշական է, որ 2019թ․ փետրվար-մարտին անցկացվեց Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ ամենամասշտաբային ՌԾՈՒ զորավարժությունները՝ «Կապույտ հայրենիք – 2019», որոնք միաժամանակ անցկացվում էին 3 ծովում՝ Սև, Էգեյան ու Միջերկրական, ինչը նույնպես աննախադեպ էր։ Դրանց մասնակցեց 103 ռազմանավ։ Արդեն մայիսին ՌԾՈՒ-ի, ՌՕՈՒ-ի ու ՑԶ-ի (բազմանշանակ ու հարվածային ուղղաթիռներ) մասնակցությամբ 3 ծովում միաժամանակ անցկացվեց «Ծովագայլ — 2019» զորավարժությունը, որին մասնակցում էր 131 նավ, 57 ինքնաթիռ ու 33 ուղղաթիռ, 25.900 մարդ[7]։

Այդպիսով 2-3 ամսում Թուրքիայի ՌԾՈՒ-ն «Կապույտ հայրենիք» դոկտրինի շրջանակներում իրականացրեց երկու խոշորագույն զորավարժություն, որոնք ինքնին ուղերձներ էին տարածաշրջանային երկրներին (և ոչ միայն) և կոչված էին ազդարարելու Թուրքիայի ծովային հավակնությունները, որ նա տվյալ տարածքներն անվանում է «Կապույտ հայրենիք» և պատրաստ է դրա համար մոբիլիզացնել իր նավատորմը (Թուրքիայի ծովային սահմանների երկարությունը կազմում է 7816 կմ, իսկ ցամաքային սահմաններինը՝ 2949 կմ)։

«Կապույտ հայրենիքն» ընդգրկում է 462․000 կմ2՝ ներառյալ ծովի հատակն ու ընդերքը, որից 172․000 կմ2-ը՝ Սև ծովում, 12․000 կմ2-ը՝ Մարմարա ծովում, 89․000 կմ2-ը՝ Էգեյան ծովում, 189․000 կմ2-ը՝ Միջերկրական ծովում։ Դա համարժեք է Թուրքիայի ցամաքային տարածքի (783․000 կմ2) 60%-ին։ «Կապույտ հայրենիքին» տրվում է նաև «հակաիմպերիալիստական» ուղղվածություն, որի գլխավոր թիրախում է ԱՄՆ-ը, ինչպես նաև Իսրայելը, Ֆրանսիան, Հունաստանն ու Կիպրոսը (թուրքական բնորոշմամբ՝ «Հարավային Կիպրոսը»)։

Թուրքիայում համարում են, որ «Կապույտ հայրենիքի» առաջքաշմամբ տապալում են «իմպերիալիստների պլանները»՝ միտված «առանց Թուրքիա Արևելյան Միջերկրական» և «առանց թուրք՝ Կիպրոս» տեսնելուն։ «Կապույտ հայրենիքը», որը ներառում է նաև անվտանգային ու ինքնիշխանության բաղադրիչներ, այդպիսով համարվում է Թուրքիայի ապագան[8]։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ

Արևելյան Միջերկրականը համարվում է «Կապույտ հայրենիքի» հարավային և ամենակարևոր ճակատը, ինչի համար հարկ է առավել հանգամանալից անդրադառնալ դրան։ Վերջին տարիներին Եվրոպայի ու Հեռավոր Արևելքի միջև առևտրում զգալիորեն մեծացել է ընդհանրապես Միջերկրական ծովի և մասնավորապես Արևելյան Միջերկրականի դերը։ Միջերկրական ծովով տարեկան անցնում է 220․000 նավ։

Համաշխարհային առևտրի 90%-ը (որոշ տվյալներով՝ 80%-ը) կատարվում է ծովային ճանապարհով, և դրա 1/3-ը բաժին է ընկնում Միջերկրական ծովին (վերջինիս տարածքին բաժին է ընկնում մոլորակի բոլոր ծովերի տարածքների միայն 1%-ը)[9]։ Միջերկրական ծովով կատարվող առևտրում չափազանց կարևոր դեր ունեն Ջիբրալթարի, Դարդանելի, Բոսֆորի նեղուցները, ինչպես նաև Սուեզի ջրանցքը։ Միայն Ջիբրալթարի նեղուցով տարեկան անցնում է միջին հաշվով 106․000 նավ (համաշխարհային ծովային առևտրի 10%-ը)։

Սևծովյան նեղուցներով օրական միջին հաշվով անցնում է 130 նավ, իսկ Սուեզի ջրանցքով՝ 49 նավ։ Եվրոպայի էներգետիկ կարիքների 70%-ն ապահովվում է Միջերկրական ծովով։ Արևելյան Միջերկրականի նավթային պաշարները գնահատվում են 30 միլիարդ բարել՝ մոտ 1․5 տրիլիոն $ արժողությամբ, իսկ գազային պաշարները՝ 15 տրիլիոն մ3՝ 3 տրիլիոն $ արժողությամբ[10]։

Արևելյան Միջերկրականը «Կապույտ հայրենիքում» կարևորվում է նաև Թուրքիայի պաշտպանության, անվտանգության ու ապագայի տեսանկյունից։ Դա կապված է ոչ միայն այդ տարածաշրջանի էներգակիրների պաշարների ու ինքնահռչակ ՀԿԹՀ-ի առկայության (նրա իրավունքների պաշտպանության), այլև էներգետիկ երթուղիները վերահսկելու, հարավից Թուրքիայի պաշարումը, Սիրիայի քրդերի կողմից Միջերկրական ծով դուրս գալը կանխելու հետ։

Վերջին շրջանում «Կապույտ հայրենիքի» շրջանակներում այս տարածաշրջանում Թուրքիայի կատարած քայլերի թվում են 2020թ․ նոյեմբերի 27-ին Լիբիայի հետ ծովային համաձայնագիր կնքելը (դրանով Թուրքիան Միջերկրական ծովում իր ծովային տիրույթն ընդլայնեց 41․000 կմ2-ով, իսկ Լիբիան՝ 39․0002-ով), ՀԿԹՀ-ում ու Լիբիայում ռազմակայաններ հիմնելը, Արևելյան Միջերկրականում էներգակիրների փնտրտուքն ու դրա շուրջ «հրետանավակների դիվանագիտություն» վարելը։

Թուրքական կողմը հայտարարում է, որ 405 մլրդ մ3 գազ է հայտնաբերել Սև ծովում, ինչը կբավականացնի միայն 8-9 տարի[11] (ակնկալվում է, որ Սև ծովում հայտնաբերվելիք գազային պաշարները Թուրքիային կբավականացնեն 272 տարի)։ Թուրքական կողմը լիահույս է, որ շուտով գազի խոշոր պաշարներ կհայտնաբերի նաև Միջերկրական ծովում։

Վերջին տարիներին Թուրքիան գնել է 2 երկրահետախուզական ու 3 հորատող նավ, որոնցով սկսել է էներգակիրների ակտիվ փնտրտուքը Սև և Միջերկրական ծովերում։ Հատկանշական է, որ էներգակիրներ որոնող 2 նավերն անվանվել են օսմանյան ժամանակաշրջանի ամենահայտնի ծովակալների անուններով (Հայրեթթին Բարբարոս, Օրուչ Ռեիս), իսկ հորատող նավերը՝ ամենահայտնի սուլթանների անուններով (Ֆաթիհ, Յավուզ, Քանունի)[12]։

 Թուրքիան ողջ միջերկրածովյան տարածաշրջանում ամենաերկար ափագիծն ունեցող երկրներից մեկն է և ամենաերկար ափագիծ ունեցողն Արևելյան Միջերկրականում (նաև Սևծովյան տարածաշրջանում)։ Յայջըի հաշվարկներով, սակայն, Թուրքիան ամենաերկար ափագիծն (2280 կմ) ունի հենց ողջ միջերկրածովյան գոտում և չնայած դրան՝ Սևիլիայի քարտեզով նրան թողնվել է տարածաշրջանում ամենափոքր ԲՏԳ-ը՝ ընդամենը 41․000 կմ2։

Թուրքիայում (նաև ԱՄՆ-ում[13]) համարում են, որ «Սևիլիայի քարտեզը» չունի իրավական ուժ, որ Հունաստանի ու Կիպրոսի պատճառով կորցրել են առնվազն 104․000 կմ2 և հետևաբար Արևելյան Միջերկրականում Թուրքիան պետք է ունենա ավելի մեծ ԲՏԳ (առնվազն 145․000 կմ2), քան դա նախատեսվում է «Սևիլիայի քարտեզով»։

Սեփական ԲՏԳ-ի ընդլայնմամբ՝ Թուրքիան ձգտում է ոչ միայն ձեռք բերել էներգակիրներով հարուստ նոր շրջաններ, այլև վերահսկողության տակ առնել Արևելյան Միջերկրականի առևտրային ու էներգետիկ գործող և ապագա երթուղիները։ Մասնավորապես, Լիբիայի հետ ծովային համաձայնագրի կնքմամբ՝ Թուրքիան զգալի մեծացրեց իր ԲՏԳ-ը և այդպիսով, ըստ էության, փակեց EastMed գազատարի ճանապարհը։

1900 կմ-անոց ստորջրյա այդ գազատարը կոչված է առաջին հերթին Իսրայելի ու Կիպրոսի գազը հասցնել դեպի Հունաստան, ապա ԵՄ-ի այլ երկրներ։ Թուրքական կողմը, սակայն, գտնում է, որ ԵՄ-ին իսրայելական ու կիպրական գազի մատակարարման ամենակարճ երթուղին անցնում է Թուրքիայով (Կիպրոսը Թուրքիայից հեռու է 80 կմ, իսկ «Իսրայել-Թուրքիա» հնարավոր ստորջրյա գազատարի երկարությունը կկազմի 500-550 կմ), և որ այդ գազը պետք է ԵՄ տարանցվի հենց Թուրքիայով, ինչը նրան հնարավորություն կտա՝

  • դիվերսիֆիկացնել իր գազամատակարումները, նվազեցնել խողովակաշարային գազի հիմնական (ՌԴ, Ադրբեջան, Իրան) մատակարարներից ունեցած մեծ կախվածությունը;
  • հիմնական գազամատակարարների հետ բանակցել նոր դիրքերից՝ փորձելով ստանալ գազային զեղչեր ու ճկուն պայմաններ (իսրայելական գազը Թուրքիայում կարող է դառնալ ռուսական գազի մրցակիցը);
  • Իսրայելին ու Կիպրոսին գցել տարանցիկ կախվածության մեջ, զիջումներ կորզել նրանցից;
  • մեծացնել ԵՄ-ի համար իր բավական մեծ կարևորությունը, փորձել կորզել տարատեսակ զիջումներ, փորձել ներազդել անդամակցության գործընթացի վրա;
  • տարանցիկ հավելյալ եկամուտներ ապահովել իր համար;
  • ձեռք բերել իր տարածքով անցնող գազը հետագայում վերավաճառելու հնարավորություն;
  • ձեռք բերել աշխարհի խոշորագույն գազային հանգույցը դառնալու նախադրյալ;
  • առավել մեծացնել իր էներգետիկ ու աշխարհաքաղաքական դերը։

Կիպրոսն ու Հունաստանը, նաև ԵՄ-ը գիտակցում են այս ամենը, ինչի համար էլ առաջ են քաշել աշխարհի ամենաերկար ստորջրյա խողովակաշարի՝ EastMed-ի նախագիծը, որը, ի դեպ, շատ ավելի թանկարժեք է, անցնելու է մեծ խորություններով ու սեյսմիկ գոտիներով։ Թուրքիայի ընթացիկ քայլերը, սակայն, փակուղային իրավիճակում են դնում նրանց, և չենք բացառում, որ Թուրքիան (առնվազն Էրդողանի կառավարման ժամանակ) կարող է հասնել իր նպատակին՝ ձգձգել և/կամ տապալել EastMed-ի նախագիծը։

Լիբիայի հետ ծովային համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան արդեն Եգիպտոսին ու Իսրայելին[14] է առաջարկում կնքել փոխշահավետ ծովային համաձայնագրեր՝ նրանց զիջելով Հունաստանի ու Կիպրոսի բաժնեմասից։ Դրանով նա փորձում է նաև սեպ խրել EastMed գազային ֆորումի (EMGF) անդամ այդ երկրների միջև։

Ջ․ Յայջըի խոսքերով՝ 2003թ․ Եգիպտոսը «Հարավային Կիպրոսի» հետ կնքած ծովային համաձայնագրով կորցրել է 11․500 կմ2, ինչը փաստորեն մեծ է Կիպրոս կղզու տարածքից։ Յայջըն նշում է, որ 2020թ․ Հունաստանի հետ կնքած ծովային համաձայնագրով Եգիպտոսը կորցրել է ևս 15․000 կմ2 ջրատարածություն, որը նա չէր կորցնի Թուրքիայի հետ ծովային համաձայնագիր կնքելու դեպքում[15]։

Յայջըն կարծում է, որ ներկայումս Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու դեպքում Եգիպտոսը կստանա հավելյալ 40․000 կմ2 ծովային տիրույթ (թերևս Հունաստանի ու Կիպրոսի հաշվին), և տվյալ համաձայնագիրը կարող է նրանց դարձնել ազդեցիկ ուժ ոչ միայն Արևելյան Միջերկրականի, այլև համաշխարհային էներգետիկ շուկայում ու այդպիսով փոխել ուժերի հավասարակշռումը[16]։ Թուրքիան նույն կերպ փորձում է նաև Իսրայելի հետ կնքել ծովային համաձայնագիր՝ նրան (Հունաստանի ու Կիպրոսի հետ համեմատ) առաջարկելով հավելյալ 4500 կմ2 ծովային տիրույթ, ինչը շոշափելի է 22.000 կմ2 տարածքով երկրի համար։

Յայջըի կարծիքով՝ «5670 կմ2 տարածքով Հարավային Կիպրոսը խաբեությամբ Եգիպտոսից ստացել է 21․500 կմ2, Լիբանանից՝ 3600 կմ2 տարածք, իսկ Իսրայելի հետ էլ կնքել է 50/50 հարաբերակցությամբ ծովային համաձայնագիր՝ չնայած նրան, որ Իսրայելն իր տարածքով «քառակի գերազանցում» է նրան։

Յայջըն նորմալ է համարում, որ Թուրքիան «Կապույտ հայրենիքի» համար պահանջում է իր ցամաքային տարածքի կեսից քիչ ավելին և նորմալ չի համարում, որ «Հարավային Կիպրոսը» պահանջում է իր տարածքից «30 անգամ» մեծ ջրատարածություն, որ Թուրքիան իր 1 շրջանի չափ տարածք ունեցող «Հարավային Կիպրոսի» հետ ունենա 50/50 հարաբերակցությամբ ջրբաժան[17]։ Լիբիայի հետ ծովային համաձայնագրի կնքման ճարտարապետ Յայջըն այժմ առաջարկում է «լիբիական մոդելով» ծովային համաձայնագիր կնքել նաև Պաղեստինի հետ՝ նրան թողնելով 10․000 կմ2 տարածք[18]։

Թուրքիայում արդեն սկսել են պնդել, թե «Կրետեի 3/4-ը պատկանում է Թուրքիային»։ Դա փորձում են հիմնավորել նրանով, որ «1913թ․ մայիսի 20-ին կնքված Լոնդոնի համաձայնագրի որևէ դրույթում չի նշվում, թե Կրետեն տրվում է Հունաստանին, ընդհակառակը՝ դրանով կղզին բաժանվել է 4 երկրի միջև, և որ այդ 4 երկրներից 3-ը (Բուլղարիա, Մոնտենեգրո, Սերբիա) արդեն դուրս են եկել համաձայնագրից և հետևաբար կորցրել են նաև կղզու հանդեպ հավակնությունների իրավասությունը»։

Թուրքիայի ՊՆ-ի նախկին գլխավոր քարտուղար, շտաբային պաշտոնաթող գնդապետ Ումիթ Յալըմը հայտարարել է, որ «անխորտակելի ավիակիր Կրետեն (նաև շրջակա 14 կղզյակները) երբեք չի եղել Հունաստանի մաս, 2․5 դար գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, և որ այժմ կղզու միայն արևմտյան, փոքր մասը պետք է պատկանի Հունաստանին, իսկ մնացածը՝ Թուրքիային, քանի որ 1923թ․ Լոզանի համաձայնագրով Հունաստանին հատկացվել է Կրետեի միայն ¼-ը»[19]։

Թուրքիայի համար Արևելյան Միջերկրականը կարևոր է նաև այն առումով, որ Ջեյհանով  են միջազգային շուկաներ ուղարկվում կասպյան ու իրաքյան նավթը («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Քիրքուք-Ջեյհան» նավթամուղեր)։ Միջերկրական ծովը կարևոր տեղ է զբաղեցնում նաև Թուրքիայի «Երեք ծովերի համակարգ» հայեցակարգում, ըստ որի՝ 3 երկրները (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) միմյանց են կապում 3 ծովերը (Միջերկրական, Սև և Կասպից)։

Թուրքիայի արտահանման 89%-ն իրականացվում է ծովային ճանապարհով, որի 30%-ը՝ Արևելյան Միջերկրականում գտնվող նրա նավահանգիստներով (իր տարածքով ու հնարավորություններով Մերսինի նավահանգիստը խոշորագույնն է Թուրքիայում)։

             Թուրքիան, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ վերահսկում է ՌԴ-ի տարածքի շրջանցմամբ Արևմուտք-֊Արևելք ցամաքային ուղիները, վերջին շրջանում սկսել է ոտնձգել Արևմուտք֊-Արևելքը կապող ծովային ուղիների վրա (Արևելյան Միջերկրական, Սուեզի ջրանցք, Կարմիր ծով)՝ ձգտելով մաս կազմել «Ծովային Մետաքսե ճանապարհի»։ Այս պատկերը որոշակիորեն հիշեցնում է 15֊-16-րդ դարերում օսմանների կողմից Միջերկրական ծովի զգալի մասը վերահսկելը, ինչը եվրոպացիներին դրդեց փնտրելու դեպի Հնդկաստան տանող նոր ուղիներ։

Սևծովյան նեղուցները վերահսկող Թուրքիայում շարունակ ընդգծում են, որ աշխարհի ամենակարևոր նեղուցների մեծամասնությունը վերահսկում են մուսուլմանական երկրները։ Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին Թուրքիան ռազմակայաններ է հիմնել Կատարում՝ Հորմուզի նեղուցի մոտ, ու Սոմալիում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ։ Նմանատիպ հաջորդ քայլը կարող է լինել Կարմիր ծովում գտնվող, Սուդանից 99 տարով վարձակալված Սուակին կղզում ռազմածովային կայան հիմնելը, որով և կամբողջացվի տվյալ տարածաշրջանում «թուրքական ռազմավարական եռանկյան» ձևավորումը։

            2019թ․ մայիսին Գյուրդենիզը հայտարարեց, որ Միջերկրական ծովում Թուրքիայի աշխարհաքաղաքական անվտանգությունն ունի 3 կենսական ասպեկտ․ 1) ընդհանրապես ԵՄ-ի և մասնավորապես Հունաստանի ու «Հարավային Կիպրոսի» հետ խնդիրների (ծովային իրավասության սահմաններ) լուծում, 2) ՀԿԹՀ-ի ապագան՝ կղզում Թուրքիայի ռազմական ներկայության ու երաշխավորի կարգավիճակի պահպանում, 3) դեպի Միջերկրական ծով «խամաճիկային Քրդստանի Հանրապետության» ելքի կանխում։ Ելնելով դրանից՝ Գյուրդենիզը կարծում է, որ 21-րդ դարում Թուրքիան իր ամենալուրջ աշխարհաքաղաքական խնդիրներից մեկին բախվել է հենց Արևելյան Միջերկրականում, ուր կռվում է միանգամից 3 ճակատով[20]։

ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՐԾՈՆ

            Արևելյան Միջերկրականի կարևորությունն ընդհանրապես և Թուրքիայի համար մասնավորապես կարելի է դեռ երկար շարադրել։ Սակայն մեր կարծիքով՝ այստեղ վերոթվարկյալի հետ մեկտեղ կա մի կարևոր և թերևս առանցքային գործոն, թե ինչու թուրքական կողմը սկսեց այդչափ կարևորել «Կապույտ հայրենիքը» և մասնավորապես Արևելյան Միջերկրականն ու 2020թ․ սրացման գնաց հենց այնտեղ։

Խոսքն Էրդողանի անձնական հավակնությունների մասին է․ Էրդողանը մեծապես տարված է պատմության մեջ սեփական խորը հետքը թողնելու գաղափարով, այդ համատեքստում ցանկանում է հասնել և անցնել ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և որոշ առումով նաև օսմանյան հայտնի սուլթաններին (վերջին տարիներին Էրդողանն իրագործում է սուլթանների երազած ենթակառուցվածքային նախագծերը)։ Ամեն դեպքում նրա թիվ մեկ թիրախն Աթաթուրքն է, որի հետ նա մեծապես մրցակցում է 3 առանցքային ոլորտում։

            1) 1919-1922թթ․ քեմալական շարժման (թուրքական բնորոշմամբ՝ «ազգային֊ազատագրական պայքար») հաղթանակ, 2) 1923թ․ հոկտեմբերի 29-ին ԹՀ-ի հռչակում, 3) ԹՀ-ի տարածքային ամբողջականության ընդլայնում (Ալեքսանդրետի սանջակ)․ այս երեք կետերից հենց առաջին կետն է, ըստ էության, ամենադժվարն Էրդողանի համար, որպեսզի քիչ թե շատ կարողանա մրցակցել Աթաթուրքի հետ, հասնել նրան։

            2016թ․ հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ), որի տապալումից հետո Էրդողանն այն որակեց «երկրորդ ազգային-ազատագրական պայքար»՝ ընդգծելով, որ «եթե ՌՀՓ-ը հաջողեր, ապա երկիրը կօկուպացվեր»։ Դրանով Էրդողանը փաստորեն իրեն դրեց «առաջին ազգային-ազատագրական պայքարի» հաղթող Աթաթուրքի հետ նույն հարթության վրա՝ ինքնին դառնալով որպես «երկրորդ ազգային-ազատագրական պայքարի» հաղթող` հայտարարելով, թե «երկիրը փրկել է օկուպացումից» (Աթաթուրքը Թուրքիայում նույնպես համարվում է «երկիրն օկուպացումից փրկած մարդ»)։

            Հետագայում, թերևս, գիտակցելով, որ իր խոսքերն այնքան էլ լուրջ չեն ընդունվում Թուրքիայում, որ ՌՀՓ-ի տապալումն անհնար է համարժեք համարել Աթաթուրքի «ազգային֊ազատագրական պայքարին» (ՌՀՓ-ը որակվում է նաև որպես բեմադրություն կամ վերահսկելի ՌՀՓ)՝ Էրդողանը փորձեց նորովի ամրապնդել իր դիրքերն այս կետում։ Արևելյան Միջերկրականում սրացման գնալու թիվ մեկ պատճառը, թերևս, հենց առաջին կետն է․ օգտվելով Թուրքիայում մեկ դար գոյություն ունեցող Սևրի սինդրոմից և հատկապես Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակից՝ Էրդողանը հենց այդ ժամանակահատվածում օրակարգ բերեց «Ծովային Սևրի» գաղափարը։

            2020թ․ օգոստոսի 10-ին՝ Սևրի պայմանագրի 100-ամյակին, Թուրքիայի ԱԳՆ-ը   հայտարարեց․ «Թուրք ազգը հերոսական ազատագրական պայքարից հետո՝ 1923թ․ հուլիսի 24-ին, ստորագրելով Լոզանի խաղաղության պայմանագիրը, «պատմության աղբամանը» նետեց Սևրի պայմանագիրը»[21]։ Օգոստոսի 19-ին էլ Էրդողանը հայտարարեց, որ «Թուրք ազգը, որը մեկ դար առաջ պատռել է Սևրի պայմանագիրը, այսօր էլ վիզ չի ծռի Արևելյան Միջերկրականում պարտադրվող նոր Սևրի առջև, ինչպես որ մեկ դար առաջ պատռել է Սևրի խաղաղության պայմանագիրը։

Թուրքիան այսօր Արևելյան Միջերկրականից մինչև Լիբիա տարբեր ճակատներում մղում է ոչ թե հանուն իրավունքի, այլ հանուն ապագայի պայքար»[22]։ 1922թ․ օգոստոսի 30-ին Դումլուփընարի ճակատամարտում հույների դեմ տարած «Մեծ Հաղթանակի» (այն դարձել է Թուրքիայի զինված ուժերի օր) կապակցությամբ էլ Էրդողանը հայտարարեց․ «Բնականաբար պատահական չէ, որ նրանք, ովքեր փորձում են Թուրքիան դուրս մղել Արևելյան Միջերկրականից, և նրանք, ովքեր 100 տարի առաջ փորձել են ներխուժել մեր երկիր, այսօր էլ նույն ինտերվենտներն են։ Թուրք ազգը թույլ չի տա նոր Սևր իրագործել «Կապույտ հայրենիքում»»[23]։

            Փաստորեն ընդգծելով, որ «թուրք ազգը չի համաձայնվի նոր Սևրի»՝ Էրդողանը փորձում է պատմության մեջ մտնել որպես Թուրքիային «պարտադրվող Ծովային Սևրը» տորպեդահարած առաջնորդ։ Էրդողանի հաշվարկներով՝ արդյունքում ստացվելու է այնպես, որ Թուրքիայում և ընդհանրապես աշխարհում Աթաթուրքին հիշեն որպես «Ցամաքային Սևրի պայմանագիրը» պատռած առաջնորդ, իսկ իրեն՝ որպես «Ծովային Սևրի պայմանագիրը» (Սևիլիայի քարտեզը) պատռած առաջնորդ։

Այս պարագայում Էրդողանը (իր հաշվարկներով) արդեն կունենա առաջին կետով Աթաթուրքի հետ համեմատվելու հնարավորություն։ Էրդողանն այսպիսով լուծում է իր համար մեկ այլ կարևոր խնդիր ևս․ թուրքական ընդդիմությունը նրան շատ է մեղադրում 2004թ․ Էգեյան ու Միջերկրական ծովերում գտնվող 12-17 կղզի-կղզյակ Հունաստանին տալու մեջ՝ պնդելով, որ Էրդողանը դա արել է, որպեսզի ԵՄ-ը համաձայնվի սկսել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները (հետագայում Էրդողանը կարողացավ ԵՄ-֊ի պահանջած բարեփոխումների միջոցով զգալի թուլացնել զինվորականների դիրքերը երկրի ներսում)։

            Վերջին շրջանում Էրդողանը փորձում է իր քաղաքացիների մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ «Թուրքիան իրականում շրջապատված է թշնամիներով, որոնք ցանկանում են մասնատել այն, սակայն Էրդողանը թույլ չի տալիս դա»։ Այդօրինակ տպավորություն («Թուրքիան իրականում շրջապատված է թշնամիներով, որոնք ցանկանում են մասնատել այն»), շուրջ մեկ դար առաջ ստեղծել էր Մ․ Ք․ Աթաթուրքը։ Այս համատեքստում ուշագրավ է Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը` «նրանք, ովքեր 100 տարի առաջ փորձել են ներխուժել մեր երկիր, այսօր էլ նույն ինտերվենտներն են»։ Հայտնի է, որ քեմալական շարժումն ունեցել է 3 ճակատ՝  արևմտյան՝ ընդդեմ Հունաստանի, արևելյան՝ ընդդեմ Հայաստանի, հարավային՝ ընդդեմ Ֆրանսիայի։

            Ստացվում է, որ 2020թ․ օգոստոսին Էրդողանն ակնարկում էր, որ Թուրքիան (Արևելյան Միջերկրականում, Լիբիայում, Լիբանանում) արդեն պայքարի մեջ է Հունաստանի ու Ֆրանսիայի դեմ, ինչպես նաև (Այսրկովկասում) Հայաստանի դեմ (Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն արդեն ակնարկել էր, որ Թուրքիան Արցախյան հակամարտության կողմ է[24], իսկ սեպտեմբերին մեկնարկելու էր Արցախյան երկրորդ պատերազմը)։ Այդ երեք ճակատներից Աթաթուրքի (Թուրքիայի) համար գլխավոր ճակատը հանդիսացել է արևմտյանը՝ ընդդեմ Հունաստանի, այսօր էլ Արևելյան Միջերկրականը դարձել է նաև «Ծովային Սևրի» դեմ պայքարի նպատակով առաջ քաշված «Կապույտ հայրենիքի» գլխավոր ճակատը, ուր Թուրքիան, ինչպես արձանագրել է Գյուրդենիզը, կռվում է 3 ճակատով։

            Ինչ վերաբերում է Աթաթուրքի հետ մրցակցության մյուս երկու կետերին, ապա գաղտնիք չէ, որ Էրդողանը պատրաստվում է առաջիկայում հռչակել իր «Նոր/Իսլամական Թուրքիան»։ Ըստ ամենայնի, դա տեղի կունենա 2023թ․՝ ԹՀ-ի 100-ամյակին։ Վերջին տարիներին Էրդողանը ջանում էր բավական կարևոր քաղաքական, ենթակառուցվածքային, տնտեսական, ռազմական նախագծերն ավարտել մինչև 2023թ․, որպեսզի 2023թ․ իրականում նշի ոչ թե Աթաթուրքի «Հին Թուրքիայի» 100-ամյակը, այլ իր  «Նոր Թուրքիայի» ծնունդը։

            Եվ, վերջապես, երրորդ կետի հետ կապված՝ Թուրքիան զգալի ջանքեր է գործադրում Սիրիայի հյուսիսում օկուպացրած տարածքների ժողովրդագրական, կրոնական, կրթական, տնտեսական պատկերը փոխելու ուղղություններով։ Ըստ ամենայնի, Էրդողանը հետագայում կփորձի հանրաքվե կազմակերպել տալ այդ շրջաններում (առավել հավանական է՝ Աֆրինում), որի բնակիչները նախ կքվեարկեն Սիրիայից անջատվելու, ապա և Թուրքիային միանալու օգտին՝ ճիշտ այնպես, ինչպես որ ավելի քան 80 տարի առաջ իրականացվեց Ալեքսանդրետի սանջակը Սիրիայից բռնակցելու պարագայում (վերջին տարիներին Էրդողանը սկսել է խոսել նաև 1923թ․ Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին, որը, ի թիվս այլնի, արձանագրել է նաև թուրք-սիրիական սահմանը)։

            Թուրքիան աչք է դրել նաև Իդլիբի որոշ հատվածների, Հալեպի, Մոսուլի, Քիրքուքի, Բաթումի, Կիպրոսի, Նախիջևանի և անգամ ողջ Ադրբեջանի (Օսմանյան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտի» տարածքների) վրա։ Ի դեպ, Յայջըն «Կապույտ հայրենիքը» որակում է որպես «ծովային Ազգային ուխտ», ինչը նշանակում է, որ դա Էրդողանի համար ծառայում է որպես ծովային տարածքների վերաբերյալ պահանջների ուղեցույց, որ նա սկզբունքորեն չի կարող որևէ թիզ զիջել դրանից (ինչպես որ 1920թ․ «Ազգային ուխտն» էր Աթաթուրքի համար ծառայում որպես տարածքային հարցերի ուղեցույց, որոնցից Աթաթուրքը չէր ցանկանում որևէ մեկին զիջել թեկուզ մի թիզ հող)։

ՎԵՐՋԱԲԱՆ

            2020թ․ Ջ․ Յայջըն հայտարարեց, թե «Կապույտ հայրենիքը» դոկտրինի տեսք ստացել է միայն վերջին 4 տարում։ Նրա խոսքերով՝ Գյուրդենիզը 2006թ․ միայն արտաբերել է «Կապույտ հայրենիք» տերմինը, սակայն դա դոկտրինի տեսք է ստացել իր ջանքերով, որ ինքն է որոշակիություն հաղորդել Գյուրդենիզի հնչեցրած անորոշ «Կապույտ հայրենիքին»՝ հստակեցնելով նրա կոորդինատները[25]։

Ի դեպ, Յայջըի ազդեցությունը երևում է նրանից, որ թուրքական իշխանությունները լիովին ականջալուր են լինում նրան․ Լիբիայի հետ կնքեցին ծովային համաձայնագիր, այժմ փորձում են այդօրինակ համաձայնագրեր կնքել Եգիպտոսի ու Իսրայելի հետ, իսկ մոտ ապագայում՝ միգուցե նաև Պաղեստինի հետ։ Ամեն դեպքում դա չխանգարեց Էրդողանին 2020թ․ պաշտոնանկ անելու Ջ․ Յայջըին (Էրդողանի հրամանով՝ Յայջըն հանվեց ՌԾՈՒ-ի շտաբից և նշանակվեց ԳՇ-ում, ինչի հետ առարկություն ունեցող Յայջըն հրաժարական տվեց)։

            Ի դեպ, Յայջըն հայտնի էր նաև գյուլենականների (FETÖ) դեմ պայքարով, որոնց Էրդողանը մեղադրում է ՌՀՓ-ի կազմակերպման համար։ Հենց Յայջըն է մշակել FETÖMETRE համակարգը՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի բացահայտել քողարկված գյուլենականներին[26]։ Յայջըի պաշտոնանկության իրական պատճառը, թերևս, այն էր, որ նրա հեղինակությունը բավական աճել էր վերջին շրջանում, ինչը կարող էր դուր չգալ Էրդողանին (Էրդողանի վարքագծին բնորոշ քայլ՝ ձերբազատվել իր հետ երկար ճանապարհ անցածներից[27])։ Յայջըն ներկայումս Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի (TÜRKDEGS) նախագահն է։

            Յայջըն այդպիսով ակնարկում է, որ Էրդողանը սկսել է «Կապույտ հայրենիքին» մեծ տեղ տալ 2016թ․ ՌՀՓ-ից հետո։ Մենք համակարծիք ենք նրա հետ, քանզի ՌՀՓ-ը համարում ենք կարևոր ջրբաժան, որից հետո Էրդողանն անցում կատարեց առավել կոշտ արտաքին (նաև ներքին) արտաքին քաղաքականության՝ չխորշելով անգամ ռազմուժ կիրառելուց։ Դա, թերևս, կապված էր նրա հետ, որ Էրդողանը գիտակցեց, որ ՌՀՓ-ի հաջողելու դեպքում իր վերոնշյալ բոլոր երազանքները կմնային անավարտ, որ պատմության մեջ կմտներ ընդամենը որպես զինվորականների կողմից գահընկեց արված Թուրքիայի հերթական ղեկավար։

            Այդ պատճառով էլ ՌՀՓ-ից հետո նա կտրուկ ակտիվացավ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դաշտերում պատմության մեջ սեփական ուրույն տեղը նվաճելու համար։ Հենց գլխավորապես այդ պատճառով է, որ Էրդողանը ՌՀՓ-ից հետո սկսեց հիշել «Կապույտ հայրենիքի» մասին և գործնական քայլեր ձեռնարկել տվյալ ուղղությամբ։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Էրդողանն Արևելյան Միջերկրականում սրացման գնաց նաև այն պատճառով, որ համարեց, թե այդ ճակատում կան պայքարելու իրավական լավ հիմքեր՝ 1913թ․ Լոնդոնի, 1923թ․ Լոզանի, 1947թ․ Փարիզի համաձայնագրերը, Թուրքիայի կողմից 1982թ․ ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան չստորագրելը և այլն (Էրդողանը մշտապես փորձում է կանխավ լավ հաշվարկել և չմտնել նախապես տանուլ տված «խաղերի» մեջ)։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Sevilla haritası nedir, ne anlama geliyor?, Sözcü, 22.09.2020

[2] Cem Gürdeniz/Neden Mavi Vatan?, Aydınlık, 23.03.2013

[3] Doğu Akdeniz’de İkinci Sevr, Cumhuriyet, 21․02․2019

[4] Yunanistan ve GKRY Sevilla haritasıyla Türkiye’yi Antalya Körfezi’ne hapsetmeye çalışıyor, Anadolu Ajansı, 23․09․2020

[5] Cihat Yaycı’dan flaş Doğu Akdeniz açıklaması: “Türkiye’nin 572 yıllık ihtiyacını karşılar”, Haber Türk, 15․09․2020

[6] Deniz Kuvvetleri’nden rekor: 199 bin 910 saat seyir süresi, Ulusal, 04.07.2021

[7] Doğu Akdeniz’de Emperyalist Plânları Bozuyoruz, mavivatan.org.tr, 10․09․2020

[8] 10 Soruda Mavi Vatan, mavivatan.org.tr, 19․10․2020

[9] Stratejik İlgilerin Odağı: Doğu Akdeniz, mavivatan.org.tr, 02․02․2019

[10] Doğu Akdeniz’de Enerji Keşifleri ve Türkiye, BILGESAM, 2013

[11] Karadeniz’deki yeni rezerv Türkiye’ye kaç yıl yeter?, Haber3, 17․10․2020

[12] Türkiye 3 sondaj, 2 sismik araştırma gemisiyle Karadeniz ve Akdeniz’de faaliyetlerini sürdürüyor, Hürriyet, 23.08.2020

[13] ABD’nin Ankara Büyükelçiliği’nden ‘Sevilla Haritası’ açıklaması!, Sözcü, 22.09.2020

[14] Türkiye ve İsrail arasında deniz yetki anlaşması imzalanabilir mi?, GZT.com, 17.05.2020

[15] Amiral Cihat Yaycı: Türkiye-Mısır anlaşması enerji piyasasını sarsar, Aydınlık, 20.05.2021

[16] Doğu Akdeniz’de olası Türkiye-Mısır ittifakı iki ülke için yeni kapılar açabilir, Anadolu Ajansı, 16.04.2021

[17] “Türkiye ile İsrail arasında imzalanacak bir deniz yetki alanı anlaşması her iki ülkenin de çıkarınadır”, Salom, 10․03․2021

[18] Filistin’e Libya modeli:  Deniz yetki anlaşması dengeleri değiştirebilir, Yeni Şafak, 17.05.2021

[19] Girit’in 4’te 3’ü Türkiye’nindir! ABD ve Yunanistan’ın oradaki varlığı kanunsuz, TRT Haber, 28․09․2021

[20] Emekli Tümamiral Gürdeniz: Doğu Akdeniz, Türkiye’nin 21. yüzyıldaki en ciddi jeopolitik sorunudur, Sputnik Türkiye, 09.12.2019

[21] Dışişleri Bakanlığından Ermenistan makamlarının Sevr açıklamalarına tepki, Anadolu Ajansı, 10.08.2020

[22] Cumhurbaşkanı Erdoğan: Cuma günü vereceğimiz müjde ile Türkiye’de yeni bir dönem açılacak, Anadolu Ajansı, 19.08.2020

[23] Cumhurbaşkanı Erdoğan: 30 Ağustos zaferiyle bu toprakların ebedi vatanımız olduğu bir kez daha ilan edilmiştir, Anadolu Ajansı, 29.08.2020

[24] Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում, ermenihaber.am, 27․08․2020

[25] Mavi Vatan nasıl doğdu? Doktrinin mimarları Cem Gürdeniz ve Cihat Yaycı anlatıyor, BBC Türkçe, 10.09.2020

[26] Габриелян Айк, Турция: применение системы FETÖMETRE в борьбе против организации Ф.Гюлена, ИБВ, 24.11.2018

[27] Հայկ Գաբրիելյան, Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները, ՄԱՀՀԻ, 27․01․2021