Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև կարևոր հուշագիր է ստորագրվել

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Աստղադիտարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրումը նպատակ ունի հզորացնել Արցախի գիտական ներուժը: Միաժամանակ տեղի է ունեցել աստղագիտական լաբորատորիայի բացումը։

ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը քննարկել հուշագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները՝ ծրագրելով մոտ ժամանակներում դրանց իրագործումը։

Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Արցախի գիտական կենտրոնում հիմնադրված աստղագիտական լաբորատորիան ապահովել մասնագիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ, ներգրավել աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների, ուսանողների և համակարգել ԲԱ-ի և Արցախի միջև աստղագիտական համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ինչպես Արցախի պետական համալսարանում, այնպես էլ Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, Արցախում ԲԱ կողմից տեղադրված աստղադիտակն օգտագործել մասնագիտական, ուսումնական և հանրային նպատակներով և այլն։

Հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև Արցախի ուսանողների և դպրոցականների խմբերի պարբերական այցեր Բյուրականի աստղադիտարան։

Ինչպես հաղորդվում է, Արեգ Միքայելյանը դասախոսություններով է հանդես եկել Ստեփանակերտի ավագ դպրոցի բնագիտական ուղղվածության, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի և Մարտունու շրջանի ավագ դպրոցի աշակերտների համար:

Այցի շրջանակներում Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը հանդիպում են ունեցել նաև Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Նրա հետ քննարկել են Արցախում գիտության զարգացման և համագործակցության վերաբերյալ հարցեր, իսկ հանդիպման ավարտին նախարարության կողմից Արեգ Միքայելյանին շնորհվել է շնորհակալագիր Արցախի կրթական համակարգի հանդեպ ցուցաբերած հոգատարության և ԲԱ-ում Արցախի երեխաների համար ամառային մաթեմատիկական ճամբար կազմակեպելու համար։

«Արցախը միշտ էլ եղել է Բյուրականի աստղադիտարանի ուշադրության կենտրոնում։ Արդեն երկար տարիներ ԲԱ գիտնականներն Արցախում դասախոսություններ են ունենում։ Դեռևս 2006թ. ԲԱ-ն Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում, տեղադրել է Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակը։ 2020թ. Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՄՍՆ միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։ Իսկ այս նոր հուշագիրը ստեղծված կապերի շարունակական զարգացման ևս մեկ ապացույց է»,- նշված է Աստղադիտարանի տրամադրած մամուլի հաղորդագրությունում: