Գնա Արցախ, քեզ կպատմեն… Մեսրոպ Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, ում համանախաձեռնությամբ Արցախում ներկայումս իրականացվում է «100 տուն» ծրագիրը, անդրադարձել է այս օրերին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներին, որտեղ խոսվում է նաև «Արցախի համար ինչ-որ բան անել-չանելու» մասին:

Նրա խոսքով` կարևոր է քննարկել, թե ինչ պետք է անել Արցախ համար հիմա և հետագայում։

Առաքելյանը հիշեցրել է, որ առաջիկայում բոլոր պատգամավորներն ընդգրկվելու են միջխորհրդարանական բարեկամական խմբերում և միջազգային պատվիրակություններում։ Նա կարևորել է, որ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում պատգամավորներն ուղղակի պատմեն Արցախի մասին։

Մասնավորապես, ինչպես նշում է, պետք է պատմել այն մասին, որ Արցախը ապրում է, ապրում է ավելի ուժեղ՝ դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ։

Այդ ամենը, Առաքելյանի խորհրդով, պետք է պատմել սեփական աչքերով, որոնք, նրա խոսքով, ունենում են որոշակի ազդեցություն օտարերկրացիների վրա։ Հետևաբար, Առաքելյանը բոլոր պատգամավորներին կոչ է անում «պարզապես գնալ Արցախ, շփվել մարդկանց հետ, Բերձորի խանութից ջուր առնել, գնալ գյուղեր, երեկոյան ազատ սեղան փնտրել մի կտոր հաց ուտելու համար, զբոսնել լուսավոր և մարդաշատ այգիներում… և պատմել օտարերկրացիներին, որ Արցախի ապագան հայկական է»։

Նախկին նախարարի գրառմանն անդրադարձել է ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը` Առաքելյանին մեղադրելով «դավադրությանը մասնակցելու մեջ»: Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Մանուկյանի` Առաքելյանը նշել է.

«Եթե պատերազմից հետո տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներով զբաղվելը, 100,000-ից ավելի արցախցու վերադարձով զբաղվելը, հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրներով զբաղվելը, պրոթեզավորման գործընթացով զբաղվելը դավադրություն ես համարում, դա միշտ հիշում եմ և ոչ միայն ես։ Իսկ թե ուրիշ ինչ եմ արել ու անում Արցախի համար, դա էլ գնա Արցախ, քեզ կպատմեն, դրանք երբեք հրապարակման ենթակա չեն»։