Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջին անգամ Վրաստան է այցելում

Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առաջին անգամ պաշտոնապես այցելում է Վրաստան. հուլիսի 9-10-ը Սուբրամանյամ Ջայշանքարը Թբիլիսիում հանդիպելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հետ:

Հնդկաստանի ԱԳ նախարարը Վրաստանին է փոխանցելու միջնադարյան Քեթևան թագուհու մասունքները, ով վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին և համարվում է քրիստոնեական նահատակ: Հանդիսավոր արարողությունը կայանալու է Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարում (Սամեբա):

Վրաց արտաքին գերատեսչության հաղորդմամբ` Դելիի կողմից մասունքի փոխանցումն աննախադեպ որոշում է: Առկա կարգերի համաձայն` Հնդկաստանը չի դիտարկում այլ երկրին պատմական հուշարձանների և սրբությունների փոխանցում, որոնք հայտնաբերվել են իր տարածքում հնագիտական պեղումների ժամանակ:

Նշվում է, որ առկա բարյացկամ հարաբերություններից, փոխադարձ աջակցությունից և սերտ համագործակցությունից ելնելով` Հնդկաստանի վարչապետն աննախադեպ որոշում է ընդունել Քեթևան թագուհու մասունքները Վրաստանին հանձնելու վերաբերյալ:

Քեթևան Բագրատունին եղել է Կախեթի թագավորության թագուհին, ում 1614թ. գերեվարել է պարսից Աբաս 1-ին շահը: Սպահանում նրան թոռների` Ալեքսանդրի և Լևանի հետ նետել են զնդանը, որտեղ մնացել է 10 տարի: Պատմում են, որ շահը խոստացել է նրան Պարսկաստանի թագուհի կարգել, եթե իսլամ ընդունի: Չնայած տառապանքներին, թագուհին հավատքը չի ուրացել: 1624թ. սեպտեմբերի 13-ին Քեթևան թագուհուն այրել են:

Պորտուգալացի հոգևորականները, ովքեր ականատես են եղել թագուհու ողջակիզմանը, թաքուն վերցրել են նրա մասունքները: Գլուխը և աջ ձեռքն ուղարկել են Քեթևանի որդուն` Թեյմուրազ արքային, որոնք թաղվել են Ալավերդու եկեղեցում` 1723թ., սակայն հետագայում անհետացել են:

Նահատակ-թագուհու այլ մասունքներ տարվել են Վատիկան, Բելգիա, ինչպես նաև Գոայի Սուրբ Ավգուստինի տաճար (Հնդկաստան): 19-րդ դարի սկզբին վերջինս ավերվել է:

2013թ. Archeology հեղինակավոր պարբերականի լրագրողը հայտարարել է, որ Գոայի ավերակներում հայտնաբերված ոսկորները, ենթադրաբար, պատկանում են Քեթևան թագուհուն: ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ քարե սարկոֆագից գտնված ձեռքի ոսկորները կապ չունեն Հնդկաստանի հետ և ունեն վրացական ծագում:

2017թ. Քեթևանի մասունքներն արդեն բերվել են Վրաստան` մոտ կես տարի ցուցադրելով Սամեբայի վանքում: Մինչև վերջնական հանձնումը Վրաստանին` թագուհու մասունքները պահվել են Գոայի ազգային թանգարանում:

Միացեք մեր Telegram ալիքին