Ռուսաստանի ՊՆ-ն Կովկասի կայազորերում նոր զինատեսակներ է ցուցադրելու

Ռուսական կովկասյան 58-րդ համազորային բանակի ռազմական կայազորերում օգոստոսին կայանալիք «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում առաջին անգամ ներկայացվելու են նորագույն զինատեսակներ ու ռազմական տեխնիկայի նմուշներ:

Հաղորդվում է, որ ֆորումի զանգվածային միջոցառումներն ընթանալու են Վլադիկավկազում, Գրոզնիում, Նալչիկում, ինգուշական Տրոիցկոյե բնակավայրում, Հարավային Օսիայում` Ցխինվալի ռազմաբազայում, ինչպես նաև դաղստանյան Կասպիյսկ քաղաքում: Այցելուներին ներկայացվելու են ժամանակակից զինատեսակների ու ռազմական տեխնիկայի ավելի քան հազար նմուշներ, որոնցով համալրված են Հարավային ռազմական շրջանի 58-րդ բանակի միավորումներն ու զորամասերը:

Ինչպես նշվում է, ցուցադրվելու են ԱԿ-12 ինքնաձիգեր, «Վալ» դիպուկահար անձայն ինքնաձիգեր, Յարիգինի ատրճանակներ, Տ-90 և Տ-72Բ3 տանկեր, ծանր հրանետային ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Լինզա» բժշկական զրահամեքենաներ, Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր» և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռներ և այլ տեխնիկա:

Օգոստոսի 26-28-ն անցկացվելիք «Բանակ-2021» միջազգային ֆորումի կազմակերպման համար ներգրավվել են ՀՌՕ-ի շուրջ 2 հազար զինծառայողներ: Միջոցառման շրջանակներում գործարկվելու են ռազմական շրջանի շուրջ 300 միավոր ժամանակակից ռազմական և հատուկ տեխնիկա, 20 նավեր, ՀՕՊ և ՌԾՈՒ մոտ 70 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան:

Միացեք մեր Telegram ալիքին