Իրանը Կասպից ծովում խոշոր զորավարժություն է սկսել. նկարներ

Կասպից ծովում մեկնարկել են Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունները, որոնք կրում են «Ամանիյաթ-է Փայդար 1400» («Կայուն անվտանգություն-1400») անվանումը:

Ուսումնական խուսավարումներում, ինչպես հաղորդվում է, գործարկվել են Իսլամական Հանրապետության ՌԾՈւ նավերն ու ավիացիան, այդ թվում` հրթիռային արձակման համակարգերի ծովային հարթակները, ուղղահայաց թռիչքով ինքնաթիռները, հարվածային ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը:

Ռազմածովային վարժանքներն անցկացվում են Կասպից ծովում, շուրջ 77 հազար քառ.կմ տարածքում: Խաղարկվում են ինչպես հարձակման, այնպես էլ իրանական ջրային տարածքի, տրանսպորտային ուղիների պաշտպանության դիպաշարեր:

Հաղորդվում է, որ եզրափակիչ փուլին զորավարժություններին ներգրավվելու են նաև Իրանի զինված ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումները:

Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ («Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021»):

Միացեք մեր Telegram ալիքին