Թուրքիան «առաջին պլան» է ձգտում. ինչպե՞ս են արձագանքում դրան Ռուսաստանում

Բազմաթիվ փորձագետներ արդեն նշել են միջազգային թատերաբեմում Թուրքիայի մեծացած դերի մասին: Համարվում է, որ Էրդողանի օրոք նրա երկիրը մեծ ազդեցություն է ստացել աշխարհում` Ֆրանսիային կամ Մեծ Բրիտանիային համարժեք (երկրորդ շարք): Սակայն Անկարան ձգտում է առաջին շարքում հայտվել: Այդ նպատակով ստեղծում է իր «Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը»` Արևելյան Միջերկրածովից մինչև Աֆղանստան:

Ռուսաստանում սովորել են Թուրքիային համարել երկրորդական երկիր, սակայն համարվում է, որ դա այլևս այդպես չէ: 80 մլն բնակչությամբ, զարգացած արդյունաբերությամբ ու գիտությամբ պետությունը յուրահատուկ դիրքեր ունի Կիպրոսում, Լիբիայում, Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, իսկ այժմ նաև` Աֆղանստանում:

Նշվում է, որ Բայդենի վարչակազմն Էրդողանին առաջարկել է ընդլայնել թուրքական ազդեցությունը` հույս ունենալով առճակատում առաջացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Սակայն թուրք նախագահը շարունակում է խաղալ հակասությունների վրա` պահպանելով հավասարակշռությունը բոլոր երեք առանցքային դերակատարների` Վաշինգտոնի, Պեկինի և Մոսկվայի հետ:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2016թ.-ից ռազմավարական գործընկերության առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորվել: Սակայն կողմերից յուրաքանչյուրն իր հետաքրքրություններն ունի: Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է, Մոսկվայի ձեռքբերումը սիրիական պատերազմում ռուս-թուրքական նման հարաբերությունների հաստատումն է: Սակայն դրանք նախկինի պես փխրուն են:

Սիրիայում ռազմական գործողությունների դադարից հետո (2020թ. սկիզբ), երբ թուրքական բանակն Իդլիբում առաջին անգամ սկսեց կռվել Սիրիայի կառավարական զորքերի դեմ, Մոսկվայի և Անկարայի միջև փոխըմբռնման համաձայնություն կայացավ: Նույնը տեղի ունեցավ նաև Լիբիայում: Սակայն Արցախը խառնեց խաղաքարտերը:

Համարվում է, որ Անկարան Անդրկովկասում խստորեն պահպանում է Մոսկվայի հետ փոխգործակցության կանոնները: Սակայն այստեղ նրա քաղաքականությունն առավել հաջողված է: Փաստացի` Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ ռազմավարական դաշնակցություն է հաստատվել, թուրքական կողմը սկսել է ամրանալ Կենտրոնասիական տարածաշրջանում և Աֆղանստանում:

Այդ ամենը ենթադրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների նոր փուլ է նախատեսվում: Իրավիճակը, ինչպես նշվում է, փոխվել է. անհրաժեշտ է նոր հանդիպում և մտադրությունների հստակեցում: Այդ պատճառով Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին լուրը զարմանալի չեն: Ընդ որում` հնարավոր է համարվում, որ այն արդեն ավելի բարդ է լինելու և առավել մեծ ազդեցություն է ունենալու համաշխարհային քաղաքականության վրա, քան Պուտինի և Բայդենի հանդիպումը` Ժնևում:

Նկարը` © РИА Новости \ Ռուս և թուրք զինվորականներ` Սիրիայում

Միացեք մեր Telegram ալիքին