Նեթանյահուն հեռացվեց. Իսրայելի նոր վարչապետը Նաֆթալի Բեննեթն է

Բենիամին Նեթանյահուն 12-ամյա կառավարումից հետո հեռացվել է Իսրայելի վարչապետի պաշտոնից. խորհրդարանը հաստատել է ընդդիմության կողմից առաջարկված կառավարության կազմը:

Պատգամավորների քվեարկության արդյունքում, ինչպես նշվում է, ընդամենը 1 ձեռնպահ ձայնի արդյունքում Իսրայելում նոր կառավարություն է ընտրվել` Նաֆթալի Բեննեթի գլխավորությամբ: Ընդդիմադիրների միջև ստորագրված կոալիցիոն պայմանագրի համաձայն` նրան 2023թ. օգոստոսին փոխարինելու է «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը:

Բեննեթին հաճախ անվանում են ուլտրաազգայնական: Նա անձամբ իրեն համարում է առավել աջական, քան` Նեթանյահուն: Նոր վարչապետի խոսքով` Իսրայելը պետք է հանդիսանա հրեաների ազգային պետությունը և պնդում է, որ իր երկիրն Արևմտյան ափի, Արևելյան Երուսաղեմի և 1967թ. իսրայելցիների կողմից օկուպացված Գոլանի բարձունքների նկատմամբ պատմական իրավունք ունի:

Իսրայելի 13-րդ վարչապետ Նաֆթալի Բեննեթը «Յամինա» կուսակցության առաջնորդն է: Պալատի նոր խոսնակը «Եշ աթիդ» կուսակցությունից Միկի Լևին է: Բենի Գանցը կշարունակի ղեկավարել Պաշտպանության նախարարությունը: Արտգործնախարարությունը երկու տարի ժամկետով կգլխավորի Յաիր Լապիդը, իսկ ՆԳՆ-ը` Այելեթ Շաքեդը: Ֆինանսների նախարարը Ավիգդոր Լիբերմանն է, Զբոսաշրջության նախարարը` Կոնստանտին Ռազվոզովը, Երուսաղեմի հարցերով նախարարը` Զեէլվ Էլքինը:

Կնեսեթում ելույթի ժամանակ Բեննեթը և Գանցը անվտանգության ոլորտի հիմնական խնդիր են նշել Իրանի միջուկային զենքի ստացման դիմակայությունը, խոստացել են աշխատել ԱՄՆ-ի հետ դաշինքի խորացման ուղղությամբ:

Հավելենք, որ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն, թեև հեռացվել է վարչապետի պաշտոնից և արդեն ընդդիմություն է, սակայն Կնեսեթում ամենաշատ պատգամավորներն ունի (30), և խոստացել է այդ հանգամանքն օգտագործելու միջոցով շուտով կրկին վերադառնալ իշխանության:

Նկարը` © AP Photo/Ariel Schalit \ Նաֆթալի Բեննեթ

Միացեք մեր Telegram ալիքին