Նոր անվանակոչություններ` Բյուրականի աստղադիտարանում

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ստեղծման և կայացման գործում մեծ ավանդ ունեցած անձանց հիշատակը հավերժացնելու նպատակով, ինչպես նաև աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ, օրերս կայացած ԲԱ գիտական խորհրդի որոշման հիման վրա, աստղադիտարանի մի շարք կառույցներ և տարածքներ ևս անվանակոչվել են։

Աստղադիտարանի մամուլի ծառայության հաղորդմամբ` այսուհետ Բյուրականի աստղադիտարանի հիմնական տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի ու հյուրատան միջև ընկած հրապարակը կկոչվի «Բադալյանի հրապարակ»` Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրներից մեկի՝ աստղագետ Հայկ Բադալյանի անունով, ԲԱ հյուրատունը՝ «Սաֆարյանի անվան հյուրատուն»` աստղադիտարանի ճարտարապետական համալիրի առաջին հերթափոխի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս Սամվել Սաֆարյանի անունով, իսկ ԲԱ ծառայողական բնակելի շենքերի գիտավանն այսուհետ կկրի «Աստղավան» անվանումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի էին ունեցել մի շարք կառույցների անվանակոչություններ։ Այդ ժամանակ անվանակոչվել էին ԲԱ կարևորագույն երկու աստղադիտակները (2․6մ-ը՝ Իոաննիսյանի անվան և 1մ-ը՝ Մարգարյանի անվան), Վիկտոր Համբարձումյանի ընտանեկան և այլ աստղագետների գերեզմանատունը («Բյուրականի աստղադիտարանի պանթեոն») և ԲԱ հիմնական մուտքը («Աստղային դարպասներ»)։

Նկարը` © BAO \ ԲԱ հյուրատուն

Միացեք մեր Telegram ալիքին