Փաշինյանն ու Լուկաշենկոն արտաքին սպառնալիքներն են քննարկել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես հաղորդվում է` Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Հայկական կողմը նշում է, որ նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:

Բելառուսական աղբյուրի հաղորդմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել օրակարգային մի շարք հարցերի, առկա վտանգների և մարտահրավերների վերաբերյալ:

Նշվում է, որ, հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, զրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այն քչերից էր, ով շնորհավորել է Լուկաշենկոյին 2020թ. օգոստոսին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Միացեք մեր Telegram ալիքին