Բյուրականի և ԵՊՀ աստղադիտարանների միջև կարևոր պայմանագիր է կնքվել

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Երևանի պետական համալսարանի Վ. Համբարձումյանի անվ․ աստղադիտարանի միջև կնքվել է փոխադարձ համագործակցության պայմանագիր` հինգ տարի ժամկետով։

Համաձայն պայմանագրի՝ երկու աստղադիտարանները ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ որակյալ կադրերի պատրաստման և ուսանողների մոտ գործնական հմտությունների զարգացման, ինչպես նաև ԵՊՀ աստղադիտարանում դիտողական ու լաբորատոր սարքերի արդիականացման ու համալրման նպատակով համատեղ կիրականացնեն տարաբնույթ նպատակային գիտական, ուսումնական ու կազմակերպչական միջոցառումներ, փոխհամաձայնեցված գործնական ու լաբորատոր պարապմունքներ։

ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանի հաղորդմամբ` պայմանագրի շրջանակներում նախատեսվում է նաև համագործակցություն ինչպես ԵՊՀ աստղադիտարանում գիտության թանգարանի, աստղացուցարանի և գիտական գրադարանի հիմնադրման ու կայացման, այնպես էլ ՀՀ-ում գիտական զբոսաշրջության զարգացման ոլորտում։

Վերանորոգումից հետո ԵՊՀ աստղադիտարանի վերաբացումը տեղի է ունեցել մայիսի 12-ին:

Հիշեցնենք, որ ԲԱ-ն համարվում է ՀՀ-ում գիտական զբոսաշրջության նախաձեռնության առաջամարտիկ և արդեն երկար տարիներ իրականացնում է աստղագիտական զբոսաշրջության միջազգային նախագիծ՝ ուղղված Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին։

Նկարը` © MariSha, Flickr \ Բյուրականի աստղադիտարան

Միացեք մեր Telegram ալիքին