Հայկական կողմն ադրբեջանցիներից հստակ պահանջել է առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալ

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել:

Հայկական կողմն, ինչպես նշվում է, ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: 

Հաղորդվում է, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ նշել է, որ այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:  

«Ադրբեջանական ստորաբաժանումները  մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ»:

Գերատեսչությունը խոստացել է, որ իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Նկարը` © ՀՀ ՊՆ

Միացեք մեժ Telegram ալիքին