Չինաստանը պատմական հաջողություն է գրանցել. «Տյանվեն-1»-ն արդեն Մարսի վրա է

Չինական «Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը կատարել է իր առաջ դրված հանձնարարությունը` մայիսի 15-ին Մարսի հետազոտության չինական առաջին առաքելության շրջանակներում բարեհաջող վայրէջք կատարելով Մարս մոլորակի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում: Սարքավորումը Կարմիր մոլորակ է հասցրել «Չժուժուն» մարսագնացը:

«Տյանվեն-1«-ը բաղկացած է ուղեծրային մեկ մոդուլից, վայրէջքի պատիճից և մարսագնացից: Սրաքն արձակվել էր Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից` նախորդ տարվա հուլիսի 23-ին: «Տյանվենը» շաբաթ օրը մուտք էր գործել «սպասման ուղեծիր», ապա` անջատվել ուղեծրային մոդուլից և մեկ ժամ անց մուտք գործել Մարսի մթնոլորտ, որից քսան րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերեսին:

Առաքելության հիմնական նպատակը մոլորակի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելն է:

Չինաստանն, այսպիսով, ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո երրորդ պետությունն է, որը փափուկ վայրէջք է իրականացրել Մարսի մակերեսին:

Խորհրդային «Մարս-3»-ը Մարսի վրա առաջին անգամ վայրէջք էր կատարել 1971թ. դեկտեմբերի 2-ին: Վայրէջքից հետո սարքավորումը 12 վայրկյանանոց վիդեոազդանշան էր հաղորդել Երկիր: Ամերիկյան «Վիկինգ-1»-ը և «Վիկինգ-2»-ը Մարսի վրա առաջին վայրէջքը կատարել են 1976թ. հուլիս և օգոստոս ամիսներին:

Միացեք մեր Telegram ալիքին