3 օր է Տավուշում եմ. ամեն ինչ հանգիստ է եղել ու կա. Սաֆարյան

Մամուլում շարունակում են տարածվել խուճապ առաջացնող տեղեկությունները ՀՀ սահմանի տարբեր հատվածներում լարվածության մասին: Դրանցից մի քանիսը` Սյունիքի և Գեղարքունիքի մասին, արդեն որոշակիորեն պարզաբանվեցին պատկան մարմինների կողմից, շեշտվեց, որ զինված միջադեպեր չեն գրանցվել: Այժմ նոր լուրեր են սկսել տարածվել, այս անգամ` Տավուշից: Հանրային խորհրդի նախագահ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հայտնում է, որ Տավուշում ամեն ինչ հանգիստ է: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ.

«3 օր է Տավուշում եմ։ Իմ տան գտնվելու վայրի մասին քանիցս գրել եմ’ գյուղի «դիտարկվող տեղամաս»-ում, թուրքի պոստից ուղիղ նշանառությամբ 1 կիլոմետր։ Արդեն 4-րդ զանգն եմ ստանում Բաղանիսում (իմ տունը Բաղանիս Ոսկեվան հատման կետում է), Ոսկեպարում «մարտերի» ու կրակոցների մասին։

Բառացիորեն կես ժամ առաջ ընկերոջս հետ գտնվել եմ մի վայրում, որը թուրքի պոստից 300-500 մետր է հեռու։ Այն պոստից, որը նայում է Ոսկեվանին, Բաղանիսին, Ոսկեպարին։ 3 օր է Տավուշում հանգիստ է, սիրելի հայրենակիցներ։ Այսքանը դրա համար եմ գրում, որ հասկանաք, թե որքան մոտ եմ սահմանին։

Ու ցավոք կարգավիճակս խանգարում է ամենավերջին բառերը գրեմ Տավուշի եւ ողջ Հայաստանի հանրության անդորրը խանգարող այդ թուրքերին, Ալիևի վկաներին, ստորներին, որոնք ոչ մի սրբություն ու կարմիր գիծ չունեն։ Սիրելի ժողովուրդ, հանգիստ եղեք։ Ամեն ինչ հանգիստ է եղել ու կա»։

Միացեք մեր Telegram ալիքին