Իրանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է․ նախագահի թեկնածուներն արդեն գրանցվում են

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման փուլը, որը կտևի 5 օր։ Սահմանադրական խորհրդի կողմից սահմանված պահանջներին բավարարող թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են Ներքին գործերի նախարարություն։

Վերահսկող մարմնի կողմից սահմանված պահանջները հիմնականում միտված են նրան, որպեսզի առաջադրվող թեկնածուների շարքում քիչ տեղ զբաղեցնեն ցածր որակավորում ունեցողները։ Այսպես՝ բոլոր թեկնածուները պետք է ունենան առնվազն մագիստրոսի աստիճան, դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք։ Տարիքային շեմը 40-75-ն է։

Թեկնածուները նաև պետք է ունենան քաղաքական, վարչական, ռազմական կամ ակադեմիական բնագավառներում ընդհանուր առմամբ առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ։ Այդպիսի պաշտոններ են իշխանության երեք ճյուղերի ղեկավարների տեղակալներ, Ազգային անվտանգության բարձրագույն վարչության անդամներ, Նպատակահարմարության գնահատման խորհրդի անդամներ, կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, զինված ուժերի բարձր հրամանատարություն (գեներալ մայոր և բարձր), նահանգապետեր և խիտ բնակեցված քաղաքների ղեկավարներ։

Թեկնածուների գրանցումը հինգ օր է տևելու։ Հաղորդվում է, որ Խորհուրդը մինչև մայիսի 25-ը դիտարկելու է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերը։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս հինգ օր։ Նախագահի թեկնածուների վերջնական ցանկը հրապարակվելու է մայիսի 26-27-ին։

Նախագահական ընտրություններն Իրանում անցկացվելու են հունիսի 18-ին։ Միաժամանակ տեղի են ունենալու Խորհրդի, խորհրդարանական միջանկյալ և Ասամբլեայի փորձագետների ընտրություններ։

Միացեք մեր Telegram ալիքին